ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
|
Ընդունված է 2019 թվականի
հունիսի 27-ին |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ
ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2016 թվականի փետրվարի 24-ի քաղաքացիական օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 135.1-ին հոդվածով՝
«Հոդված 135.1. |
Գույքի նկատմամբ գույքային իրավունքի վերաբերյալ նախնական նշումը |
1. Պետական գրանցման ենթակա գույքային իրավունքը գրանցելու պահանջն ապահովելու համար գործարքը վավերացնող նոտարի ծանուցման հիման վրա գրանցող մարմնի կողմից կատարվում է գույքի նկատմամբ գույքային իրավունքի վերաբերյալ նախնական նշում:
2. Նախնական նշումը դադարում է դրանով նախատեսված գույքային իրավունքի հետագա գրանցումով:
3. Անձը, որի գույքի նկատմամբ կատարվել է նախնական նշումը, կարող է պահանջել վերացնել այն, եթե դադարել է նախնական նշումով ապահովող իրավունքը, կամ բաց է թողնվել գործարքից ծագող իրավունքների գրանցման ներկայացման համար օրենքով սահմանված ժամկետը։»:
Հոդված 2. Օրենսգրքի 171-րդ հոդվածի՝
1) 1-ին մասի 1-ին կետում «կառուցապատման» բառից առաջ լրացնել «հողամասի» բառը.
2) 1-ին մասում 4-րդ կետի վեջակետը փոխարինել միջակետով և լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետ.
«5) կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունք:»:
Հոդված 3. Օրենսգրքի 222-րդ հոդվածում`
1) 4-րդ և 5-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերում ապագա բնակարանը կամ ոչ բնակելի տարածքը կարող է ծանրաբեռնվել կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքով: Կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքը` պետական գրանցման։
Կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքը տարածվում է նաև հողամասի և ընդհանուր օգտագործման տարածքների համապատասխան բաժնային մասի վրա:
5. Կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերում առանձնացված միավորները (բնակարանները, ոչ բնակելի տարածքները), հողամասի և ընդհանուր օգտագործման տարածքների բաժնեմասով հանդերձ, քաղաքացիական շրջանառության օբյեկտ են դառնում ավարտված շենքի պետական գրանցման պահից:».
2) 6-րդ մասի «Կառուցվող» բառը փոխարինել «Կառուցված» բառով.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ և 8-րդ մասեր.
«7. Կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքի շինարարության ավարտի պետական գրանցումից հետո պայմանագրով սահմանված, բայց ոչ ուշ, քան վեցամսյա ժամկետում կառուցապատողը կառուցվող անշարժ գույք գնելու իրավունք ունեցող անձին է ներկայացնում կառուցված շենքում անշարժ գույքը սեփականության իրավունքով փոխանցելու ակտը և հաշվարկային փաստաթուղթը կամ օրենքով սահմանված դեպքերում՝ հարկային հաշիվը։
Կառուցված շենքում անշարժ գույքը սեփականության իրավունքով փոխանցելու ակտում նշվում են՝
1) կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրով փոխանցման ենթակա անշարժ գույքի մասին սույն օրենսգրքի 565-րդ հոդվածին համապատասխան տեղեկություններ.
2) կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրով փոխանցման ենթակա անշարժ գույքի գնի, կատարված կանխավճարային վճարումների և առկայության դեպքում՝ գնի չվճարված մասի վճարման պայմանների մասին.
3) կառուցված շենքը կառուցապատողի հաշվին շահագործման հանձնելու ժամկետի մասին:
8. Կառուցված շենքում անշարժ գույքը սեփականության իրավունքով փոխանցելու ակտը ենթակա է նոտարական վավերացման, դրանից ծագող իրավունքը՝ պետական գրանցման։ Կառուցված բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքում բնակարանը, ոչ բնակելի տարածքը, ներառյալ՝ դրանց համապատասխան հողամասի և ընդհանուր օգտագործման տարածքների բաժնային մասը կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունք ունեցող անձին սեփականության իրավունքով փոխանցված է համարվում անշարժ գույքը սեփականության իրավունքով փոխանցելու ակտի պետական գրանցման պահից։»:
Հոդված 4. Օրենսգրքի 261-րդ հոդվածում «իրավունքի» բառից հետո լրացնել «և կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքից անշարժ գույք գնելու իրավունքի» բառերը:
Հոդված 5. Օրենսգրքի 269-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ և 4-րդ մասերով.
«3. Եթե հիփոթեք սահմանվում է այն հողամասի նկատմամբ, որի վրա կառուցվող շենքերը և շինությունները ծանրաբեռնված են կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքից անշարժ գույք գնելու իրավունքով, ապա կառուցվող շենքում անշարժ գույք գնելու իրավունք ունեցող անձը պահպանում է իր իրավունքները պայմանագրում նշված ծավալով և ժամկետներում:
4. Հողամասի, ինչպես նաև դրա վրա կառուցվող կամ կառուցված շենքերի և շինությունների վրա բռնագանձում տարածելու և իրացնելու դեպքում հողամասը, ինչպես նաև շենքերը և շինությունները ձեռք բերողին անցնելիս իրավունքներից բացի, անցնում են նաև կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքից անշարժ գույք գնելու իրավունք ունեցող անձի իրավունքներով ծանրաբեռնումները։»:
Հոդված 6. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 569.1-ին հոդվածով.
«Հոդված 569.1. |
Կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրի առանձնահատկությունները |
1. Կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքից անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրով պետք է նշվեն ապագայում ձեռք բերվող անշարժ գույքի տարածքը նույնականացնող տվյալները՝ ըստ կառուցվող շինության ճարտարապետաշինարարական նախագծից վերցված հատակագծի, և բնութագրվի անշարժ գույքը հանձնելու ժամանակ դրա ներքին հարդարման վիճակի նկարագիրը։
2. Կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագիրը պետք է նախատեսի ապագայում հանձնվելիք անշարժ գույքի գինը։ Կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրով կարող է նախատեսվել նաև շուկայական գների տատանումների հիմքով պայմանագրի գնի ինդեքսավորման կարգը: Պայմանագրում գնի մասին պայմանի բացակայության դեպքում պայմանագիրը համարվում է չկնքված: Ընդ որում, չեն կիրառվում սույն օրենսգրքի 440-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված` գնի որոշման կանոնները:
3. Եթե կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրով ապագայում հանձնվելիք անշարժ գույքի գինը սահմանված է դրա մակերեսի միավորով կամ դրա չափի այլ ցուցանիշով (միջհարկային բարձրություն և այլն), ապա սեփականության իրավունքի փոխանցման ակտով գինը որոշվում է` ելնելով շենքի կառուցման ավարտից հետո անշարժ գույքի չափագրման տվյալներով գրանցված չափից:
4. Կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրով գնորդի կանխավճարային վճարումները պետք է կատարվեն բացառապես կառուցապատողի հատուկ հաշվին, որը բացվում է Արցախի Հանրապետության տարածքում գործող բանկում, գանձապետարանում կամ նոտարի դեպոզիտ հաշվում՝ որպես ենթահաշիվ: Կառուցապատման հատուկ հաշվի մնացորդի դիմաց վճարման ենթակա տոկոսները փոխանցվում են կառուցապատողի սովորական բանկային հաշիվներին և կարող են տնօրինվել կառուցապատողի կողմից:
Շենքի կառուցման ավարտից հետո սեփականության իրավունքի փոխանցման ակտում գնի վճարված լինելու հարցը որոշելիս ստացականով, դրամարկղի մուտքի փաստաթղթով, վկայի ցուցմունքով, հակընդդեմ պարտավորության (ներառյալ՝ գնորդի օգտին հաշվարկված տուժանքի) հաշվանցով հավաստված վճարումները, ինչպես նաև վաճառողի պարտատերերին, մասնակիցներին կատարված վճարումներն անտեսվում են:
5. Գնորդի և կառուցապատողի միջև կարող են համաձայնեցվել բանկում բացված՝ կառուցապատողի հատուկ հաշվին գնորդի մուտքագրած դրամական միջոցները լրիվ կամ մասնակի՝ հօգուտ գնորդի կամ հօգուտ գնորդի վարկատուի գրավադրման պայմանները՝ որպես շենքի կառուցման ավարտից հետո անշարժ գույքը սեփականության իրավունքով հանձնելու կառուցապատողի պարտավորության և կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրի լուծման դեպքում կանխավճարի վերադարձման կառուցապատողի պարտավորության կատարման ապահովման միջոց: Կառուցապատողի և գնորդի միջև դրամական միջոցների գրավի պայմանագրով կամ դրա փոփոխություններով կարող է նախատեսվել մինչև կառուցվող շենքի շինարարության ավարտը կամ մինչև սեփականության իրավունքի փոխանցման ակտի կնքումը կամ մինչև շենքի շահագործման թույլտվության ստացումը բանկում բացված՝ կառուցապատողի հատուկ հաշվի միջոցների մի մասի գրավի իրավունքի դադարեցում, որի կիրառման դեպքերում գրավից ազատվող միջոցները փոխանցվում են կառուցապատողի այլ բանկային հաշիվներին և կարող են տնօրինվել կառուցապատողի կողմից, իսկ գնորդը կրում է կառուցապատողի սնանկության դեպքում չապահովված պարտատեր հանդես գալու ռիսկերը:
6. Կառուցման ընթացքում հողամասի սեփականատիրոջ իրավունքները լրիվ կամ մասնակի այլ կառուցապատողի անցնելու դեպքում բանկում բացված սկզբնական կառուցապատողի հատուկ հաշվից նոր կառուցապատողի բանկում բացված հատուկ հաշվին են փոխանցվում վերջինիս անցած կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունք ունեցող գնորդի կուտակած կանխավճարները՝ գնորդի գրավի իրավունքով ծանրաբեռնված, ինչպես նաև նոր կառուցապատողին են անցնում գանձապետարանում, նոտարի դեպոզիտում սկզբնական կառուցապատողի հատուկ հաշվում տվյալ գնորդի վճարած միջոցների նկատմամբ իրավունքները: Կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքից անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրով գնի վճարման գնորդի վճարային պարտավորությունը հողամասի նոր սեփականատիրոջ առջև չի կարող ավել լինել կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրով սահմանված գնի և նոր սեփականատիրոջ կառուցապատման հատուկ հաշվին փոխանցված կանխավճարների տարբերությունից:
7. Կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքի շինարարության ավարտի գրանցումից հետո՝ վեցամսյա ժամկետում, անշարժ գույքի սեփականության իրավունքի փոխանցման ակտը չկնքվելու կամ կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագիրը վաղաժամկետ լուծվելու կամ անվավեր ճանաչվելու դեպքում գնորդն իրավունք ունի կառուցապատողի հատուկ հաշվից հետ պահանջելու վճարած կանխավճարները։ Կառուցապատողն իրավունք ունի հատուկ հաշիվը սպասարկողից պահանջելու, որ վերադարձվող գումարից պահվի կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրով սահմանված տուժանք, եթե փոխանցման ակտը չկնքվելու կամ պայմանագիրը վաղաժամկետ լուծվելու կամ անվավեր ճանաչվելու հանգամանքների համար պատասխանատու է գնորդը:
8. Կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքի շինարարության ավարտի գրանցումից հետո՝ վեցամսյա ժամկետում, անշարժ գույքի սեփականության իրավունքի փոխանցման ակտը չկնքվելու դեպքում գնորդը կարող է օրենքով սահմանված կարգով պահանջել փոխանցման ակտի հարկադիր կնքում կամ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչում, եթե իր պայմանագրային պարտավորություններն ամբողջությամբ կատարված են։
9. Անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրով անշարժ գույք գնելու իրավունքը կառուցապատողի հատուկ հաշվի միջոցների նկատմամբ գնորդի իրավունքներով հանդերձ կարող է հատուցմամբ կամ անհատույց օտարվել, գրավադրվել կամ փոխանցվել այլ անձի համընդհանուր իրավահաջորդության հետևանքով՝ իրավունքների և պարտականությունների առկա ծավալով, այդ մասին տեղեկացնելով կառուցապատողին:
10. Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում համընդհանուր իրավահաջորդության կարգով կառուցապատողի իրավունքներն ու պարտավորություններն այլ անձանց անցնելու դեպքում (իրավաբանական անձ հանդիսացող կառուցապատողի վերակազմակերպում, ֆիզիկական անձ հանդիսացող կառուցապատողի մահ) կառուցապատողի հատուկ հաշվին գնորդի դրամական միջոցների նկատմամբ իրավունքները կարող են անցնել միայն կառուցապատողի այն իրավահաջորդին, որին անցել են կառուցվող շենքից անշարժ գույք գնելու պայմանագրով կառուցապատողի պարտավորությունները:
11. Շենքի կառուցման ավարտից հետո կառուցապատողի և գնորդի միջև սեփականության իրավունքի փոխանցման ակտի կնքումից հետո կառուցապատողի հատուկ հաշվին գնորդի վճարած առկա միջոցները փոխանցվում են կառուցապատողի սովորական բանկային հաշվին և տնօրինվում են կառուցապատողի կողմից:»:
Հոդված 7. Օրենսգրքի 902-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 8. Oրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 51.1-ին գլխով.
«Գ Լ ՈՒ Խ 51.1
ՀԱՏՈՒԿ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐ
Հոդված 928.1. |
Հատուկ բանկային հաշվի պայմանագրի առանձնահատկությունները |
1. Հատուկ բանկային հաշիվներ են սույն գլխով նախատեսված էսքրոու հաշիվը, անվանատիրոջ հաշիվը, նոտարի դեպոզիտ հաշիվը, կառուցապատողի հատուկ հաշիվը, պետական աջակցության հաշիվը, միանվագ դրամական վճարների հաշիվը, սոցիալական ապահովության հաշիվը, ինչպես նաև օրենքով կամ Արցախի Հանրապետության կառավարության կամ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով որպես հատուկ բանկային հաշիվ նախատեսված այլ բանկային հաշիվները:
2. Հատուկ բանկային հաշիվներն այն հաշիվներն են, որոնցում ներդրված միջոցները՝
1) սույն գլխով սահմանված դրույթների կամ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված նորմատիվ իրավական ակտերի համաձայն՝ կարող են օգտագործվել միայն սույն գլխի դրույթների հիման վրա պայմանագրերով կամ նորմատիվ իրավական ակտերով սահմանված ուղղություններով, դեպքերում, պայմաններով կամ գործառնություններով, և (կամ)
2) չեն կարող գրավադրվել, արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել հաճախորդի պարտավորությունների դիմաց կամ հաճախորդի սնանկության դեպքում հանդիսանալ պարտավորությունների կատարման համար լուծարային միջոց, բացառությամբ սույն գլխով նախատեսված դեպքերի:
3. Հատուկ բանկային հաշվում ներդրված միջոցները, բացառությամբ 928.8-րդ հոդվածում նշված դեպքի, կարող են գրավադրվել, արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել միայն այն դեպքերում, երբ՝
1) հատուկ բանկային հաշվի պայմանագրով հաճախորդ հանդիսացող անձի պարտավորությունները կապված են սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված ուղղություններից, դեպքերից, պայմաններից կամ գործառնություններից բխող պարտավորությունների հետ, կամ
2) այդ միջոցները հատուկ բանկային հաշվում եղած դրամական միջոցներն օգտագործելու համար բանկի կողմից հաճախորդին վճարված տոկոսներից ձևավորված միջոցներ են, բացառությամբ նոտարի կամ նորմատիվ իրավական ակտերով նախատեսված այլ դեպքերի, կամ
3) էսքրոու հաշվի դեպքում՝ այդ միջոցները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված գույք են, կամ
4) էսքրոու հաշվի դեպքում՝ էսքրոու հաշվի պայմանագրի կնքման օրվանից անցել է 30 և ավելի օր, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
4. Հատուկ բանկային հաշվի պայմանագրի լուծման դեպքում տվյալ հատուկ բանկային հաշվում եղած դրամական միջոցների մնացորդը ենթակա է փոխանցման տվյալ հաճախորդի համապատասխան այլ հատուկ բանկային հաշվին կամ վերադարձման՝ համապատասխան դրամական միջոցները մուտք արած անձին, բացառությամբ պայմանագրով, այլ իրավական ակտերով և (կամ) սույն հոդվածով սահմանված դեպքերի: Հատուկ բանկային հաշվի պայմանագրով նման վերադարձ կարող է նախատեսվել նաև պայմանագրով նախատեսված այլ դեպքերում:
5. Անվանատիրոջ հաշվի պայմանագրի լուծման դեպքում անվանատիրոջ հաշվում եղած դրամական միջոցների մնացորդը կարող է վերադարձվել տվյալ անվանատիրոջը, փոխանցվել տվյալ անվանատիրոջ համապատասխան այլ հատուկ բանկային հաշվին և (կամ) փոխանցվել տվյալ անվանատիրոջ մատնանշած այլ անձի, եթե այլ բան նախատեսված չէ անվանատիրոջ հաշվի պայմանագրով:
6. Նոտարի դեպոզիտ հաշվի պայմանագրի լուծման դեպքում նոտարի դեպոզիտ հաշվում եղած դրամական միջոցների մնացորդը կարող է վերադարձվել տվյալ նոտարին, փոխանցվել տվյալ նոտարի համապատասխան այլ հատուկ բանկային հաշվին և (կամ) փոխանցվել տվյալ նոտարի մատնանշած այլ անձի, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ նոտարի դեպոզիտ հաշվի պայմանագրով:
7. Պայմանագրով նախատեսված դեպքերում հաճախորդը բանկի ծառայությունների դիմաց վճարում է իր հատուկ բանկային հաշվով կատարվող գործառնությունների համար: Ընդ որում, բանկի ծառայությունների համար վճարը բանկը չի կարող վերցնել հաճախորդի հատուկ բանկային հաշվում եղած միջոցներից, բացառությամբ սույն հոդվածի 9-րդ մասով նախատեսված տոկոսների: Սույն մասով նախատեսված բացառությունը չի տարածվում նոտարի դեպոզիտ հաշիվների վրա:
8. Հաճախորդի հատուկ բանկային հաշվում եղած դրամական միջոցներն օգտագործելու համար բանկը տոկոսները վճարում է հաճախորդին, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Սույն մասով նախատեսված տոկոսների գումարը մուտքագրվում է հատուկ բանկային հաշվում, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
9. Սույն հոդվածի 8-րդ մասում նշված տոկոսները բանկը վճարում է հատուկ բանկային հաշվի պայմանագրով սահմանված չափով, իսկ պայմանագրում համապատասխան պայմանի բացակայության դեպքում` տվյալ բանկի կողմից ցպահանջ ավանդների համար սահմանված չափով (սույն օրենսգրքի 906-րդ հոդված):
10. Տոկոսների գումարը հաշվում մուտքագրվում է պայմանագրով նախատեսված ժամկետներում, իսկ պայմանագրում նման ժամկետների բացակայության դեպքում` յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո, բայց ոչ ուշ, քան պայմանագրի դադարմանը հաջորդող օրը:
11. Հատուկ բանկային հաշվի միջոցների հաշվին հատուկ բանկային հաշվի տիրոջ և բանկի՝ հատուկ բանկային հաշվի տիրոջ նկատմամբ ունեցած ցանկացած հանդիպական պահանջների հաշվանց չի կարող իրականացվել, անգամ եթե հատուկ հաշիվը տվյալ բանկում հաշվի տիրոջ միակ հաշիվն է: Սույն մասով նախատեսված սահմանափակումը չի վերաբերում սույն հոդվածի 9-րդ մասով նախատեսված տոկոսներից ձևավորված միջոցների չափով հաշվանց կատարելուն:
12. Պետական աջակցության հաշիվների կարգավորման առանձնահատկությունները սահմանվում են Կառավարության որոշմամբ:
13. Սույն օրենսգրքի 51-րդ գլխով սահմանված պահանջները տարածվում են հատուկ բանկային հաշիվների վրա այնքանով, որքանով չեն հակասում սույն գլխի դրույթներին:
Հոդված 928.2. |
Էսքրոու հաշվի պայմանագիրը |
1. Էսքրոու հաշվի պայմանագիր է համարվում այն պայմանագիրը, որով բանկը, որպես էսքրոու գործակալ, պարտավորվում է ընդունել և որոշակի գործարքի կատարման նպատակով բացված հատուկ բանկային հաշվի վրա մուտքագրել տվյալ գործարքի իրականացման հետ կապված մուտքագրվող միջոցները և այդ միջոցների հետ կապված հաշվից փոխանցումներ կատարելու, համապատասխան գումարներ տալու և հաշվով այլ գործառնություններ իրականացնելու վերաբերյալ կարգադրություններն իրականացնել միայն էսքրոու հաշվին միջոցներ մուտքագրած անձի և այդ միջոցների հասցեատիրոջ միջև կնքված պայմանագրում կամ էսքրոու հաշվի պայմանագրում նշված դեպքերում, պայմաններով և ժամկետներում:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված պայմանագրերով սահմանված ժամկետներում Էսքրոու հաշվին միջոցներ մուտքագրած անձի և այդ միջոցների հասցեատիրոջ կողմից միմյանց նկատմամբ ստանձնած պարտավորությունների կատարումը հավաստող փաստաթուղթ չներկայացվելու դեպքում Էսքրոու հաշվի միջոցները վերադարձվում են այդ միջոցները մուտքագրած անձին, իսկ վերադարձման անհնարինության դեպքում էսքրոու հաշիվը ձևակերպվում է որպես սույն օրենսգրքի 51-րդ գլխով նախատեսված բանկային հաշիվ՝ այդ հաշվին միջոցներ մուտքագրած անձի անունով:
3. Էսքրոու հաշվի պայմանագիրը կարող է հաճախորդի պահանջով վաղաժամկետ լուծվել, միայն եթե առկա է էսքրոու հաշվին միջոցներ մուտքագրած անձի և այդ միջոցների հասցեատիրոջ գրավոր համաձայնությունը, կամ եթե լուծվել է էսքրոու հաշվին միջոցներ մուտքագրած անձի և այդ միջոցների հասցեատիրոջ միջև կնքված համապատասխան պայմանագիրը, և այդ պայմանագրի լուծումից հետո անցել է ոչ պակաս, քան տասն օր, բայց ոչ ավելի, քան էսքրոու հաշվում առկա ամբողջ միջոցների դուրսգրման ժամկետը:
4. Էսքրոու հաշվում առկա միջոցները չեն կարող գրավադրվել, արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել հաճախորդի պարտավորությունների դիմաց, բացառությամբ սույն օրենսգրքի 928.1-ին հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի:
Հոդված 928.3. |
Անվանատիրոջ հաշվի պայմանագիրը |
1. Անվանատիրոջ հաշվի պայմանագիր է համարվում այն պայմանագիրը, որով բանկը պարտավորվում է ընդունել և հաճախորդի (անվանատիրոջ) բացած հաշվին մուտքագրել միայն ներդրումային ծառայությունների մատուցման կամ ներդրումային ֆոնդերի կառավարման հետ կապված անվանատիրոջ ծառայությունից օգտվողի (ֆոնդի) միջոցները, կատարել հաշվից փոխանցումներ կատարելու, համապատասխան գումարներ տալու և հաշվով այլ գործառնություններ իրականացնելու վերաբերյալ անվանատիրոջ կարգադրությունները: Ընդ որում, անվանատիրոջ հաշիվ է այն հաշիվը, որտեղ ներդրված միջոցները սեփականության իրավունքով չեն պատկանում հաշվետիրոջը, այլ դրանք փոխանցվել են նրան սույն կետում նշված ծառայությունների մատուցման կամ կառավարման արդյունքում:
2. Անվանատիրոջ հաշիվը կարող է օգտագործվել միայն ներդրումային ծառայություններ մատուցող անձի և ներդրումային ֆոնդի կառավարչի (պահառուի) կողմից ներդրումային ծառայությունների մատուցման կամ ներդրումային ֆոնդերի կառավարման (պահառության) հետ կապված գործառնությունների իրականացման համար:
3. Անվանատիրոջ հաշվում առկա միջոցները չեն կարող գրավադրվել, արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել անվանատիրոջ պարտավորությունների դիմաց կամ անվանատիրոջ սնանկության դեպքում հանդիսանալ պարտավորությունների կատարման համար լուծարային միջոց: Ընդ որում, անվանատիրոջ հաշվում առկա միջոցները սույն օրենսգրքի 928.1-ին հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հիմքով կարող են գրավադրվել, արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել միայն անվանատիրոջ հաշվում առկա տվյալ ծառայությունից օգտվողին պատկանող միջոցների չափով:
Հոդված 928.4. |
Նոտարի դեպոզիտ հաշվի պայմանագիրը |
1. Նոտարի դեպոզիտ հաշվի պայմանագիր է համարվում այն պայմանագիրը, որով բանկը պարտավորվում է ընդունել և հաճախորդի (նոտարի) բացած հաշվին մուտքագրել մուտքագրվող դրամական միջոցները, կատարել հաշվից փոխանցումներ կատարելու, համապատասխան գումարներ տալու և հաշվով այլ գործառնություններ իրականացնելու վերաբերյալ նոտարի կարգադրությունները:
2. Նոտարի դեպոզիտ հաշիվը կարող է օգտագործվել միայն օրենքով նախատեսված՝ նոտարի դեպոզիտ մուտքագրման ենթակա դրամական միջոցներով գործառնություններ իրականացնելու համար:
3. Նոտարի դեպոզիտ հաշվում առկա միջոցները չեն կարող գրավադրվել, արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել նոտարի պարտավորությունների դիմաց: Ընդ որում, նոտարի դեպոզիտ հաշվում առկա միջոցները սույն օրենսգրքի 928.1-ին հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հիմքով կարող են գրավադրվել, արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել միայն նոտարի դեպոզիտ հաշվում առկա տվյալ ծառայությունից օգտվողին պատկանող միջոցների չափով:
Հոդված 928.5. |
Կառուցապատողի հատուկ հաշիվը |
1. Կառուցապատողի հատուկ հաշիվն այն բանկային հաշիվն է, որի վրա կատարվում են կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրով գնորդի՝ կառուցապատողին կանխավճարային վճարումները:
2. Կառուցապատողի հատուկ հաշիվները կարող են բացվել՝
1) գանձապետարանում.
2) Արցախի Հանրապետության տարածքում գործող առևտրային բանկում.
3) նոտարի՝ գանձապետարանում կամ Արցախի Հանրապետության տարածքում գործող առևտրային բանկում բացված դեպոզիտային հաշվում՝ որպես ենթահաշիվ:
3. Կառուցապատողի և գնորդի միջև դրամական միջոցների գրավի պայմանագիր կնքվելու դեպքում կառուցապատողի հատուկ հաշվին գնորդի կողմից կատարվող կանխավճարային վճարումները կառուցապատողի հատուկ հաշվին մուտք լինելու պահից համարվում են գնորդի օգտին գրավադրված` ի ապահովումն կառուցման ավարտից հետո շենքից անշարժ գույքը գնորդին հանձնելու՝ կառուցապատողի պարտավորության և կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրի լուծման դեպքում կանխավճարի վերադարձման՝ կառուցապատողի պարտավորության պատշաճ կատարման: Կառուցապատողի հատուկ հաշվին գնորդի կատարած կանխավճարային վճարումները հաջորդող գրավի կանոններով կարող են գրավադրվել գնորդի վարկատուի օգտին:
4. Կառուցապատողի և գնորդի միջև դրամական միջոցների գրավի պայմանագրով կամ դրա փոփոխություններով կարող է նախատեսվել մինչև կառուցվող շենքի շինարարության ավարտը կամ մինչև սեփականության իրավունքի փոխանցման ակտի կնքումը կամ մինչև շենքի շահագործման թույլտվության ստացումը կառուցապատողի հատուկ հաշվի միջոցների մի մասի գրավի իրավունքի դադարեցում, որի կիրառման դեպքերում գրավից ազատվող միջոցները փոխանցվում են կառուցապատողի այլ բանկային հաշիվներին և կարող են տնօրինվել կառուցապատողի կողմից:
5. Կառուցապատողի հատուկ հաշվի մնացորդի դիմաց հաշվեգրվող տոկոսները դրանց ստացման ժամկետը լրանալիս փոխանցվում են կառուցապատողի այլ բանկային հաշիվներին, և կարող են տնօրինվել կառուցապատողի կողմից:
6. Կառուցապատողի հատուկ հաշվում առկա գրավադրված դրամական միջոցները չեն կարող արգելադրվել (կալանքի տակ վերցվել) կամ բռնագանձվել կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրից չբխող` կառուցապատողի որևէ պարտավորության, այդ թվում՝ պետական կամ համայնքային բյուջեի նկատմամբ կառուցապատողի ունեցած որևէ պարտավորության դիմաց:
7. Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում իրավահաջորդության կարգով կառուցապատողի իրավունքները և պարտավորություններն այլ անձանց անցնելու դեպքում (իրավաբանական անձ հանդիսացող կառուցապատողի վերակազմակերպում, ֆիզիկական անձ հանդիսացող կառուցապատողի մահ) կառուցապատողի հատուկ հաշվին գնորդի օգտին գրավադրված դրամական միջոցները կարող են անցնել միայն կառուցապատողի այն իրավահաջորդին, որին անցել են կառուցվող շենքից անշարժ գույք գնելու պայմանագրով կառուցապատողի պարտավորությունները:
Հոդված 928.6. |
Պետական աջակցության հաշվի պայմանագիրը |
1. Պետական աջակցության հաշվի պայմանագիր է համարվում սոցիալական աջակցության բնագավառում Արցախի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի և բանկի միջև կնքված պայմանագիրը, որով բանկը պարտավորվում է ընդունել և Արցախի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի բացած հաշվին մուտքագրել մուտքագրվող պետական աջակցություն կազմող դրամական միջոցները, կատարել հաշվից փոխանցումներ կատարելու, համապատասխան գումարներ տալու և հաշվով այլ գործառնություններ՝ Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
2. Պետական աջակցության հաշվում առկա միջոցները տնօրինելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Հոդված 928.7. |
Միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագիրը |
1. Միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագիր է համարվում Արցախի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի և բանկի միջև կնքված այն պայմանագիրը, որով բանկը պարտավորվում է Արցախի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի տրամադրած՝ բանկային հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալների հիման վրա բացել բանկային հաշիվ (միանվագ դրամական վճարների հաշիվ) և այդ հաշվին մուտքագրել միայն Արցախի Հանրապետության պետական բյուջեից վճարվող՝ սոցիալական պաշտպանության (ապահովության) ծրագրերով նախատեսված միանվագ բնույթ կրող (այդ թվում՝ որոշակի ժամկետով տրվող) նպաստների և դրամական այլ վճարների գումարները։
2. Միանվագ դրամական վճարների պայմանագրի օրինակելի ձևը, միանվագ դրամական վճարների հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալների ցանկը, միանվագ դրամական վճարների հաշվին մուտքագրելու միջոցով վճարվող գումարները սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը։
3. Անձը հաճախորդի (միանվագ դրամական վճարների հաշվի տիրոջ) իրավունքներ ձեռք է բերում բանկին այդ իրավունքների վրա հիմնված առաջին իսկ պահանջը ներկայացնելու (միանվագ դրամական վճարների հաշվին առկա միջոցները դուրս գրելու կարգադրություն անելու) պահից: Եթե միանվագ դրամական վճարների հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալները բանկին փոխանցելու ամսվանից հաշված՝ 12 ամսվա ընթացքում, անձը չի ներկայացնում սույն մասում նշված պահանջը, ապա հաշվին առկա միջոցները միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագրով նախատեսված կարգով և ժամկետում վերադարձվում են Արցախի Հանրապետության պետական բյուջե։
4. Միանվագ դրամական վճարների հաշվին մուտքագրված (առկա) միջոցները Արցախի Հանրապետության օրենսդրության հիման վրա միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագրով նախատեսված դեպքերում և կարգով կարող են վճարվել այլ անձի կամ, որպես Արցախի Հանրապետության օրենսդրության խախտմամբ վճարված գումար, Արցախի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի պահանջով միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագրով նախատեսված կարգով և ժամկետում վերադարձվում են Արցախի Հանրապետության պետական բյուջե։ Բանկը պատասխանատվություն չի կրում միանվագ դրամական վճարների հաշվին մուտքագրված՝ Արցախի Հանրապետության օրենսդրության խախտմամբ վճարված այն գումարների համար, որոնք հաճախորդի կարգադրության հիման վրա հաշվից դուրս են գրվել մինչև Արցախի Հանրապետության պետական բյուջե վերադարձնելու վերաբերյալ պահանջը ներկայացնելը։
5. Միանվագ դրամական վճարների հաշվին մուտքագրված (առկա) միջոցները չեն կարող գրավադրվել, արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել կամ հաշվանցվել հաճախորդի պարտավորությունների դիմաց:
Հոդված 928.8. |
Սոցիալական ապահովության հաշվի պայմանագիրը |
1. Սոցիալական ապահովության հաշվի պայմանագիր է համարվում Արցախի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի և բանկի միջև կնքված այն պայմանագիրը, որով բանկը պարտավորվում է Արցախի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի տրամադրած՝ բանկային հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալների հիման վրա բացել բանկային հաշիվ (սոցիալական ապահովության հաշիվ) և այդ հաշվին մուտքագրել միայն Արցախի Հանրապետության պետական բյուջեից վճարվող՝ սոցիալական պաշտպանության (ապահովության) ծրագրերով նախատեսված կենսաթոշակների, պարբերական բնույթ կրող (որոշակի կամ անորոշ ժամկետով տրվող) նպաստների և դրամական այլ վճարների գումարները։ Անձը հաճախորդի (սոցիալական ապահովության հաշվի տիրոջ) իրավունքներ է ձեռք բերում գումարը այդ հաշվին մուտքագրելու պահից։
2. Սոցիալական ապահովության հաշվի պայմանագրի օրինակելի ձևը, սոցիալական ապահովության հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալների ցանկը, սոցիալական ապահովության հաշվին մուտքագրելու միջոցով վճարվող գումարները սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը։
3. Սոցիալական ապահովության հաշվին մուտքագրված (առկա) միջոցները Արցախի Հանրապետության օրենսդրության հիման վրա սոցիալական ապահովության հաշվի պայմանագրով նախատեսված դեպքերում, կարգով և ժամկետում, որպես Արցախի Հանրապետության օրենսդրության խախտմամբ վճարված գումար, Արցախի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի պահանջով վերադարձվում են Արցախի Հանրապետության պետական բյուջե։ Բանկը պատասխանատվություն չի կրում սոցիալական ապահովության հաշվին մուտքագրված՝ Արցախի Հանրապետության օրենսդրության խախտմամբ վճարված այն գումարների համար, որոնք հաճախորդի կարգադրության հիման վրա հաշվից դուրս են գրվել մինչև Արցախի Հանրապետության պետական բյուջե վերադարձնելու վերաբերյալ պահանջը ներկայացնելը։
4. Հաճախորդը (հաշվի տերը) տարեկան մեկ անգամ՝ ոչ ուշ, քան վերջին անգամ բանկ ներկայանալու ամսվան հաջորդող 12-րդ ամսվա վերջին աշխատանքային օրը, անձամբ բանկ ներկայանալու միջոցով բանկին հավաստում է Արցախի Հանրապետությունում լինելը:
5. Սույն հոդվածի 4-րդ մասում նշված ժամկետներում և կարգով հաճախորդի (հաշվի տիրոջ)՝ Արցախի Հանրապետությունում լինելը անձամբ բանկ ներկայանալու միջոցով չհավաստվելու դեպքում բանկն այդ մասին սոցիալական ապահովության հաշվի պայմանագրով սահմանված կարգով տեղեկացնում է Արցախի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնին։
6. Սոցիալական ապահովության հաշվին մուտքագրված (առկա) միջոցները արգելադրվելու (արգելանքի տակ դրվելու), բռնագանձվելու կամ հաճախորդի պարտավորությունների դիմաց հաշվանցվելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Արցախի Հանրապետության օրենսդրությամբ:»:
Հոդված 9. |
Անցումային դրույթներ |
1. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը նոտարական վավերացմամբ կնքված՝ կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերից բնակարանի կամ ոչ բնակելի տարածքի նախնական առուվաճառքի պայմանագրի կողմերի միջև սույն օրենքով նախատեսված՝ կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագիր կնքվելու դեպքում նախնական պայմանագրի շրջանակներում գնորդի կողմից մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը գույքի հանդիպական հանձնման եղանակով, ներառյալ՝ հասարակության և պետության կարիքների համար գնորդի գույքը կամ գույքային իրավունքը կառուցապատողին կատարված օտարմամբ, կառուցապատողի դրամարկղ, բանկային հաշիվ կամ կառուցապատողի ցուցումով կառուցապատողի պարտատերերի, մատակարարների, կապալառուների բանկային հաշիվներին դրամական միջոցների վճարման եղանակներով կատարված վճարումները համարվում են կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրի գնի կանխավճարներ՝ սույն օրենքով նախատեսված սեփականության իրավունքի փոխանցման ակտը շենքի կառուցման ավարտից հետո կազմելիս:
2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |
|
|
2019թ. հուլիսի 17
Ստեփանակերտ
ՀՕ-79-Ն |
|