Համարը 
N 67-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2015.02.27/03(270)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
12.02.2015
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
12.02.2015
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
28.02.2015
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՈՐՍՈՐԴԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ, ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ, ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՆՏԱՌՆԵՐՈՒՄ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՈՂԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 փետրվարի 2015թ.

N 67-Ն

ք. Ստեփանակերտ

 

ՈՐՍՈՐԴԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ, ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ, ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՆՏԱՌՆԵՐՈՒՄ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՈՂԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անտառային օրենսգրքի 39-րդ հոդվածի 3-րդ մասը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Սահմանել որսորդական կարիքների, կենդանական աշխարհի օգտագործման և վերարտադրության կազմակերպման նպատակով պաշտպանական, արտադրական և հատուկ նշանակության պետական և համայնքային անտառներում անտառային հողերից օգտվելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

 

 

    ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

    ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

2015 թվականի փետրվարի 12-ի N 67-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

ՈՐՍՈՐԴԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ, ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ, ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՆՏԱՌՆԵՐՈՒՄ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՈՂԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ

 

Ι. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է որսորդական կարիքների, կենդանական աշխարհի օգտագործման և վերարտադրության կազմակերպման նպատակով պաշտպանական, արտադրական և հատուկ նշանակության պետական և համայնքային անտառներում անտառային հողերից (այսուհետ` անտառային հողեր) օգտվելու կարգը:

2. Որսորդական կարիքների, կենդանական աշխարհի օգտագործման և վերարտադրության կազմակերպման նպատակով անտառային հողերից անտառօգտագործումն իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անտառային օրենսգրքին, «Կենդանական աշխարհի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին և սույն կարգին համապատասխան:

3. Որսորդական կարիքների, կենդանական աշխարհի օգտագործման և վերարտադրության կազմակերպման նպատակով անտառային հողերը վարձակալության իրավունքով օգտագործման են տրամադրվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիներին, իրավաբանական անձանց, ինչպես նաև անհատույց օգտագործման իրավունքով` հասարակական կազմակերպություններին մինչև 60 տարի ժամկետով:

4. Անտառային հողերն օգտագործման են տրամադրվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 5-ի N 519-Ն որոշմամբ սահմանված կարգով:

5. Անտառային հողերի օգտագործումը որսորդական կարիքների, կենդանական աշխարհի օգտագործման և վերարտադրության կազմակերպման նպատակով իրականացվում է՝ հաշվի առնելով անտառների բնական վերաճի ապահովումը, սանիտարական վիճակի և հրդեհային անվտանգության կանոնների պահպանումը:

6. Որսորդական կարիքների, կենդանական աշխարհի օգտագործման և վերարտադրության կազմակերպման նպատակով օգտագործման տրամադրված անտառային հողերում անտառտնտեսական միջոցառումներ, ինչպես նաև առանց անտառային հողերի նկատմամբ իրավունքի ձեռքբերման մեկ այլ օգտագործողի կողմից այլ տեսակի անտառօգտագործում կարող է իրականացվել, եթե դա չի խանգարում անտառային հողերի օգտագործման պայմանագրով նախատեսված անտառօտագործմանը:

7. Որսորդական կարիքների, կենդանական աշխարհի օգտագործման և վերարտադրության կազմակերպման նպատակով անտառային հողերում կենդանիների գլխաքանակը, ազատ կամ կիսաազատ պայմաններում բազմացման դեպքում, կարգավորվում է տվյալ անտառային համակեցությանը բնորոշ թույլատրելի առավելագույն խտության համաձայն:

8. Անտառային հողերում որսորդական տնտեսության վարման, կենդանիների բազմացման, գլխաքանակի կարգավորման և օգտագործման հետ կապված միջոցառումներն իրականացվում են անտառօգտագործողի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչությանը (այսուհետ` լիազոր մարմին) ներկայացված և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դրական եզրակացություն ստացած ծրագրի (նախագծի) համաձայն:

9. Անտառային հողերի օգտագործման պայմանագրում չնշված կենդանական տեսակների օգտագործումը տարվա ցանկացած ժամանակահատվածում, ինչպես նաև անտառային հողերի օգտագործման պայմանագրում նշված կենդանիների օգտագործումը նախատեսված ժամանակահատվածից դուրս իրականացվում է լիազոր մարմնի կողմից տրված թույլտվության հիման վրա տրամադրված անտառային տոմսի համաձայն:

10. Որսորդական կարիքների, կենդանական աշխարհի օգտագործման և վերարտադրության կազմակերպման նպատակով օգտագործման տրամադրված անտառային հողերում յուրաքանչյուր կենդանու օգտագործումն իրականացվում է առանձին տրամադրված անտառային տոմսի համաձայն:

 

ΙΙ. ԱՆՏԱՌՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

11. Որսորդական կարիքների, կենդանական աշխարհի օգտագործման և վերարտադրության կազմակերպման նպատակով օգտագործման տրամադրված անտառային հողերում անտառօգտագործողներն իրավունք ունեն`

1) մեկ այլ անտառօգտագործողների կողմից իրականացվող գործունեության հետևանքով կենդանիների գոյատևմանը խանգարելու, ձվադրման և բնադրման տեղերը վատթարացնելու դեպքում, պահանջել անտառտնտեսություն վարող կազմակերպությունից ձեռնարկել համապատասխան միջոցներ բացասական ազդեցության վերացման ուղղությամբ.

2) անտառտնտեսություն վարող կազմակերպությունից ստանալ տեղեկություններ տվյալ տարածքում իրականացվելիք հատումների, անտառվերականգնման, անտառպաշտպանական և հակահրդեհային միջոցառումների իրականացման, ինչպես նաև անտառօգտագործման այլ տեսակների թույլտվությունների ծավալների և ժամկետների վերաբերյալ.

3) օգտվել անտառտնտեսությանը պատկանող օգտագործման տրամադրված անտառային հողերի անտառաշինական նախագծի որսորդական կարիքների, կենդանական աշխարհի օգտագործման և վերարտադրության կազմակերպման համար անհրաժեշտ համապատասխան փաստաթղթերից:

12. Որսորդական կարիքների, կենդանական աշխարհի օգտագործման և վերարտադրության կազմակերպման նպատակով օգտագործման տրամադրված անտառային հողերում անտառօգտագործողները պարտավոր են.

1) իրականացնել օգտագործման տրամադրված և դրան հարակից 50 մետր լայնությամբ ամբողջ տարածքի անտառային հողերի, բուսական և կենդանական աշխարհի, ինչպես նաև գեոդեզիական և սահմանային նշանակության սյուների պահպանությունը.

2) յուրաքանչյուր տարի ժամանակակից մեթոդներով իրականացնել կենդանիների հաշվառում և տեղեկությունները տրամադրել անտառտնտեսություն վարող կազմակերպությանը:

 

III. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

13. Որսորդական կարիքների, կենդանական աշխարհի օգտագործման և վերարտադրության կազմակերպման նպատակով օգտագործման տրամադրված անտառային հողերում անտառախախտման համար անտառօգտագործողը կրում է պատասխանատվություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, անտառօգտագործման հետ կապված վեճերը լուծվում են դատական կարգով:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ