Համարը 
N 19-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2020.01.17/01(392)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվը 
16.01.2020
Ստորագրող մարմինը 
Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
16.01.2020
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
18.01.2020
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Կապեր այլ փաստաթղթերի հետ

ԱՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՎԵՐԱՀՍԿԻՉ-ՎԵՐՍՏՈՒԳԻՉ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

2020 թվականի հունվարի 16-ի

 

ՎԵՐԱՀՍԿԻՉ-ՎԵՐՍՏՈՒԳԻՉ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

N 19-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

Ղեկավարվելով Արցախի Հանրապետության ընտրական օրենսգրքի 29-րդ հոդվածի 7-րդ մասով` Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության (այսուհետ՝ վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն) գործունեության կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ

ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

              

2020 թվականի հունվարի 16

ք.Ստեփանակերտ

   

 

 

     

Հավելված

Արցախի Հանրապետության

կենտրոնական ընտրական հանձնաժողովի

2020 թվականի հունվարի 16-ի N 19-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

ՎԵՐԱՀՍԿԻՉ-ՎԵՐՍՏՈՒԳԻՉ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը (այսուհետ՝ ծառայություն) իրականացնում է նախընտրական հիմնադրամներ կատարվող մուծումների, ծախսերի և դրանց հաշվարկման, ինչպես նաև կուսակցությունների ընթացիկ ֆինանսական գործունեության նկատմամբ վերահսկողություն:

Ծառայությունը վերահսկողություն է իրականացնում նաև հանրաքվեի քարոզչության հիմնադրամներում կատարված մուծումների և դրանց օգտագործման նկատմամբ՝ «Հանրաքվեի մասին» օրենքի և սույն կարգի դրույթներին համապատասխան:

2. Ծառայությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Արցախի Հանրապետության ընտրական օրենսգրքով, «Կուսակցությունների մասին» օրենքով, իրավական այլ ակտերով և սույն կարգով:

3. Ծառայությունը գործում է ընտրական հանձնաժողովներից անկախ և հաշվետու չէ նրանց: Ծառայությունն իր աշխատանքներն իրականացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ համագործակցված:

4. Ծառայությունը գործում է մշտական հիմունքներով:

5. Ծառայությունը կարող է ունենալ ձևաթղթեր և անհատականացման այլ միջոցներ:

6. Ծառայությունը կազմված է ծառայության ղեկավարից և ծառայության աշխատակիցներից: Ծառայության աշխատանքները ղեկավարում է ծառայության ղեկավարը, որը ներկայացնում է ծառայությունը:

7. Ծառայության ղեկավարի պաշտոնը քաղաքացիական պաշտոն է, ծառայության մյուս աշխատակիցը քաղաքացիական ծառայող է:

8. Ծառայության ղեկավարը նշանակվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ հինգ տարի ժամկետով: Ծառայության ղեկավարի պաշտոնային դրույքաչափը սահմանվում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով:

9. Ծառայության ղեկավարը չի կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ որևէ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ, զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում, որևէ պաշտոն՝ առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք՝ բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից: Հրապարակային ելույթներում պետք է ցուցաբերի քաղաքական զսպվածություն:

 

II. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

10. Ծառայությունը.

1) վերահսկողություն է իրականացնում Հանրապետության նախագահի թեկնածուների, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական հիմնադրամներ կատարվող մուծումների, դրանց հաշվարկման և ծախսերի նկատմամբ.

2) Հանրապետության նախագահի թեկնածուների, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների, համայնքի ղեկավարի թեկնածուների, համայնքի ավագանու անդամի թեկնածուների գրանցման համար Արցախի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետի ավարտից հետո՝ երեք աշխատանքային օրը մեկ, ստանում է համապատասխան տեղեկություններ, տեղեկանքներ, փաստաթղթերի պատճեններ Հանրապետության նախագահի թեկնածուների, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերի և ելքերի վերաբերյալ այն բանկերից, որտեղ նախընտրական հիմնադրամներ ձևավորելու համար բացվել են ժամանակավոր հատուկ հաշվեհամարներ, դրանք ստանալուց հետո ամփոփում է այդ տվյալները, կազմում ամփոփ տեղեկանք և այն տեղադրում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում.

3) Հանրապետության նախագահի թեկնածուների, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), համայնքի ղեկավարի թեկնածուների, համայնքի ավագանու անդամի թեկնածուների նախընտրական հիմնադրամներում եղած միջոցների օգտագործման վերաբերյալ հայտարարագրերը ստանալուց հետո` 7 օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան ընտրության արդյունքների ամփոփման համար սահմանված ժամկետից մեկ օր առաջ ստուգում, ստուգման արդյունքներով կազմում է եզրակացություն և ներկայացնում Կենտրոնական ընտրական հանձնաժողով.

4) վերահսկողություն է իրականացնում կուսակցությունների ֆինանսական գործունեության նկատմամբ:

 

III. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

11. Ծառայությունն իրավունք ունի`

1) նախընտրական հիմնադրամներ ձևավորելու համար ժամանակավոր հատուկ հաշվեհամարներ բացած բանկերից ստանալ համապատասխան տեղեկություններ, տեղեկանքներ, փաստաթղթերի պատճեններ՝ Հանրապետության նախագահի թեկնածուների, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), համայնքի ղեկավարի թեկնածուների, համայնքի ավագանու անդամի թեկնածուների նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերի և ելքերի վերաբերյալ.

2) բանկերից, կուսակցություններից և ապրանքներ մատակարարող, ծառայություններ մատուցող կամ աշխատանքներ կատարող այլ կազմակերպություններից ստանալ համապատասխան տեղեկություններ, տեղեկանքներ, փաստաթղթերի պատճեններ՝ կուսակցությանը վճարված անդամակցության վճարների, կուսակցությանը կատարված նվիրատվությունների, բյուջետային ֆինանսավորման, քաղաքացիական իրավական գործարքներից ստացված դրամական միջոցների և օրենսդրությամբ չարգելված այլ մուտքերի և ծախսերի վերաբերյալ.

3) իր գործունեությանն առնչվող հարցերի վերաբերյալ նախապատրաստել որոշումների նախագծեր և դրանք ներկայացնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քննարկմանը.

4) մասնակցել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ընտրությունների անցկացման ֆինանսական ապահովման նպատակով ընդունվող իրավական ակտերի նախագծերի նախապատրաստման աշխատանքներին:

 

IV. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՎ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

12. Ծառայության գործունեության ֆինանսական և նյութատեխնիկական ապահովումը կատարվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պահպանման համար պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին: