ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
|
Ընդունված է 2022 թվականի
հոկտեմբերի 27-ին |
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2008 թվականի դեկտեմբերի 17-ի Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 156-րդ հոդվածը շարադրել հետևյալ բովանդակությամբ հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 156. |
Դիմումի քննությունը |
1. Քաղաքացուն անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու վերաբերյալ դիմումն առաջին ատյանի դատարանը քննում է անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվող անձի, նրա փաստաբանի կամ հանրային պաշտպանի և խնամակալության ու հոգաբարձության մարմնի պարտադիր մասնակցությամբ: Դատարանը, ելնելով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվող անձի առողջական վիճակից, գործը քննում է քաղաքացու բնակության վայրում կամ հոգեբուժական կազմակերպության գտնվելու վայրում:
2. Քաղաքացուն անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու մասին դիմումը վարույթ ընդունելուց հետո դատարանը որոշում է կայացնում անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվող անձին իրավական օգնություն տրամադրելու մասին, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքի: Քաղաքացուն իրավական օգնություն տրամադրելու մասին որոշումը եռօրյա ժամկետում ուղարկվում է փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակ:
3. Քաղաքացուն անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու մասին դիմումը վարույթ ընդունվելուց հետո անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվող անձը կարող է հրաժարվել հանրային պաշտպանից, եթե հայտնում է իր ընտրած փաստաբանի մասնակցությամբ քննությունը շարունակելու մասին և ներկայացնում է տվյալ փաստաբանի՝ օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորությունները հավաստող փաստաթուղթ:
4. Դիմողն ազատվում է քաղաքացուն անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու վերաբերյալ գործի քննության հետ կապված դատական ծախսերից, բացառությամբ փաստաբանի խելամիտ վարձատրության համար վճարման ենթակա գումարներից:
5. Դատարանը, պարզելով, որ դիմում տված ընտանիքի անդամները վարվել են անբարեխիղճ` ակնհայտորեն նպատակ ունենալով քաղաքացուն անհիմն զրկել գործունակությունից կամ սահմանափակել նրա գործունակությունը, դատական ծախսերը բռնագանձում է նրանցից:
6. Քաղաքացուն անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու մասին դիմումի քննության ընթացքում տվյալ քաղաքացին օգտվում է գործին մասնակցող անձանց՝ սույն օրենսգրքով նախատեսված իրավունքներից:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
|
|
2022թ. նոյեմբերի 8
Ստեփանակերտ
ՀՕ-72-Ն |
|
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 նոյեմբերի 2022 թվական