Համարը 
ՀՕ-37
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
23.11.1998
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
24.12.1998
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
24.12.1998
Ուժը կորցնելու ամսաթիվը 
20.11.2006

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՏԱՌԱՅԻՆ

 

ՕՐԵՆՍԳԻՐՔ

 

Անտառն աշխարհագրական լանդշաֆտի տարրերից մեկն է, ծառերի, բուսական այլ կենսաձևերի, հողի, կենդանիների, մանրէների ու բնական միջավայրի բաղկացուցիչ մասերի փոխադարձորեն կապված և փոխազդող ամբողջությունը:

Անտառային օրենսգիրքը կոչված է նպաստելու անտառների գիտականորեն հիմնավորված պահպանությանը, պաշտպանությանը, վերարտադրությանը և արդյունավետ օգտագործմանը՝ ելնելով անտառների էկոլոգիական, սոցիալական և տնտեսական նշանակությունից:

 

ԳԼՈՒԽ  I

 

ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անտառային օրենսդրության խնդիրները

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անտառային օրենսդրության խնդիրներն են՝ անտառի ջրապահպան, հողապաշտպան, կլիմայակարգավորիչ, սանիտարահիգիենիկ, առողջարարական և այլ օգտակար բնական հատկությունների պահպանումը, վերարտադրությունն ու արտադրողականության բարձրացումը, բազմակողմանի և արդյունավետ օգտագործումը, ինչպես նաև անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառում ձեռնարկությունների, կազմակերպությունների և քաղաքացիների իրավունքների պաշտպանությունն ու օրինականության ամրապնդումը:

 

Հոդված 2.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անտառային օրենսդրությունը 

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառում ծագող հարաբերությունները կարգավորվում են սույն օրենսգրքով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության այլ ակտերով:

 

Հոդված 3.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անտառների պետական սեփականությունը

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անտառը պետության բացառիկ սեփականությունն է և տրվում է միայն օգտագործման իրավունքով:

 

Հոդված 4.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անտառային ֆոնդը

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բոլոր անտառները և անտառային տնտեսության կարիքների համար հատկացված հողերը կազմում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անտառային ֆոնդը:

 

Հոդված 5.

Անտառվերականգնման, անտառապատման, անտառների պահպանության և պաշտպանության, անտառաշինության, անտառային կադաստրի վարման և անտառային ֆոնդի պետական հաշվառման աշխատանքների ֆինանսավորումը

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անտառների պահպանության, պաշտպանության և վերարտադրության բնագավառում հատուկ լիազորված պետական մարմինների կողմից իրականացվող անտառվերականգնման, անտառապատման, անտառների պահպանության և պաշտպանության, անտառաշինության, անտառային կադաստրի վարման և անտառային ֆոնդի պետական հաշվառման աշխատանքները ֆինանսավորվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

 

ԳԼՈՒԽ  II

 

 ԱՆՏԱՌՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ, ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

Հոդված 6.

Անտառների պահպանության, պաշտպանության և վերարտադրության բնագավառում պետական կառավարումը

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անտառների պահպանության, պաշտպանության և վերարտադրության բնագավառում պետական կառավարումը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, իրականացնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառում հատուկ լիազորված պետական մարմինները:

 

Հոդված 7.

Անտառների օգտագործման բնագավառում պետական կառավարումը

 

Անտառների օգտագործման բնագավառում պետական կառավարումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառում հատուկ լիազորված պետական մարմնի միջոցով£

 

Հոդված 8.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության իրավասությունն անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառում

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության իրավասությանը ենթակա են՝

- անտառային տնտեսության վարման հիմնական ուղղությունների սահմանումը.

- անտառային տնտեսության պետական կառավարման մարմինների կազմակերպման ու գործունեության կարգի սահմանումը.

- անտառներն ըստ նշանակության դասակարգելը, դրանց մեկ խմբից մյուսը փոխադրելը.

-անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառում այլ բնապահպան միջոցառումների հետ համատեղ ծրագրերի մշակումը և դրանց կատարման կազմակերպումը.

- անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման կարգի սահմանումը.

- հատման գծով բնափայտի մթերման տարեկան նորմայի (հաշվարկային հատատեղի) հաստատումը.

- անտառօգտագործման (անտառային ֆոնդի օգտագործման) վճարների սահմանումը.

- անտառային տնտեսության վարման գիտահետազոտական, նախագծային-կոնստրուկտորական աշխատանքների կազմակերպումը և կոորդինացումը.

- անտառաշինության, պետական անտառային կադաստրի վարման, անտառային ֆոնդի պետական հաշվառման և անտառային մոնիտորինգի կազմակերպումը.

- անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման հարցերով միջազգային համագործակցության իրականացումը:

 

Հոդված 9.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունն անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառում

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությանը ենթակա են՝

- անտառային հրդեհների մարման աշխատանքներին մասնագիտացված ծառայությունների, անտառօգտագործողների և բնակչության ներգրավումը.

- անտառային ֆոնդի տարածքում անտառային տնտեսության վարման և անտառօգտագործման հետ չկապված շինարարական ու պայթեցման աշխատանքները, օգտակար հանածոների արդյունահանման, կաբելների, խողովակաշարերի և այլ կոմունիկացիաների անցկացման, հորատման և այլ աշխատանքները վերահսկելը.

- անտառային տարածքի օգտագործման և պահպանման միջոցների իրականացմանն աջակցելը:

 

Հոդված 10.

Անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառում հատուկ լիազորված պետական մարմինների իրավասությունը

 

Անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառում հատուկ լիազորված պետական մարմինների իրավասությանը ենթակա են՝

- անտառային ֆոնդի պետական հաշվառումը.

- անտառային ֆոնդի հողերի բերրիության բարձրացումն ու պահպանումը, դրանց նպատակային օգտագործման ապահովումը.

- անտառների վերարտադրությունը, դրանց արտադրողականության բարձրացումն ու խնամքը, անտառային պաշարների արդյունավետ օգտագործման կազմակերպումը.

- անտառային ֆոնդի տարածքների հրդեհային անվտանգության միջոցառումների իրականացումը, անտառային հրդեհների հայտնաբերումն ու կանխումը, վնասատուների և հիվանդությունների դեմ ժամանակին պայքարի կազմակերպումը.

- անտառօգտագործման կանոնների խախտման, անտառային ֆոնդի տարածքում անտառի օգտագործման հետ չկապված աշխատանքների, ապօրինի հատումների, ծառերի, թփերի, երիտասարդ տնկարկների և անտառամշակույթների վնասման ու ոչնչացման, քիմիական, ռադիոակտիվ նյութերով, կեղտաջրերով, կոմունալ-կենցաղային թափոններով անտառների աղտոտման և անտառային օրենսդրության այլ խախտումների ժամանակին հայտնաբերումն ու կանխարգելումը.

- պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների որոշումների համաձայն, անտառային հրդեհների մարման աշխատանքներին մասնագիտացված ծառայությունների, անտառօգտագործողների և բնակչության ներգրավումը:

 

ԳԼՈՒԽ  III

 

 ԱՆՏԱՌՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

 

Հոդված 11.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անտառների դասակարգումը

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անտառներն ըստ իրենց նպատակային նշանակության դասակարգվում են հետևյալ խմբերի՝

- պաշտպանական նշանակության անտառներ,

- սոցիալական նշանակության անտառներ,

- հատուկ նշանակության անտառներ:

Պաշտպանական նշանակության անտառներն են՝

ա) ջրապահպան (գետերի, լճերի, ջրամբարների առափնյա անտառները՝ ներառյալ ձկների ձվադրատեղերը պահպանող անտառները).

բ) հակաէրոզիոն (հողապաշտպան) անտառազանգվածները:

Սոցիալական նշանակության անտառներն են՝ սանիտարահիգիենիկ (ջրամատակարարման աղբյուրների, սանիտարական պահպանության գոտիների) անտառները, առողջարարական, ռեկրեացիոն նշանակության անտառները:

Հատուկ նշանակության անտառներն են՝ բնության հատուկ պահպանվող տարածքների համակարգում ընդգրկված անտառները:

 

ԳԼՈՒԽ  IV

 

ՀԱՏՄԱՆ ՏԱՐԻՔԸ, ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՏԱՏԵՂ

 

Հոդված 12.

Հատման տարիքը

 

Հատման տարիքը որոշվում է ելնելով անտառների հիմնական նպատակային նշանակությունից, էկոլոգիական, տնտեսական խնդիրներից, հատատեղերի արտադրողականությունից, աճող ծառատեսակների կենսաբանական առանձնահատկություններից, ինչպես նաև հատամասերում անտառի վերականգնման ժամկետներից:

Հատման տարիքը հիմնավորվում է հատուկ գիտական հետազոտությունների միջոցով և հաստատվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

 

Հոդված 13.

Հաշվարկային հատատեղ

 

Հատման գծով բնափայտի մթերման տարեկան նորման (հաշվարկային հատատեղը) երկարատև ժամանակաշրջանի համար հաշվարկվում է անտառաշինության ժամանակ անտառային տնտեսություն վարող յուրաքանչյուր ձեռնարկության ու կազմակերպության համար առանձին՝ ելնելով անսպառ և անընդհատ անտառօգտագործման սկզբունքներից:

Հաշվարկային հատատեղը հաստատվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից՝ հատուկ լիազորված մարմնի ներկայացմամբ և գործում է հաջորդ տարվա հունվարի 1-ից:

Անտառային ֆոնդում տեղի ունեցող փոփոխությունների դեպքում (սահմանների, հատման տարիքի) հաշվարկային հատատեղերում կարող են կատարվել ուղղումներ:

 

ԳԼՈՒԽ  V

 

ԱՆՏԱՌԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ ՈՉ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ

 

Հոդված 14.

Անտառային տարածքները ոչ անտառայինի փոխադրելու կարգը

 

Անտառային տնտեսության վարման և անտառօգտագործման հետ չկապված նպատակներով անտառային տարածքները ոչ անտառայինի փոխադրելու կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 15.

Անտառային օգտագործումների իրականացման և անտառային տնտեսության վարման հետ կապված անտառային տարածքները ոչ անտառայինի փոխադրելը

 

Անտառային տնտեսություն վարող ձեռնարկություններն ու կազմակերպությունները կարող են անտառներում և անտառային տնտեսության կարիքների վարման համար հատկացված հողերում կառուցել անտառային տնտեսության վարման հետ կապված արտադրական և դրանց օժանդակ օբյեկտներ՝ անհրաժեշտության դեպքում անտառային տարածքները փոխադրելով ոչ անտառայինի՝ համաձայնեցնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից հատուկ լիազորված պետական մարմնի հետ:

 

ԳԼՈՒԽ  VI

 

ԱՆՏԱՌՆԵՐԻ ՎԻՃԱԿԻ ԵՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՎՐԱ ԱԶԴՈՂ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՈՒՄԸ, ՆԱԽԱԳԾՈՒՄԸ, ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԳՈՐԾԱՐԿՈՒՄԸ

 

Հոդված 16.

Անտառների վիճակի և վերարտադրության վրա ազդող օբյեկտների տեղաբաշխման, նախագծման, շինարարության ու գործարկման պայմանները և շինարարության տեղի ու նախագծերի համաձայնեցումը

 

Անտառների վիճակի և վերարտադրության վրա ազդող նոր և վերակառուցվող ձեռնարկությունների և այլ օբյեկտների տեղաբաշխման, նախագծման, շինարարության և գործարկման ժամանակ, ինչպես նաև նոր տեխնոլոգիական պրոցեսներ արմատավորելիս պետք է նախատեսվեն և իրագործվեն այնպիսի միջոցառումներ, որոնք ապահովեն անտառների պահպանումը կեղտաջրերի, քիմիական նյութերի, արդյունաբերական արտանետումների, մնացորդների և կոմունալ-կենցաղային թափոնների բացասական ներգործությունից:

Անտառների վիճակի և վերարտադրության վրա ազդող ձեռնարկությունների և այլ օբյեկտների շինարարության տեղը և նախագծերը որոշվում են պետական էկոլոգիական փորձաքննության հիման վրա և համաձայնեցվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառում հատուկ լիազորված պետական մարմինների և այլ շահագրգիռ մարմինների հետ:

 

Հոդված 17.

Անտառային տնտեսության վարման և անտառօգտագործման հետ չկապված աշխատանքներ կատարելու կարգը

 

Անտառային ֆոնդի տարածքում անտառային տնտեսության վարման և անտառօգտագործման հետ չկապված շինարարական ու պայթեցման աշխատանքները, օգտակար հանածոների արդյունահանումը, կաբելների, խողովակաշարերի և այլ կոմունիկացիաների անցկացումը, հորատման և այլ աշխատանքները կատարվում են պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառում հատուկ լիազորված պետական մարմինների կողմից տրված թույլտվության հիման վրա՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

 

ԳԼՈՒԽ  VII

 

ԱՆՏԱՌՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ

 

Հոդված 18.

Անտառօգտագործման տեսակները

 

Անտառներում կարող են իրականացվել անտառօգտագործման (անտառային ֆոնդի օգտագործման) հետևյալ տեսակները՝

- բնափայտի մթերում.

- երկրորդական անտառանյութի (կոճղերի) մթերում.

- կողմնակի անտառօգտագործում (խոտհունձ, անասունների արածեցում, փեթակների և մեղվանոցների տեղադրում, վայրի պտղի, ընկույզի, սնկի, հատապտղի, դեղաբույսերի և տեխնիկական հումքի հավաքում և մթերում).

- անտառից օգտվելը որսորդական տնտեսության կարիքների համար.

- անտառից օգտվելը գիտահետազոտական նպատակներով.

- անտառից օգտվելը մշակութային-առողջարարական նպատակներով:

 

Հոդված 19.

Անտառօգտագործումն իրականացնելու ժամկետները

 

Անտառային ֆոնդի տարածքները սահմանված կարգով ժամանակավոր օգտագործման են հատկացվում կարճատև՝ մինչև հինգ տարի և երկարատև՝ հինգից տասը տարի ժամկետով:

 

Հոդված 20.

Անտառօգտագործողները

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անտառօգտագործողներ կարող են լինել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և օտարերկրյա ձեռնարկությունները, կազմակերպություններն ու քաղաքացիները:

 

Հոդված 21.

Անտառային ֆոնդի տարածքները օգտագործման հատկացնելու կարգը

 

Անտառային ֆոնդի տարածքները հատկացվում են օգտագործման հատուկ փաստաթղթերի՝ անտառօգտագործման պայմանագրի, անտառահատման տոմսի կամ օրդերի, անտառային տոմսի հիման վրա:

Անտառահատման տոմսը կամ օրդերը և անտառային տոմսն անտառօգտագործողին տալիս են անտառային պաշարների կամ անտառային ֆոնդի տեղամասերի միանվագ օգտագործման իրավունք:

Անտառային ֆոնդից հատկացվող յուրաքանչյուր տեղամասի և անտառօգտագործման տեսակի համար անտառօգտագործման իրավունք տվող փաստաթղթերի ձևակերպման և հատկացման կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառում հատուկ լիազորված պետական մարմինը:

Անտառային ֆոնդի տարածքները կարճաժամկետ և երկարաժամկետ օգտագործման իրավունք վերապահող փաստաթղթերի ձևակերպումը և տրամադրումը համաձայնեցվում է հատուկ լիազորված պետական մարմնի հետ:

 

Հոդված 22.

Անտառներում քաղաքացիների գտնվելու իրավունքը

 

Քաղաքացիներն իրավունք ունեն գտնվել անտառներում իրենց հանգստի, անձնական օգտագործման նպատակով վայրի պտուղ, հատապտուղ, ընկույզ, սունկ և այլ սննդամթերք հավաքելու համար:

Քաղաքացիները պարտավոր են անտառներում պահպանել հրդեհային անվտանգության կանոնները, թույլ չտալ ծառերի և թփերի կոտրատում և հատումներ, անտառային մշակույթների վնասում, անտառների աղտոտում, մրջնանոցների, թռչունների բնատեղերի ոչնչացում և անտառային օրենսդրության այլ խախտումներ:

Անտառներում քաղաքացիների գտնվելը, վայրի պտուղ, հատապտուղ, ընկույզ հավաքելը կարող է սահմանափակվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ ելնելով հրդեհային անվտանգության ապահովման և անտառապտղատու, անտառասերմնային, ընկուզապտղային տնտեսությունների վարման շահերից:

Բնության հատուկ պահպանվող տարածքների անտառներում քաղաքացիների գտնվելը կարող է սահմանափակվել կամ արգելվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 23.

Անտառօգտագործման պայմանագիրը

 

Անտառօգտագործման պայմանագիրը պետք է ընդգրկի՝

- անտառային ֆոնդի օգտագործման հատկացվող հատվածի սահմանների նկարագրությունը.

- անտառօգտագործման տեսակը, ծավալները և կարգը.

- անտառօգտագործողի պարտականություններն անտառային պաշարների պահպանության, պաշտպանության և վերարտադրության ապահովման նպատակով.

- անտառտնտեսական միջոցառումների ֆինանսավորման պայմաններն ու կարգը.

- անտառօգտագործման վճարների չափը և դրանց մուծման ժամկետները.

- անտառային ֆոնդի հատվածի բնութագիրը և նրա վիճակին ներկայացվող պահանջները օգտագործման ժամկետի ավարտման պահին.

- մատակարարումների ծավալները պետական կարիքների համար:

Պայմանագիրը կարող է լրացուցիչ ընդգրկել անտառային ֆոնդի օգտագործման այլ պայմաններ, որոնք չեն հակասում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը:

Պայմանագիրը կնքվում է անտառային տնտեսություն վարող ձեռնարկությունների, կազմակերպությունների և անտառօգտագործողների միջև:

 

Հոդված 24.

Անտառահատման տոմսը (օրդերը) և անտառային տոմսը

 

Անտառահատման տոմսն այն փաստաթուղթն է, որը անտառօգտագործողին տալիս է բնափայտի և երկրորդական անտառանյութի մթերման ու դուրսբերման իրավունք: Անտառահատման տոմսը նախատեսում է բաց թողնվող բնափայտի և երկրորդական անտառանյութի քանակական և որակական բնութագրումը, դրա արժեքը, աշխատանքների կատարման ժամկետները, անտառավերականգնման և հատատեղերի մաքրման աշխատանքների պայմանները:

Անտառահատման տոմսը տրվում է անտառային տնտեսություն վարող ձեռնարկության կամ կազմակերպության կողմից:

Արմատի վրա բնափայտի մանր բացթողման օրդերն այն փաստաթուղթն է, որն անտառօգտագործողին բնափայտի ու կողմնակի անտառօգտագործման և դուրսբերման իրավունք է տալիս: Այն համապատասխան անտառահատման տոմսի հիման վրա տրվում է անտառապետության կողմից:

Անտառային տոմսը կողմնակի անտառօգտագործման իրավունք է տալիս: Այն նախատեսում է անտառօգտագործման չափերը, ժամկետները, արժեքը և պայմանները:

Անտառային տոմսը տրվում է անտառային տնտեսություն վարող ձեռնարկության կամ կազմակերպության կողմից:

 

ԳԼՈՒԽ  VIII

 

ԱՆՏԱՌՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 25.

Անտառօգտագործողների իրավունքները

 

Անտառօգտագործողներն իրավունք ունեն՝

- իրականացնել միայն այն անտառօգտագործումները և միայն այն ծավալներով, որպիսիք նշված են անտառօգտագործման իրավունք տվող փաստաթղթերում.

- ինքնուրույն ընտրել անտառօգտագործման իրականացման տնտեսական գործունեության ձևերը.

- սահմանված կարգով բացել անտառտնտեսական նշանակության ճանապարհներ, սարքավորել անտառային արտադրանքի պահեստավորման համար հարթակներ, կառուցել ժամանակավոր արտադրական և տնտեսական կառուցվածքներ, կազմակերպել ավտոտրանսպորտի կանգառման տեղեր՝ դրանց տեղաբաշխվածությունը համաձայնեցնելով անտառային տնտեսության մարմինների հետ:

 

Հոդված 26.

Անտառօգտագործողների պարտականությունները

 

Անտառօգտագործողները պարտավոր են՝

- աշխատանքները կատարելու ընթացքում թույլ չտալ հողատարման առաջացում, բացառել կամ սահմանափակել անտառօգտագործման բացասական ազդեցությունը անտառների վիճակի և վերարտադրության, ինչպես նաև ջրամբարների և այլ բնական օբյեկտների վրա.

- թույլ չտալ թերհատումներ և գերհատումներ, մթերված բնափայտը չթողնել հատատեղերում և անտառներում.

- ապահովել հրդեհային անվտանգության կանոնների պահանջների կատարումը և աշխատանքների կատարման վայրերում իրականացնել հակահրդեհային միջոցառումներ, անտառային հրդեհների առաջացման դեպքում մարել դրանք.

- հատատեղերը մաքրել հատման մնացորդներից, անտառօգտագործման հետևանքով անտառային ֆոնդի խախտված հատվածները բերել օգտագործման համար պիտանի վիճակի.

- լիարժեք և արդյունավետ օգտագործել հատատեղերը և անտառահանդակները.

- ժամանակին և լրիվ մուծել անտառօգտագործման վճարը.

- կատարել այլ պարտականություններ՝ սահմանված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից հաստատված անտառանյութի բացթողման և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառում հատուկ լիազորված պետական մարմինների կողմից հաստատված անտառահատումների կանոններով:

 

Հոդված 27.

Անտառային ֆոնդի օգտագործման իրավունքի դադարման կամ սահմանափակման հիմքերը 

 

Անտառային ֆոնդի օգտագործման իրավունքը դադարում է, երբ՝

- լրացել է անտառօգտագործման ժամկետը.

- անտառօգտագործողը հրաժարվում է անտառային ֆոնդից օգտվելու իրավունքից.

-առաջանում են անտառօգտագործման իրավունք տվող փաստաթղթերով նախատեսված այն պայմանները, որոնց առկայության դեպքում անտառօգտագործման հետագա իրականացումն անհնար է դառնում:

Անտառային ֆոնդի օգտագործման իրավունքը ժամկետից շուտ կարող են դադարեցնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառում հատուկ լիազորված պետական մարմինը կամ նրա տեղական մարմինները, երբ՝

- անտառօգտագործման գոտում բնակվող մարդկանց կյանքին կամ առողջությանն անմիջական վտանգ է սպառնում.

- անտառօգտագործողների կողմից երկու անգամից ավելի խախտվում են անտառօգտագործման սահմանված կանոնները.

- առաջանում են արտակարգ իրավիճակներ (տարերային աղետներ, պատերազմական գործողություններ և այլն).

- անտառօգտագործողը սահմանված ժամկետում ձեռնամուխ չի եղել անտառային ֆոնդի օգտագործմանը՝ նախատեսված ծավալների սահմաններում.

- անտառօգտագործող ձեռնարկությունը կամ կազմակերպությունը լուծարվել է.

- անտառօգտագործողը պարբերաբար չի մուծել անտառօգտագործման վճարը:

Անտառօգտագործման իրավունքի դադարման դեպքում անտառօգտագործման պայմանագիրը, անտառահատման տոմսը (օրդերը) և անտառային տոմսն անվավեր են համարվում:

Անտառօգտագործման իրավունքը սահմանափակվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառում հատուկ լիազորված պետական մարմնի կամ նրա տեղական մարմինների կողմից, երբ խախտվում են անտառօգտագործման պայմանների կետերը:

 

Հոդված 28.

Անտառային ֆոնդի օգտագործման հայտի մերժումը

 

Անտառային ֆոնդի օգտագործման հայտը մերժվում է այն դեպքերում, երբ՝

- դիմողը կանխամտածված իր մասին ոչ ճիշտ տեղեկություններ է ներկայացրել.

- դիմողը չունի անտառօգտագործման համար անհրաժեշտ ֆինանսական, տեխնիկական հնարավորություններ.

- անտառային ֆոնդի տվյալ հատվածում արդեն կատարվում է անտառօգտագործում:

 

Հոդված 29.

Անտառօգտագործողների իրավունքների երաշխիքները

 

Անտառօգտագործողների գործունեությանը միջամտելն արգելվում է (բացառությամբ անտառային և բնապահպան այլ օրենսդրության խախտման դեպքերի):

Անտառօգտագործողների խախտված իրավունքները ենթակա են վերականգնման: Անտառօգտագործողներին պատճառված վնասը հատուցվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

ԳԼՈՒԽ  IX

 

 ԲՆԱՓԱՅՏԻ ՄԹԵՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ԲՆԱՓԱՅՏԻ ՄԹԵՐՄԱՆ ՉԱՓԸ ՈՐՈՇԵԼԸ

 

Հոդված 30.

Անտառահատումների տեսակները և եղանակները

 

 Անտառներում բնափայտի մթերումն իրականացվում է անտառավերականգնման հատումների եղանակով, որոնք կատարվում են հասունացած և գերհասուն անտառամասերում:

Բնափայտը մթերվում է նաև միջանկյալ օգտագործման հատումներ կատարելիս (անտառի խնամք և սանիտարական հատումներ, ինչպես նաև այլ հատումներ կատարելիս, անտառային տարածությունների մաքրումը՝ կապված հիդրոհանգույցների, խողովակաշարերի, ճանապարհների շինարարության հետ, անտառուղիներ գցելիս, հակահրդեհային շերտեր ստեղծելիս և այլն):

 

Հոդված 31.

Միջանկյալ օգտագործման և այլ հատումներ կատարելիս բնափայտի մթերման չափը որոշելը

 

 Միջանկյալ օգտագործման հատումներ կատարելիս բնափայտի մթերման չափը որոշվում է անտառաշինության նյութերի հիման վրա, ելնելով անտառների տեսակազմի և որակի բարելավման անհրաժեշտությունից, իսկ այլ հատումներ կատարելիս՝ անտառային տարածությունների մաքրման, անտառուղիներ գցելու և այլ աշխատանքների ծավալներից:

 

ԳԼՈՒԽ  X

 

ԵՐԿՐՈՐԴԱԿԱՆ ԱՆՏԱՌԱՆՅՈՒԹԻ ՄԹԵՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Հոդված 32.

Երկրորդական անտառանյութի մթերմանը ներկայացվող ընդհանուր պահանջները 

 

Արդյունաբերական վերամշակման, անտառային արտադրությունների զարգացման և բնակչության կարիքների բավարարման համար երկրորդական անտառանյութի մթերումը պետք է իրականացվի առանց անտառին վնաս պատճառելու:

Երկրորդական անտառանյութի մթերման կարգը սահմանվում է սույն օրենսգրքի 33 հոդվածով:

 

Հոդված 33.

Կոճղերի մթերումը

 

Կոճղերի մթերումը թույլատրվում է ամբողջ տարվա ընթացքում՝ չվերականգնված հատատեղերում և երիտասարդ տնկարկներում: Կոճղերի մթերման եղանակները և այն տնկարկների տարիքը, որտեղ թույլատրվում է կոճղերի մթերում, սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառում հատուկ լիազորված պետական մարմինը՝ իր իրավասության սահմաններում:

Կոճղերի մթերումն արգելվում է այն անտառամասերում, որտեղ այն կարող է հողատարման երևույթներ առաջացնել կամ տնկարկներին վնաս պատճառել:

 

ԳԼՈՒԽ  XI

 

ԿՈՂՄՆԱԿԻ ԱՆՏԱՌՕԳՏԱԳՈՐԾՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

Հոդված 34.

Կողմնակի անտառօգտագործումն իրականացնելու ընդհանուր պայմանները

 

Խոտհունձը, անասունների արածեցումը, փեթակների և մեղվանոցների տեղադրումը, վայրի պտղի, ընկույզի, սնկի, հատապտղի, դեղաբույսերի և տեխնիկական հումքի հավաքումն ու մթերումը, ինչպես նաև այլ կողմնակի անտառօգտագործումները պետք է իրականացվեն առանց անտառին վնաս պատճառելու:

Կողմնակի անտառօգտագործման համար հատկացված տարածություններում արգելվում է դրանց մաքրումը, ծառերի հատումը, հողի վարելը, կապիտալ շինությունների կառուցումը:

Արգելվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Կարմիր գրքում ընդգրկված հազվադեպ և ոչնչացող բույսեր հավաքելը:

Կողմնակի անտառօգտագործման կարգը և պայմանները սահմանվում են սույն օրենսգրքով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կողմնակի անտառօգտագործման կանոնադրությամբ:

 

Հոդված 35.

Խոտհունձը և անասունների արածեցումը

 

Անտառներում և անտառային տնտեսության կարիքների համար հատկացված հողերում խոտհունձը և անասունների արածեցումն արգելվում է այն հատվածներում, որտեղ դա կարող է վնաս պատճառել անտառին:

Տարածությունները, որտեղ չի թույլատրվում խոտհունձ և անասունների արածեցում, որոշվում են անտառային տնտեսություն վարող ձեռնարկությունների կամ կազմակերպությունների կողմից՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

 

Հոդված 36.

Անտառային ֆոնդի խոտհարքներն ու արոտավայրերն օգտագործման հատկացնելը

 

Անտառային տնտեսության կարիքների համար չօգտագործվող խոտհարքները և արոտավայրերը վճարովի, ժամանակավոր օգտագործման կարող են հատկացվել ձեռնարկություններին, կազմակերպություններին և քաղաքացիներին, եթե այդ օգտագործումը չի հակասում անտառային տնտեսության շահերին: Խոտհարքները և արոտավայրերը օգտագործման են հատկացվում՝ պահպանելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսդրության պահանջները:

 

ԳԼՈԻԽ  XII

 

ԱՆՏԱՌԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ՕԳՏՎԵԼԸ ՈՐՍՈՐԴԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ, ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ-ԱՌՈՂՋԱՐԱՐԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ

 

Հոդված 37.

Որսորդական տնտեսության կարիքների համար անտառային ֆոնդից օգտվելու կարգը

 

Որսորդական տնտեսության կարիքների համար անտառային ֆոնդից օգտվելու իրավունք ունեն մասնագիտացված որսորդական տնտեսությունները, հասարակական կազմակերպությունները և քաղաքացիները:

Անտառային ֆոնդի տարածքներում անտառօգտագործումը և անտառտնտեսական միջոցառումները պետք է իրականացվեն, հաշվի առնելով վայրի կենդանիների ապրելու համար բարենպաստ պայմանների պահպանման անհրաժեշտությունը:

Անտառներում կենդանիների թիվը կարգավորվում է անտառահանդակների համար թույլատրելի խտության սահմաններում այն հաշվով, որ կենդանիները վնաս չպատճառեն անտառային տնտեսությանը:

Որսորդական տնտեսության կարիքների համար անտառային ֆոնդից օգտվելու կարգը և պայմանները սահմանվում են որսորդական տնտեսության կարիքների համար անտառից օգտվելու կանոնադրությամբ, որը հաստատվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից:

 

Հոդված 38.

Գիտահետազոտական նպատակներով անտառային ֆոնդից օգտվելու կարգը

 

Անտառային ֆոնդում գիտահետազոտական աշխատանքներ կատարելու համար համապատասխան ձեռնարկություններին և կազմակերպություններին հատկացվում է հատուկ անտառային տարածք: Հատկացված անտառատարածքներում կարող է սահմանափակվել կամ լրիվ արգելվել անտառօգտագործումը այլ ձեռնարկությունների, կազմակերպությունների կողմից, եթե դա անհամատեղելի է գիտահետազոտական աշխատանքների նպատակների հետ:

Գիտահետազոտական նպատակներով անտառից օգտվելու կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառում հատուկ լիազորված մարմինը:

 

Հոդված 39.

Մշակութային-առողջարարական նպատակներով անտառից օգտվելու կարգը

 

Բնակչության հանգիստը կազմակերպելու նպատակով տեղական ինքնակառավարման մարմինները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառում հատուկ լիազորված պետական մարմինները, ինչպես նաև դրանց հետ համաձայնեցնելով՝ այլ ձեռնարկությունները, կազմակերպությունները և քաղաքացիները, անտառների կանաչ գոտիներում և բնակչության հանգստի համար օգտագործվող այլ տարածքներում իրականացնում են անտառային տարածքների բարեկարգման և բնակչության սպասարկման միջոցառումներ, հաշվի առնելով անտառային միջավայրի և բնական լանդշաֆտի պահպանման անհրաժեշտությունը, ինչպես նաև պահպանելով հրդեհային անվտանգության կանոնները և սանիտարական պահանջները:

Մշակութային-առողջարարական նպատակներով անտառից օգտվելու կարգը և պայմանները սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառում հատուկ լիազորված պետական մարմինը:

 

ԳԼՈԻԽ  XIII

 

 ԱՆՏԱՌՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ, ՔԱՂԱՔԱՅԻՆ ԱՆՏԱՌՆԵՐՈՒՄ, ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԳՈՏՈՒՄ

 

Հոդված 40.

Անտառօգտագործման առանձնահատկությունները բնության հատուկ պահպանվող տարածքներում

 

Բնության հատուկ պահպանվող տարածքների անտառներում անտառօգտագործման կարգը սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնության հատուկ պահպանվող տարածքների մասին օրենքով և դրա հիման վրա ընդունված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրական այլ ակտերով:

 

Հոդված 41.

Անտառօգտագործման առանձնահատկությունները քաղաքային անտառներում

 

Քաղաքային անտառները առաջնահերթ օգտագործվում են մշակութային-առողջարարական նպատակներով և բնակչության հանգստի համար:

Քաղաքային անտառներում արգելվում է անտառավերականգնման հատումների իրականացման կարգով բնափայտի մթերումը, երկրորդական անտառանյութի, ինչպես նաև կողմնակի անտառօգտագործման արտադրանքի արդյունագործական մթերումը և անասունների արածեցումը:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ քաղաքային անտառներում կարող են արգելվել նաև անտառօգտագործման այլ տեսակներ, եթե դրանք անհամատեղելի են մշակութային-առողջարարական միջոցառումների իրականացման և բնակչության հանգստի կազմակերպման հետ:

 

Հոդված 42.

Անտառօգտագործման առանձնահատկությունները սահմանային գոտում

 

Սահմանային գոտում անտառօգտագործման առանձնահատկությունները սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառում հատուկ լիազորված պետական մարմինը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ համատեղ:

 

ԳԼՈԻԽ  XIV

 

 ԱՆՏԱՌԱՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ ԵՎ ԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ: ԱՆՏԱՌԱՊԱՏՈՒՄ

 

Հոդված 43.

Անտառների արտադրողականության բարձրացման միջոցառումները

 

Անտառների արտադրողականությունը բարձրացնելու և որակը բարելավելու նպատակով իրականացվում են անտառի խնամքի, սանիտարական և սակավարժեք ծառուտների վերականգնման հատումներ, կատարվում են անտառների վերարտադրության, տեսակային և տարիքային կազմի բարելավման, արդյունավետ օգտագործման, անտառասերմնային բազաների ստեղծման, հիդրոմելիորատիվ և այլ անտառապատման միջոցառումներ:

 

Հոդված 44.

Անտառավերականգնման և անտառապատման կարգը

 

Անտառային ֆոնդի տարածքների էկոլոգիական վիճակի բարելավման, անտառապատվածության ապահովման և արդյունավետ օգտագործման նպատակներով հատված, այրված և նախկինում անտառածածկ այլ տարածքներում կատարվում է անտառավերականգնում, իսկ անտառային տնտեսության կարիքների համար հատկացված հողերում, ինչպես նաև գյուղատնտեսական նշանակության այլ հողերում՝ անտառապատում:

Անտառավերականգնման աշխատանքի ծավալների և եղանակների որոշումը, ինչպես նաև այդ աշխատանքների համար տնտեսապես արժեքավոր տեսակների ընտրությունը կատարում են անտառային տնտեսություն վարող ձեռնարկությունները և կազմակերպությունները՝ անտառաշինության փաստաթղթերի հիման վրա, հաշվի առնելով անտառային ֆոնդում տեղի ունեցող փոփոխությունները:

Անտառավերականգնումը, անտառատնկումը, անտառային սերմերի մթերումը և տնկանյութի աճեցումն իրականացնում են անտառային տնտեսություն վարող ձեռնարկությունները և կազմակերպությունները:

Անտառօգտագործողները պարտավոր են հատատեղերում կատարել անտառավերականգնման աշխատանքներ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառում հատուկ լիազորված պետական մարմինների հետ համաձայնեցված եղանակներով ու մեթոդներով, և ժամանակին հանձնել իրենց հիմնադրած անտառամշակույթները:

 

Հոդված 45.

Անտառօգտագործողների պարտականությունները հատատեղերում անտառավերականգնման համար բարենպաստ պայմաններ ապահովելու բնագավառում

 

Անտառօգտագործողները պարտավոր են կատարել անտառային պաշարների վերականգնման համար բարենպաստ պայմանների ապահովման պահանջները:

Այդ պահանջները պետք է հաշվի առնվեն նաև բնափայտի մթերման և տեղափոխման նոր տեխնիկա մշակելիս: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառում հատուկ լիազորված պետական մարմինները կարող են ընդհատել անտառավերականգնման համար վտանգ ներկայացնող աշխատանքների կատարումը:

 

Հոդված 46.

Անտառային տնտեսություն վարող ձեռնարկությունների և կազմակերպությունների պարտականությունները անտառների արտադրողականության բարձրացման ուղղությամբ

 

Անտառային տնտեսություն վարող ձեռնարկությունները և կազմակերպություններն անտառների որակական կազմի բարելավման, դրանց արդյունավետության բարձրացման նպատակով պարտավոր են՝

- կատարել անտառի խնամքի, տնտեսապես առավել արժեքավոր տեսակների սելեկցիայի, անտառային սերմնաբուծության և տեսակափորձարկման աշխատանքները.

- միջոցներ ձեռնարկել հողի բերրիությունը բարձրացնելու, գերխոնավ հողերը չորացնելու, հողերի ջրային և հողմնային հողատարման, ճահճակալման, աղակալման և հողերի վիճակը վատացնող այլ երևույթները կանխելու համար, ինչպես նաև իրականացնել այլ միջոցառումներ անտառների տեսակազմը բարելավելու, արտադրողականությունն ու պաշտպանական հատկությունները բարձրացնելու ուղղությամբ.

- ապահովել հատկապես կաղնու, հաճարենու, սոճենու և այլ արժեքավոր ծառատեսակների ժամանակին վերարտադրությունը, դրանց արդյունավետության և բնապահպան հատկությունների բարձրացումը.

- միջոցներ ձեռնարկել անտառավերականգնման և նոր անտառների ստեղծման նպատակով անտառային ֆոնդի հողերի լիակատար և արդյունավետ օգտագործման համար:

 

ԳԼՈՒԽ  XV

 

 ԱՆՏԱՌՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 47.

Անտառների պահպանության ու պաշտպանության նպատակները և խնդիրները

 

Անտառները ենթակա են պահպանման հրդեհներից, ապօրինի հատումներից և արածեցումից, անտառօգտագործման սահմանված կարգի խախտումներից և անտառին վնաս պատճառող այլ գործողություններից, ինչպես նաև ենթակա են պաշտպանության վնասատուներից և հիվանդություններից:

Անտառների պահպանությունը և պաշտպանությունն ընդգրկում է կազմակերպական, իրավական և այլ միջոցառումների համալիր և իրականացվում է՝ հաշվի առնելով անտառների տարածքային և կենսաբանական առանձնահատկությունները:

 

Հոդված 48.

Անտառների պահպանության և պաշտպանության միջոցառումների իրականացման կարգը

 

Անտառների պահպանության ու պաշտպանության միջոցառումների իրականացումը դրվում է անտառային տնտեսություն վարող ձեռնարկությունների, կազմակերպությունների և պետական անտառային պահպանության ծառայության վրա:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան ապահովում են անտառների պահպանությունը և պաշտպանությունը, անտառային հրդեհների դեմ պայքարի միջոցառումների իրականացումը՝ դրանք մարելու համար ներգրավելով մասնագիտացված ծառայություններին, անտառօգտագործողներին և բնակչությանը: Առավել հրդեհավտանգ ժամանակաշրջանում արգելվում է բնակչության և տրանսպորտային միջոցների մուտքը անտառներ, ինչպես նաև որոշ անտառային տարածքներում բոլոր տեսակի աշխատանքները:

 

Հոդված 49.

Պետական մարմինների հատուկ լիազորությունները անտառային հրդեհների, վնասատուների և անտառի հիվանդությունների դեմ պայքարի գործում

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները անտառային հրդեհների առաջացումը կանխարգելելու, դրանց, ինչպես նաև վնասատուների և անտառի հիվանդությունների դեմ պայքարելու նպատակով՝

- ամեն տարի, մինչև հրդեհավտանգ ժամանակաշրջանն սկսվելը, հաստատում են անտառային հրդեհների դեմ պայքարի գործնական առաջադրանքները.

- սահմանում են անտառային հրդեհները մարելու համար բնակչության, բանվոր-ծառայողների, հակահրդեհային տեխնիկայի, ձեռնարկությունների և կազմակերպությունների տրանսպորտային և այլ միջոցների օգտագործման կարգը.

- հրդեհները մարող անձանց ապահովում են փոխադրամիջոցներով, սննդով և բուժօգնությամբ.

- անտառներում հրդեհավտանգ ժամանակաշրջանի համար նախատեսում են անատառահրշեջ կազմակերպությունների ստեղծումը և ապահովում են դրանց պարտականությունների կատարումը.

- աջակցում են հակահրդեհային ճանապարհների շինարարությանը և վերականգնմանը, անտառահրշեջ ծառայությունների ապահովմանը վառելիքաքսանյութերով, ինչպես նաև հրդեհավտանգ ժամանակաշրջանի համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառում հատուկ լիազորված մարմիններին ապահովում են անհրաժեշտ հերթապահ մեքենաներով և տրանսպորտային այլ միջոցներով ու վառելիքի պաշարով.

- կազմակերպում են հրդեհային անվտանգության կանոնների պահպանման լայն լուսաբանումը զանգվածային լրատվության միջոցներով.

- համաձայնեցնում են հրդեհների դեմ պայքարի բոլոր միջոցառումները, անհրաժեշտության դեպքում այդ նպատակի համար ստեղծելով հատուկ հանձնախմբեր.

- ապահովում են վնասատուների և անտառի հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումների իրականացումը:

 

Հոդված 50.

Ձեռնարկությունների և կազմակերպությունների պարտականությունները, որոնց գործունեությունն ազդում է անտառների վիճակի և վերարտադրության վրա

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան այն ձեռնարկությունները և կազմակերպությունները, որոնց գործունեությունն ազդում է անտառների վիճակի և վերարտադրության վրա, պարտավոր են պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառում հատուկ լիազորված պետական մարմինների հետ համաձայնեցված կիրառել տեխնոլոգիական, սանիտարական և անտառների պահպանությունն ապահովող այլ միջոցառումներ:

 

ԳԼՈՒԽ  XVI

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 51.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական անտառային պահպանության ծառայությունը

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական անտառային պահպանության ծառայությունը կազմակերպում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառում հատուկ լիազորված պետական մարմինների համակարգում՝ անտառների պահպանության և պաշտպանության միջոցառումներ իրականացնելու և անտառների վիճակի պահպանության, պաշտպանության օգտագործման նկատմամբ հսկողություն ապահովելու նպատակով:

Պետական անտառային պահպանության ծառայությունը լիազորված է կանխելու և վերացնելու անտառային օրենսդրության խախտումները:

Պետական անտառային պահպանության ծառայության աշխատակիցներն իրավունք ունեն՝

- կրել սահմանված կարգի համազգեստ, որը տրվում է անվճար.

- իրենց սեփական տների նորոգման համար անտառտնտեսությունից անվճար ստանալ շինափայտ.

- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստանալ ծառայողական հողակտորներ.

- ծառայության ժամանակ կրել և օգտագործել հրազեն՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

- անտառային օրենսդրության խախտումների համար վարչական պատասխանատվության ենթարկել պաշտոնատար անձանց, քաղաքացիներին, ինչպես նաև դատարան և արբիտրաժ հայցեր ներկայացնել անտառային տնտեսությանը հասցված վնասի հատուցման պահանջով:

Անտառային պահպանության ծառայության աշխատակիցները ենթակա են անձի պարտադիր պետական ապահովագրության՝ անտառների վերարտադրության, պահպանության և պաշտպանության արտաբյուջետային ֆոնդի միջոցների հաշվին:

Պետական անտառային պահպանության ծառայության աշխատակիցների կազմը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառում հատուկ լիազորված պետական մարմինը:

Պետական անտառային պահպանության ծառայության գործունեությունը կարգավորվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից հաստատված կարգով:

 

ԳԼՈՒԽ  XVII

 

 ԱՆՏԱՌՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐ

 

Հոդված 52.

Անտառօգտագործման վճարների չափերը և դրանց գանձման կարգը

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անտառօգտագործումը (անտառային ֆոնդի օգտագործումը) վճարովի է, բացառությամբ գիտահետազոտական նպատակներով անտառային ֆոնդից օգտվելու դեպքերի:

Անտառօգտագործման վճարների չափերը սահմանվում են, ելնելով անտառային պաշարի տեսակից, որակից և քանակից, անտառային ֆոնդի օգտագործվող հատվածի բնական-աշխարհագրական, անտառապատման և տնտեսական պայմաններից, ստացված արտադրանքի գներից:

Անտառօգտագործման վճարները կարող են գանձվել անտառային ֆոնդի օգտագործումից ստացված արտադրանքի միավորի հաշվարկից, իսկ անտառօգտագործման առանձին տեսակների համար՝ անտառային ֆոնդի օգտագործվող տարածության յուրաքանչյուր հեկտարի համար սահմանված դրույքներով:

Անտառօգտագործման վճարների գանձման կարգը և պայմանները սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ:

 

Հոդված 53.

Անտառօգտագործման վճարների բաշխումը

 

Անտառօգտագործման վճարները մուտքագրվում են պետական բյուջե և հատկացվում են առաջին հերթին անտառների պահպանության, պաշտպանության և վերարտադրության համար:

Այդ միջոցներից անտառների պահպանության, պաշտպանության և վերարտադրության հատկացումների չափերը որոշում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

 

ԳԼՈՒԽ  XVIII

 

ԱՆՏԱՌԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ

 

Հոդված 54.

Անտառաշինության էությունը

 

Անտառաշինությունն ընդգրկում է անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության, արտադրողականության բարձրացման, արդյունավետ օգտագործման, անտառային տնտեսության միասնական գիտատեխնիկական քաղաքականության իրականացման միջոցառումների համակարգը:

Անտառաշինությունն ընդգրկում է՝

- տնտեսական ձեռնարկությունների տարածքների սահմանների որոշումը և ներտնտեսական կազմակերպումը.

- տեղագրական աշխատանքների կատարումը և անտառների քարտեզագրումը.

-անտառային ֆոնդի գույքագրումը, որի միջոցով որոշում են անտառների տեսակային և տարիքային կազմը, վիճակը, ինչպես նաև անտառային պաշարների որակական և քանակական բնութագրերը.

- անտառային ֆոնդի այն հատվածների հայտնաբերումը, որտեղ անհրաժեշտ է կատարել խնամքի, սանիտարական և միջանկյալ օգտագործման այլ հատումներ, անտառավերականգնման և անտառատարածքի ընդարձակման, անտառի պահպանության և պաշտպանության այլ տնտեսական միջոցառումներ, ինչպես նաև դրանց կատարման կարգի և եղանակների սահմանումը, անտառներն ըստ նշանակության դասակարգելու հիմնավորումը և անտառները մեկ խմբից մյուսը փոխադրելու համար առաջարկությունների նախապատրաստումը.

- անտառավերականգնման հատումների, հաշվարկային հատատեղերի և միջանկյալ օգտագործման հատումների չափերի հաշվարկումը.

- անտառավերականգնման և անտառների ընդարձակման, անտառները հրդեհներից պահպանելու, վնասատուներից և հիվանդություններից պաշտպանելու միջոցառումների և այլ անտառատնտեսական աշխատանքների ծավալների որոշումը.

- կողմնակի և երկրորդական անտառօգտագործման ծավալների, անտառային ֆոնդի մշակութային-առողջարարական և որսորդական տնտեսության կարիքների նպատակներով օգտագործման ծավալների որոշումը.

- անտառաշինության ժամանակ մշակված նախագծերի իրականացման նկատմամբ հեղինակային հսկողությունը, ինչպես նաև այլ անտառաշինական գործողություններ:

 

Հոդված 55.

Անտառաշինության նախագծերը

 

Անտառային տնտեսություն վարող ձեռնարկությունների և կազմակերպությունների համար կազմվում են համապատասխան նախագծեր, որոնք տալիս են անցած ժամանակաշրջանի համար անտառային տնտեսության վարման և անտառօգտագործման ամբողջական գնահատականը, ինչպես նաև մշակում են անտառային տնտեսության հետագա կազմակերպման և զարգացման հիմնադրույթները:

Անտառաշինության նախագծերը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառում հատուկ լիազորված պետական մարմինների կողմից հաստատվելուց հետո հանդիսանում են անտառային տնտեսության վարման և անտառօգտագործման իրականացման, ընթացիկ և հեռանկարային ծրագրավորման պարտադիր նորմատիվատեխնիկական փաստաթղթեր:

 

ԳԼՈՒԽ  XIX

 

 ՊԵՏԱԿԱՆ ԱՆՏԱՌԱՅԻՆ ԿԱԴԱՍՏՐ ԵՎ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ

 

Հոդված 56.

Պետական անտառային կադաստր և անտառային ֆոնդի պետական հաշվառում

 

Պետական անտառային կադաստրի վարումը և անտառային ֆոնդի պետական հաշվառումն իրականացվում են անտառների պահպանության, վերարտադրության, անտառային ֆոնդի արդյունավետ օգտագործման կազմակերպման ու պաշտպանության, քանակական և որակական փոփոխությունների պարբերաբար հսկողության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, շահագրգիռ ձեռնարկություններին, կազմակերպություններին, հիմնարկներին և քաղաքացիներին անտառային ֆոնդի մասին տեղեկություններով ապահովելու համար:

Պետական անտառային կադաստրի և անտառային ֆոնդի պետական հաշվառման տվյալները ենթակա են մամուլում հրապարակման:

Պետական անտառային կադաստրը և անտառային ֆոնդի պետական հաշվառումը բովանդակում է անտառային ֆոնդի իրավական ռեժիմի, դրա քանակական և որակական վիճակի, անտառների դասակարգման և տնտեսական գնահատման մասին այն տեղեկությունների միասնական համակարգը, որոնք անհրաժեշտ են անտառային տնտեսության վարման և անտառային ֆոնդում տնտեսական գործունեության արդյունքների գնահատման համար:

Պետական անտառային կադաստրի վարումը և անտառային ֆոնդի պետական հաշվառումը կատարվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության ու օգտագործման բնագավառում հատուկ լիազորված պետական մարմինների կողմից:

 

ԳԼՈՒԽ  XX

 

ԱՆՏԱՌՆԵՐԻ ՎԻՃԱԿԻ, ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ, ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 57.

Անտառների վիճակի, պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման նկատմամբ պետական վերահսկողությունը

 

Անտառների վիճակի, պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման նկատմամբ պետական վերահսկողության խնդիրն է՝ ապահովել անտառային ֆոնդի օգտագործման սահմանված կարգի, անտառօգտագործման նորմերի, անտառային տնտեսություն վարելու, անտառների պահպանության և պաշտպանության կանոնների, ինչպես նաև անտառային օրենսդրությամբ սահմանված մյուս կանոնների պահպանումը բոլոր անտառօգտագործողների կողմից:

Պետական վերահսկողությունն անտառների վիճակի, պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման նկատմամբ իրականացնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառում հատուկ լիազորված պետական մարմինները՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

 

Հոդված 58.

Անտառային մոնիտորինգ

 

Անտառային մոնիտորինգը անտառային ֆոնդի վիճակի և զարգացման ընթացքի (դինամիկայի) դիտարկումների և հետազոտումների գնահատման ու կանխատեսման համակարգն է, որի նպատակն է անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառում արդյունավետ կառավարումը և անտառների էկոլոգիական նշանակության բարձրացումը:

 

ԳԼՈՒԽ  XXI

 

ԱՆՏԱՌԱՅԻՆ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ

 

Հոդված 59.

Անտառային վեճերի լուծման կարգը

 

Անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառում ծագող վեճերը լուծվում են դատական կամ արբիտրաժային կարգով:

 

Հոդված 60.

Անտառների սեփականության իրավունքը խախտող գործարքների անվավերությունը

 

Անատառային ֆոնդի հատվածների առքուվաճառքի, նվիրատվության, գրավ դնելու, փոխանակման, ինչպես նաև անտառօգտագործման իրավունքի վերազիջման գործարքներն անվավեր են:

 

Հոդված 61.

Անտառային օրենսդրության խախտումների տեսակները

 

Սույն օրենսգրքի 60 հոդվածով նախատեսված գործարքներ կատարելու, ինչպես նաև՝

- ծառերը և թփերն ապօրինաբար վնասելու և հատելու.

- հրկիզման կան կրակի հետ անփույթ վարվելու հետևանքով անտառը վնասելու կամ ոչնչացնելու.

- անտառներում հրդեհային անվտանգության կանոնների պահանջները խախտելու.

- անտառները քիմիական և ռադիոակտիվ նյութերով, արտադրական կեղտաջրերով, արդյունաբերական արտանետումներով, մնացուկներով և կոմունալ-կենցաղային թափոններով աղտոտելու.

- ժամանակավոր օգտագործման հատկացված անտառային ֆոնդի հատվածների վերադարձման ժամկետները խախտելու.

- անտառամշակույթները, անտառային տնկարկներում սերմնաբույսերը կամ տնկիները, ինչպես նաև անտառավերականգնման համար նախատեսված տարածություններում բնական ծագում ունեցող մատղաշն ու ինքնացանը վնասելու կամ ոչնչացնելու.

- հատատեղերի և ոչ անտառապատ այլ կարգի անտառային հողերի անտառապատման կարգը և ժամկետները խախտելու.

- անտառային ֆոնդի հողամասերն առանց թույլտվության օգտագործելու, այդ հողամասերում ծառերն ու թփերն արմատախիլ անելու, շենքերի կառուցման, բնափայտի մշակման, պահեստների կառուցման և այլ նպատակներով օգտագործման անտառային ֆոնդի տարածքներն ինքնակամ զավթելու և դրանք ըստ պատկանելության չվերադարձնելու.

- անտառային ֆոնդի տարածքում ինքնակամ խոտհունձ կատարելու և անասուններ արածեցնելու, ինչպես նաև խոտհնձի և անասունների արածեցման կանոնները խախտելու.

- անտառային ֆոնդի հողերում խոտհարքները և արոտահանդակները վնասելու.

- անտառային ֆոնդի հողերի բերրի շերտը վնասելու կամ ոչնչացնելու.

- անտառներում սանիտարական կանոնները խախտելու.

- անտառօգտագործման իրավունք տվող փաստաթղթերով նախատեսված նպատակներին կամ պահանջներին չհամապատասխանող անտառօգտագործում իրականացնելու.

- անտառային ֆոնդի հողերում ոռոգման և անտառաչորացման առուները, դրենաժային համակարգերը, ինչպես նաև ճանապարհները վնասելու կամ ոչնչացնելու.

- այն հողամասերում, որտեղ դա արգելված է կամ թույլատրվում է միայն անտառային տոմսերով, ինքնակամ վայրի պտուղ, ընկույզ, սունկ, հատապտուղ և այլն հավաքելու.

- ինքնակամ վայրի պտուղ, ընկույզ, սունկ, հատապտուղ և այլն հավաքելու ժամկետները և եղանակները խախտելու.

- հատատեղերի հատկացման և անտառագնահատման, բնափայտի մթերման և դուրսբերման, երկրորդական անտառանյութ մթերելու, հատատեղերի տեղազննման սահմանված կարգը խատելու.

- անտառային ֆոնդում սահմանափակող, անտառաշինական և այլ նշանները վնասելու և ոչնչացնելու.

- անտառի կենդանական աշխարհին վնաս հասցնելու.

- քամատապալ, ձյունակոտոր, արմատից հատված ծառերը յուրացնելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անտառային օրենսդրության այլ խախտումների մեջ մեղավոր անձինք պատասխանատվություն են կրում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 62.

Անտառային ֆոնդի ինքնակամ զավթած հատվածների վերադարձման կարգը

 

Անտառային ֆոնդի ինքնակամ զավթած հատվածները վերադարձվում են ըստ պատկանելության, առանց կատարված ծախսերի հատուցման:

Ինքնակամ զավթված հատվածներն անտառային տնտեսության վարման պահանջներին համապատասխանեցնելու համար անհրաժեշտ ծախսերը կատարվում են անմիջականորեն մեղավորների հաշվին:

 

Հոդված 63.

Անտառների վիճակի և վերարտադրության համար վտանգ ներկայացնող աշխատանքների դադարեցումը

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից հատուկ լիազորված մարմինները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով արգելում կամ դադարեցնում են ձեռնարկությունների, կազմակերպությունների և քաղաքացիների կողմից կատարվող աշխատանքները, եթե դրանց իրականացման ընթացքում չեն ապահովվում տեխնոլոգիական, սանիտարական, հակահրդեհային և այլ միջոցառումները, որոնց հետևանքով վտանգ է առաջանում անտառների վիճակի և վերարտադրության համար:

 

ԳԼՈՒԽ  XXII

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ

 

Հոդված 64.

Միջազգային պայմանագրեր

 

Եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ կանոններ, քան պարունակում է սույն օրենսգիրքը, ապա կիրառվում է միջազգային պայմանագիրը:

 

ԳԼՈՒԽ  XXIII

 

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 65.

Անցումային դրույթներ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը՝

մշակել և հաստատել սույն օրենսգրքի կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական ակտեր:

 

Հոդված 66.

Օրենսգրքի ուժի մեջ մտնելը

 

 Օրենսգիրքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

24 դեկտեմբերի 1998թ.

ք. Ստեփանակերտ

ՀՕ-37