Համարը 
ՀՕ-32-Ն
Տեսակը 
Մայր
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2018.07.20/12(352)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
27.06.2018
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
13.07.2018
Վավերացնող մարմինը 
 
Վավերացման ամսաթիվը 
 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
23.07.2018
Ուժը կորցնելու ամսաթիվը 
 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ՕՐԵՆՔԸ ԼՂՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2018 թվականի

հունիսի 27-ին 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2013 թվականի ապրիլի 25-ի քրեական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 50-րդ հոդվածում`

1) 3-րդ մասի`

ա. «ժամկետում» բառից հետո լրացնել «, կամ տուգանքը փոխարինում է հանրային աշխատանքներով» բառերը,

բ. «Այդ» բառը փոխարինել «Տուգանքի վճարումը հետաձգելու կամ տուգանքը մաս առ մաս վճարելու» բառերով.

2) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Դատարանը տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը փոխարինում է հանրային աշխատանքներով տուգանքը վճարելու անհնարինության դեպքում` հանրային աշխատանքների երեք ժամը նվազագույն աշխատավարձի դիմաց, իսկ տուգանքը վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքում՝ հանրային աշխատանքների հինգ ժամը նվազագույն աշխատավարձի դիմաց: Եթե տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը հանրային աշխատանքներով փոխարինելու համար կատարված հաշվարկի արդյունքը գերազանցում է երկու հազար երկու հարյուր ժամը, ապա նշանակվում է երկու հազար երկու հարյուր ժամ: Տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը հանրային աշխատանքներով փոխարինելու համար կատարվող հաշվարկի արդյունքում ժամային արժեքները կլորացնելը կատարվում է դատապարտյալի օգտին:»,

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մաս.

«5. Տուգանքը վճարելուց չարամտորեն խուսափող է համարվում այն դատապարտյալը, որը`

1) դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ տասն աշխատանքային օրվա ընթացքում, տուգանքի վճարման անդորրագիրը չի ներկայացրել լիազոր մարմին, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի.

2) խախտել է տուգանքի վճարումը հետաձգելու կամ տուգանքը մաս առ մաս վճարելու կարգն ու պայմանները:»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 53-րդ հոդվածում՝

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մաս.

«3.1. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված նվազագույն ժամկետը չի տարածվում սույն օրենսգրքի 50-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը հանրային աշխատանքներով փոխարինելու դեպքերի վրա:».

2) 4-րդ մասից հանել «Դատարանը դիմումը մերժում է, եթե չի պահպանվել այն ներկայացնելու սահմանված կարգը:» նախադասությունը.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին մաս.

«4.1. Դատարանը դիմումը քննարկելիս հաշվի է առնում դատապարտյալի կողմից կատարված հանցագործության՝ հանրության համար վտանգավորության աստիճանը, բնույթը, դատապարտյալի անձը բնութագրող տվյալները, պատճառված վնասը հատուցելու մասին պահանջի բացակայությունը կամ հատուցված լինելը, ինչպես նաև այլ հանգամանքներ, որոնք կհիմնավորեն անձի նկատմամբ նշանակված ազատազրկումը հանրային աշխատանքներով փոխարինելու հիմնավորվածությունն ու արդարացիությունը պատժի նպատակների իրականացման տեսանկյունից:»:

 

Հոդված 3. Օրենսգրքի 75-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով պատիժ կրող անձը սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված պատժի նվազագույն ժամկետը կրելուց հետո դատարանի կողմից կարող է պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվել, եթե դատարանը սույն հոդվածի 1.1-ին և 1.2-րդ մասերով նախատեսված հանգամանքների վերաբերյալ քրեակատարողական մարմնի զեկույցի կամ կարգապահական գումարտակի հրամանատարի միջնորդագրի քննարկման արդյունքում հանգում է հետևության, որ ուղղվելու համար դատապարտյալը նշանակված պատժի մնացած մասը կրելու կարիք չունի, քանի որ՝

1) պատժի կրման ընթացքում դրսևորել է պատշաճ վարքագիծ, և

2) դատապարտյալի կողմից նոր հանցանք կատարելու հավանականությունը ցածր է:

Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվելու դեպքում դատապարտյալը չի ազատվում իր նկատմամբ նշանակված լրացուցիչ պատժից:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին և 1.2-րդ մասեր.

«1.1. Դատապարտյալի պատշաճ վարքագիծը գնահատելիս հաշվի են առնվում հետևյալ հանգամանքները.

1) պատժի կրման ընթացքում խրախուսանքի առկայությունը.

2) պատժի կրման ընթացքում կարգապահական տույժի առկայությունը.

3) պատժի կրման ընթացքում կրթական ծրագրերին, մարզական կամ մշակութային միջոցառումներին կամ դատապարտյալների ինքնագործ միավորումներին մասնակցելը, եթե առկա է եղել նման հնարավորություն.

4) պատժի կրման ընթացքում առնվազն երեք ամիս աշխատելը, եթե առկա է եղել աշխատելու հնարավորություն, կամ եթե չաշխատելը պայմանավորված չի եղել դատապարտյալի առողջական խնդիրներով.

5) դատապարտյալի պատշաճ վարքագիծը գնահատող այլ հանգամանքներ:

1.2. Դատապարտյալի կողմից նոր հանցագործություն կատարելու հավանականությունը գնահատելիս հաշվի են առնվում հետևյալ հանգամանքները.

1) դատապարտյալի տարիքը, դատապարտյալի տարիքը հանցագործություն կատարելու պահին.

2) հանցագործության բնույթը և հանրային վտանգավորությունը.

3) ռեցիդիվի առկայությունը.

4) իր կատարած հանցանքի նկատմամբ ունեցած վերաբերմունքը.

5) հանցագործությամբ պատճառած վնասը հատուցած կամ այլ կերպ հարթած լինելը կամ պատճառած վնասը հատուցելու կամ այլ կերպ հարթելու վերաբերյալ գրավոր պարտավորություն ստանձնելը.

6) նրա վերաբերմունքը քրեական ենթամշակույթի նկատմամբ.

7) որոշակի հակումները, հնարավոր կախվածությունները, նախասիրությունները.

8) մասնակցությունը վերասոցիալականացման, այդ թվում` անձնական զարգացման միջոցառումներին.

9) ընտանիքի կամ արտաքին աշխարհի հետ կապը կամ խնամքի տակ գտնվող անձանց առկայությունը.

10) սոցիալական միջավայրը.

11) առողջական, այդ թվում` հոգեկան առողջության վիճակը, հարկադիր բուժման մեջ գտնվելը և հարկադիր բուժման արդյունքը.

12) դատապարտյալի կողմից նոր հանցագործություն կատարելու հավանականությունը գնահատող այլ հանգամանքներ:».

3) 2-րդ մասում՝

ա. «պատժի չկրած մասի» բառերը փոխարինել «փորձաշրջանի» բառով,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն.

«Եթե դատապարտյալը դեռևս չի հատուցել կամ այլ կերպ հարթել տուժողին պատճառված իրական վնասը, ապա դատարանը դատապարտյալի վրա նման պարտականություն է դնում:».

4) 3-րդ մասում լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետ.

«5) ցմահ ազատազրկման դեպքում՝ ազատազրկման ոչ պակաս, քան քսան տարին:».

5) 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

6) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին և 5.2-րդ մասեր.

«5.1. Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու մասին որոշում կայացնելու դեպքում դատարանը սահմանում է փորձաշրջան՝ պատժի չկրած մասի չափով, որի ընթացքում անձը գտնվում է իրավասու մարմնի վերահսկողության ներքո:

5.2. Ցմահ ազատազրկման դատապարտված անձին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու մասին որոշում կայացնելու դեպքում դատարանը սահմանում է փորձաշրջան՝ տասը տարի ժամկետով:».

7) 6-րդ մասում «պատժի չկրած մասի» բառերը փոխարինել «փորձաշրջանի» բառով.

8) 7-րդ մասում «5-րդ մասում» բառերը փոխարինել «3-րդ մասի 5-րդ կետում» բառերով:

 

Հոդված 4. Օրենսգրքի 76-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործության համար ազատազրկում կրող անձի պատժի չկրած մասը դատարանը կարող է փոխարինել ավելի մեղմ պատժատեսակով՝ հաշվի առնելով սույն օրենսգրքի 75-րդ հոդվածի 1.1-ին և 1.2-րդ մասերով նախատեսված հանգամանքները և դրանց վերաբերյալ քրեակատարողական մարմնի զեկույցը: Պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու դեպքում դատապարտյալը չի ազատվում իր նկատմամբ նշանակված լրացուցիչ պատժից:»:

 

Հոդված 5. Օրենսգրքի 93-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով՝

«2. Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը քննելիս հաշվի են առնվում սույն օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին, 1.1-ին և 1.2-րդ մասերով սահմանված պահանջներն ու հանգամանքներն այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ կիրառելի են անչափահաս դատապարտյալների նկատմամբ:»:

 

Հոդված 6. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 197.1-ին հոդվածով.

 

«Հոդված 197.1.

Ֆինանսական բուրգ ստեղծելը, կազմակերպելը կամ ղեկավարելը

 

1. Ֆինանսական բուրգը կամ դրա մի մասը ստեղծելը, կազմակերպելը կամ ղեկավարելը՝

պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` մեկ տարի ժամկետով կամ առանց դրա:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքները`

1) որոնց արդյունքում ֆինանսական բուրգում ներգրավվել է խոշոր չափերով գումար կամ գույք,

2) որոնք անձանց, կազմակերպություններին կամ պետությանը պատճառել են խոշոր չափի վնաս,

3) որոնք կատարվել են պաշտոնեական դիրքն օգտագործելով`

պատժվում են ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով կամ առանց դրա:

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքները`

1) որոնց արդյունքում ֆինանսական բուրգում ներգրավվել է առանձնապես խոշոր չափերով գումար կամ գույք,

2) որոնք անձանց, կազմակերպություններին կամ պետությանը պատճառել են առանձնապես խոշոր չափի վնաս,

3) որոնք կատարվել են կազմակերպված խմբի կողմից`

պատժվում են ազատազրկմամբ` հինգից ութ տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

4. Սույն հոդվածի իմաստով՝ ֆինանսական բուրգը գույքի ներգրավմանն ուղղված գործունեություն է (բացառությամբ հատուկ թույլտվության (լիցենզիայի) հիման վրա իրականացվող լիցենզավորման ենթակա գործունեության), որով գույք ներդրող կամ ֆինանսական բուրգում առաջարկվող գույքի կամ ծառայության դիմաց վճարում կատարող անձանց առաջարկվող նյութական օգուտը պայմանավորվում է բացառապես նոր ներդրողների ներգրավումից ստացված գույքի հաշվին` առանց նշված գույքը իրական ձեռնարկատիրական գործունեության մեջ օգտագործելու մտադրության:

5. Սույն հոդվածում խոշոր չափ և խոշոր գույքային վնաս է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից տասնհինգհազարապատիկը չգերազանցող գումարը, իսկ առանձնապես խոշոր չափ և առանձնապես խոշոր գույքային վնաս է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգհազարապատիկը գերազանցող գումարը:

6. Սույն հոդվածում գույքային վնասի հաշվարկման համար հիմք է հանդիսանում բուրգում ներգրավված բոլոր անձանց, այդ թվում՝ կազմակերպություններին, ինչպես նաև պետությանը պատճառված միասնական վնասը:

7. Ֆինանսական բուրգը կամ դրա մի մասը ստեղծող, կազմակերպող կամ ղեկավարող անձն ազատվում է սույն հոդվածով սահմանված քրեական պատասխանատվությունից, եթե այդ մասին կամովին հայտնել է քրեական հետապնդման մարմիններին, նպաստել է ֆինանսական բուրգի գործունեության խափանմանը և հատուցել է ֆինանսական բուրգի՝ իր կողմից ստեղծված, կազմակերպված կամ ղեկավարվող մասի գործունեության հետևանքով պատճառված վնասները, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում:»:

 

Հոդված 7.

Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

2. Այն դատապարտյալների, որոնց պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու իրավական հնարավորությունը ծագել է մինչև 2018 թվականի սեպտեմբերի 1-ը և չի քննարկվել պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովի կողմից, պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը դատարանը քննում է պատիժը կատարող հիմնարկի վարչակազմի զեկույցի հիման վրա:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքում հարցի դատական քննության վրա տարածվում են սույն օրենքի կարգավորումներն այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ կիրառելի են:

4. Այն դատապարտյալների, որոնց պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի ﬔղմ պատժատեսակով փոխարինելու իրավական հնարավորությունը ծագելու է 2018 թվականի սեպտեմբերի 1-ից հետո, պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի ﬔղմ պատժատեսակով փոխարինելու հարցը քննարկվում է սույն օրենքով սահմանված կարգով:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

2018թ. հուլիսի 13

Ստեփանակերտ

ՀՕ-32-Ն