ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
2020 թվականի հունվարի 16-ի
ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՆԻՍՏԵՐԻՆ ՆԵՐԿԱ ԳՏՆՎԵԼՈՒ
ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՆԵՐԿԱ ԼԻՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԳՐԱՌՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
N 4-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Ղեկավարվելով Արցախի Հանրապետության ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 11-րդ մասով, 32-րդ հոդվածի 4-րդ մասով և 51-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով՝ Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել, որ
1) ընտրական հանձնաժողովների նիստին, ինչպես նաև քվեարկության ամբողջ ընթացքում տեղամասային կենտրոնում (քվեարկության սենյակում) ներկա լինելու իրավունք ունեցող անձանց ներկա լինելու վերաբերյալ գրառում է կատարվում ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում (տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանի երկրորդ մասում` յուրաքանչյուրի համար նախատեսված տեղում).
2) ընտրական հանձնաժողովի նիստին ներկա լինելու իրավունք ունեցող անձինք հանձնաժողովի նիստերին ներկայանալիս, ինչպես նաև քվեարկության օրը տեղամասային կենտրոն մուտք գործելիս հանձնաժողովի նախագահին կամ նրան փոխարինող անձին ներկայացնում են անձը հաստատող փաստաթուղթ և (կամ) ընտրական հանձնաժողովի նիստին ներկա լինելու իրավունքը հավաստող համապատասխան վկայական (վստահված անձի, դիտորդի, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի և այլն).
3) ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում նշվում է թեկնածուի անունը, ազգանունը, կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի անվանումը և նրանց ներկայացնող վստահված անձի անունը, ազգանունը, իսկ դիտորդի, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի դեպքում` դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպության և (կամ) զանգվածային լրատվության միջոցի անվանումը և համապատասխանաբար դիտորդի և զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի անունը, ազգանունը.
4) տեղամասային ընտրական հանձնաժողովի քվեարկության արդյունքների ամփոփման նիստին՝ ընտրական հանձնաժողովների նիստերին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձինք կարող են ներկայանալ նաև նիստը սկսվելուց՝ ժամը 20.00-ից հետո և ներկա գտնվել քվեարկության արդյունքների ամփոփման նիստին Արցախի Հանրապետության ընտրական օրենսգրքի կանոնակարգումներին համապատասխան:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ
ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ |
Ս.ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ |
|
|
2020 թվականի հունվարի 16
ք.Ստեփանակերտ |
|