ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
"16" նոյեմբերի 2004թ. |
N 420 |
ք.Ստեփանակերտ
ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ջրային օրենսգրքի 19-րդ հոդվածին և 121-րդ հոդվածի 5-րդ մասի 18-րդ կետին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հաստատել ջրային ռեսուրսների մոնիտորինգի իրականացման և հաշվետվությունների գրանցման կարգը՝ համաձայն հավելվածի:
|
Հավելված
ԼՂՀ կառավարության
2004թ. նոյեմբերի "16"-ի
թիվ 420 որոշման |
Կ Ա Ր Գ
ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ
1. Սույն կարգով կանոնակարգվում են ջրային ռեսուրսների մոնիտորինգի իրականացման, օպերատիվ տվյալների հավաքագրման, մշակման և ամփոփման, հաշվետվությունների գրանցման, ինչպես նաև պետական լիազորված մարմինների կողմից նշված գործառույթների իրականացման հետ կապված իրավահարաբերությունները:
2. Ջրային ռեսուրսների մոնիտորինգը ներառում է՝
ա/ մոնիտորինգի իրականացման առաջադրանք,
բ/ կանխատեսումներ,
գ/ իրականացում,
դ/ օպերատիվ տվյալների մշակում և ամփոփում,
ե/ հաշվետվությունների կազմում և հրատարակում,
զ/ ջրերի պետական կադաստրում համապարփակ տվյալների գրանցում:
3. Ջրային ռեսուրսների մոնիտորինգի իրականացման առաջադրանքը ձևավորում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչությունը՝ ելնելով ջրի ազգային ծրագրի իրականացման պահանջներից:
Մոնիտորինգի իրականացման առաջադրանքը բովանդակում է`
ա/ քանակական ցուցանիշներ`
ջրային ռեսուրսների հիդրոլոգիական, հիդրոերկրաբանական դիտարկումները և պաշարների գնահատումը,
հիդրոլոգիական դիտակետերի, հիդրոերկրաբանական դիտահորերի ցանկը և տեղաբաշխման սխեման,
դիտակետերում և հիդրոերկրաբանական դիտահորերում ջրային ռեսուրսների չափման մեթոդները և չափման հաճախականությունը,
քանակական մոնիտորինգի մասին հաշվետվությանը ներկայացվող պահանջները.
բ/ որակական ցուցանիշներ`
ջրային ռեսուրսների հիդրոֆիզիկական, հիդրոքիմիական դիտարկումները, ջրային էկոհամակարգերի վրա վնասակար ազդեցությունների գնահատումը,
նմուշառման կետերի ցանկը /տեղաբաշխման սխեման/,
ըստ դիտակետերի և հիդրոերկրաբանական դիտահորերի պարտադիր ու յուրահատուկ ուսումնասիրման ենթակա վնասակար նյութերի ցանկը, աղտոտվածության աստիճանը, ինչպես նաև այդ ուսումնասիրությունների հաճախականությունը և իրականացման մեթոդները,
որակական մոնիտորինգի մասին հաշվետվությանը ներկայացվող պահանջները.
գ/ կանխատեսումներ`
ջրային ռեսուրսների վիճակի կայունության,
ջրային համակարգերի անվտանգության,
մթնոլորտի ջերմաստիճանային ռեժիմի,
ջրային բնագավառում աղետալի իրավիճակների առաջացման հնարավորության և ռիսկի տարածքների:
Մոնիտորինգի իրականացման առաջադրանքը ներառում է նաև այլ պահանջներ`
պայմանավորված ջրային ռեսուրսների վերականգնման, կառավարման, ջրաէկոհամակարգերի պահպանման խնդիրներով, ինչպես նաև ստորերկրյա ջրերի տարածաշրջանային /տարածաշրջանային ցանցի միջոցով/ և լոկալ /հանքավայրերի շահագործման պաշարների մոնիտորինգի կապտաժային դիտակետերի միջոցով/ մոնիտորինգի առանձնահատկություններով:
4. Մակերևութային ջրային ռեսուրսների մոնիտորինգն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչությունը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:
Մակերևութային ջրային ռեսուրսների մոնիտորինգի իրականացման գործառույթներն են`
ա/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ջրային օրենսգրքի 19-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջի կատարումը,
բ/ սույն կարգի 3-րդ կետով սահմանված մակերևութային ջրերի մասով՝ ջրային ռեսուրսների մոնիտորինգի իրականացման առաջադրանքի կատարումը,
գ/ մակերևութային ջրերի քանակական և որակական մոնիտորինգի կարճաժամկետ ու երկարաժամկետ կանխատեսումների համար տվյալների հավաքագրումը և կանխատեսումների կազմումը,
դ/ վարարումներից, սելավներից և սողանքներից պաշտպանվելու համար կանխատեսումների կազմումը,
ե/ հիդրոլոգիական դիտակետերում չափումների իրականացումը, օպերատիվ տվյալների հավաքագրումը, մշակումն ու ամփոփումը,
զ/ ամփոփ տվյալների հիման վրա հաշվետվությունների կազմումը և դրանք ջրային պետական կադաստր ներկայացնելը։
5. Ստորերկրյա ջրային ռեսուրսների մոնիտորինգն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչությունը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:
Ստորերկրյա ջրային ռեսուրսների մոնիտորինգի իրականացման գործառույթներն են`
ա/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ջրային օրենսգրքի 19-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջի կատարումը,
բ/ սույն կարգի 3-րդ կետով սահմանված ստորերկրյա ջրային ռեսուրսների մասով՝ մոնիտորինգի իրականացման առաջադրանքի կատարումը,
գ/ ստորերկրյա ջրերի բնական ու խախտված ռեժիմների և դրանց ձևավորման օրինաչափությունների ուսումնասիրությունները,
դ/ ստորերկրյա ջրերի ռեժիմի կարճաժամկետ ու երկարաժամկետ կանխատեսումների համար տվյալների հավաքագրումը և կանխատեսումների կազմումը,
ե/ ստորերկրյա ջրերի աղտոտման և սպառման աստիճանի գնահատման մասին հենակետային տվյալների ստացումը,
զ/ ստորերկրյա ջրերի որակի փոփոխման կանխատեսումների կազմումը,
է/ հիդրոերկրաբանական դիտահորերում հիդրոերկրաբանական, հիդրոքիմիական և հիդրոֆիզիկական չափումների իրականացման, ստորերկրյա ջրերի պաշարների գնահատման մասին օպերատիվ տվյալների հավաքագրումը, մշակումն ու ամփոփումը,
ը/ ամփոփ տվյալների հիման վրա հիդրոերկրաբանական հաշվետվությունների ու քարտեզների կազմումը և դրանք ջրային պետական կադաստր ներկայացնելը:
6. Ջրային ռեսուրսների մոնիտորինգի իրականացման մասին հաշվետվությունները գրանցվում են ջրային պետական կադաստրում` փաստաթղթերի գրանցման և տեղեկատվության տրամադրման կարգի պահանջներին համապատասխան:
7. Ջրային պետական կադաստրում գրանցված մոնիտորինգային տվյալները հայտատուներին տրամադրվում են ջրային պետական կադաստրում փաստաթղթերի գրանցման, տեղեկատվության տրամադրման կարգի համաձայն:
8. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող ջրային ռեսուրսների մոնիտորինգի շրջանակներից դուրս մնացած ջրային ռեսուրսներից ջրօգտագործման հայտի դեպքում տվյալ ջրային ռեսուրսի կամ դրա հատվածի դիտարկումներն իրականացվում են սույն կարգի 3-րդ կետի պահանջներին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության կամ համապատասխան լիցենզիա ունեցող կազմակերպության կողմից՝ հայտատուի դիմումի համաձայն` նրա միջոցների հաշվին:
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. Գրիգորյան |