Համարը 
N 28-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2020.01.17/01(392)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվը 
16.01.2020
Ստորագրող մարմինը 
Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
16.01.2020
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
18.01.2020
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Կապեր այլ փաստաթղթերի հետ

ԱՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԵՎ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

2020 թվականի հունվարի 16-ի

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԵՎ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ

 ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

N 28-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

Ղեկավարվելով Արցախի Հանրապետության ընտրական օրենսգրքի 51-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Ընդունել`

1) Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի կանոնակարգը` համաձայն N 1 հավելվածի,

2) տարածքային ընտրական հանձնաժողովի կանոնակարգը` համաձայն N 2 հավելվածի,

3) տեղամասային ընտրական հանձնաժողովի կանոնակարգը` համաձայն N 3 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ

ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

   

2020 թվականի հունվարի 16

   

ք. Ստեփանակերտ

    

 

     

Հավելված N 1

 Արցախի Հանրապետության

 կենտրոնական ընտրական հանձնաժողովի

 2020 թվականի հունվարի 16-ի N 28-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Գ Լ ՈՒ Խ 1

Ընդհանուր դրույթներ

 

1. Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով) անկախ պետական մարմին է, որը կազմակերպում է համապետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, հանրաքվեները, ինչպես նաև վերահսկողություն է իրականացնում դրանց օրինականության նկատմամբ:

2. Հանձնաժողովը գործում է մշտական հիմունքներով` օրինականության, կոլեգիալության և հրապարակայնության սկզբունքների հիման վրա: Հանձնաժողովն իր լիազորություններն իրականացնելիս անկախ է և նրա գործունեությանը որևէ միջամտություն արգելվում է:

3. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ, Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերով, Արցախի Հանրապետության ընտրական օրենսգրքով (այսուհետ` Օրենսգիրք), այլ օրենքներով և իրավական ակտերով, սույն կանոնակարգով:

4. Հանձնաժողովն իր լիազորությունների շրջանակներում ընդունում է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր, որոնք ենթակա են պարտադիր կատարման Արցախի Հանրապետության ողջ տարածքում: Հանձնաժողովն ընդունում է նաև անհատական իրավական ակտեր:

5. Հանձնաժողովի անունից պաշտոնական տեղեկատվություն, մամուլի հաղորդագրություն տալիս են Հանձնաժողովի նախագահը կամ Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ` Հանձնաժողովի այլ ներկայացուցիչ:

6. Հանձնաժողովի կրճատ անվանումն է` ԱՀ ԿԸՀ:

7. Հանձնաժողովն ունի Արցախի Հանրապետության զինանշանի պատկերով և իր հայերեն անվանմամբ կլոր կնիք, դրոշմակնիք, ձևաթուղթ, Հանձնաժողովի գործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ անհատականացման այլ միջոցներ:

8. Հանձնաժողովի գտնվելու վայրն է` Արցախի Հանրապետություն, քաղաք Ստեփանակերտ, Կնունյանցների 2:

 

Գ Լ ՈՒ Խ 2

Հանձնաժողովի կազմավորումը և աշխատանքների կազմակերպումը

 

9. Նոր Հանձնաժողովը կազմավորվում է նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանին հաջորդող հերթական նստաշրջանի բացման օրվանից հետո՝ 60-րդ օրը:

Նոր Հանձնաժողովը համարվում է կազմավորված, եթե նշանակվել է նրա անդամների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդը: Եթե մինչև նոր Հանձնաժողովի կազմավորման վերջին օրը Հանձնաժողովի կազմավորման համար անհրաժեշտ անդամների նվազագույն թիվը չի նշանակվել, ապա այն մինչև սահմանված նվազագույն թիվը լրանալը նշանակում է Արցախի Հանրապետության նախագահը (այսուհետ`Հանրապետության նախագահ):

10. Հանձնաժողովը կազմավորվում է`

1) Հանրապետության նախագահի նշանակած երեք անդամից.

2) Ազգային ժողովում խմբակցություն ունեցող յուրաքանչյուր կուսակցության մշտական գործող մարմնի որոշմամբ, իսկ կուսակցության դաշինքի դեպքում՝ կուսակցության դաշինքի անդամ կուսակցությունների մշտական գործող մարմինների համատեղ` ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ նշանակված մեկական անդամից:

Եթե Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների և դաշինքների թիվը չի գերազանցում երեքը, ապա յուրաքանչյուր կուսակցություն և դաշինք նշանակում է Հանձնաժողովի երկուական անդամ:

Եթե մինչև Հանձնաժողովի ձևավորման համար ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետում, սույն կետի 2-րդ ենթակետի պահանջներին համապատասխան, որևէ կուսակցություն (կուսակցությունների դաշինք) թեկնածու չի նշանակում, ապա Հանձնաժողովի թափուր տեղը լրացնում է համապատասխան խմբակցությունը:

11. Սույն հավելվածի 10-րդ կետում նշված պաշտոնատար անձանց և մարմինների առաջարկությունների հիման վրա Հանձնաժողովի կազմը` առաջարկությունը ներկայացնելուց հետո՝ տասնօրյա ժամկետում, սահմանվում է Հանրապետության նախագահի հրամանագրով:

12. Հանձնաժողովի անդամների թեկնածուների տվյալները Հանրապետության նախագահի աշխատակազմ ներկայացվում են Հանձնաժողովի անդամի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան 30 և ոչ ուշ, քան 20 օր առաջ՝ մինչև ժամը 18.00-ն: Հանձնաժողովի անդամի լիազորությունների ավարտի ժամկետի մասին սույն հավելվածի 10-րդ կետում նշված պաշտոնատար անձանց և մարմիններին տեղեկացնում է Հանձնաժողովի նախագահը՝ Հանձնաժողովի անդամի լիազորությունների ավարտից ոչ ուշ, քան 50 օր առաջ:

13. Հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարման կամ դադարեցման դեպքում թափուր տեղը համալրվում է 21-օրյա ժամկետում: Հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարման դեպքում Հանձնաժողովի նոր անդամը նշանակվում է լիազորությունները վաղաժամկետ դադարած կամ դադարեցված անդամի պաշտոնավարման համար սահմանված ժամկետի մնացած ժամանակահատվածի համար:

14. Հանձնաժողովի նախագահին, նախագահի տեղակալին և Հանձնաժողովի քարտուղարին ընտրում է Հանձնաժողովն իր կազմից:

15. Հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի և Հանձնաժողովի քարտուղարի թեկնածուների առաջադրման իրավունքը պատկանում է Հանձնաժողովի անդամներին:

16. Հանձնաժողովի նախագահը, նախագահի տեղակալը և Հանձնաժողովի քարտուղարը քվեարկությամբ ընտրվում են Հանձնաժողովի առաջին նիստում:

Հանձնաժողովի առաջին նիստը կայանում է Հանրապետության նախագահի համապատասխան հրամանագրի հրապարակման հաջորդ օրը՝ ժամը 12.00-ին և կարող է ընթանալ մինչև նույն օրվա ժամը 24.00-ն, Հանձնաժողովի վարչական շենքում: Առաջին նիստը վարում է Հանձնաժողովի տարիքով ավագ անդամը:

Եթե Հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի կամ Հանձնաժողովի քարտուղարի պաշտոնի համար քվեարկվել է մեկ թեկնածու, ապա նա ընտրվում է, եթե ստացել է քվեարկության մասնակիցների ձայների կեսից ավելին: Եթե Հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի կամ Հանձնաժողովի քարտուղարի պաշտոնի համար քվեարկվել է մեկից ավելի թեկնածու, ապա ընտրվում է առավել թվով կողմ ձայներ ստացած թեկնածուն: Ձայների հավասարության դեպքում առավել թվով կողմ ձայներ ստացած թեկնածուների միջև անցկացվում է վիճակահանություն:

17. Հանձնաժողովի նախագահ առաջին նիստում սահմանված կարգով չընտրվելու դեպքում, եռօրյա ժամկետում, Հանձնաժողովի նախագահին նշանակում է Հանրապետության նախագահը՝ Հանձնաժողովի անդամներից:

18. Հանձնաժողովի աշխատանքային օրերն ու ժամերը սահմանվում են Արցախի Հանրապետության օրենսդրությամբ, բացառությամբ համապետական ընտրությունների նախապատրաստման, կազմակերպման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցով նախատեսված առանձին գործառույթների համար սահմանված ժամկետների:

 

Գ Լ ՈՒ Խ 3

Հանձնաժողովի նախագահի, Հանձնաժողովի նախագահի տեղակալի,

 Հանձնաժողովի քարտուղարի և Հանձնաժողովի անդամի

 իրավունքներն ու պարտականությունները

 

19. Հանձնաժողովի նախագահը`

1) ներկայացնում է Հանձնաժողովը և ապահովում նրա բնականոն գործունեությունը.

2) կազմակերպում և ղեկավարում է Հանձնաժողովի աշխատանքները.

3) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում ընդունում է անհատական որոշումներ և կարգադրություններ.

4) սահմանում է հերթական նիստերի անցկացման ժամանակացույցը.

5) վարում է Հանձնաժողովի նիստերը.

6) հրավիրում է Հանձնաժողովի արտահերթ նիստ.

7) անցկացնում է խորհրդակցություններ.

8) ստորագրում է Հանձնաժողովի որոշումները, նիստերի արձանագրությունները, Հանձնաժողովի ելից փաստաթղթերը.

9) վերահսկում է Հանձնաժողովի ընդունած որոշումների կատարման ընթացքը.

10) տեղեկացնում է Հանձնաժողովի անդամների թեկնածուներ առաջադրելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց Հանձնաժողովի անդամի լիազորությունների ավարտի ժամկետի մասին.

11) հաստատում է ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացների անցկացման ժամանակացույցը.

12) ընդունում է պատվիրակություններ և հյուրեր, կազմում պատվիրակություններ.

13) հաստատում է Հանձնաժողովի կառուցվածքը, սահմանում պաշտոնային դրույքաչափեր.

14) նշանակում և ազատում է աշխատողներին, Հանձնաժողովի նախագահի օգնականին և Հանձնաժողովի մամուլի քարտուղարին.

15) իրականացնում է ընթացիկ գործունեության վերահսկողությունը.

16) իրականացնում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնակարգով նախատեսված այլ լիազորություններ:

20. Հանձնաժողովի նախագահի տեղակալը`

1) փոխարինում է Հանձնաժողովի նախագահին նրա հանձնարարությամբ կամ բացակայության ընթացքում.

2) Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ իրականացնում է Հանձնաժողովի նախագահին վերապահված որոշակի լիազորություններ.

3) կազմակերպում է Հանձնաժողովում ստացված դիմումների, բողոքների հետ տարվող աշխատանքը:

21. Հանձնաժողովի նախագահի տեղակալի բացակայության ընթացքում նրա լիազորությունները Հանձնաժողովի նախագահի կողմից կարող են դրվել Հանձնաժողովի քարտուղարի վրա:

22. Հանձնաժողովի քարտուղարը`

1) նախապատրաստում է Հանձնաժողովի նիստերը.

2) կազմում և ստորագրում է Հանձնաժողովի նիստի օրակարգը.

3) տեղեկացնում է Հանձնաժողովի անդամներին նիստի օրակարգի հարցերի մասին.

4) ապահովում է Հանձնաժողովի նիստերի հրապարակայնությունը.

5) Հանձնաժողովի նիստերի օրակարգի մասին տալիս է պարզաբանումներ.

6) ստորագրում է Հանձնաժողովի նիստերի արձանագրությունները.

7) կազմակերպում է Հանձնաժողովի որոշումների առաքումն ըստ պատկանելիության.

8) կազմակերպում է ընտրական փաստաթղթերի ստացման, պահպանման և Օրենսգրքով սահմանված դեպքերում` արխիվացման աշխատանքները:

23. Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ իրականացնում է Հանձնաժողովի նախագահին վերապահված որոշակի լիազորություններ:

24. Հանձնաժողովի քարտուղարի բացակայության ընթացքում Հանձնաժողովի նախագահի կողմից նրա լիազորությունները կարող են դրվել Հանձնաժողովի նախագահի տեղակալի վրա:

25. Հանձնաժողովի անդամն իրավունք ունի`

1) նախապես ծանոթանալու Հանձնաժողովի քննարկմանը ներկայացվող հարցերին և փաստաթղթերին.

2) ելույթ ունենալու Հանձնաժողովի նիստում.

3) ներկայացնելու առաջարկություններ և պահանջելու, որ այդ հարցով անցկացվի քվեարկություն.

4) նիստի մասնակիցներին տալու հարցեր, ստանալու պատասխաններ.

5) Հանձնաժողովի նախագահի համաձայնությամբ` խորհրդակցական ձայնի իրավունքով, մասնակցել տարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների նիստերին, իսկ քվեարկության օրը` ներկա գտնվել քվեարկության սենյակում.

6) ծանոթանալու ստացված դիմումներին, բողոքներին, գրություններին և մյուս փաստաթղթերին.

7) հայտնել ընտրությունների նախապատրաստման, կազմակերպման և անցկացման վերաբերյալ իր կարծիքը.

8) Աշխատակազմից ստանալ մասնագիտական, խորհրդատվական, տեխնիկական և այլ բնույթի օժանդակություն:

26. Հանձնաժողովի անդամը պարտավոր է`

1) կատարել Հանձնաժողովի նախագահի` իր իրավասության սահմաններում տրված հանձնարարությունները.

2) մասնակցել Հանձնաժողովի աշխատանքներին և կատարել իր լիազորությունները.

3) մասնակցել Հանձնաժողովի նիստերին և քվեարկությանը.

4) ուսումնասիրել իրեն հասցեագրված դիմումը և դիմումի վերաբերյալ ներկայացնել որոշման նախագիծ.

5) իր կողմից նիստի օրակարգում լրացուցիչ հարց ներկայացնելու դեպքում` մինչև օրակարգի հաստատումը, որոշման նախագիծը տրամադրել Հանձնաժողովի նախագահին և անդամներին.

6) Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ` խորհրդակցական ձայնի իրավունքով, մասնակցել տարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների նիստերին, իսկ քվեարկության օրը` ներկա գտնվել քվեարկության սենյակում:

 

Գ Լ ՈՒ Խ 4

Հանձնաժողովի նիստերի հրավիրման և անցկացման կարգը

 

27. Հանձնաժողովի հերթական նիստերն անցկացվում են Հանձնաժողովի նախագահի սահմանած ժամանակացույցով` օրակարգում հարցեր ներառված լինելու դեպքում:

28. Արտահերթ նիստ հրավիրվում է`

1) Հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ.

2) Հանձնաժողովի անդամների առնվազն մեկ երրորդի գրավոր պահանջով` նրանց նշած ժամկետում:

29. Նիստին Հանձնաժողովի անդամների մասնակցությունը նշվում է նիստերի գրանցամատյանում, որտեղ յուրաքանչյուրը ստորագրում է իր ազգանվան դիմաց:

30. Նիստերն անցկացվում են Հանձնաժողովի վարչական շենքում, իսկ անհաղթահարելի խոչընդոտների դեպքում, երբ անհնար է նիստը հետաձգել, Հանձնաժողովի անդամների կեսից ավելիի համաձայնությամբ` այլ վայրում:

31. Նիստի օրակարգը կազմում է Հանձնաժողովի քարտուղարը` Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ և համաձայնությամբ:

32. Նիստի օրակարգում լրացուցիչ հարցեր ընդգրկվում են Հանձնաժողովի նախագահի կողմից կամ Հանձնաժողովի անդամների առնվազն մեկ երրորդի պահանջով:

33. Նիստի օրակարգում, Հանձնաժողովի անդամներից բացի, հարցեր կարող է ներկայացնել Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավարը` ծառայությանը վերապահված իրավասության շրջանակներում:

34. Նիստին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանցից բացի կարող են հրավիրվել`

1) Աշխատակազմի աշխատակիցները.

2) այլ անձինք:

35. Հանձնաժողովի անդամները, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները, դիտորդները, վստահված անձինք վերնազգեստի վրա պարտադիր կարգով տեսանելի ձևով պետք է կրեն նիստում ներկա գտնվելու իրավունքը հավաստող վկայական:

Նիստին ներկա գտնվող անձինք նիստի ընթացքում պարտավոր են պահպանել պատշաճ կարգ ու կանոն:

36. Նիստում ներկա գտնվելու իրավունք ունեցող անձինք կարող են մասնակցել համապատասխան հարցի քննարկմանը միայն նիստը վարողի թույլտվությամբ:

37. Նիստի օրակարգում ընդգրկված հարցերի որոշման նախագծերը Հանձնաժողովի անդամները ստանում են նիստը սկսվելուց առնվազն 2 ժամ առաջ:

38. Նիստին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց տրվում է նիստի օրակարգը:

 

Գ Լ ՈՒ Խ 5

Հանձնաժողովի նիստում քննարկումների կազմակերպման

 և որոշումների ընդունման կարգը

 

39. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է Հանձնաժողովի անդամների կեսից ավելին: Նիստը վարում է Հանձնաժողովի նախագահը, իսկ նրա հանձնարարության կամ բացակայության դեպքում` Հանձնաժողովի նախագահի տեղակալը:

40. Նիստը սկսվում է օրակարգի հաստատումով: Մինչև օրակարգի հաստատումն այլ հարցեր չեն քննարկվում: Օրակարգում լրացուցիչ հարցեր ընդգրկելու, ինչպես նաև օրակարգի հարցերի վերաբերյալ առարկություն կամ առաջարկություն լինելու դեպքում անցկացվում է քվեարկություն:

41. Նիստը վարողը, ընթերցում է օրակարգի հարցերը, անհրաժեշտության դեպքում տալիս պարզաբանումներ, աշխատանքի արդյունավետությունից ելնելով` փոխում օրակարգի հարցերի քննարկման հերթականությունը:

42. Նիստում հարցերը քննարկվում են հետևյալ հաջորդականությամբ`

1) որոշման նախագիծը ներկայացնողի զեկուցում.

2) հարցեր զեկուցողին.

3) առաջարկություններ.

4) ելույթներ` մինչև 5 րոպե, իսկ նիստը վարողը` մինչև 7 րոպե.

5) քվեարկություն:

43. Նիստը վարողը`

1) ելույթների համար, ըստ հերթականության, ձայն է տալիս Հանձնաժողովի անդամներին.

2) ուղղում է ելույթներում տեղ գտած փաստական սխալները.

3) ձայն է տալիս հրավիրված անձանց.

4) նախազգուշացնում է նիստին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց Հանձնաժողովի բնականոն աշխատանքը կամ նիստի բնականոն ընթացքը խոչընդոտելու կամ սույն կանոնակարգը խախտելու, ինչպես նաև Հանձնաժողովի կամ նիստում ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքերում.

5) հեռացնում է վստահված անձին, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցչին, դիտորդին նիստերի դահլիճից Օրենսգրքի պահանջներն այն եղանակով խախտելու դեպքում, որն էապես խաթարում է Հանձնաժողովի բնականոն աշխատանքը:

44. Նախազգուշացումը և նիստերի դահլիճից հեռացնելը կիրառվում են նիստում կայացվող արձանագրային որոշմամբ:

Դիտորդին, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչին, վստահված անձին Հանձնաժողովի նիստից հեռացնելու արձանագրային որոշումն ընդունվում է Հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ով:

45. Նիստում յուրաքանչյուր հարցի վերաբերյալ քվեարկությունը կատարվում է հարցի քննարկման ավարտից հետո:

46. Նիստ վարողն ամփոփում է քննարկումը և քվեարկությունից առաջ ներկայացնում որոշման նախագծի վերաբերյալ արված դիտողություններն ու առաջարկությունները:

Դրանք զեկուցողի կողմից ընդունվելու դեպքում հարցը քվեարկության է դրվում` հաշվի առնելով արված դիտողություններն ու առաջարկությունները:

47. Առաջարկությունները զեկուցողի կողմից չընդունվելու և առաջարկության հեղինակի կողմից ներկայացված տարբերակը պնդելու դեպքում առաջարկություններն առանձին-առանձին դրվում են քվեարկության: Քվեարկության արդյունքում ընդունված առաջարկություններն ընդգրկվում են որոշման նախագծում, և նախագիծը քվեարկության է դրվում ընդունված առաջարկություններով:

48. Յուրաքանչյուր քվեարկությունից առաջ նիստ վարողը կրկնում է քվեարկության դրվող հարցը` ճշգրիտ ձևակերպմամբ, հաշվում և բարձրաձայն հայտարարում կողմ կամ դեմ քվեարկած Հանձնաժողովի անդամների թիվը:

49. Քվեարկությունը կարող է կրկնվել, եթե ինչ որ կերպ խանգարվել է Հանձնաժողովի որևէ անդամի քվեարկությունը:

50. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են Հանձնաժողովի իրավազոր նիստում` բաց քվեարկությամբ: Հանձնաժողովի անդամը քվեարկում է անձամբ` կողմ կամ դեմ:

Հանձնաժողովի անդամների 2/3-ի համաձայնությամբ Հանձնաժողովը կարող է ընդունել հարցումով որոշումներ, որոնք ստորագրում են կողմ քվեարկած Հանձնաժողովի անդամները:

51. Որոշումն ընդունվում է, եթե կողմ է քվեարկել նիստին ներկա Հանձնաժողովի անդամների թվի կեսից ավելին, բացառությամբ Օրենսգրքով սահմանված դեպքերի:

52. Քվեարկության արդյունքների հիման վրա նիստը վարողը հայտարարում է որոշումն ընդունվելու կամ չընդունվելու մասին:

53. Նիստը համառոտ արձանագրվում է:

 

 

     

Հավելված N 2

Արցախի Հանրապետության

 կենտրոնական ընտրական հանձնաժողովի

 2020 թվականի հունվարի 16-ի N 28-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

ԳԼՈՒԽ 1

Ընդհանուր դրույթներ

 

1. Տարածքային ընտրական հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով) մշտական հիմունքներով գործող պետական մարմին է:

2. Հանձնաժողովը գործում է օրինականության, կոլեգիալության և հրապարակայնության սկզբունքների հիման վրա:

3. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ, Արցախի Հանրապետության ընտրական օրենսգրքով (այսուհետ` Օրենսգիրք), այլ օրենքներով, իրավական այլ ակտերով և սույն կանոնակարգով:

4. Հանձնաժողովն իր լիազորությունների շրջանակներում ընդունում է անհատական իրավական ակտեր:

5. Հանձնաժողովն ունի Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի (այսուհետ` Կենտրոնական ընտրական հանձնաժողով) կողմից հաստատված նմուշին համապատասխան կնիք, կարող է ունենալ ձևաթուղթ, իր գործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ անհատականացման այլ միջոցներ:

 

Գ Լ ՈՒ Խ 2

Հանձնաժողովի կազմավորումը և աշխատանքների կազմակերպումը

 

6. Հանձնաժողովի անդամները նշանակվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների կողմից` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մեկ անդամ` Հանձնաժողովի մեկ անդամ սկզբունքով:

7. Հանձնաժողովը կազմավորվում և իր լիազորություններն ստանձնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից իր լիազորություններն ստանձնելու պահից 15 օր հետո:

8. Հանձնաժողովը համարվում է կազմավորված, եթե նշանակվել է նրա անդամների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդը: Եթե մինչև Հանձնաժողովի կազմավորման համար սահմանված ժամկետում Հանձնաժողովի կազմավորման համար անհրաժեշտ անդամների նվազագույն թիվը չի նշանակվել, ապա այն մինչև սահմանված նվազագույն թիվը լրանալը նշանակում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը:

9. Հանձնաժողով կազմավորող մարմինների առաջարկությունների հիման վրա Հանձնաժողովի կազմը` առաջարկությունը ներկայացնելուց հետո` տասնօրյա ժամկետում, հրապարակում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը:

10. Հանձնաժողովի աշխատանքները ղեկավարում է Հանձնաժողովի նախագահը կամ նրա հանձնարարությամբ` Հանձնաժողովի նախագահի տեղակալը:

11. Հանձնաժողովի նախագահին, նախագահի տեղակալին և Հանձնաժողովի քարտուղարին ընտրում է Հանձնաժողովը՝ իր կազմից` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի և հանձնաժողովի քարտուղարի ընտրության համար սահմանված կարգով, Հանձնաժողովի առաջին նիստում:

12. Հանձնաժողովի առաջին նիստը կայանում է Հանձնաժողովի կազմավորումից հետո` երկօրյա ժամկետում, Հանձնաժողովի վարչական շենքում: Նիստը հրավիրում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը, իսկ վարում է Հանձնաժողովի տարիքով ավագ անդամը:

13. Սահմանված կարգով և ժամկետում Հանձնաժողովի նախագահ չընտրվելու դեպքում Հանձնաժողովի նախագահին նշանակում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը` տվյալ Հանձնաժողովի անդամներից, եռօրյա ժամկետում:

14. Հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարման կամ դադարեցման դեպքում թափուր տեղը համալրում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ Հանձնաժողովի կազմավորման` սահմանված կարգով` 21-օրյա ժամկետում:

15. Հանձնաժողովի աշխատանքային օրերն ու ժամերը սահմանվում են Արցախի Հանրապետության օրենսդրությամբ, բացառությամբ ընտրությունների նախապատրաստման, կազմակերպման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցով նախատեսված առանձին գործառույթների համար սահմանված ժամկետների:

 

Գ Լ ՈՒ Խ 3

Հանձնաժողովի նախագահի, Հանձնաժողովի նախագահի տեղակալի,

 Հանձնաժողովի քարտուղարի և Հանձնաժողովի անդամի

իրավունքներն ու պարտականությունները

 

 

16. Հանձնաժողովի նախագահը`

1) ներկայացնում է Հանձնաժողովը և ապահովում նրա բնականոն գործունեությունը.

2) կազմակերպում և ղեկավարում է Հանձնաժողովի աշխատանքները.

3) Օրենսգրքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում ընդունում է անհատական որոշումներ.

4) սահմանում է հերթական նիստերի անցկացման ժամանակացույցը.

5) վարում է Հանձնաժողովի նիստերը.

6) հրավիրում է Հանձնաժողովի արտահերթ նիստ.

7) պահանջում է հրավիրել տեղամասային ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստ.

8) անցկացնում է խորհրդակցություններ.

9) ստորագրում է Հանձնաժողովի որոշումները, նիստերի արձանագրությունները, Հանձնաժողովի ելից փաստաթղթերը.

10) վերահսկում է Հանձնաժողովի ընդունած որոշումների կատարման ընթացքը.

11) արձանագրում է տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարման կամ դադարեցման փաստը.

12) իրականացնում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնակարգով նախատեսված այլ լիազորություններ:

17. Հանձնաժողովի նախագահի տեղակալը`

1) փոխարինում է Հանձնաժողովի նախագահին նրա հանձնարարությամբ կամ բացակայության ընթացքում.

2) Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ իրականացնում է Հանձնաժողովի նախագահին վերապահված որոշակի լիազորություններ.

3) ապահովում է Հանձնաժողովում ստացված դիմումների, բողոքների հետ տարվող աշխատանքը.

4) տեղեկություն է հաղորդում Կենտրոնական ընտրական հանձնաժողովին տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին Հանձնաժողովի որոշման մասին:

18. Հանձնաժողովի նախագահի տեղակալի բացակայության ընթացքում նրա լիազորությունները Հանձնաժողովի նախագահի կողմից կարող են դրվել Հանձնաժողովի քարտուղարի կամ Հանձնաժողովի անդամի վրա:

19. Հանձնաժողովի քարտուղարը`

1) նախապատրաստում է Հանձնաժողովի նիստերը.

2) կազմում և ստորագրում է Հանձնաժողովի նիստի օրակարգը.

3) տեղեկացնում է Հանձնաժողովի անդամներին նիստի օրակարգի հարցերի մասին.

4) ապահովում է Հանձնաժողովի նիստերի հրապարակայնությունը.

5) Հանձնաժողովի նիստերի օրակարգի մասին տալիս է պարզաբանումներ.

6) ստորագրում է Հանձնաժողովի նիստերի արձանագրությունները.

7) կազմակերպում է Հանձնաժողովի որոշումների առաքումն ըստ պատկանելիության.

8) կազմակերպում է ընտրական փաստաթղթերի ստացման, պահպանման և Օրենսգրքով սահմանված դեպքերում` արխիվացման աշխատանքները:

20. Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ Հանձնաժողովի քարտուղարը իրականացնում է Հանձնաժողովի նախագահին վերապահված որոշակի լիազորություններ:

21. Հանձնաժողովի քարտուղարի բացակայության ընթացքում Հանձնաժողովի նախագահի կողմից նրա լիազորությունները կարող են դրվել Հանձնաժողովի նախագահի տեղակալի կամ Հանձնաժողովի անդամի վրա:

22. Հանձնաժողովի անդամն իրավունք ունի`

1) նախապես ծանոթանալու Հանձնաժողովի քննարկմանը ներկայացվող հարցերին և փաստաթղթերին.

2) ելույթ ունենալու Հանձնաժողովի նիստում.

3) ներկայացնելու առաջարկություններ և պահանջելու, որ այդ հարցով անցկացվի քվեարկություն.

4) նիստի մասնակիցներին տալու հարցեր, ստանալու պատասխաններ.

5) Հանձնաժողովի նախագահի համաձայնությամբ կամ հանձնարարությամբ, խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցելու տեղամասային ընտրական հանձնաժողովների նիստերին, իսկ քվեարկության օրը` ներկա գտնվել քվեարկության սենյակում.

6) ծանոթանալու ստացված դիմումներին, բողոքներին, գրություններին և մյուս փաստաթղթերին.

7) հայտնել ընտրությունների նախապատրաստման, կազմակերպման և անցկացման վերաբերյալ իր կարծիքը.

8) Կենտրոնական ընտրական հանձնաժողովից ստանալ մասնագիտական, խորհրդատվական, տեխնիկական և այլ բնույթի օժանդակություն:

23. Հանձնաժողովի անդամը պարտավոր է`

1) կատարել Հանձնաժողովի նախագահի` իր իրավասության սահմաններում տված հանձնարարությունները.

2) մասնակցել Հանձնաժողովի աշխատանքներին և կատարել իր լիազորությունները.

3) մասնակցել Հանձնաժողովի նիստերին և քվեարկությանը.

4) ուսումնասիրել իրեն հասցեագրված դիմումը և դիմումի վերաբերյալ ներկայացնել որոշման նախագիծ.

5) իր կողմից կազմված որոշման նախագիծը ներկայացնել Հանձնաժողովի նախագահին և անդամներին` Հանձնաժողովի նիստից առնվազն 2 ժամ առաջ: Որոշման նախագծի նախապատրաստման ընթացքում ձեռք բերված լրացուցիչ նյութերը կարող են ներկայացվել նաև Հանձնաժողովի նիստում.

6) իր կողմից նիստի օրակարգում լրացուցիչ հարց ներկայացնելու դեպքում` մինչև օրակարգի հաստատումը, որոշման նախագիծը տրամադրել Հանձնաժողովի նախագահին և անդամներին.

7) Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ` խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցելու տեղամասային ընտրական հանձնաժողովների նիստերին, իսկ քվեարկության օրը` ներկա գտնվել քվեարկության սենյակում:

 

Գ Լ ՈՒ Խ 4

Հանձնաժողովի նիստերի հրավիրման և անցկացման կարգը

 

24. Հանձնաժողովի հերթական նիստերն անցկացվում են Հանձնաժողովի նախագահի սահմանած ժամանակացույցով` օրակարգում հարցեր ներառված լինելու դեպքում:

25. Արտահերթ նիստ հրավիրվում է`

1) Հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ.

2) Հանձնաժողովի անդամների առնվազն մեկ երրորդի գրավոր պահանջով` նրանց նշած ժամկետում:

26. Նիստին Հանձնաժողովի անդամների մասնակցությունը նշվում է նիստերի արձանագրությունների և որոշումների գրանցամատյանում, որտեղ յուրաքանչյուրը ստորագրում է իր ազգանվան դիմաց:

27. Նիստերն անցկացվում են Հանձնաժողովի նստավայրում, իսկ անհաղթահարելի խոչընդոտների դեպքում, երբ անհնար է նիստը հետաձգել, Հանձնաժողովի անդամների կեսից ավելիի համաձայնությամբ` այլ վայրում:

28. Նիստերի օրակարգը կազմում է Հանձնաժողովի քարտուղարը` Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ և համաձայնությամբ:

29. Նիստի օրակարգում լրացուցիչ հարցեր ընդգրկվում են Հանձնաժողովի նախագահի կողմից կամ Հանձնաժողովի անդամների առնվազն մեկ երրորդի պահանջով:

30. Նիստերին կարող են ներկա գտնվել`

1) զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները.

2) միջազգային և տեղական դիտորդները.

3) Հանձնաժողովի կողմից հրավիրված անձինք.

4) համապետական ընտրություններին մասնակցող Հանրապետության նախագահի թեկնածուի, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) լիազոր ներկայացուցիչները, համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուն կամ նրանց լիազոր ներկայացուցիչը գրանցման հարցը քննարկելիս, իսկ գրանցումից հետո` յուրաքանչյուր թեկնածուի, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) մեկական վստահված անձ` խորհրդակցական ձայնի իրավունքով.

5) դիմումատուն (բողոք ներկայացնողը)` իր դիմումի (բողոքի) քննարկման ժամանակ:

31. Հանձնաժողովի անդամները, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները, դիտորդները, վստահված անձինք վերնազգեստի վրա պարտադիր կարգով տեսանելի ձևով պետք է կրեն նիստում ներկա գտնվելու իրավունքը հավաստող վկայական:

32. Նիստում ներկա գտնվելու իրավունք ունեցող անձինք կարող են մասնակցել համապատասխան հարցի քննարկմանը միայն նիստը վարողի թույլտվությամբ:

 

Գ Լ ՈՒ Խ 5

Հանձնաժողովի նիստում քննարկումների կազմակերպման

 և որոշումների ընդունման կարգը

 

33. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է Հանձնաժողովի անդամների կեսից ավելին: Նիստը վարում է Հանձնաժողովի նախագահը, իսկ նրա հանձնարարության կամ բացակայության դեպքում` Հանձնաժողովի նախագահի տեղակալը:

34. Նիստը սկսվում է օրակարգի հաստատումով: Մինչև օրակարգի հաստատումն այլ հարցեր չեն քննարկվում: Օրակարգում լրացուցիչ հարցեր ընդգրկելու, ինչպես նաև օրակարգի հարցերի վերաբերյալ առարկություն կամ առաջարկություն լինելու դեպքում անցկացվում է քվեարկություն:

35. Նիստը վարողն ընթերցում է օրակարգի հարցերը, անհրաժեշտության դեպքում տալիս պարզաբանումներ, աշխատանքի արդյունավետությունից ելնելով փոխում օրակարգի հարցերի քննարկման հերթականությունը:

36. Նիստում հարցերը քննարկվում են հետևյալ հաջորդականությամբ`

1) որոշման նախագիծը ներկայացնողի զեկուցում.

2) հարցեր զեկուցողին.

3) առաջարկություններ.

4) ելույթներ` մինչև 5 րոպե, իսկ նիստ վարողը` մինչև 7 րոպե.

5) քվեարկություն:

37. Նիստը վարողը`

1) ելույթների համար, ըստ հերթականության, ձայն է տալիս Հանձնաժողովի անդամներին.

2) ուղղում է ելույթներում տեղ գտած փաստական սխալները.

3) ձայն է տալիս հրավիրված անձանց,

4) նախազգուշացնում է նիստին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց Հանձնաժողովի բնականոն աշխատանքը կամ նիստի բնականոն ընթացքը խոչընդոտելու կամ սույն կանոնակարգը խախտելու, ինչպես նաև Հանձնաժողովի կամ նիստին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքերում.

5) հեռացնում է վստահված անձին, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցչին, դիտորդին նիստերի դահլիճից Օրենսգրքի պահանջներն այն եղանակով խախտելու դեպքում, որն էապես խաթարում է Հանձնաժողովի բնականոն աշխատանքը:

38. Նախազգուշացումը և նիստերի դահլիճից հեռացնելը կիրառվում են նիստում կայացվող արձանագրային որոշմամբ:

Դիտորդին, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչին, վստահված անձին Հանձնաժողովի նիստից հեռացնելու արձանագրային որոշումն ընդունվում է Հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ով:

39. Նիստի ընթացքում արված նոր առաջարկությունները գրանցում է Հանձնաժողովի քարտուղարը:

40. Նիստում յուրաքանչյուր հարցի վերաբերյալ քվեարկությունը կատարվում է հարցի քննարկման ավարտից հետո:

41. Նիստը վարողն ամփոփում է քննարկումը և քվեարկությունից առաջ ներկայացնում որոշման նախագծի վերաբերյալ արված դիտողություններն ու առաջարկությունները:

Դրանք զեկուցողի կողմից ընդունվելու դեպքում հարցը քվեարկության է դրվում` հաշվի առնելով արված դիտողություններն ու առաջարկությունները:

42. Առաջարկությունները զեկուցողի կողմից չընդունվելու և առաջարկության հեղինակի կողմից ներկայացված տարբերակը պնդելու դեպքում առաջարկություններն առանձին-առանձին դրվում են քվեարկության: Քվեարկության արդյունքում ընդունված առաջարկություններն ընդգրկվում են որոշման նախագծում, և նախագիծը քվեարկության է դրվում ընդունված առաջարկություններով:

43. Յուրաքանչյուր քվեարկությունից առաջ նիստ վարողը կրկնում է քվեարկության դրվող հարցը` ճշգրիտ ձևակերպմամբ, հաշվում և բարձրաձայն հայտարարում կողմ կամ դեմ քվեարկած Հանձնաժողովի անդամների թիվը:

44. Քվեարկությունը կարող է կրկնվել, եթե ինչ որ կերպ խանգարվել է Հանձնաժողովի որևէ անդամի քվեարկությունը:

45. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են Հանձնաժողովի իրավազոր նիստում` բաց քվեարկությամբ: Հանձնաժողովի անդամը քվեարկում է անձամբ` կողմ կամ դեմ:

46. Որոշումն ընդունվում է, եթե կողմ է քվեարկել նիստին ներկա հանձնաժողովի անդամների թվի կեսից ավելին, բացառությամբ Օրենսգրքով սահմանված դեպքերի:

47. Քվեարկության արդյունքների հիման վրա նիստ վարողը հայտարարում է որոշումն ընդունվելու կամ չընդունվելու մասին:

48. Նիստը համառոտ արձանագրվում է:

 

 

     

Հավելված N 3

Արցախի Հանրապետության

կենտրոնական ընտրական հանձնաժողովի

2020 թվականի հունվարի 16-ի N 28-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ

ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Գ Լ ՈՒ Խ 1

Ընդհանուր դրույթներ

 

1. Տեղամասային ընտրական հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով) Արցախի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով ընտրական տեղամասում կազմակերպում է քվեարկությունը, ամփոփում քվեարկության արդյունքները:

2. Հանձնաժողովը գործում է օրինականության, կոլեգիալության և հրապարակայնության սկզբունքների հիման վրա:

3. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ, Արցախի Հանրապետության ընտրական օրենսգրքով (այսուհետ` Օրենսգիրք), Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումներով և սույն կանոնակարգով:

4. Հանձնաժողովն իր լիազորությունների շրջանակներում ընդունում է անհատական իրավական ակտեր:

5. Հանձնաժողովի նիստերը գումարվում են տեղամասային կենտրոնում:

 

Գ Լ ՈՒ Խ 2

Հանձնաժողովի կազմավորումը և աշխատանքների կազմակերպումը

 

6. Հանձնաժողովի անդամներին նշանակում են համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողովի անդամները` տարածքային ընտրական հանձնաժողովի մեկ անդամ` Հանձնաժողովի մեկ անդամ սկզբունքով:

7. Հանձնաժողով կազմավորելու համար տարածքային ընտրական հանձնաժողովի անդամները հայտերն իրենց հանձնաժողովի նախագահին են ներկայացնում քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 30 և ոչ ուշ, քան 25 օր առաջ՝ մինչև ժամը 18.00-ն, իսկ արտահերթ ընտրությունների դեպքում՝ քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 20, և ոչ ուշ, քան 18 օր առաջ՝ մինչև ժամը 18.00-ն:

8. Հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարման կամ դադարեցման դեպքում թափուր տեղը համալրվում է Հանձնաժողովի կազմավորման սահմանված կարգով` յոթնօրյա ժամկետում, բայց քվեարկության օրվանից ոչ ուշ, քան երեք օր առաջ:

9. Հանձնաժողովը նշված կարգով չկազմավորվելու դեպքում Հանձնաժողովի թափուր տեղերը եռօրյա ժամկետում համալրում է տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը:

Քվեարկության օրը` ժամը 8.00-ին, Հանձնաժողովի անդամների թիվը երկու երրորդից պակաս լինելու դեպքում Հանձնաժողովի նախագահն այդ մասին կապի ցանկացած առկա միջոցի կիրառմամբ ծանուցում է տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահին:

Տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը մասնագիտական դասընթացներ անցած և որակավորման վկայականներ ստացած անձանց թվից նշանակում է Հանձնաժողովի անդամ` հաշվի առնելով վարչատարածքային պատկանելությունը:

10. Հանձնաժողովի առաջին նիստը կայանում է Հանձնաժողովի կազմավորումից հետո` երկօրյա ժամկետում, տեղամասային կենտրոնում: Նիստը հրավիրում է տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը, իսկ վարում է Հանձնաժողովի տարիքով ավագ անդամը:

11. Հանձնաժողովն առաջին նիստում իր կազմից ընտրում է Հանձնաժողովի նախագահ, նախագահի տեղակալ և Հանձնաժողովի քարտուղար:

12. Հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի և Հանձնաժողովի քարտուղարի ընտրություններն անցկացվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի և հանձնաժողովի քարտուղարի ընտրության համար սահմանված կարգով` երկօրյա ժամկետում:

13. Եթե Հանձնաժողովը նախատեսված ժամկետում Հանձնաժողովի նախագահ չի ընտրում, ապա համապատասխան Հանձնաժողովի նախագահին նշանակում է տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը` սույն հավելվածի 11-րդ կետով սահմանված ժամկետից ոչ ուշ, քան երկու օր հետո` համապատասխան Հանձնաժողովի կազմից:

14. Հանձնաժողովի անդամներին դրամական փոխհատուցում տրվում է ընտրությունների արդյունքներն ամփոփելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում:

15. Վերաքվեարկություն անցկացվելու դեպքում Հանձնաժողովի նախագահին, նախագահի տեղակալին, Հանձնաժողովի քարտուղարին կամ Հանձնաժողովի անդամին լրացուցիչ դրամական փոխհատուցում չի տրվում:

Հանձնաժողովի նախագահին, նախագահի տեղակալին, Հանձնաժողովի քարտուղարին կամ Հանձնաժողովի անդամին դրամական փոխհատուցում չի տրվում, եթե նրա լիազորությունները վաղաժամկետ դադարել են:

16. Հանձնաժողովի լիազորությունները դադարում են քվեարկության օրվանից հինգ օր հետո, եթե ընտրության արդյունքները չեն բողոքարկվել: Ընտրության արդյունքները բողոքարկվելու և վերաքվեարկություն անցկացվելու դեպքում Հանձնաժողովի լիազորությունները դադարում են վերաքվեարկության օրվանից հինգ օր հետո:

17. Առանձին ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին նոր որոշում ընդունվելու կամ այդ ընտրական տեղամասերում վերաքվեարկություն նշանակվելու դեպքում այդ Հանձնաժողովի անդամների լիազորությունները համարվում են վաղաժամկետ դադարած, և նրանք չեն կարող ընդգրկվել վերաքվեարկություն անցկացնող Հանձնաժողովի կազմում: Այս դեպքում Հանձնաժողովը կազմավորվում է առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն նշանակելու մասին նոր որոշում ընդունելուց հետո` եռօրյա ժամկետում, Հանձնաժողովի կազմավորման՝ սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ 3

Հանձնաժողովի նախագահի, Հանձնաժողովի քարտուղարի և

Հանձնաժողովի անդամի իրավունքներն ու պարտականությունները

 

18. Հանձնաժողովի նախագահը`

1) ղեկավարում է Հանձնաժողովի աշխատանքները.

2) վարում է Հանձնաժողովի նիստերը.

3) հրավիրում է Հանձնաժողովի արտահերթ նիստ` տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի պահանջով.

4) ստորագրում է նիստերի արձանագրությունները, Հանձնաժողովի ելից փաստաթղթերը.

5) ապահովում է Օրենսգրքով և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումներով նախատեսված պահանջների կատարումը, անհրաժեշտ կարգ ու կանոն հաստատում տեղամասային կենտրոնում.

6) լիազոր մարմնից ստանում է տեղամասային կենտրոնում փակցվող և Հանձնաժողովի կողմից գործածվող ընտրողների ցուցակները (առկայության դեպքում` լրացուցիչ ցուցակը), ընտրական տեղամասում ընդգրկված բնակելի շենքերի (տների) հասցեները և քվեարկության օրն ընտրական տեղամասում ընտրողների լրացուցիչ ցուցակներ կազմելու համար անհրաժեշտ ձևաթղթերը.

7) փակցնում է ընտրողների ցուցակի, այդ թվում` լրացուցիչ ցուցակների օրինակը, տեղամասային կենտրոնում` բոլորի համար տեսանելի տեղում.

8) ստանում է քվեարկության կազմակերպման և անցկացման համար անհրաժեշտ ընտրական փաստաթղթերը, քվեաթերթիկները, Հանձնաժողովների կնիքները, գրենական պիտույքները և այլ պարագաները և ապահովում սահմանված կարգով դրանց պահպանումը.

9) հայտարարում է քվեարկության սկիզբը և ավարտը.

10) կազմակերպում և վերահսկում է քվեարկության անցկացումը, անհրաժեշտության դեպքում օժանդակում գործառույթ իրականացնող անդամներին, փոխարինում նրանց ժամանակավոր բացակայության դեպքում.

11) Օրենսգրքով սահմանված պարբերականությամբ տարածքային ընտրական հանձնաժողով հաղորդում է ընտրական տեղամասում քվեարկությանը մասնակցած ընտրողների թիվը.

12) քվեարկության ընթացքում` քվեարկության սենյակում ներկա գտնվելու իրավունք չունեցող անձանց, ինչպես նաև վերնազգեստի վրա առանց համապատասխան վկայականի անձանց արգելում է մուտք գործել կամ ներկա գտնվել Հանձնաժողովում և քվեարկության սենյակում.

13) սահմանափակում է քվեարկության սենյակում միաժամանակ գտնվող ընտրողների թիվը, եթե ընտրողների թիվն այնքան է, որ ակնհայտորեն խաթարվում է քվեարկության բնականոն ընթացքը, բայց ոչ պակաս, քան 15 ընտրող` ընտրողներին քվեարկության սենյակ թողնելով հերթով` մեկ-մեկ.

14) թույլտվություն է տալիս Արցախի Հանրապետության ոստիկանության ծառայողներին տեղամասային կենտրոն զենքով մուտք գործելու` քվեարկության բնականոն ընթացքի վտանգման դեպքում.

15) ստորագրում և կնքում է Հանձնաժողովի կազմած ընտրողների լրացուցիչ ցուցակի յուրաքանչյուր էջ, նշում լրացուցիչ ցուցակում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը.

16) հրապարակում է ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերաբերյալ կազմված արձանագրությունը, արձանագրության մեկ օրինակը փակցնում տեղամասային կենտրոնում.

17) տեղամասում քվեարկության արդյունքների ամփոփման նիստին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց պահանջով նրանց տալիս է ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների արձանագրությունից քաղվածք` Օրենսգրքով սահմանված կարգով.

18) ստորագրում է փաթեթավորված ընտրական փաստաթղթերի փաթեթների (այդ թվում` ընտրողների ցուցակների փաթեթի` փոքր պարկի), ընտրական փաստաթղթերի ընդհանուր փաթեթի (մեկանգամյա օգտագործման պարկի) վրա, սահմանված կարգով փակում է ընտրական փաստաթղթերի ընդհանուր փաթեթը (մեկանգամյա օգտագործման պարկը) և փոքր պարկը.

19) ընտրական փաստաթղթերի ընդհանուր փաթեթը (մեկանգամյա օգտագործման պարկը), ընտրողների ցուցակները պարունակող փոքր պարկը, քվեարկության արդյունքների արձանագրության 2 օրինակը, գրանցամատյանը, հանձնաժողովի կնիքը, քվեատուփը, քվեախցիկները ներկայացնում է տարածքային ընտրական հանձնաժողով.

20) իրականացնում է Օրենսգրքով և սույն կանոնակարգով նախատեսված այլ լիազորություններ:

19. Հանձնաժողովի քարտուղարը`

1) փոխարինում է Հանձնաժողովի նախագահին նրա հանձնարարությամբ կամ բացակայության ընթացքում.

2) Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ իրականացնում է Հանձնաժողովի նախագահին վերապահված որոշակի լիազորություններ.

3) նախապատրաստում է Հանձնաժողովի նիստերը.

4) ստորագրում է Հանձնաժողովի նիստերի արձանագրությունները.

5) Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ գրառումներ է կատարում գրանցամատյանում, օժանդակում գործառույթ իրականացնող անդամներին, փոխարինում նրանց և մասնագետին ժամանակավոր բացակայության դեպքում.

6) իրականացնում է Օրենսգրքով և սույն կանոնակարգով նախատեսված այլ լիազորություններ:

20. Հանձնաժողովի քարտուղարի բացակայության ընթացքում նրա լիազորությունները Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ կարող է կատարել Հանձնաժողովի այլ անդամ:

21. Հանձնաժողովի անդամն իրավունք ունի`

1) նախապես ծանոթանալու Հանձնաժողովի քննարկմանը ներկայացվող հարցերին և փաստաթղթերին.

2) ելույթ ունենալու Հանձնաժողովի նիստում.

3) ներկայացնելու առաջարկություններ, առարկություններ և պահանջելու, որ այդ հարցով անցկացվի քվեարկություն.

4) նիստի մասնակիցներին տալու հարցեր, ստանալու պատասխաններ.

5) հայտնելու քվեարկության նախապատրաստման, կազմակերպման և անցկացման վերաբերյալ իր կարծիքը.

6) իրականացնելու Օրենսգրքով սահմանված այլ լիազորություններ:

22. Հանձնաժողովի անդամը պարտավոր է`

1) կատարել Հանձնաժողովի նախագահի` իր իրավասության սահմաններում տված հանձնարարությունները.

2) մասնակցել Հանձնաժողովի աշխատանքներին և կատարել իր լիազորությունները.

3) մասնակցել ընտրական հանձնաժողովի անդամների համար կազմակերպվող մասնագիտական դասընթացներին.

4) մասնակցել Հանձնաժողովի նիստերին և քվեարկությանը.

5) կրել Օրենսգրքով սահմանված այլ պարտականություններ:

 

Գ Լ ՈՒ Խ 4

Հանձնաժողովի նիստերի հրավիրման և անցկացման կարգը

 

23. Հանձնաժողովների հերթական նիստերը գումարում են Օրենսգրքով սահմանված դեպքերում և ժամկետում:

24. Հանձնաժողովի արտահերթ նիստ հրավիրում է Հանձնաժողովի նախագահը` տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի պահանջով:

25. Նիստին Հանձնաժողովի անդամների մասնակցությունը նշվում է Հանձնաժողովի գրանցամատյանում, որտեղ յուրաքանչյուրն ստորագրում է իր ազգանվան դիմաց:

26. Նիստերն անցկացվում են տեղամասային կենտրոնում:

27. Նիստերի օրակարգը սահմանված է Օրենսգրքով:

28. Քվեարկության օրը Հանձնաժողովն անցկացնում է երկու նիստ`

1) ժամը 7.00-ին, որի ժամանակ տեղամասային ընտրական հանձնաժողովը վիճակահանությամբ որոշում է ընտրողներին գրանցող, քվեաթերթիկներ հատկացնող և քվեատուփի համար պատասխանատու անդամներին, համապետական ընտրությունների ժամանակ նաև շրջիկ արկղի միջոցով քվեարկություն անցկացնող առնվազն մեկ անդամին և տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների` 2 ժամը մեկ պարբերականությամբ գործառույթների հերթափոխը.

2) քվեարկության ավարտից ժամը 20.00-ից հետո, որի ժամանակ Հանձնաժողովը սկսում է տեղամասում քվեարկության արդյունքների ամփոփումը:

29. Հանձնաժողովի նիստերին, ինչպես նաև քվեարկության օրը` քվեարկության սենյակում կարող են ներկա գտնվել`

1) կենտրոնական և տարածքային ընտրական հանձնաժողովների անդամները` համապատասխան հանձնաժողովի նախագահի համաձայնությամբ կամ հանձնարարությամբ.

2) ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր թեկնածուի, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) 1 վստահված անձ.

3) յուրաքանչյուր զանգվածային լրատվության միջոցը ներկայացնող 1 լրագրող և 1 լուսանկարիչ կամ տեսաձայնագրման 1 օպերատոր.

4) յուրաքանչյուր միջազգային կազմակերպությունից մինչև 2 դիտորդ` թարգմանչի ուղեկցությամբ.

5) տեղական դիտորդների դեպքում` յուրաքանչյուր կազմակերպությունից` 1 դիտորդ.

6) թեկնածուն` միայն տեղամասում քվեարկության արդյունքների ամփոփման նիստին:

30. Հանձնաժողովի անդամները, վստահված անձինք, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները, դիտորդները վերնազգեստի վրա պարտադիր կարգով տեսանելի ձևով պետք է կրեն նիստում ներկա գտնվելու իրավունքը հավաստող վկայական:

31. Եթե քվեարկության սենյակում գտնվող դիտորդների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների թիվն այնքան է, որ ակնհայտորեն խաթարում է քվեարկության բնականոն ընթացքը, ապա Հանձնաժողովն իրավասու է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ով ընդունված որոշմամբ սահմանելու քվեարկության սենյակում միաժամանակյա գտնվելու իրավունք ունեցող դիտորդների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների առավելագույն թիվը: Որոշումը պետք է համապատասխանի համաչափության սկզբունքին:

Եթե քվեարկության սենյակում, արդեն իսկ ներկա են սույն կետով սահմանված առավելագույն թվով դիտորդներ և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ, ապա Հանձնաժողովի նախագահն իրավասու է արգելել նոր դիտորդների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների մուտքը քվեարկության սենյակ:

Սույն կետի կատարումն ապահովելու անհնարինության դեպքում Հանձնաժողովի նախագահի պահանջով այն իրականացվում է Արցախի Հանրապետության ոստիկանության օժանդակությամբ:

32. Սույն կանոնակարգի 31-րդ կետում սահմանված սահմանափակումը չի տարածվում միջազգային դիտորդների և վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստառադիոընկերությունների ներկայացուցիչների վրա:

33. Հանձնաժողովի բնականոն աշխատանքը կամ նիստի բնականոն ընթացքը խոչընդոտելու կամ սույն կանոնակարգը խախտելու, ինչպես նաև Հանձնաժողովի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքերում` վստահված անձի, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցչի, դիտորդի նկատմամբ կիրառվում է նախազգուշացնում:

Նախազգուշացումից հետո, եթե վստահված անձի, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցչի, դիտորդի կողմից Օրենսգրքի պահանջներն այն եղանակով խախտելու դեպքում, որն էապես խաթարում է ընտրական հանձնաժողովի բնականոն աշխատանքը կամ քվեարկության բնականոն ընթացքը վստահված անձը, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչը, դիտորդը հեռացվում են Հանձնաժողովի նիստից, իսկ քվեարկության օրը` քվեարկության սենյակից և տեղամասային կենտրոնից:

Դիտորդին, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչին, վստահված անձին Հանձնաժողովի նիստից և տեղամասային կենտրոնից հեռացնելու որոշումն ընդունվում է Հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ով:

34. Քվեարկության սենյակում միաժամանակյա գտնվելու իրավունք ունեցող դիտորդների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների առավելագույն թիվը սահմանելու, ինչպես նաև դիտորդին, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչին, վստահված անձին նախազգուշացնելու, Հանձնաժողովի նիստից և տեղամասային կենտրոնից հեռացնելու մասին Հանձնաժողովի գրանցամատյանում գրառվում է Հանձնաժողովի որոշում` նշելով պատճառը:

 

Գ Լ ՈՒ Խ 5

Հանձնաժողովի նիստում քննարկումների կազմակերպման, որոշումների

 ընդունման և արձանագրությունների կազմման կարգը

 

35. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է Հանձնաժողովի անդամների կեսից ավելին: Նիստը վարում է Հանձնաժողովի նախագահը, իսկ նրա հանձնարարության կամ բացակայության դեպքում` Հանձնաժողովի նախագահի տեղակալը:

36. Նիստում հարցերը քննարկվում և գործառույթներն իրականացվում են Օրենսգրքով և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումներով սահմանված հաջորդականությամբ և կարգով:

37. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են Հանձնաժողովի իրավազոր նիստում` բաց քվեարկությամբ: Հանձնաժողովի անդամը քվեարկում է անձամբ` կողմ կամ դեմ:

38. Որոշումն ընդունվում է, եթե կողմ է քվեարկել նիստին ներկա հանձնաժողովի անդամների թվի կեսից ավելին, բացառությամբ Օրենսգրքով սահմանված դեպքերի:

39. Քվեարկության ավարտից հետո` մինչև ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրություն կազմելը, Հանձնաժողովի նիստը չի կարող ընդհատվել:

40. Հանձնաժողովը քվեարկության արդյունքների ամփոփման նիստի վերջում, բայց ոչ ուշ, քան քվեարկության ավարտից 12 ժամ հետո, ավարտում է տեղամասում քվեարկության արդյունքների արձանագրության կազմումը: Արձանագրությունը կազմվում է չորս օրինակից: