Համարը 
N 33-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2010.02.08/03(137)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
26.01.2010
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
26.01.2010
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
18.02.2010
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻ ՀՈՂԱՏԵՍՔԵՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«26» հունվարի 2010թ.

N 33-Ն

 ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻ ՀՈՂԱՏԵՍՔԵՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքի 2-րդ, 9-րդ և 35-րդ հոդվածների պահանջներին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ում է.

1. Հաստատել`

1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքերի փոփոխման կարգը` համաձայն թիվ 1 հավելվածի.

2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքերի փոփոխման հանձնաժողովի գործունեության կարգը` համաձայն թիվ 2 հավելվածի:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչակազմերի ղեկավարներին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում հաստատել հանձնաժողովի կազմը:

3. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 6-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական պահուստային ֆոնդի գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքի փոփոխման կարգը հաստատելու մասին» թիվ 107 որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված 1

ԼՂՀ կառավարության

«26» հունվարի 2010թ.

թիվ 33-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻ ՀՈՂԱՏԵՍՔԵՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գյուղատնտեսական նշանակության բարձրարժեք կամ ցածրարժեք հողատեսքերի փոփոխման գործընթացները:

2. Բարձր կադաստրային գին (զուտ եկամուտ) ունեցող գյուղատնտեսական հողատեսքերի (այսուհետ` բարձրարժեք), փոխադրումը ավելի ցածր կադաստրային գին (զուտ եկամուտ) ունեցող (այսուհետ` ցածրարժեք) հողատեսքերի, իրականացվում է համայնքի ղեկավարի կողմից` համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերի համար և վարչակազմի ղեկավարի կողմից` համայնքի վարչական սահմաններից դուրս, բայց շրջանի վարչական տարածքում գտնվող հողերի համար, յուրաքանչյուր շրջանում վարչակազմի ղեկավարի կողմից ստեղծված համապատասխան հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) դրական եզրակացության հիման վրա:

3. Գյուղատնտեսական բարձրարժեք հողատեսքերն ավելի ցածրարժեք հողատեսքերի կարող են փոխադրվել, եթե գտնվում են մեծ թեքությունների վրա, օգտագործման ընթացքում խիստ էռոզացվել են և կուլտուրտեխնիկական, ագրոտեխնիկական և այլ գյուղատնտեսական միջոցառումներով հնարավոր չէ վերականգնել հողատեսքերի որակական հատկանիշները, կամ հողամասերում ընթանում են ճահճացման, աղակալման, աղտոտման և այլ երևույթներ, որոնք հնարավոր չէ վերականգնել կանխարգելման միջոցառումներով:

4. Բարձրարժեք ջրովի հողատեսքերն ավելի ցածրարժեք անջրդի հողատեսքերի փոխադրման համար հանձնաժողովը մինչև եզրակացություն տրամադրելն ստանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության վարչության համապատասխան գրավոր տեղեկանք ոռոգման ցանցի առկայության, դրա պիտանելիության և շահագործման մասին: Ոռոգման ցանցի առկայության, դրա պիտանելիության և շահագործման մասին տեղեկանքի ձևը սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության վարչության պետի կողմից: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության վարչությունը տեղեկանքը տրամադրում է հանձնաժողովի նիստի օրակարգը հանձնաժողովի անդամներին տրամադրելու օրվանից 10 օրվա ընթացքում:

5. Համայնքի ղեկավարը` համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերի համար, և վարչակազմի ղեկավարը` համայնքի վարչական սահմաններից դուրս, բայց շրջանի վարչական տարածքում գտնվող հողերի համար, հանձնաժողովի դրական եզրակացության դեպքում ընդունում է համապատասխան որոշում գյուղատնտեսական բարձրաժեք հողատեսքերն ավելի ցածրարժեք հողատեսքերի փոխադրելու վերաբերյալ:

6. Գյուղատնտեսական բարձրարժեք հողատեսքերն ավելի ցածրարժեք հողատեսքերի փոխադրվելու դեպքերում հողակադաստրային գնահատման խմբերը չեն փոփոխվում և դրանց կադաստրային գները (զուտ եկամուտները) հաշվարկելիս հիմք են ընդունվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 23-ի «ԼՂՀ համայնքների վարչական տարածքներում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողերի հողային կադաստրի ժամանակավոր տվյալները հաստատելու մասին» թիվ 359 որոշմամբ հաստատված` գյուղատնտեսական հողատեսքերի հողակադաստրային գնահատման նույն խմբերը: Այն համայնքներում, որտեղ նշված որոշմամբ հաստատված` գյուղատնտեսական հողատեսքերի գնահատման խմբերում` փոխադրված հողատեսքերի համար գնահատված համապատասխան խմբերը բացակայում են, դրանց կադաստրային գները (զուտ եկամուտները) հաշվարկելիս հիմք են ընդունվում նույն հողակադաստրային գնահատման գոտու նույն հողատեսքերի կադաստրային գների (զուտ եկամուտների) միջին չափերը:

7. Գյուղատնտեսական ցածրարժեք հողատեսքերն ավելի բարձրարժեք հողատեսքերի փոխադրումն իրականացվում է համայնքի ղեկավարի որոշմամբ` համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերի համար, և վարչակազմի ղեկավարի որոշմամբ` համայնքի վարչական սահմաններից դուրս, բայց շրջանի վարչական տարածքում գտնվող հողերի համար:

8. Գյուղատնտեսական ցածրարժեք հողատեսքերն ավելի բարձրարժեք հողատեսքերի փոխադրելու դեպքերում (բացառությամբ ցածրարժեք անջրդի հողատեսքերը բարձրարժեք ջրովի հողատեսքերի փոխադրելու դեպքերի) հողակադաստրային գնահատման խմբերը կարող են փոփոխվել և դրանց կադաստրային գները (զուտ եկամուտները) հաշվարկելիս հիմք են ընդունվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 23-ի «ԼՂՀ համայնքների վարչական տարածքներում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողերի հողային կադաստրի ժամանակավոր տվյալները հաստատելու մասին» թիվ 359 որոշմամբ հաստատված` տվյալ հողակադաստրային գնահատման գոտու, տվյալ հողատեսքի, նույն ոռոգելիության, ամենամոտ բարձր կադաստրային գին (զուտ եկամուտ) ունեցող հողակադաստրային գնահատման խումբը:

9. Գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքերի փոփոխման վերաբերյալ համայնքի ղեկավարի կամ վարչակազմի ղեկավարի որոշումների մեկ օրինակը հինգ օրվա ընթացքում տրամադրվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան տարածքային ստորաբաժանմանը:

10. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանումները հողատեսքերի փոփոխություններ կրած գյուղատնտեսական նշանակության հողամասերի հարկման օբյեկտի որոշման նպատակով, հիմք ընդունելով գյուղատնտեսական հողատեսքերի փոփոխման վերաբերյալ համայնքի ղեկավարի կամ վարչակազմի ղեկավարի որոշումները, հինգ օրվա ընթացքում իրականացնում են կադաստրային գնահատում, որի արդյունքները հիմք են ընդունվում մինչև «Հողի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված առաջիկա գնահատման (վերագնահատման) տարին` ներառյալ հողի հարկի հաշվարկման համար:

11. Գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքերի սահմանված կարգով փոփոխություններն արտացոլվում են յուրաքանչյուր տարվա համար կազմվող հողային հաշվեկշռում:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Հավելված 2

ԼՂՀ կառավարության

«26» հունվարի 2010թ.

թիվ 33-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻ ՀՈՂԱՏԵՍՔԵՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է գյուղատնտեսական բարձրարժեք հողատեսքերն ավելի ցածրարժեք հողատեսքերի փոխադրման համար անհրաժեշտ եզրակացություն տրամադրող հանձնաժողովի գործունեության կարգը:

2. Գյուղատնտեսական բարձրարժեք հողատեսքերն ավելի ցածրարժեք հողատեսքերի փոխադրելու նպատակով յուրաքանչյուր շրջանում վարչակազմի ղեկավարի կողմից ստեղծվում է համապատասխան հանձնաժողով, որի կազմում ընդգրկվում են`

1) վարչակազմի ղեկավարը կամ վարչակազմի ղեկավարի համապատասխան տեղակալը (հանձնաժողովի նախագահ).

2) վարչակազմի աշխատակազմի գյուղատնտեսության, հողաշինարարության և հողօգտագործման բաժնի պետը (հանձնաժողովի քարտուղար).

3) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության ներկայացուցիչը (հանձնաժողովի անդամ).

4) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչը (հանձնաժողովի անդամ).

5) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ներկայացուցիչը (հանձնաժողովի անդամ).

6) համապատասխան համայնքի ղեկավարը (համաձայնությամբ) (հանձնաժողովի անդամ).

7) համապատասխան համայնքի գյուղատնտեսության գծով մասնագետը (համաձայնությամբ) (հանձնաժողովի անդամ):

3. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ջրային օրենսգրքով, հողային և ջրային հարաբերությունները կարգավորող այլ իրավական ակտերով և սույն որոշմամբ հաստատված կարգերով:

4. Հանձնաժողովի հիմնական գործառույթը եզրակացություններ տալն է գյուղատնտեսական բարձրարժեք հողատեսքերն ավելի ցածրարժեք հողատեսքերի փոխադրելու վերաբերյալ:

5. Հանձնաժողովն իր աշխատանքներն իրականացնում է նիստերի միջոցով: Հանձնաժողովի նիստերը գումարվում են ըստ անհրաժեշտության: Գյուղատնտեսական նշանակության հողամասի սեփականատիրոջ դիմումի հիման վրա համայնքի ղեկավարը կամ վարչակազմի ղեկավարը երեք օրվա ընթացքում հանձնաժողովի քննարկմանն է ներկայացնում գյուղատնտեսական բարձրարժեք հողատեսքն ավելի ցածրարժեք հողատեսքի փոխադրելու դիմումը: Հանձնաժողովի նախագահը երկու օրվա ընթացքում կազմում է նիստի օրակարգը և դիմումն ստանալու օրվանից տասնհինգ օրվա ընթացքում գումարում է հանձնաժողովի նիստ` հարցը քննարկելու համար: Հանձնաժողովի քարտուղարը նիստի գումարման օրվանից առնվազն տասներկու օր առաջ նիստի օրակարգը տրամադրում է հանձնաժողովի անդամներին:

6. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է հանձնաժողովի անդամների կեսից ավելին: Հանձնաժողովի քննարկմանը ներկայացված նյութերի մանրամասն և բազմակողմանի ուսումնասիրության, իսկ անհրաժեշտության դեպքում նաև տեղազննության հիման վրա հանձնաժողովը տալիս է եզրակացություն:

7. Հանձնաժողովի եզրակացությունն ընդունվում է նիստին մասնակցող հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Հանձնաժողովի նիստն արձանագրվում է, որտեղ նշվում են`

1) հանձնաժողովի նիստի ամսաթիվը և անցկացման վայրը.

2) հանձնաժողովի կազմը.

3) քննարկվող հարցի բովանդակությունը.

4) տեղեկություններ քննարկմանը հրավիրված անձանց մասին.

5) հարցի քննարկմանը մասնակցող անձանց բացատրությունները, նրանց միջնորդությունները և քննարկման արդյունքները.

6) հարցի քննարկման ընթացքում հետազոտված փաստաթղթերը և այլ ապացույցներ.

7) հանձնաժողովի եզրակացության բովանդակությունը:

8. Նիստի արձանագրությունը ստորագրում են հանձնաժողովի նախագահը և քարտուղարը: Հանձնաժողովի անդամների հատուկ կարծիքները կցվում են արձանագրությանը:

9. Հանձնաժողովի նիստերը բաց են, որոնց կարող է մասնակցել նաև հողամասի սեփականատերը կամ նրա լիազոր ներկայացուցիչը:

10. Հանձնաժողովի եզրակացությունը կազմվում է երեք հավասարազոր օրինակներից, որոնցից մեկական օրինակ նիստի գումարման օրվանից երեք օրվա ընթացքում տրամադրվում է համապատասխան համայնքի ղեկավարին կամ վարչակազմի ղեկավարին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան տարածքային ստորաբաժանմանը:

11. Հանձնաժողովի եզրակացությունները կարող են բողոքարկվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

12. Հանձնաժողովի գործունեությանն առնչվող փաստաթղթերը և այլ նյութեր պահպանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ