Համարը 
N 193-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2014.04.15/06(251)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
01.04.2014
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
01.04.2014
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
25.04.2014
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԲՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԴՐԱՄԱԳԼԽԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՉԱՓԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ, ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 331 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«1» ապրիլի 2014թ.

N 193-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԲՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԴՐԱՄԱԳԼԽԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՉԱՓԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ, ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 331 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Ընդերքի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսգրքի 68-րդ, 80-րդ և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածները` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել՝

1) բնության և շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի օգտագործման և հատկացումների չափերի հաշվարկման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.

 2) մասնագիտական հանձնաժողովի կազմը` համաձայն N 2 հավելվածի:

 2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝

 1) եռամսյա ժամկետում հաստատել ռեկուլտիվացիոն աշխատանքների նախահաշվային արժեքների հաշվարկման և ինդեքսավորման կարգը.

 2) երկամսյա ժամկետում հաստատել սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված մասնագիտական հանձնաժողովի աշխատակարգը և անհատական կազմը՝ սահմանելով, որ մասնագիտական հանձնաժողովի գործունեության նպատակը ընդերքօգտագործողներին դրամագլխից հատկացումներ կատարելու համար լիազոր մարմնի ղեկավարի կողմից որոշում ընդունելու համար ընդերքօգտագործողների կողմից կատարված ռեկուլտիվացիոն աշխատանքների վերաբերյալ մասնագիտական եզրակացություն տրամադրելն է:

3. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 28-ի «Շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի օգտագործման և հատկացումների չափերի որոշման կարգը հաստատելու մասին» N 331 որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

    ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

    ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

  Հավելված N 1 

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

2014 թվականի ապրիլի 1-ի N 193-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

ԲՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԴՐԱՄԱԳԼԽԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՉԱՓԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Ընդերքի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ` օրենսգիրք) 68-րդ հոդվածով սահմանված՝ բնության և շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի (այսուհետ` դրամագլուխ) օգտագործման և հատկացումների չափերի հաշվարկման հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգում օգտագործվող հասկացություններն են`

1) ռեկուլտիվացիոն աշխատանքներ` օգտակար հանածոների արդյունահանման նախագծով (այսուհետ՝ նախագիծ) կամ օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության ծրագրով (այսուհետ՝ ծրագիր) բնության և շրջակա միջավայրի պահպանության նպատակով նախատեսված ընդերքօգտագործման արդյունքում խախտված հողերի վերականգնմանն ուղղված (անվտանգ կամ օգտագործման համար պիտանի վիճակի բերելու) միջոցառումներ.

2) հաշվարկման բազային չափ` նախագծով և (կամ) ծրագրով և (կամ) ընդերքօգտագործման պայմանագրով (այսուհետ՝ պայմանագիր) նախատեսված ռեկուլտիվացիոն աշխատանքների նախահաշվային արժեք.

3) սույն կարգում օգտագործվող մյուս հասկացությունները կիրառվում են այն իմաստով, որոնք սահմանված են օրենսգրքով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 28-ի «Հողերի ռեկուլտիվացմանը ներկայացվող պահանջների և ռեկուլտիվացման ենթակա` խախտված հողերի դասակարգման տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 566 որոշմամբ:

 

II. ԴՐԱՄԱԳԼԽԻՆ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐՈՂՆԵՐԸ

 

3. Սույն կարգի համաձայն դրամագլխին հատկացումներ կատարողներ են օրենսգրքով սահմանված ընդերքօգտագործողները:

 

III. ԴՐԱՄԱԳԼԽԻՆ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

4. Դրամագլխին հատկացման ենթակա գումարներն ընդերքօգտագործողի կողմից հատկացվում են նախնական հատկացման և ընթացիկ հատկացումների ձևով:

5. Դրամագլխին նախնական հատկացումն ընդերքօգտագործողի կողմից կատարվում է համապատասխան պայմանագրի ստորագրման օրվանից հետո մեկ ամսվա ընթացքում:

6. Ընթացիկ հատկացումները կատարվում են համապատասխան ընդերքօգտագործման պայմանագրով ռեկուլտիվացիոն աշխատանքների կատարման համար սահմանված ժամանակահատվածի ընթացքում` այդ պայմանագրով սահմանված ժամանակացույցով նախատեսված ժամկետներում:

7. Պայմանագրով ընթացիկ հատկացումների կատարման ժամանակացույց սահմանված չլինելու դեպքում հատկացումները կատարվում են ընդերքօգտագործման իրավունքով սահմանված ժամանակահատվածի յուրաքանչյուր տարվա համար` մինչև հաշվետու տարվա դեկտեմբերի 30-ը՝ հատկացումների չափը հաշվարկելով սույն կարգի 13-րդ կետում նշված կարգով (բանաձևով)` Ժ-ն հաշվարկելով կամ ընդունելով որպես ընդերքօգտագործման իրավունքով սահմանված ժամկետ՝ տարիներով։

8. Ընթացիկ հատկացումները կատարվում են ռեկուլտիվացիոն աշխատանքների կատարման համար սահմանված ժամանակահատվածի յուրաքանչյուր տարվա համար:

9. Վերջին տարվա համար ընթացիկ հատկացումներ չեն կատարվում:

10. Ընդերքօգտագործողի կողմից իր պարտավորությունների կատարումից հետո մեկ ամսվա ընթացքում լիազոր մարմնի և ընդերքօգտագործողի կողմից կազմվում է դրամագլխին ընդերքօգտագործողի կողմից կատարված հատկացումների և դրամագլխից ընդերքօգտագործողին տրամադրված գումարների փոխադարձ հաշիվների մասին ակտ (այսուհետ` վերջնահաշվարկ), որի հիման վրա դրամագլխին հատկացված գումարի մնացորդը` վերջնահաշվարկը, կողմերի կողմից ստորագրվելուց հետո 20 բանկային օրվա ընթացքում վերադարձվում է ընդերքօգտագործողին։

 

IV. ԴՐԱՄԱԳԼԽԻՆ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ ԵՎ ՉԱՓԵՐԸ ՈՐՈՇԵԼԸ

 

11. Դրամագլխին հատկացումները կատարվում են Հայաստանի Հանրապետության դրամով:

12. Նախնական հատկացման չափը սահմանվում է համապատասխան ընդերքօգտագործման պայմանագրով, և այն չպետք է պակաս լինի դրամագլխին կատարվող հատկացումների հաշվարկման բազային չափի 15 տոկոսից:

13. Հատկացման ժամանակահատվածի յուրաքանչյուր տարվա կտրվածքով դրամագլխին հատկացման ենթակա ընթացիկ հատկացումների գումարը չպետք է պակաս լինի հատկացումների նվազագույն չափից, որը հաշվարկվում է հետևյալ կերպ`

 

ԴՎ = (ՀԲ-ՆՎ)/Ժ,

որտեղ`

1)  ԴՎ-ն դրամագլխին կատարվող տարեկան հատկացումների նվազագույն չափն է` դրամներով.

2)  ՀԲ-ն դրամագլխին կատարվող հատկացումների հաշվարկման բազային չափն է` դրամներով.

3)  ՆՎ-ն դրամագլխին կատարվող նախնական հատկացման չափն է` դրամներով.

4)  Ժ-ն ռեկուլտիվացիոն աշխատանքների կատարման ժամկետն է` տարիներով:

14. Եթե հաշվետու տարվա արդյունքներով ընդերքօգտագործողի կողմից կատարված և համապատասխան կատարողական ակտերով հավաստված ռեկուլտիվացիոն աշխատանքների ծավալը գումարային առումով գերազանցում է տվյալ ընդերքօգտագործողի ենթահաշվում առկա մնացորդի գումարը, ապա այդ գերազանցող տարբերության չափով պակասեցվում է հաշվետու տարվան հաջորդող տարվա ընթացիկ հատկացման չափը:

 

V. ԴՐԱՄԱԳԼԽԻՑ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՈՂԻՆ ՌԵԿՈՒԼՏԻՎԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ ԵՎ ՉԱՓԵՐԸ ՈՐՈՇԵԼԸ

 

15. Սույն կարգի համաձայն ընդերքօգտագործողի դրամագլխից հատկացումներ են կատարվում լիազոր մարմնի ղեկավարի որոշմամբ, որի ընդունման համար հիմք է ծառայում լիազոր մարմնին կից ստեղծված մասնագիտական հանձնաժողովի եզրակացությունը:

16. Ընդերքօգտագործողին դրամագլխից հատկացումներ են կատարվում տարեկան կտրվածքով:

17. Դրամագլխից հաշվետու տարվա համար հատկացումներ ստանալու նպատակով ընդերքօգտագործողը լիազոր մարմին է ներկայացնում հաշվետու տարվա ընթացքում ռեկուլտիվացիոն աշխատանքների գծով կատարված ծավալները՝ համաձայն կազմված կատարողական ակտերի:

18. Լիազոր մարմինը սույն կարգի 17-րդ կետում նշված կատարողական ակտերն ստանալու օրվանից հետո 15-օրյա ժամկետում՝

1) իրականացնում է ուսումնասիրություն՝ ռեկուլտիվացիոն աշխատանքների կատարման հավաստիությունն ու որակը կատարողական ակտերին համապատասխանությունը որոշելու նպատակով, ուսումնասիրման արդյունքները ներկայացնում է մասնագիտական հանձնաժողովին՝ կարծիքի.

2) մասնագիտական հանձնաժողովի կողմից ընդերքօգտագործողների կատարած ռեկուլտիվացիոն աշխատանքների վերաբերյալ մասնագիտական եզրակացությունն ստանալուց հետո, դրա հիման վրա, ընդունում է որոշում ընդերքօգտագործողին դրամագլխից գումար հատկացնելու կամ չհատկացնելու մասին: Ընդունված որոշման մեկ օրինակը լիազոր մարմնի կողմից 5-օրյա ժամկետում տրամադրվում է ընդերքօգտագործողին:

19. Ընդերքօգտագործողին դրամագլխից գումար հատկացնելու մասին որոշման ընդունման դեպքում այդ որոշման մեջ նշվում է հատկացման գումարը, որը մասնագիտական հանձնաժողովի՝ ռեկուլտիվացիոն աշխատանքների վերաբերյալ դրական եզրակացության առկայության դեպքում պետք է հավասար լինի հաշվետու ժամանակահատվածում կատարված և համապատասխան կատարողական ակտերով ընդունված աշխատանքների նախահաշվային արժեքներին:

20. Հաշվետու ժամանակահատվածի ընթացքում կատարված ռեկուլտիվացիոն աշխատանքները ոչ լրիվ ծավալով ընդունվելու դեպքում` դրամագլխից ընդերքօգտագործողին գումարները հատկացվում են ընդունված կատարողական ակտերին համապատասխանող չափերով:

21. Լիազոր մարմնի համար հաշվետու տարվա արդյունքներով դրամագլխից ընդերքօգտագործողին գումար չհատկացնելու մասին որոշում ընդունելու հիմք է մասնագիտական հանձնաժողովի բացասական եզրակացությունը, մասնավորապես`

1)  ռեկուլտիվացիոն աշխատանքների կատարման ցածր որակը.

2)  դրանց անհամապատասխանությունը նախագծին և (կամ) ծրագրին և (կամ) պայմանագրին:

22. Ընդերքօգտագործողին դրամագլխից գումար հատկացնելու մասին որոշման ընդունման դեպքում լիազոր մարմինը 10 բանկային օրվա ընթացքում, նշված որոշման համաձայն, դրամագլխից ընդերքօգտագործողին հատկացման ենթակա գումարը փոխանցում է նրա բանկային հաշվին:

23. Լիազոր մարմնի և ընդերքօգտագործողի փոխադարձ համաձայնությամբ` փոխադարձ հաշվարկների ակտի ստորագրման միջոցով դրամագլխից ընդերքօգտագործողին հաշվետու տարվա արդյունքներով հատկացման կամ վերադարձման ենթակա գումարը կարող է հաշվանցվել որպես հաշվետու տարվան հաջորդող տարվա (տարիների) համար դրամագլխին հատկացման ենթակա ընթացիկ հատկացման գումար:

 

VI. ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՍԵՓԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ՌԵԿՈՒԼՏԻՎԱՑԻՈՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

24. Լիազոր մարմինը, հիմք ընդունելով օրենսգրքի 68-րդ հոդվածը և ընդերքօգտագործողին դրամագլխից գումար չհատկացնելու մասին որոշումը, սեփական նախաձեռնությամբ դրամագլխի միջոցների հաշվին ձեռնարկում է ընդերքօգտագործողի կողմից չկատարված ռեկուլտիվացիոն աշխատանքների համար անհրաժեշտ միջոցառումները` դրա մասին նախապես` առնվազն մեկ ամիս առաջ ծանուցելով ընդերքօգտագործողին:

25. Համաձայն օրենսգրքի 68-րդ հոդվածի` լիազոր մարմինն իր նախաձեռնությամբ ռեկուլտիվացիոն աշխատանքների կատարումն սկսելու կամ շարունակելու մասին որոշում ընդունելուց հետո`

1) եռամսյա ժամկետում, մասնագիտական հանձնաժողովի եզրակացության հիման վրա, ճշտում է ընդերքօգտագործողի կողմից չկատարված ռեկուլտիվացիոն աշխատանքների ծավալները.

2) եռամսյա ժամկետում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատում (վերահաստատում) է ռեկուլտիվացիոն աշխատանքների կատարման նոր տեխնիկական բնութագրերը.

3) 5-ամսյա ժամկետում` «Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված ընթացակարգերով կազմակերպում է ռեկուլտիվացիոն աշխատանքների գնման գործընթացը:

26. Լիազոր մարմնի նախաձեռնությամբ ռեկուլտիվացիոն աշխատանքների իրականացման դեպքում այդ աշխատանքները ֆինանսավորվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 22-ի N 133-Ն որոշմամբ հաստատված՝ գնումների գործընթացի կազմակերպման կարգին համապատասխան:

27. Ռեկուլտիվացիոն աշխատանքների ավարտից հետո լիազոր մարմինը մեկամսյա ժամկետում ճշտում է դրանց իրականացման համար դրամագլխից կատարված հատկացումների ծավալները և սահմանված կարգով համապատասխան հայցադիմում ներկայացնում` ընդերքօգտագործողից դատական կարգով` լիազոր մարմնի նախաձեռնությամբ իրականացված ռեկուլտիվացիոն աշխատանքների վրա կատարված ծախսերին համապատասխանող գումարների չհատուցված մասի վերականգնման համար:

28. Ռեկուլտիվացիոն աշխատանքների մեծ ծավալների, ինչպես նաև տվյալ ընդերքօգտագործողի ենթահաշվում անհրաժեշտ ֆինանսական միջոցների բացակայության կամ սակավության դեպքերում լիազոր մարմինը դատական կարգով հայցադիմում է ներկայացնում, ըստ անհրաժեշտության, ռեկուլտիվացիոն աշխատանքների հերթական փուլի ավարտից հետո` ելնելով փաստացի կատարված աշխատանքների ծավալից:

 

VII. ԴՐԱՄԱԳԼԽԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

29. Դրամագլխի գումարները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական գանձապետարանի լիազոր մարմնի արտաբյուջետային հաշվում պահվում են ըստ ընդերքօգտագործողների` նրանցից յուրաքանչյուրի համար սահմանված կարգով բացված ենթահաշիվներում:

30. Դրամագլխից կատարվող հատկացումների գլխավոր կարգադրիչ է համարվում լիազոր մարմնի ղեկավարը:

31. Դրամագլխի գումարների հաշվառումը, սպասարկումը և վերահսկողությունն իրականացվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 3-ի N 31 որոշմամբ հաստատված կարգին համապատասխան:

 

VIII. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

32. Սույն կարգի կիրառման հետ կապված վեճերը լուծվում են դատական կարգով:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

  Հավելված N 2 

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

2014 թվականի ապրիլի 1-ի N 193-Ն որոշման

 

ԿԱԶՄ

 

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության պետ (հանձնաժողովի նախագահ)

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացուցիչ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ներկայացուցիչ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի ներկայացուցիչ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարության աշխատակազմի ներկայացուցիչ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ներկայացուցիչ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության աշխատակազմի հինգ ներկայացուցիչ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի ներկայացուցիչ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր փրկարար ծառայության ներկայացուցիչ

 

Համապատասխան շրջանի վարչակազմի աշխատակազմի ներկայացուցիչ:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ