ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
|
Ընդունված է 2019 թվականի
հունիսի 27-ին |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2016 թվականի փետրվարի 24-ի քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 93-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում «իր ավանդը» բառերից հետո լրացնել «, եթե այլ բան սահմանված չէ վստահության վրա հիմնված ընկերակցության կազմակերպական-իրավական ձև ունեցող հրապարակային ներդրումային ֆոնդի կանոնադրությամբ» բառերը:
Հոդված 2. Օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասում «բացառությամբ» բառից հետո լրացնել «սոցիալական նպատակով թողարկվող անվանական արժեթղթերի և» բառերը:
Հոդված 3. Օրենսգրքի 153-րդ հոդվածում`
1) 1-ին մասում «հասարակ պահեստային վկայագիրը» բառերից հետո լրացնել «, ներդրումային ֆոնդի փայը» բառերը.
2) 2-րդ մասում «և բաժնետոմսը» բառերը փոխարինել «, բաժնետոմսը և ներդրումային ֆոնդի փայը» բառերով.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մաս.
«5. Սոցիալական նպատակներով թողարկվող արժեթղթերի տեսակները սահմանվում են օրենքով:»:
Հոդված 4. Օրենսգրիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 161.1-ին հոդվածով.
«Հոդված 161.1. |
Սոցիալական նպատակներով թողարկվող արժեթղթերը |
1. Սոցիալական նպատակներով թողարկվող արժեթուղթ է համարվում անվանական այն արժեթուղթը, որը հավաստում է դրա տիրոջ (քաղաքացու) իրավունքն օրենքով սահմանված կարգով և պայմաններով կենսաթոշակ կամ կենսաթոշակային օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` այլ գումարներ ստանալու իրավունքը (կենսաթոշակային ֆոնդերի կողմից թողարկված արժեթուղթ):
2. Սոցիալական նպատակներով թողարկվող արժեթուղթը կարող է տիրապետվել, օգտագործվել և տնօրինվել բացառապես օրենքով սահմանված կարգով կենսաթոշակ կամ այլ սոցիալական ապահովության գումար ստանալու նպատակով, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:»:
Հոդված 5. Օրենսգրքի 446-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով.
«Արցախի Հանրապետության կենսաթոշակային օրենսդրությամբ նախատեսված դեպքերում լռությունը կարող է համարվել որպես երրորդ անձի կողմից պայմանագրով իր իրավունքից օգտվելու ցանկության հայտնում:»:
Հոդված 6. Օրենսգրքի 905-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 905. |
Ավանդների տեսակներ |
1. Բանկային ավանդի պայմանագիրը կնքվում է ավանդն առաջին իսկ պահանջով վերադարձնելու (ցպահանջ ավանդ) կամ ավանդը պայմանագրով սահմանված որոշակի ժամկետի ավարտից հետո վերադարձնելու (ժամկետային ավանդ) պայմաններով: Ժամկետային ավանդի տարատեսակ են հանդիսանում կուտակային կենսաթոշակային ավանդը և ուսումնական ավանդը.
1) կուտակային կենսաթոշակային ավանդ է համարվում այն ավանդը, որը ներդրվում է ֆիզիկական անձի համար իր կամ այլ անձի կողմից միանվագ կամ պարբերաբար, և որը, ինչպես նաև նրա վրա հաշվեգրված տոկոսները ֆիզիկական անձը կարող է ստանալ միայն օրենքով սահմանված կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո կամ օրենքով նախատեսված այլ դեպքերում.
2) ուսումնական ավանդ է համարվում այն ավանդը, որն ավանդատուն ներդնում է երրորդ անձի համար միանվագ կամ պարբերաբար, և որը, ինչպես նաև նրա վրա հաշվեգրված տոկոսները անկանխիկ վճարումներ կատարելու միջոցով երրորդ անձը կարող է օգտագործել միայն ուսումնական նպատակներով: Ուսումնական նպատակ է համարվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետություններում սահմանված կարգով լիցենզավորված ուսումնական հաստատությունում ուսումնառության ընթացքում ուսման վարձի (նախադպրոցական ուսումնական հաստատության վարձավճարի) վճարում իրականացնելը:
Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված նպատակներից բացի, այլ նպատակներով ուսումնական ավանդը երրորդ անձը կարող է օգտագործել միայն ավանդատուի համաձայնությամբ:
Պայմանագրով կարող են նախատեսվել ավանդները վերադարձնելու` օրենքին չհակասող այլ պայմաններ:
2. Ցանկացած տեսակի բանկային ավանդի պայմանագրով բանկը պարտավոր է ավանդի գումարը կամ դրա մասը վերադարձնել ավանդատուի առաջին իսկ պահանջով, բացառությամբ կուտակային կենսաթոշակային ավանդների, ուսումնական ավանդների և պայմանագրով նախատեսված` վերադարձման այլ պայմաններով իրավաբանական անձանց ներդրած ավանդների:
Առաջին իսկ պահանջով ավանդը հետ ստանալու քաղաքացու իրավունքը բացառող պայմանագրի պայմանն առոչինչ է, բացառությամբ կուտակային կենսաթոշակային ավանդների:
3. Այն դեպքերում, երբ ցպահանջ չհանդիսացող ավանդը ավանդատուի պահանջով վերադարձվում է մինչև ժամկետի ավարտը (կուտակային կենսաթոշակային ավանդի դեպքում` մինչև կենսաթոշակային տարիքը լրանալը) կամ մինչև բանկային ավանդի պայմանագրում նշված հանգամանքների վրա հասնելը, ավանդատուին տոկոսները վճարվում են բանկի կողմից ցպահանջ ավանդների համար սահմանված չափերով, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, և տոկոսների այլ չափ նախատեսված չէ պայմանագրով:
4. Այն դեպքերում, երբ ավանդատուն ժամկետի ավարտից հետո չի պահանջում վճարել ժամկետային ավանդի գումարը կամ պայմանագրով նախատեսված հանգամանքները երևան գալուց հետո վերադարձնել այլ պայմաններով ներդրված ավանդի գումարը, պայմանագիրը երկարաձգված է համարվում ցպահանջ ավանդի պայմաններով, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:»:
Հոդված 7. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 905.1-ին հոդվածով.
«Հոդված 905.1. |
Ուսումնական ավանդի տնօրինման և ժառանգման առանձնահատկությունները |
1. Ուսումնական ավանդները չեն կարող գրավադրվել, արգելադրվել (դրվել արգելանքի), բռնագանձվել ավանդատուի կամ երրորդ անձի պարտավորությունների դիմաց կամ նրանց սնանկության դեպքում դառնալ պարտավորությունների կատարման համար լուծարային միջոց:
2. Ուսումնական ավանդը կարող է գրավադրվել, արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել միայն այն դեպքերում, երբ երրորդ անձի պարտավորությունները կապված են սույն օրենսգրքի 905-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված ուղղություններից, դեպքերից, պայմաններից կամ գործառնություններից բխող պարտավորությունների հետ:
3. Սույն օրենսգրքի 905-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դեպքերում ավանդատուն կամ երրորդ անձը դիմում է բանկ՝ ներկայացնելով համապատասխան ուսումնական հաստատության ուսման վարձի վճարմանն առնչվող՝ ուսումնական ավանդի պայմանագրով նախատեսված փաստաթղթերը: Բանկի՝ ուսումնական հաստատությանն անկանխիկ վճարում կատարելու կարգը սահմանվում է ուսումնական ավանդի պայմանագրով:
4. Ավանդատուի մահվան դեպքում ուսումնական ավանդը հաշվեգրված տոկոսներով ներառվում է ժառանգության զանգվածի մեջ, սակայն չի ժառանգվում սույն օրենսգրքով սահմանված ընդհանուր հիմունքներով:
5. Ուսումնական ավանդը ժառանգում է այն երրորդ անձը, հօգուտ որի ուսումնական ավանդը ներդրվել է: Ընդ որում, երրորդ անձը կարող է ուսումնական ավանդն օգտագործել միայն սույն օրենսգրքի 905-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված ուսումնական նպատակներով:
6. Այն դեպքում, երբ երրորդ անձը, հօգուտ որի ուսումնական ավանդը ներդրվել է, հրաժարվում է ուսումնական ավանդն ուսումնական նպատակներով օգտագործելուց կամ չի ներկայացնում ուսումնական ավանդն ուսումնական նպատակներով օգտագործելու իր մտադրության մասին բավարար ապացույցներ, ապա ուսումնական ավանդը ժառանգվում է սույն օրենսգրքով սահմանված ընդհանուր հիմունքներով:
7. Այն դեպքերում, երբ ժառանգված ուսումնական ավանդը մասամբ օգտագործվել է ուսումնական նպատակներով, և առկա է ավանդի, ներառյալ հաշվեգրված տոկոսների մնացորդ, ապա այդ մնացորդը ժառանգվում է սույն օրենսգրքով սահմանված ընդհանուր հիմունքներով:
8. Եթե ուսումնական ավանդի ավանդատուն բացել է մանկական ավանդ և միևնույն բանկի հետ կնքում է ուսումնական ավանդի պայմանագիր՝ հօգուտ միևնույն երրորդ անձի, ապա ավանդատուի ցանկությամբ մանկական ավանդը կարող է փոփոխվել և վերակնքվել որպես ուսումնական ավանդի պայմանագիր՝ առանց պայմանագրի վաղաժամկետ լուծման համար նախատեսված բացասական հետևանքների: Սույն մասի իմաստով մանկական ավանդ է համարվում այն ավանդը, որի պայմանագիրն ավանդատուն կնքում է հօգուտ անչափահաս ֆիզիկական անձի, և որի պայմանները սահմանվում են համապատասխան պայմանագրով:»:
Հոդված 8. Օրենսգրքի 907-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. Սույն հոդվածի 2-րդ մասի դրույթները չեն տարածվում կուտակային կենսաթոշակային ավանդների վրա: Կուտակային կենսաթոշակային ավանդի տոկոսները ավելանում են ավանդի գումարին, և դրանց հավելագրվում են կուտակային կենսաթոշակային ավանդին հավելագրվող տոկոսներ: Կուտակային կենսաթոշակային ավանդների վրա հավելագրված բոլոր տոկոսները վճարվում են ավանդի հետ միաժամանակ` սույն օրենսգրքի 905-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված ժամկետում:»:
Հոդված 9. Օրենսգրքի 969-րդ հոդվածում`
1) 1-ին մասի «դրամական միջոցներ» բառերից հետո լրացնել «կամ այլ գույք» բառերը, «այդ միջոցները» բառերը փոխարինել «այդ գույքը» բառերով, իսկ «ֆոնդի միջոցներին» բառերը՝ «ֆոնդի գույքին» բառերով.
2) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Ֆոնդի մասնակցի կողմից ֆոնդի կառավարման պայմանագրով, դրամական միջոցներից բացի, թույլատրելի է տրամադրել միայն այնպիսի տեսակի գույք, որում, տվյալ ֆոնդի կանոնների համաձայն, ֆոնդը պատրաստվում է ներդրում կատարել:».
3) 4-րդ մասը «դրամական միջոցների» բառերից հետո լրացնել «կամ այլ գույքի» բառերով, իսկ «այդ միջոցների» բառերից հետո՝ «և այդ գույքի» բառերով.
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ մաս.
«8. Հրապարակային ֆոնդի և դրա առանձին տեսակների կառավարման պայմանագրերի առանձնահատկությունները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով:»:
Հոդված 10. Օրենսգրքի 970-րդ հոդվածի 1-ին մասում`
1) «դրամական միջոցները» բառերից հետո լրացնել «և ֆոնդի կանոններով նախատեսված լինելու դեպքում նաև այնպիսի տեսակի գույքը, որում ներդրումային ֆոնդը պատրաստվում է ներդրում կատարել» բառերը.
2) «եկամուտները» բառից հետո լրացնել «, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ միջոցներ» բառերը:
Հոդված 11. Օրենսգրքի 972-րդ հոդվածում`
1) 1-ին մասի «, և ֆոնդի կառավարման պայմանագրով չեն կարող սահմանվել լրացուցիչ այլ պայմաններ» բառերը փոխարինել «(444-րդ հոդված)» բառերով.
2) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին կետով.
«2.1) գույքի դիմաց փայ ձեռք բերելու հնարավորության տրամադրման դեպքում՝ գույքի այն տեսակները, որոնց դիմաց կարելի է ձեռք բերել տվյալ ֆոնդի փայերը, այդ գույքի գնահատման կարգը, որը կապահովի գնահատման օբյեկտիվություն.»:
Հոդված 12. Օրենսգրքի 975-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Ֆոնդի ակտիվները, այդ ակտիվներով ձեռք բերված արժեթղթերը և այլ գույքն ու դրա նկատմամբ իրավունքներն առանձնացված հաշվառվում և գրանցվում են այդ ֆոնդի կառավարչի անունով` առանց դրանց նկատմամբ ֆոնդի կառավարչի սեփականության իրավունքի ձեռքբերման:»:
Հոդված 13. Օրենսգրքի 977-րդ հոդվածում`
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Ֆոնդի կառավարիչը պարտավոր է հատուցել իր գործողությունների կամ անգործության հետևանքով ֆոնդի մասնակիցներին պատճառած վնասների (ներառյալ` բաց թողնված օգուտների) համար, բացառությամբ, երբ կառավարիչը գործել է իր ֆիդուցիար պարտականությունների շրջանակում: Ընդ որում, ֆոնդի պակաս եկամտաբերությունը մյուս նմանատիպ ֆոնդերի եկամտաբերությունից ինքնին չի կարող տվյալ ֆոնդի կառավարչի համար իր պարտականությունների ոչ պատշաճ կատարման հիմքով սույն մասով նախատեսված հատուցման պարտականություն առաջացնել: Կենսաթոշակային ֆոնդի մասնակիցներին պատճառած վնասները հատուցվում են օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:».
2) 2-րդ մասի «ֆոնդի ակտիվների կազմում ներառման ենթակա» բառերը փոխարինել «կարգով» բառով:
Հոդված 14. Օրենսգրքի 980-րդ հոդվածի 1-ին մասում «կառավարչին» բառից հետո լրացնել «կամ այլ անձի, ներառյալ` պետությանը» բառերը:
Հոդված 15. Օրենսգրքի 1015-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ մասով.
«11. Կամավոր կուտակային կենսաթոշակային ապահովագրության պայմանագրի վաղաժամկետ դադարեցման առանձնահատկությունները սահմանվում են «Կուտակային կենսաթոշակների մասին» Արցախի Հանրապետության օրենքով:»:
Հոդված 16. Օրենսգրքի 1193-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. Կուտակային կենսաթոշակային ակտիվների և կուտակային կենսաթոշակների ժառանգության առանձնահատկությունները սահմանվում են օրենքով:»:
Հոդված 17. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |
|
|
2019թ. հուլիսի 1
Ստեփանակերտ
ՀՕ-68-Ն |
|