Համարը 
ՀՕ-2-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2019.03.22/04(368)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
27.02.2019
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
20.03.2019
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.04.2019
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ՕՐԵՆՔԸ ԼՂՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

 

Ընդունված է 2019 թվականի

փետրվարի 27-ին

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2008 թվականի դեկտեմբերի 17-ի քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 1-ին հոդվածի 1-ին մասում`

1) «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ» բառերով.

2) «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատական օրենսգրքով» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության դատական օրենսգրքով» բառերով:

 

Հոդված 2. Օրենսգրքի 2-րդ հոդվածում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ» բառերով:

 

Հոդված 3. Օրենսգրքի 4-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Դատավորների անկախության երաշխիքները սահմանվում են Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ և Արցախի Հանրապետության դատական օրենսգրքով:»:

 

Հոդված 4. Օրենսգրքի 8-րդ հոդվածի 2-րդ մասում «անձնական» բառը փոխարինել «մասնավոր» բառով:

 

Հոդված 5. Օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ի մասում, 121.1-ին հոդվածի 1-ին մասում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրության» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության Սահմանադրության» բառերով:

 

Հոդված 6. Օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատական օրենսգրքի 61-րդ հոդվածով» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության դատական օրենսգրքի 52-րդ հոդվածով» բառերով:

 

Հոդված 7. Օրենսգրքի 39-րդ հոդվածի 6-րդ մասում «տալը» բառից հետո լրացնել «կամ ցուցմունք տալուց հրաժարվելն» բառերը:

 

Հոդված 8. Օրենսգրքի 40-րդ հոդվածում`

1) 2-րդ մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) անձինք` իրենց, իրենց ամուսնու կամ մերձավոր ազգականների` ծնողի, զավակի, որդեգրողի, որդեգրվածի, հարազատ կամ ոչ հարազատ (համահայր կամ համամայր) եղբոր կամ քրոջ, պապի, տատի, թոռան, ամուսնու ծնողի կամ զավակի ամուսնու վերաբերյալ, եթե ողջամտորեն ենթադրելի է, որ այն հետագայում կարող է օգտագործվել իրենց կամ նրանց դեմ.».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մաս.

«3. Եթե որպես վկա ցուցմունք տալուց հրաժարվելու իրավունքի շուրջ ծագում է վեճ, ապա առաջին ատյանի դատարանը որոշում է կայացնում դրա վերաբերյալ, որը պարտադիր է գործին մասնակցող անձանց, օրինական ներկայացուցիչների, վկաների, փորձագետների և թարգմանիչների համար:»:

 

Հոդված 9. Օրենսգրքի 43-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Հիմնական իրավունքների խախտմամբ ձեռք բերված կամ արդար դատաքննության իրավունքը խաթարող ապացույցի օգտագործումն արգելվում է:»:

 

Հոդված 10. Օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի չորրորդ պարբերությունում «դեմ» բառից հետո լրացնել «, եթե ողջամտորեն ենթադրելի է, որ այն հետագայում կարող է օգտագործվել իր կամ նրանց դեմ» բառերը:

 

Հոդված 11. Օրենսգրքի 11-րդ գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ԳԼՈՒԽ 11

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐԸ

 

Հոդված 74.

Դատական ծանուցումը

 

1. Գործին մասնակցող անձինք, օրինական ներկայացուցիչները, վկաները, փորձագետները և թարգմանիչները սույն օրենսգրքով սահմանված կարգով ծանուցվում են դատական նիստի ժամանակի և վայրի, ինչպես նաև սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ առանձին դատավարական գործողություններ կատարելու մասին:

2. Գործին մասնակցող անձի կողմից իր ներկայացուցչին ծանուցելու վերաբերյալ դիմում ներկայացվելու կամ լիազորագրում նման լիազորության առկայության դեպքում ծանուցվում է միայն ներկայացուցիչը:

3. Ծանուցումն իրականացվում է այն հաշվով, որ դրա հասցեատերը դատական նիստին ներկայանալուց առնվազն երեք օր առաջ ծանուցվի դատական նիստի ժամանակի և վայրի մասին, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:

 

Հոդված 75.

Դատական ծանուցման կարգը

 

1. Գործին մասնակցող անձինք, օրինական ներկայացուցիչները, վկաները, փորձագետները և թարգմանիչները դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցվում են ծանուցագրի միջոցով, եթե սույն օրենսգրքով ծանուցման այլ կարգ նախատեսված չէ:

2. Ծանուցագիրը պետք է բովանդակի`

1) դատարանի անվանումը և հասցեն.

2) դատարան հրավիրվող կամ կանչվող անձի անունը (անվանումը).

3) նշում այն գործի և դատավարության փուլի մասին, որի վերաբերյալ անձը ծանուցվում է.

4) նշում` ներկայանալու ժամանակի և վայրի մասին.

5) նշում` հասցեատիրոջ դատավարական կարգավիճակի մասին.

6) նշում՝ դատարան չներկայանալու կամ չներկայանալու պատճառների մասին դատարանին չհայտնելու հետևանքների մասին.

7) գործը քննող դատարանի հասցեն և էլեկտրոնային փոստի հասցեն կամ տեղեկություններ էլեկտրոնային հաղորդակցության այլ միջոցի վերաբերյալ, որով գործին մասնակցող անձը, օրինական ներկայացուցիչը, վկան, փորձագետը և թարգմանիչը կարող են դատարանին հաղորդել տեղեկություններ և ուղարկել դատավարական փաստաթղթեր:

3. Գործին մասնակցող անձանց, օրինական ներկայացուցիչներին, վկաներին, փորձագետներին և թարգմանիչներին դատական ծանուցագիրն ուղարկում է դատարանի աշխատակազմը:

4. Դատական ծանուցագիրը`

1) ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ.

2) հանձնվում է առձեռն.

3) ուղարկվում է էլեկտրոնային հաղորդակցության միջոցով՝ սույն օրենսգրքի 76.2-րդ հոդվածով սահմանված կարգով:

5. Դատական նիստին ներկա գտնվող գործին մասնակցող անձինք, օրինական ներկայացուցիչները, վկաները, փորձագետները և թարգմանիչները հաջորդ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցվում են տվյալ դատական նիստում դատավորի կողմից հաղորդելու միջոցով: Եթե դատական նիստի արձանագրությունը վարվում է պարզ թղթային արձանագրման ձևով, ապա հաջորդ դատական նիստի ժամանակի և վայրի մասին տեղեկացված լինելու վերաբերյալ գործին մասնակցող անձը, օրինական ներկայացուցիչը, վկան, փորձագետը և թարգմանիչը արձանագրության մեջ նշում է և ստորագրում:

6. Գործին մասնակցող անձանց, օրինական ներկայացուցիչների, վկաների, փորձագետների և թարգմանիչների կողմից իրենց հեռախոսահամարների տրամադրման դեպքում, դատական ծանուցագիրը սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով ուղարկվելու և հանձնվելու դեպքում, հերթական դատական նիստի ժամանակի և վայրի, ինչպես նաև առանձին դատավարական գործողությունների մասին ծանուցումը կարող է կատարվել նաև հեռախոսազանգի միջոցով: Այս դեպքում գործին կցվում են ծանուցումը հաղորդելու փաստը հաստատող ապացույցներ (արձանագրություն, հեռախոսագիր, ձայնագրություն և այլն):

 

Հոդված 76.

Դատական ծանուցագիրը պատվիրված նամակով ուղարկելը

 

 1. Դատական ծանուցագիրն ուղարկվում է գործին մասնակցող անձի, օրինական ներկայացուցչի, վկայի, փորձագետի և թարգմանչի նշած հասցեով (ծանուցման հասցե):

2. Ֆիզիկական անձի դեպքում դատական ծանուցագիրը պետք է հանձնվի անձամբ հասցեատիրոջը կամ հասցեատիրոջ ծանուցման (հաշվառման) հասցեում նրա հետ համատեղ բնակվող կամ այդ հասցեում աշխատող չափահաս անձին, բացառությամբ այն դեպքերի, երբ նշված անձը գործի քննությանը մասնակցում է որպես հակադիր շահեր ունեցող կողմ:

3. Եթե գործի նյութերից հետևում է, որ գործին մասնակցող անձը, օրինական ներկայացուցիչը, վկան, փորձագետը և թարգմանիչը կալանավայրում է, ազատազրկման վայրում, զորամասում, կարգապահական գումարտակում կամ բուժական հիմնարկում ստանում է ստացիոնար բուժում, ապա դատական ծանուցագիրը պետք է ուղարկվի այդ հաստատությունների հասցեներով: Այդ հաստատությունների վարչակազ-մերը դատական ծանուցագիրն ստանալուց անմիջապես հետո պարտավոր են այն հանձնել հասցեատիրոջը` վերջինիս կողմից ստացման վերաբերյալ ապացույցն ուղարկելով գործը քննող դատարան:

4. Իրավաբանական անձանց դեպքում դատական ծանուցագիրը պետք է հանձնվի իրավաբանական անձի ծանուցման հասցեում՝ իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարին կամ գրագրության ընդունման համար պատասխանատու անձին կամ այն անձին, որի նամակագրություն ընդունելու լիազորությունն ակնհայտորեն բխում է այն իրավիճակից, որում գործում է տվյալ անձը (անվտանգության աշխատակից, ընդհանուր բաժնի կամ իրավաբանական ծառայության աշխատակից և այլն):

5. Եթե գործին մասնակցող անձը, օրինական ներկայացուցիչը, վկան, փորձագետը և թարգմանիչը հրաժարվել են ստանալ ծանուցագիրը, կամ նրանց հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է դատարան, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել հետադարձ ծանուցումը (ծանուցման մասին անդորրագիրը), կամ գործին մասնակցող անձի, օրինական ներկայացուցչի, վկայի, փորձագետի և թարգմանչի հասցեն անհայտ է, ապա դատարանը դատական ծանուցագիրը ուղարկում է՝

1) ֆիզիկական անձի դեպքում` այդ անձի հաշվառման, աշխատանքի վայրի հայտնի հասցեով և անձի վերջին հայտնի բնակության վայրի համապատասխան համայնքի ղեկավարին, իսկ գործի նյութերում ֆիզիկական անձի այլ հասցեների, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի վերաբերյալ տվյալների առկայության դեպքում՝ նաև այդ հասցեներով.

2) իրավաբանական անձի դեպքում՝ այդ անձի մշտապես գործող մարմնի գտնվելու վայրի հասցեով, իսկ գործի նյութերում իրավաբանական անձի այլ հասցեների, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի վերաբերյալ տվյալների առկայության դեպքում՝ նաև այդ հասցեներով:

6. Հետադարձ ծանուցումը պետք է տեղեկություններ պարունակի այն անձի վերաբերյալ, որին ծանուցագիրը հանձնվել է:

7. Այլ պետության տարածքում բնակվող անձին ծանուցագիրն ուղարկվում է ուղղակի ծանուցման միջոցով, եթե այլ բան նախատեսված չէ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

 

Հոդված 76.1.

 Դատական ծանուցագիրն առձեռն հանձնելը

 

1. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին գործին մասնակցող անձը, օրինական ներկայացուցիչը, վկան, փորձագետը և թարգմանիչը կարող են ծանուցվել դատական ծանուցագիրն առձեռն հանձնելու միջոցով:

2. Դատական ծանուցագիրն առձեռն հանձնվում է գործին մասնակցող անձանց, օրինական ներկայացուցիչներին, վկաներին, փորձագետներին և թարգմանիչներին դատարանի աշխատակազմի միջոցով:

3. Գործին մասնակցող անձի փաստաբան հանդիսացող ներկայացուցչի կամահայտնության դեպքում դատական ծանուցագրի հանձնումը գործին մասնակցող անձանց, օրինական ներկայացուցիչներին, վկաներին, փորձագետներին և թարգմանիչներին դատարանի համաձայնությամբ կարող է իրականացվել իր միջոցով՝ պահպանելով սույն օրենսգրքի 76-րդ հոդվածի պահանջները: Եթե դատարանի կողմից այլ ժամկետ չի սահմանվել, ապա մեկշաբաթյա ժամկետում հետադարձ ծանուցումը դատարանում չստացվելու դեպքում ծանուցագրի հանձնումն իրականացվում է դատարանի աշխատակազմի միջոցով:

4. Դատական ծանուցագիրն առձեռն հանձնելու դեպքում գործին կցվում է այն հանձնելու փաստը հաստատող փաստաթուղթ:

 

Հոդված 76.2.

 Դատական ծանուցագիրը էլեկտրոնային հաղորդակցության միջոցով ուղարկելը

 

1. Պետական և տեղական ինքնակառավարման մարմնին, իրավաբանական անձին, անհատ ձեռնարկատիրոջը, ինչպես նաև գործին մասնակցող անձի՝ փաստաբանի կարգավիճակ ունեցող ներկայացուցչին հասցեագրված դատական ծանուցագիրն ուղարկվում է նրա պաշտոնական էլեկտրոնային փոստին, բացառությամբ այն դեպքերի, երբ նման եղանակով ծանուցում իրականացնելն անհնար է:

2. Գործին մասնակցող անձինք, օրինական ներկայացուցիչները, վկաները, փորձագետները և թարգմանիչները դատարանին կարող են գրավոր ներկայացնել իրենց հաղորդակցության միջոցները՝ միջնորդելով ծանուցումը կատարել այդ միջոցով:

3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված մարմինները և անձինք կրում են իրենց պաշտոնական էլեկտրոնային փոստին կամ իրենց կողմից տրամադրված էլեկտրոնային հաղորդակցության միջոցներին ուղարկված դատական ծանուցագիրը չկարդալու անբարենպաստ հետևանքները:

4. Դատական ծանուցագիրն էլեկտրոնային փոստին ուղարկելու դեպքում գործին կցվում է այն ստանալու մասին էլեկտրոնային հավաստումը: Դատական ծանուցագիրը կապի այլ միջոցների կիրառմամբ ուղարկելու դեպքում գործին կցվում են այն ուղարկելու (հաղորդելու) փաստը հաստատող ապացույցներ (արձանագրություն, հեռախոսագիր, ձայնագրություն և այլն):

 

Հոդված 76.3.

 Գործի քննության ընթացքում հասցեի (էլեկտրոնային հաղորդակցության միջոցի) փոփոխության մասին դատարանին հայտնելու պարտականությունը

 

1. Գործին մասնակցող անձը, օրինական ներկայացուցիչը, վկան, փորձագետը և թարգմանիչը պարտավոր են դատարանին հայտնել գործի քննության ընթացքում իրենց հասցեի, էլեկտրոնային փոստի կամ էլեկտրոնային հաղորդակցության այլ միջոցի փոփոխության մասին։ Նման հաղորդման բացակայության դեպքում ծանուցագիրն ուղարկվում է այն հասցեով կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցով, որով գործին մասնակցող անձը, օրինական ներկայացուցիչը, վկան, փորձագետը և թարգմանիչը վերջին անգամ ծանուցվել է, և համարվում է հանձնված, թեկուզև հասցեատերն այն փաստացի չի ստացել։»:

 

Հոդված 12. Օրենսգրքի 77-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 77.

Հայցադիմումին ներկայացվող պահանջները

 

 Հայցադիմումը ներկայացվում է գրավոր՝ հայերեն կամ այլ լեզվով՝ հայերեն պատշաճ թարգմանությամբ: Հայցադիմումը պետք է լինի ընթեռնելի:

1. Հայցադիմումում պարտադիր նշվում են`

1) դատարանի անվանումը, որին ներկայացվում է հայցադիմումը.

2) հայցվորի անունը (անվանումը), հաշվառման (գտնվելու) վայրի հասցեն, ծանուցման հասցեն (եթե այն տարբերվում է հաշվառման (գտնվելու) վայրի հասցեից), այդ թվում` հայցվոր քաղաքացու անձը հաստատող փաստաթղթի տվյալները (այսուհետ՝ անձնագրային տվյալներ), հայցվոր իրավաբանական անձի պետական գրանցման համարը, նրա ներկայացուցչի անունը, անձնագրային տվյալները, ծանուցման հասցեն, իսկ եթե հայցը ներկայացրել է դրա իրավունքն ունեցող պաշտոնատար անձը՝ նաև այդ անձի անունը, պաշտոնը.

3) պատասխանողի անունը (անվանումը), հաշվառման (գտնվելու) վայրի հասցեն, իսկ հաշվառման վայր չունենալու դեպքում՝ բնակվելու վայրի հասցեն.

4) գործին մասնակցող այլ անձանց անունը (անվանումը), նրանց հաշվառման (գտնվելու) վայրի հասցեն, իսկ հաշվառման վայր չունենալու դեպքում՝ բնակվելու վայրի հասցեն.

5) այն փաստերը, որոնց վրա հիմնվում են հայցապահանջները.

6) դրամական պահանջի դեպքում` պահանջվող կամ վիճարկվող գումարի չափը և հաշվարկը.

7) պատասխանողին ուղղված նյութաիրավական պահանջը (պահանջները), իսկ մի քանի պատասխանողների դեմ հայցադիմում ներկայացնելիս հայցվորի` նրանցից յուրաքանչյուրին ուղղված պահանջը (պահանջները), եթե այն համիրավ չէ.

8) հայցադիմումին կից ներկայացվող փաստաթղթերի և ապացույցների ցանկը:

2. Հայցադիմումում կարող են նշվել՝

1) վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառման ենթակա իրավական նորմերը.

2) այն ապացույցները, որոնք հաստատում են հայցի հիմքում դրված փաստերից յուրաքանչյուրը` համապատասխան նշումով, թե որ ապացույցն ինչ փաստի հաստատմանն է ուղղված.

3) հայցվորի միջնորդությունները.

4) վեճը հաշտությամբ լուծելու ուղղությամբ կատարված գործողությունները.

5) այլ տեղեկություններ, որոնք նշանակություն ունեն գործի քննության և լուծման համար.

6) էլեկտրոնային հաղորդակցության միջոցի վերաբերյալ տեղեկությունը՝ ծանուցումն այդ միջոցով իրականացնելու միջնորդությամբ:

3. Հայցադիմումն ստորագրում է հայցվորը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի ստորագրած հայցադիմումին կցվում են նրա լիազորությունը հավաստող փաստաթուղթը և անձը հաստատող փաստաթղթի պատճենը:

4. Դիմումի նկատմամբ տարածվում են հայցադիմումի համար սահմանված պահանջները, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով, կամ այլ բան չի բխում համապատասխան վարույթի էությունից:»:

 

Հոդված 13. Օրենսգրքի 106-րդ հոդվածի 1-ին մասում «օրինական» բառը փոխարինել «իրավաչափ» բառով:

 

Հոդված 14. Օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասում, 246.2-րդ հոդվածի 4-րդ մասում, 254-րդ հոդվածի 2-րդ մասում «Լեռնային Ղարաբաղի» բառերը փոխարինել «Արցախի» բառով:

 

Հոդված 15. Օրենսգրքի 230.4-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատական օրենսգրքի 61-րդ հոդվածի» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության դատական օրենսգրքի 52-րդ հոդվածի» բառերով:

 

Հոդված 16. Օրենսգրքի 266-րդ հոդվածում «ազգային» բառը փոխարինել «պետական» բառով:

 

Հոդված 17. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

           

2019թ. մարտի 20

Ստեփանակերտ

ՀՕ-2-Ն