ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
"16" նոյեմբերի 2004թ. |
N 410 |
ք.Ստեփանակերտ
ԱՆՁԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԳՐՈՒՆՏԱՅԻՆ ՋՐԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ջրային օրենսգրքի 121-րդ հոդվածի 5-րդ մասի 48-րդ կետի պահանջներին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հաստատել անձի սեփականություն հանդիսացող հողամասում գրունտային ջրերի օգտագործման կարգը՝ համաձայն հավելվածի:
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |
|
Հավելված
ԼՂՀ կառավարության
2004թ. նոյեմբերի 16-ի
թիվ 410 որոշման |
Կ Ա Ր Գ
ԱՆՁԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԳՐՈՒՆՏԱՅԻՆ ՋՐԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
1. Սույն կարգով կանոնակարգվում է անձի սեփականություն հանդիսացող հողամասում գրունտային ջրերի (երկրագնդի վերին կեղևաշերտի ազատ ջրափոխանակության գոտում տեղակայված և ջրագրական ցանցով ցամաքուրդվող ջրային ռեսուրսներ) օգտագործման գործընթացը:
2. Անձի սեփականություն հանդիսացող հողամասում ձևավորվող գրունտային ջրերը տվյալ անձի կողմից օգտագործվում են՝ դրա մասին տեղեկացնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչությանը` նշելով ջրօգտագործողի անունը, ազգանունը, ջրօգտագործման նպատակը, ծավալը և ջրառի վայրը:
3. Անձի սեփականություն հանդիսացող հողամասում առկա գրունտային ջրերը տվյալ անձի կողմից խմելու և ռեկրեացիոն նպատակներով կարող են օգտագործվել միայն ջրօգտագործման թույլտվության օրինակելի ձևաթղթին և ձևերին համապատասխան տրամադրված ջրօգտագործման թույլտվությամբ:
4. Անձի սեփականություն հանդիսացող հողամասում առկա գրունտային ջրերն օգտագործման նպատակով այլ անձի տրամադրվում են միայն ջրօգտագործման թույլտվության օրինակելի ձևաթղթին և ձևերին համապատասխան տրամադրված ջրօգտագործման թույլտվությամբ:
5. Ջրօգտագործողը սույն կարգը խախտելու դեպքում ջրային ռեսուրսների տարածքային կառավարման մարմնի կողմից գրավոր զգուշացվում է: Զգուշացվելուց հետո սույն կարգը կրկին խախտելու դեպքում ջրօգտագործողը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ենթարկվում է պատասխանատվության:
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. Գրիգորյան |