Համարը 
ՀՕ-60-Ն
Տեսակը 
Մայր
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2018.11.20/19(359)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
31.10.2018
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
12.11.2018
Վավերացնող մարմինը 
 
Վավերացման ամսաթիվը 
 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
21.11.2018
Ուժը կորցնելու ամսաթիվը 
 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ՕՐԵՆՔԸ ԼՂՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2018 թվականի

հոկտեմբերի 31-ին

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2013 թվականի ապրիլի 25-ի քրեական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 172-րդ հոդվածում`

1) վերնագիրը «Ծնողներից» բառից հետո լրացնել «կամ այն անձանցից, որոնց վրա դրված է երեխայի դաստիարակության և խնամքի պարտականությունը» բառերով.

2) 1-ին մասը «առանց ծնողների» բառերից հետո լրացնել «կամ երեխայի դաստիարակությունը և խնամքն իրականացնող այլ անձանց» բառերով:

 

Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 172.1-ին հոդվածով.

 

«Հոդված 172.1.

Ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելը

 

1. Երեխայի հետ բնակվող ծնողի կողմից երեխայի հետ չբնակվող ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև դատական կարգով սահմանված տեսակցության իրականացմանը մեկ ամսվա ընթացքում երեք կամ ավելի անգամ, ինչպես նաև մեկ տարվա ընթացքում հինգ կամ ավելի անգամ խոչընդոտելը կամ տեսակցություն իրականացնելուց առանց հարգելի պատճառների խուսափելը`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մինչև երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով:»:

 

Հոդված 3. Օրենսգրքի 176-րդ հոդվածում`

1) վերնագիրը «չկատարելը» բառից հետո լրացնել «կամ ոչ պատշաճ կատարելը» բառերով.

2) 1-ին մասը «դաստիարակության» բառից հետո լրացնել «և խնամքի» բառերով, իսկ «կատարելը» բառից հետո՝ «, որն առաջացրել է երեխայի իրավունքների և օրինական շահերի էական խախտում» բառերով:

 

Հոդված 4. Օրենսգրքի 178-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 178.

Խնամատար ծնողի, խնամակալի կամ հոգաբարձուի իրավունքները չարաշահելը

 

1. Խնամատարությունը, խնամակալությունը կամ հոգաբարձությունը շահադիտական կամ այլ անձնական դրդումներով օգտագործելը կամ հոգեզավակին (խնամարկյալին) առանց հսկողության կամ անհրաժեշտ աջակցության կամ օգնության թողնելը, որն առաջացրել է հոգեզավակի (խնամարկյալի) իրավունքների և օրինական շահերի էական խախտում`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ կալանքով՝ մինչև երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:»:

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

2018թ. նոյեմբերի 12

Ստեփանակերտ

ՀՕ-60-Ն