ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«5» օգոստոսի 2014թ. |
N 529-Ն |
ք. Ստեփանակերտ
ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի N 221 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Ընդերքի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսգրքի 7-րդ հոդվածի 10-րդ մասը և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել ընդերքի մասին երկրաբանական տեղեկության անկախ փորձաքննության իրականացման կարգը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 26-ի «Ընդերքի մասին երկրաբանական և այլ տեղեկատվության անկախ փորձաքննության իրականացման կարգը հաստատելու մասին» N 221 որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
|
Հավելված
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
2014 թվականի օգոստոսի 5-ի N 529-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են ընդերքի մասին երկրաբանական տեղեկության անկախ փորձաքննության իրականացման գործընթացի հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգով նախատեսված անկախ փորձաքննության իրականացման նպատակն է ընդերքօգտագործողին տրամադրված երկրաբանական և այլ տեղեկության արժանահավատության ճշտումը, եթե փոխվել են ընդերքի տեղամասի կառուցվածքի, կազմի, քանակի, դրանում օգտակար հանածոների առկայության և այլ հատկությունների, ինչպես նաև ընդերքի օգտագործման տեխնիկատնտեսական ցուցանիշների մասին տվյալները և մոտեցումները:
3. Ընդերքի մասին երկրաբանական տեղեկության անկախ փորձաքննություն կարող են իրականացնել համապատասխան որակավորում ունեցող իրավաբանական և ֆիզիկական անձինք, այդ թվում՝ միջազգային փորձագետները:
4. Անկախ փորձաքննությունն իրականացվում է ընդերքօգտագործողի նախաձեռնությամբ` սեփական միջոցների հաշվին, և փորձաքննության ենթակա հարցերի շրջանակը սահմանում է ընդերքօգտագործողը:
5. Անկախ փորձագետի ընտրությունը կատարվում է ընդերքօգտագործողի կողմից:
6. Անկախ փորձաքննության ենթակա են ընդերքի տեղամասի մասին հետևյալ երկրաբանական տեղեկությունները`
1) տարածաշրջանային երկրաբանական ուսումնասիրության նյութերը.
2) օգտակար հանածոների հանքավայրերի որոնմանը, հետախուզմանը և գնահատմանը վերաբերող նյութերը.
3) շահագործվող ու շահագործման նախապատրաստվող հանքավայրերի լրահետախուզմանը և շահագործական հետախուզմանը վերաբերող նյութերը.
4) հանքավայրի կոնդիցիաների վերագնահատման, վերահիմնավորման ու օգտակար հանածոյի պաշարների ճշտման, ինչպես նաև արդյունաբերական նշանակությունը կորցրած կամ հետագա աշխատանքների արդյունքում չհավաստված պաշարների դուրսգրման և ընդերքօգտագործման պայմանագրում ու նախագծում համապատասխան փոփոխությունները:
7. Եթե անկախ փորձաքննության արդյունքներով էապես փոխվում են հանքավայրի երկրաբանատնտեսագիտական գնահատականը, ընդերքի տեղամասի երկրաբանական կառուցվածքի և այլ հատկությունների վերաբերյալ պատկերացումները կամ պարզվում է, որ առկա է շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցության մասին տեղեկատվության անհամապատասխանություն, ապա ընդերքօգտագործողն անկախ փորձագետի եզրակացությունը և նրա կողմից փորձաքննության ենթարկված նյութերը կարող է ներկայացնել լիազոր մարմին:
8. Անկախ փորձաքննության արդյունքների և լիազոր մարմնի կողմից ընդերքօգտագործողին տրված երկրաբանական տեղեկության անհամապատասխանության դեպքում, ինչպես նաև անկախ փորձաքննության արդյունքների արժանահավատությունն ստուգելու համար լիազոր մարմինը մեկամսյա ժամկետում ընդունում է որոշում անկախ փորձագետի եզրակացությունը և փորձաքննության ենթարկված նյութերն ընդերքաբանական փորձաքննության ենթարկելու վերաբերյալ՝ դրա մասին օրենքով սահմանված կարգով տեղեկացնելով ընդերքօգտագործողին:
9. Լիազոր մարմինը ներկայացված նյութերն ընդերքաբանական փորձաքննության է ենթարկում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
10. Անկախ փորձաքննության արդյունքների և լիազոր մարմնի կողմից ընդերքօգտագործողին տրված երկրաբանական տեղեկության համապատասխանության դեպքում ընդերքօգտագործողի` լիազոր մարմին ներկայացրած անկախ փորձագետի եզրակացությունը և անկախ փորձաքննության ենթարկած նյութերն ընդերքաբանական փորձաքննության չեն ենթարկվում, և նախկինում կատարված ընդերքաբանական փորձաքննության արդյունքները մնում են անփոփոխ:
11. Նախկինում կատարված ընդերքաբանական փորձաքննության արդյունքները մնում են անփոփոխ, եթե անկախ փորձաքննության արդյունքները լիազոր մարմնի կողմից իրականացված ընդերքաբանական փորձաքննության ընթացքում չեն հավաստվում:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ |
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |