ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
2020 թվականի հունվարի 16-ի
ԸՆՏՐԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍԵՐԻ ՀԱՄԱՐԱԿԱԼՄԱՆ ԿԱՐԳԸ
ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
N 16-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Ղեկավարվելով Արցախի Հանրապետության ընտրական օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասով` Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել, որ
1) ընտրական տեղամասերը համարակալում են տարածքային ընտրական հանձնաժողովները` m/n տեսքի թվազույգով, որտեղ m-ը համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողովի համարն է (Ստեփանակերտ՝ թիվ 1, Ասկերան՝ թիվ 2, Հադրութ՝ թիվ 3, Մարտակերտ՝ թիվ 4, Մարտունի՝ թիվ 5, Շահումյան՝ թիվ 6, Շուշի՝ թիվ 7, Քաշաթաղ՝ թիվ 8), իսկ n-ը՝ ընտրական տեղամասի հերթական համարը: Ընտրական տեղամասերը համարակալելիս նշվում է նաև տեղամասի գտնվելու վայրի (համայնքի) անվանումը.
2) համապետական ընտրությունների դեպքում ընտրական տեղամասերը համարակալվում են ըստ տարածքային ընտրական հանձնաժողովների սպասարկման տարածքների: Յուրաքանչյուր տարածքային ընտրական հանձնաժողովի սպասարկման տարածքում ընտրական տեղամասերի համարակալումը կատարվում է սկսած 1-ից՝ մինչև տվյալ տարածքային ընտրական հանձնաժողովի սպասարկման տարածքում գտնվող հերթական վերջին ընտրական տեղամասը.
3) տեղական ինքնակառավարման մարմինների (բացառությամբ Ստեփանակերտ քաղաքի համայնքի ղեկավարի և ավագանու) ընտրությունների դեպքում, ընտրական տեղամասերը համարակալվում են ըստ համայնքների` սույն կարգի 1-ին մասի 1-ի կետով սահմանված կարգով, հաշվի առնելով «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքով նախատեսված համայնքների և բնակավայրերի սահմանման հերթականությունը.
4) տեղական ինքնակառավարման մարմինների (բացառությամբ Ստեփանակերտ քաղաքի համայնքի ղեկավարի և ավագանու) ընտրությունների դեպքում, յուրաքանչյուր տարածքային ընտրական հանձնաժողով համարակալում է այն համայնքների ընտրական տեղամասերը, որտեղ կազմակերպում և անցկացնում է ընտրությունները.
5) այլ պետություններում Արցախի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում կազմավորված ընտրական տեղամասերը համարակալում է համապատասխան դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի ղեկավարը` m/n տեսքի թվազույգով, որտեղ m-ը համապատասխան դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի գտնվելու վայրի անվանումն է, իսկ n-ը՝ տվյալ դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի գտնվելու վայրում կազմավորվող ընտրական տեղամասի հերթական համարը`յուրաքանչյուր քաղաքի համար` սկսած 1-ից` մինչև տվյալ քաղաքում կազմավորված հերթական վերջին ընտրական տեղամասը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ
ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ |
Ս.ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ |
|
|
2020 թվականի հունվարի 16
ք.Ստեփանակերտ |
|