Համարը 
N 81-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2013.12.02/20(98)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ ԿԱ շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչություն
Ընդունման ամսաթիվը 
15.11.2013
Ստորագրող մարմինը 
Պետ
Ստորագրման ամսաթիվը 
15.11.2013
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
12.12.2013
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Կապեր այլ փաստաթղթերի հետ

ԼՂՀ ԿԱ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՀՐԱՄԱՆԸ ԱՆՏԱՌՆԵՐԻ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀԱՏՈՒՄՆԵՐԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Գրանցված է

 Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

2013 թվականի նոյեմբերի 25-ին

Պետական գրանցման համարը 20613141

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ

ԱՌԸՆԹԵՐ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ

ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

 

ՀՐԱՄԱՆ

 

«15» նոյեմբերի 2013թ.

N 81-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԱՆՏԱՌՆԵՐԻ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀԱՏՈՒՄՆԵՐԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անտառային օրենսգրքի 24-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթները.

 

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ  Ե Մ՝

 

Հաստատել անտառների սանիտարական հատումների կանոնները` համաձայն հավելվածի:

 

 

Կ.ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

 

 

Հավելված

Հաստատված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և

բնական ռեսուրսների վարչության պետի

2013 թվականի նոյեմբերի 15-ի N 81-Ն հրամանի

 

 

ԿԱՆՈՆՆԵՐ

ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀԱՏՈՒՄՆԵՐԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կանոններով սահմանվում են անտառների սանիտարական հատումների իրականացման պայմանները:

2. Անտառների սանիտարական հատումները կատարվում են մատղաշ և միջահասակ անտառներում:

3. Անտառների սանիտարական հատումները նպատակաուղղված են անտառի կենսունակության և արտադրողականության բարձրացմանը, սանիտարական վիճակի բարելավմանը, կայունությանը, տնտեսապես արժեքավոր տնկարկների ձևավորմանը և դրանց պահպանության ապահովմանը:

4. Անտառներում սանիտարական հատումներն իրականացվում են անտառի սանիտարական վիճակը բարելավելու համար:

5. Սանիտարական հատման անհրաժեշտությունը, ծավալները և ժամկետները որոշվում են անտառապաթոլոգիական ուսումնասիրությունների կամ մոնիթորինգի արդյունքների հիման վրա:

 

II. ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀԱՏՈՒՄՆԵՐԸ

 

6. Սանիտարական հատումներն ուղղված են տնկարկների սանիտարական վիճակի բարելավմանը և արտադրողականության բարձրացմանը: Հատումներն իրականացվում են տնկարկներում՝ բնականորեն տապալված, ցցաչոր, քամատապալ, ձնակոտոր, ինչպես նաև հիվանդություններով և վնասատուներով վարակված, հրդեհների հետևանքով կենսունակությունը կորցրած ծառերի հեռացմամբ:

7. Սանիտարական հատումները նախատեսվում և ծավալները հիմնավորվում են անտառապաթոլոգիական ուսումնասիրությունների կամ մոնիթորինգի արդյունքների հիման վրա:

8. Սանիտարական հատումները լինում են ընտրովի և համատարած:

9. Արգելվում է ընտրովի սանիտարական հատումների իրականացումն առանց ծառերի նախնական դրոշմման:

10. Սանիտարական հատումները համարվում են համատարած, եթե կտրվում են անտառի 0.1 հեկտար և ավելի տարածքի ծառերը:

11. Համատարած սանիտարական հատումներն իրականացվում են կենսաբանական կայունությունը կորցրած տնկարկներում և նշանակվում են անկախ տնկարկի տարիքից այն դեպքում, երբ ընտրովի սանիտարական հատումների միջոցով հնարավոր չէ ապահովել տնկարկների առողջացումը:

12. Անտառներում համատարած սանիտարական հատումների իրականացումը թույլատրում է պետական կառավարման լիազորված մարմինը՝ անտառաշինական նախագծերի կամ իր կողմից ստեղծված մասնագիտական հանձնախմբի կազմած հետազոտման ակտի հիման վրա:

13. Տնկարկներում, որտեղ նախատեսվում են համատարած սանիտարական հատումներ, մասնագիտական հանձնախմբի կողմից կատարվում է նախնական հետազոտություն:

14. Մասնագիտական հանձնախումբն ստուգում է տնկարկը սանիտարական հատման ենթարկելու նպատակահարմարությունը, իսկ անտառապաթոլոգիական հետազոտության նյութերի բացակայության դեպքում անցկացնում է նաև հետազոտություն:

15. Անտառի յուրաքանչյուր տեղամասում տնկարկների վնասվածության աստիճանի հետազոտության համար հիմնադրվում են փորձահրապարակներ, որոնցում կատարվում է ծառերի հաշվառում՝ ըստ ծառերի վիճակի կարգը (կատեգորիա) բնորոշող սանդղակի՝ համաձայն N 1 աղյուսակի: Մինչև 50 հեկտար տեղամասում փորձահրապարակի տարածքը պետք է կազմի ընդհանուր տարածքի 2 տոկոսից ոչ պակաս, իսկ 50 հեկտարից ավելիի դեպքում՝ 0.5 տոկոսից ոչ պակաս:

16. Հանձնախմբի կողմից կազմված համատարած սանիտարական հատման հետազոտման ակտը ներառում է հետևյալ տեղեկությունները՝ անտառի խումբը, տնկարկի անտառագնահատման բնութագիրը, ծառատապալման պատճառը, համատարած սանիտարական հատման անհրաժեշտության հիմնավորումը, հատման ժամանակահատվածը, տեխնոլոգիան, հետագա անտառավերականգնման միջոցառումների հանձնարարականը, վարակի կամ վնասի կանխարգելման միջոցառումները:

17. Համատարած սանիտարական հատման թույլտվություն ստանալու համար անտառօգտագործողը պետական կառավարման լիազորված մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը՝

ա) խմբի կողմից կազմված համատարած սանիտարական հատման տեղազննման ակտը.

բ) համատարած սանիտարական հատման ենթակա տնկարկների փորձահրապարակների հաշվառման ամփոփագիրը, որի ձևը հաստատում է պետական կառավարման լիազորված մարմինը.

գ) կազմալուծված և չորացած տնկարկների հաշվառման ամփոփագիրը, որի ձևը հաստատում է պետական կառավարման լիազորված մարմինը.

դ) հատվող տեղամասի գծապատկերը, ուր նշվում են բաժինների համարները, տարածքները, փորձահրապարակների տեղադրությունը:

18. Համատարած սանիտարական հատումների ենթարկված անտառային հողերում պարտադիր իրականացվում են անտառավերականգնման միջոցառումներ:

 

III. ԾԱՌԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀԱՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԵՎ

ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀԱՏՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

19. Անտառային հրդեհներից հետո սանիտարական հատումների համար ծառերի ընտրությունը կատարվում է` գնահատելով սաղարթի, բնի արմատաթաթի, ծառերի ընդհանուր վիճակը՝ այրվածքի հետևանքով առաջացած վնասի չափը գնահատելուց հետո: Առաջին հերթին մշակվում են այրված գետնատապալ, այնուհետև ցցաչոր ծառերը: Ընտրովի սանիտարական հատումներն իրականացվում են ծառուտը հրդեհից վնասվելուց հետո՝ սեղմ ժամկետում և ավարտվում տվյալ տարվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան հաջորդող տարվա մայիսի 1-ը: Խոշոր այրվածքների դեպքում մշակման աշխատանքների ժամանակահատվածը երկարացվում է պետական կառավարման լիազորված մարմնի կողմից:

20. Քամիներից ամբողջությամբ կամ մասամբ ջարդված, գետնատապալ ծառերը, ինչպես նաև ձնից և ցրտահարությունից վնասված ծառերի սաղարթի 2/3-ից ավելին ենթակա են մաքրման: Այդ դեպքում վնասված անտառի մշակումն ավարտվում է տվյալ տարվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան մինչև հաջորդող տարվա մայիսի 1-ը: Մեծ տարածքներով հողմակործան ծառերի մաքրման աշխատանքները կարող են երկարաձգվել պետական կառավարման լիազորված մարմնի որոշմամբ:

21. Ծառերը, որոնք վարակված են բնափայտային վնասատուներով և բնորոշվում են վիճակի III կարգով (կատեգորիայով), կարող են ընտրվել հատման, եթե տնկարկների լրիվությունը չի իջնում թույլատրելի սահմանից:

Ծառերի ընտրությունը, դրոշմումը և հատումը կատարվում է` ելնելով ծառի ընդհանուր վիճակից, կեղևի տակ և բնափայտում առկա վնասակար միջատների քանակից և բնափայտի կենսաբանական հատկանիշներից:

Ասեղնատերևների և լայնատերևների կրծող միջատներով վարակված ծառերի հատման համար ընտրությունը կատարվում է ասեղնատերևների և լայնատերևների վերականգնման վեգետացիոն ժամանակահատվածից հետո:

22. Արմատային կոշտուկներով և կոճղասնկով վարակված ասեղնատերևավոր տնկարկներում հատման ենթակա են մաքրման վիճակի III-VI կարգ (կատեգորիա) ունեցող ծառերը:

Համանման ընտրովի սանիտարական հատումներ իրականացվում են կաղնուտներում և մյուս լայնատերև տնկարկներում, որտեղ առկա են կոճղասնկային հիվանդությունների օջախներ:

23. Խեժառատ քաղցկեղով վարակված սոճու տնկարկներում հատման համար ընտրվում են միայն բարձր աստիճանի վարակվածություն ունեցող (սաղարթի ստորին հատվածից վերքը շրջապատում է բնի 2/3-ը), դեղնող ասեղնատերևներով, բնափայտային վնասատուներով վարակված ծառերը:

24. Կաղնուտներում, որոնք վարակված են անոթային սնկերով, ենթակա են մաքրման վիճակի IV-VI կարգ (կատեգորիա) ունեցող ծառերը: Հատումը կատարվում է աշուն-ձմեռ ժամանակահատվածում, իսկ այդ ծառերի հատման համար ընտրությունը և դրոշմումը կատարվում են տերևակալված վիճակում:

25. Նեկրոզային քաղցկեղով վարակված ծառերը մաքրման համար ընտրվում են այն դեպքում, երբ վերքը շրջապատել է բնի 1/2-ից ավելին:

 

     

Աղյուսակ N 1

 

Ծառերի վիճակի կարգը (կատեգորիան) բնորոշող սանդղակը

 

Ծառերի կարգը (կատեգորիան)

Հիմնական նշանները

Լրացուցիչ նշանները

Ա ս ե ղ ն ա տ ե ր և ն ե ր

I. Առանց թուլացման նշանների

ասեղնատերևները կանաչ են, փայլուն, սաղարթը՝ խիտ, տվյալ տեսակի և տարիքի, աճման պայմանների և տարվա եղանակի համար ընթացիկ տարվա աճը նորմալ է

-

II. Թուլացողներ

 

ասեղնատերևները հաճախ սովորականից բաց են, սաղարթը՝ թույլ թափանցիկ, աճը նորմալի համեմատությամբ կիսով չափ թույլ է

հնարավոր է բնի և արմատաթաթի, ճյուղերի տեղային վնասվածքի նշաններ

III. Թուլացածներ

ասեղնատերևները բաց կանաչավուն կամ անփայլ մոխրագույն են, սաղարթը` թափանցիկ, աճը նորմալի համեմատությամբ կեսից ավելի թույլ է

հնարավոր է բնի, արմատաթաթի, ճյուղերի, սաղարթի վնասվածքի նշաններ, բնի կամ ճյուղերի վարակվածություն` վնասատուներով

IV. Չորացողներ

ասեղնատերևները մոխրագույն կամ դեղնականաչավուն են, սաղարթը նոսրացած է, ընթացիկ տարվա աճը նկատելի է կամ բացակայում է

ծառի բնի և մյուս հատվածների վնասվածության նշաններն ավելի ուժեղ արտահայտված են, քան նախորդ կարգում (կատեգորիայում)` հնարավոր է ծառի վարակվածություն բնային վնասատուներով

V. Ցցաչորներ (ընթացիկ տարվա)

ասեղնատերևները մոխրագույն, դեղին կամ շագանակագույն են, սաղարթն ուժեղ նոսրացած է, փոքրիկ ճյուղերը պահպանվում են, կեղևը պահպանվել է կամ թափվել է մասամբ

-

VI. Ցցաչորներ (անցած տարիներից)

ասեղնատերևները թափվել են կամ պահպանվել են մասամբ, փոքրիկ ճյուղերը կոտրատվել են, կեղևը թափվել է

 

բնում և ճյուղերում կան վնասատու միջատների գոյության հետքեր, կեղևի տակ առկա է առատ շագանակագույն ալյուր և բնափայտը քայքայող սնկամարմին

Լ ա յ ն ա տ ե ր և ն ե ր

I. Առանց թուլացման նշանների

տերևները կանաչ են, փայլուն, սաղարթը` խիտ, տվյալ տեսակի և տարիքի, աճման պայմանների և տարվա եղանակի համար ընթացիկ տարվա աճը նորմալ է

-

II. Թուլացողներ (չոր է կեղևի 1/4-ը)

 

տերևները կանաչ են, սաղարթը՝ թույլ թափանցիկ, աճը նորմալի համեմատությամբ թուլացած, ճյուղերի գրեթե 1/4-ը չորացած են

հնարավոր է ճյուղերի, արմատաթաթի և բնի տեղային մեխանիկական վնասվածքներ

 

III. Թուլացածներ (չոր է կեղևի մինչև 1/2-ը)

 

տերևները մանր են կամ սովորականից բաց, ժամանակից շուտ թափվում են, սաղարթը թափանցիկ է, ճյուղերի 1/4-1/2-ը չորացել են

նախորդ կարգի (կատեգորիայի) նշանները վառ արտահայտված են, առկա են բնային վնասատուների հետքեր, բնից և ճյուղերից նկատվում է հյութածորություն

IV. Չորացողներ (կեղևի 1/2-ից ավելին չորացած են)

 

տերևները մանր են, սովորականից բաց կամ դեղնավուն, ժամանակից շուտ թափվում են կամ թառամում, սաղարթը թափանցիկ է, ճյուղերի 1/2-3/4-ը չորացել են

հնարավոր է բնի և ճյուղերի վրա բնային վնասատուների առկայություն (անցքեր, հյութածորություն, շագանակագույն ալյուր և այլն)

V. Ցցաչորներ (ընթացիկ տարվա)

տերևները չորացել են, թառամել կամ ժամանակից շուտ թափվել, ճյուղերի ավելի քան 3/4-ը չորացել են, փոքրիկ ճյուղերը և կեղևը պահպանվել են

հնարավոր է բնի, ճյուղերի և արմատաթաթի վրա բնային վնասատուների առկայության նշաններ և սնկային հիվանդություններ

VI. Ցցաչորներ (անցած

տարիներից)

տերևները և ճյուղերի մի մասը թափվել են, բնի կեղևը մեծ մասամբ քայքայվել կամ թափվել է

բնի, ճյուղերի և արմատաթաթի վրա առկա են վնասատուների հետքեր, կեղևի տակ առկա են սնկամարմիններ

 

 

ԼՂՀ ԿԱ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԵՎ

ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

 

 

Ա.ԽԱՆԱՆՅԱՆ