ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«5» օգոստոսի 2014թ. |
N 524-Ն |
ք. Ստեփանակերտ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Ընդերքի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսգրքի 20-րդ հոդվածի 3-րդ մասը և 47-րդ հոդվածը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել իրավաբանական անձանց և քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի սահմաններում ընդերքօգտագործման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
|
Հավելված
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
2014 թվականի օգոստոսի 5-ի N 524-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են իրավաբանական անձանց և քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի սահմաններում պետական հաշվեկշռում չհաշվառված ոչ մետաղական օգտակար հանածոների (բացառությամբ ստորերկրյա ջրերի) արդյունահանման հետ կապված հարաբերությունները:
2. Իրավաբանական անձանց և քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի սահմաններում իրենց սեփական կարիքների բավարարման նպատակով ստորերկրյա ջրերի արդյունահանման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ջրային օրենսգրքի 22-րդ հոդվածով:
3. Իրավաբանական անձինք և քաղաքացիներն իրենց սեփական հողամասերի սահմաններում, շահույթ ստանալու նպատակ չհետապնդելով, տնտեսական և կենցաղային սեփական կարիքների բավարարման նպատակով կարող են անժամկետ իրականացնել պետական հաշվեկշռում չհաշվառված ոչ մետաղական օգտակար հանածոների արդյունահանում` երկրի մակերևույթից մինչև երկու մետր խորությամբ, ինչպես նաև ստորերկրյա կառույցների շինարարություն` երկրի մակերևույթից մինչև հինգ մետր խորությամբ` առանց հորատապայթեցման աշխատանքների իրականացման:
4. Իրավաբանական անձանց և քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի սահմաններում իրենց սեփական կարիքների բավարարման նպատակով` սույն կարգի 3-րդ կետում նշված աշխատանքների իրականացման համար օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվություն և օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության թույլտվություն չեն պահանջվում, և իրավաբանական անձինք ու քաղաքացիներն ազատվում են ընդերքօգտագործման հետ կապված վճարներից:
5. Սույն կարգի 3-րդ կետով նախատեսված աշխատանքներն իրավունք ունեն իրականացնելու այն իրավաբանական անձինք և քաղաքացիները, որոնք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դրա մասին գրավոր տեղեկացրել են լիազոր մարմնին` նշելով օգտակար հանածոյի անվանումը, դրա արդյունահանման նպատակը և ծավալները:
6. Գրությանը կից ներկայացվում են հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը հավաստող փաստաթղթի պատճենը:
7. Լիազոր մարմինը գրությունը գրանցելուց հետո դրա մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` եռօրյա ժամկետում ծանուցում է դիմող իրավաբանական անձանց և քաղաքացիներին:
8. Իրավաբանական անձինք և քաղաքացիները սեփականության իրավունքով իրենց պատկանող հողամասերի սահմաններում պարտավոր են, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքի պահանջներին համապատասխան, պետական հաշվեկշռում չհաշվառված ոչ մետաղական օգտակար հանածոների արդյունահանման հետևանքով խախտված հողերը բերել անվտանգ վիճակի, ինչպես նաև` դրանք դարձնել տնտեսության մեջ օգտագործման համար պիտանի:
9. Իրավաբանական անձինք և քաղաքացիները սեփականության իրավունքով իրենց պատկանող հողամասերի սահմաններից արդյունահանված` պետական հաշվեկշռում չհաշվառված ոչ մետաղական օգտակար հանածոները, որոնք օգտագործման համար պիտանի չեն, պետք է տեղադրեն և պահեն (կուտակեն) պետական կառավարման տարածքային մարմինների կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից առանձնացված տարածքներում՝ հետագայում խախտված հողերի վերականգնման համար օգտագործելու նպատակով:
10. Իրավաբանական անձինք և քաղաքացիները սեփականության իրավունքով իրենց պատկանող հողամասերի սահմաններում` պետական հաշվեկշռում չհաշվառված ոչ մետաղական օգտակար հանածոների արդյունահանման ընթացքում ծագած վեճերը լուծում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ |
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |