Համարը 
N 722-Ն
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2018.09.11/15(355)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
30.08.2018
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
30.08.2018
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
21.09.2018
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎԱԾ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԵՎ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ԱՅԼ ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԸՆԴԵՐՔԱԲԱՆԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 5-Ի N 520-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 օգոստոսի 2018թ.

N 722-Ն

  ք.Ստեփանակերտ

 

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎԱԾ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԵՎ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ԱՅԼ ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԸՆԴԵՐՔԱԲԱՆԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 5-Ի N 520-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Ընդերքի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսգրքի 7-րդ հոդվածի 6-րդ մասը և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.

1. Սահմանել ուսումնասիրված պաշարների և ընդերքի մասին այլ տեղեկության պետական ընդերքաբանական փորձաքննության կարգը` համաձայն հավելվածի:

2. Արցախի Հանրապետության բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում՝

1) հաստատել օգտակար հանածոների հանքավայրերի կոնդիցիաների պարամետրերի հիմնավորմամբ արդյունաբերական գնահատման (վերագնահատման), պաշարների հաշվարկման (վերահաշվարկման) և հետագա աշխատանքներով չհավաստված պաշարների դուրսգրումը հիմնավորող նյութերի բովանդակության, ձևավորման և դրանք պետական ընդերքաբանական փորձաքննության ներկայացնելու կարգը.

2) ստեղծել պետական ընդերքաբանական փորձաքննության հանձնաժողով և հաստատել պետական ընդերքաբանական փորձաքննության հանձնաժողովի կանոնակարգը, պետական ընդերքաբանական փորձաքննության գործընթացում անկախ փորձագետների ներգրավման կարգը:

3. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 5-ի «Ուսումնասիրված պաշարների և ընդերքի մասին այլ տեղեկության պետական ընդերքաբանական փորձաքննության կարգը սահմանելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 28-ի N 287 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 520-Ն որոշումը:

 

 

«Հաստատում եմ»

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

 

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

Հավելված

Արցախի Հանրապետության կառավարության

2018 թվականի օգոստոսի 30-ի N 722-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎԱԾ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԵՎ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ԱՅԼ ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԸՆԴԵՐՔԱԲԱՆԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է ուսումնասիրված պաշարների և ընդերքի մասին այլ տեղեկության պետական ընդերքաբանական փորձաքննության (այսուհետ` փորձաքննություն) կարգը:

2. Փորձաքննությունն իրականացնում է Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը (այսուհետ` նախարարություն)` ուսումնասիրված պաշարների և ընդերքի մասին այլ տեղեկության արժանահավատությունը գնահատելու, օգտակար հանածոների հանքավայրերի կոնդիցիաներն ու պաշարները հաստատելու, ինչպես նաև արդյունաբերական նշանակությունը կորցրած կամ հետագա աշխատանքների արդյունքում չհավաստված պաշարների դուրսգրման հիմնավորվածության մասին եզրակացություն տալու նպատակով:

(2-րդ կետը փոփ. 07.08.20 N 320-Ն, 05.07.21 N 715-Ն)

3. Փորձաքննության պարտադիր ենթակա են հանքավայրերի մանրազնին և շահագործական հետախուզման, ինչպես նաև դրանց լրահետախուզման արդյունքների հիման վրա կազմված կոնդիցիաների պարամետրերի հիմնավորմամբ հանքավայրերի արդյունաբերական գնահատման (վերագնահատման), օգտակար հանածոների պաշարների հաշվարկման (վերահաշվարկման), ինչպես նաև պաշարների` սույն կարգի 2-րդ կետում նշված պատճառներով դուրսգրման անհրաժեշտությունը հիմնավորող նյութերը (այսուհետ` նյութեր):

4. Փորձաքննության կարող են ենթարկվել նաև մանրազնին հետախուզմանը նախորդող փուլերի արդյունքների հիման վրա կազմված կոնդիցիաների պարամետրերի հիմնավորմամբ հանքավայրի արդյունաբերական գնահատման և պաշարների հաշվարկման նյութերը, եթե դրանցում պարունակվող տեղեկությունը բավարար է օգտակար հանածոների քանակի, որակի ու հանքավայրի արդյունաբերական նշանակության օբյեկտիվ գնահատման համար:

5. Փորձաքննության ենթակա նյութերի բովանդակությանը և ձևավորմանը ներկայացվող պահանջները սահմանվում են օգտակար հանածոների հանքավայրերի կոնդիցիաների պարամետրերի հիմնավորմամբ արդյունաբերական գնահատման (վերագնահատման), պաշարների հաշվարկման (վերահաշվարկման) և հետագա աշխատանքներով չհավաստված պաշարների դուրսգրումը հիմնավորող նյութերի բովանդակության, ձևավորման և դրանք փորձաքննության ներկայացնելու մասին կարգով:

6. Փորձաքննության գործընթացը ներառում է`

1) փորձաքննության ներկայացված նյութերի բովանդակության, լիարժեքության և ձևավորման նախնական գնահատումը.

2) նյութերի փորձաքննության աշխատատարության ու տևողության որոշումը, նախարարության հաստիքային աշխատողներից տվյալ նյութերի փորձաքննության պատասխանատուի նշանակումը, փորձաքննության գործընթացում Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի (այսուհետ՝ նախարար) կողմից սահմանված կարգով անկախ փորձագետների (այսուհետ` փորձագետ) ներգրավումը.

3) նյութերի մանրակրկիտ ուսումնասիրությունը, դրանցում բացթողումների և սխալների բացահայտումն ու աշխատանքային քննարկումները.

4) բացահայտված թերությունների և բացթողումների վերացումն ու լրացուցիչ տարբերակների դիտարկումը.

5) փորձաքննության ընթացքում արվող մասնագիտական եզրակացությունների և առաջարկությունների նախագծերի մշակումը.

6) մասնագիտական եզրակացությունների և առաջարկությունների նախագծերի քննարկումը, դրանց ճշգրտումը (հարկ եղած դեպքում) և օգտակար հանածոների պաշարները պետական հաշվեկշռում գրանցելու համար հիմք հանդիսացող փորձաքննության եզրակացության ընդունումը.

7) փորձաքննության եզրակացության հիման վրա նախարարի սահմանած կարգով` կոնդիցիաների պարամետրերի և (կամ) օգտակար հանածոների պաշարների հաստատման մասին որոշման (այսուհետ` որոշում) ընդունումը.

8) նախարարի կողմից սահմանված կարգով որոշման փաթեթի ձևակերպումը.

9) որոշման փաթեթի պահպանությունը:

(6-րդ կետը փոփ., խմբ. 07.08.20 N 320-Ն, փոփ. 05.07.21 N 715-Ն)

7. Սույն կարգի 6-րդ կետի 3-րդ, 4-րդ և 5-րդ ենթակետերում նշված գործառույթների իրականացման նպատակով ներգրավվում են փորձագետներ:

8. Սույն կարգի 6-րդ կետի 6-րդ ենթակետում նշված գործառույթն իրականացնում է նախարարի կողմից հաստատված կանոնակարգի համաձայն նախարարությունում գործող պետական ընդերքաբանական փորձաքննության հանձնաժողովը:

9. Փորձաքննության գործընթացի տևողությունը սահմանելիս հաշվի է առնվում հանքահումքի տեսակը, հանքավայրի երկրաբանական կառուցվածքի բարդությունը, դրա երկրաբանական ուսումնասիրության փուլը, արդյունաբերական յուրացման աստիճանն ու ներկայացված նյութերի ծավալը, ստորև նշված ժամկետային սահմանափակումներով`

1) ոչ հանքաքարային և ստորերկրյա քաղցրահամ ջրերի հանքավայրերի համար` մինչև 60 աշխատանքային օր.

2) հանքային ջրերի հանքավայրերի համար` մինչև 90 աշխատանքային օր.

3) հանքաքարային հանքավայրերի համար` մինչև 120 աշխատանքային օր:

10. Օգտակար հանածոների հանքավայրերի կոնդիցիաների կամ պաշարների հաստատման, ինչպես նաև վերջիններիս դուրսգրման հիմնավորվածությունը հավաստելու մասին բացասական որոշման ընդունման դեպքում փորձաքննված նյութերը վերադարձվում են հեղինակներին` լրամշակման:

11. Փորձաքննության եզրակացությունը կարող է բողոքարկվել նախարարին` փորձաքննության գործընթացի ավարտից հետո մեկ ամսվա ընթացքում:

12. Փորձաքննության գործընթացը համարվում է ավարտված` սույն կարգի 6-րդ կետի 8-րդ ենթակետում նշված գործառույթի իրականացմամբ:

13. Փորձաքննության եզրակացության բողոքարկման դեպքում նշանակվում է նյութերի լրացուցիչ փորձաքննություն, որը կատարվում է սույն կարգի համաձայն:

(հավելվածը փոփ., խմբ. 07.08.20 N 320-Ն, փոփ. 05.07.21 N 715-Ն)

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ