Համարը 
N 370-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Միասնական կայք 2023.05.01-2023.05.31 Պաշտոնական հրապարակման օրը 22.05.2023
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
19.05.2023
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
19.05.2023
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
23.05.2023
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 մայիսի 2023թ.

N 370-Ն

ք. Ստեփանակերտ

 

ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ

ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Ջրային օրենսգրքի 30-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել ջրօգտագործման թույլտվության տրամադրման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

«Հաստատում եմ»

  
     

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

Հավելված

Արցախի Հանրապետության

կառավարության 2023 թվականի

մայիսի 19-ի N 370-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում է ջրօգտագործման թույլտվության տրամադրման գործընթացը:

2. Ջրօգտագործման թույլտվության տրամադրման գործընթացն իրականացվում է Արցախի Հանրապետության բնապահպանության կոմիտեի աշխատակազմի ջրային, կենսառեսուրսների, թափոնների և մթնոլորտ արտանետումների կառավարման գործակալության (այսուհետ` նաև գործակալություն) կողմից` Ջրային օրենսգրքի պահանջների համաձայն:

3. Ջրօգտագործման թույլտվությունը տրամադրվում է ջրօգտագործողի կողմից գործակալություն ներկայացված հայտի նախնական և վերջնական գնահատման հիման վրա:

4. Ջրօգտագործման թույլտվության հայտը ներկայացնելուց հետո գործակալությունը տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում ջրօգտագործողին գրավոր տեղեկացնում է ջրօգտագործման թույլտվություն ստանալու մասին հայտն ընդունելու կամ մերժելու վերաբերյալ՝ մերժելու դեպքում նշելով հիմքերը:

5. Ջրօգտագործման թույլտվության հայտի վերջնական գնահատման գործընթացն սկսվում է հայտին կից՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 16-ի N 400 որոշման մեջ նշված համապատասխան փաստաթղթերի (ամբողջական փաթեթի) առկայության դեպքում:

6. Հայտի ընդունումից և նախնական գնահատումից հետո գործակալությունը, հինգ աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին տեղեկացնելով հայտատուին, ապահովում է հասարակայնության ծանուցումը ջրօգտագործման թույլտվության հայտի մասին:

7. Հասարակայնության ծանուցման ժամանակ սպասվող ջրօգտագործման թույլտվության վերաբերյալ արձագանքների, կարծիքների բացակայությունը համարվում է տվյալ ջրօգտագործման վերաբերյալ հասարակայնության դրական կարծիքի դրսևորում:

8. Հասարակայնության ծանուցման ժամանակ սպասվող ջրօգտագործման թույլտվության վերաբերյալ այլ անձանց իրավունքների և օրինական շահերի կամ Արցախի Հանրապետության ջրային օրենսդրության խախտումը հիմնավորող բացասական կարծիքները քննարկվում են ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության լիազոր մարմնի (այսուհետ՝ լիազոր մարմին) կողմից և, հաստատվելու դեպքում, հիմք են հանդիսանում ջրօգտագործման թույլտվության տրամադրումը մերժելու համար:

9. Գործակալության կողմից ջրօգտագործման թույլտվությունը ձևակերպվում է հասարակայնության ծանուցմանը հաջորդող երեսնօրյա ժամկետում:

10. Ջրօգտագործման թույլտվության գործողության ժամկետը սահմանվում է Արցախի Հանրապետության օրենսդրության պահանջների համաձայն:

11. Լիազոր մարմնի նախաձեռնությամբ՝ վարչական վարույթին ջրօգտագործողի ներգրավմամբ կամ ջրօգտագործողի դիմումի հիման վրա ջրօգտագործման թույլտվություններում կարող են կատարվել ջրօգտագործման թույլտվության պայմանների բովանդակային (այդ թվում՝ ջրառի ծավալների մասով) փոփոխություն չառաջացնող տեխնիկական վրիպակների շտկումներ։

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

    

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

      

ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 մայիսի 2023 թվական: