ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
Համայնքների վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողերը համայնքներին սեփականության իրավունքով անհատույց փոխանցելու կարգը հաստատելու մասին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքի 56-րդ և 57-րդ հոդվածների պահանջների կատարումն ապահովելու նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել ,,Համայնքների վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողերը համայնքներին սեփականության իրավունքով անհատույց փոխանցելու կարգ’’-ը /կցվում է/:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համայնքների վարչական սահմանների ճշգրտումից հետո մեկամսյա ժամկետում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանների վարչակազմերի ղեկավարների հետ համատեղ կազմել համապատասխան համայնքներին սեփականության իրավունքով անհատույց փոխանցվող հողերն առանձնացնելու և դրանց հատակագծման /քարտեզագրման/ աշխատանքներն իրականացնելու, նախապատրաստված փաստաթղթերը համաձայնեցնելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն ներկայացնելու ժամանակացույցը:
|
Հաստատված է
ԼՂՀ կառավարության
2003թ. հուլիսի 8-ի
թիվ 212 որոշմամբ |
ԿԱՐԳ
Համայնքների վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողերը համայնքներին սեփականության իրավունքով անհատույց փոխանցելու
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է համայնքների վարչական սահմաններում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող հողերը առանձնացնելու, դրանց հատակագծերը կազմելու /քարտեզագրելու/, պետական մարմինների հետ համաձայնեցնելու և համայնքներին սեփականության իրավունքով անհատույց փոխանցելու կարգը:
2. Սույն կարգով նախատեսված աշխատանքների իրականացման համար որպես քարտեզագրական հիմք են ծառայում 1:1000, 1:2000, 1:5000, 1:10000 մասշտաբների կադաստրային քարտեզները, իսկ դրանց բացակայության դեպքում՝ համայնքների հողաշինարարական հատակագծերը կամ տեղագրական հանույթները:
3. Սույն կարգով նախատեսված աշխատանքները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջվարչակազմերի ղեկավարների հետ համատեղ կազմած ժամանակացույցին համապատասխան իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:
2. ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՑՄԱՆ, ԴՐԱՆՑ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ
4. Մինչև համայնքներին սեփականության իրավունքով անհատույց փոխանցվող հողերի առանձնացումը, համայնքների կադաստրային քարտեզների /հողաշինարարական հատակագծերի, տեղագրական հանույթների/ վրա առանձնացվում են պետական պահուստային հողերի, ինչպես նաև քաղաքացիներին և իրավաբանական անձանց, միջազգային կազմակերպություններին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի ընդհանրացված սահմանները:
5. Սույն կարգի 4-րդ կետում նշված աշխատանքներն իրականացնելուց հետո Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն նախապատրաստված քարտեզագրական նյութերը ներկայացնում է հողային պաշարների կառավարման լիազորված պետական մարմիններ:
6. Հողային պաշարների կառավարման լիազորված պետական մարմինները քարտեզագրական նյութերն ստանալուց հետո 30-օրյա ժամկետում դրանց վրա առանձնացնում են այն հողամասերը, որոնք մնալու են որպես պետական սեփականություն՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 2-րդ, 4-րդ, 8-րդ, 9-րդ, 11-րդ, 12-րդ կետերով սահմանված, 13-րդ կետով սահմանված հատուկ նշանակության հողերը, ինչպես նաև նույն հոդվածի 1-ին, 3-րդ, 5-րդ, 7-րդ, 13-րդ կետերով սահմանված և պետական պահուստային այն հողերը, որոնք անհրաժեշտ են համապետական ու տարածքային նպատակային ծրագրերի իրականացման համար՝ կազմելով համապատասխան հողամասերի անվանացանկերն ըստ նպատակային նշանակության և հողատեսքերի:
7. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն, հողային պաշարների կառավարման լիազորված պետական մարմիններից քարտեզագրական նյութերն ստանալուց հետո, դրանց վրա առանձնացնում է համայնքներին սեփականության իրավունքով անհատույց փոխանցվող՝
ա/ պետական պահուստային հողերը.
բ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 13-րդ կետերով սահմանված հողերը.
գ/ ,,Տեղական ինքնակառավարման մասին’’ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածով սահմանված՝ համայնքային սեփականություն հանդիսացող շենքերի ու շինությունների պահպանման ու սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքները:
Նշված աշխատանքների կատարումից հետո կազմվում է նաև համայնքին սեփականության իրավունքով անհատույց փոխանցվող հողերի անվանացանկը:
8. Համայնքներին սեփականության իրավունքով անհատույց փոխանցվող հողերի համար կազմված քարտեզագրական նյութերն ու հողամասերի անվանացանկերը մինչև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն ներկայացնելը համաձայնեցվում են իրավասու պետական կառավարման մարմինների ու համապատասխան շրջվարչակազմի ղեկավարի հետ:
Իրավասու պետական կառավարման մարմինների կամ շրջվարչակազմերի ղեկավարների հատուկ կարծիքի դեպքում դրանք ներկայացվում են լրացուցիչ:
9. Սույն կարգի 6-րդ և 7-րդ կետերում նշված անվանացանկերի ձևանմուշներին, ինչպես նաև քարտեզագրական նյութերին ներկայացվող պահանջները սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն:
3. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
10. Համայնքներին սեփականության իրավունքով անհատույց փոխանցվող հողերը կարող են քաղաքացիներին և իրավաբանական անձանց օտարվել կամ օգտագործման տրամադրվել բացառապես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 26-ի ,,Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն օտարելու և օգտագործման տրամադրելու կարգը հաստատելու մասին’’ թիվ 61 որոշմամբ սահմանված կարգով:
11. Սույն կարգի դրույթները չեն տարածվում Ստեփանակերտի քաղաքային համայնքի վրա:
12. Սույն կարգին համապատասխան կազմված քարտեզագրական նյութերը հանդիսանում են ելակետային փաստաթղթեր հողաշինարարական և քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման համար: