ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
2020 թվականի հունվարի 16-ի
ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ
ՀԱՄԱՐ ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՏՉԵԼԻ ԴԱՐՁՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ
ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
N 47-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Ղեկավարվելով Արցախի Հանրապետության ընտրական օրենսգրքի 65-րդ հոդվածի 8-րդ մասով` Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Տեսողության պատճառով քվեարկությանը մասնակցելու դժվարություններ ունեցող ընտրողների (այսուհետ՝ Ընտրող) քվեարկությունը մատչելի դարձնելու նպատակով`
1) մշակել քվեարկության կարգի պարզաբանման ձեռնարկներ (խոշորացված տառատեսակի և ռելիեֆակետային բրայլյան տառատեսակի կիրառմամբ) և նշված ձեռնարկները համապատասխան հասարակական կազմակերպությունների միջոցով տրամադրել Ընտրողներին.
2) Ընտրողներին թույլատրել ընտրողների ցուցակում ստորագրելու համար օգտագործել իրենց անձնական ֆաքսիմելային ստորագրությունները.
3) հնարավորության առկայության դեպքում բոլոր տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացնել խոշորացնող ոսպնյակներ` ըստ անհրաժեշտության Ընտրողներին տրամադրելու համար:
2. Քվեարկությանը մասնակցելու դժվարություններ ունեցող ընտրողների քվեարկությունը մատչելի դարձնելու նպատակով համայնքների ղեկավարներին առաջարկել Արցախի Հանրապետության ընտրական օրենսգրքի պահանջների և առկա հնարավորությունների հաշվառմամբ տեղամասային կենտրոնները սահմանել այնպիսի շենքերում և շինություններում, որոնք հարմարեցված են շարժասայլակներով տեղաշարժվելու համար:
3. Տեղամասային կենտրոնում քվեարկության սենյակը հնարավորության դեպքում կահավորել շենքերի և շինությունների առաջին հարկերում:
4. Քվեարկության օրը տեղամասային կենտրոնում հերթի առկայության դեպքում քվեարկությանը մասնակցելու դժվարություններ ունեցող ընտրողներին հրավիրել քվեարկության սենյակ տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի կողմից արտահերթ ռեժիմով:
5. Համայնքի տարածքում քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր փակցնելու համար անվճար տեղեր առանձնացնելիս առաջարկել համայնքի ղեկավարի կողմից, հնարավորության դեպքում հաշվի առնել նաև շարժասայլակներով տեղաշարժվող ընտրողների քարոզչական նյութեր փակցնելու համար առանձնացված տեղերին ինքնուրույն մոտենալու և դրանցում փակցված նյութերին ծանոթանալու հնարավորության ապահովումը:
6. Առաջարկել ընտրություններին մասնակցող թեկնածուներին, կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին) իրենց նախընտրական քարոզչության ընթացքում հեռարձակվող տեսանյութերը հնարավորության դեպքում զուգակցել ժեստային լեզվով (սուրդո-թարգմանությամբ):
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ
ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ |
Ս.ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ |
|
|
2020 թվականի հունվարի 16
ք.Ստեփանակերտ |
|