ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
|
Ընդունված է 2021 թվականի
նոյեմբերի 10-ին |
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2008 թվականի դեկտեմբերի 17-ի Վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 117.10-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը «ողջամիտ ժամկետում» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մաս.
«3. Վերաքննիչ դատարանը սույն օրենսգրքի 28.2-րդ գլխով նախատեսված գործերի քննության արդյունքում կայացված գործն ըստ էության լուծող դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքը քննում և որոշում է կայացնում գործը ստանալու պահից երկամսյա ժամկետում:»:
Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 28.2-րդ գլխով.
«ԳԼՈՒԽ 28.2
ԿԱՐԱՆՏԻՆԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
ԿԻՐԱՌՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԸՆԴՈՒՆՎԱԾ ԱԿՏԵՐԻ ԻՐԱՎԱՉԱՓՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱՐԿՄԱՆ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 161.2. |
Կարանտինի պայմաններում օրենքով սահմանված միջոցառումների կիրառման շրջանակներում ընդունված ակտերի իրավաչափության վիճարկման գործերի վարույթը |
1. Վարչական դատարանին ընդդատյա են «Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» և «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքներին համապատասխան սահմանված կարանտինի (այսուհետ սույն գլխում՝ կարանտին) պայմաններում օրենքով սահմանված միջոցառումների կիրառման շրջանակներում իրավասու մարմինների ընդունած վարչական ակտերի, գործողության (անգործության) վիճարկման վերաբերյալ գործերը:
2. Սույն գլխով սահմանված կանոնները չեն տարածվում Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով նախատեսված կարանտին սահմանելու մասին որոշմամբ կիրառվող սահմանափակումների խախտման դեպքում կայացված վարչական ակտերի, գործողության (անգործության) վիճարկման վերաբերյալ գործերի քննության վրա:
Հոդված 161.3. |
Կարանտինի պայմաններում օրենքով սահմանված միջոցառումների կիրառման շրջանակներում ընդունված ակտերի իրավաչափության վիճարկման վերաբերյալ դիմումը |
1. Կարանտինի պայմաններում օրենքով սահմանված միջոցառումների կիրառման շրջանակներում ընդունված ակտերի իրավաչափության վիճարկման վերաբերյալ դիմումը կարող է ներկայացվել կարանտինի պայմաններում օրենքով սահմանված միջոցառումների կիրառման շրջանակներում իրավասու մարմինների ընդունած վարչական ակտերի կամ գործողության (անգործության) վերաբերյալ օրենքով սահմանված կարգով իրազեկվելու պահից մեկամսյա ժամկետում:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դիմումին ներկայացվում են սույն օրենսգրքի 72-րդ և 73-րդ հոդվածներով նախատեսված պահանջները:
Հոդված 161.4. |
Կարանտինի պայմաններում օրենքով սահմանված միջոցառումների կիրառման շրջանակներում ընդունված ակտերի իրավաչափության վիճարկման գործերի քննության կարգը և ժամկետները |
1. Սույն գլխով նախատեսված գործերի քննությունն իրականացվում է սույն օրենսգրքով նախատեսված գործի քննության ընդհանուր կանոնների համաձայն՝ այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են սույն գլխի դրույթներով:
2. Սույն գլխով նախատեսված գործերը վարչական դատարանը քննում է գրավոր ընթացակարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ գործը վարչական դատարանի գնահատմամբ ձեռք է բերել հասարակական մեծ հնչեղություն, կամ դրա բանավոր դատաքննությունը կնպաստի գործի հանգամանքների առավել արագ բացահայտմանը:
3. Սույն գլխով նախատեսված գործերի բանավոր քննության դեպքում դատարանը կարող է թույլատրել դիմողին մասնակցելու դատական նիստին տեսաձայնային հեռահաղորդակցության միջոցների կիրառմամբ, եթե դատական նիստերի դահլիճում տեղադրված է նման հաղորդակցության հնարավորությունն ապահովող համակարգ: Տեսաձայնային հեռահաղորդակցության միջոցների կիրառմամբ չի կարող իրականացվել առերես հարցաքննություն:
4. Սույն գլխով նախատեսված գործերը քննվում են դիմումը վարույթ ընդունելու պահից տասնօրյա ժամկետում:
5. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված գործի քննության ժամկետը կարող է երկարաձգվել մեկ անգամ` ևս տասը օրով:
Հոդված 161.5. |
Վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտը |
1. Սույն գլխով նախատեսված գործերը քննելու արդյունքում վարչական դատարանը կայացնում է հետևյալ դատական ակտերից մեկը.
1) դիմումը մերժելու և իրավասու մարմնի վարչական ակտը կամ գործողությունը (անգործությունը) ուժի մեջ թողնելու վերաբերյալ.
2) ամբողջությամբ կամ մասնակիորեն դիմումը բավարարելու և իրավասու մարմնի վարչական ակտը կամ գործողությունը (անգործությունը) ամբողջությամբ կամ մասնակիորեն անվավեր ճանաչելու մասին:
2. Վարչական դատարանի՝ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված գործն ըստ էության լուծող դատական ակտն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և կարող է բողոքարկվել վերաքննության կարգով՝ հրապարակման պահից տասնօրյա ժամկետում:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից հետո՝ անմիջապես:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
|
|
2021թ. նոյեմբերի 12
Ստեփանակերտ
ՀՕ-110-Ն |
|