Համարը 
ՀՕ-21-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2019.05.06/07(371)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
17.04.2019
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
03.05.2019
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
16.05.2019
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ՕՐԵՆՔԸ ԼՂՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

 

Ընդունված է 2019 թվականի

ապրիլի 17-ին

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2003 թվականի նոյեմբերի 26-ի ջրային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 1-ին հոդվածում՝

1) երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ջրային ռեսուրսներ՝ բոլոր բնական վերականգնվող ջրային պաշարներ` մակերևութային և ստորերկրյա (ստորգետնյա) ջրեր.».

2) իններորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ջրի ազգային խորհուրդ` ջրային ռեսուրսների կառավարման բնագավառում բարձրագույն խորհրդատվական մարմին, որը ստեղծվում է Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ.».

3) տասներեքերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունները կանոնակարգող խորհուրդ` ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների միությունների գործունեությունը կանոնակարգող խորհուրդ, որը ստեղծվում է Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ.».

4) տասնութերորդ պարբերությունից հանել «և ջրային համակարգերի օգտագործման թույլտվությունների» բառերը.

5) տասնիններորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ջրային ռեսուրսների մոնիթորինգ` ջրային ռեսուրսների նկատմամբ կանոնակարգված դիտարկումների (ջրաերկրաբանական, ջրաբանական, ջրաֆիզիկական, ջրաքիմիական և ջրակենսաբանական), դրանց արդյունքում ստացված տեղեկատվության հավաքման, մշակման, ջրային ռեսուրսների որակական և քանակական գնահատման ու փոփոխությունների կանխատեսման և ջրային ռեսուրսների վիճակի մասին տեղեկատվության տրամադրման համակարգ.».

6) քսաներորդ պարբերությունը «ջրային ռեսուրսից ջուր վերցնելը» բառերից հետո լրացնել «այդ թվում՝ ստորերկրյա քաղցրահամ ջուր արդյունահանելը» բառերով.

7) քսանմեկերորդ պարբերությունը «ջրային ռեսուրսից ջրառի» բառերից հետո լրացնել «այդ թվում՝ ստորերկրյա քաղցրահամ ջրերի արդյունահանման» բառերով.

8) հիսունվեցերորդ պարբերության վերջակետը փոխարինել միջակետով և լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններ.

«մակերևութային ջրեր` ջուր (առուներ, գետեր, լճեր, լճակներ, գերխոնավ տարածքներ, ձնածածկույթներ, սառցադաշտեր), որը հոսում է կամ հավաքվել է երկրի մակերևույթի վրա.

ստորերկրյա ջրեր` ջուր (արտեզյան, գրունտային, բնաղբյուր), որը գտնվում է երկրակեղևը կազմող ապարների մեջ հեղուկ կամ գոլորշի կամ կարծր վիճակում.

ստորերկրյա քաղցրահամ ջրեր` մինչև 1 գրամ/լիտր հանքայնացմամբ ջրեր.

արտեզյան (ճնշումային) ջրեր՝ երկրաբանական կառուցվածքում վերևից և ներքևից ջրամերժ ապարներով սահմանազատված, ճեղքավոր, ծակոտկեն կամ կարստային ապարների շերտի մեջ տեղադրված ստորերկրյա ջուր, որն ունի ճնշում, և հորատման դեպքում նրա մակարդակը կանգնում է ջրատար շերտի առաստաղից բարձր, կամ շատրվանում է.

գրունտային ջրեր՝ երկրի մակերևույթից առաջին ջրամերժ շերտի վրա տեղակայված ազատ մակերևույթով գրավիտացիոն (շարժուն) ջրեր.

բնաղբյուր՝ ստորերկրյա ջրի մշտական կամ ժամանակավոր գործող բնական ելք` երկրի մակերևույթին կամ ջրավազանում (ստորջրյա աղբյուր).

ջրային հաշվեկշիռ՝ որոշակի տարածքի (ավազանի) սահմաններում ջրի մուտքի և ելքի բաղադրիչների քանակական հարաբերակցությունը որոշակի ժամանակամիջոցում.

կրկնակի (երկրորդային) ջրօգտագործում՝ ջրային ռեսուրսների օգտագործման արդյունքում առաջացող հոսքաջրերի և տեխնոլոգիական պահանջներից ելնելով` վերադարձված ջրերի օգտագործումն այլ նպատակներով.

կապտաժ` ստորերկրյա ջրերը որոշ խորություններում կամ ուղղակի երկրի մակերևույթի վրա բռնելու, հավաքելու ու կենտրոնացնելու համար նախատեսված կառույցներ.

ստորերկրյա քաղցրահամ ջրերի հորատանցքի նախագծային երկրաբանատեխնիկական կտրվածք` փաստաթուղթ, որտեղ նշվում են հորատանցքի տեղամասի կանխատեսվող երկրաբանական-շերտագրական և հիդրոերկրաբանական կտրվածքը, հորատանցքի կառուցվածքը, կանխատեսվող հիդրոերկրաբանական պարամետրերը և հորատման աշխատանքներն իրականացնելու անհրաժեշտ տեխնիկական պահանջները.

ստորերկրյա քաղցրահամ ջրերի հորատանցքի անձնագիր` պետական ջրային կադաստրի (ստորերկրյա ջրեր) համար անհրաժեշտ փաստաթուղթ, որտեղ նշվում են հորատանցքի տեղադիրքը և հորատման ժամանակը, կազմման հիմքը, փաստացի երկրաբանա-շերտագրական և հիդրոերկրաբանական կտրվածքը, տեխնիկական կառուցվածքը և հիդրոերկրաբանական պարամետրերը, ջրերի ֆիզիկաքիմիական ցուցանիշները:»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 4-րդ հոդվածի առաջին պարբերությունում և 113-րդ հոդվածում «պետական սեփականություն» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «պետության բացառիկ սեփականություն» բառերով և դրանց հոլովաձևերով:

 

Հոդված 3. Օրենսգրքի 8-րդ հոդվածի`

1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ջրի ազգային խորհրդի նախագահն Արցախի Հանրապետության պետական նախարարն է: Ջրի ազգային խորհրդի կանոնակարգը և կազմը, Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի ներկայացմամբ, հաստատում է կառավարությունը: Ի պաշտոնե Ջրի ազգային խորհրդի անդամներ են Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի ղեկավարը, Ջրային համակարգերի կառավարման մարմնի ղեկավարը և Հանձնաժողովի ղեկավարը:».

2) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 4. Օրենսգրքի 9-րդ հոդվածի երկրորդ և երրորդ պարբերություններում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի» բառերը փոխարինել «կառավարության» բառով:

 

 

Հոդված 5. Օրենսգրքի 10-րդ հոդվածի առաջին պարբերությունում՝

1) 11-րդ և 12-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11) հաստատում է ջրօգտագործման և ջրահեռացման, ինչպես նաև ջրային համակարգերում կորուստների նորմատիվները.

12) կազմակերպում է ջրային ռեսուրսների մոնիթորինգի իրականացումը.».

2) 19-րդ կետի վերջակետը փոխարինել միջակետով և լրացնել հետևյալ բովանդակությամբ 20-րդ կետ.

«20) մշակում և հաստատում է ջրային ռեսուրսներ թափվող կեղտաջրերի թույլատրելի սահմանային արտահոսքի չափաքանակների հաշվարկի մեթոդիկան:»:

 

Հոդված 6. Օրենսգրքի 13-րդ, 33-րդ, 55.1-ին, 61.1-ին և 61.2-րդ հոդվածներից հանել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերը:

 

Հոդված 7. Օրենսգրքի 16-րդ, 81-րդ, 93-րդ հոդվածներում «Ազգային ժողով» բառերից առաջ լրացնել «Արցախի Հանրապետության» բառերը:

 

Հոդված 8. Օրենսգրքի 19-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 19.

Ջրային հաշվեկշիռը

Ջրային հաշվեկշռի մուտքի բաղադրիչներն են տվյալ տարածք մուտք գործող մակերևութային և ստորերկրյա ջրերը, մթնոլորտային տեղումները և ջրային գոլորշիների խտացումից առաջացած ջրերը:

Ջրային հաշվեկշռի ծախսի բաղադրիչներն են գումարային գոլորշիացումը (ցամաքից, ջրակուտակներից և բուսականությունից), մակերևութային և ստորերկրյա ջրերի արտահոսքը և տեխնոլոգիական գործընթացներում կորուստները:

Արցախի Հանրապետության տարածքի ջրային հաշվեկշռի տարրերի բաշխումը` ըստ խոշոր գետային ավազանների, ջրավազանային կառավարման տարածքների, սահմանում է Կառավարությունը:»:

 

Հոդված 9. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 19.1-ին և 19.2-րդ հոդվածներով.

 

«Հոդված 19.1.

Ջրային ռեսուրսների մոնիթորինգը

Ջրային ռեսուրսների մոնիթորինգը պետության կողմից մասնագիտացված կազմակերպությունների միջոցով պարտադիր իրականացվող գործառույթ է, որի նպատակն է Արցախի Հանրապետության ջրավազանային տարածքներում ջրային ռեսուրսների վիճակի հետևողական և հանրության համար հասանելի գնահատում իրականացնելը, ինչպես նաև ջրային ռեսուրսների որակի և քանակի վերաբերյալ արժանահավատ տվյալներով ապահովելը:

Ջրային ռեսուրսների մոնիթորինգի խնդիրներն են՝

1) ջրային ռեսուրսների ձևավորման պայմանների, բնական ու մարդածին գործոնների ազդեցության հետևանքով դրանցում կատարված փոփոխությունների բացահայտումը.

2) բացահայտված փոփոխությունների զարգացման ընթացքի գնահատումը և համապատասխան միջոցառումների կիրառումը.

3) շրջակա միջավայրի և ջրաէկոհամակարգերի փոխազդեցությունների բացահայտումը, դրանց հնարավոր փոփոխությունների (կարճաժամկետ և երկարաժամկետ` ոչ պակաս 10 տարվա դիտարկումների արդյունքներով) կանխատեսումը և պահպանությանն ուղղված միջոցառումների կիրառումը.

4) ջրային ռեսուրսների պահպանությանը, արդյունավետ օգտագործմանը և կառավարմանը նպաստելը.

5) ջրավազանային կառավարման պլանների մշակմանը նպաստելը:

Ջրային ռեսուրսների մոնիթորինգն իրականացվում է Արցախի Հանրապետության պետական ու համայնքային բյուջեների, կազմակերպությունների միջոցների և Արցախի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:

Ջրային ռեսուրսների մոնիթորինգը և հաշվառումը կատարվում են Կառավարության սահմանած կարգով:

 

Հոդված 19.2.

Պետական ջրային կադաստրը

Պետական ջրային կադաստրը տեղեկատվական համակարգ է, որը վարում է ջրային ռեսուրսների որակական ու քանակական բնութագրերի, ջրային ռեսուրսների վրա բնական ու մարդածին ազդեցությունների, ջրային ռեսուրսների և ջրաէկոհամակարգերի պահպանության, օգտագործման ու վերականգնման մասին տվյալների շտեմարանի ստեղծման գործընթացները:

Պետական ջրային կադաստրի կառուցվածքն ու բովանդակությունը, տվյալների հավաքման ու պետական ջրային կադաստրում դրանց գրանցման, ինչպես նաև պետական կադաստրից տեղեկատվության տրամադրման ընթացակարգը սահմանվում են Կառավարության հաստատած ջրային ռեսուրսների պետական կադաստրի վարման կարգով:

Պետական ջրային կադաստրը վարում է Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմինը` Արցախի Հանրապետության պետական բյուջեի և Արցախի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:

Պետական ջրային կադաստրը վարվում է Կառավարության սահմանած կարգով:

Պետական ջրային կադաստրից տվյալների տրամադրումն անվճար է:»:

 

Հոդված 10. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 25.1-ին հոդվածով.

 

«Հոդված 25.1.

Կրկնակի (երկրորդային) ջրօգտագործումը

Ձկնաբուծական և խեցգետնաբուծական ջրօգտագործումից կատարվող ջրահեռացման արդյունքում առաջացած ջրային ռեսուրսներն այլ նպատակներով կրկնակի (երկրորդային) օգտագործման տալը տնտեսապես խթանելու համար, «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին համապատասխան, սահմանվում են բնօգտագործման վճարների հաշվարկման ջրային ռեսուրսների կրկնակի (երկրորդային) ջրօգտագործումը խթանող նորմեր:

Կրկնակի (երկրորդային) ջրօգտագործումը կարող է այլ անձանց կողմից իրականացվել գյուղատնտեսական կամ արդյունաբերական արտադրության նպատակներով:»:

 

Հոդված 11. Օրենսգրքի 30-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 30.

Ջրօգտագործման թույլտվություն ստանալու գործընթացը

1. Ջրօգտագործման թույլտվությունը տրամադրում է Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմինը՝ ներկայացված հայտի հիման վրա:

2. Ջրօգտագործման թույլտվության տրամադրման կարգը սահմանում է Կառավարությունը:

3. Ջրօգտագործման թույլտվության տրամադրման ժամկետը չի կարող 50 աշխատանքային օրվանից ավելի լինել:

4. Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմինը սույն օրենսգրքով սահմանված լինելու դեպքում ջրօգտագործման թույլտվություն ստանալու հայտը ներկայացնում է Ջրի ազգային խորհրդի քննարկմանը: Այդ դեպքում հայտի քննարկման գործընթացի ժամկետի հաշվարկը կասեցվում է մինչև Ջրի ազգային խորհրդի դիրքորոշումը հայտնելը:

5. Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմինն ապահովում է հասարակայնության ծանուցումն սպասվելիք ջրօգտագործման թույլտվության հայտի մասին:

6. Ջրօգտագործման թույլտվության տրամադրումից հետո լիազոր մարմինը հինգ աշխատանքային օրվա ընթացքում սույն օրենսգրքով սահմանված կարգով գրանցում է ջրօգտագործման թույլտվությունը և դրան կից պայմանները:»:

 

Հոդված 12. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 30.1-ին և 30.2-րդ հոդվածներով.

 

«Հոդված 30.1.

Ջրօգտագործման թույլտվության տրամադրման մերժումը

1. Ջրօգտագործման թույլտվության հայտերը մերժվում են, եթե՝

1) դրանով պահանջվող ջրօգտագործման թույլտվությունը չի համապատասխանում սույն օրենսգրքին կամ ջրի ազգային քաղաքականությանը կամ ջրի ազգային ծրագրին կամ ջրավազանային կառավարման պլաններին կամ դրանց առնչվող նորմատիվ իրավական այլ ակտերին.

2) ջրային պաշարները բավարար չեն ջրօգտագործման թույլտվություն տալու համար, կամ պահանջվող ջրօգտագործման թույլտվությունը չի բավարարում ջրի ազգային պաշարի պահպանման պահանջները կամ ջրերի ստանդարտները.

3) ներկայացված թերի փաստաթղթերը չեն համալրվել համալրման մասին Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի պատշաճ ծանուցման պահից 15 աշխատանքային օրվա ընթացքում, ընդ որում` լիազոր մարմինը պարտավոր է թերի փաստաթղթերի վերաբերյալ հայտատուին ծանուցել դրանք հայտնաբերելու օրվանից 2 աշխատանքային օրվա ընթացքում, որի դեպքում հայտի քննարկման գործընթացի ժամկետի հաշվարկը կասեցվում է մինչև թերի փաստաթղթերի համալրման օրը.

4) Ջրի ազգային խորհուրդը կայացրել է բացասական որոշում.

5) օրենսգրքով սահմանված ժամկետում չի վճարվել պետական տուրքը.

6) հայցվող ջրօգտագործման թույլտվության տրամադրումը կարող է բացասական ազդեցություն ունենալ գործող ջրօգտագործման թույլտվություն ունեցողների իրավունքների վրա:

 

Հոդված 30.2.

Ջրօգտագործման թույլտվության կասեցումը

1. Ջրօգտագործման թույլտվությունը կասեցվում է՝

1) Արցախի Հանրապետությունում երաշտ կամ սակավաջուր տարի հայտարարվելու դեպքում՝ հաշվի առնելով ջրօգտագործման գերակայության ապահովումը.

2) ջրի որակական չափորոշիչների խախտման և շրջակա միջավայրը պահպանելու անհրաժեշտության դեպքում.

3) բնական աղետների դեպքում՝ հաշվի առնելով ջրօգտագործման գերակայության ապահովումը.

4) տեխնածին վթարների հետևանքով արտակարգ իրավիճակների առաջացման դեպքում՝ հաշվի առնելով ջրօգտագործման գերակայության ապահովումը.

5) ջրօգտագործողի կողմից ջրօգտագործման թույլտվության պահանջների կամ պայմանների խախտման դեպքում.

6) երբ առկա չէ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության դրական եզրակացությունը, եթե օրենքով նախատեսված է, որ նախատեսվող գործունեությունը ենթակա է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության:

2. Ջրօգտագործման թույլտվության պայմանների խախտման դեպքում, նախքան թույլտվության գործողության կասեցումը, Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմինը թույլտվություն ունեցող անձին տեղեկացնում է 15 աշխատանքային օրվա ընթացքում հետագա գործունեությունը թույլտվության պահանջներին համապատասխանեցնելու պահանջի վերաբերյալ:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ և 4-րդ կետերով նախատեսված ջրօգտագործման թույլտվության կասեցման հետևանքով ջրօգտագործման թույլտվություն ունեցող անձին պատճառված վնասը հատուցվում է օրենքով սահմանված կարգով:»:

 

Հոդված 13. Օրենսգրքի 32-րդ հոդվածի առաջին պարբերությունում 14-րդ կետի վերջակետը փոխարինել միջակետով և լրացնել հետևյալ բովանդակությամբ 15-րդ կետ.

«15) ստորերկրյա ջրային ռեսուրսների օգտագործման նպատակով հորատանցքերի կառուցման կամ լուծարման, ինչպես նաև կոնսերվացման աշխատանքների կատարման պայմաններ:»:

 

Հոդված 14. Օրենսգրքի 34-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 34.

Ջրօգտագործման թույլտվությունը փոփոխելը կամ ուժը կորցրած ճանաչելը

 

1. Ջրօգտագործման թույլտվության պայմանների փոփոխման դեպքում թույլտվություն ունեցող անձը ներկայացնում է նոր հայտ՝ սույն օրենսգրքով սահմանված կարգով ջրօգտագործման նոր թույլտվություն ստանալու համար: Եթե ջրօգտագործման թույլտվություն ունեցող անձը նոր թույլտվություն չի ցանկանում կամ հրաժարվում է ջրօգտագործման իր թույլտվությունից, ապա նա այդ մասին գրավոր տեղյակ է պահում Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնին և վերադարձնում է ջրօգտագործման թույլտվության իր օրինակը՝ կատարելով նշում դրանից հրաժարվելու մասին:

2. Ջրօգտագործման թույլտվությունն ուժը կորցրած է ճանաչվում, եթե՝

1) ջրօգտագործման թույլտվություն ստանալու համար պահանջվող փաստաթղթերում հայտնաբերվել են կեղծ փաստաթղթեր կամ տեղեկություններ.

2) ջրօգտագործման թույլտվության գործողության կասեցման ժամկետում չեն վերացվել ջրօգտագործման թույլտվության պայմանների խախտումները:

Ջրօգտագործումը ՀՏԿ-ների միջոցով իրականացնելիս սույն հոդվածով նախատեսված ջրօգտագործման թույլտվությունն ուժը կորցրած ճանաչվելու դեպքում ջրօգտագործման իրավունքից զրկված անձը պարտավոր է ջրօգտագործման թույլտվությունն ուժը կորցրած ճանաչվելու օրվանից ոչ ուշ, քան եռամսյա ժամկետում Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի առաջարկությամբ իր միջոցների հաշվին լուծարել կամ կոնսերվացնել ՀՏԿ-ն:»:

 

Հոդված 15. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին գլխով.

 

«Գ Լ ՈՒ Խ 4.1

ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՔԱՂՑՐԱՀԱՄ ՋՐԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 37.1.

Ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործումը

1. Ստորերկրյա քաղցրահամ ջրային ռեսուրսներն օգտագործվում են բեռնաթափվող աղբյուրներով և դրենաժային հոսքով, ինչպես նաև հորատանցքերով:

2. Արտեզյան (ճնշումային) և գրունտային ստորերկրյա ջրերի օգտագործումն իրականացվում է արդյունահանման եղանակով՝ հորատանցքի միջոցով:

3. Բնաղբյուրն օգտագործվում է անմիջականորեն կամ ջրհավաքման (կապտաժ) կառույցների միջոցով:

4. Առաջնահերթ օգտագործման ենթակա են մեկ և ավելի տարիների տևողությամբ մշտադիտարկումների ենթարկված ստորերկրյա քաղցրահամ ջրաղբյուրները:

5. Հորից ջրօգտագործման դադարեցման դեպքում հորի լուծարման կամ կոնսերվացման աշխատանքներն իրականացվում են ջրօգտագործման թույլտվությամբ մասնագիտացված կազմակերպության կողմից` ջրօգտագործողի միջոցներով:

6. Ստորերկրյա քաղցրահամ ջրերն առաջին հերթին օգտագործվում են խմելու, առողջապահական, կոմունալ և կենցաղային ջրամատակարարման համար:

7. Ստորերկրյա քաղցրահամ ջրերի հորատանցքի միջոցով ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործումն իրականացվում է երկու փուլով. Հորատանցքի կառուցմամբ` հորատանցքի նախագծային երկրաբանատեխնիկական կտրվածքի հիման վրա, և հորատանցքի շահագործմամբ` կառուցված հորատանցքի անձնագրի հիման վրա:

8. Ստորերկրյա քաղցրահամ ջրերի հորատանցքի նախագծային երկրաբանատեխնիկական կտրվածքը և անձնագրի ձևերը հաստատում է Կառավարությունը:

 

Հոդված 37.2.

Հորատանցքերի կոնսերվացումը և լուծարումը

1. Կոնսերվացման ենթակա են այն հորատանցքերը, որոնք պիտանի են շահագործման համար, սակայն այդ հորերից ջրօգտագործում չի իրականացվում:

2. Լուծարման ենթակա են այն հորատանցքերը, որոնք տեխնիկական անսարքության պատճառով շահագործման համար պիտանի չեն, և առկա է հետևյալ պայմաններից որևիցե մեկը.

1) հորատանցքի վերնամասը լցված է քարերով, մետաղական թափոններով, շինարարական աղբով, և հորի վերականգնումը հնարավոր չէ.

2) ջրերը խմելու, տնտեսական օգտագործման և ոռոգման համար պիտանի չեն.

3) ինքնահոս շատրվանող հորերը, որոնց ջրերը չեն օգտագործվում, հանգեցնում են շրջապատի ճահճացմանը, գրունտային ջրերի մակարդակի բարձրացմանը և հողային ռեսուրսների աղակալմանը.

4) արտախողովակային հոսքի առկայության դեպքում, եթե վերանորոգումը հնարավոր չէ.

5) սույն օրենսգրքի 34-րդ հոդվածով նախատեսված դեպքերում:

3. Հորատանցքերի լուծարումը և կոնսերվացումն իրականացվում են այն անձանց միջոցների հաշվին, որոնց սեփականության իրավունքով պատկանող տարածքում գտնվում է տվյալ հորը:

4. Լուծարումը և կոնսերվացումն իրականացվում են Կառավարության սահմանած կարգով:

 

Հոդված 37.3.

Ստորերկրյա քաղցրահամ ջրերի պահպանությունը

 

1. Ստորերկրյա քաղցրահամ ջրերի պահպանությունն արտաքին գործոններից պայմանավորված է ջրատար հորիզոնների բնական պաշտպանվածության աստիճանով՝

1) պաշտպանված.

2) պայմանական պաշտպանված.

3) չպաշտպանված:

2. Պայմանական պաշտպանված կամ չպաշտպանված աստիճանի ստորերկրյա քաղցրահամ ջրերը աղտոտումից պահպանելու համար անհրաժեշտ է մշակել ստորերկրյա քաղցրահամ ջրերի լիարժեք պահպանության միջոցառումների իրականացման ծրագիր, որն էլ պետք է ներառվի տվյալ ջրավազանային կառավարման պլանում:

3. Ստորերկրյա քաղցրահամ ջրերի պահպանության հիմնական պահանջներն են`

1) ջրաերկրաբանական լիակատար և համալիր ուսումնասիրության հիման վրա ստորերկրյա քաղցրահամ ջրային ռեսուրսի քանակի, որակի և այլ հատկությունների վերաբերյալ հավաստի տեղեկատվության ապահովումը.

2) ստորերկրյա քաղցրահամ ջրային ռեսուրսի ինքնակամ օգտագործման արգելումը.

3) ստորերկրյա քաղցրահամ ջրային ռեսուրսի շարժի հավաստի հաշվառման ապահովումը:

4. Ստորերկրյա քաղցրահամ ջրերը սպառումից պահպանելու նպատակով՝

1) պարբերաբար՝ ըստ ստորերկրյա քաղցրահամ ջրային ռեսուրսների առանձնահատկության, իրականացնել ջրաերկրաբանական մոնիթորինգ, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում՝ ջրաերկրաբանական ուսումնասիրություններ.

2) մշակել ստորերկրյա քաղցրահամ ջրերի սպառումը բացառող միջոցառումների իրականացման ծրագիր.

3) լուծարել կամ կոնսերվացնել ինքնաթափ չօգտագործվող ստորերկրյա քաղցրահամ ջրերի հորատանցքերը:»:

 

Հոդված 16. Օրենսգրքի 63-րդ հոդվածի`

1) երկրորդ պարբերությունում «միջպետական համաձայնագրերով և (կամ)» բառերը փոխարինել «միջազգային» բառով.

2) չորրորդ պարբերությունում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետը» բառերը փոխարինել «Կառավարությունը» բառով:

 

Հոդված 17. Օրենսգրքի 64-րդ հոդվածի՝

1) 1-ին կետում «միջպետական համաձայնագրերի» բառերը փոխարինել «միջազգային պայմանագրերի» բառերով.

2) 5-րդ կետում «միջպետական համաձայնագրերով և (կամ)» բառերը փոխարինել «միջազգային» բառով:

 

Հոդված 18. Օրենսգրքի 84-րդ հոդվածում «վարչապետին» բառը փոխարինել «պետական նախարարին» բառերով:

 

Հոդված 19. Օրենսգրքի ամբողջ տեքստում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» բառերը և հոլովաձևերը փոխարինել «Արցախի Հանրապետություն» բառերի հոլովաձևերով, բացառությամբ 14-րդ, 119-րդ և 121-րդ հոդվածների:

 

Հոդված 20. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

           

2019թ. մայիսի 3

Ստեփանակերտ

ՀՕ-21-Ն