ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
''16'' նոյեմբերի 2004թ. |
N 435 |
ք.Ստեփանակերտ
ՀԻԴՐՈՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ջրային օրենսգրքի 121-րդ հոդվածի 5-րդ մասի 9-րդ կետին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Սահմանել հիդրոտեխնիկական կառուցվածքների օգտագործման և անվտանգության ապահովման իրականացման կարգը՝ համաձայն հավելվածի:
|
Հավելված
ԼՂՀ կառավարության
2004թ. նոյեմբերի “16”-ի
թիվ 435 որոշման |
Կ Ա Ր Գ
ՀԻԴՐՈՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
1. ԸՆԴԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գտնվող և վթարի դեպքում արտակարգ իրավիճակ առաջացնող հիդրոտեխնիկական կառուցվածքների (այսուհետ՝ ՀՏԿ) օգտագործման և անվտանգության ապահովման գործընթացները:
2. ՀՏԿ-ների օգտագործման և անվտանգության ապահովման գործընթացների մշակման ելակետային տվյալներ են հանդիսացել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ջրային օրենսգրքի 82-րդ հոդվածով ՀՏԿ- ների անվտանգությանը ներկայացվող պահանջները, ջրային համակարգերի օգտագործման թույլտվություններն ու ՀՏԿ-ների անվտանգության հայտարարագրերը:
3. ՀՏԿ-ներն օգտագործող կազմակերպությունն ու սեփականատերը, ելնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ջրային օրենսգրքի պահանջներից, մշակում և հաստատում են ՀՏԿ-ի անվտանգ օգտագործման աշխատանքային հրահանգներ, ելնելով տվյալ կառուցվածքի կարգից, օգտագործման տեխնիկական առանձնահատկություններից, և հրամանագրվում են օգտագործող կազմակերպության ղեկավարի կամ սեփականատիրոջ կողմից:
4. ՀՏԿ-ի օգտագործման և անվտանգության ապահովման նպատակով ջրային համակարգերի կառավարման մարմինը՝
4.1. ՀՏԿ-ի անվտանգության ապահովման նպատակով՝
ա) գնահատում է ՀՏԿ-ի համար թույլատրելի ռիսկի աստիճանը,
բ) որոշում է ՀՏԿ-ի անվտանգության ցուցանիշները,
գ) վերահսկում է ՀՏԿ-ի օգտագործման պահպանումը,
դ) ապահովում է հիդրոհանգույցի կահավորումն ազդարարման և կապի միջոցներով,
4.2. ՀՏԿ-ի օգտագործման անվտանգության ապահովման նպատակով՝
ա) սահմանում է ՀՏԿ-ի օգտագործման առանձնահատկությունները,
բ) ապահովում է ՀՏԿ-ի շահագործման անընդհատությունը,
գ) կատարում է ՀՏԿ-ի տեխնիկական վիճակի ուսումնասիրություններ անվտանգության հայտարարագրով և իր կողմից սահմանված ժամկետներում,
դ) ապահովում և վերահսկում է ՀՏԿ-ի տեղեկատվական, կարգավորիչ և չափիչ-հսկիչ սարքերով հագեցվածությունն ու տեխնիկական վիճակը,
ե) մշակում է բնապահպանական միջոցառումների պլան-ժամանակացույց և սահմանված կարգով համաձայնեցնելուց հետո վերահսկում դրա իրականացումը,
զ) ապահովում է ՀՏԿ-ների անվտանգության հայտարարագրով օգտագործող կազմակերպության աշխատակազմի որակավորմանը ներկայացվող պահանջները,
է) կազմակերպում է անօտարելի գոտիների իրացումը՝ տեխնիկական նորմերին համապատասխան:
Հաստատագրված ցուցանիշները ՀՏԿ-ի օգտագործման ժամանակ հիմք են ծառայում օգտագործող կազմակերպության անձնակազմի պարտականություններն ու գործառույթներն ամրագրելու համար:
II. ՀՏԿ-Ի ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ՝ ԸՍՏ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ
5. Հաշվի առնելով ՀՏԿ-ների ռիսկի աստիճանները, անվտանգության պահանջները և օգտագործման առանձնահատկությունները՝ ՀՏԿ-ն օգտագործող կազմակերպության և սեփականատիրոջ կողմից, բացի սույն կարգի 4-րդ կետով նախատեսված միջոցառումներից, ստորև նշված, կառուցվածքների համար լրացուցիչ իրականացվում են հետևյալ աշխատանքները՝
5.1. ջրամբարներ՝
ա) վերահսկվում է պատվարի և հիդրոհանգույցի ՀՏԿ-ների պարամետրերի համապատասխանությունը տարածքի համար նորմերով սահմանված սեյսմիկության գնահատականին,
բ) առավելագույն ելքերի անցման ժամանակահատվածում վերահսկվում է աղետային ջրհեռ կառուցվածքների աշխատանքը,
գ) վերահսկվում է պիեզոմետրիկ սարքերի աշխատանքը և ապահովվում դրանց կանոնավոր օգտագործումը,
դ) ստուգվում է հատակային ջրթող կառուցվածքների, կարգավորիչ և վթարային սարքերի աշխատունակությունը,
ե) վերահսկվում են ջրամբարի թասից ու պատվարի մարմնից ֆիլտրացիոն երևույթների հնարավոր օջախները և գնահատվում է դրանց վտանգավոր ազդեցությունը շրջակա միջավայրի վրա,
զ) վերահսկվում են պատվարի կամ ջրամբարի շեպերի վրա սողքային երևույթների հնարավոր օջախները,
է) վերահսկվում և կանխարգելվում է ջրամբարի ներքի բիեֆի անօրինական կառուցապատումը,
5.2. ջրառ կառուցվածքներ՝
ա) վերահսկվում է հեղեղային ջրհեռ կառուցվածքներով գետի առավելագույն ելքերի անցման գործընթացը,
բ) ստուգվում է հիդրոհանգույցի կարգավորիչ և վթարային փականների տեխնիկական վիճակը.
գ) պարբերաբար իրականացվում են միջոցառումներ հիդրոհանգույցի վերին բիեֆի մաքրման և ներքին բիեֆի ամրացման համար,
դ) վերահսկվում և կանխարգելվում է ջրառ կառուցվածքի ներքին բիեֆի անօրինական կառուցապատումը.
5.3. պոմպակայաններ՝
ա) նախատեսվում են միջոցառումներ՝ պոմպակայանի շենքը հրդեհից պաշտպանելու և սանիտարահիգիենիկ նորմերի պահանջների կատարումն ապահովելու համար,
բ) պոմպակայանի շենքը, բացի աշխատանքայինից, ապահովվում է վթարային լուսավորմամբ,
գ) ձեռնարկվում են միջոցներ՝ պոմպակայանի մեքենայական սրահը ջրածածկումից պաշտպանելու համար,
դ) ապահովվում է պոմպակայանի կարգավորիչ ու փակիչ սարքերի և փականների բնականոն աշխատանքային վիճակը,
ե) պոմպերի, էլեկտրաշարժիչների ու վերամբարձ սարքերի աշխատանքի և դրանց վերանորոգման ժամանակ ապահովվում է պոմպակայանի օգտագործող անձնակազմի անվտանգությունը,
զ) պոմպակայանն ապահովվում է կապի միջոցներով.
5.4. ջրանցքներ՝
ա) սահմանվում է հսկողություն ջրանցքի սարալանջային հատվածներում և դիտարկվում են հնարավոր ֆիլտրացիոն երևույթները,
բ) բնակավայրերով անցնող ջրանցքի հատվածներն ապահովվում են ցանկապատերով,
գ) մշակվում են միջոցառումներ՝ ջրանցքներում դիմհարի երևույթները և հնարավոր ջրածածկման առաջացումը կանխարգելելու համար,
դ) վերահսկվում է ջրանցքի կարգավորիչ ու վթարային փականների աշխատանքը և ապահովվում է դրանց բնականոն աշխատանքային վիճակը,
ե) խոր և շեպերի մեծ թեքություն ունեցող ջրանցքներում մաքրման և վերանորոգման աշխատանքները կատարելիս՝ ձեռնարկվում են միջոցներ անձնակազմի անվտանգությունն ապահովելու համար.
5.5. թունելներ՝
ա) վերահսկվում է թունելի երեսապատման կոնստրուկցիայի տեխնիկական վիճակը՝ դեֆորմացիոն, էրոզիոն և ֆիլտրացիոն երևույթները, սահմանված մեթոդներով ու սարքերով,
բ) վերահսկվում են թունելի մուտքամասն ու ելքամասը բերվածքներից ու քարաթափվածքներից մաքրելու աշխատանքները,
գ) թունելում զոդման աշխատանքների կատարումը թույլատրվում է թունելախորշում գազայնության աստիճանը որոշելուց հետո,
դ) թունելում գործող անձնակազմը պարտադիր ծանոթանում է թունելի շահագործման անվտանգության կանոններին,
ե) վերանորոգման աշխատանքները կատարելիս՝ թունելը ժամանակավորապես ապահովվում է կապի և լուսավորության միջոցներով,
զ) շինարարության ժամանակ օգտագործված օժանդակ հանքուղիներն ու հանքամիջանցքներն աշխատանքների ավարտից հետո հերմետիկ փակվում են,
է) թունելը կահավորվում է պայմանական ազդանշաններով:
III. ՀՏԿ-Ի ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
6. ՀՏԿ-ի անվտանգության ապահովման միջոցառումներն՝ իրականացվում են ՀՏԿ-ի օգտագործման համար գործող տեխնիկական նորմերին, դրանց անվտանգ օգտագործման աշխատանքային հրահանգներին և սույն կարգի դրույթներին համապատասխան:
7. ՀՏԿ-ի անվտանգության ապահովման նպատակով՝ կարգով և պայմանագրով նախատեսված տեխնիկական միջոցառումների իրականացման համար պատասխանատու է ՀՏԿ-ն օգտագործող կազմակերպության ղեկավարը կամ սեփականատերը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ջրային օրենսգրքի 60-րդ հոդվածի 4-րդ և 83-րդ հոդվածի 1-ին կետերի համաձայն:
8. ՀՏԿ-ի օգտագործման և անվտանգության ապահովման գործընթացի տեխնիկական վերահսկումն իրականացվում է ջրային համակարգերի օգտագործման և պահպանության տեխնիկական գերատեսչական հանձնաժողովի կողմից՝ ջրային համակարգերի կառավարման մարմնի կողմից սահմանված ժամանակացույցի համաձայն:
ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Ս. Գրիգորյան |