Համարը 
ՀՕ-68-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2011.12.29/25(187)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
30.11.2011
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
24.12.2011
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2012
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ ԼՂՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2011 թվականի

 նոյեմբերի 30-ին

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2008 թվականի դեկտեմբերի 17-ի քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ` օրենսգիրք) 17-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերաքննիչ դատարանում (այսուհետ` վերաքննիչ դատարան) վերաքննիչ բողոքները քննվում են կոլեգիալ` երեք դատավորի կազմով:»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 23-րդ հոդվածի 1-ին մասում`

1) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) ներկայացնել ինքնաբացարկի մասին միջնորդություն.».

2) 4-րդ կետը «բացատրություններ» բառից հետո լրացնել «և ցուցմունքներ» բառերը:

 

Հոդված 3. Օրենսգրքի 106-րդ հոդվածում`

1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 106.

Դատարանի կողմից կիրառվող սանկցիաները».

 

2) 1-ին մասի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Դատարան ներկայանալուց չարամտորեն խուսափելու կամ դատավարական իրավունքներից անբարեխղճորեն օգտվելու կամ դատավարական պարտականություններն անհարգելի չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, դատավորի օրինական կարգադրությունները չկատարելու, դատական նիստի բնականոն ընթացքը խոչընդոտելու կամ նիստի կարգը խախտող այլ գործողություն կատարելու միջոցով դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքում դատարանն իրավունք ունի գործին մասնակցող անձանց, ներկայացուցիչների և դատական նիստին ներկա գտնվող այլ անձանց նկատմամբ կիրառելու հետևյալ սանկցիաները.».

 3) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ և երրորդ պարբերություններով.

«Գործին մասնակցող անձանց նկատմամբ նիստերի դահլիճից հեռացումը կարող է կիրառվել ոչ ավելի, քան 36 ժամով, իսկ դատական նիստին ներկա գտնվող այլ անձանց նկատմամբ` որոշակի ժամկետով կամ մինչև դատաքննության ավարտը:

Գործին մասնակցող` նիստերի դահլիճից հեռացված անձի փաստաբանի կամ այլ ներկայացուցչի հիմնավորված միջնորդությամբ դատարանն իրավունք ունի մինչև սանկցիայի կիրառման ժամկետի լրանալը վերականգնելու հեռացված անձի մասնակցությունը դատական նիստին:».

4) 6-րդ մասի «գործին մասնակցող անձանց, փաստաբան չհանդիսացող ներկայացուցիչների և դատավարության այլ մասնակիցների» բառերը փոխարինել «գործին մասնակցող անձանց և փաստաբան չհանդիսացող ներկայացուցիչների» բառերով.

5) 7-րդ մասի «կիրառվում են բացառապես» բառերը փոխարինել «կարող են կիրառվել» բառերով.

6) 8-րդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Դատական տուգանք կիրառելու մասին առաջին ատյանի դատարանի և վերաքննիչ դատարանի որոշումները կարող են բողոքարկվել հրապարակվելուց հետո` եռօրյա ժամկետում:».

7) 9-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9. Եթե դատարանը գտնում է, որ գործին մասնակցող անձը, ներկայացուցիչը կամ դատական նիստին ներկա գտնվող այլ անձը դատարանի նկատմամբ դրսևորել է անհարգալից վերաբերմունք, որն առաջացնում է քրեական պատասխանատվություն, ապա դատավորը կարող է սույն հոդվածով սահմանված կարգով կարգազանց անձի նկատմամբ կիրառել դատական սանկցիա և պարտավոր է քրեական գործ հարուցելու միջնորդությամբ դիմել դատախազին:»:

 

Հոդված 4. Օրենսգրքի 116-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 116.

Արագացված դատաքննության հիմքերը

 

1. Դատարանը կիրառում է արագացված դատաքննություն, եթե`

1) կողմերը գրավոր համաձայնություն են ներկայացրել գործով արագացված դատաքննություն կիրառելու վերաբերյալ կամ

2) կողմերը գրավոր տեղեկացրել են դատարանին դատաքննությանն իրենց չմասնակցելու մասին կամ

3) դատարանը հանգում է այն եզրակացության, որ`

ա. գործի էությունից բխում է դրա անհապաղ քննության անհրաժեշտությունը,

բ. գործով ապացուցման ենթակա փաստերի մասին հնարավոր է եզրակացության հանգել գործում առկա ապացույցների հետազոտման և գնահատման հիման վրա և չկա իրավունքի հետ կապված վեճ,

գ. հայցն ակնհայտ հիմնավոր է կամ

դ. հայցն ակնհայտ անհիմն է:

2. Արագացված դատաքննություն կիրառելու հիմքերն են, մասնավորապես, այն դեպքերը, երբ`

1) պահանջը հիմնված է անվիճելի իրավունքի վրա` նախապես գնահատված վնասով.

2) ներկայացվել է հայրությունը որոշելու հետ չկապված ալիմենտներ բռնագանձելու վերաբերյալ պահանջ.

3) ներկայացվել է աշխատանքային վեճի հետ կապված պահանջ.

4) չեն ներկայացվել պահանջը հաստատող ապացույցներ:

3. Արագացված դատաքննություն կիրառելու մասին դատարանը կայացնում է որոշում:»:

 

 Հոդված 5. Օրենսգրքի 117-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

 

 Հոդված 6. Օրենսգրքի 118-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 118.

Արագացված դատաքննության կիրառումը դադարեցնելը

 

1. Եթե գործի արագացված դատաքննության ընթացքում դատարանը գալիս է համոզման, որ վերացել են արագացված դատաքննության հիմքերը, ապա դատարանը որոշում է կայացնում արագացված դատաքննության կիրառումը դադարեցնելու մասին: Նման որոշում կայացնելու դեպքում դատարանը գործի դատաքննությունն իրականացնում է սույն օրենսգրքի 17-րդ գլխով սահմանված կարգով:»:

 

 Հոդված 7. Օրենսգրքի 119-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 119.

Արագացված դատաքննության կարգը

 

1. Արագացված դատաքննություն կիրառելու մասին որոշում կայացնելուց հետո դատարանն անցնում է գործն ըստ էության լուծող դատական ակտի կայացմանը:»:

 

Հոդված 8. Օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին մասի «վճիռը» բառը փոխարինել «գործն ըստ էության լուծող դատական ակտը» բառերով:

 

Հոդված 9. Օրենսգրքի 173-րդ հոդվածում`

1) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-րդ կետով.

«10) իրավաբանական նշանակություն ունեցող այլ փաստերին:».

2) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 10. Օրենսգրքի 4-րդ բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Բ Ա Ժ Ի Ն 4

 

ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԸ ՆՈՐ ԵՐԵՎԱՆ ԵԿԱԾ ԿԱՄ ՆՈՐ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՈՎ ՎԵՐԱՆԱՅԵԼՈՒ ՎԱՐՈՒՅԹԸ

 

Գ Լ ՈՒ Խ 35

 

ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԸ ՆՈՐ ԵՐԵՎԱՆ ԵԿԱԾ ԿԱՄ ՆՈՐ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՈՎ ՎԵՐԱՆԱՅԵԼՈՒ ՎԱՐՈՒՅԹԸ

 

Հոդված 194.

Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտը վերանայող դատարանը

 

1. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերանայման ենթակա է միայն օրինական ուժի մեջ մտած դատական ակտը:

2. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով առաջին ատյանի դատարանի դատական ակտը վերանայում է վերաքննիչ դատարանը, իսկ վերաքննիչ և Գերագույն դատարանների դատական ակտերը` Գերագույն դատարանը:

 

Հոդված 195.

Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձինք

 

1. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոք ներկայացնելու իրավունք ունեն`

1) գործին մասնակցող անձինք և նրանց իրավահաջորդները.

2) այն անձինք, ովքեր օրենքի դրույթի սահմանադրականության հարցի վերաբերյալ Գերագույն դատարանի որոշման ընդունման օրվա դրությամբ ունեցել են այդ իրավունքը «Սահմանադրական դատավարության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի պահանջներին (ժամկետներին) համապատասխան իրացնելու հնարավորություն կամ նույն օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ կամ 5-րդ կետերի ուժով զրկված են եղել Գերագույն դատարանում իրենց գործի քննության հնարավորությունից:

 

Հոդված 196.

Նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտի վերանայման հիմքերը

 

Նոր երևան եկած հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե`

1) բողոք ներկայացրած անձն ապացուցում է, որ այդ հանգամանքները հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել գործին մասնակցող անձանց, կամ այդ հանգամանքները հայտնի են եղել գործին մասնակցող անձանց, բայց նրանցից անկախ պատճառներով չեն ներկայացվել դատարան, և այդ հանգամանքները գործի լուծման համար ունեն էական նշանակություն.

2) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատված` վկայի ակնհայտ կեղծ ցուցմունքները, փորձագետի ակնհայտ կեղծ եզրակացությունը, թարգմանչի ակնհայտ սխալ թարգմանությունը, փաստաթղթերի կամ իրեղեն ապացույցների կեղծված լինելը հանգեցրել են ապօրինի կամ չհիմնավորված դատական ակտ կայացնելուն.

3) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատվել է, որ գործին մասնակցող անձինք կամ նրանց ներկայացուցիչները կամ դատավորը, գործի քննության հետ կապված, կատարել են հանցավոր արարք.

4) վերացվել է այն դատական ակտը, դատավճիռը, վարչական կամ տեղական ինքնակառավարման մարմնի որոշումը, որը հիմք է ծառայել տվյալ վճռի կայացման համար:

 

Հոդված 197.

Նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման հիմքերը

 

Նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն դատարանի` ուժի մեջ մտած որոշմամբ ամբողջությամբ կամ մի մասով հակասահմանադրական է ճանաչվել այն օրենքը կամ իրավական ակտը, որը կիրառել է դատարանը:

 

Հոդված 198.

Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոք ներկայացնելու ժամկետը

 

1. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոք կարող է բերվել երեք ամսվա ընթացքում այն պահից, երբ բողոք բերող անձն իմացել է կամ կարող էր իմանալ դրանց ի հայտ գալու մասին:

2. Սույն օրենսգրքի 197-րդ հոդվածով նախատեսված դեպքում եռամսյա ժամկետի հաշվարկն սկսվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն դատարանի համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից:

3. Դատական ակտի վերանայման բողոք չի կարող ներկայացվել, եթե դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո անցել է քսան տարի:

 

Հոդված 199.

Բողոքի բովանդակությունը

 

Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտը վերանայելու բողոքը պետք է պարունակի`

1) այն դատարանի անվանումը, որին բողոքը հասցեագրվում է.

2) վերանայման ենթակա դատական ակտի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը.

3) դատական ակտի վերանայման համար հիմք դարձած նոր երևան եկած կամ նոր հանգամանքի շարադրանքը.

4) բողոքով ներկայացվող պահանջը` ըստ համապատասխան նոր երևան եկած կամ նոր հանգամանքի.

5) բողոք ներկայացրած անձի անունը, ազգանունը (անվանումը).

6) բողոքին կցվող փաստաթղթերի ցանկը:

 

Հոդված 200.

Դատական ակտի վերանայման վարույթ հարուցելը

 

1. Դատարանը, սույն օրենսգրքի 134-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով, բողոքը ստանալուց հետո` մեկամսյա ժամկետում, որոշում է կայացնում նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման վարույթ հարուցելու կամ բողոքը վերադարձնելու մասին:

2. Դատարանը դատական ակտի վերանայման վարույթ հարուցելու վերաբերյալ որոշում կայացնելուց հետո այն պատշաճ ձևով ուղարկում է բողոք ներկայացրած անձին և գործին մասնակցող անձանց` նշելով բողոքի քննության ժամանակը և վայրը:

3. Դատական ակտի վերանայման վարույթ հարուցելու վերաբերյալ որոշմամբ դատարանը կարող է միաժամանակ լրիվ կամ մասամբ կասեցնել դատական ակտի գործողությունը:

4. Դատական ակտի վերանայման բողոքը վերադարձվում է, եթե`

1) չեն պահպանվել սույն օրենսգրքի 199-րդ հոդվածով նախատեսված պահանջները.

2) բողոքում նշված դատական ակտի վերանայումը ընդդատյա չէ այն դատարանին, որին հասցեագրվել է բողոքը.

3) բողոքը ներկայացվել է դրա համար սույն օրենսգրքով նախատեսված ժամկետի խախտմամբ, և բողոք ներկայացրած անձը միջնորդություն չի ներկայացրել դա վերականգնելու մասին.

4) մինչև դատական ակտի վերանայման վարույթ հարուցելու մասին որոշում կայացնելը բողոք ներկայացրած անձից դիմում է ստացվել այն վերադարձնելու մասին.

5) դատական ակտը վերանայելու համար հիմք դարձած` նոր երևան եկած կամ նոր հանգամանքը հաստատող ապացույց չի ներկայացվել:

 

Հոդված 201.

Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման կանոնները

 

Եթե սույն բաժնով նախատեսված չեն հատուկ կանոններ, ապա նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման վարույթի վրա տարածվում են սույն օրենսգրքի ընդհանուր կանոնները:»:

 

Հոդված 11. Օրենսգրքի 5-րդ բաժինն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 12. Օրենսգրքի 217-րդ հոդվածի 7-րդ մասի «ընդունվել քննության» բառերը փոխարինել «ընդունվել վարույթ» բառերով:

 

Հոդված 13. Օրենսգրքի 223-րդ հոդվածում `

1) 2-րդ մասի «դատարանի կազմը նախագահողը» բառերը փոխարինել «դատարանը» բառով.

2) 4-րդ մասի «դատարանի կազմը նախագահողի» բառերը փոխարինել «դատարանի» բառով:

 

Հոդված 14. Օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին մասի «վճիռ» բառը փոխարինել «որոշում» բառով:

 

Հոդված 15. Օրենսգրքի 227-րդ հոդվածում`

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Առաջին ատյանի դատարանի դատական ակտերի դեմ ներկայացված բողոքները վերաքննիչ դատարանում քննվում են կոլեգիալ` երեք դատավորի կազմով, որոնցից մեկը նախագահում է դատական նիստը: Վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու հարցը վերաքննիչ դատարանը լուծում է առանց դատական նիստ հրավիրելու:».

2) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 16. Օրենսգրքի 231-րդ հոդվածի 1-ին մասում`

1) 1-ին կետի «թերի է պատճառաբանված, սխալ է պատճառաբանված կամ պատճառաբանված չէ» բառերը փոխարինել «թերի կամ սխալ է պատճառաբանված» բառերով.

2) 4-րդ կետի «հանգամանքները» բառից հետո լրացնել «և (կամ) առաջին ատյանի դատարանի հետազոտած ապացույցների հիման վրա վերաքննիչ դատարանի հաստատած նոր փաստերը» բառերով:

 

 Հոդված 17. Օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասը «կասեցնելու» բառից հետո լրացնել «, ինչպես նաև դատական տուգանք կիրառելու» բառերով:

 

Հոդված 18. Օրենսգրքի 246-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Վճռաբեկ բողոքը սույն օրենսգրքի 244-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին չհամապատասխանելու կամ օրենքով սահմանված ժամկետից ուշ ներկայացնելու և այն վերականգնելու մասին միջնորդության բացակայության հիմքերով վերադարձվելու դեպքում` բողոք ներկայացրած անձն իրավունք ունի կրկին բողոք ներկայացնելու Գերագույն դատարանի որոշումն ստանալուց հետո` տասնհինգօրյա ժամկետում: Կրկին ներկայացված վճռաբեկ բողոքը վերադարձվելուց հետո վճռաբեկ բողոք ներկայացնելու համար ժամկետ չի տրամադրվում:»:

 

Հոդված 19. Օրենսգրքի 253-րդ հոդվածի 1-ին մասում`

1) 1-ին կետի «թերի պատճառաբանված, սխալ պատճառաբանված կամ չպատճառաբանված է» բառերը փոխարինել «թերի կամ սխալ է պատճառաբանված» բառերով.

2) 6-րդ կետի «թերի է պատճառաբանված, սխալ է պատճառաբանված կամ պատճառաբանված չէ» բառերը փոխարինել «թերի կամ սխալ է պատճառաբանված» բառերով:

 

Հոդված 20. Օրենսգրքի 257-րդ հոդվածում «ողջամիտ» բառը փոխարինել «յոթնօրյա» բառով:

 

Հոդված 21. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից:

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

 

Բ.ՍԱՀԱԿՅԱՆ

 

24 դեկտեմբերի 2011թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-68-Ն