Համարը 
N 203-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2014.04.15/06(251)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
01.04.2014
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
01.04.2014
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
25.04.2014
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՊԵՏԱԿԱՆ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՈՂԵՐՈՒՄ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎԱՐՄԱՆ ԵՎ ԱՆՏԱՌՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԵՏ ՉԿԱՊՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«1» ապրիլի 2014թ.

N 203-Ն

ք. Ստեփանակերտ

 

ՊԵՏԱԿԱՆ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՈՂԵՐՈՒՄ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎԱՐՄԱՆ ԵՎ ԱՆՏԱՌՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԵՏ ՉԿԱՊՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անտառային օրենսգրքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Սահմանել պետական անտառային հողերում անտառային տնտեսության վարման և անտառօգտագործման հետ չկապված աշխատանքների իրականացման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

    ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

    ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

  Հավելված

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

2014 թվականի ապրիլի 1-ի N 203-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

ՊԵՏԱԿԱՆ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՈՂԵՐՈՒՄ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎԱՐՄԱՆ ԵՎ ԱՆՏԱՌՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԵՏ ՉԿԱՊՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է պետական անտառային հողերում անտառային տնտեսության վարման և անտառօգտագործման հետ չկապված շինարարական ու պայթեցման աշխատանքների, օգտակար հանածոների արդյունահանման, մալուխների, խողովակաշարերի և այլ հաղորդակցուղիների անցկացման, հորատման և այլ աշխատանքների (այսուհետ` աշխատանքներ) իրականացման կարգը:

2. Պետական անտառային հողերում աշխատանքներ իրականացնելու նպատակով իրավաբանական և ֆիզիկական անձինք (այսուհետ` դիմումատու) դիմում են ներկայացնում լիազորված պետական մարմին:

3. Դիմումատուն դիմումին կից պետք է ներկայացնի աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ, լիազորված պետական մարմնի հետ նախապես համաձայնեցված առաջադրանքի հիման վրա մշակված և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում ու կարգով դրական եզրակացություն (եզրակացություններ) ստացած նախագծի պատճենը (այսուհետ` փաստաթղթերի փաթեթ):

4. Լիազորված պետական մարմինը դիմումը և դիմումին կից ներկայացված փաստաթղթերի փաթեթն ստանալուց հետո, անտառաշինական նախագծերի (անտառակառավարման պլանների) հիման վրա, տասն աշխատանքային օրվա ընթացքում` անտառային տնտեսություն վարող կազմակերպության հետ համատեղ քննարկում և դիմումատուին գրավոր տեղեկացնում է`

1) աշխատանքների իրականացման համաձայնություն տրամադրելու մասին.

2) աշխատանքների իրականացումը մերժելու մասին:

5. Դիմումը և փաստաթղթերի փաթեթը երեք աշխատանքային օրվա ընթացքում վերադարձվում են դիմումատուին, եթե`

1) փաստաթղթերի փաթեթն ամբողջական չէ.

2) առկա են աշխատանքների իրականացման վայրին վերաբերող անհամապատասխանություններ:

6. Սույն կարգի 5-րդ կետում նշված դեպքերում դիմումատուն նշված թերությունները 10-օրյա ժամկետում վերացնելով կարող է կրկին դիմել լիազորված պետական մարմին` ներկայացնելով նոր դիմում և համալրված փաստաթղթերի փաթեթը:

7. Աշխատանքների իրականացումը մերժվում է, եթե`

1) դիմումում նշված աշխատանքների իրականացումը հակասում է անտառաշինական նախագծերով (անտառակառավարման պլաններով) նախատեսված միջոցառումներին.

2) դիմումատուն սույն կարգի 6-րդ կետով սահմանված ժամկետներում փաստաթղթերի փաթեթը չի ներկայացնում:

8. Աշխատանքների իրականացման վերաբերյալ լիազորված պետական մարմնի կողմից տրված դրական եզրակացության համաձայն անտառային տնտեսություն վարող կազմակերպության և դիմումատուի միջև տասն աշխատանքային օրվա ընթացքում կնքվում է անտառային հողերի օգտագործման պայմանագիր` նախատեսելով այդ աշխատանքների իրականացման հետևանքով անտառային տնտեսությանը հասցված վնասի հատուցման վերաբերյալ դրույթներ:

9. Սույն կարգի 8-րդ կետով նախատեսված պայմանագիրը կնքելուց հետո դիմումատուն երեք ամսվա ընթացքում լիազորված պետական մարմնի համաձայնեցմանն է ներկայացնում անտառային տնտեսությանը հասցվող վնասի հատուցման վերաբերյալ ծրագիր (այսուհետ` ծրագիր), որը ներառում է օգտագործման տրամադրվող անտառային տարածքի առնվազն կրկնապատիկի չափով անտառապատման աշխատանքների իրականացման նախագիծը և անտառապատման ժամանակացույցը:

10. Ծրագիրն իրականացվում է դիմումատուի ֆինանսական միջոցների հաշվին: Ծրագրի իրականացման ավարտ է համարվում անտառապատման ընթացքում հիմնադրված անտառտնկարկները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անտառի շարք փոխադրելու օրը: Ծրագրով նախատեսված աշխատանքները պատշաճ չիրականացնելը, ինչպես նաև պայմանագրի պահանջներն ու պայմանները չպահպանելը հիմք են հանդիսանում անտառօգտագործողից պահանջելու դադարեցնել աշխատանքները, հատուցել և վերականգնել անտառօգտագործման հետևանքով անտառներին և անտառային հողերին պատճառված վնասը: Սույն կետի դրույթները պարտադիր ներառվում են պայմանագրում:

11. Աշխատանքների ավարտից հետո անտառային հողերի ռեկուլտիվացիան իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 28-ի «Հողերի ռեկուլտիվացմանը ներկայացվող պահանջների և ռեկուլտիվացման ենթակա` խախտված հողերի դասակարգման տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 566 որոշման դրույթներին համապատասխան:

12. Սույն կարգի 8-րդ կետի համաձայն անտառային հողերի օգտագործման մասին կնքվող պայմանագրի ժամկետը սահմանվում է կողմերի համաձայնությամբ, բայց ոչ ավելի, քան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անտառային օրենսգրքի 50-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետը:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ