Համարը 
N 525-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2014.08.15/13(258)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
05.08.2014
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
05.08.2014
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
16.08.2014
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ  ԵՐԿՐԱԲԱՆԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի N 224 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«5» օգոստոսի 2014թ.

N 525-Ն

ք. Ստեփանակերտ

 

ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ԵՐԿՐԱԲԱՆԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի N 224 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Ընդերքի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսգրքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել օգտակար հանածոների հանքավայրերի երկրաբանատնտեսագիտական գնահատման կարգը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 26-ի «Օգտակար հանածոների հանքավայրերի երկրաբանատնտեսագիտական գնահատման կարգը հաստատելու մասին» N 224 որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

2014 թվականի օգոստոսի 5-ի N 525-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ԵՐԿՐԱԲԱՆԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են օգտակար հանածոների հանքավայրերի երկրաբանատնտեսագիտական գնահատման աշխատանքների հետ կապված հարաբերությունները:

2. Օգտակար հանածոների հանքավայրի կամ դրա առանձին տեղամասի (այսուհետ` հանքավայր) երկրաբանատնտեսագիտական (արդյունաբերական) գնահատումը (այսուհետ` գնահատում) կոնկրետ հանքավայրի արդյունաբերական նշանակության որոշման և դրա սահմաններում պարփակված օգտակար հանածոների պաշարների հաշվարկման համար անհրաժեշտ կոնդիցիաների պարամետրերի հիմնավորմանն ուղղված դաշտային և (կամ) աշխատանոցային աշխատանքների համալիր է:

3. Հանքավայրի գնահատումը կատարվում է ընդերքօգտագործողի կողմից դրա շահագործման առավել արդյունավետ եղանակների, տեխնոլոգիաների ու տեխնիկական միջոցների ընտրության, բնության և շրջակա միջավայրի վրա ազդեցության նվազեցման, կապիտալ ներդրումների, շահագործական ծախսերի, եկամուտների, շահույթի և այլ հիմնական տեխնիկատնտեսական ցուցանիշների կանխատեսման միջոցով: Նշված խնդիրները լուծվում են հանքավայրի վերաբերյալ գնահատման պահին կուտակված ամբողջ երկրաբանական տեղեկության և հանրապետությունում սոցիալ-տնտեսական արդի պայմանների, շուկայի ընթացիկ վիճակի, գիտության ու տեխնիկայի նվաճումների հաշվառմամբ:

4. Հանքավայրի գնահատումն իրականացվում է ընդերքն օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության (այսուհետ` ուսումնասիրություն) և շահագործման համար տրամադրված ընդերքօգտագործման իրավունքի սահմաններում:

5. Հանքավայրի գնահատումն ուսումնասիրության արդյունքներով եզրափակում է դրա մանրազնին հետախուզման փուլը և կատարվում է ուսումնասիրության նպատակով տրամադրված ընդերքօգտագործման իրավունքի սահմաններում:

6. Հանքավայրի գնահատումն ընդերքօգտագործողի ցանկությամբ, անարդյունավետ ծախսերի ռիսկը նվազեցնելու նպատակով, կարող է իրականացվել նաև դրա որոնողագնահատման և (կամ) նախնական հետախուզման փուլերում: Այդ աշխատանքները նույնպես կատարվում են տվյալ հանքավայրի ուսումնասիրության նպատակով տրամադրված ընդերքօգտագործման իրավունքի սահմաններում:

7. Շահագործվող հանքավայրի գնահատումն իրականացվում է ընդերքօգտագործողի կողմից դրա արդյունաբերական գնահատականը և կոնդիցիաների պարամետրերը` լրահետախուզմամբ և շահագործական հետախուզմամբ համալրված ու ճշգրտված երկրաբանական տեղեկությանը, ինչպես նաև հանրապետության սոցիալ-տնտեսական, բնության և շրջակա միջավայրի վրա ազդեցության նվազեցման և շուկայի արդի պայմաններին, գիտության ու տեխնիկայի ներկայիս մակարդակին համապատասխանեցնելու նպատակով (այսուհետ` վերագնահատում):

8. Լրահետախուզման և շահագործական հետախուզական աշխատանքները շարունակական են և մշտապես ուղեկցում են հանքավայրի շահագործման գործընթացը: Դրանք պետք է նախատեսվեն հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման նախագծում և իրականացվեն օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով տրամադրված ընդերքօգտագործման իրավունքի սահմաններում:

9. Շահագործվող հանքավայրի վերագնահատման արդյունքները ենթակա են պետական ընդերքաբանական փորձաքննության:

10. Շահագործվող հանքավայրում հանքային հումքի կոնդիցիաները և պաշարները ենթակա են վերագնահատման ոչ ուշ, քան յուրաքանչյուր հինգ տարին մեկ անգամ:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ