Համարը 
N 523-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2014.08.15/13(258)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
05.08.2014
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
05.08.2014
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
16.08.2014
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՀԱՆՔԱՎԱՅՐՈՒՄ ՆՈՐ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՈՒՄ ՉԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԴՐԱՆՑ ՊԱՀՈՒՍՏԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«5» օգոստոսի 2014թ.

N 523-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՀԱՆՔԱՎԱՅՐՈՒՄ ՆՈՐ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՈՒՄ ՉԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԴՐԱՆՑ ՊԱՀՈՒՍՏԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Ընդերքի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսգրքի 58-րդ հոդվածի 3-րդ մասի 12-րդ և 13-րդ կետերը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Սահմանել ընդերքօգտագործման իրավունքով տրամադրված հանքավայրում նոր հայտնաբերված օգտակար հանածոների արդյունահանում չիրականացնելու դեպքում դրանց պահուստավորման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

2014 թվականի օգոստոսի 5-ի N 523-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՀԱՆՔԱՎԱՅՐՈՒՄ ՆՈՐ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՈՒՄ ՉԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԴՐԱՆՑ ՊԱՀՈՒՍՏԱՎՈՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում են ընդերքօգտագործման իրավունքով տրամադրված հանքավայրում նոր հայտնաբերված օգտակար հանածոների արդյունահանում չիրականացնելու դեպքում դրանց պահուստավորման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Ընդերքօգտագործողն ընդերքօգտագործման իրավունքով տրամադրված հանքավայրում (այսուհետ` հանքավայր) հանքարդյունահանման պայմանագրում չնշված նոր օգտակար հանածոներ հայտնաբերելու դեպքում տասնչորսօրյա ժամկետում դրա մասին գրությամբ տեղեկացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչությանը (այսուհետ` լիազոր մարմին):

3. Գրության մեջ նշվում են նոր հայտնաբերված օգտակար հանածոյի անվանումը, դրա պահուստավորման համար առաջարկվող տեղի, ժամկետի և պայմանների մասին:

4. Ստորերկրյա եղանակով շահագործվող հանքավայրում նոր օգտակար հանածոների հայտնաբերման դեպքում, եթե նոր օգտակար հանածո պարունակող հանքային մարմինը գտնվում է օգտակար հանածոյի արդյունահանման նախագծով նախատեսված լեռնային փորվածքների անցուղիներում, ապա նոր հայտնաբերված օգտակար հանածոն պահուստավորվում է`

1) ստորերկրյա դատարկություններում (չօգտագործվող հանքախորշերում, հանքուղիներում և այլն).

2) այն դուրս բերելով երկրի մակերևույթ և տեղադրելով օգտակար հանածոյի արդյունահանման նախագծով նախատեսված ժամանակավոր շինություններում կամ արտադրական լցակույտերի համար նախատեսված տեղում` առանձնացնելով արտադրական լցակույտերից:

5. Բաց եղանակով շահագործվող հանքավայրում նոր հայտնաբերված օգտակար հանածոները պահուստավորվում են օգտակար հանածոյի արդյունահանման նախագծով նախատեսված ժամանակավոր շինություններում կամ արտադրական լցակույտերի տեղադրման համար առանձնացված տեղում` դրանք առանձնացնելով և չխառնելով արտադրական լցակույտերին:

6. Եթե նոր հայտնաբերված օգտակար հանածոն ինքնաբռնկվող է (քարածուխ, այրվող թերթաքար և այլն) ապա պահուստավորման ընթացքում պետք է հաշվի առնվի պահպանման համար անհրաժեշտ որոշակի պայմանների առկայությունը` պահպանելով հանքային հումքը փչացումից, կորստից, ինքնահրկիզումից, ջրային էրոզիայից և այլ ռիսկերից:

7. Եթե հանքավայրում նոր հայտնաբերված օգտակար հանածոն թանկարժեք, գունագեղ քարերի, քվարցային և պիեզոօպտիկական հումք է, ապա պահուստավորման ժամանակ պետք է իրականացվեն համապատասխան պաշտպանական միջոցառումներ` բացառելով նաև կողմնակի անձանց մուտքը պահուստավորված հանքային կուտակումների գոտի:

8. Եթե հանքավայրում նոր հայտնաբերված օգտակար հանածոները թունավոր (վտանգավոր) և ռադիոակտիվ են, ապա պահուստավորումը պետք է իրականացվի օգտակար հանածոյի արդյունահանման նախագծով նախատեսված ժամանակավոր շինություններում` բացառելով կողմնակի անձանց մուտքը:

9. Անվտանգությունն ապահովող այլ միջոցառումների ապահովման նպատակով օգտակար հանածոյի պահուստավորման տարածքը պետք է լինի ցանկապատված և տեղադրվի ցուցանակ ու սահմանվի հսկողություն:

10. Եթե ընդերքօգտագործողը ցանկանում է հանքավայրում նոր հայտնաբերված օգտակար հանածոներն օգտագործել, ապա պետք է այն իրականացնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` օգտակար հանածոյի արդյունահանման նախագծում կատարելով համապատասխան փոփոխություն:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ