ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
“28” հունիսի 2005թ. |
N 302 |
ք.Ստեփանակերտ
Հողերի գոտիավորման և օգտագործման սխեմաների մշակման ու հաստատման կարգը հաստատելու մասին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքի 29-րդ հոդվածին և «Քաղաքաշինության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 10-րդ, 141-րդ ու 17-րդ հոդվածներին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել հողերի գոտիավորման և օգտագործման սխեմաների մշակման ու հաստատման կարգը` համաձայն հավելվածի:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը` մեկամսյա ժամկետում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության այն համայնքների ցանկը, որոնցում ընդգրկված բնակավայրերն ունեն կիրառման համար պիտանի գլխավոր հատակագծեր:
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 20-ի «Հողերի օգտագործման սխեմաներ կազմելու կարգը հաստատելու մասին» թիվ 216 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա/ որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներ կազմելու կարգը հաստատելու մասին».
բ/ ուժը կորցրած ճանաչել որոշման 1-ին կետի «ա» ենթակետը.
գ/ որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Սահմանել, որ մինչև հողերի գոտիավորման և օգտագործման սխեմաներ կազմելը` հողերի օտարման ու օգտագործման տրամադրման համար կազմվում են հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներ:».
դ/ որոշման 6-րդ կետի «իրականացնել» բառից հետո ավելացնել «Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածով» արտահայտությունը.
ե/ որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9. Հաստատված հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների փոփոխությունները կատարվում են սույն կարգին համապատասխան:»:
ԼՂՀ վարչապետ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |
|
Հավելված
ԼՂՀ կառավարության
«28» հունիսի 2005թ.
թիվ 302 որոշման |
ԿԱՐԳ
Հողերի գոտիավորման և օգտագործման սխեմաների մշակման ու հաստատման
1. Սույն կարգով սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համայնքներում հողերի գոտիավորման և օգտագործման սխեմաների /այսուհետ` սխեմա/ նախագծման առաջադրանքի /այսուհետ` առաջադրանք/ կազմման, սխեմաների մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման ընթացակարգերին, ինչպես նաև դրանց կազմին և բովանդակությանը ներկայացվող հիմնական պահանջները:
2. Սխեման քաղաքային կամ գյուղական համայնքի /այսուհետ` համայնք/ սահմաններում ընդգրկված բոլոր հողատարածքների հողօգտագործումը կանոնակարգող, պետական ու համայնքի հողերի տարածքային զարգացման և արդյունավետ օգտագործման հիմնական ուղղություններն ամրագրող քաղաքաշինական ու հողաշինարարական միացյալ /կոնսոլիդացված/ գոտիավորման փաստաթուղթ է, որը ներառում է հողերի բաշխումն ըստ նպատակային նշանակության` հիմնական /բազային/ տեսակների սահմանմամբ և քաղաքաշինական, բնապահպանական, պատմամշակութային, գյուղատնտեսական, ջրային, ինժեներաերկրաբանական և այլ բնույթի սահմանափակումների ամրագրմամբ:
3. Սխեմայում հաշվի են առնվում հաստատված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերով, այդ թվում` համայնքների /բնակավայրերի/ գլխավոր հատակագծերով սահմանված դրույթները, ինչպես նաև, հատուկ պահպանվող տարածքների, հատուկ նշանակության հողերի, անտառային և ջրային հողերի օգտագործման ռեժիմները, այլ նպատակային նշանակության հողերի օգտագործման սահմանափակումները:
4. Գոտիավորմամբ սահմանված պահանջները տարածվում են անշարժ գույքի բոլոր օբյեկտների վրա` անկախ սեփականության ձևից, և սեփականատերերի կամ օգտագործողների փոփոխման դեպքում պահպանում են իրենց ուժը:
5. Սխեման հիմք է հանդիսանում բնակավայրերի, դրանց առանձին հատվածների և կառուցապատման համար նախատեսված կամ կառուցապատված այլ տարածքների գոտիավորման նախագծերի, իսկ գյուղատնտեսական նշանակության հողերի համար` հողաբաժանման գծագրերի մշակման համար:
6. Գյուղական համայնքների և մինչև 15 հազար բնակիչ ունեցող քաղաքային համայնքների համար բնակավայրերի գոտիավորման նախագծերը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 24-ի «Բնակավայրերի տարածքների գոտևորման նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը հաստատելու մասին» թիվ 195 որոշմամբ սահմանված կարգով մշակվում են սխեմաների հետ համատեղ:
7. Համայնքների վարչական սահմաններում ընդգրկված տարածքների համար սխեմաները, բացառությամբ սույն կարգի 9-րդ կետով սահմանված դեպքերի, մշակվում են համայնքի գլխավոր հատակագծի նախագծային նյութերի կազմում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով` գլխավոր հատակագծերի առաջադրանքներում սույն կարգով սահմանված պահանջների ամրագրմամբ:
8. Ստեփանակերտ քաղաքի համար սխեման մշակվում է Ստեփանակերտի գլխավոր հատակագծի նախագծային նյութերի կազմում:
9. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության այն համայնքներում, որոնցում ընդգրկված բնակավայրերն ունեն կիրառման համար պիտանի գլխավոր հատակագծեր, սխեման, որպես գոտիավորման ինքնուրույն փաստաթուղթ, մշակվում է համայնքի ղեկավարի կողմից կազմված առաջադրանքի հիման վրա ու նրա պատվերով` համայնքի բյուջեի, ինչպես նաև օրենքով չարգելված այլ ֆինանսական միջոցների հաշվին` սույն կարգի 11-36-րդ կետերով սահմանված կարգով:
10. Մինչև սույն կարգն ուժի մեջ մտնելը` այն համայնքներում, որոնց բնակավայրերի գլխավոր հատակագծերը գտնվում են մշակման փուլում, սխեմաները մշակվում են սույն կարգի 9-րդ կետով սահմանված կարգով:
11. Սույն կարգի 9-րդ կետով սահմանված դեպքերում սխեմայի մշակման առաջադրանքում ամրագրվում են նաև բնակավայրի սահմաններից դուրս տեղաբաշխված տարածքների զարգացման հիմնական խնդիրներին ներկայացվող պահանջները: Անհրաժեշտության դեպքում առաջադրանքով կարող են ներառվել բնակավայրի գլխավոր հատակագծի որոշ դրույթների արդիականացման պայմանները: Սխեման և բնակավայրի գլխավոր հատակագիծը սույն կարգի համաձայն հաստատվելուց հետո, որպես բաղկացուցիչ մասեր, կազմում են համայնքի գլխավոր հատակագիծը:
12. Համայնքի ղեկավարի կողմից մշակված առաջադրանքի նախագիծը համայնքի ավագանու հավանությանն արժանանալուց հետո հնգօրյա ժամկետում ներկայացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համապատասխան շրջանի վարչակազմի ղեկավարին` համաձայնեցման:
13. Սխեմաների առաջադրանքին հիմնական պահանջները ներկայացվում են` համաձայն սույն կարգի N 1 հավելվածի:
14. Շրջանի վարչակազմի ղեկավարը հնգօրյա ժամկետում համաձայնություն է տալիս առաջադրանքի նախագծին և այն ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարարին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության, մշակույթի և սպորտի նախարարին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ԿԱ արտակարգ իրավիճակների վարչության պետին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ԿԱ շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության պետին /այսուհետ` շահագրգիռ պետական կառավարման մարմիններ/` համաձայնեցման:
15. Շահագրգիռ պետական կառավարման մարմինները 15-օրյա ժամկետում համաձայնություն են տալիս առաջադրանքի նախագծին կամ շրջանի վարչակազմի ղեկավարին են ներկայացնում իրենց առաջարկություններն ու դիտողությունները:
16. Շրջանի վարչակազմի ղեկավարը շահագրգիռ պետական կառավարման մարմինների առաջարկություններն ու դիտողություններն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում, դրանց հիման վրա լրամշակում է առաջադրանքի նախագիծը:
17. Շրջանի վարչակազմի ղեկավարը համայնքի ղեկավարին է տրամադրում նախագծի լրամշակված ու համաձայնեցված տարբերակը, ինչպես նաև սխեմայի մշակման համար ելակետային նյութերը /այդ թվում` սեյսմապաշտպանական սահմանափակումների մասին/ տրամադրող պետական մարմինների և կազմակերպությունների ցանկը:
18. Համայնքի ղեկավարն առաջադրանքի նախագծի լրամշակված տարբերակն ստանալուց հետո եռօրյա ժամկետում զանգվածային լրատվության միջոցներով համայնքի բնակչությանն իրազեկում է դրա հասարակական քննարկման օրվա և ժամի, ինչպես նաև մինչև քննարկումն առաջադրանքի բովանդակությանը ծանոթանալու հնարավորության մասին:
19. Քննարկումը կարող է նշանակվել դրա մասին իրազեկման օրվանից ոչ շուտ, քան 10 օր անց` հնգօրյա ժամկետում:
20. Համայնքի բնակիչները կարող են մինչև քննարկման օրը համայնքի ղեկավարին ներկայացնել առաջադրանքի նախագծի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ` անհրաժեշտ հիմնավորումներով:
21. Համայնքի ղեկավարն առաջադրանքի նախագծի հասարակական քննարկման արդյունքում արված դիտողությունների ու առաջարկությունների հիման վրա, 10-օրյա ժամկետում լրամշակում է առաջադրանքի նախագիծը և այն հաստատում համայնքի ավագանու հավանությանն արժանանալուց հետո:
22. Համայնքի ղեկավարը, առաջադրանքը հաստատելուց հետո` «Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ընտրված` նախագծային աշխատանքներ իրականացնող կապալառուի հետ /այսուհետ` կատարող/ կնքում է պայմանագիր և տրամադրում անհրաժեշտ ծավալի ելակետային նյութերը: Պատվիրատուի և կատարողի համաձայնությամբ` կատարողը կարող է պայմանագրով ամրագրված պայմանների համաձայն հավաքել ելակետային նյութերը կամ դրանց մի մասը:
23. Սխեմաների կազմին և բովանդակությանը հիմնական պահանջները ներկայացվում են՝ համաձայն սույն կարգի N 2 հավելվածի:
24. Պատվիրատուն նախագծային աշխատանքների ավարտից հետո սխեման ներկայացնում է համալիր փորձաքննության: Նախագծային փաստաթղթերը դրանք մշակողի կողմից կարող են ներկայացվել համապատասխան լիցենզիա ունեցող անձին` փորձաքննության, եթե այդպիսի պայման նախատեսված է նախագծային աշխատանքների կապալի պայմանագրով:
25. Փորձաքննությունն իրականացվում է պատվիրատուի /կամ պայմանագրով նախատեսված դեպքերում` կատարողի/ և փորձաքննություն իրականացնողի միջև կնքվող պայմանագրի համաձայն:
26. Համայնքի ղեկավարը փորձաքննության դրական եզրակացությունն ստանալուց հետո եռօրյա ժամկետում իրազեկում է հասարակությանը` համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 26-ի «Կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին իրազեկման և հրապարակված քաղաքաշինական ծրագրերի ու նախագծերի քննարկմանը և որոշումների ընդունմանը հասարակայնության ներկայացուցիչների մասնակցության կարգը սահմանելու մասին» թիվ 218 որոշմամբ հաստատված կարգի, որից հետո սխեման ներկայացնում է շրջանի վարչակազմի ղեկավարին` համաձայնեցման:
27. Շրջանի վարչակազմի ղեկավարը հնգօրյա ժամկետում համաձայնություն է տալիս սխեմային և այն ներկայացնում շահագրգիռ պետական կառավարման մարմիններ` համաձայնեցման:
28. Շահագրգիռ պետական կառավարման մարմինները 15-օրյա ժամկետում իրենց համաձայնությունն են տալիս առաջադրանքի նախագծին կամ շրջանի վարչակազմի ղեկավարին են ներկայացնում իրենց առաջարկություններն ու դիտողությունները:
29. Շրջանի վարչակազմի ղեկավարը շահագրգիռ պետական կառավարման մարմինների համաձայնությունն ստանալուց հետո եռօրյա ժամկետում սխեման` իր եզրակացության հետ միասին, տրամադրում է համայնքի ղեկավարին:
30. Համայնքի ղեկավարը շրջանի վարչակազմի ղեկավարի և շահագրգիռ պետական կառավարման մարմինների դրական եզրակացությունն ստանալուց հետո հնգօրյա ժամկետում սխեման ներկայացնում է համայնքի ավագանուն` հաստատման:
31. Համայնքի ավագանին եռօրյա ժամկետում հաստատում է սխեման:
32. Սխեման մշակվում է 5 բնօրինակից, որոնցից մեկական օրինակ մնում է շրջանի վարչակազմում, համայնքի ղեկավարի և կատարողի մոտ: Սխեմայի մեկական օրինակ մագնիսական /կամ թղթային/ կրիչով ներկայացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե:
33. Հաստատված գծագրերի և աղյուսակների պատճենները տրամադրվում են շահագրգիռ պետական կառավարման մարմիններին:
34. Սխեմայով նախատեսվող` հողերի նպատակային նշանակության փոփոխությունները կատարվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
35. Հաստատված հողերի գոտիավորման և օգտագործման սխեմաների ցանկացած փոփոխություն կարող է կատարվել նույն կարգով, ինչով հաստատվում է սխեման:
36. Սխեմաների փորձաքննության, համաձայնեցման և հաստատման ժամանակ ծագող վեճերը լուծվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս.Գրիգորյան |
|
Հավելված N 1
Հողերի գոտիավորման և օգտագործման
սխեմաների մշակման ու հաստատման կարգի |
Հողերի գոտիավորման և օգտագործման սխեմայի մշակման առաջադրանքին ներկայացվող հիմնական պահանջները
Հողերի գոտիավորման և օգտագործման սխեմայի /այսուհետ` սխեմա/ մշակման առաջադրանքում նշվում են`
ա/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքային և գյուղական համայնքների /այսուհետ` համայնք/ անվանումը, հիմնական ցուցանիշները /տարածքը, հողային ֆոնդի փաստացի բաշխումը, բնակչության թիվը, ռեսուրսների հիմնական տեսակները, զարգացման հիմնական հեռանկարները/.
բ/ տվյալներ նախկինում մշակված քաղաքաշինական և հողաշինարարական ծրագրային փաստաթղթերի մասին.
գ/ տվյալներ նախկինում իրականացված տեղագրական հանույթների, ինժեներաերկրաբանական, երկրաբուսաբանական, հողագիտական հետազոտությունների մասին.
դ/ հողերի օգտագործման նկատմամբ քաղաքաշինական, գյուղատնտեսական, բնապահպանական, պատմամշակութային և այլ սահմանափակումներին և հատուկ կարգավորման դրույթներին վերաբերող պահանջները.
ե/ ինժեներաերկրաբանական նախապատրաստմանը, բնական և տեխնածին վտանգավոր երևույթներից տարածքների պաշտպանության միջոցառումներին, հողերի պահպանությանը ներկայացվող հիմնական պահանջները.
զ/ սխեմայի գրաֆիկական ու տեքստային մասերին ներկայացվող հիմնական պահանջները /գծագրերի թիվը` համապատասխան մասշտաբներով, տեքստային մասի կազմը և ծավալը/.
է/ հողամասերի նպատակային նշանակության փոփոխման և հեռանկարային օգտագործման, դրանց միավորման ու բաժանման վերաբերյալ առաջարկությունները.
ը/ նոր հողերի յուրացման, բարելավման, կուլտուր-կենցաղային և այլ միջոցառումների իրականացման հնարավորությունները.
թ/ համայնքների գլխավոր հատակագծերի և հողերի գոտիավորման ու օգտագործման սխեմաների համատեղ մշակման պարագայում սույն հավելվածի «դ» և «ե» կետերի պահանջները համատեղվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 28-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքային և գյուղական համայնքների գլխավոր հատակագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը հաստատելու մասին» թիվ 301 որոշմամբ հաստատված կարգի թիվ 1 հավելվածի 1-ին կետի «է» և «ը» ենթակետերի հետ:
|
Հավելված N 2
Հողերի գոտիավորման և օգտագործման
սխեմաների մշակման ու հաստատման կարգի |
Հողերի գոտիավորման և օգտագործման սխեմաների կազմին ու բովանդակությանը ներկայացվող պահանջները
1. Հողերի գոտիավորման և օգտագործման սխեման /այսուհետ` սխեմա/ բաղկացած է գրաֆիկական ու տեքստային մասերից:
2. Սխեմայի գրաֆիկական մասի հիմնական գծագրերը ներկայացվում են համաձայն առաջադրանքի /1:5000 և 1:10000 մասշտաբով/: Առանձին դեպքերում մասշտաբը կարող է ճշտվել պատվիրատուի առաջադրանքով:
3. Սխեմայի մշակման համար որպես հանութային հիմք օգտագործվում են տեղագրական հանույթները, ինժեներաերկրաբանական, միկրոսեյսմաշրջանցման, կադաստրային և հողաշինարարական քարտեզները:
4. Սխեմայի գրաֆիկական մասերի վրա ցույց է տրվում հողերի փաստացի և հեռանկարային բաշխումն ըստ նպատակային նշանակության` հիմնական /բազային/ տեսակների սահմանմամբ ու քաղաքաշինական, բնապահպանական, պատմամշակութային, գյուղատնտեսական, ինժեներաերկրաբանական և այլ բնույթի սահմանափակումների ամրագրմամբ` սույն հավելվածի 5-15-րդ կետերին համապատասխան:
5. Գյուղատնտեսական նշանակության /վարելահող, բազմամյա տնկարկ, խոտհարք, արոտ և այլ հողատեսքեր/:
6. Բնակավայրերի /բնակելի, հասարակական, ընդհանուր օգտագործման և այլն/` բնակավայրի սահմանագծերի և քաղաքամերձ գոտիների, ինչպես նաև քաղաքաշինական նորմատիվային պահանջների ամրագրմամբ:
7. Արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության /արդյունաբերական, գյուղատնտեսական արտադրության, պահեստարանների, ընդերքօգտագործման համար առանձնացված տարածքներ/` պահպանական, սանիտարական և այլ սահմանափակող գոտիների ամրագրմամբ:
8. Էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների` ըստ վտանգավորության կարգերի դրանց պահպանական գոտիների ամրագրմամբ, այդ թվում`
ա/ էներգետիկայի /ջերմային, հիդրոէլեկտրակայանների, բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերի, մայրուղային գազատարների և էներգետիկ այլ օբյեկտների համար առանձնացված տարածքներ/.
բ/ կապի /կապի, ռադիոհաղորդումների, հեռուստատեսության, ռադիոռելեային և վերահեռարձակող կայանների ու դրանց սպասարկման համար առանձնացված տարածքներ/.
գ/ տրանսպորտի /ավտոմոբիլային, երկաթուղային, օդային, խողովակաշարային տրանսպորտի, թունելների, կամուրջների և դրանց սպասարկման համար առանձնացված տարածքներ/.
դ/ կոմունալ ենթակառուցվածքների /ջրամատակարարման, ջրահեռացման, կոյուղագծերի, օրվա կարգավորիչ ջրամբարների, մաքրման կայանների, պոմպակայանների, աղբավայրերի և այլ օբյեկտների կառուցման ու սպասարկման համար առանձնացված տարածքներ/:
9. Հատուկ պահպանվող տարածքների` դրանց պահպանական գոտիների ամրագրմամբ, այդ թվում`
ա/ բնապահպանական /հատուկ պահպանության նպատակով նախատեսված բնության հուշարձանների, արգելանոցների, ազգային և ծառաբանական զբոսայգիների ու պարկերի, բուսաբանական այգիների, արգելավայրերի /բացառությամբ` որսորդական/ համար առանձնացված տարածքներ/,
բ/ առողջարարական /բնական, բուժական պաշարներով, բարենպաստ կլիմայով և այլ բնական գործոններով ու պայմաններով օժտված բուժական-առողջարարական վայրերի և առողջարանների համար առանձնացված տարածքներ/.
գ/ հանգստի համար նախատեսված /հանգստյան տների, պանսիոնատների, ֆիզիկական դաստիարակության և սպորտի օբյեկտների, զբոսաշրջիկության բազաների, մանկական ու սպորտային ճամբարների և այլ նմանատիպ օբյեկտների համար առանձնացված տարածքներ/.
դ/ պատմական և մշակութային /պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների, այդ թվում` պատմամշակութային ու բնապատմական արգելոցների, զինվորական և քաղաքացիական գերեզմանոցների հողերն ու դրանց պահպանական գոտիների համար առանձնացված տարածքներ/:
10. Հատուկ նշանակության /պաշտպանական, սահմանային, ռազմական նշանակության հողեր և օրենքով պաշտպանվող շենքերի ու շինությունների օգտագործման և սպասարկման համար առանձնացված տարածքներ/` դրանց օգտագործումը սահմանափակող պաշտպանական գոտիների ամրագրմամբ:
11. Անտառային /անտառներ, վարելահողեր, խոտհարքներ, արոտներ, թփուտներ, անտառային տնտեսության կարիքների համար առանձնացված այլ տարածքներ/` հողօգտագործման հատուկ ռեժիմ ունեցող գոտիների ամրագրմամբ:
12. Ջրային /գետերով, բնական և արհեստական ջրամբարներով, լճերով զբաղեցված, ինչպես նաև ջրային համակարգերի օգտագործման և պահպանության համար առանձնացված տարածքներ/` սանիտարական պահպանության գոտիների ամրագրմամբ:
13. Պահուստային հողեր /համայնքներին, քաղաքացիներին և իրավաբական անձանց սեփականության, օգտագործման իրավունքով չտրամադրված պետական հողերը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կոնսերվացիայի արդյունքում տնտեսական շրջանառությունից հանված հողամասերը, ինչպես նաև ավազուտները, ճահիճները և այլ անօգտագործելի հողերը/:
14. Սխեմայի գրաֆիկական մասերի վրա արտահայտվում են նաև քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների սահմանները, տարածքի ինժեներաերկրաբանական նախապատրաստման, վտանգավոր բնական և տեխնածին երևույթներից տեղանքի ինժեներական պաշտպանական գոտիների սահմանները, հողամասերի օգտագործման նկատմամբ սեյսմապաշտպանական, գյուղատնտեսական և այլ բնույթի սահմանափակումները, սանիտարական գոտիների սահմանները, հատուկ կարգավորման դրույթներ նախատեսող տարածքների սահմանները, պետական ու համայնքային սեփականություն հանդիսացող հողերի օգտագործման ուղղությունները, դրանց տրամադրման հերթականությունն ու ծավալները:
15. Սույն հավելվածում նշված բազային գոտիներով, ինչպես նաև հողամասերի օգտագործման նկատմամբ ամրագրվող սահմանափակումներով ընդգրկված տարածքներն ու դրանց սահմանները սխեմայի գրաֆիկական նյութերում արտահայտվում են դրանց տարբերակող նշաններով, որոնց կազմը և ձևերը սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարության գերատեսչական ակտով:
16. Սխեմայի տեքստային մասում նշվում են`
ա/ սխեմայի մշակման հիմքերն ու ելակետային տվյալները, դրանք տրամադրող մարմիններն ու կազմակերպությունները.
բ/ նախկինում մշակված հողաշինարարական և քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի հետ փոխադարձ կապը.
գ/ հողօգտագործման նկատմամբ գյուղատնտեսական, բնապահպանական, քաղաքաշինական, սեյսմապաշտպանական, պատմամշակութային սահմանափակումների բնույթն ու հիմնավորումները.
դ/ գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործման, բարելավման, պահպանման, արդյունավետության բարձրացման միջոցառումները.
ե/ պետական սեփականություն հանդիսացող հողերի նպատակային նշանակության փոփոխման հիմնավորումները.
զ/ նոր հողերի յուրացման, բարելավման կուլտուր-տեխնիկական, ինչպես նաև հողերի և շրջակա միջավայրի պահպանության միջոցառումները: