Համարը 
ՀՕ-17-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2015.05.25/09(276)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
20.04.2015
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
15.05.2015
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
04.06.2015
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Սույն օրենքի 4-7-րդ, 9-րդ և 11-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում 2016 թվականի հունվարի 1-ից:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ ԼՂՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2015 թվականի

ապրիլի 20-ին

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2008 թվականի դեկտեմբերի 17-ի քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ` օրենսգիրք) 384-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը «հետևությունները» բառից հետո լրացնել «, ինչպես նաև այս կամ այն ապացույցն անարժանահավատ համարելու փաստարկները» բառերով:

 

Հոդված 2. Օրենսգրքի 400-րդ հոդվածի 1-ին մասում 6-րդ կետը «հիմնավորումները» բառից հետո լրացնել «` վկայակոչելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն դատարանի այն որոշումը, որը վերաքննիչ բողոք բերած անձը վերաբերելի է համարում` մեջբերելով դրանց հակասող մասերը և կատարելով համեմատական վերլուծություն» բառերով։

 

Հոդված 3. Օրենսգրքի 416-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին կետով.

 

«1.1) մեղադրական դատավճիռը կայացվել է ապացույցների բավարար ամբողջությամբ չհիմնավորված խոստովանական ցուցմունքի հիման վրա.»։

 

Հոդված 4. Օրենսգրքի 425-րդ հոդվածում՝

 

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին և 2.2-րդ մասեր՝

«2.1. Վճռաբեկ բողոքը սույն օրենսգրքի 430–րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով ներկայացնելու դեպքում բողոքը բերած անձը պետք է հիմնավորի, որ դրա վերաբերյալ Գերագույն դատարանի որոշումը կնպաստի օրենքի միատեսակ կիրառության ապահովմանը, մասնավորապես վճռաբեկ բողոքում հիմնավորելով, որ`

1) տարբեր գործերով ստորադաս դատարանների առնվազն երկու դատական ակտում միևնույն նորմը կիրառվել է հակասական մեկնաբանությամբ` կցելով այդ դատական ակտերը և մեջբերելով դրանց հակասող մասերը, կատարելով համեմատական վերլուծություն` բողոքարկվող դատական ակտի և նույնանման փաստական հանգամանքներով մեկ այլ գործով ստորադաս դատարանի դատական ակտի միևնույն նորմի` իրար հակասող մեկնաբանության վերաբերյալ.

2) բողոքարկվող դատական ակտում որևէ նորմի մեկնաբանությունը հակասում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն դատարանի որոշման եզրափակիչ մասում բացահայտված` տվյալ նորմի սահմանադրաիրավական բովանդակությանը` կցելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն դատարանի որոշումը և մեջբերելով ստորադաս դատարանի դատական ակտի այն մասը, որը հակասում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն դատարանի որոշման եզրափակիչ մասին, կատարելով համեմատական վերլուծություն` բողոքարկվող դատական ակտի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն դատարանի որոշման եզրափակիչ մասի միջև առկա հակասության վերաբերյալ.

3) բողոքարկվող դատական ակտում որևէ նորմի մեկնաբանությունը հակասում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը` կցելով այդ դատական ակտերը և մեջբերելով դրանց հակասող մասերը, կատարելով համեմատական վերլուծություն` բողոքարկվող դատական ակտի և նույնանման փաստական հանգամանքներ ունեցող գործով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն դատարանի դատական ակտի միջև առկա հակասության վերաբերյալ.

4) բողոքարկվող դատական ակտի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր։

2.2. Վճռաբեկ բողոքը սույն օրենսգրքի 430–րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով ներկայացնելու դեպքում վճռաբեկ բողոքը բերած անձը վճռաբեկ բողոքում պետք է նշի այն նյութական կամ դատավարական նորմը, որը խախտվել է` հիմնավորելով, որ այդ խախտումն ազդել է գործի ելքի վրա։».

2) ուժը կորցրած ճանաչել 3-րդ և 4-րդ մասերը:

 

Հոդված 5. Օրենսգրքի 429-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 429.

Վճռաբեկ բողոքը վերադարձնելը կամ առանց քննության թողնելը

 

1. Վճռաբեկ բողոքը վերադարձվում է, եթե վճռաբեկ բողոքը չի համապատասխանում սույն օրենսգրքի 425-րդ հոդվածի պահանջներին։

2. Վճռաբեկ բողոքը թողնվում է առանց քննության, եթե՝

1) վճռաբեկ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, և բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը բացակայում է կամ մերժվել է.

2) վճռաբեկ բողոքը ներկայացրել է այն անձը, որը վճռաբեկ բողոք ներկայացնելու իրավունք չուներ.

3) բողոքարկվել է այն դատական ակտը, որը ենթակա չէ բողոքարկման վճռաբեկության կարգով.

4) վճռաբեկ բողոք ներկայացրած անձը մինչև վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշման կայացումը դիմում է ներկայացրել վճռաբեկ բողոքը հետ վերցնելու մասին.

5) բողոքում նշված հիմքով նույն գործով Գերագույն դատարանն արդեն իսկ որոշում է կայացրել.

6) բողոքը բերվել է սույն օրենսգրքի 392-րդ հոդվածի պահանջի խախտմամբ։

3. Վճռաբեկ բողոքը վերադարձնելու կամ առանց քննության թողնելու մասին Գերագույն դատարանը կայացնում է որոշում` գործը Գերագույն դատարանում ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում` նշելով առկա թերությունները։ Վճռաբեկ բողոքը կրկին ներկայացվելու դեպքում ժամկետները հաշվարկվում են վերստին։

4. Գերագույն դատարանը բողոքը վերադարձնելու մասին որոշմամբ սահմանում է մինչև մեկամսյա ժամկետ` ձևական սխալները շտկելու և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար:»։

 

Հոդված 6. Օրենսգրքի 430-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 430.

Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը

 

1. Վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե Գերագույն դատարանը հանգում է այն հետևության, որ`

1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Գերագույն դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար.

2) առերևույթ թույլ է տրվել դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, կամ

3) առկա է նոր կամ նոր երևան եկած հանգամանք։

2. Սույն հոդվածի իմաստով` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Գերագույն դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, մասնավորապես, եթե`

1) տարբեր գործերով ստորադաս դատարանների առնվազն երկու դատական ակտում միևնույն նորմը կիրառվել է իրար հակասող մեկնաբանությամբ.

2) բողոքարկվող դատական ակտում որևէ նորմի մեկնաբանությունը հակասում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն դատարանի որոշման եզրափակիչ մասում բացահայտված` տվյալ նորմի սահմանադրաիրավական բովանդակությանը.

3) բողոքարկվող դատական ակտում որևէ նորմի մեկնաբանությունը հակասում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը.

4) Գերագույն դատարանը համարում է, որ բողոքարկվող դատական ակտի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր։

3. Սույն հոդվածի իմաստով՝ դատական սխալ են համարվում սույն օրենսգրքի 413-րդ հոդվածով նախատեսված դեպքերը։

4. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին Գերագույն դատարանը կայացնում է որոշում` գործը Գերագույն դատարանում ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում։

5. Գերագույն դատարանի որոշումները պատշաճ ձևով ուղարկվում են բողոք բերող անձին, իսկ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումները՝ դատավարության մասնակիցներին (բացառությամբ քննիչի և հետաքննության մարմնի):»։

 

Հոդված 7. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 430.1-ին հոդվածով.

 

«Հոդված 430.1.

Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելը

 

1. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվում է, եթե բացակայում են սույն օրենսգրքի 429-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և 430-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերը։

2. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումը պետք է լինի պատճառաբանված։ Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշման մեջ Գերագույն դատարանը պետք է հիմնավորի վճռաբեկ բողոքում վկայակոչված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու` սույն օրենսգրքի 430-րդ հոդվածի 2-րդ մասի 1-3-րդ կետերով նախատեսված յուրաքանչյուր հիմքի բացակայությունը։

3. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին Գերագույն դատարանը կայացնում է որոշում գործը Գերագույն դատարանում ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում։

4. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումը կայացվում է հանուն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության:»։

 

Հոդված 8. Օրենսգրքի 431-րդ հոդվածի երկրորդ նախադասության «դատավարությանը մասնակցող անձանց» բառերը փոխարինել «դատավարության մասնակիցներին» բառերով:

 

Հոդված 9. Օրենսգրքի 438-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին կետով.

 

«5.1) վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու` սույն օրենսգրքի 430-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերից առնվազն մեկի առկայության հիմնավորումը.»։

 

Հոդված 10. Օրենսգրքի 439-րդ հոդվածի 7-րդ մասի «ողջամիտ» բառը փոխարինել «երկշաբաթյա» բառով:

 

Հոդված 11. Օրենսգրքի 440-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 440.

Գերագույն դատարանի որոշման օրինական ուժի մեջ մտնելը

 

1. Գերագույն դատարանի` գործի քննության արդյունքներով կայացված որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

2. Գերագույն դատարանի` սույն օրենսգրքի 429-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և 430.1-ին հոդվածով նախատեսված որոշումներն օրինական ուժի մեջ են մտնում կայացման պահից, վերջնական են և ենթակա չեն բողոքարկման:»։

 

Հոդված 12. Օրենսգրքի 457-րդ հոդվածում՝

 

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Նոր հանգամանքների հետևանքով դատական ակտերը վերանայվում են հետևյալ դեպքերում.

1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն դատարանը տվյալ քրեական գործով դատարանի կիրառած նորմատիվ ակտի դրույթը ճանաչել է Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող, սակայն որոշման եզրափակիչ մասում բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը` գտել է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ.

2) Արդարադատության խորհուրդն ընդունել է որոշում, որով տվյալ դատական ակտը կայացրած դատավորը ենթարկվել է կարգապահական պատասխանատվության՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատական օրենսգրքի 101-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերից որևէ մեկով:».

2) 2-րդ մասի «1-ին մասով» բառերը փոխարինել «1-ին մասի 1-ին կետով» բառերով:

 

Հոդված 13. Օրենսգրքի 462-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 462.

Դատական ակտերի վերանայումը

 

1. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքների հիմքով հարուցված վարույթով դատարանը գործի քննության արդյունքում կայացնում է դատական ակտ` սույն օրենսգրքով նախատեսված ընդհանուր կարգով:

2. Այդ վարույթի արդյունքում կայացված դատական ակտում դատարանը կարող է չփոփոխել վերանայված դատական ակտի եզրափակիչ մասը, միայն եթե ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ սույն օրենսգրքի 456-րդ կամ 457-րդ հոդվածներով նախատեսված հանգամանքներն ըստ էության չէին կարող ազդել գործի ելքի վրա:

3. Վերաքննիչ դատարանի դատական ակտն օրենքով սահմանված ընդհանուր կարգով կարող է բողոքարկվել Գերագույն դատարան:»:

 

Հոդված 14. Սույն օրենքի 2-11-րդ հոդվածների գործողությունը տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո առաջին ատյանի դատարանի կողմից կայացվող դատական ակտերի, դրանց դեմ բերվող վերաքննիչ բողոքների և այդ բողոքների քննարկման արդյունքներով կայացվող դատական ակտերի, վերաքննիչ դատարանի ակտերի դեմ բերվող վճռաբեկ բողոքների և այդ բողոքների քննարկման արդյունքներով կայացվող դատական ակտերի վրա։

 

Հոդված 15. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ 4-7-րդ, 9-րդ և 11-րդ հոդվածների, որոնք ուժի մեջ են մտնում 2016 թվականի հունվարի 1-ից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

2015թ. մայիսի 15

Ստեփանակերտ

ՀՕ-17-Ն