ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
|
Ընդունված է 2019 թվականի
փետրվարի 27-ին |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2008 թվականի դեկտեմբերի 17-ի վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 2-րդ հոդվածի 1-ին մասում և 7-րդ հոդվածի 5-րդ մասում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատական օրենսգրքով» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության դատական օրենսգրքով» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի`
1) 1-ին կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ» բառերով.
2) 1-ին կետի «բ» ենթակետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրության» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության Սահմանադրության» բառերով:
Հոդված 3. Օրենսգրքի 23-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Հիմնական իրավունքների խախտմամբ ձեռք բերված կամ արդար դատաքննության իրավունքը խաթարող ապացույցների օգտագործումն արգելվում է: Դրանք ապացուցողական ուժ չունեն և չեն կարող դրվել դատական ակտի հիմքում:»:
Հոդված 4. Օրենսգրքի 30-րդ հոդվածում`
1) 3-րդ մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) անձինք` իրենց կամ իրենց ամուսնու կամ իրենց հետ արյունակցական մինչև 2-րդ աստիճանի կապի մեջ գտնվող անձանց կամ որդեգրողների կամ իրենց որդեգրածների կամ որդեգրողների կամ իրենց որդեգրածների հետ արյունակցական կապի 1-ին աստիճանի մեջ գտնվող անձանց վերաբերյալ, եթե ողջամտորեն ենթադրում են, որ այն հետագայում կարող է օգտագործվել իրենց կամ նրանց դեմ.».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ մաս.
«7. Անձինք, որոնք որևէ ֆիզիկական կամ հոգեկան արատի պատճառով ունակ չեն ճիշտ ընկալելու և վերարտադրելու գործով ապացուցման ենթակա հանգամանքները, չեն կարող հարցաքննվել որպես վկա:»:
Հոդված 5. Օրենսգրքի 59-րդ հոդվածի 10-րդ մասում «օրենսգրքի 117.12-րդ հոդվածի» բառերը փոխարինել «օրենսգրքի 117.14-րդ հոդվածի» բառերով:
Հոդված 6. Օրենսգրքի 85-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 85. |
Հայցի հիմքը և (կամ) առարկան փոփոխելը |
1. Հայցվորը հայցի հիմքը և (կամ) առարկան կարող է փոփոխել նախնական դատական նիստի ընթացքում կամ դատաքննություն նշանակելու մասին վարչական դատարանի որոշումը ստանալուց հետո՝ յոթնօրյա ժամկետում: Հայցի հիմքը և (կամ) առարկան կարող են փոփոխվել գործը քննող վարչական դատարանի ընդդատության սահմաններում։
2. Վարչական դատարանը կարող է թույլ չտալ նման փոփոխություն, եթե այն հանգեցնում է հայցի էության փոփոխության։ Այդ դեպքում վարչական դատարանը կայացնում է որոշում։
3. Պատասխանողը հայցադիմումի հիմքի և (կամ) առարկայի փոփոխությունը ստանալուց հետո կարող է ներկայացնել նոր պատասխան դրա վերաբերյալ` սույն օրենսգրքի 83-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետներում:»:
Հոդված 7. Օրենսգրքի 89-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 89. |
Գործի վարույթը կասեցնելու դատարանի լիազորությունները |
1. Դատարանը պարտավոր է կասեցնել գործի վարույթը, եթե`
1) անհնարին է տվյալ գործի քննությունը մինչև սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող այլ գործով որոշում, վճիռ կամ դատավճիռ կայացնելը.
2) առկա է անհաղթահարելի ուժ, որը խոչընդոտում է տվյալ գործով հետագա վարույթի իրականացմանը.
3) դատավարության մասնակից հանդիսացող ֆիզիկական անձի մահից հետո վիճելի իրավահարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն.
4) դատավարության մասնակից հանդիսացող ֆիզիկական անձը ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
5) դատարանը «Սահմանադրական դատավարության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով դիմել է Գերագույն դատարան:
2. Դատարանն իրավունք ունի կասեցնելու գործի վարույթը, եթե`
1) նշանակել է փորձաքննություն.
2) պատասխանող կամ երրորդ անձ հանդիսացող ֆիզիկական անձը հետախուզման մեջ է.
3) դատավարության մասնակից հանդիսացող իրավաբանական անձը վերակազմակերպվում է:
3. Դատարանը գործի վարույթը կասեցնելու մասին կայացնում է որոշում` այն եռօրյա ժամկետում ուղարկելով դատավարության մասնակիցներին:»:
Հոդված 8. Օրենսգրքում լրացնել հետևյալ բովանդակությամբ 89.1-ին հոդված.
«Հոդված 89.1. |
Գործի վարույթը վերսկսելը |
1. Գործի վարույթը վերսկսվում է դրա կասեցումն առաջացրած հանգամանքների վերանալուց հետո:
2. Սույն օրենսգրքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված հիմքով կասեցված գործով վարույթը վերսկսվում է, եթե`
1) Գերագույն դատարանի աշխատակազմը վերադարձրել է դատարանի դիմումը, և դիմողը «Սահմանադրական դատավարության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով չի բողոքարկել Գերագույն դատարանին, կամ բողոքարկելուց հետո Գերագույն դատարանը դատարանի դիմումը վերադարձնելու մասին վերջնական որոշում է կայացրել.
2) Գերագույն դատարանը կարճել է գործի վարույթը.
3) Գերագույն դատարանն ամբողջությամբ մերժել է գործի քննությունը, բացառությամբ այն դեպքի, երբ դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի (դիմումների) հիման վրա Գերագույն դատարանում իրականացվում է գործի դատաքննություն.
4) ուժի մեջ է մտել Գերագույն դատարանի որոշումը՝ կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի դրույթի` Սահմանադրությանը համապատասխանության հարցի վերաբերյալ:
3. Դատարանը գործի վարույթը վերսկսելու մասին կայացնում է որոշում` այն եռօրյա ժամկետում ուղարկելով դատավարության մասնակիցներին:
4. Գործի վարույթը կասեցնելու մասին որոշումը վերացվելու դեպքում գործի վարույթը վերսկսվում է:»:
Հոդված 9. Օրենսգրքի 90-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 90. |
Գործի վարույթը կարճելը |
1. Դատարանը գործի քննության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե`
1) վեճն ընդդատյա չէ վարչական դատարանին.
2) լրացել է հայց ներկայացնելու համար օրենքով նախատեսված ժամկետը.
3) նույն անձանց միջև նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ առկա է դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռ.
4) դատավարության մասնակից հանդիսացող անձի մահից հետո վիճելի իրավահարաբերությունը բացառում է իրավահաջորդությունը.
5) դատավարության մասնակից հանդիսացող իրավաբանական անձը լուծարվել է.
6) հայցվորը հրաժարվել է հայցից, բացառությամբ սույն օրենսգրքի 24-րդ գլխով սահմանված այն գործերի, որոնց քննությունը բխում է հանրության կամ պետության շահերից.
7) վեճն ըստ էության սպառվել է.
8) գործի վարույթը կասեցնելու մասին որոշում ընդունելուց հետո` մեկ տարվա ընթացքում, կասեցման հիմք հանդիսացած հանգամանքները չեն վերացել (բացառությամբ սույն օրենսգրքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի), և գործի վարույթն այդ պայմաններում վերսկսելն անհնարին է.
9) եթե բացահայտվել են սույն օրենսգրքի 79-րդ հոդվածով նախատեսված` հայցադիմումի ընդունումը մերժելու հիմքերը.
10) դատարանը հաստատել է կնքված հաշտության համաձայնությունը:
2. Եթե հայցվորը ներկայացնում է դիմում հայցից հրաժարվելու վերաբերյալ, ապա դատարանը երկշաբաթյա ժամկետում հրավիրում է դատական նիստ՝ այն քննելու նպատակով: Եթե հայցվորը նիստի ժամանակ կրկնում է հայցից հրաժարվելու իր դիմումը կամ պատշաճ ծանուցված լինելու պայմաններում չի ներկայանում դատական նիստին, ապա դատարանը եռօրյա ժամկետում որոշում է կայացնում գործի վարույթը կարճելու մասին:»:
Հոդված 10. Օրենսգրքում լրացնել հետևյալ բովանդակությամբ 90.1-ին հոդված.
«Հոդված 90.1. |
Գործի վարույթը կարճելու կարգը և հետևանքները |
1. Գործի վարույթը կարճելու մասին դատարանը կայացնում է որոշում, որով լուծվում են նաև դատավարության մասնակիցների միջև դատական ծախսերի բաշխման հարցերը։
2. Գործի վարույթը կարճելու դեպքում նույն անձանց միջև նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ չի թույլատրվում կրկին դիմել վարչական դատարան, բացառությամբ այն դեպքերի, երբ հայցվորը հայցից հրաժարվել է դատաքննության նախապատրաստական փուլում, կամ գործի վարույթը կարճվել է սույն օրենսգրքի 90-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով նախատեսված հիմքով:»:
Հոդված 11. Օրենսգրքի 93.1-ին հոդվածի 1-ին մասում «օրինական» բառը փոխարինել «իրավաչափ» բառով:
Հոդված 12. Օրենսգրքի 98-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 98. |
Գործի դատաքննությունը հետաձգելը |
1. Վարչական դատարանն իրավասու է հետաձգելու գործի դատաքննությունը, եթե`
1) համարում է, որ այն չի կարող քննվել տվյալ նիստում, մասնավորապես դատավարության մասնակիցներից որևէ մեկի, վկաների, փորձագետների, թարգմանիչների բացակայության պատճառով.
2) այն թելադրված է լրացուցիչ ապացույցներ ներկայացնելու անհրաժեշտությամբ.
3) ավարտվել է աշխատանքային օրը, եթե սույն օրենսգրքով գործի քննության հատուկ ժամկետներ սահմանված չեն.
4) կողմերից մեկը միջնորդում է տրամադրել ողջամիտ ժամկետ` վեճն արտադատարանական կարգով լուծելու համար.
5) հայցվորը ներկայացրել է հայցի հիմքը և (կամ) առարկան փոփոխելու վերաբերյալ միջնորդություն.
6) կողմերը փոխադարձ համաձայնությամբ միջնորդում են հետաձգել գործի դատաքննությունը:
2. Գործի դատաքննությունը հետաձգելու մասին կայացվում է որոշում։
3. Դատավարության մասնակիցները պատշաճ ծանուցվում են հաջորդ դատական նիստի ժամանակի և վայրի մասին։
4. Գործի դատաքննությունը հետաձգելուց հետո այն շարունակվում է ընդհատված պահից։»:
Հոդված 13. Օրենսգրքի 116-րդ հոդվածի 1-ին մասում և 136-րդ հոդվածի 1-ին մասում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրության» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության Սահմանադրության» բառերով:
Հոդված 14. Օրենսգրքի 19.1-ին և 20-րդ գլուխները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ԳԼՈՒԽ 19.1
ՎԱՐՈՒՅԹԸ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Հոդված 117.1. |
Վերաքննիչ բողոք բերելու իրավունքը |
1. Վարչական դատարանի՝ գործն ըստ էության լուծող դատական ակտերի, ինչպես նաև սույն օրենսգրքի 125-րդ հոդվածով նախատեսված միջանկյալ դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն`
1) դատավարության մասնակիցները.
2) դատավարության մասնակից չդարձված անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ։
2. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված անձինք վերաքննիչ դատարանում օգտվում են երրորդ անձանց իրավունքներից և կրում են նրանց համար սահմանված պարտականությունները։
Հոդված 117.2. |
Վերաքննիչ բողոք բերելու ժամկետը |
1. Գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված հիմքով դատական ակտը բողոքարկելու դեպքերի։
2. Միջանկյալ դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում` մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը։
3. Դատավարության մասնակից չդարձված այն անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ, իրավունք ունեն վերաքննիչ բողոք բերելու այն օրվանից սկսած՝ երեք ամսվա ընթացքում, երբ իմացել են կամ կարող էին իմանալ նման դատական ակտի կայացման մասին։ Այդպիսի վերաքննիչ բողոք չի կարող բերվել, եթե դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո անցել է քսան տարի։
4. Սույն հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված ժամկետներից հետո բերված վերաքննիչ բողոքը վերաքննիչ դատարանը կարող է ընդունել վարույթ, եթե ներկայացված է համապատասխան ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդություն, և դատարանն այն բավարարել է։
Հոդված 117.3. |
Վերաքննիչ բողոք բերելու կարգը |
1. Վերաքննիչ բողոքը և դրան կից փաստաթղթերն ուղարկվում են վերաքննիչ դատարան։ Բողոք բերողը վերաքննիչ բողոքը և դրան կից փաստաթղթերի պատճեններն ուղարկում է դատավարության մասնակիցներին, իսկ բողոքի պատճենը` դատական ակտը կայացրած վարչական դատարան։
2. Վարչական դատարանը բողոքի պատճենը ստանալու օրվանից ոչ ուշ, քան հաջորդ օրը, իսկ եթե դա հնարավոր չէ՝ հնարավորինս սեղմ ժամկետում, սակայն ոչ ուշ, քան բողոք բերելու ժամկետը լրանալու օրվան հաջորդող եռօրյա ժամկետում, պարտավոր է գործն ուղարկել վերաքննիչ դատարան։
Հոդված 117.4. |
Վերաքննիչ բողոքի ձևը և բովանդակությունը |
1. Վերաքննիչ բողոքը կազմվում է գրավոր, որում նշվում են`
1) դատարանի անվանումը, որին հասցեագրվում է բողոքը.
2) բողոք բերող անձի և դատավարության մասնակիցների անունները (անվանումները).
3) դատարանի անվանումը, որի կայացրած դատական ակտի դեմ բերվում է բողոքը, գործի համարը և դատական ակտի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը.
4) նյութական կամ դատավարական իրավունքի նորմի այն խախտումը, որը կարող էր ազդել գործի ելքի վրա.
5) վերաքննիչ բողոքում նշված նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտման, ինչպես նաև գործի ելքի վրա դրանց ազդեցության վերաբերյալ հիմնավորումները` վկայակոչելով Գերագույն դատարանի այն որոշումները, որոնք վերաքննիչ բողոք բերած անձը վերաբերելի է համարում` մեջ բերելով դրանց հակասող մասերը և կատարելով համեմատական վերլուծություն.
6) բողոք բերող անձի պահանջը.
7) բողոքին կցվող փաստաթղթերի ցանկը։
2. Եթե վարչական դատարանում բողոք բերած անձը զրկված է եղել բողոքի առարկա հանդիսացող որևէ հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնելու հնարավորությունից, ապա վերաքննիչ բողոքում պետք է նշի նաև իր դիրքորոշումն այդ հարցի վերաբերյալ։
3. Վերաքննիչ բողոքը ստորագրում է բողոք բերող անձը կամ նրա ներկայացուցիչը։
4. Բողոքին կցվում են պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթղթերը, բողոքի պատճենները դատական ակտ կայացրած վարչական դատարանին և դատավարության մասնակիցներին ուղարկելու մասին ապացույցները, լիազորագիրը կամ այլ փաստաթուղթ, որը հավաստում է ներկայացուցչի լիազորությունը (եթե բողոք բերողը հանդես է գալիս ներկայացուցչի միջոցով)։ Այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու հնարավորություն, ապա վերաքննիչ բողոքին կցվում է կամ բողոքում ներառվում է դրա վերաբերյալ միջնորդությունը։
Հոդված 117.5. |
Վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը |
1. Գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ բերված վերաքննիչ բողոքը վերադարձնելու կամ ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում բողոք բերելու ժամկետը լրանալուց հետո` ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում, վերաքննիչ դատարանը կայացնում է վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում։
2. Միջանկյալ դատական ակտի դեմ բերված վերաքննիչ բողոքը վերադարձնելու կամ ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում գործը ստանալուց հետո՝ ոչ ուշ, քան հինգ օրվա ընթացքում, վերաքննիչ դատարանը կայացնում է վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում։
3. Բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը կայացնելուց հետո՝ եռօրյա ժամկետում, վերաքննիչ դատարանն այն ուղարկում է բողոք բերող անձին և դատավարության մասնակիցներին։
4. Գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ բերված վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումն ուղարկելու հետ միաժամանակ բողոք բերող անձը և դատավարության մասնակիցները տեղեկացվում են գործի դատաքննության ժամանակի ու վայրի մասին։
Հոդված 117.6. |
Վերաքննիչ բողոքը վերադարձնելը |
1. Վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե`
1) չեն պահպանվել սույն օրենսգրքի 117.4-րդ հոդվածի պահանջները.
2) բողոքի շրջանակում առերևույթ բացառվում է դատական սխալի` նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտման առկայության հնարավորությունը, որը կարող էր ազդել գործի ելքի վրա.
3) վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո և միջնորդություն չի պարունակում բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին.
4) մինչև վերաքննիչ դատարանի՝ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելը բողոք բերած անձից դիմում է ստացվել այն հետ վերցնելու մասին, բացառությամբ սույն օրենսգրքի 117.9-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքի։
2. Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշումը կայացնում է գործը ստանալու օրվանից հետո`
1) յոթնօրյա ժամկետում` գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ բերված բողոքով.
2) հնգօրյա ժամկետում` միջանկյալ դատական ակտի դեմ բերված բողոքով։
3. Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ նշվում են բողոքում առկա բոլոր առերևույթ սխալները։
4. Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշում ընդունելու դեպքում բողոք բերող անձին ուղարկվում են վերաքննիչ դատարանի որոշումը և բողոքին կից ներկայացված փաստաթղթերը։ Եթե բողոքը բերել են մեկից ավելի անձինք, ապա բողոքին կից փաստաթղթերը վերադարձվում են նրանց ներկայացուցչին կամ բողոք բերած անձանցից մեկին` մյուսներին իրազեկելով այդ մասին, եթե ծանուցման վերաբերյալ այլ կարգ բողոքում նշված չէ։
5. Սույն հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով նախատեսված հիմքերով վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում առկա սխալները վերացնելու և բողոքը վերադարձնելու մասին որոշումն ստանալուց հետո` գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ բերված բողոքով տասնհինգօրյա ժամկետում, իսկ միջանկյալ դատական ակտի դեմ բերված բողոքով եռօրյա ժամկետում կրկին բերելու դեպքում բողոքը համարվում է վերաքննիչ դատարանում ընդունված սկզբնական ներկայացման օրը։ Բողոքը կրկին բերելու դեպքում սխալները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվում։
6. Վերաքննիչ դատարանի` բողոքը վերադարձնելու մասին որոշումը կարող է բողոքարկվել Գերագույն դատարան։
7. Գերագույն դատարանի կողմից որոշումը վերացվելու դեպքում բողոքը համարվում է վերաքննիչ դատարանում ընդունված՝ սկզբնական ներկայացման օրը:
Հոդված 117.7. |
Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելը |
1. Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե`
1) սույն օրենսգրքի 117.6-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում անձը չի վերացրել բողոքում առկա սխալները, որոնց չվերացնելն արգելք է բողոքի քննության համար, կամ բողոքը բերել է սույն օրենսգրքի 117.6-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետի խախտմամբ կամ սույն օրենսգրքի 117.6-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում ներկայացրել է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու միջնորդություն, որը մերժվել է.
2) վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, և բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժվել է.
3) բողոքը բերել է այն անձը, որը վարչական դատարանի դատական ակտը բողոքարկելու իրավունք չունի.
4) բողոքարկվել է այն դատական ակտը, որը ենթակա չէ բողոքարկման.
5) բողոքարկվել է այն դատական ակտը, որն ընդդատյա չէ վերաքննիչ դատարանին։
2. Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին որոշումը կայացնում է գործը ստանալու օրվանից հետո`
1) յոթնօրյա ժամկետում` գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ բերված բողոքով.
2) հնգօրյա ժամկետում` միջանկյալ դատական ակտի դեմ բերված բողոքով։
3. Վերաքննիչ դատարանի` բողոքի ընդունումը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել Գերագույն դատարան։
4. Որոշումը Գերագույն դատարանի կողմից վերացվելու դեպքում բողոքը համարվում է վերաքննիչ դատարանում ընդունված սկզբնական ներկայացման օրը։
Հոդված 117.8. |
Վերաքննիչ բողոքի պատասխանը |
1. Դատավարության մասնակիցը վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին վերաքննիչ դատարանի որոշումը ստանալուց հետո իրավունք ունի ներկայացնելու վերաքննիչ բողոքի պատասխան`
1) տասնհինգօրյա ժամկետում` գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ բերված բողոքով.
2) հնգօրյա ժամկետում` միջանկյալ դատական ակտի դեմ բերված բողոքով։
2. Վերաքննիչ բողոքի պատասխանն ուղարկվում է վերաքննիչ դատարան և դատավարության մասնակիցներին:
3. Վերաքննիչ բողոքի պատասխանը ներկայացվում է գրավոր։ Վերաքննիչ բողոքի պատասխանում նշվում են`
1) դատարանի անվանումը, որին հասցեագրվում է պատասխանը.
2) պատասխանը ներկայացրած անձի և դատավարության մասնակիցների անունները (անվանումները).
3) դատարանի անվանումը, որի կայացրած դատական ակտի դեմ բերվել է վերաքննիչ բողոք, գործի համարը և վճռի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը.
4) վերաքննիչ բողոքի վերաբերյալ դիրքորոշումը և դրա հիմնավորումները։
4. Ներկայացված պատասխանին կցվում են պատասխանի պատճենները դատավարության մասնակիցներին ուղարկելու ապացույցները, լիազորագիրը կամ այլ փաստաթուղթ, որը հավաստում է ներկայացուցչի լիազորությունը (եթե պատասխանը ներկայացրած անձը հանդես է գալիս ներկայացուցչի միջոցով)։
5. Վերաքննիչ բողոքի պատասխանը ստորագրում է պատասխանը ներկայացրած անձը կամ նրա ներկայացուցիչը:
Հոդված 117.9. |
Վերաքննիչ բողոքը հետ վերցնելը |
1. Վերաքննիչ դատարան բողոք բերելուց հետո մինչև վերաքննիչ դատարանում գործի դատաքննության ավարտը վերաքննիչ բողոք բերած անձն իրավունք ունի ներկայացնելու դիմում բողոքը հետ վերցնելու մասին։
2. Սույն օրենսգրքի 24-րդ գլխով սահմանված այն գործերով, որոնց քննությունը բխում է հանրության կամ պետության շահերից, վերաքննիչ բողոք բերելուց հետո բողոք բերող անձն իրավունք չունի ներկայացնելու դիմում բողոքը հետ վերցնելու մասին:
3. Եթե բողոք բերած անձը բողոքը հետ վերցնելու մասին դիմումը ներկայացրել է վերաքննիչ դատարանի կողմից բողոքը քննության ընդունվելուց հետո, ապա վերաքննիչ դատարանը կայացնում է որոշում վերաքննիչ վարույթը կարճելու մասին, բացառությամբ սույն օրենսգրքի 24-րդ գլխով սահմանված այն գործերի, որոնց քննությունը բխում է հանրության կամ պետության շահերից։ Եթե դատական ակտը բողոքարկել են նաև այլ անձինք, ապա վարույթը կարճվում է միայն տվյալ բողոքի մասով:
Հոդված 117.10. |
Գործի քննության ժամկետը վերաքննիչ դատարանում |
1. Վերաքննիչ դատարանը գործը քննում և որոշում է կայացնում ողջամիտ ժամկետում։
2. Վերաքննիչ դատարանը միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքները քննում և որոշում է կայացնում գործը ստանալուց հետո` մեկամսյա ժամկետում։
Հոդված 117.11. |
Գործի քննության կարգը վերաքննիչ դատարանում |
1. Գործն ըստ էության լուծող և միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքները քննվում և որոշումները կայացվում են կոլեգիալ` երեք դատավորի կազմով, իսկ նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով բերված բողոքները` հինգ դատավորի կազմով։
2. Վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքները քննվում և որոշումները կայացվում են առանց դատական նիստ հրավիրելու։
Հոդված 117.12. |
Վերաքննիչ դատարանում գործի դատաքննության կարգը |
1. Վերաքննիչ դատարանում գործի դատաքննությունն իրականացվում է վարչական դատարանում դատաքննության իրականացման կանոններին համապատասխան` սույն հոդվածի առանձնահատկությունների հաշվառմամբ։
2. Բողոք բերած անձը, ինչպես նաև դատավարության մասնակիցները պատշաճ ծանուցվում են նիստի ժամանակի և վայրի մասին։ Նրանց չներկայանալն արգելք չէ գործի դատաքննության համար։
3. Դատաքննությունը վերաքննիչ դատարանում սկսվում է նախագահող դատավորի զեկուցումով։ Նախագահող դատավորը շարադրում է բողոքի և բողոքի դեմ ներկայացված պատասխանի ամփոփ բովանդակությունը։ Կոլեգիալ կազմի դատավորներն իրավունք ունեն հարցեր տալու նախագահող դատավորին, դատավարության մասնակիցներին, որից հետո գործի դատաքննությունը ավարտվում է, և հայտարարվում են դատական ակտը հրապարակելու վայրն ու ժամանակը։
Հոդված 117.13. |
Վերաքննիչ դատարանում գործի դատաքննությունը հետաձգելը, գործի վարույթը կասեցնելը |
1. Վերաքննիչ դատարանում գործի դատաքննությունը հետաձգելը կատարվում է սույն օրենսգրքի 98-րդ հոդվածով սահմանված դեպքերում և կարգով։
2. Վերաքննիչ դատարանում գործի վարույթի կասեցման վրա տարածվում են սույն օրենսգրքի 89-րդ և 89.1-ին հոդվածների կանոնները։ Դատավարության մասնակիցները գործի վարույթը կասեցնելու մասին վերաքննիչ դատարանի որոշումը կարող են բողոքարկել Գերագույն դատարան:
Հոդված 117.14. |
Վերաքննության սահմանները վերաքննիչ դատարանում |
1. Վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքում ներկայացված պահանջի սահմաններում` ձեռնարկելով անհրաժեշտ միջոցներ բողոքն ըստ էության քննելու համար։
2. Վերաքննիչ դատարանն ընդունում է սույն օրենսգրքով կամ վարչական դատարանի սահմանած ժամկետում դատավարության մասնակցի կողմից վարչական դատարան չներկայացված ապացույցները, բացառությամբ այն դեպքի, երբ համարում է, որ դրանք գործի լուծման համար էական նշանակություն չունեն։ Եթե դատավարության մասնակիցը չի հիմնավորում, որ վարչական դատարանում գործի քննության ժամանակ ապացույցը չի ներկայացրել իր կամքից անկախ հանգամանքներով, ապա դատական ծախսերը, անկախ գործի ելքից, սույն օրենսգրքի 59-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված չափով կրում է դատավարության այդ մասնակիցը։
3. Վերաքննիչ դատարանում բողոքի քննության ժամանակ վարչական դատարանում հաստատված փաստն ընդունվում է որպես հիմք, եթե բողոքում այդ փաստը չի վիճարկվում, կամ վերաքննիչ դատարանն անհրաժեշտ չի համարում կրկին հետազոտել այն։
Հոդված 117.15. |
Վերաքննիչ դատարանի լիազորությունները |
1. Գործն ըստ էության լուծող դատական ակտի վերաքննության արդյունքում վերաքննիչ դատարանը`
1) մերժում է վերաքննիչ բողոքը` դատական ակտը թողնելով անփոփոխ, իսկ այն դեպքում, երբ վերաքննիչ դատարանը մերժում է վերաքննիչ բողոքը, սակայն վարչական դատարանի կայացրած՝ գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտը թերի կամ սխալ է պատճառաբանված, ապա պատճառաբանում է անփոփոխ թողնված դատական ակտը.
2) ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարում է վերաքննիչ բողոքը` ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելով վարչական դատարանի դատական ակտը՝ բեկանված մասով գործն ուղարկելով վարչական դատարան՝ նոր քննության և սահմանելով նոր քննության ծավալը, իսկ չբեկանված մասով դատական ակտը թողնելով անփոփոխ.
3) ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում և փոփոխում է վարչական դատարանի ակտը` կայացնելով նոր դատական ակտ, եթե վարչական դատարանի հաստատած փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս կայացնելու նման ակտ, և եթե դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից, իսկ բողոքարկված և չբեկանված մասով դատական ակտը թողնում է անփոփոխ.
4) ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է դատական ակտը և կարճում է գործի վարույթն ամբողջովին կամ դրա մի մասը, իսկ բողոքարկված և չբեկանված մասով դատական ակտը թողնում է անփոփոխ։
2. Միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքների քննության արդյունքում վերաքննիչ դատարանը, բավարարելով բողոքը, վերացնում է վարչական դատարանի միջանկյալ դատական ակտը կամ կայացնում է նոր դատական ակտ կամ մերժում է վերաքննիչ բողոքը` դատական ակտը թողնելով անփոփոխ։
Հոդված 117.16. |
Վերաքննիչ դատարանի որոշումը |
1. Վերաքննիչ բողոքի քննության արդյունքում կայացված որոշումը կազմված է ներածական, նկարագրական, պատճառաբանական և եզրափակիչ մասերից։
2. Որոշման ներածական մասը բովանդակում է`
1) վերաքննիչ դատարանի լրիվ անվանումը, գործի համարը, որոշման կայացման տարին, ամիսը, ամսաթիվը, վայրն ու վերաքննիչ դատարանի կազմը.
2) վարչական դատարանի անվանումը, դատական ակտի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը, դատավորի (դատավորների) անունը, ազգանունը.
3) դատավարության մասնակիցների և նրանց ներկայացուցիչների անունները, ազգանունները (անվանումները), վերաքննիչ բողոք բերած անձի անունը, ազգանունը (անվանումը), վերաքննիչ բողոքի դեմ պատասխան ներկայացվելու դեպքում՝ նաև պատասխանը ներկայացրած անձի անունը, ազգանունը (անվանումը)։
3. Որոշման նկարագրական մասը բովանդակում է`
1) գործի դատավարական գործընթացի նկարագրությունը, վճռի հրապարակման օրը, վարչական դատարանի վճռի եզրափակիչ մասի հակիրճ բովանդակությունը.
2) գործը վերադաս դատարանից նոր քննության ուղարկելու դեպքում` նաև համապատասխան դատավարական նախապատմությունը` նշելով վերադաս դատարանի սահմանած գործի նոր քննության ծավալը.
3) նշում՝ վարչական դատարանի՝ առանձին ակտի ձևով ընդունած որոշումների մասին.
4) նշում` վերաքննիչ դատարանի՝ առանձին ակտի ձևով ընդունած որոշումների մասին.
5) վերաքննիչ բողոքի հիմքերը և հիմնավորումները, վերաքննիչ բողոք բերած անձի պահանջը, վերաքննիչ բողոքի պատասխանի առկայության դեպքում` պատասխան ներկայացնողի դիրքորոշումը և հիմնավորումները։
4. Որոշման պատճառաբանական մասը բովանդակում է`
1) գործով պարզված և վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը, ներառյալ`
ա. այն փաստերը, որոնք հաստատել է դատարանը և վերաքննիչ բողոքում չեն վիճարկվել,
բ. այն փաստերը, որոնք հաստատել է դատարանը և վերաքննիչ բողոքում վիճարկվել են, սակայն վերաքննիչ դատարանը դրանց վերաբերյալ հանգել է այն եզրակացության, որ տվյալ փաստի մասով վարչական դատարանը սխալ թույլ չի տվել` պատճառաբանելով նման եզրակացությունը և հղում կատարելով նման եզրակացության հիմքում ընկած ապացույցների վրա,
գ. այն փաստերը, որոնք հաստատել է վարչական դատարանը և վերաքննիչ բողոքում վիճարկվել են, և վերաքննիչ դատարանը հանգել է այն եզրակացության, որ տվյալ փաստի մասով վարչական դատարանը սխալ է թույլ տվել` պատճառաբանելով նման եզրակացությունը և հղում կատարելով նման եզրակացության հիմքում ընկած ապացույցներին։ Նման դեպքերում վերաքննիչ դատարանը պետք է նշի, թե վարչական դատարանի հաստատած փաստի փոխարեն ինչ նոր փաստ է հաստատված համարում, կամ վարչական դատարանի հաստատած որ փաստը հաստատված չի համարվում` պատճառաբանելով նման եզրահանգումը և հղում կատարելով վարչական դատարանի հետազոտած համապատասխան ապացույցներին,
դ. այն փաստերը, որոնք չի հաստատել վարչական դատարանը, և այդ հանգամանքը վիճարկվել է վերաքննիչ բողոքում, և վերաքննիչ դատարանը վարչական դատարանի հետազոտած ապացույցների հիման վրա դրանք համարել է հաստատված` հղում կատարելով վերաքննիչ բողոք բերած անձի համապատասխան դիրքորոշմանը և առաջին ատյանի դատարանի հետազոտած այն ապացույցներին, որոնք ընկած են փաստի հաստատման հիմքում,
ե. այն փաստերը, որոնք հաստատել է վերաքննիչ դատարանը.
2) եզրահանգում` բողոքում առաջադրված յուրաքանչյուր պահանջի հիմնավորվածության վերաբերյալ, մասնավորապես պատասխանելով հետևյալ հարցերին.
ա. արդյո՞ք հիմնավոր է տվյալ պահանջը` բողոքում դրա վերաբերյալ նշված հիմնավորումների սահմաններում կամ անկախ դրանցից,
բ. եթե վերաքննիչ բողոքի հիմքում դրված պահանջը հիմնավոր չէ, ապա ի՞նչ պատճառաբանմամբ` հղում կատարելով միջազգային պայմանագրի, օրենքի և այլ իրավական ակտի նորմերին, Գերագույն դատարանի այն որոշումներին, որոնց հիման վրա վերաքննիչ դատարանը համարում է, որ բողոքի հիմքում դրված պահանջը հիմնավոր չէ,
գ. եթե վերաքննիչ բողոքի հիմքում դրված պահանջը հիմնավոր է, ապա ի՞նչ հիմնավորմամբ` հղում կատարելով միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտի այն նորմերին, Գերագույն դատարանի այն որոշումներին, որոնց հիման վրա վերաքննիչ դատարանը համարում է, որ բողոքի հիմքում դրված պահանջը հիմնավոր է,
դ. վերաքննիչ բողոքի հիմքում դրված պահանջի հիմնավորվածության դեպքում արդյո՞ք վերաքննիչ բողոքում նշված` դատարանի թույլ տված նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտումը ազդել է կամ կարող էր ազդել գործի ելքի վրա` պատճառաբանելով համապատասխան եզրահանգումը.
3) սույն օրենսգրքի 117.15-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված լիազորությունը կիրառելու դեպքում` գործի նոր քննության ծավալը կամ նշում այն մասին, որ գործը պետք է քննվի ամբողջ ծավալով.
4) եզրահանգումներ` գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի վերաբերյալ, եթե վերաքննիչ դատարանը համարել է, որ վարչական դատարանը սխալ է որոշել ապացուցման առարկան կամ սխալ է որոշել գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը.
5) դատավարության մասնակիցների միջև դատական ծախսերի բաշխման վերաբերյալ վերաքննիչ դատարանի դիրքորոշումը` վկայակոչելով համապատասխան իրավական նորմերը։
5. Որոշման եզրափակիչ մասը բովանդակում է`
1) վերաքննիչ բողոքն ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարելու կամ մերժելու կամ վերաքննիչ վարույթը կարճելու մասին դատարանի եզրակացությունը.
2) վերաքննիչ բողոքը բավարարելու դեպքում` համապատասխան դատավարական հետևանքը.
3) եզրակացություն` հայցի ապահովման միջոցները պահպանելու կամ վերացնելու վերաբերյալ.
4) եզրակացություն` դատավարության մասնակիցների միջև դատական ծախսերը բաշխելու վերաբերյալ.
5) կատարում ենթադրող որոշում կայացնելու դեպքում նշում` որոշումը կամովին չկատարվելու դեպքում որոշումը պարտապանի հաշվին դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով կատարելու մասին.
6) որոշման բողոքարկման ժամկետն ու այն վերադաս դատական ատյանը, որտեղ կարող է բերվել բողոքը։
6. Վերաքննիչ դատարանի որոշումը ստորագրում և կնքում են որոշումը կայացրած դատավորները:
Հոդված 117.17. |
Վերաքննիչ դատարանի լրացուցիչ որոշումը |
1. Սույն օրենսգրքի 117.14-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքում, երբ ապացույց չներկայացրած դատավարության մասնակիցը պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինն է կամ դրա պաշտոնատար անձը, վերաքննիչ դատարանը կայացնում է լրացուցիչ որոշում` սույն օրենսգրքի 116-րդ հոդվածով սահմանված կարգով։
Հոդված 117.18. |
Վերաքննիչ դատարանի որոշման օրինական ուժի մեջ մտնելը |
1. Վերաքննիչ դատարանի՝ գործն ըստ էության լուծող որոշումներն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո։
2. Վերաքննիչ դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերի դեմ սահմանված ժամկետում վճռաբեկ բողոք բերելիս այդ ակտերն օրինական ուժի մեջ չեն մտնում։
3. Եթե գործն ըստ էության լուծող դատական ակտերի վերանայման արդյունքում Գերագույն դատարանն ամբողջությամբ կամ մասնակիորեն անփոփոխ է թողնում վերաքննիչ դատարանի դատական ակտը, ապա վերաքննիչ դատարանի անփոփոխ թողնված դատական ակտը (ակտի համապատասխան մասը) օրինական ուժի մեջ է մտնում Գերագույն դատարանի որոշման հրապարակման պահից։
4. Վերաքննիչ դատարանի՝ գործն ըստ էության լուծող դատական ակտն օրինական ուժի մեջ է մտնում Գերագույն դատարանի որոշման կայացման պահից, եթե բերված բողոքը Գերագույն դատարանի կողմից թողնվել է առանց քննության կամ վերադարձվել է, և սահմանված ժամկետում բողոքում առկա սխալները չեն վերացվել, կամ սահմանված կարգով բողոքը կրկին չի բերվել:
5. Վերաքննիչ դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերը կարող են հրապարակման պահից դատարանի կողմից հայտարարվել օրինական ուժի մեջ մտած, եթե դա չանելը անխուսափելիորեն կառաջացնի ծանր հետևանքներ կողմի համար: Նման ակտերը ենթակա են բողոքարկման օրինական ուժի մեջ չմտած ակտերի համար սահմանված կարգով:
6. Վերաքննիչ դատարանի՝ բողոքարկման ոչ ենթակա միջանկյալ ակտերն օրինական ուժի մեջ են մտնում կայացման պահից, եթե սույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ։
7. Վերաքննիչ դատարանի՝ բողոքարկման ենթակա միջանկյալ դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում դրանք ստանալու պահից հինգ օր հետո:
Հոդված 117.19. |
Վերաքննիչ դատարանի դատական ակտերի հրապարակումը և դրանք դատավարության մասնակիցներին ուղարկելը |
1. Վերաքննիչ դատարանի դատական ակտերը կայացվում կամ հրապարակվում և դատավարության մասնակիցներին են ուղարկվում վարչական դատարանի դատական ակտերի համար սույն օրենսգրքով սահմանված կարգով։
Հոդված 117.20. |
Դատական սխալի հիմքով դատական ակտի բեկանման հիմքերը |
1. Դատական սխալի հիմքով դատական ակտի բեկանման հիմքերն են`
1) նյութական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը.
2) դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը։
Հոդված 117.21. |
Նյութական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը |
1. Նյութական իրավունքի նորմերը համարվում են խախտված կամ սխալ կիրառված, եթե դատարանը`
1) չի կիրառել այն օրենքը կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտ, որը պետք է կիրառեր.
2) կիրառել է այն օրենքը կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտ, որը չպետք է կիրառեր.
3) սխալ է մեկնաբանել օրենքը կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտ։
2. Նյութական իրավունքի նորմի խախտումը կամ սխալ կիրառումը վճռի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է գործի սխալ լուծման։
Հոդված 117.22. |
Դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը |
1. Դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը դատական ակտի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման։ Դատարանի` ըստ էության ճիշտ դատական ակտը չի կարող բեկանվել միայն ձևական նկատառումներով։
2. Դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե`
1) դատարանը գործը քննել է ոչ օրինական կազմով, ներառյալ՝ այնպիսի դատավորի կողմից, որը, Արցախի Հանրապետության դատական օրենսգրքի 52-րդ հոդվածի համաձայն, պարտավոր էր ինքնաբացարկ հայտնել.
2) դատարանը գործը քննել է դատավարության մասնակիցներից որևէ մեկի բացակայությամբ, որը պատշաճ չի ծանուցվել նիստի ժամանակի և վայրի մասին.
3) դատական ակտը ստորագրված և կնքված չէ.
4) դատական ակտը ստորագրված և կնքված չէ այն կայացրած դատավորի կամ դատավորների կողմից.
5) դատական ակտը կայացրել է ոչ այն դատավորը, որը մտնում է գործը քննող դատարանի կազմի մեջ.
6) գործից բացակայում է դատական նիստի կամ առանձին դատավարական գործողության կատարման արձանագրությունը.
7) գործը քննվել է ընդդատության կանոնների խախտմամբ.
8) դատական ակտը շոշափում է դատավարության մասնակից չդարձված անձանց իրավունքները և պարտականությունները.
9) առկա են սույն օրենսգրքի 90-րդ հոդվածով սահմանված` գործի վարույթը կարճելու հիմքերը:
ԳԼՈՒԽ 20
ՎԱՐՈՒՅԹԸ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Հոդված 118. |
Դատական ակտերի վերանայումը վճռաբեկության կարգով |
1. Գերագույն դատարանը բողոքի հիման վրա սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով վերանայում է վերաքննիչ դատարանի կայացրած և օրինական ուժի մեջ չմտած դատական ակտերը, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում` նաև օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը։
2. Գերագույն դատարանը վերանայում է նաև վերաքննիչ դատարանի կողմից վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերի վերանայման արդյունքում կայացված որոշումները։
3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված, ինչպես նաև վերաքննիչ դատարանի միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վճռաբեկ բողոքները քննվում են առանց դատական նիստ հրավիրելու։
Հոդված 118.1. |
Վճռաբեկ բողոք բերելու իրավունքը |
1. Վերաքննիչ դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտը Գերագույն դատարանում բողոքարկելու իրավունք ունեն`
1) դատավարության մասնակիցները.
2) գլխավոր դատախազը կամ նրա տեղակալը` պետական շահերի պաշտպանության հարցերով.
3) դատավարության մասնակից չդարձված անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ։
2. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում նշված անձինք Գերագույն դատարանում օգտվում են երրորդ անձի իրավունքներից և կրում նրանց համար սահմանված պարտականությունները։
3. Վերաքննիչ դատարանի միջանկյալ դատական ակտերը և վերաքննիչ դատարանում բողոքարկված՝ վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերի վերաբերյալ վերաքննիչ դատարանի որոշումները բողոքարկելու իրավունք ունեն դատավարության մասնակիցները կամ այն անձինք, որոնց իրավունքներին առնչվում է վերաքննիչ դատարանի միջանկյալ դատական ակտը։
Հոդված 118.2. |
Վճռաբեկ բողոք բերելու սահմանափակումները |
1. Վերաքննության կարգով բողոքարկման ենթակա դատական ակտը չի կարող բողոքարկվել Գերագույն դատարան, եթե այն նույն հիմքերով չի բողոքարկվել վերաքննիչ դատարանում, բացառությամբ սույն օրենսգրքի 118.3-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքի։
2. Անձը կարող է վճռաբեկ բողոք բերել դատական ակտի՝ միայն իր համար անբարենպաստ մասի դեմ։
Հոդված 118.3. |
Վճռաբեկ բողոք բերելու ժամկետը |
1. Գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վճռաբեկ բողոք կարող է բերվել մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված հիմքով դատական ակտը բողոքարկելու դեպքերի։
2. Միջանկյալ դատական ակտի դեմ վճռաբեկ բողոք կարող է բերվել սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում` մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը։
3. Դատավարության մասնակից չդարձված այն անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է վերաքննիչ դատարանի՝ գործն ըստ էության լուծող դատական ակտ, իրավունք ունեն վճռաբեկ բողոք բերելու` սկսած այն օրվանից` երեք ամսվա ընթացքում, երբ իմացել են կամ կարող էին իմանալ նման դատական ակտի կայացման մասին։
4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքում վճռաբեկ բողոք չի կարող բերվել, եթե դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո անցել է քսան տարի։
5. Սույն հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված ժամկետները լրանալուց հետո բերված վճռաբեկ բողոքը Գերագույն դատարանը կարող է ընդունել վարույթ, եթե ներկայացված է համապատասխան ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդություն, և դատարանն այն բավարարել է։
Հոդված 118.4. |
Վճռաբեկ բողոք բերելու կարգը |
1. Վճռաբեկ բողոքն ուղարկվում է Գերագույն դատարան, իսկ բողոքի պատճենը` վերաքննիչ դատարան ու դատավարության մասնակիցներին։
2. Գերագույն դատարան չի կարող ներկայացվել հայցի ապահովում կիրառելու, այն փոփոխելու կամ վերացնելու մասին միջնորդություն։
3. Վճռաբեկ բողոքը բերելուց հետո բողոքում արծարծվող պահանջը փոփոխվել կամ լրացվել չի կարող:
4. Վերաքննիչ դատարանը բողոքի պատճենը ստանալու օրվանից ոչ ուշ, քան հաջորդ օրը, իսկ դրա անհնարինության դեպքում` սեղմ ժամկետում, սակայն ոչ ուշ, քան բողոք բերելու ժամկետը լրանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, պարտավոր է գործը ուղարկել Գերագույն դատարան։
Հոդված 118.5. |
Վճռաբեկ բողոքի բովանդակությունը |
1. Վճռաբեկ բողոքում նշվում են`
1) դատարանի անվանումը, որին հասցեագրվում է բողոքը.
2) բողոք բերող անձի անունը, ազգանունը (անվանումը), դատավարական կարգավիճակը.
3) դատական ակտ կայացրած դատարանի անվանումը, գործի համարը, դատական ակտի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը, դատավարության մասնակիցների անունները, ազգանունները (անվանումները), վեճի առարկան.
4) բողոք բերած անձի պահանջը` օրենքների, այլ իրավական ակտերի վկայակոչմամբ, և նշում այն մասին, թե նյութական կամ դատավարական իրավունքի որ նորմերն են խախտվել կամ սխալ կիրառվել, կամ որոնք են նոր երևան եկած կամ նոր հանգամանքների հետևանքով գործի վերանայման հիմքերը և դրանց հիմնավորումները.
5) սույն օրենսգրքի 118.8-րդ հոդվածի 1-ին մասի այն կետի առկայության մասին հիմնավորումները, որը, ըստ բողոք բերող անձի, հիմք է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու համար.
6) բողոքին կցվող փաստաթղթերի ցանկը։
2. Վճռաբեկ բողոքը սույն օրենսգրքի 118.8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով ներկայացնելու դեպքում բողոքը բերած անձը պետք է հիմնավորի, որ դրա վերաբերյալ Գերագույն դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, մասնավորապես վճռաբեկ բողոքում հիմնավորելով, որ`
1) առնվազն մեկ այլ գործով ստորադաս դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտում միևնույն նորմը կիրառվել է կամ չի կիրառվել հակասող մեկնաբանությամբ` կցելով այդ գործով դատական ակտը և մեջբերելով դրա հակասող մասերը` կատարելով համեմատական վերլուծություն` բողոքարկվող դատական ակտի և նույնանման փաստական հանգամանքներով մեկ այլ գործով ստորադաս դատարանի դատական ակտի միևնույն նորմի իրար հակասող մեկնաբանության վերաբերյալ.
2) բողոքարկվող դատական ակտում որևէ նորմի մեկնաբանությունը հակասում է Գերագույն դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը` կցելով Գերագույն դատարանի դատական ակտը և մեջբերելով դրա հակասող մասերը, կատարելով համեմատական վերլուծություն` բողոքարկվող դատական ակտի և նույնանման փաստական հանգամանքներ ունեցող գործով Գերագույն դատարանի դատական ակտի միջև առկա հակասության վերաբերյալ.
3) բողոքարկվող դատական ակտում դատարանի կիրառած նյութական կամ դատավարական իրավունքի նորմի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր։
3. Վճռաբեկ բողոքը սույն օրենսգրքի 118.8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով ներկայացնելու դեպքում վճռաբեկ բողոքը բերած անձը վճռաբեկ բողոքում պետք է նշի այն նյութական կամ դատավարական նորմը, որը խախտվել է` հիմնավորելով, որ այդ խախտմամբ խաթարվել են արդարադատության բուն էությունը, ինչպես նաև նոր կամ նոր երևան եկած հանգամանքի առկայությունը:
4. Վճռաբեկ բողոքն ստորագրում են բողոք բերողը, գլխավոր դատախազը կամ նրա տեղակալը։ Բողոքին կցվում է ներկայացուցչի` սույն օրենսգրքով սահմանված կարգով ձևակերպված լիազորագիրը։
5. Վճռաբեկ բողոքին կցվում են նաև օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը և բողոքի պատճենը գործը քննող դատարան և դատավարության մասնակիցներին ուղարկելու մասին ապացույցները, վճռաբեկ բողոքի էլեկտրոնային տարբերակը (էլեկտրոնային կրիչը):
Հոդված 118.6. |
Վճռաբեկ բողոքը հետ վերցնելը |
1. Գերագույն դատարան բողոք բերելուց հետո՝ մինչև գործի դատաքննության ավարտը, վճռաբեկ բողոք բերած անձն իրավունք ունի դիմում ներկայացնելու բողոքը հետ վերցնելու մասին։
2. Սույն օրենսգրքի 24-րդ գլխով սահմանված այն գործերով, որոնց քննությունը բխում է հանրության կամ պետության շահերից, վճռաբեկ բողոք բերելուց հետո բողոք բերող անձն իրավունք չունի ներկայացնելու դիմում բողոքը հետ վերցնելու մասին։
3. Եթե բողոք բերած անձը բողոքը հետ վերցնելու դիմումը ներկայացրել է Գերագույն դատարանի կողմից բողոքը վարույթ ընդունելուց հետո, ապա Գերագույն դատարանը կայացնում է որոշում վճռաբեկ վարույթը կարճելու մասին, բացառությամբ սույն օրենսգրքի 24-րդ գլխով սահմանված այն գործերի, որոնց քննությունը բխում է հանրության կամ պետության շահերից։ Եթե վճռաբեկ բողոք բերել են նաև այլ անձինք, ապա վարույթը կարճվում է միայն տվյալ բողոքի մասով:
Հոդված 118.7. |
Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելը և վերադարձնելը |
1. Վճռաբեկ բողոքը թողնվում է առանց քննության, եթե`
1) վճռաբեկ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, և բաց թողած ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը բացակայում է կամ մերժվել է.
2) վճռաբեկ բողոքը բերել է այն անձը, որը վճռաբեկ բողոք բերելու իրավունք չուներ.
3) բողոքարկվել է այն դատական ակտը, որը ենթակա չէ բողոքարկման վճռաբեկության կարգով.
4) վճռաբեկ բողոք բերած անձը մինչև վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելը դիմում է ներկայացրել վճռաբեկ բողոքը հետ վերցնելու մասին.
5) բողոքում նշված հիմքով նույն գործով Գերագույն դատարանն արդեն իսկ որոշում է կայացրել։
2. Վճռաբեկ բողոքը վերադարձվում է, եթե վճռաբեկ բողոքը չի համապատասխանում սույն օրենսգրքի 118.5-րդ հոդվածի պահանջներին։
3. Վճռաբեկ բողոքը վերադարձնելու կամ առանց քննության թողնելու մասին Գերագույն դատարանը կայացնում է որոշում գործը Գերագույն դատարանում ստանալուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում` նշելով առկա թերությունները։ Վճռաբեկ բողոքը կրկին բերվելու դեպքում ժամկետները հաշվարկվում են վերստին։
4. Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշմամբ Գերագույն դատարանը սահմանում է մինչև մեկամսյա ժամկետ` սխալները շտկելու և վճռաբեկ բողոքը կրկին բերելու համար:
Հոդված 118.8. |
Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքերը |
1. Վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե Գերագույն դատարանը գտնում է, որ`
1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Գերագույն դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար.
2) առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում:
2. Սույն հոդվածի իմաստով` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Գերագույն դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, եթե`
1) առնվազն մեկ այլ գործով ստորադաս դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտում միևնույն նորմը կիրառվել է կամ չի կիրառվել հակասող մեկնաբանությամբ.
2) բողոքարկվող դատական ակտում որևէ նորմի մեկնաբանությունը հակասում է Գերագույն դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը.
3) դատարանի կիրառած նյութական կամ դատավարական իրավունքի նորմի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր։
3. Սույն հոդվածի իմաստով` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, եթե՝
1) բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը.
2) առկա է նոր կամ նոր երևան եկած հանգամանք:
4. Սույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով՝ դատական սխալ են համարվում սույն օրենսգրքի 117.20-րդ հոդվածով նախատեսված դեպքերը։
5. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին Գերագույն դատարանը կայացնում է որոշում` գործը Գերագույն դատարանում ստանալու օրվանից երեք ամսվա ընթացքում։
6. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին Գերագույն դատարանի որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման: Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումն ուղարկվում է բողոք բերող անձին և գործին մասնակցող անձանց՝ այն կայացնելու պահից երկշաբաթյա ժամկետում:
7. Օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի դեմ բերված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու դեպքում Գերագույն դատարանն իր որոշմամբ կարող է ամբողջությամբ կամ մասնակիորեն կասեցնել դատական ակտի կատարումը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
Հոդված 118.9. |
Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելը |
1. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվում է, եթե`
1) բացակայում են սույն օրենսգրքի 118.7-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված հիմքերը, և
2) բացակայում են սույն օրենսգրքի 118.8-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերը։
2. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումը պետք է լինի պատճառաբանված։ Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշման մեջ Գերագույն դատարանը պետք է հիմնավորի վճռաբեկ բողոքում վկայակոչված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու` սույն օրենսգրքի 118.8-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված յուրաքանչյուր հիմքի բացակայությունը։
3. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին Գերագույն դատարանը կայացնում է որոշում` գործը Գերագույն դատարանում ստանալուց հետո՝ երեք ամսվա ընթացքում։
4. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումը կայացվում է հանուն Արցախի Հանրապետության:
Հոդված 118.10. |
Նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը |
1. Նյութական կամ դատավարական իրավունքի նորմերը համարվում են խախտված կամ սխալ կիրառված սույն օրենսգրքի 117.21-րդ և 117.22-րդ հոդվածներով սահմանված դեպքերում։
Հոդված 118.11. |
Վճռաբեկ բողոքի պատասխանը |
1. Դատավարության մասնակիցը, ստանալով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին Գերագույն դատարանի որոշումը, մինչև գործի դատաքննությունն իրավունք ունի բողոքի վերաբերյալ իր պատասխանն ուղարկելու Գերագույն դատարան և դատավարության մասնակիցներին։
2. Պատասխանին կցվում են պատասխանի պատճենները դատավարության մասնակիցներին ուղարկելու ապացույցները։
3. Պատասխանը ստորագրում է դատավարության մասնակիցը կամ նրա ներկայացուցիչը։
Հոդված 118.12. |
Գերագույն դատարանում գործի դատաքննության ժամկետը |
1. Գերագույն դատարանը գործը քննում և որոշում է կայացնում ողջամիտ ժամկետում։
Հոդված 118.13. |
Վարույթ ընդունված վճռաբեկ բողոքի նախապատրաստումը գործի քննության |
1. Գերագույն դատարանի նախագահը Գերագույն դատարանի դատավորին հանձնարարում է ուսումնասիրել վճռաբեկ բողոքը, գործի նյութերը և զեկուցել Գերագույն դատարանի նիստում:
2. Գերագույն դատարանի դատավորները ծանոթանում են վճռաբեկ բողոքին և գործի նյութերին:
Հոդված 118.14. |
Գերագույն դատարանում գործի քննության կարգը |
1. Գործի դատաքննությունը Գերագույն դատարանում սկսվում է Գերագույն դատարանի դատավորի զեկուցումով։ Զեկուցողը շարադրում է վճռաբեկ բողոքի և վճռաբեկ բողոքի դեմ ներկայացված պատասխանի բովանդակությունը։ Գերագույն դատարանի դատավորներն իրավունք ունեն հարցեր տալու զեկուցողին, դատավարության մասնակիցներին։
2. Բողոք բերած անձը և դատավարության մասնակիցներն իրավունք ունեն ներկա լինելու Գերագույն դատարանի նիստին։
3. Բացատրություններ տալու անհրաժեշտության դեպքում Գերագույն դատարանի նիստին կարող են կանչվել բողոք բերած անձը, ինչպես նաև դատավարության մասնակիցները, որոնք պատշաճ ծանուցվում են նիստի ժամանակի և վայրի մասին։ Նրանց չներկայանալն արգելք չէ գործի դատաքննության համար։
Հոդված 118.15. |
Գերագույն դատարանում գործի քննության հետաձգումը, գործի վարույթը կասեցնելը |
1. Գերագույն դատարանում գործի քննության հետաձգումը կատարվում է սույն օրենսգրքի 98-րդ հոդվածով սահմանված դեպքերում և կարգով։
2. Գերագույն դատարանում գործի վարույթի կասեցման վրա տարածվում են սույն օրենսգրքի 89-րդ և 89.1-ին հոդվածների կանոնները։
Հոդված 118.16. |
Գերագույն դատարանում գործի քննության սահմանները |
1. Գերագույն դատարանը բողոքարկվող դատական ակտը վերանայում է վճռաբեկ բողոքում ներկայացված պահանջների սահմաններում։
Հոդված 118.17. |
Գերագույն դատարանի լիազորությունները |
1. Գործն ըստ էության լուծող դատական ակտերի վերանայման արդյունքում Գերագույն դատարանը`
1) մերժում է վճռաբեկ բողոքը` դատական ակտը թողնելով անփոփոխ, իսկ այն դեպքում, երբ Գերագույն դատարանը մերժում է վճռաբեկ բողոքը, սակայն դատարանի կայացրած` գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտը թերի կամ սխալ է պատճառաբանված, ապա Գերագույն դատարանը պատճառաբանում է անփոփոխ թողնված դատական ակտը.
2) ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարում է վճռաբեկ բողոքը` համապատասխանաբար ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելով դատական ակտը, բեկանված մասով գործն ուղարկում է համապատասխան դատարան՝ նոր քննության և սահմանում նոր քննության ծավալը, իսկ չբեկանված մասով դատական ակտը թողնում է անփոփոխ.
3) մասնակիորեն բեկանում և փոփոխում է դատական ակտը, եթե ստորադաս դատարանի հաստատած փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս կայացնելու նման ակտ, և եթե դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից, իսկ բողոքարկված և չբեկանված մասով դատական ակտը թողնում է անփոփոխ.
4) ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է դատական ակտը և կարճում է գործի վարույթն ամբողջովին կամ դրա մի մասը, իսկ բողոքարկված և չբեկանված մասով դատական ակտը թողնում է անփոփոխ.
5) վերաքննիչ դատարանի կողմից դատական ակտը փոփոխվելու դեպքերում ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է վերաքննիչ դատարանի դատական ակտը` օրինական ուժ տալով վարչական դատարանի դատական ակտին, իսկ եթե այն թերի կամ սխալ է պատճառաբանված, ապա լրացուցիչ պատճառաբանում է վարչական դատարանի դատական ակտը։
2. Միջանկյալ դատական ակտերի վերանայման արդյունքում Գերագույն դատարանը մերժում է վճռաբեկ բողոքը` դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ, կամ կայացնում է նոր դատական ակտ, որն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից։
Հոդված 118.18. |
Գերագույն դատարանի՝ որոշում կայացնելու կարգը |
1. Գերագույն դատարանը գործի քննության արդյունքներով կայացնում է որոշում։
2. Որոշումը կայացվում է հանուն Արցախի Հանրապետության։
3. Որոշումը կայացվում է առանց բողոք բերած անձի և Գերագույն դատարանի նիստին բացատրություններ տալու համար կանչված անձանց ներկայության։
4. Գերագույն դատարանի որոշումն ընդունվում է դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ։
5. Որոշումը կայացվում է բաց քվեարկությամբ։
6. Գերագույն դատարանի որոշումն ստորագրում են այն կայացրած դատավորները։
7. Գերագույն դատարանի որոշումը հրապարակվում է նիստում։
Հոդված 118.19. |
Գերագույն դատարանի որոշումը |
1. Գերագույն դատարանի որոշման մեջ նշվում են`
1) գործի համարը և որոշումը կայացնելու տարին, ամիսը, ամսաթիվը, որոշումը կայացրած Գերագույն դատարանի կազմը.
2) վճռաբեկ բողոք բերած անձի անունը, ազգանունը (անվանումը).
3) գործը քննած դատարանի անվանումը, գործի համարը, որոշում կայացնելու տարին, ամիսը, ամսաթիվը, որոշում կայացրած դատավորի (դատավորների) անունը, ազգանունը.
4) բողոքարկվող դատական ակտի էության համառոտ շարադրանքը, դատավարության մասնակիցների անունները, ազգանունները (անվանումները).
5) հիմքերը, որոնցով դրվել է դատական ակտի իրավաչափությունը որոշելու հարցը.
6) վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու` սույն օրենսգրքի 118.8-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերից որևէ մեկի առկայության հիմնավորումը.
7) օրենքները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերը և այլ իրավական ակտեր, որոնցով ղեկավարվել է Գերագույն դատարանը որոշում կայացնելիս.
8) դատական ակտը բեկանելիս այն շարժառիթները, որոնցով Գերագույն դատարանը չի համաձայնել այդ ակտը կայացրած դատարանի հիմնավորումներին կամ եզրահանգումներին.
9) վճռաբեկ բողոքի քննության արդյունքներով Գերագույն դատարանի եզրահանգումները։
2. Գերագույն դատարանը, պարզելով, որ վերաքննիչ դատարանի թույլ տված իրավունքի նորմերի խախտումները չեն հանգեցնում դատական ակտի բեկանմանը, պետք է այդ մասին նշի իր որոշման մեջ։
3. Գերագույն դատարանի որոշումը պետք է լինի պատճառաբանված, ապահովի օրենքի միատեսակ կիրառումը, ճիշտ մեկնաբանությունը և նպաստի իրավունքի զարգացմանը։
Հոդված 118.20. |
Գերագույն դատարանի որոշման օրինական ուժի մեջ մտնելը |
1. Գերագույն դատարանի` գործն ըստ էության լուծող որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ։
2. Գերագույն դատարանի` սույն օրենսգրքի 118.7-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և 118.9-րդ հոդվածով նախատեսված որոշումներն օրինական ուժի մեջ են մտնում կայացման պահից, վերջնական են և բողոքարկման ենթակա չեն:
Հոդված 118.21. |
Գերագույն դատարանի որոշումը վճռաբեկ բողոք բերած անձին և դատավարության այլ մասնակիցների ուղարկելը |
1. Գերագույն դատարանի որոշումը ուղարկվում է բողոք բերած անձին, դատավարության այլ մասնակիցների և վարչական դատարան այն հրապարակելու օրվանից հետո՝ երկշաբաթյա ժամկետում։»:
Հոդված 15. Օրենսգրքի 121-րդ հոդվածի 1-ին մասից հանել «, ինչպես նաև չի կարող իրականացվել հայցից հրաժարում» բառերը:
Հոդված 16. Օրենսգրքի 125-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 125. |
Վարչական դատարանի բողոքարկման ենթակա միջանկյալ դատական ակտերը |
1. Վերաքննության կարգով բողոքարկման ենթակա են վարչական դատարանի հետևյալ միջանկյալ դատական ակտերը.
1) հայցադիմումի ընդունումը մերժելու մասին.
2) հայցադիմումը վերադարձնելու մասին.
3) հայցի ապահովումը (հակընդդեմ ապահովումը) մերժելու, հայցի ապահովման մեկ միջոցը մեկ այլ միջոցով փոխարինելու, հայցի ապահովումը վերացնելու մասին.
4) լրացուցիչ վճիռ կայացնելը մերժելու մասին.
5) վրիպակները, գրասխալները կամ թվաբանական սխալներն ուղղելու կամ ուղղում կատարելը մերժելու, վճռի պարզաբանումը մերժելու մասին.
6) բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու կամ դրա վերականգնումը մերժելու մասին.
7) դատավարական ժամկետները երկարաձգելու կամ դրա երկարաձգումը մերժելու մասին.
8) կողմին իրավահաջորդով փոխարինելու կամ փոխարինումը մերժելու մասին, ինչպես նաև երրորդ անձանց դատավարության մեջ ներգրավելու դիմումը մերժելու կամ դատավարության մասնակիցների կազմից երրորդ անձին հանելու մասին.
9) նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով կամ գործի քննությանը չմասնակցած անձանց դիմումով դատական ակտը վերանայելու դիմումների վերաբերյալ որոշումը.
10) գործի վարույթը կասեցնելու մասին, բացառությամբ սույն օրենսգրքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված դեպքի.
11) ինքնաբացարկի մասին դատական ակտերը:
2. Եթե վարչական դատարանը բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու հիմքով որոշում է կայացրել հայցադիմումը վարույթ ընդունելու մասին, ապա բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին որոշումը վերացվելու դեպքում հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը համարվում է վերացված, իսկ հայցադիմումի ընդունումը՝ մերժված:»:
Հոդված 17. Օրենսգրքի 135-րդ հոդվածի`
1) 1-ին կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությանը» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության Սահմանադրությանը» բառերով.
2) 2-րդ կետում.
ա. «, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի» բառերը հանել,
բ. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությունից» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության Սահմանադրությունից» բառերով:
Հոդված 18. Օրենսգրքի 149-րդ հոդվածի 5-րդ մասում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրության 4-րդ հոդվածով» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության Սահմանադրության 7-րդ հոդվածով» բառերով:
Հոդված 19. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |
|
|
2019թ. մարտի 20
Ստեփանակերտ
ՀՕ-3-Ն |
|