Համարը 
ՀՕ-54
Տեսակը 
Մայր
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
18.06.2003
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
07.07.2003
Վավերացնող մարմինը 
 
Վավերացման ամսաթիվը 
 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
17.07.2003
Ուժը կորցնելու ամսաթիվը 
01.07.2013

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ ԼՂՀ-ՈՒՄ ԿԻՐԱՐԿՄԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԻՐԱՐԿՄԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ընդունված է 2003 թվականի

հունիսի 18-ին

 

Հոդված 1. 2003 թվականի օգոստոսի 1-ից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ողջ տարածքում կիրարկման մեջ դնել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը, բացառությամբ այն դրույթների, որոնց համար սույն օրենքով սահմանված են կիրարկման մեջ դնելու այլ ժամկետներ և կարգ, այն վերանվանելով «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգիրք» (այսուհետ` օրենսգիրք):

 

Հոդված 2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կիրարկման մեջ դրված 1961 թվականի մարտի 7-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի գործողությունը դադարեցնել` օրենսգրքի կիրարկման պահից:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գործող այլ օրենքներն ու նորմատիվ իրավական ակտերը ենթակա են համապատասխանեցման օրենսգրքին:

 

Հոդված 3. 2003 թվականի օգոստոսի 1-ից հիմնական կամ լրացուցիչ պատժից ազատել 1961 թվականի մարտի 7-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով մինչև 2003 թվականի օգոստոսի 1-ն այն արարքների համար դատապարտված անձանց, որոնք, օրենսգրքի համաձայն, հանցագործություններ չեն համարվում:

1961 թվականի մարտի 7-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքին համապատասխան դատապարտված և պատիժ չկրած անձանց նկատմամբ կիրառվող պատժի չափերը համապատասխանեցնել օրենսգրքին այն դեպքերում, երբ դատապարտյալի նկատմամբ նշանակված պատիժն ավելի խիստ է  օրենսգրքի համապատասխան հոդվածով նախատեսված պատժի առավելագույն չափից:

Եթե օրենգիրքն այլ կերպ բարելավում է հանցանք կատարած, այդ թվում՝ պատիժ կրող կամ պատիժ կրած, սակայն դատվածություն ունեցող անձանց վիճակը, դատարանների դատավճիռները և քրեաիրավական ներգործության այլ միջոցներ կիրառելու վերաբերյալ դատական ակտերը ենթակա են վերանայման՝ դատավճիռը կայացրած դատարանի կամ դատապարտյալի կողմից պատիժը կրելու վայրի դատարանի կողմից:

Մահապատժի վերացման վերաբերյալ օրենսգրքի դրույթները չեն տարածվում այն անձանց վրա, ովքեր մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը կատարել են ծանրացուցիչ հանգամանքներում սպանություն, տեռորիստական ակտ, մանկահասակ աղջկա բռնաբարություն:

Պատժից ազատելը, պատիժը մեղմացնելը, հանցանք կատարած անձանց վիճակը բարելավելը, սույն հոդվածի առաջին, երկրորդ և երրորդ մասերով նախատեսված դեպքերում իրականացվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 437-րդ և 438-րդ հոդվածներով նախատեսված կարգով:

Դատվածություն չունեցող համարել սույն հոդվածի առաջին և երրորդ մասերին համապատասխան պատժից ազատվող անձանց, ինչպես նաև նախկինում պատիժ կրած կամ պայմանական վաղաժամկետ ազատված անձանց, եթե նրանք դատապարտված են եղել այնպիսի արարքների համար, որոնք օրենսգրքի համաձայն, հանցագործություն չեն համարվում:

2003 թվականի օգոստոսի 1-ից կարճել դատարանների, նախաքննության և հետաքննության մարմինների վարույթում գտնվող քրեական գործերը և դադարեցնել քրեական հետապնդումն այն արարքների վերաբերյալ, որոնք, օրենսգրքի համաձայն, հանցագործություն չեն համարվում, ինչպես նաև այն քրեական գործերը, որոնցով քրեական պատասխանատվության ենթարկելու՝ օրենսգրքի 75-րդ հոդվածով սահմանված վաղեմության ժամկետները լրացել են:

1961 թվականի մարտի 7-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի հավելվածը՝ դատապարտյալի և նրա խնամքի տակ գտնվող անձանց համար անհրաժեշտ այն առարկաների ցուցակը, որոնք չեն կարող բռնագրավվել դատարանի դատավճռով, կիրառվում է մինչև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեակատարողական օրենսդրությամբ նախատեսված նոր ցանկի հաստատումը՝ օրենսգրքի 55-րդ հոդվածին համապատասխան:

 

Հոդված 4. Կալանքի ձևով պատիժների վերաբերյալ օրենսգրքի դրույթները կիրարկման մեջ են դրվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեակատարողական օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց վեց ամիս հետո:

 

Հոդված 5. 1961 թվականի մարտի 7-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով՝ պաշտոնանկության (21-րդ հոդվածի առաջին մասի 7-րդ կետ), պատճառված վնասը հարթելու պարտականություն դնելու (21-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետ), հասարակական պարսավանքի (21-րդ հոդվածի առաջին մասի 9-րդ կետ) ձևով պատիժների դատապարտված անձինք ազատվում են պատիժը կրելուց՝ դատավճիռը կայացրած դատարանի կողմից` դատվածությունը հանելով:

 

Հոդված 6. Մինչև 2003 թվականի օգոստոսի 1-ը 1961 թվականի մարտի 7-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 22-րդ հոդվածով մահապատժի դատապարտված անձանց նկատմամբ նշանակված պատիժը դատավճիռը կայացրած դատարանի կամ դատապարտյալի կողմից պատիժը կրելու վայրի դատարանի կողմից փոխարինվում է ցմահ ազատազրկմամբ, բացառությամբ սույն օրենքի 3-րդ հոդվածի չորրորդ մասով նախատեսված դեպքերի:

 

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

7 հուլիսի 2003թ.

ք. Ստեփանակերտ

ՀՕ-54