Համարը 
ՀՕ-23-Ն
Տեսակը 
Մայր
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2015.05.25/09(276)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
20.04.2015
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
15.05.2015
Վավերացնող մարմինը 
 
Վավերացման ամսաթիվը 
 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
04.06.2015
Ուժը կորցնելու ամսաթիվը 
01.07.2019

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ «ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2015 թվականի

ապրիլի 20-ին

 

«ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2008 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-26 օրենքի (այսուհետ` Օրենք) 6-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատական օրենսգրքով սահմանված դեպքերում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն դատարանի նախագահը` դատական ծառայության մասով:»:

 

Հոդված 2. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 33.1-ին հոդվածով.

 

«Հոդված 33.1.

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի և Գերագույն դատարանի նախագահի նորմատիվ իրավական ակտերի պետական իրավական փորձաքննության և պետական գրանցման կարգը

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի և Գերագույն դատարանի նախագահի նորմատիվ իրավական ակտերը դրանք ընդունելու օրվան հաջորդող 3 օրվա ընթացքում պետական իրավական փորձաքննության և պետական գրանցման համար ուղարկվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարություն: Նշված ժամկետում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարություն չուղարկված նորմատիվ իրավական ակտերը չեն կարող կիրառվել և կատարվել, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարը այդպիսի ակտ հայտնաբերելու դեպքում այդ մասին հաղորդագրություն է հրապարակում պաշտոնական տեղեկագրում:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի և Գերագույն դատարանի նախագահի նորմատիվ իրավական ակտերը` երկու օրինակից, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարություն են ուղարկվում կից նամակով: Իրավական ակտերի օրինակներից յուրաքանչյուրը պետք է իրավական ակտը ներկայացնող մարմնի կնիքով կնքված և թելակարված լինի:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի և Գերագույն դատարանի նախագահի նորմատիվ իրավական ակտին կցվում են իրավական ակտի ընդունման հիմնավորումը, նորմատիվ իրավական ակտի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտության կամ բացակայության մասին տեղեկանքը, ինչպես նաև այն մարմինների ցանկը, որոնց հետ նախագիծը համաձայնեցվել է (համաձայնեցման դեպքում):

4. Եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարությունը պետական իրավական փորձաքննության ընթացքում պարզում է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի և Գերագույն դատարանի նախագահի նորմատիվ իրավական ակտը չի համապատասխանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությանը և (կամ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներին, կամ այդ ակտերի մշակման կամ ընդունման ժամանակ չեն պահպանվել օրենքի պահանջները, ապա նախարարությունը 10 օրվա ընթացքում իր փորձագիտական եզրակացությունն ուղարկում է այդ իրավական ակտն ընդունած` համապատասխանաբար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդ կամ Գերագույն դատարանի նախագահին` առաջարկելով այդ ակտն ուժը կորցրած ճանաչել կամ փոփոխել: Եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության փորձագիտական եզրակացությունն ուղարկելուց հետո` 15 օրվա ընթացքում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը կամ Գերագույն դատարանի նախագահն իր ընդունած նորմատիվ իրավական ակտում փոփոխություններ չի կատարում կամ նորմատիվ իրավական ակտն ուժը կորցրած չի ճանաչում, ապա նախարարությունը պարտավոր է հայց հարուցել դատարան` սույն օրենքի պահանջների խախտմամբ ընդունված նորմատիվ իրավական ակտն անվավեր ճանաչելու համար:

5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի և Գերագույն դատարանի նախագահի նորմատիվ իրավական ակտերի պետական իրավական փորձաքննությունը և պետական գրանցումը կատարում է դրանք նախարարությունում մուտքագրվելու օրվան հաջորդող 15-օրյա ժամկետում:»:

 

Հոդված 3. Օրենքի 66-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունը «առաջին մասում» բառերից հետո լրացնել «և 57-րդ հոդվածում» բառերով:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ.ՍԱՀԱԿՅԱՆ

 

2015թ. մայիսի 15

Ստեփանակերտ

ՀՕ-23-Ն