Համարը 
N 1001-Ն
Տեսակը 
Մայր
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2011.12.29/25(187)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
26.12.2011
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
26.12.2011
Վավերացնող մարմինը 
 
Վավերացման ամսաթիվը 
 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
09.01.2012
Ուժը կորցնելու ամսաթիվը 
 


ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«26» դեկտեմբերի 2011թ.

N 1001-Ն

ք. Ստեփանակերտ

 

ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 26.1-ին հոդվածի կիրարկումն ապահովելու նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել նորմատիվ իրավական ակտերի նախագծերի բնապահպանության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ նորմատիվ իրավական ակտերի նախագծերի բնապահպանության բնագավառում կարգավորման ազդեցությունը գնահատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչությունը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

«26» դեկտեմբերի 2011թ. N 1001-Ն որոշման

 

ԿԱՐԳ

 

ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում են նորմատիվ իրավական ակտերի նախագծերի բնապահպանության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման առարկան, նպատակն ու ընթացակարգը:

2. Բնապահպանության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատումը նորմատիվ իրավական ակտի ընդունման արդյունքում շրջակա միջավայրի վրա հնարավոր փոփոխությունների վերլուծությունն է` նպատակ ունենալով կանխորոշելու, կանխարգելելու կամ նվազագույնի հասցնելու տվյալ իրավական ակտի կիրառման դեպքում շրջակա միջավայրի վրա դրա բացասական ազդեցությունը:

3. Բնապահպանության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատումը պարտադիր է օրենքների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության գործունեության տարեկան ծրագրով նախատեսված դեպքերում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումների նախագծերի համար:

4. Բնապահպանության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման ընթացքում դիտարկվում է նորմատիվ իրավական ակտի ընդունման արդյունքում դրա ազդեցությունը`

1) շրջակա միջավայրի օբյեկտների` մթնոլորտի, ջրային ռեսուրսների, հողի, ընդերքի, բուսական և կենդանական աշխարհի, այդ թվում` անտառների և բնության հատուկ պահպանվող տարածքների վրա.

2) բնական ռեսուրսների արդյունավետ, համալիր և խելամիտ օգտագործման տեսանկյունից:

5. Սույն կարգի 4-րդ կետով սահմանված դիտարկումն՝ ըստ շրջակա միջավայրի օբյեկտների, կատարվում է բնապահպանական օրենսդրության պահանջների շրջանակներում` հետևյալ ուղղություններով`

1) ազդեցությունը մթնոլորտային օդի վրա.

2) ազդեցությունը ջրային ռեսուրսների որակի և քանակի վրա.

3) ազդեցությունը հողերի որակի վրա.

4) ազդեցությունը կլիմայի վրա.

5) ազդեցությունը կենսաբազմազանության, բուսական և կենդանական աշխարհի ու լանդշաֆտների վրա.

6) թափոնների գոյացումը.

7) ազդեցությունը բնական ռեսուրսների օգտագործման վրա.

8) բնապահպանական ռիսկերի հավանականությունը և աստիճանը.

9) նախատեսվող տնտեսական գործունեության ազդեցությունը:

6. Բնապահպանության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման ընթացքում դիտարկվում է նաև նորմատիվ իրավական ակտի նախագծի համապատասխանությունը բնապահպանության ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված սկզբունքներին, նորմերին, կանոններին և պահանջներին:

7. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչությունը սահմանված ժամկետում (15 օր, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի համար` 5 օր) գնահատում է ազդեցությունը և դրա վերաբերյալ կազմում բնապահպանության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման մասին եզրակացություն:

8. Բնապահպանության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման մասին եզրակացությունը ներառում է`

1) կարգավորման արդյունքները` հաշվի առնելով սույն կարգի 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերով ամրագրված դրույթները.

2) նախատեսվող իրավական ակտի չընդունման դեպքում` բնապահպանության բնագավառի վրա ազդեցության գնահատման արդյունքները.

3) այն դեպքում, երբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության կողմից կատարված հաշվարկների ու հետազոտությունների հիման վրա առաջարկվում է բնապահպանության բնագավառի կարգավորման առավել բարենպաստ տարբերակ, այդ տարբերակը` համապատասխան հիմնավորումներով.

4) այն դեպքում, երբ ներկայացված նորմատիվ իրավական ակտի նախագծով նախատեսվում է մշակել հայեցակարգեր, ծրագրեր, համալիր սխեմաներ, գլխավոր հատակագծեր, տարածքային պլանավորման փաստաթղթեր և պաշարների համալիր օգտագործման սխեմաներ, եզրակացությունը ներառում է տվյալ իրավական ակտի նախագծի` բնապահպանական պետական փորձաքննության ենթակա լինելու պահանջը` «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով.

5) նորմատիվ իրավական ակտի կիրարկման արդյունքում կանխատեսվող հետևանքները գնահատելու ժամանակացույցը.

6) բնապահպանության բնագավառում վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծությունները` սույն կարգի 6-րդ կետին համապատասխան:

9. «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 26.1-ին հոդվածի և սույն կարգի պահանջներին համապատասխան տրված նորմատիվ իրավական ակտի նախագծի վերաբերյալ բնապահպանության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման մասին եզրակացությամբ ամրագրված առաջարկություններն ու պահանջները հաշվի են առնվում նախագիծը մշակող մարմնի կողմից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Ս. ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ