ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«1» ապրիլի 2014թ. |
N 201-Ն |
ք. Ստեփանակերտ
ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՆՏԱՌՆԵՐՈՒՄ ԱՆՏԱՌՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անտառային օրենսգրքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել պաշտպանական նշանակության անտառներում անտառօգտագործման և պահպանության կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
|
Հավելված
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
2014 թվականի ապրիլի 1-ի N 201-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՆՏԱՌՆԵՐՈՒՄ ԱՆՏԱՌՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանական նշանակության անտառներում անտառօգտագործման և պահպանության առանձնահատկությունները:
2. Պաշտպանական նշանակության անտառները միջավայրը կայունացնող և կարգավորող կարևոր գործոն են, և ունեն դաշտապաշտպան, այգեպաշտպան, ճանապարհապաշտպան, կլիմայակարգավորիչ, ջրակարգավորիչ, հակաէրոզիոն, կենսաբազմազանության պահպանության ու հանգստի (ռեկրեացիոն) գործառույթներ և առաջնահերթ օգտագործվում է բնակչության մշակութային, առողջարարական, սպորտի, հանգստի և զբոսաշրջության նպատակով:
3. Պաշտպանական նշանակության անտառներում չի թույլատրվում իրականացնել երկրորդական անտառանյութի մթերում և անտառավերականգնման հատումներ, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անտառային օրենսգրքի 35-րդ հոդվածով սահմանված մնացած անտառօգտագործման տեսակները թույլատրվում է, եթե դա չի հակասում տվյալ անտառահատվածի պաշտպանական նշանակությանը:
4. Պաշտպանական նշանակության անտառներում բնափայտի մթերումը իրականացվում է միայն խնամքի ու սանիտարական հատումների ժամանակ` հիմք ընդունելով անտառաշինական նախագծերի (անտառակառավարման պլանների) պահանջները, հատման գծով բնափայտի տարեկան նորման (հաշվարկային հատատեղը):
5. Պաշտպանական նշանակության անտառներում կարող են իրականացվել նաև այլ հատումներ: Անտառաշինական նախագծերի բացակայության կամ ժամկետանց ճանաչվելու դեպքում բնափայտը մթերվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անտառային օրենսգրքի 36-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթներին համապատասխան:
6. Պաշտպանական նշանակության անտառներում միջանկյալ (խնամքի) և սանիտարական հատումների ժամանակ բնափայտի մթերման և անտառից դուրսբերման ժամանակ անտառօգտագործողը պարտավոր է պահպանել անտառային ոլորտը կարգավորող իրավական ակտերի և անտառօգտագործման պայմանագրի պահանջները:
7. Պաշտպանական նշանակության անտառներում կարող է իրականացվել ոչ բնափայտային անտառանյութի մթերում` անտառօգտագործման պայմանագրի և անտառային տոմսի հիման վրա, իսկ անտառային հողատարածքների օգտագործումը գյուղատնտեսական նպատակով` վարձակալության պայմանագրի հիման վրա, միևնույն ժամանակ հաշվի առնելով օգտագործվող անտառատարածքի պաշտպանական նշանակության ապահովվումը:
8. Ոչ բնափայտային անտառօգտագործման պայմանագրի հավելվածներում նշվում են`
1) անտառօգտագործման հիմնական պարամետրերը և նորմերը.
2) անտառային ռեսուրսների ոչ բնափայտային անտառանյութի ֆոնդը.
3) ոչ բնափայտային անտառանյութի անտառային պաշարների մթերման թույլատրելի ծավալը և քանակը.
4) օգտագործման տրամադրվող անտառային տեղամասի տարածքային տեղադիրքի նկարագիրը, քարտեզագրական կամ սխեմատիկ պատկերը.
5) անտառների պահպանությանը, պաշտպանությանը և վերականգնմանը վերաբերվող դրույթները:
9. Պաշտպանական նշանակության անտառների ջրային օբյեկտների ջրապահպան գոտիներում արգելվում են`
1) ջրային ռեժիմի խախտում առաջացնող ցանկացած գործողություն.
2) թունաքիմիկատների օգտագործումն անտառների պաշտպանության նպատակով, ինչպես նաև հանքային պարարտանյութերի օգտագործումը.
3) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված թույլատրելի նորմերը գերազանցող արտանետումներ և կեղտաջրեր առաջացնող տեխնոլոգիաների օգտագործումը:
10. Պաշտպանական նշանակության անտառներում կենդանիների վերարտադրության կազմակերպումն ու օգտագործումն իրականացվում է անտառօգտագործման պայմանագրի հիման վրա` «Կենդանական աշխարհի մասին» և «Որսի ու որսորդական տնտեսության վարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքների համաձայն:
11. Կենդանական աշխարհի վերարտադրության կազմակերպման և օգտագործման նպատակով անտառօգտագործման պայմանագրի հավելվածներում նշվում են`
1) որսահանդակների նկարագիրը (անտառային քարտեզ-սխեման).
2) տեղեկություններ որսի օբյեկտ հանդիսացող կենդանական աշխարհի տեսակների և դրանց պահպանության համար անհրաժեշտ միջոցառումների մասին.
3) օգտագործման տրամադրվող անտառային տեղամասի տեղադիրքի նկարագիրը, քարտեզագրական կամ սխեմատիկ պատկերը.
4) անտառների պահպանությանը, պաշտպանությանը և վերականգնմանը վերաբերվող դրույթները:
12. Պաշտպանական նշանակության անտառներում գիտահետազոտական և ուսուցման նպատակով անտառօգտագործումն իրականացվում է անտառօգտագործման պայմանագրի և անտառային տոմսի հիման վրա:
13. Գիտահետազոտական և ուսուցման նպատակով անտառօգտագործման պայմանագրի հավելվածներում նշվում են`
1) գիտահետազոտական և ուսուցման ոլորտի գործունեության ծրագիրը.
2) օգտագործման տրվող անտառային տեղամասում նախատեսվող աշխատանքների ծավալի և տեսակների հիմնավորումն ու նկարագիրը.
3) օգտագործման տրամադրվող անտառային տեղամասի տեղադիրքի նկարագիրը, քարտեզագրական կամ սխեմատիկ պատկերը.
4) անտառների պահպանությանը, պաշտպանությանը և վերականգնմանը վերաբերվող դրույթները:
14. Պաշտպանական նշանակության անտառներում մշակութային, առողջարարական, սպորտի, հանգստի և զբոսաշրջության նպատակով անտառօգտագործումն իրականացվում է անտառօգտագործման պայմանագրի և անտառային տոմսի հիման վրա:
15. Մշակութային, առողջարարական, սպորտի, հանգստի և զբոսաշրջության նպատակով անտառօգտագործման պայմանագրի հավելվածներում նշվում են`
1) օգտագործման տրվող անտառային տեղամասում նախատեսվող աշխատանքների ծավալի և տեսակների հիմնավորումն ու նկարագիրը.
2) օգտագործման տրամադրվող անտառային տեղամասի տեղադիրքի նկարագիրը, քարտեզագրական կամ սխեմատիկ պատկերը.
3) անտառների պահպանությանը, պաշտպանությանը և վերականգնմանը վերաբերվող դրույթները:
16. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անտառային օրենսգրքի 11-րդ հոդվածով նախատեսված այլ պաշտպանական նշանակության, անտառների պահպանության և անտառօգտագործման հետ կապված` սույն կարգով չնախատեսված հարաբերությունները կարգավորվում են անտառային ոլորտը կարգավորող իրավական ակտերով սահմանված ընդհանուր հիմունքներով:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ |
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |