Համարը 
ՀՕ-99-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2019.08.23/15(379)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
22.07.2019
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
12.08.2019
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2020
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ՕՐԵՆՔԸ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

 

Ընդունված է 2019 թվականի

հուլիսի 22-ին

 

ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2013 թվականի ապրիլի 25-ի Քրեական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 147-րդ հոդվածի`

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Քաղաքացու ընտրական կամ հանրաքվեի իրավունքի ազատ իրականացմանը կամ ընտրական կամ հանրաքվեի հանձնաժողովի աշխատանքին խոչընդոտելը, ինչպես նաև ընտրական կամ հանրաքվեի հանձնաժողովի կամ նախաձեռնող խմբի անդամի, թեկնածուի, լիազոր ներկայացուցչի, հանրաքվեի նախաձեռնող խմբի ներկայացուցչի, վստահված անձի, դիտորդի, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը՝

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի յոթհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` վեց ամսից մեկ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` մեկից երեք տարի ժամկետով կամ առանց դրա:».

2) 2-րդ մասում`

ա. 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) կատարվել են գույքին վնաս պատճառելով կամ պատճառելու սպառնալիքով,».

բ. «ժամկետով» բառից հետո լրացնել «՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` մեկից երեք տարի ժամկետով կամ առանց դրա» բառերը:

 

Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 147.1-ին հոդվածով.

 

«Հոդված 147.1.

Քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը

 

1. Նախընտրական կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը՝

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի յոթհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` վեց ամսից մեկ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` մեկից երեք տարի ժամկետով:

2. Նույն արարքը, որը՝

1) կատարվել է ծառայողական կամ այլ կախվածությունն օգտագործելով.

2) կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով.

3) զուգորդվել է բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով.

4) կատարվել է մի խումբ անձանց կողմից.

5) զուգորդվել է անձին ազատությունից զրկելով`

պատժվում է ազատազրկմամբ` չորսից վեց տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` մեկից երեք տարի ժամկետով:»:

 

Հոդված 3. Օրենսգրքի 148-րդ հոդվածում`

1) 1-ին մասում.

ա. հանել «քվեատուփ հափշտակելը, համակարգչում ակնհայտ սխալ տվյալներ մուտքագրելը, մուտքագրված տվյալները փոփոխելը,» բառերը,

բ. «ինչպես նաև» բառերից առաջ լրացնել «ընտրողի քվեաթերթիկը անվավեր կամ չսահմանված նմուշի դարձնելը,» բառերը,

գ. «ժամկետով» բառից հետո լրացնել «՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` մեկից երեք տարի ժամկետով կամ առանց դրա» բառերը,

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մաս.

«2. Նույն արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ կազմակերպված խմբի կողմից՝

պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ մեկից երեք տարի ժամկետով:»:

 

Հոդված 4. Օրենսգրքի 149-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 5. Օրենսգրքի 151-րդ հոդվածում`

1) 1-ին մասում «պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից երեք տարի ժամկետով» բառերը փոխարինել «պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` մեկից երեք տարի ժամկետով կամ առանց դրա» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մաս.

«2. Նույն արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ կազմակերպված խմբի կողմից՝

պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ մեկից երեք տարի ժամկետով կամ առանց դրա:»:

 

Հոդված 6. Օրենսգրքի 152-րդ հոդվածում`

1) 1-ին մասում «երեք» բառը փոխարինել «հինգ» բառով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մաս.

«2. Քվեարկողի կողմից բաց` երրորդ անձանց (բացառությամբ քվեարկողին օգնող անձի) համար քվեարկության արդյունքը տեսանելի ձևով քվեարկելը, ինչպես նաև շահադիտական նպատակով քվեարկության գաղտնիությունը քվեարկության արդյունքը բացահայտող փաստաթղթի լուսանկարահանմամբ կամ տեսաձայնագրմամբ ստացված տեղեկատվության հրապարակման միջոցով խախտելը`

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով:»:

 

Հոդված 7. Օրենսգրքի 153-րդ հոդվածում`

1) 1-ին մասում «կամ առանց դրա» բառերից հետո լրացնել «կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` մեկից երեք տարի ժամկետով կամ առանց դրա» բառերը.

2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Նույն արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ`

պատժվում է ազատազրկմամբ` վեցից տասը տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` մեկից երեք տարի ժամկետով կամ առանց դրա:»:

 

Հոդված 8. Օրենսգրքի 154-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 154.

Ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը

 

1. Թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու կամ ընտրություններին մասնակցելու կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու կամ մեկից ավելի անգամ քվեարկելու կամ այլ անձի փոխարեն քվեարկելու պայմանով թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից անձամբ կամ միջնորդի միջոցով իր կամ այլ անձի համար կաշառք ստանալը, այսինքն` դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն ստանալը կամ պահանջելը`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով:

2. Թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու կամ ընտրություններին մասնակցելու կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու կամ մեկից ավելի անգամ քվեարկելու կամ այլ անձի փոխարեն քվեարկելու համար ընտրողին անձամբ կամ միջնորդի միջոցով ընտրողի կամ այլ անձի համար կաշառք տալը, այսինքն` դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն առաջարկելը, խոստանալը կամ տրամադրելը`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհազարհինգհարյուրապատիկից երեքհազարապատիկի չափով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` երեքից հինգ տարի ժամկետով:

3. Ընտրողին թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելուն, ընտրություններին մասնակցելուն կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելուն կամ մեկից ավելի անգամ քվեարկելուն կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն հարկադրելը, որը կատարվել է գույքին վնաս պատճառելով կամ գույքին վնաս պատճառելու սպառնալիքով, ծառայողական կամ այլ կախվածությունն օգտագործելով, բռնությամբ կամ բռնություն գործադրելու սպառնալիքով`

պատժվում է ազատազրկմամբ` երեքից հինգ տարի ժամկետով:

4. Սույն հոդվածի 2-րդ կամ 3-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ կազմակերպված խմբի կողմից.

2) երկու կամ ավելի անձի նկատմամբ`

պատժվում է ազատազրկմամբ` չորսից յոթ տարի ժամկետով:

5. Ընտրությունների կամ հանրաքվեի նշանակման որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև ընտրությունների կամ հանրաքվեի արդյունքների ամփոփումը թեկնածուի, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) անդամի կամ լիազորված անձի, վստահված անձի, հանրաքվեի նախաձեռնող խմբի անդամի կամ լիազոր ներկայացուցչի կողմից անձամբ կամ նրանց (այդ թվում՝ կուսակցության կամ դաշինքի) անունից կամ որևէ այլ եղանակով կամ բարեգործության անվան տակ ընտրողներին, ինչպես նաև հանրաքվեի մասնակիցներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ (բացի կուսակցության անվանումը կամ խորհրդանիշները կամ թեկնածուի անունը, ազգանունը կամ պատկերը բովանդակող և նվազագույն աշխատավարձի եռապատիկը չգերազանցող արժեքով քարոզչական տպագիր և այլ նյութերի կամ առարկաների) տալը (խոստանալը) կամ ծառայություններ մատուցելը (խոստանալը) կամ բարեգործության հետ միաժամանակ նախընտրական կամ հանրաքվեի քարոզչություն իրականացնելը՝

պատժվում է ազատազրկմամբ` երկուսից վեց տարի ժամկետով:

6. Կաշառք ստացող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե այդ անձը մինչև կաշառք ստանալու մասին իրավապահ մարմիններին հայտնի դառնալը, բայց ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում, այդ մասին կամովին հայտնել է քրեական հետապնդման մարմիններին և աջակցել հանցագործությունը բացահայտելուն:»:

 

Հոդված 9. Օրենսգրքի 156-րդ հոդվածի 1-ին մասից հանել «(քվեարկության խցիկ)» բառերը:

 

Հոդված 10. Օրենսգրքի 158-րդ հոդվածում «առավելագույնը երեք տարի ժամկետով» բառերը փոխարինել «մեկից երեք տարի ժամկետով կամ առանց դրա» բառերով:

 

Հոդված 11. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 158.1-ին և 158.2-րդ հոդվածներով.

 

«Հոդված 158.1.

Քվեատուփը, ընտրողների ստորագրած ցուցակը, տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանը, հանձնաժողովի կնիքը կամ ընտրական փաստաթղթերի փաթեթը հափշտակելը

 

1. Անձնական դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ քվեատուփը, ընտրողների ստորագրած ցուցակը, տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանը, հանձնաժողովի կնիքը կամ ընտրական փաստաթղթերի փաթեթը հափշտակելը`

պատժվում է ազատազրկմամբ` երկուսից չորս տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` մեկից երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

2. Նույն արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ մեկից երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

3. Նույն արարքը, որը կատարվել է ընտրական հանձնաժողովի անդամի կողմից՝

պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ մեկից երեք տարի ժամկետով:

 

Հոդված 158.2.

Ընտրակաշառքի միջնորդությունը

 

1. Ընտրակաշառքի միջնորդությունը՝ ընտրակաշառք տվողի և ընտրակաշառք ստացողի միջև ընտրակաշառքի շուրջ համաձայնության գալուն կամ արդեն կայացած համաձայնության իրականացմանը նպաստելը՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով:

2. Նույն արարքը, որը կատարվել է պաշտոնեական դիրքը կամ պաշտոնից բխող հեղինակությունն օգտագործելով՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:»:

 

Հոդված 12. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

           

2019թ. օգոստոսի 12

Ստեփանակերտ

ՀՕ-99-Ն