Համարը 
N 413
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
16.11.2004
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
16.11.2004
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
16.11.2004
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Կապեր այլ փաստաթղթերի հետ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ, ՄԱՐԶԱԿԱՆ ԵՎ ՌԵԿՐԵԱՑԻՈՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

"16" նոյեմբերի 2004թ.

 N 413

ք.Ստեփանակերտ

 

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ, ՄԱՐԶԱԿԱՆ ԵՎ ՌԵԿՐԵԱՑԻՈՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ջրային օրենսգրքի 22-րդ, 23-րդ հոդվածներին և 121-րդ հոդվածի 5-րդ մասի 27-րդ կետին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել զբոսաշրջության, մարզական և ռեկրեացիոն կարիքների համար ջրային ռեսուրսների օգտագործման կարգը՝ համաձայն հավելվածի:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ 

 

 

 

Հավելված

ԼՂՀ կառավարության

2004թ. նոյեմբերի 16-ի

թիվ 413 որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ, ՄԱՐԶԱԿԱՆ ԵՎ ՌԵԿՐԵԱՑԻՈՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում զբոսաշրջության, մարզական և ռեկրեացիոն կարիքների համար ջրային ռեսուրսների օգտագործման գործընթացը:

2. Զբոսաշրջության, մարզական և ռեկրեացիոն կարիքների համար ջրային ռեսուրսներ օգտագործող անձինք, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ջրային օրենսգրքի 22-րդ և 23-րդ հոդվածների համաձայն համարվելով ազատ ջրօգտագործողներ, ջրօգտագործումն իրականացնում են սույն կարգի պահանջներին համաձայն:

3. Զբոսաշրջության, մարզական և ռեկրեացիոն կարիքների համար ջրային ռեսուրսների օգտագործումն իրականացվում է մարդկանց կյանքի պահպանման կանոնների համաձայն՝ ելնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համապատասխան լիազորված պետական մարմինների և, ըստ ջրային ռեսուրսների տարածքային պատկանելության, տեղական ինքնակառավարման մարմնի կողմից սահմանված պահանջներից, տեղերից ու ժամկետներից:

4. Սիրողական և սպորտային ձկնորսության համար ջրային ռեսուրսների օգտագործումը թույլատրվում է ձկնորսության համար սահմանված կանոնների պահպանման դեպքում:

5. Փոքրաչափ նավերով՝ թիակավոր և շարժիչավոր նավակներով, առագաստային զբոսանավակներով, կատերներով լողալու համար ջրային ռեսուրսների օգտագործման կարգը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

Փոքրաչափ նավերը ենթակա են պետական գրանցման և պետք է ունենան կողանշաններ:

6. Զբոսաշրջության, մարզական և ռեկրեացիոն կարիքների համար սահմանված ջրային ռեսուրսների ու դրանց հարակից տարածքների օգտագործումը չպետք է հանգեցնի ջրային ռեսուրսների ջրերի ստանդարտների խախտմանը, ինչպես նաև սահմանափակի այդ տարածքներից օգտվող քաղաքացիների և այլ ջրօգտագործողների իրավունքները ջրային ռեսուրսների նկատմամբ:

7. Զբոսաշրջության, մարզական և ռեկրեացիոն կարիքների համար ջրային ռեսուրսներն ու դրանց հարակից տարածքներն օգտագործողները հասարակայնությանն ապահովում են իրենց գործունեության համար նախատեսված ջրային ռեսուրսների որակական ցուցանիշների մասին տեղեկատվության տրամադրումը, ինչպես նաև դրա մատչելիությունը:

8. Զբոսաշրջության, մարզական և ռեկրեացիոն կարիքների համար բնության հատուկ պահպանվող տարածքներում գտնվող ջրային ռեսուրսների օգտագործումը թույլատրելի է, եթե այն չի հակասում այդ տարածքի համար սահմանված նորմերին, հակառակ դեպքում՝ ջրօգտագործողը պետք է սահմանված կարգով ստանա ջրօգտագործման թույլտվություն:

9. Զբոսաշրջության, մարզական և ռեկրեացիոն կարիքների համար ջրային ռեսուրսների օգտագործումը, որը խախտում կամ սպառնում է խախտել ջրերի ստանդարտները, կարող է իրականացվել միայն ջրօգտագործման թույլտվության առկայության դեպքում:

10. Զբոսաշրջության, մարզական և ռեկրեացիոն կարիքների համար ջրային ռեսուրսների օգտագործումը, որը նպատակաուղղված է շահույթ ստանալուն, կարող է իրականացվել միայն ջրօգտագործման թույլտվության առկայության դեպքում:

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս. Գրիգորյան