ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
''16'' նոյեմբերի 2004թ. |
N 432 |
ք.Ստեփանակերտ
ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ԸՆԹԱՑԻԿ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ, ԴՐԱՆՑ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ԻՍԿ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՆԱԵՎ ԱՅԴ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՂ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ջրային օրենսգրքի 121-րդ հոդվածի 6-րդ մասի 7-րդ կետին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել ջրամբարների ընթացիկ տեխնիկական վիճակի գնահատման, դրանց վերականգնման, իսկ անհրաժեշտության դեպքում նաև այդ վերականգնումը ֆինանսավորող ծրագրի մշակման և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելու կարգը՝ համաձայն հավելվածի:
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |
|
Հավելված
ԼՂՀ կառավարության
2004թ. նոյեմբերի “16”-ի
թիվ 432 որոշման |
Կ Ա Ր Գ
ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ԸՆԹԱՑԻԿ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ, ԴՐԱՆՑ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ԻՍԿ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՆԱԵՎ ԱՅԴ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՂ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ
1. ԸՆԴԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են պետության կողմից ջրամբարների ընթացիկ տեխնիկական վիճակի գնահատումը, ինչպես նաև անհրաժեշտ ծրագրային միջոցառումների իրականացումը՝ ջրամբարների անվտանգությունն ապահովելու, հնարավոր արտակարգ իրավիճակները կանխարգելելու, դրանց տեխնիկական վիճակի վրա տնտեսական և այլ գործունեության պատճառներով շրջակա միջավայրի վրա հնարավոր բացասական հետևանքները կանխելու նպատակով:
2. Ջրամբարների պատշաճ տեխնիկական և սանիտարական վիճակի պահպանումն ու դրանց ջրային ռեսուրսների օգտագործումն իրականացվում են ջրամբարների օգտագործման կանոններին համապատասխան, որոնք մշակվում են ջրամբարների օգտագործման օրինակելի կանոններին համապատասխան: Ջրամբարների օգտագործման օրինակելի կանոնները մշակվում են ջրային համակարգերի կառավարման մարմնի կողմից, համաձայնեցնելով շահագրգիռ պետական կառավարման մարմինների հետ և հաստատվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից:
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատած ջրամբարների օգտագործման օրինակելի կանոններին համապատասխան ջրամբարների սեփականատերը յուրաքանչյուր ջրամբարի համար առանձին-առանձին մշակում է ջրամբարի օգտագործման կանոններ՝ համաձայնեցնելով շահագրգիռ պետական կառավարման, ջրավազանային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների հետ, և հաստատում այն:
Ջրամբարները շահագործող կազմակերպությունները ջրամբարների օգտագործման կանոնների մշակման համար կարող են ներգրավել մասնագետների և մասնագիտացված կազմակերպություններ:
4. Ջրային համակարգերի սեփականատերն իրականացնում է՝
ա) վերահսկողություն ջրամբարների օգտագործման հաստատված կանոնների պահանջների պահպանման նկատմամբ,
բ) ջրամբարների և դրանց համակարգերում տեղակայված հիդրոտեխնիկական կառուցվածքների տեխնիկական գույքագրում ու անձնագրավորում դրանք կառուցելու, օգտագործելու, վերանորոգելու, վերակառուցելու, կոնսերվացնելու, տնտեսական գործունեությունից դուրս բերելու և լուծարելու դեպքերում:
II. ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ԸՆԹԱՑԻԿ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ
5. Ջրամբարների ընթացիկ վիճակի զննումը, համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատած հիդրոտեխնիկական կառուցվածքների անվտանգության հսկողության և զննման կարգի, իրականացնում է ջրային համակարգերի կառավարման մարմնի կողմից ձևավորված ջրային համակարգերի օգտագործման և պահպանության տեխնիկական հանձնաժողովը (այսուհետ՝ տեխնիկական հանձնաժողով) համապատասխան պետական կառավարման մարմինների հետ:
Ջրամբարների ընթացիկ վիճակի զննման ժամանակ իրականացվում են՝
ա) հսկողություն ջրամբարներն օգտագործող կազմակերպությունների, ինչպես նաև ջրամբարների օգտագործման ընթացքում կապալառու կազմակերպությունների գործունեության նկատմամբ՝ վերակառուցման, կապիտալ վերանորոգման կամ կոնսերվացման ժամանակ անվտանգության կանոնների և նորմերի պահպանության ապահովման մասով,
բ) ջրամբարների տեխնիկական վիճակի գնահատում:
6. Ջրամբարների տեխնիկական վիճակը գնահատվում է հետևյալ չափորոշիչների հաշվառմամբ և գործընթացների գնահատմամբ՝
ա) ջրամբարների վերականգնման, շահագործումից դուրսբերման (լուծարման) և կոնսերվացման տեխնոլոգիա,
բ) ջրամբարում ֆիլտրացիոն երևույթների մոնիտորինգ,
գ) ջրամբարների ամրության ապահովման միջոցառումների իրականացում,
դ) ջրամբարների ընթացիկ վիճակի վրա տնտեսական գործունեության ազդեցության բնույթի վերլուծություն,
ե) ամբարտակների և պատվարների այլ կառուցվածքների (կառուցվածքի տարրերի) ամրության դիտարկում (ստատիկ, դինամիկ, սեյսմիկ և ֆիլտրացիոն),
զ) ջրամբարներում ջրի մակարդակի և ծավալի, խորության, աղտոտվածության ու քիմիական բաղադրության վերլուծություն,
է) ջրի շրջանառության տեխնոլոգիա (արտադրական ռեկրեացիոն կարիքների համար օգտագործվող ջրամբարներում),
ը) շրջակա միջավայր ցամաքուրդային ջրերի և աղտոտող նյութերի արտանետման ծավալների հաշվառում,
թ) նստվածքների պահեստավորման դինամիկայի և ծավալների հաշվառում,
ժ) ջրամբարներում նստվածքի ֆիզիկամեխանիկական բնութագրիչների հաշվառում,
ժա) նստվածքների պահեստավորման տեխնոլոգիական պարամետրերի հաշվառում,
ժբ) ջրամբարի սահմաններում, ինչպես նաև հարակից տարածքներում ստորերկրյա և մակերևութային ջրերի վիճակի (աղտոտման) վերլուծություն:
Տեխնիկական հանձնաժողովը ջրային համակարգի կառավարման մարմին է ներկայացնում համապատասխան մասնագիտական եզրակացություն նշված չափորոշիչների հաշվառմամբ գնահատված ջրամբարի ընթացիկ տեխնիկական վիճակի մասին: Տեխնիկական հանձնաժողովը, ելնելով ջրամբարի տեխնիկական վիճակից, անհրաժեշտության դեպքում ներկայացնում է համապատասխան տեխնիկական առաջադրանք:
7. Տեխնիկական հանձնաժողովն ուսումնասիրում է նաև ջրային համակարգերի անվտանգության ապահովման, արդյունավետ օգտագործման ու պահպանության ծրագրերը, վերլուծում է իրականացվող միջոցառումների արդյունքները և յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ ջրային համակարգերի կառավարման մարմին է ներկայացնում մասնագիտական եզրակացություններ ու դրանց հիման վրա կազմված տեխնիկական առաջադրանքներ:
III. ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ
8. Ջրային համակարգերի կառավարման մարմինը տեխնիկական հանձնաժողովից ստացված մասնագիտական եզրակացության և տեխնիկական առաջադրանքի հիման վրա մեկամսյա ժամկետում, ելնելով ջրամբարի անվտանգության խնդիրներից, ներկայացնում է առաջարկություն ջրամբարի ընթացիկ և (կամ) կապիտալ վերանորոգման համար անհրաժեշտ ֆինանսավորման ծավալների ու միջոցառումների իրականացման ժամկետների վերաբերյալ:
9. Պետական սեփականություն հանդիսացող ջրամբարների ընթացիկ վերականգնման ծախսերն իրականացնում է օգտագործողը, իսկ կապիտալ ծախսերը կատարում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:
Ոչ պետական սեփականություն հանդիսացող ջրամբարների ընթացիկ վերականգնման և կապիտալ ծախսերը կատարում է ջրային համակարգերի սեփականատերը:
10. Ջրային համակարգերի կառավարման մարմինը պետական սեփականություն հանդիսացող ջրամբարների վերականգնման կապիտալ ծախսերի կատարման նպատակով մշակում է ֆինանսավորման ծրագիր, այն համաձայնեցնում ջրի ազգային խորհրդի հետ և ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն՝ հաստատման:
11. Ֆինանսավորման ծրագիրը պետք է ներառի՝
ա) վերականգնման ենթակա ջրամբարի հիմնական տեխնիկատնտեսական ցուցանիշները,
բ) ջրամբարի վերականգնման ենթակա կառուցվածքների վերականգնման միջոցառումների նախահաշվային արժեքը,
գ) ներդրվող գումարների հետգնման ժամկետների ֆինանսատնտեսական հիմնավորումը,
դ) իրականացվող կապիտալ ծախսերի ֆինանսավորման ժամանակացույցը,
ե) ջրամբարի վերականգնման կապիտալ ծախսերի իրականացման և չիրականացման հետևանքով ակնկալվող արդյունքները (բնաիրային և (կամ) արժեքային տեսքով)
զ) ֆինանսավորման ծրագրի պահանջներից բխող այլ դրույթներ:
Ջրային համակարգերի կառավարման մարմինը ֆինանսավորման ծրագիրը մշակելու համար կարող է ներգրավել մասնագիտացված կազմակերպություններ կամ անհատ փորձագետների:
12. Ֆինանսավորման ծրագիրը ներկայացնելու օրվանից երկամսյա ժամկետում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունն ընդունում է որոշում ջրամբարի վերականգնման համար կապիտալ ծախսերի ֆինանսավորման մասին:
13. Ջրային համակարգերի կառավարման մարմինը ֆինանսավորման ծրագրով նախատեսված աշխատանքներն իրականացնելու համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպում է մրցույթ և մրցույթի հաղթողի հետ կնքում համապատասխան պայմանագիր:
14. Ջրային համակարգերի կառավարման մարմինը ֆինանսավորման ծրագրով նախատեսված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում սահմանված կարգով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն է ներկայացնում առաջարկություն կատարված աշխատանքներն ընդունելու վերաբերյալ:
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. Գրիգորյան |