Համարը 
ՀՕ-26-Ն
Տեսակը 
Մայր
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2019.06.21/10(374)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
30.05.2019
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
11.06.2019
Վավերացնող մարմինը 
 
Վավերացման ամսաթիվը 
 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.07.2019
Ուժը կորցնելու ամսաթիվը 
 

Ծանուցում
Սույն օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետ և 35-րդ հոդվածն ուժի մեջ են մտնում 2021 թվականի հունվարի 1-ից:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ՕՐԵՆՔԸ «ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2019 թվականի

 մայիսի 30-ին

 

«ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ

 ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

     Հոդված 1. «Նոտարիատի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2005 թվականի մարտի 23-ի ՀO-184 օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 1.

Օրենքի կարգավորման առարկան

 

1. Սույն օրենքը սահմանում է Արցախի Հանրապետությունում պետական նոտարների (այսուհետ` նոտարներ) գործունեության իրավական հիմքերը, նոտարական գործողությունների իրականացման կարգը և նոտարներին առաջադրվող հիմնական պահանջները, նոտարների նշանակման, ազատման կարգը և հիմքերը, նոտարի իրավական պաշտպանությունը, ինչպես նաև նոտարական գործողությունները բողոքարկելու և նոտարական գործողությամբ անձանց պատճառված վնասի հատուցման հետ կապված հարաբերությունները:»:

 

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Նոտարն իր գործունեությունն իրականացնում է Արցախի Հանրապետության Սահմանադրության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ Քաղաքացիական օրենսգիրք), սույն օրենքի, այլ օրենքների, Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերի (այսուհետ՝ միջազգային պայմանագրեր) և իրավական այլ ակտերի հիման վրա:»:

 

Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածի`

1) 1-ին կետում 1-ին նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նախադասություն.

«Նոտարական տարածքն այն վարչատարածքային միավորն է, որի սահմաններում նոտարն իրականացնում է իր գործունեությունը:».

2) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Եթե շահագրգիռ անձի՝ տեղաշարժի հնարավորությունը սահմանափակող հիվանդության կամ անօգնական վիճակի պատճառով նոտարական գրասենյակում նոտարական գործողությունների կատարումն անհնարին է դառնում, ապա շահագրգիռ անձի դիմումի հիման վրա նոտարը պարտավոր է դիմումը ներկայացնելու օրը կամ դրան հաջորդող աշխատանքային օրը նոտարական գործողություններ կատարել նոտարական գրասենյակից դուրս՝ նոտարական տարածքում։

Նոտարական գործողությունները կարող են կատարվել նոտարական գրասենյակից դուրս նաև սույն օրենքի 50-րդ, 52-րդ, 71-րդ, 73-րդ հոդվածներով սահմանված դեպքերում:

Այս դեպքերում նոտարը պարտավոր է վավերացման մակագրության մեջ և գրանցամատյանում նշել նոտարական գործողության կատարման վայրը (հասցեն):»:

 

Հոդված 4. Օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Նոտարական ակտն ունի օրենքով նախատեսված հանրային հեղինակություն և լիարժեք ապացուցողական ուժ:»:

 

Հոդված 5. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Նոտարի գործունեությանը միջամտելը, այդ թվում՝ նոտարական գործողություններ կատարելուն հարկադրելը կամ ներգործելը արգելվում է և առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:»:

 

Հոդված 6. Օրենքի 6-րդ հոդվածում`

1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 6.

Նոտարական գաղտնիքը».

2) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Նոտարը պարտավոր է գաղտնի պահել իր կողմից նոտարական գործողություն կատարելու կամ այլ ծառայություն մատուցելու վերաբերյալ, ինչպես նաև վավերացված կամ հաստատված փաստաթղթերից բխող իրեն հայտնի դարձած տեղեկությունները (նոտարական գաղտնիք հանդիսացող տեղեկատվություն): Այդ պարտականությունը պահպանվում է նաև նոտարի` աշխատանքից ազատվելուց հետո:».

3) 2-րդ կետի`

ա. 2-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Սույն կետով նշված անձանց մահից հետո, նրա իրավահաջորդի բացակայության կամ վերջինիս հետ առնչվելու անհնարինության դեպքում, նոտարը կարող է նոտարական գաղտնիքը պահպանելու պարտականությունից ազատվել դատարանի վճռով:»,

բ. 3-րդ պարբերությունում «նոտարական գործողությունների գաղտնիքի» բառերը փոխարինել «նոտարական գաղտնիքի» բառերով.

4) 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ.

«Ժառանգության բացման վերաբերյալ ժառանգներին, պարտատերերին տեղեկություններ հայտնելը չի համարվում նոտարական գաղտնիք հանդիսացող տեղեկատվություն տրամադրելու` սույն օրենքով սահմանված կարգի խախտում:».

5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին կետ.

«5.1. Նոտարական գործի շրջանակում նոտարական գործողություններ իրականացնելու նպատակով նոտարին, ինչպես նաև օրենքով ուղղակիորեն նախատեսված դեպքերում օրենքում նշված անձին տեղեկություններ հայտնելը չի համարվում նոտարական գաղտնիք հանդիսացող տեղեկատվություն տրամադրելու՝ սույն օրենքով սահմանված կարգի խախտում:».

6) 6-րդ կետում «նոտարական գործողությունների գաղտնիությունը» բառերը փոխարինել «նոտարական գաղտնիքը» բառերով:

 

Հոդված 7. Օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ կետում «նոտարական փաստաթղթերը» բառերը փոխարինել «նոտարական ակտերը» բառերով:

 

Հոդված 8. Օրենքի 10-րդ հոդվածում`

1) 1-ին կետի 1-ին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Սույն օրենքով նախատեսված կարգով նոտարի պաշտոնում կարող է նշանակվել Արցախի Հանրապետության գործունակ 25 տարին լրացած յուրաքանչյուր քաղաքացի, որն ունի իրավաբան բակալավրի կամ իրավաբան դիպլոմավորված մասնագետի որակավորում, չունի դատվածություն և որակավորման քննական հանձնաժողովին հանձնել է նոտարի որակավորման քննությունները:».

2) 4-րդ կետում`

ա. 2-րդ պարբերությունում «5-րդ և 6-րդ ենթակետերի» բառերը փոխարինել «7-րդ, 8-րդ և 10-րդ ենթակետերի» բառերով,

բ. 3-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Նոտարի օգնականն իրականացնում է նոտարի կողմից սահմանված աշխատանքները, բացառությամբ նոտարական գործողությունների կատարման, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:»,

գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ պարբերություն.

«Նոտարի օգնականը պարտավոր է առնվազն երեք տարին մեկ անգամ համապատասխան հաստատությունում արդարադատության նախարարության կողմից կազմակերպած վերապատրաստում անցնել՝ արդարադատության նախարարի սահմանած կարգով և պայմաններով:».

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետ.

«5. Նոտարը կարող է ունենալ ստաժոր, որի ստաժավորումն իրականացվում է արդարադատության նախարարի հրամանի հիման վրա:

Նոտարի՝ ստաժոր ներգրավելու և ստաժավորում անցնելու կարգը սահմանում է արդարադատության նախարարը:

Նոտարի ստաժոր կարող է լինել Արցախի Հանրապետության գործունակ յուրաքանչյուր քաղաքացի, որն ունի բարձրագույն իրավաբանական կրթություն և չունի դատվածություն:

Նոտարը միաժամանակ կարող է ունենալ ոչ ավելի, քան երկու ստաժոր:

Նոտարի ստաժորն իրավունք ունի իրականացնել հետևյալ գործողությունները.

1) քաղաքացիների ընդունելություն կամ նրանց կողմից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրում.

2) խորհրդատվություն կամ իրավաբանական այլ ծառայությունների մատուցում.

3) նոտարական գործավարության իրականացում.

4) գործարքների և իրավաբանական բովանդակություն ունեցող այլ փաստաթղթերի նախագծերի կազմում.

5) նոտարական պրակտիկայի ամփոփում.

6) աշխատանք արխիվի հետ.

7) նոտարի կողմից սահմանված այլ աշխատանքների իրականացում, բացառությամբ նոտարական գործողությունների կատարման:»:

 

Հոդված 9. Օրենքի 13-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 13.

Նոտարի գործունեության սահմանափակումները

 

1. Նոտարն իր գործունեությանը զուգահեռ չի կարող զբաղեցնել այլ հաստիքային պաշտոն կամ կատարել այլ վարձատրվող աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից:»:

 

Հոդված 10. Օրենքի 15-րդ հոդվածի`

1) 1-ին կետում վերջակետը փոխարինել միջակետով և լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-րդ ենթակետ.

«10) նրա նկատմամբ կիրառվել է սույն օրենքի 24-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով նախատեսված կարգապահական տույժը:».

2) 2-րդ կետի`

ա. 2-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել,

բ. 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) մեկ տարվա ընթացքում նա երեք անգամ վավերացրել է գործարքներ կամ հաստատել է փաստաթղթեր, որոնք վավերացման կամ հաստատման պահին հակասել են օրենքով սահմանված կանոններին.»,

3) 6-րդ կետի.

ա. 1-ին նախադասությունում «որոշման մեջ (հրամանում)» բառերը փոխարինել «արդարադատության նախարարի հրամանում» բառերով,

բ. 2-րդ նախադասությունում «որոշումը (հրամանը)» բառերը փոխարինել «արդարադատության նախարարի հրամանը» բառերով:

 

Հոդված 11. Օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 16.

Նոտարի փոխարինումը և գործուղումը

 

1. Նոտարական տարածքում նոտարի ժամանակավոր բացակայության, ինչպես նաև սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով սահմանված հիմքերով պաշտոնից ազատման կամ սույն օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված հիմքով լիազորությունների դադարման դեպքերում արդարադատության նախարարն այդ տարածքի նոտարական սպասարկման լիազորությունների իրականացումը նոտարի ժամանակավոր բացակայության ժամանակահատվածում, իսկ պաշտոնից ազատման կամ լիազորությունների դադարման դեպքում՝ անժամկետ, կարող է դնել այլ նոտարական տարածք սպասարկող նոտարի վրա: Այս դեպքում նոտարն իրավունք ունի լրացուցիչ նոտարական տարածքն սպասարկել կամ իր նոտարական գրասենյակի, կամ լրացուցիչ տարածքի նոտարական գրասենյակի միջոցով:

2. Նոտարական տարածքում նոտարի ժամանակավոր բացակայության, ինչպես նաև սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով սահմանված հիմքերով պաշտոնից ազատման կամ սույն օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված հիմքով լիազորությունների դադարման դեպքերում արդարադատության նախարարը սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներին համապատասխանող նոտարի օգնականին կարող է նշանակել նոտարի ժամանակավոր պաշտոնակատար: Այս դեպքում նոտարի օգնականը օժտվում է նոտարի լիազորություններով և կրում է սույն օրենքով նոտարի համար նախատեսված բոլոր պարտականությունները և պատասխանատվությունը:

3. Նոտարին փոխարինողը գործում է իր անունից:

4. Ժամանակավոր բացակայության դեպքում նոտարին փոխարինելու հիմքերն են՝

1) ամենամյա արձակուրդում գտնվելը.

2) հղիության և ծննդաբերության արձակուրդը.

3) մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդը.

4) ժամանակավոր անաշխատունակությունը.

5) երեխայի կամ ընտանիքի անդամների հիվանդությունը (խնամքի անհրաժեշտության դեպքում).

6) գործուղումները.

7) վերապատրաստումները.

8) երկու աշխատանքային օրից ավելի աշխատավայրից փաստացի բացակայության այլ դեպքեր:

5. Նոտարը կարող է գործուղվել այլ նոտարական տարածք միայն իր համաձայնությամբ՝ արդարադատության նախարարի հրամանով:

 

Հոդված 17.

Վերահսկողությունը նոտարի գործունեության նկատմամբ

 

1. Նոտարական գործողությունների և նոտարի կողմից սույն օրենքով նախատեսված այլ ծառայությունների մատուցման, նոտարական էթիկայի կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է արդարադատության նախարարությունը` սույն օրենքով սահմանված դեպքերում և կարգով:

2. Արդարադատության նախարարության կողմից վերահսկողությունն իրականացվում է նոտարական գործողությունների և նոտարի մատուցած այլ ծառայությունների ծրագրային ուսումնասիրության միջոցով` տարեկան ծրագրի հիման վրա, որը հաստատում է արդարադատության նախարարը մինչև ուսումնասիրությանը նախորդող տարվա դեկտեմբերի 20-ը ներառյալ:

Ուսումնասիրության ենթակա ժամանակահատվածը և նոտարական գործողությունների կամ մատուցված այլ ծառայությունների տեսակները, ինչպես նաև ուսումնասիրություն կատարելու ժամկետը և վայրը սահմանվում են ուսումնասիրություն կատարելու մասին արդարադատության նախարարի հրամանով:

Ուսումնասիրությունն իրականացվում է նոտարական գրասենյակ այցելելու կամ առանց նոտարական գրասենյակ այցելելու՝ նոտարից նոտարական գործերը և այլ փաստաթղթեր պահանջելու միջոցով:

Ուսումնասիրության ընթացքում ուսումնասիրություն իրականացնողն իրավունք ունի գրավոր բացատրություններ և ուսումնասիրությանը վերաբերող նյութեր պահանջելու նոտարից, որոնք ենթակա են տրամադրման այդ մասին ծանուցումն ստանալու պահից մեկ շաբաթվա ընթացքում:

Ուսումնասիրություն կատարողն ուսումնասիրություն իրականացնելու մասին հրամանում նշված նպատակի շրջանակներից դուրս գալու իրավունք չունի։

Ուսումնասիրության ընթացքում նոր հանգամանքներ և անհրաժեշտություն առաջանալու դեպքում ուսումնասիրության նպատակներն ու շրջանակները կարող են փոփոխվել արդարադատության նախարարի հրամանով` ուսումնասիրություն իրականացնողի գրավոր հիմնավորմամբ։ Փոփոխման մասին գրավոր տեղեկացվում է նոտարը` նրան ներկայացնելով նոր հրամանի պատճենը։

3. Ուսումնասիրություն կատարելու մասին արդարադատության նախարարի հրամանի պատճենն ուսումնասիրությունն իրականացնելուց առնվազն երեք աշխատանքային օր առաջ ուղարկվում է արդարադատության նախարարի հրամանում նշված նոտարին:

Ուսումնասիրության արդյունքում արդարադատության նախարարի հրամանով սահմանված ուսումնասիրություն իրականացնողը կազմում է եզրակացություն:

Եզրակացության պատճենը տրամադրվում է նոտարին դիրքորոշում ներկայացնելու համար, որը կցվում է եզրակացությանը:

4. Ուսումնասիրության ենթարկված նոտարի մոտ հաջորդ ծրագրային ուսումնասիրությունը կարող է իրականացվել ոչ շուտ, քան դրան հաջորդող երկրորդ տարում:

5. Դատախազությունը, ոստիկանությունը, ազգային անվտանգության ծառայությունը, ինչպես նաև իրավապահ այլ մարմինները նոտարի նկատմամբ իրականացվող քրեադատավարական գործողությունների մասին մեկ աշխատանքային օրվա ընթացքում հայտնում են արդարադատության նախարարին:

Դատարանը իր վարույթում գտնվող կատարված կամ կատարվելիք՝ նոտարի գործողությունները վիճարկող գործերի մասին անմիջապես տեղեկություն է ուղարկում արդարադատության նախարարություն, ինչպես նաև կայացման պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է այդ գործերով կայացրած վճիռների կամ դատավճիռների պատճենները:

6. Նոտարի՝ իրականացվող և իրականացրած այլ գործունեության նկատմամբ պետական մյուս մարմինները հսկողություն կարող են իրականացնել միայն օրենքով ուղղակի նախատեսված դեպքերում և սահմաններում: Նոտարի գործողությունների նկատմամբ հսկողություն իրականացնող այլ մարմինները նոտարի մոտ ստուգումներ կատարելուց առաջ այդ մասին պետք է հայտնեն արդարադատության նախարարին: Արդարադատության նախարարին ուղարկվում են նաև ստուգումների արդյունքների վերաբերյալ ակտերի (արձանագրությունների) պատճենները:»:

 

Հոդված 12. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.1-ին հոդվածով.

 

«Հոդված 17.1

Ուսումնասիրության ենթակա նոտարի իրավունքներն ու պարտականությունները

 

1. Ուսումնասիրության ենթակա նոտարն իրավունք ունի`

1) արգելելու ուսումնասիրությունը, եթե ուսումնասիրություն իրականացնողը դուրս է եկել ուսումնասիրություն իրականացնելու մասին հրամանում նշված նպատակի շրջանակներից.

2) ծանոթանալու եզրակացությանը.

3) ներկայացնելու բացատրություններ, պարզաբանումներ, օրենքով սահմանված կարգով բողոքարկելու ուսումնասիրություն իրականացնող անձանց գործողությունները.

4) չկատարելու ուսումնասիրություն իրականացնող անձանց իրավասություններից, ինչպես նաև ուսումնասիրության նպատակներից և ծրագրերից չբխող պահանջները։

2. Ուսումնասիրության ենթակա նոտարը պարտավոր է`

1) չխոչընդոտել ուսումնասիրության ընթացքը, կատարել ուսումնասիրություն իրականացնող անձանց օրինական պահանջները.

2) ուսումնասիրություն իրականացնողի պահանջով ներկայացնել պահանջվող փաստաթղթերը, տվյալները։»:

 

Հոդված 13. Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Սույն հոդվածի 1-ին կետով սահմանված բողոքը արդարադատության նախարարություն ներկայացնելու դեպքում այն ուսումնասիրվում է սույն օրենքի 22-րդ հոդվածով սահմանված կարգով:»:

 

Հոդված 14. Օրենքի 20-րդ հոդվածի`

1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Իր իրավասության իրականացման համար նոտարն ունի գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ ու պարտականություններ, կարող է դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող կամ երրորդ անձ կամ կատարել օրենքին համապատասխան այլ գործողություններ:».

2) 3-րդ կետում «համայնքային հիմնարկներից» բառերը փոխարինել «տեղական ինքնակառավարման մարմիններից» բառերով:

 

Հոդված 15. Օրենքի 21-րդ հոդվածում`

1) 1-ին կետի վերջակետը փոխարինել միջակետով և լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ ենթակետ.

«5) առնվազն երեք տարին մեկ անգամ համապատասխան հաստատությունում արդարադատության նախարարության կողմից կազմակերպված վերապատրաստում անցնել՝ արդարադատության նախարարի սահմանած կարգով և պայմաններով:

Վերապատրաստման դասընթացների տևողությունը առնվազն 30, բայց ոչ ավելի, քան 60 ակադեմիական ժամ է: Ակադեմիական ժամի տևողությունը 40 րոպե է:

Նոտարի, նոտարի օգնականի վերապատրաստման դասընթացները կազմակերպում է արդարադատության նախարարությունը:».

2) 2-րդ կետի`

ա. 1-ին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Նոտարական գործողությունների և նոտարի կողմից մատուցվող այլ ծառայությունների կատարման համար դիմած անձանց նոտարը պարտավոր է նաև՝»,

բ. 1-ին ենթակետում «իրավաբանական» բառը փոխարինել «իրավական» բառով,

գ. 2-րդ ենթակետի 2-րդ պարբերությունը հանել.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին կետ`

«2.1. Նոտարական էթիկայի կանոնները հաստատում է արդարադատության նախարարը:».

4) 4-րդ կետի 2-րդ պարբերությունից հանել «կամ կողմերի մտադրությունների» բառերը.

5) 5-րդ կետից հանել «կամ նոտարական գրասենյակի» բառերը:

 

Հոդված 16. Օրենքի 22-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 22.

Նոտարի կարգապահական պատասխանատվությունը

 

1. Նոտարի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցում է արդարադատության նախարարը:

2. Արդարադատության նախարարը կարգապահական վարույթը հարուցում է սույն հոդվածի 4-րդ կետով սահմանված առիթների ուսումնասիրության արդյունքում՝ սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված կարգապահական խախտման հատկանիշների հայտնաբերման հիմքով:

3. Սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված ուսումնասիրությունն իրականացվում է փաստաթղթերը հետազոտելու, ինչպես նաև նոտարական գործողությունների նկատմամբ վերահսկողություն իրականացնող արդարադատության նախարարության աշխատակազմի համապատասխան առանձնացված ստորաբաժանման կամ դրա պաշտոնատար անձանց կողմից նոտարական գրասենյակ այցելելու կամ առանց նոտարական գրասենյակ այցելելու՝ նոտարից նոտարական գործերը և այլ փաստաթղթերը պահանջելու միջոցով: Սույն կետով նախատեսված գործողությունները պետք է կատարվեն կարգապահական վարույթում քննարկվող հարցերի շրջանակում։

Սույն կետում նշված փաստաթղթերը, նյութերը նոտարը տրամադրում է ծանուցումը ստանալու պահից երկու աշխատանքային օրվա ընթացքում:

4. Կարգապահական վարույթ հարուցելու առիթներն են՝

1) դիմումը կամ բողոքը.

2) պետական և տեղական ինքնակառավարման մարմնի, պաշտոնատար անձի հաղորդումը.

3) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը.

4) Արցախի Հանրապետության օրենքների, իրավական այլ ակտերի, ինչպես նաև նոտարական էթիկայի կանոնների խախտման հատկանիշների ինքնուրույն հայտնաբերումը.

5) նոտարական պրակտիկայի ամփոփման կամ ծրագրային ուսումնասիրության արդյունքում խախտման հատկանիշների հայտնաբերումը: Նոտարական գործողությունների պրակտիկայի միասնականության ապահովման նպատակով նոտարների գործունեության արդյունքներն ամփոփում է արդարադատության նախարարությունը:

5. Կարգապահական վարույթի տևողությունը չի կարող վեց շաբաթից ավելի լինել, որը կարող է երկարաձգվել մեկ անգամ՝ երեք շաբաթ ժամկետով: Նոտարը ծանուցվում է կարգապահական վարույթ հարուցելու մասին վարույթ հարուցելու պահից մեկ օրվա ընթացքում։

6. Կարգապահական վարույթն իրականացնող անձը կարգապահական վարույթում քննարկվող հարցերի շրջանակում իրավունք ունի՝

1) կարգապահական վարույթի ընթացքում նոտարից պահանջելու անհրաժեշտ փաստաթղթեր և տեղեկատվություն, որը պետք է նոտարի կողմից տրամադրվի պահանջը ստանալու պահից երկու աշխատանքային օրվա ընթացքում.

2) նոտարի գրասենյակում ծանոթանալու անհրաժեշտ փաստաթղթերին և նյութերին.

3) նոտարից պահանջելու գրավոր բացատրություններ.

4) դիմելու այն անձին, որի դիմումը կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել` լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկատվություն տալու առաջարկությամբ:

7. Նոտարը, որի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել, պարտավոր է արդարադատության նախարարին ներկայացնել գրավոր բացատրություններ:

Գրավոր բացատրություն ներկայացնելուց հրաժարվելու դեպքում այդ մասին նշում է կատարվում, որի վերաբերյալ ստորագրում է նոտարը, կամ նշում է կատարվում վերջինիս ստորագրելուց հրաժարվելու մասին:

Նոտարը, որի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել, իրավունք ունի չտրամադրելու՝ սույն հոդվածի 3-րդ կետով նախատեսված փաստաթղթերը, եթե դա չի բխում կարգապահական վարույթի շրջանակներից։

8. Մինչև արդարադատության նախարարի կողմից որոշում կայացնելը կարգապահական վարույթի նյութերին ծանոթանալու իրավունք ունի այն նոտարը, որի նկատմամբ վարույթ է հարուցվել: Նոտարին նյութերը հանձնվում են ոչ ուշ, քան արդարադատության նախարարի կողմից որոշում կայացնելու վերջնաժամկետից յոթ աշխատանքային օր առաջ: Նյութերը ստանալու պահից յոթ աշխատանքային օրվա ընթացքում նոտարն իրավունք ունի ներկայացնելու լրացուցիչ բացատրություններ կամ միջնորդություն հարուցելու լրացուցիչ ուսումնասիրություն կատարելու մասին:

9. Կարգապահական վարույթի արդյունքների հիման վրա արդարադատության նախարարը կայացնում է հետևյալ որոշումներից մեկը.

1) կարգապահական վարույթը կարճելու մասին.

2) նոտարին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին:

10. Արդարադատության նախարարն իր կողմից կարգապահական վարույթը կարճելու մասին որոշում կայացնելուց հետո չի կարող նույն հիմքով կրկին վարույթ հարուցել:

11. Արդարադատության նախարարը, վարույթին մասնակցած վկաները և այլ անձինք պարտավոր են պահպանել կարգապահական վարույթի գաղտնիությունը:

12. Կարգապահական վարույթ հարուցելու դեպքում կարգապահական պատասխանատվության ենթարկելու՝ սույն օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված ժամկետներն ընդհատվում են:

13. Եթե սույն օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված ժամկետների ընթացքում նոտարի նկատմամբ հարուցվել է քրեական գործ (հետապնդում), կամ դատարանում բողոքարկվում է խախտման հիմք հանդիսացող գործողության իրավաչափությունը, ապա կարգապահական վարույթ հարուցելու ժամկետի ընթացքը, իսկ կարգապահական վարույթը հարուցված լինելու դեպքում` հարուցված վարույթի ընթացքը կասեցվում է: Կարգապահական վարույթ հարուցելու ժամկետի կամ հարուցված վարույթի ընթացքը կասեցվում է մինչև քրեական գործով վերջնական լուծումը կամ դատարանի կողմից վերջնական դատական ակտի կայացումը: Քրեական գործի հարուցումը մերժելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու դեպքում, ինչպես նաև դատարանի կողմից կայացված դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո կարգապահական վարույթ հարուցելու ժամկետի կամ հարուցված վարույթի ընթացքը շարունակվում է կասեցման պահից՝ սույն օրենքով սահմանված կարգով:

14. Եթե նոտարի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել մի քանի փաստերի հիման վրա, ապա նրա նկատմամբ կիրառվում է ավելի խիստ կարգապահական տույժի միջոցը:»:

 

Հոդված 17. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 22.1-ին հոդվածով.

 

«Հոդված 22.1.

Կարգապահական վարույթի կարճման հիմքերը

 

1. Կարգապահական վարույթը կարճվում է, եթե՝

1) հիմնավորված չէ նոտարին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք հանդիսացող խախտման փաստը.

2) անցել է նոտարին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար նախատեսված ժամկետը.

3) նոտարի լիազորությունները դադարեցվել են, կամ նոտարն ազատվել է պաշտոնից:»:

 

Հոդված 18. Օրենքի 23-25-րդ հոդվածները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 23.

Նոտարի կարգապահական պատասխանատվության հիմքերը

 

1. Նոտարին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են`

1) նոտարի կողմից նոտարական գործունեության իրականացմանը, գործողության կատարմանը, մերժմանը, կասեցմանը, հետաձգմանը ներկայացվող՝ օրենքի և այլ իրավական ակտի պահանջն ակնհայտ խախտելը.

2) էթիկայի կանոններն ակնհայտ խախտելը.

3) վերապատրաստման դասընթացների առնվազն 20 տոկոսին առանց հարգելի պատճառի չմասնակցելը:

2. Նոտարի վավերացրած կամ հաստատած փաստաթուղթն անվավեր ճանաչելը կամ այն դատական կարգով փոփոխելն ինքնին չի առաջացնում այդ փաստաթուղթը վավերացրած կամ հաստատած՝ նոտարի պատասխանատվությունը, եթե դա չի փոփոխվել կամ անվավեր ճանաչվել նոտարական գործողություններ իրականացնելիս նոտարի կողմից թույլ տրված օրենքի պահանջների խախտման պատճառով:

Նոտարը չի կարող ենթարկվել պատասխանատվության, եթե վավերացրած կամ հաստատած փաստաթուղթն անվավեր, իսկ կատարած նոտարական գործողությունները ոչ իրավաչափ են ճանաչվել նրան ներկայացված կեղծ կամ անօրինական այնպիսի համաձայնագրերի կամ հայտարարությունների կամ այլ կեղծ փաստաթղթերի պատճառով, որոնց օրինականությունն ու ճշտությունը նոտարը չէր կարող կամ պարտավոր չէր ստուգել, եթե չի ապացուցվում, որ նոտարը գիտեր կամ պարտավոր էր իմանալ, որ ներկայացված համաձայնագրերի, հայտարարությունների կամ այլ փաստաթղթերի բովանդակությունը չի համապատասխանում իրականությանը:

3. Նոտարը չի կարող ենթարկվել կարգապահական պատասխանատվության, եթե սույն հոդվածի 1-ին կետով սահմանված խախտումներն առաջացրած գործողությունների կատարման պահից անցել է մեկ տարի, բացառությամբ սույն օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերով նախատեսված խախտումների, որոնց համար կարգապահական վարույթ չի կարող հարուցվել, եթե գործողությունների կատարման օրվանից անցել է երեք տարի:

 

Հոդված 24.

Նոտարի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը

 

1. Սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված հիմքերով նոտարի նկատմամբ կարող է նշանակվել հետևյալ կարգապահական տույժերից մեկը.

1) նախազգուշացում.

2) նկատողություն.

3) խիստ նկատողություն.

4) պաշտոնից ազատում:

2. Սույն հոդվածի 1-ին կետով սահմանված տույժերը կիրառում է արդարադատության նախարարը:

3. Նոտարին պաշտոնից ազատելը, որպես կարգապահական տույժի միջոց, կարող է կիրառվել նոտարի կողմից սույն օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերով նախատեսված խախտումների դեպքում:

4. Նոտարի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժը պետք է համաչափ լինի կատարված խախտմանը: Կարգապահական տույժ կիրառելիս հաշվի են առնվում նաև խախտման հետևանքները, նոտարի մեղքի աստիճանը, առկա տույժերը, նոտարին բնութագրող ուշադրության արժանի այլ հանգամանքներ:

5. Եթե նկատողություն կամ խիստ նկատողություն ստանալու օրվանից հետո` երկու տարվա ընթացքում, իսկ նախազգուշացում ստանալու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, նոտարը չի ենթարկվել նոր կարգապահական տույժի, ապա նա համարվում է կարգապահական տույժ չունեցող:

Կարգապահական տույժի նշանակումը նոտարը կարող է բողոքարկել դատարան՝ տույժը կիրառելու մասին որոշումը ստանալուց հետո՝ երկու ամսվա ընթացքում:

 

Հոդված 25.

Նոտարի գույքային պատասխանատվությունը

 

1. Նոտարը Քաղաքացիական օրենսգրքով սահմանված գույքային պատասխանատվություն է կրում իր կողմից դիտավորությամբ կամ անզգուշությամբ թույլ տրված խախտման հետևանքով պատճառված վնասի համար:

Նոտարի՝ պաշտոնից ազատվելու դեպքում նոտարի կատարած նոտարական գործողությունների կամ նոտարական այլ ծառայությունների կատարման կամ դրանց կատարումը մերժելու իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով դատարանում որպես պատասխանող հանդես է գալիս արդարադատության նախարարությունը, իսկ վնասի, այդ թվում՝ դատական ծախսերի հատուցման պահանջներով՝ պաշտոնից ազատված նոտարը: Նոտարի նշված պարտավորությունը ժառանգման կարգով իրավահաջորդության ենթակա չէ:

2. Նոտարի վարչարարության հետևանքով պատճառված վնասը (բացառությամբ պետական բյուջե գանձված գումարները պետական բյուջեի մուտքերի համապատասխան հաշիվներից վերադարձնելու դեպքերի) փոխհատուցվում է մատուցվող ծառայությունների դիմաց գանձված վճարներից գոյացած արտաբյուջետային միջոցների հաշվին:

Արտաբյուջետային միջոցների անբավարարության դեպքում նոտարի վարչարարության հետևանքով պատճառված վնասն Արցախի Հանրապետության պետական բյուջեի պահուստային ֆոնդի կամ Արցախի Հանրապետության պետական բյուջեի այլ միջոցների հաշվին հատուցվելու դեպքում այդ նպատակով տրամադրված միջոցները վերականգնվում են նոտարների կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձված վճարներից գոյացած արտաբյուջետային միջոցների հաշվին՝ Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով։ Ընդ որում, օրենքով սահմանված կարգով նոտարներին ներկայացված հետադարձ պահանջների բավարարումից ստացվող գումարներն ուղղվում են արտաբյուջետային միջոցների համալրմանը։ Արտաբյուջետային միջոցների օգտագործման կարգը և առաջնահերթությունները սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը:»:

 

Հոդված 19. Օրենքի 27-րդ հոդվածում`

1) 1-ին կետի 13-րդ ենթակետում «արժեթղթեր» բառից հետո լրացնել «, թանկարժեք մետաղներ, քարեր և տալիս է վկայագիր» բառերը.

2) 1-ին կետում վերջակետը փոխարինել միջակետով և լրացնել հետևյալ բովանդակությամբ 17-22-րդ ենթակետեր.

 «17) հավատարմագրային կառավարման է հանձնում ժառանգական գույքը.

18) տալիս է կտակակատարի լիազորությունների հավաստման վկայագրեր.

19) բոլոր ժառանգների համաձայնությամբ չեղյալ է համարում նախկինում տրված ժառանգության իրավունքի վկայագրերը.

20) վավերացնում է իր վստահած թարգմանչի ստորագրության իսկությունը.

21) տալիս է նոտարական ակտերի կրկնօրինակներ.

22) իրականացնում է օրենքով նախատեսված նոտարական այլ գործողություններ:».

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետ.

«3. Նոտարը, սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված նոտարական գործողություններից բացի, հաստատում է իրավաբանական նշանակություն ունեցող փաստերը:»:

 

Հոդված 20. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 27.1-ին հոդվածով.

 

«Հոդված 27.1.

Նոտարական ակտը

 

1. Նոտարի կողմից իրականացվող նոտարական գործողությունների արդյունքում կայացվող որոշումը, գործարքի կամ այլ փաստաթղթի հաստատումը կամ վավերացումը հանդիսանում են նոտարական ակտ:

2. Նոտարական ակտը պետք է բովանդակի`

1) նոտարական ակտի համարը, ընդունման տարին, ամիսը, ամսաթիվը.

2) նոտարական տարածքը, նոտարի անունը, ազգանունը.

3) նոտարի ստորագրությունը և կնիքը.

4) առկայության դեպքում` պետական տուրքի և նոտարի մատուցած ծառայությունների վճարի չափը.

5) օրենքով սահմանված այլ պարտադիր պայմաններ:»:

 

Հոդված 21. Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին կետից և 2-րդ կետի 2-րդ, 3-րդ պարբերություններից հանել «և գործունակությունը» բառերը:

 

Հոդված 22. Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետում «պարտավոր է նոտարական գործողությունների համար դիմած անձանցից պահանջել ներկայացնելու» բառերը փոխարինել «նոտարական գործողությունների համար դիմած անձանցից պահանջում է ներկայացնել» բառերով:

 

Հոդված 23. Օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ պարբերությունից հանել «մինչև տասնութ տարեկան» բառերը:

 

Հոդված 24. Օրենքի 35-րդ հոդվածի 4-րդ կետի 1-ին պարբերությունում «նոտարական փաստաթուղթը» բառերը փոխարինել «նոտարական ակտը» բառերով:

 

Հոդված 25. Օրենքի 36-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 36.

Նոտարական կարգով վավերացված կամ հաստատված փաստաթղթերում ուղղումներ կատարելու կարգը

 

1. Նոտարն ուղղում է իր վավերացրած կամ հաստատած փաստաթղթերում տեղ գտած լեզվական կամ տպագրական սխալները, եթե դրանք չեն փոխում փաստաթղթի էությունը և բովանդակությունը։ Ուղղումները պետք է կատարվեն այնպես, որ բոլոր սխալները և ուղղումները հնարավոր լինի կարդալ նախնական տեքստում: Ուղղումները կատարվում են փաստաթղթերի բոլոր օրինակների վրա, բացառությամբ երբ անհնար է ներկայացնել բոլոր օրինակները: Սույն կետի կանոնները տարածվում են նաև նոտարին փոխանցված այլ նոտարի կողմից վավերացված կամ հաստատված փաստաթղթերի վրա։

2. Վավերացված կամ հաստատված փաստաթղթերում թվի մեջ թվանշան կամ բառի մեջ տառ բաց թողնված լինելու կամ թիվը կամ բառը սխալ գրված լինելու դեպքերում դրանք վերցվում են օղակի մեջ, և գրվում է լրիվ ճիշտ թիվը կամ բառը: Ուղղումները պետք է ծանոթագրի նոտարը:

3. Վավերացված կամ հաստատված փաստաթղթում ուղղումներ կատարելու անհնարինության դեպքում նոտարը ուղղումը կատարում է առանձին փաստաթղթի տեսքով, ծանոթագրում այն և կցում վավերացված կամ հաստատված փաստաթղթին: Առանձին փաստաթղթի տեսքով կատարված ուղղումը հանդիսանում է վավերացված կամ հաստատված փաստաթղթի անբաժանելի մասը:

4. Ծանոթագրման մեջ նշվում է, որ ուղղումը կատարել է նոտարը, ինչպես նաև նշվում են դրա կատարման օրը, ամիսը և տարին: Ծանոթագրումը ստորագրում և կնքում է նոտարը:

5. Նոտարական գործողություններին մասնակցած անձինք իրավունք չունեն ուղղումներ, փոփոխություններ կամ լրացումներ կատարելու վավերացված կամ հաստատված փաստաթղթում:

6. Սույն հոդվածի պահանջների խախտմամբ կատարված ուղղումները, վավերացված կամ հաստատված փաստաթղթերում որևէ այլ փոփոխություններն ու լրացումներն առ ոչինչ են:»:

 

Հոդված 26. Օրենքի 37-րդ հոդվածի 5-րդ կետում և 38-րդ հոդվածի 3-րդ կետում «նոտարական գործողության գաղտնիության» բառերը փոխարինել «նոտարական գաղտնիքի» բառերով:

 

Հոդված 27. Օրենքի 40-րդ հոդվածի`

1) 1-ին կետում «սեղանամատյանում» բառը փոխարինել «գրանցամատյանում» բառով.

2) 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 28. Օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Եթե ներկայացված փաստաթղթերը լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտություն չունեն, ապա նոտարը նոտարական գործողությունը մերժելու մասին որոշումը կայացնում է իրեն դիմելու օրը կամ դիմումը ներկայացնելու հաջորդ օրը: Ներկայացված փաստաթղթերը լրացուցիչ ուսումնասիրելու անհրաժեշտության դեպքում նոտարը նոտարական գործողությունը մերժելու մասին որոշում է կայացնում մինչև դիմելու օրվան հաջորդող հինգերորդ օրը:»:

 

Հոդված 29. Օրենքի 44-րդ հոդվածի`

1) 1-ին կետում «Նոտարական փաստաթղթերի» բառերը փոխարինել «Նոտարական ակտերի» բառերով.

2) 4-րդ կետում «նոտարական փաստաթղթի» բառերը փոխարինել «նոտարական ակտի» բառերով.

3) 5-րդ կետում «նոտարական փաստաթուղթը» բառերը փոխարինել «նոտարական ակտը» բառերով:

 

Հոդված 30. Օրենքի 45-րդ հոդվածի`

1) 1-ին կետի 12-րդ ենթակետում «արժեթղթեր» բառից հետո լրացնել «, թանկարժեք մետաղներ, քարեր և տալիս է վկայագիր» բառերը.

2) 1-ին կետի վերջակետը փոխարինել միջակետով և լրացնել հետևյալ բովանդակությամբ 14-17-րդ ենթակետեր.

«14) հավատարմագրային կառավարման են հանձնում ժառանգական գույքը.

15) տալիս են կտակակատարի լիազորությունների հավաստման վկայագրեր.

16) բոլոր ժառանգների համաձայնությամբ չեղյալ են համարում նախկինում տրված ժառանգության իրավունքի վկայագրերը.

17) տալիս են նոտարական ակտերի կրկնօրինակներ:»:

 

Հոդված 31. Օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Գործարքներում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու կամ դրանք վաղակետ լուծելու վերաբերյալ գործարքները վավերացնում է հիմնական գործարքը վավերացրած նոտարը, բացառությամբ նոտարին փոխարինելու և պաշտոնից ազատելու դեպքերի:

Նոտարի բացակայության դեպքում սույն կետով նախատեսված նոտարական գործողությունը կատարում է նոտարին փոխարինողը:»:

 

Հոդված 32. Օրենքի 47-րդ հոդվածում`

1) 4-րդ կետի 2-րդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Կտակում փոփոխություններ ու լրացումներ կատարելու, ինչպես նաև կտակը վերացնելու մասին դիմումը վավերացնում է հիմնական կտակը վավերացրած նոտարը, բացառությամբ նոտարին փոխարինելու և պաշտոնից ազատելու դեպքերի:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին կետ.

«4.1. Նոտարին փոխարինելու դեպքում սույն հոդվածի 4-րդ կետով նախատեսված նոտարական գործողությունը կատարում է նոտարին փոխարինողը:».

3) 5-րդ կետի 2-րդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Կտակը վերացնելու կամ փոփոխելու մասին դիմումը վավերացվում է կտակի վավերացման համար սահմանված կարգով:».

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ կետ.

«7. Նոտարը ժառանգության բացման մասին տեղեկանալու պահից ծանուցում է ժառանգներին կտակի առկայության մասին:»:

 

Հոդված 33. Օրենքի 53-րդ հոդվածում`

1) 3-րդ կետում «համայնքի ղեկավարին» բառերը փոխարինել «համայնքին` ի դեմս ղեկավարի» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետ.

«4. Նախկինում տրված ժառանգության իրավունքի վկայագիրը բոլոր ժառանգների համաձայնությամբ չեղյալ է համարում ժառանգության իրավունքի վկայագիր տված նոտարը, բացառությամբ նոտարին փոխարինելու և պաշտոնից ազատելու դեպքերի:»:

 

Հոդված 34. Օրենքի 60-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 60.

Քաղաքացու` որոշակի վայրում գտնվելու փաստի հաստատումը

 

1. Նոտարը քաղաքացու դիմումով հաստատում է նրա` որոշակի վայրում գտնվելու փաստը և տալիս է վկայագիր:

2. Անգործունակ ճանաչված անձի` որոշակի վայրում գտնվելու փաստը հաստատվում է նրա օրինական ներկայացուցիչների (ծնողների, որդեգրողների, խնամակալի), ինչպես նաև այն կազմակերպությունների դիմումի հիման վրա, որոնց խնամքի տակ է անգործունակը:»:

 

Հոդված 35. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 16.1-ին գլխով.

 

«Գ Լ Ո Ւ Խ 16.1

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՓԱՍՏԵՐ ՀԱՍՏԱՏԵԼԸ

 

Հոդված 72.1.

Իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր հաստատելը

 

1. Նոտարը հաստատում է այն փաստերը, որոնցից կախված են քաղաքացիների կամ իրավաբանական անձանց անձնական կամ գույքային իրավունքների ծագումը, փոփոխումը կամ դադարումը:

2. Նոտարը հաստատում է հետևյալ փաստերը`

1) անձանց ազգակցական հարաբերությունները.

2) անձի` ուրիշի խնամքի տակ լինելը.

3) ծննդյան, որդեգրման (դստերագրման), ամուսնության, ամուսնալուծության և մահվան գրանցումը.

4) ժառանգությունն ընդունելը և ժառանգության բացման վայրը.

5) իրավունք սահմանող փաստաթղթերի պատկանելությունը, բացառությամբ անձնագրի և զինվորական փաստաթղթերի.

6) սեփականության իրավունքով գույքի տիրապետումը.

7) անձանց բանավոր հայտարարությունները:

3. Նոտարը օրենքով նախատեսված դեպքերում հաստատում է իրավաբանական նշանակություն ունեցող այլ փաստեր:

4. Իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման վերաբերյալ դիմումում պետք է նշվի, թե ինչ նպատակի համար է դիմողին անհրաժեշտ տվյալ փաստի հաստատումը, ինչպես նաև բերվեն դիմողի կողմից պատշաճ փաստաթղթեր ստանալու կամ կորցրած փաստաթղթերը վերականգնելու անհնարինությունը հաստատող ապացույցներ:

5. Նոտարը իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատում է միայն այն դեպքում, եթե դիմողը հնարավորություն չունի այլ կարգով ստանալու այդ փաստը հավաստող պատշաճ փաստաթղթեր, կամ անհնար է վերականգնել կորցրած փաստաթղթերը:

6. Իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատելու վերաբերյալ նոտարական ակտը հիմք է համապատասխան մարմինների կողմից այդ փաստը գրանցելու կամ հաստատված փաստի կապակցությամբ ծագած իրավունքները ձևակերպելու համար:

7. Իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատելու վերաբերյալ նոտարական ակտը կարող է օգտագործվել միայն նոտարական ակտում նշված նպատակով։

8. Իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատելու վերաբերյալ նոտարական ակտը պետք է բովանդակի՝

1) սույն օրենքի 27.1-ին հոդվածի 2-րդ կետով սահմանված պայմանները.

2) իրավաբանական նշանակություն ունեցող փաստը, որը հաստատվում է տվյալ նոտարական ակտով.

3) իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատելու կամ մերժելու հիմքերը.

4) իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատելու նպատակը:

9. Նոտարն ընդունում է իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատելու վերաբերյալ նոտարական ակտ, եթե`

1) ներկայացված փաստաթղթերը բավարար են իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատելու համար.

2) հաստատման ենթակա իրավաբանական նշանակություն ունեցող փաստը բխում է ներկայացված փաստաթղթերում առկա տվյալներից.

3) բացակայում է նյութաիրավական նորմերի պահանջների հետ անհամապատասխանությունը.

4) դիմողը հնարավորություն չունի այլ կարգով ստանալու կամ վերականգնելու իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հավաստող փաստաթղթերը, կամ դրա հնարավորությունն օրենքի ուժով սպառված է.

5) պահպանված են սույն հոդվածի 4-րդ կետի պահանջները.

6) իրավաբանական նշանակություն ունեցող փաստն անվիճելի է:

10. Սույն հոդվածի 9-րդ կետի պահանջները պահպանված չլինելու դեպքում նոտարը մերժում է փաստի հաստատումը։

 

Հոդված 72.2.

Նոտարի կողմից անձանց բանավոր հայտարարությունները հաստատվելը

 

1. Նոտարը հաստատում է անձի կողմից իր մոտ արված բանավոր հայտարարությունը, որին կցվում է նաև այդ անձի տված հայտարարությունը ճշմարտացի լինելու երդման հավաստիացումը:

2. Երդման հավաստիացումը կատարվում է նոտարի մոտ առնվազն երկու վկաների ներկայությամբ` բանավոր հայտարարելով և երդման հավաստիացումը երդվող անձի կողմից ստորագրվելու միջոցով։ Երդմամբ ֆիզիկական անձը հավաստում է արված հայտարարության ճշմարտացիությունը և ստորագրում է իր հայտարարությունն ու երդման հավաստիացումը: Վկաները ստորագրությամբ հավաստում են, որ հայտարարությունը և երդման հավաստիացումը կատարվել են իրենց ներկայությամբ:

3. Երդման հավաստիացմամբ անձը հաստատում է, որ տեղյակ է կեղծ երդում տալու դեպքում քրեական պատասխանատվության մասին:

4. Սույն հոդվածի 1-ին կետով սահմանված կարգով նոտարի հաստատած բանավոր հայտարարություններն ապացուցողական ուժ ունեն դատարանում և այլ պետական մարմիններ ներկայացնելիս:»:

 

Հոդված 36. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին կետում, 4-րդ հոդվածի 1-ին կետում, 7-րդ հոդվածի 1-ին կետում, 8-րդ հոդվածի 5-րդ կետում, 10-րդ հոդվածի 4-րդ կետում, 14-րդ հոդվածի 3-րդ կետում, 15-րդ հոդվածի 1-ին կետի 9-րդ ենթակետում և 2-րդ կետում, 19-րդ հոդվածում, 21-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետում, 30-րդ հոդվածի 1-ին կետում, 31-րդ հոդվածի 2-րդ կետում, 45-րդ հոդվածում, 74-76-րդ, 78-79-րդ հոդվածներում, 81-րդ հոդվածում «Լեռնային Ղարաբաղի» բառերը փոխարինել «Արցախի» բառով:

 

Հոդված 37. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետով Օրենքի 27-րդ հոդվածում լրացվող 3-րդ կետի և սույն օրենքի 35-րդ հոդվածով Օրենքում լրացվող 16.1-ին գլխի:

2. Սույն օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետով Օրենքի 27-րդ հոդվածում լրացվող 3-րդ կետը և սույն օրենքի 35-րդ հոդվածով Օրենքում լրացվող 16.1-ին գլուխն ուժի մեջ են մտնում 2021 թվականի հունվարի 1-ից:

3. Սույն օրենքի 20-րդ հոդվածով լրացվող Օրենքի 27.1-ին հոդվածի պահանջները տարածվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ընդունված նոտարական ակտերի նկատմամբ:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

2019թ. հունիսի 11

Ստեփանակերտ

ՀՕ-26-Ն