Համարը 
ՀՕ-53-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2021.04.19/08(428)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
25.03.2021
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
05.04.2021
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
29.04.2021
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ՕՐԵՆՔԸ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

     

Ընդունված է 2021 թվականի

մարտի 25-ին

 

ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2013 թվականի ապրիլի 25-ի Քրեական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 51-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.

 

«3.1. Եթե որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված է որպես պարտադիր լրացուցիչ պատիժ, սակայն տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկելու ձևով տվյալ պատժի կատարումը հնարավոր չէ հանցանք կատարած անձի` տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունենալու կամ այդ իրավունքից զրկված լինելու պատճառով, ապա պարտադիր լրացուցիչ պատիժը չի նշանակվում:»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 254.1-ին հոդվածում`

 

1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 254.1

Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը».

 

2) 1-ին մասում.

ա. «զրկված» բառից հետո լրացնել «կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված» բառերը,

բ. «չափով» բառից հետո լրացնել «կամ կալանքով` մինչև երկու ամիս ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը մեկ տարի ժամկետով» բառերը.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մաս.

«1.1. Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը նույն արարքի համար վարչական տույժ նշանակելուց հետո` մեկ տարվա ընթացքում`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով կամ կալանքով` մինչև երկու ամիս ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը մեկ տարի ժամկետով:».

4) 2-րդ մասում.

ա. «զրկված» բառից հետո լրացնել «կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող» բառերը,

բ. «ժամկետով» բառից հետո լրացնել «` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երկու տարի ժամկետով» բառերը.

5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-6-րդ մասեր.

«4. Սույն օրենսգրքի իմաստով անձը համարվում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված, եթե նա օրենքով սահմանված կարգով զրկվել է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից, և զրկման ժամկետը չի լրացել:

5. Սույն օրենսգրքի իմաստով անձը համարվում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող, եթե նա սահմանված կարգով չի ստացել տվյալ կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունքի վարորդական վկայական կամ սահմանված կարգով ստացել է վարորդական վկայական, սակայն օրենքով սահմանված կարգով զրկվել է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից, և զրկման ժամկետը լրանալուց հետո սահմանված կարգով չի վերականգնել տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը, բացառությամբ ուսումնական վարման դեպքերի:

6. Սույն օրենսգրքի իմաստով անձի՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը համարվում է կասեցված, եթե նրա` տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքն օրենքով սահմանված կարգով կասեցվել է և կասեցման ժամկետը չի լրացել:»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

        

2021թ. ապրիլի 5

Ստեփանակերտ

ՀՕ-53-Ն