Համարը 
ՀՕ-23
Տեսակը 
Պաշտոնական Ինկորպորացիա
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
16.06.1998
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
05.08.1998
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
05.08.1998
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Սույն օրենքի 13.1-ին հոդվածի դրույթները գործելու են մինչև 2023թ-ի դեկտեմբերի 31-ը ներառյալ` համաձայն  11.02.21 ՀՕ-24-Ն օրենքի:

Կապեր այլ փաստաթղթերի հետ
Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Հ Ա Ր Կ Ե Ր Ի  Մ Ա Ս Ի Ն

 

ԳԼՈՒԽ  1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Սույն օրենքով սահմանվում են Արցախի Հանրապետությունում հարկի հասկացությունը և հարկերի տեսակները, հարկային վեճերի լուծման կարգը Արցախի Հանրապետության հարկային օրենսդրության (այսուհետ՝ հարկային օրենսդրություն) և հարկային հարաբերությունները կարգավորող մյուս իրավական ակտերի խախտումների համար պատասխանատվությունը, ինչպես նաև այն սկզբունքները, որոնց վրա հիմնվում են հարկերի մասին Արցախի Հանրապետության օրենսդրությունը և հարկային հարաբերություններ կարգավորող մյուս իրավական ակտերը:

(1-ին հոդվածը փոփ. 21.12.2017 ՀՕ-56-Ն)

 

Հոդված 2. Արցախի Հանրապետության հարկային հարաբերությունները կարգավորվում են՝

ա) հարկային օրենսդրությամբ, որը բաղկացած է սույն օրենքից և առանձին հարկատեսակներին վերաբերող օրենքներից,

բ) Արցախի Հանրապետության կառավարության որոշումներով՝ հարկային օրենսդրությամբ սահմանված դեպքերում և սահմաններում,

գ) Արցախի Հանրապետության հարկային պետական վարչությունը (այսուհետ՝ հարկային վարչություն), ինչպես նաև օրենքով սահմանված դեպքում՝ կառավարման այլ մարմինների կողմից ընդունված ակտերով՝ հարկային օրենսդրությամբ կամ Արցախի Հանրապետության կառավարության որոշումներով սահմանված դեպքերում և սահմաններում:

Եթե Արցախի Հանրապետությունում հարկային օրենսդրության և հարկային հարաբերությունները կարգավորող այլ իրավական ակտերով սահմանված դրույթները պարունակում են հակասություններ, երկիմաստություններ կամ տարընթերցումներ, ապա հարկման նպատակով այդ դրույթները մեկնաբանվում են, ինչպես նաև հարկային մարմինների կողմից (գույքահարկի և հողի հարկի դեպքում` նաև տեղական ինքնակառավարման մարմինների կողմից) կիրառվում են հարկ վճարողի օգտին:

Արցախի Հանրապետությունում հարկային օրենսդրության և հարկային հարաբերությունները կարգավորող այլ իրավական ակտերում հակասության, երկիմաստության կամ տարընթերցման դեպքում դրա վերաբերյալ պաշտոնական պարզաբանում ստանալու նպատակով հարկ վճարողը կարող է նաև սահմանված կարգով դիմել հարկային, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմիններ:

(2-րդ հոդվածը լրաց. 31.05.2001 ՀՕ-151, խմբ. 23.06.2004 ՀՕ-123, փոփ. 21.12.2017 ՀՕ-56-Ն)

 

Հոդված 3. Հարկը պետական և հասարակական կարիքների բավարարման նպատակով համապարտադիր և անհատույց վճար է, որը գանձվում է ֆիզիկական և իրավաբանական անձանցից (այդ թվում՝ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանցից, օտարերկրյա իրավաբանական անձանց հիմնարկներից, օտարերկրյա իրավաբանական անձանց մասնաճյուղերից, ներկայացուցչություններից), հիմնարկներից, տեղական ինքնակառավարման մարմիններից՝ հարկային օրենսդրությամբ նախատեսված կարգով, չափերով և սահմանված ժամկետներում:

(3-րդ հոդվածը փոփ. 06.02.2002 ՀՕ-187)

 

Հոդված 4. Սույն օրենքով սահմանված հարկերը վճարվում են Արցախի Հանրապետության պետական և (կամ) համայնքների բյուջեներ:

(4-րդ հոդվածը փոփ. 21.12.2017 ՀՕ-56-Ն)

 

Հոդված 5. Արցախի Հանրապետությունում գործում է միասնական հարկային համակարգ: Արցախի Հանրապետությունում ֆիզիկական և իրավաբանական անձինք (այդ թվում՝ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք, օտարերկրյա իրավաբանական անձանց հիմնարկները, օտարերկրյա իրավաբանական անձանց մասնաճյուղերը, ներկայացուցչությունները), հիմնարկները, տեղական ինքնակառավարման մարմինները (այսուհետ՝ հարկ վճարողներ) պարտավոր են վճարել հարկեր, եթե հարկային օրենսդրությամբ այլ բան չի նախատեսված:

(5-րդ հոդվածը փոփ. 06.02.2002 ՀՕ-187, 21.12.2017 ՀՕ-56-Ն)

 

Հոդված 6. Արցախի Հանրապետության առանձին հարկատեսակների մասին օրենքներով սահմանված դեպքերում հարկի վճարման պարտավորությունը կարող է դրվել հարկային գործակալի վրա:

Հարկային գործակալը հարկ վճարողներին եկամուտներ վճարող (հատկացնող կամ բնամթերային ձևով տրամադրող) իրավաբանական անձն է (այդ թվում՝ օտարերկրյա իրավաբանական անձի հիմնարկը, օտարերկրյա իրավաբանական անձի մասնաճյուղը կամ ներկայացուցչությունը), անհատ ձեռնարկատերը, հիմնարկը, տեղական ինքնակառավարման մարմինը, որի վրա, օրենքի համաձայն, դրված է հարկ վճարողներին եկամուտներ վճարելիս (հատկացնելիս կամ տրամադրելիս) նրանց եկամուտներից հարկերը (այդ թվում՝ անուղղակի) հաշվարկելու, պահելու (գանձելու) և Արցախի Հանրապետության պետական և համայնքների բյուջեներ վճարելու պարտավորությունը:

(6-րդ հոդվածը խմբ. 06.02.2002 ՀՕ-187, լրաց. 22.12.2004 ՀՕ-161, փոփ. 27.12.2011 ՀՕ-93-Ն, 21.12.2017 ՀՕ-56-Ն)

 

Հոդված 7. Հարկ վճարողների հաշվառման կարգը սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը: Հարկ վճարողների հաշվառումն իրականացնում են հարկային մարմինները:

(7-րդ հոդվածը փոփ. 21.12.2017 ՀՕ-56-Ն)

 

Հոդված 8. Հարկի դրույքաչափի փոփոխությունը, հարկի սահմանումը կամ վերացումը կատարվում է միայն ֆինանսական տարվա սկզբից (հաշվետու ֆինանսական տարվա ընթացքում պետական բյուջեի հաստատման դեպքում՝ հաստատման պահից), եթե առանձին հարկատեսակի մասին օրենքով այլ բան չի սահմանվում:

Հարկի դրույքաչափի փոփոխություն, նոր հարկատեսակի սահմանում նախատեսող օրենքները, եթե դրանք պարունակում են հարկ վճարողի գործելու պայմանները խստացնող դրույթներ, ուժի մեջ են մտնում դրանց պաշտոնական հրապարակումից ոչ շուտ, քան 30 օր հետո:

(8-րդ հոդվածը լրաց. 21.02.2007 ՀՕ-17)

 

Հոդված 9. Հարկվող միևնույն օբյեկտը հաշվետու ժամանակաշրջանում նույն տեսակի հարկով կարող է հարկվել միայն մեկ անգամ:

 

Հոդված 10. Հարկերը վճարվում են հայկական դրամով՝ հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով:

(10-րդ հոդվածը խմբ. 12.10.1999 ՀՕ-71)

 

Հոդված 11. Արցախի Հանրապետությունում հարկ վճարողների՝ Արցախի Հանրապետությունից դուրս ստացած եկամտի (շահույթի) գումարը, սեփականության իրավունքով նրանց պատկանող գույքի արժեքը ներառվում է Արցախի Հանրապետությունում հարկման ենթակա եկամտի (շահույթի) ընդհանուր գումարի, գույքի ընդհանուր արժեքի մեջ և հաշվի են առնվում հարկերի չափը որոշելիս, եթե հարկային օրենսդրությամբ այլ բան չի նախատեսված:

Արցախի Հանրապետությունում հարկ վճարողի եկամտի (շահույթի) գումարից, սեփականության իրավունքով նրանց պատկանող գույքի արժեքից գանձվող հարկերը նվազեցվում են հարկերի այն գումարների չափերով, որոնք Արցախի Հանրապետության հարկ վճարողներից գանձվել են օտարերկրյա պետություններում՝ նրանց օրենսդրությանը համապատասխան: Ընդ որում, նվազեցվող գումարների չափը չի կարող գերազանցել օտարերկրյա պետություններում ստացված եկամտից (շահույթից), այդ պետություններում գտնվող գույքի արժեքից Արցախի Հանրապետությունում վճարման ենթակա հարկի գումարները:

(11-րդ հոդվածը փոփ. 21.12.2017 ՀՕ-56-Ն)

 

Հոդված 111. Հարկման նպատակով փոխկապակցված անձինք ֆիզիկական և իրավաբանական անձինք են, որոնք կարող են ազդեցություն ունենալ ֆիզիկական և իրավաբանական անձանց ձեռնարկատիրական գործունեության վրա:

Իրավաբանական անձի փոխկապակցված անձինք են՝

- կառավարման մարմնի անդամը, ինչպես նաև միանձնյա գործադիր մարմնի իրավասություններն իրականացնող անձը,

- անձը, որը պատկանում է անձանց խմբին, որին պատկանում է տվյալ իրավաբանական անձը,

- անձինք, որոնք իրավունք ունեն տնօրինել տվյալ իրավաբանական անձի կանոնադրական կապիտալի կամ քվեարկող փայաբաժնի 20 տոկոսից ավելին,

- իրավաբանական անձը, որի մեջ տվյալ իրավաբանական անձն իավունք ունի տնօրինել նրա կանոնադրական կապիտալի կամ քվեարկող փայաբաժնի 20 տոկոսից ավելին,

- իրավաբանական անձը, որի քվեարկող փայաբաժնի 20 տոկոսից ավելին տնօրինող անձը կամ անձանց խումբը միաժամանակ տնօրինում է տվյալ իրավաբանական անձի քվեարկող փայաբաժնի 20 տոկոսից ավելին:

Անհատ ձեռնարկատիրոջ փոխկապակցված անձինք են՝

- անձը, որն ընդգրկված է անձանց խմբի մեջ, որին պատկանում է տվյալ անհատ ձեռնարկատերը,

- իրավաբանական անձը, որի մեջ անհատ ձեռնարկատերն իրավունք ունի տնօրինել տվյալ իրավաբանական անձի կանոնադրական կապիտալի կամ քվեարկող փայաբաժնի 20 տոկոսից ավելին:

Սույն հոդվածի կիրառման իմաստով անձանց խումբ է համարվում իրավաբանական և (կամ) ֆիզիկական անձանց խումբը, որը բավարարում է հետևյալ պայմաններից որևէ մեկը.

- անձը կամ մի քանի անձինք պայմանագրի (համաձայնեցված գործողությունների) արդյունքում օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունեն ուղղակի կամ անուղղակի կերպով տնօրինել (այդ թվում՝ առուվաճառքի, լիազորագրային կառավարման, համատեղ գործունեության պայմանագրերի, հանձնարարականի կամ այլ գործարքների միջոցով) իրավաբանական անձի կանոնադրական կապիտալի կամ քվեարկող փայաբաժնի 50 տոկոսից ավելին,

- անձը կամ մի քանի անձինք պայմանագրի հիման վրա կամ այլ ձևով հնարավորություն են ստանում կանխորոշել այլ անձի կամ անձանց կողմից ընդունվող որոշումները (այդ թվում՝ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու պայմանները) կամ իրականացնել գործադիր մարմնի իրավասությունները,

- անձն իրավունք ունի նշանակել միանձնյա գործադիր մարմին և (կամ) իրավաբանական անձի կոլեկտիվ գործադիր մարմնի կազմի կեսից ավելին, և (կամ) նրա առաջարկությամբ ընտրվել է իրավաբանական անձի կառավարման մարմնի կազմի կեսից ավելին,

- ֆիզիկական անձն իրականացնում է իրավաբանական անձի գործադիր մարմնի իրավասությունները,

- նույն իրավաբանական անձի առաջարկությամբ ընտրված ֆիզիկական անձինք, նրանց ամուսինները, ծնողները, երեխաները, եղբայրները, քույրերը և (կամ) այլ անձինք կազմում են երկու կամ ավելի իրավաբանական անձանց կառավարման մարմնի կազմի կեսից ավելին կամ նույն իրավաբանական անձի առաջակությամբ ընտրված են մեկից ավելի իրավաբանական անձանց կառավարման մարմնի կազմի կեսից ավելին,

- նույն ֆիզիկական անձինք, նրանց ամուսինները, ծնողները, երեխաները, եղբայրները, քույրերը և (կամ) իրավաբանական անձինք իրավունք են ստանում տնօրինել մեկից ավելի իրավաբանական անձանց քվեարկող փայաբաժնի կեսից ավելին,

- ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձինք իրավունք ունեն ինքնուրույն կամ իրենց ներկայացուցիչների միջոցով գումարային տնօրինել մեկ իրավաբանական անձի կանոնադրական կապիտալի քվեարկող փայաբաժնի կեսից ավելին, և միաժամանակ նույն ֆիզիկական անձինք, նրանց ամուսինները, ծնողները, երեխաները, եղբայրները, քույրերը և (կամ) նույն իրավաբանական անձի կողմից առաջարկված անձինք կազմում են իրավաբանական անձի կառավարման մարմնի կազմի կեսից ավելին,

- ֆիզիկական անձինք ամուսիններ են, ծնողներ, երեխաներ, եղբայրներ կամ քույրեր:

(111-ին հոդվածը լրաց. 31.05.2001 ՀՕ-151, խմբ. 26.02.2003 ՀՕ-36)

 

ԳԼՈՒԽ  2

ՀԱՐԿԵՐԻ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ 

 

Հոդված 12. Արցախի Հանրապետությունում սահմանվում են հարկերի հետևյալ տեսակները՝

շահութահարկ,

եկամտային հարկ,

ակցիզային հարկ,

ավելացված արժեքի հարկ,

գույքահարկ,

հողի հարկ,

դրոշմանիշային վճար:

Օրենքով կարող են սահմանվել վերոհիշյալ հարկատեսակներից մեկին կամ խմբին փոխարինող հաստատագրված վճարներ կամ առևտրի հարկ կամ արտոնագրային վճարներ: Սույն պարբերության դրույթը չի տարածվում դրոշմանիշային վճարի վրա:

Դրոշմանիշային վճար վճարողների շրջանակը, վճարի չափը, վճարի հաշվարկման, վճարման, գանձման կարգն ու ժամկետները, ինչպես նաև վճարի գծով արտոնությունները սահմանվում են «Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Արցախի Հանրապետության օրենքով:

(12-րդ հոդվածը լրաց. 26.02.2003 ՀՕ-36, 27.12.2011 ՀՕ-93-Ն, փոփ. 26.12.2013 ՀՕ-92-Ն, 21.12.2017 ՀՕ-56-Ն, փոփ., լրաց. 21.12.2017 ՀՕ-79-Ն)

 

Հոդված 13. Հարկային օրենսդրությամբ կարող են սահմանվել հարկային արտոնությունների հետևյալ տեսակները՝

հարկվող օբյեկտի նվազեցում,

հարկի դրույքաչափի նվազեցում,

հարկի նվազեցում,

հարկի հաշվարկման ժամկետի հետաձգում,

հարկի վճարման ժամկետի հետաձգում,

հարկային օրենսդրությունը և Արցախի Հանրապետությունում հարկային հարաբերությունները կարգավորող մյուս իրավական ակտերը խախտելու համար հաշվարկված հարկային օրենսդրությամբ սահմանված տույժերից և տուգանքներից ազատում, նվազեցում, վճարման ժամկետների հետաձգում:

Հարկային օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով հարկ վճարողներին փոխհատուցվում է վճարված (գանձված) հարկի գումարը:

Հարկային արտոնությունները սահմանվում են օրենքով, եթե առանձին հարկերի տեսակների մասին օրենքներով այլ բան չի նախատեսված:

Գործող հարկային արտոնության դադարեցման կամ փոփոխման դեպքում սահմանվում է տվյալ արտոնությունից օգտվող հարկ վճարողների նկատմամբ դրա կիրառման կարգը:

Առանձին հարկատուների կամ հարկատուների խմբերի համար Արցախի Հանրապետության կառավարությունը, համաձայնեցնելով Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի հանձնաժողովի հետ, կարող է սահմանել հարկերի, ինչպես նաև դրանց գծով օրենքով սահմանված կարգով հաշվարկված տույժերի և տուգանքների վճարման ժամկետների հետաձգում կամ տարաժամկետում:

(13-րդ հոդվածը փոփ., լրաց. 29.12.1999 ՀՕ-89, լրաց. 21.02.2007 ՀՕ-17, 12.12.2007 ՀՕ-91, փոփ. 21.12.2017 ՀՕ-56-Ն)

 

Հոդված 13.1.

 

1. Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից օրենքով սահմանված կարգով հաշվարկված հարկերի գումարը Արցախի Հանրապետության կամ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությունից կամ պետության ստեղծած հիմնադրամից մինչև 2020 թվականի հոկտեմբերի 1-ը կնքված վարկային (փոխառության) պայմանագրերի հիման վրա ստացված ձեռնարկատիրական վարկերի (փոխառությունների) և դրանց սպասարկման համար վճարված տոկոսների փոխհատուցման նպատակով վերադարձվում է կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից տվյալ եռամսյակի կամ տվյալ կիսամյակի համար հաշվարկված հարկերի հանրագումարի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան վարկի (փոխառության) և դրա սպասարկման համար վճարված տոկոսների գումարը` հաշվի առնելով սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված սահմանափակումները:

2. Սույն հոդվածի 1-ին մասի դրույթները՝

1) չեն տարածվում վարկային կազմակերպությունների, բանկերի, գրավատների, բնական գազի ներկրման, փոխադրման, բաշխման և գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայությունների մատուցման, էլեկտրական էներգիայի ներկրման, հաղորդման, բաշխման և արտահանման, մետաղական օգտակար հանածոների արդյունահանման և (կամ) մետաղի խտանյութի արտադրության (վերամշակման) լիցենզավորված գործունեություն իրականացնող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի վրա.

2) տարածվում են սույն օրենքի 12-րդ հոդվածով սահմանված հետևյալ հարկատեսակների վրա`

ա. շահութահարկ,

բ. եկամտային հարկ,

գ. ակցիզային հարկ,

դ. ավելացված արժեքի հարկ,

ե. հաստատագրված վճարներ,

զ. առևտրի հարկ:

3. Սույն հոդվածով նախատեսված գումարները`

1) վարկային (փոխառության) պայմանագրի համաձայն՝ ամսական կամ եռամսյակային վճարումներ կատարող կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին ենթակա են վերադարձման եռամսյակային, վարկային (փոխառության) պայմանագրի համաձայն կիսամյակային վճարումներ կատարող կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին, ինչպես նաև կիսամյակային հաշվարկ-հաշվետվություն ներկայացնող անհատ ձեռնարկատերերին` կիսամյակային պարբերականությամբ.

2) կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին ենթակա են վերադարձման, եթե կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերն ամբողջությամբ կատարել է տվյալ եռամսյակի կամ տվյալ կիսամյակի համար սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում նշված հարկատեսակների գծով հարկային պարտավորությունները:

4. Սույն հոդվածով նախատեսված գումարներից վերադարձման ենթակա գումարների առավելագույն չափերը որոշելիս հաշվետու տարվա եռամսյակները և կիսամյակները դիտարկվում են առանձին-առանձին:

5. Եթե սույն հոդվածով նախատեսված գումարները վերադարձնելուց հետո սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում նշված հարկատեսակներից որևէ մեկի կամ մի քանիսի մասով հարկային մարմին է ներկայացվում ճշտված հաշվարկ, կամ ստուգման արդյունքում կամ դատարանի որոշման հիման վրա փոխվում է հարկային մարմին ներկայացված հաշվարկներով հայտարարագրված հարկային պարտավորությունը, որի արդյունքում`

1) համապատասխան եռամսյակի կամ կիսամյակի համար կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից հարկային մարմին ներկայացված հաշվարկներով նախկինում հայտարարագրված հարկերի պարտավորությունը նվազում է կազմակերպությանը կամ անհատ ձեռնարկատիրոջը վերադարձված հարկերի գումարից, ապա փաստացի վերադարձված և ճշտված հարկերի գումարի տարբերության չափով հարկերի վերադարձման օրվա դրությամբ կազմակերպությանը կամ անհատ ձեռնարկատիրոջն առաջադրվում է տվյալ հարկատեսակի գծով պարտավորություն.

2) համապատասխան եռամսյակի կամ կիսամյակի համար կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից հարկային մարմին ներկայացված հաշվարկներով նախկինում հայտարարագրված հարկերի պարտավորությունն ավելանում է, ապա կատարվում է սույն հոդվածի համաձայն հարկերի վերադարձվող գումարի առավելագույն չափի վերահաշվարկ:

6. Սույն հոդվածով նախատեսված` կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին հարկի գումարների վերադարձման կարգը սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը:

(13.1-ին հոդվածը լրաց. 11.02.21 ՀՕ-24-Ն)

(13.1-ին հոդվածի դրույթները գործելու են մինչև 2023թ-ի դեկտեմբերի 31-ը ներառյալ` համաձայն  11.02.21 ՀՕ-24-Ն)

 

 

ԳԼՈՒԽ  3

ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԵՎ ՀԱՐԿԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 14. Հարկ վճարողն իրավունք ունի՝

ա) ծանոթանալ իր գործունեության ստուգումների ակտերին,

բ) հարկային մարմիններին ներկայացնել բացատրություններ հարկերի հաշվարկման ու վճարման և ստուգումների արդյունքների վերաբերյալ,

գ) օրենքով սահմանված կարգով գանգատարկել հարկային մարմինների պաշտոնատար անձանց գործողությունները,

դ) առանձին հարկատեսակի մասին օրենքով նախատեսված դեպքերում սահմանված կարգով դիմել հարկային արտոնություն ստանալու համար,

ե) սահմանված կարգով դիմել հարկային մարմին` պարզաբանում ստանալու համար:

(14-րդ հոդվածը լրաց. 16.12.2010 ՀՕ-65-Ն)

 

Հոդված 15. Հարկ վճարողը պարտավոր է՝

ա) Արցախի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով իրականացնել հաշվապահական հաշվառում (հարկային օրենսդրությամբ կամ Արցախի Հանրապետության կառավարության որոշումներով նախատեսված դեպքերում՝ նաև այլ հաշվառում և (կամ) գրանցումներ), կազմել հաշվետվություններ՝ իր ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ,

բ) հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով հարկային օրենսդրությամբ այլ բան սահմանված չլինելու դեպքում, ինքնուրույն հաշվարկել սահմանված հարկերի գումարները և իրականացնել դրանց վճարումը բյուջե,

գ) սահմանված ժամկետներում հարկային մարմիններին ներկայացնել (մասնավորապես ներկայացնել էլեկտրոնային եղանակով` համաձայն սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող 2-րդ հավելվածի, կամ ուղարկել փոստով, կամ հանձնել ըստ պատկանելության) հարկային օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները, հաշվարկները, այլ փաստաթղթեր և տեղեկություններ, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի,

դ) ժամանակին վճարել օրենքով սահմանված հարկերը՝ հարկային օրենսդրությամբ նախատեսված դեպքերում սահմանված կարգով կատարելով նաև դրանց կանխավճարային մուծումները,

ե) անհրաժեշտ պայմաններ ապահովել հարկային մարմինների կողմից իրականացվող ստուգումների (ուսումնասիրությունների) համար,

զ) ներկայացնել հարկային արտոնությունների՝ իր իրավունքը հաստատող փաստաթղթերը,

է) հարկային մարմինների ստուգումների (ուսումնասիրությունների) հետևանքով բացահայտված, թաքցված կամ պակաս ցույց տրված հարկվող օբյեկտի գումարի չափով ուղղումներ (ճշգրտումներ) կատարել հաշվապահական հառվառման (հարկային օրենսդրությամբ կամ Արցախի կառավարության որոշումներով նախատեսված դեպքերում՝ նաև այլ հաշվառմանը և (կամ) գրանցումներին վերաբերվող) փաստաթղթերում,

ը) հարկային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի` ոչ ռուսերեն և անգլերեն լեզվով լրացված (կազմված) օրինակներին կից ապահովել դրանց հայերեն թարգմանված տարբերակները.

թ) իր գործունեության իրականացման յուրաքանչյուր հասցեում առավել տեսանելի տեղում (իսկ գտնվելու և (կամ) կառավարման որոշումների ընդունման, օպերատիվ ֆինանսական ղեկավարման վայրերում` համապատասխան ցուցանակների վրա) փակցնել հարկային մարմնի սահմանած ձևի հայտարարություն` նշելով հարկ վճարողի լրիվ անվանումը (անհատ ձեռնարկատերերի դեպքում` ֆիզիկական անձի անունը, հայրանունը, ազգանունը), հարկ վճարողի հաշվառման համարը, գործունեության տվյալ վայրի հասցեն և տվյալ հասցեում իրականացվող գործունեության տեսակը (տեսակները):

Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական գրանցում ստացած կազմակերպությունները և հաշվառված անհատ ձեռնարկատերերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գրանցված կազմակերպությունները գրանցում (հաշվառում) ստանալու պահից համարվում են հաշվառված հարկային մարմնում: Անուղղակի հարկեր վճարողների համար Արցախի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել առանձին հաշվառման կարգ:

(15-րդ հոդվածը լրաց. 31.05.2001 ՀՕ-151, 23.06.2004 ՀՕ-123, 24.12.2008 ՀՕ-81-Ն, խմբ. 26.12.2012 ՀՕ-38-Ն, փոփ. 26.12.2013 ՀՕ-92-Ն, խմբ. 20.04.2015 ՀՕ-28-Ն, փոփ. 21.12.2017 ՀՕ-56-Ն, լրաց. 29.09.22 ՀՕ-62-Ն)

 

Հոդված 15.1. Սույն օրենքի 15-րդ հոդվածի «գ» կետի համաձայն` էլեկտրոնային եղանակով հարկային օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունների, այլ փաստաթղթերի և տեղեկությունների ներկայացումը 2014 թվականի հունվարի 1-ից պարտադիր է կազմակերպությունների և եկամտային հարկ վճարող հանդիսացող անհատ ձեռնարկատերերի համար:

Սույն հոդվածով սահմանված եղանակով և ժամկետներում հաշվարկը, հայտարարագիրը կամ օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթուղթ հարկային մարմին չներկայացնելն առաջացնում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսգրքով և սույն օրենքի 24-րդ հոդվածով սահմանված պատասխանատվություն:

(15.1-ին հոդվածը լրաց. 26.12.2013 ՀՕ-92-Ն)

 

Հոդված 16. Հարկային պարտավորությունը ներառում է հարկերի (այդ թվում՝ թաքցված կամ պակաս ցույց տրված հարկվող օբյեկտի համար նախատեսված), ինչպես նաև հարկային օրենսդրությունը և Արցախի Հանրապետությունում հարկային հարաբերությունները կարգավորող մյուս իրավական ակտերը խախտելու համար հաշվարկված՝ հարկային օրենսդրությամբ սահմանված տույժերի և տուգանքների գումարների վճարումը:

Հարկային պարտավորությունը դադարում է՝

1) երբ այն կատարվում է.

2) երբ սահմանվում է հարկային պարտավորության գծով ազատման կամ նվազեցման հարկային արտոնություն` ազատված կամ նվազեցված պարտավորության չափով.

3) երբ իրավաբանական անձի կամ ֆիզիկական անձի սնանկության գործը դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով ավարտվում է, և բացակայում է որևէ անձ, որը, սույն օրենքի համաձայն, պատասխանատվություն է կրում հարկային պարտավորության կատարման համար.

4) երբ այն դառնում է անհուսալի և անհուսալի դառնալուց հետո՝ հինգ տարվա ընթացքում չի գանձվում.

5) երբ ֆիզիկական անձը մահանում է, եթե օրենսդրությամբ այլ բան չի սահմանված:

Չկատարված հարկային պարտավորությունները համարվում են անհուսալի և դրանց մասով վարվում է առանձնացված հաշվառում հետևյալ դեպքերում`

ա) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց հարկային պարտավորությունների մասով, եթե այդ պարտավորությունների բռնագանձման կատարողական վարույթներն ավարտվել են պարտապանի կամ նրա գույքի գտնվելու վայրը պարզելու անհնարինության, պարտապանը գույք կամ եկամուտներ չունենալու, կամ պահանջատիրոջ պահանջները բավարարելու համար բավարար գույք չունենալու հիմքով.

բ) իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի` 1 000 000 ՀՀ դրամը չգերազանցող հարկային պարտավորությունների մասով, եթե այդ պարտավորությունների բռնագանձման կատարողական վարույթներն ավարտվել են պարտապանի կամ նրա գույքի գտնվելու վայրը պարզելու անհնարինության, պարտապանը գույք կամ եկամուտներ չունենալու, կամ պահանջատիրոջ պահանջները բավարարելու համար բավարար գույք չունենալու հիմքով, եթե բացակայում են անհատ ձեռնարկատիրոջը սնանկ ճանաչելու հիմքերը.

գ) անհատ ձեռնարկատիրոջ հարկային պարտավորությունների մասով` սնանկության վերաբերյալ գործն ավարտելու մասին դատարանի վճռի հիման վրա անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարման պետական գրանցման կամ պետական հաշվառումից հանման դեպքում:

Անհուսալի դառնալուց հետո` հինգ տարվա ընթացքում, չգանձված պարտավորությունները դադարում են և հանվում հաշվառումից: Անհուսալի համարվող հարկային պարտավորությունների հաշվառման և հաշվառումից հանելու կարգը սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը:

Իրավաբանական անձի, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկության վերակազմավորման (վերակառուցման) դեպքում չկատարված հարկային պարտավորությունը կրում է նրա իրավահաջորդը (իրավահաջորդները):

Իրավաբանական անձի, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկության լուծարման կամ անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցման կամ պետական հաշվառումից հանման վերաբերյալ որոշումները ընդունող լիազորված մարմինները լուծարման (գործունեության դադարեցման), պետական հաշվառումից հանման որոշման ընդունման մասին յոթօրյա ժամկետում գրավոր տեղեկացնում են հարկային մարմիններին:

Իրավաբանական անձի լուծարումից հետո հարկային պարտավորությունների հայտնաբերման դեպքում, հարկային մարմնի ներկայացրած հայցի հիման վրա, դրանք դատարանի որոշմամբ կարող են դրվել այդ իրավաբանական անձի որոշումների ընդունման վրա ազդելու հնարավորություն ունեցող հիմնադիրների (մասնակիցների) և (կամ) ղեկավար մարմնի անդամների վրա՝ լուծարմանը նախորդած մեկ տարվա ընթացքում հարկային մարմնից թաքցրած հարկման օբյեկտներից վճարման ենթակա հարկային պարտավորությունների չափով, եթե նշված պարտավորությունները ծագել են այդ անձանց գործողությունների կամ անգործության հետևանքով:

Իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկության լուծարումից կամ անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարումից կամ պետական հաշվառումից հանելուց հետո, հարկային պարտավորությունների հայտնաբերման դեպքում, հարկային մարմնի ներկայացրած հայցի հիման վրա, դրանք դատարանի որոշմամբ կարող են դրվել այդ ձեռնարկության հիմնադիրների (մասնակիցների) կամ գործունեությունը դադարեցրած կամ հաշվառումից հանված անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի վրա` լուծարմանը կամ հաշվառումից հանմանը նախորդած մեկ տարվա ընթացքում հարկային մարմնից թաքցրած հարկման օբյեկտներից վճարման ենթակա հարկային պարտավորությունների չափով:

(16-րդ հոդվածը լրաց. 19.10.2005 ՀՕ-225, լրաց., փոփ. 26.12.2012 ՀՕ-38-Ն, խմբ., փոփ. 21.12.2017 ՀՕ-56-Ն)

 

Հոդված 17. Հարկերի հաշվարկման և վճարման կարգի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Արցախի Հանրապետության հարկային վարչությունը, իսկ հարկային օրենսդրությամբ սահմանված դեպքերում՝ Արցախի Հանրապետության մաքսային վարչությունը:

(17-րդ հոդվածը փոփ. 21.12.2017 ՀՕ-56-Ն)

 

Հոդված 18. Հարկերի հաշվարկման հսկողության և գանձման ընթացքում հարկ վճարողների վերաբերյալ օրենքի խախտմամբ ձեռք բերված տեղեկությունները չեն կարող հիմք հանդիսանալ հարկային պարտավորությունների հաշվարկման և գանձման համար:

 

Հոդված 19. Որևէ տեղեկություն հիմք չի հանդիսանում վճարողի հարկային պարտավորության հաշվարկման և գանձման համար, քանի դեռ նա հնարավորություն չի ունեցել ծանոթանալ դրան և տալ համապատասխան բացատրություններ, բացառությամբ «Սնանկության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին համապատասխան պարտապանի գործունեության կասեցման պահից վերջինիս անունից կառավարչի կողմից հարկային մարմին ներկայացրած` հարկային և այլ պարտադիր վճարների գծով սնանկության վարույթի ընթացքում լրացուցիչ առաջացած պարտավորությունների վերաբերյալ հարկային մարմնի սահմանած ձևով տեղեկատվության, որի հիման վրա հաշվարկվում են պարտապանի հարկային պարտավորությունները:

(19-րդ հոդվածը լրաց. 30.11.2016 ՀՕ-35-Ն)

 

Հոդված 20. Սույն օրենքի իմաստով հարկային մարմին ներկայացվող տեղեկություն է համարվում հարկ վճարողների կողմից իրենց, ինչպես նաև այլ հարկ վճարողների վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված կարգով իրենց մոտ առկա կամ պահվող բացառապես հարկերի հաշվարկմանն առնչվող գործարքների, ապրանքների ֆիզիկական ծավալների, դրանց տեղաշարժի, իրացման փաստացի գների, իրենց կողմից և իրենց հաշվին վճարված եկամուտների, պահված հարկերի, գույքի կամ եկամուտների, հարկման նպատակով անհրաժեշտ այլ տվյալների վերաբերյալ տեղեկությունները, որոնք հարկային մարմին են ներկայացվում օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում:

Հարկային մարմին ներկայացվող տեղեկություն է համարվում նաև երրորդ անձի կողմից ներկայացվող տեղեկությունը (այսուհետ` տեղեկություններ):

Սույն օրենքի իմաստով երրորդ անձ է համարվում պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինը, առևտրային, ոչ առևտրային կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը, նոտարը, որը հարկային մարմին է ներկայացնում այլ հարկ վճարողի կամ այլ ֆիզիկական անձի գործարքի կամ գործառնության կամ գործունեության վերաբերյալ տեղեկություններ:

Հարկ վճարողներն իրենց տնտեսական կամ ձեռնարկատիրական կամ այլ գործունեության վերաբերյալ հաշվետվությունները, հաշվարկները, հայտարարագրերը և այլ փաստաթղթերը ներկայացնում են «Հարկերի մասին» և առանձին հարկատեսակների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով, իսկ օրենքներով նախատեսված դեպքերում` Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Հարկ վճարողները պարտավոր են առանձին ապրանքների արտադրության և շրջանառության ֆիզիկական ծավալների, իրացման փաստացի գների (այդ թվում` միջին), ինչպես նաև մատուցված ծառայությունների ծավալների և դրանց փաստացի սակագների (այդ թվում` միջին) վերաբերյալ հաշվետվություններ ներկայացնել հարկային մարմին: Սույն մասում նշված ապրանքների, ծառայությունների ցանկը և ներկայացման կարգը սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը:

Հարկ վճարողները պարտավոր են հարկային մարմին հարկերի վճարմանն առնչվող տեղեկություններ ներկայացնել իրենց հետ գործառնություններ իրականացնող և (կամ) իրենցից եկամուտ ստացող և (կամ) իրենց եկամուտ վճարող հարկ վճարողների վերաբերյալ` «Հարկերի մասին» և առանձին հարկատեսակների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով:

Ստացված տեղեկության վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն ստանալու նպատակով հարկային մարմինը կարող է գրավոր հարցում կատարել տեղեկություն ներկայացնողին:

Ըստ աղբյուրների` երրորդ անձանց կողմից հարկային մարմին պարտադիր ներկայացվող տեղեկություններն են`

1) Արցախի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի պետական գրանցում (հաշվառում) իրականացնող մարմնի կողմից ներկայացվող տեղեկությունները` իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի պետական գրանցման (հաշվառման) վերաբերյալ.

2) բնակչության պետական ռեգիստր վարող լիազորված մարմնի կողմից ներկայացվող տեղեկությունները` տրված անձնագրերի և նույնացման քարտերի վերաբերյալ.

3) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գործունեության տեսակով զբաղվելու թույլտվություն կամ լիցենզիա տվող լիազորված մարմնի կողմից ներկայացվող տեղեկությունները` տրված թույլտվությունների և (կամ) լիցենզիաների վերաբերյալ.

4) «Արցախի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածով սահմանված ստուգումներ իրականացնելու լիազորություն ունեցող մարմնի կողմից տնտեսավարող սուբյեկտների մոտ իրականացված ստուգումների այն արդյունքների վերաբերյալ տեղեկությունները, որոնք առնչվում են տնտեսավարող սուբյեկտի ֆինանսական կամ տնտեսական գործունեությանը.

5) առևտրային բանկերի կողմից ներկայացվող տեղեկատվությունը` հաճախորդի բացած բանկային հաշիվների վերաբերյալ.

6) գույքի հաշվառում կամ գույքի նկատմամբ իրավունքները գրանցող մարմնի կողմից ներկայացվող հետևյալ տեղեկությունները`

ա. անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման վերաբերյալ,

բ. տրանսպորտային միջոցների, դրանց կցորդների և կիսակցորդների վերաբերյալ,

գ. ջրային, օդային փոխադրամիջոցների վերաբերյալ,

դ. անիվավոր, թրթուրավոր, ինքնագնաց մեքենաների կամ մեխանիզմների, դրանց կցորդների և կիսակցորդների վերաբերյալ.

7) նոտարի կողմից տեղեկությունները հարկային մարմին են ներկայացվում «Նոտարիատի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և կարգով.

8) (կետն ուժը կորցրել է 27.12.2011 ՀՕ-93-Ն)

9) (կետն ուժը կորցրել է 27.12.2011 ՀՕ-93-Ն)

Սույն հոդվածով այլ բան նախատեսված չլինելու դեպքում երրորդ անձանց կողմից պարտադիր ներկայացվող տեղեկությունների և հարկային մարմնի գրավոր հարցման կապակցությամբ տրամադրվող լրացուցիչ տեղեկատվության ներկայացման կարգերը սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը:

Սույն հոդվածով սահմանված` Արցախի Հանրապետության պետական մարմիններից ստացվող տեղեկությունները հարկային մարմինը Արցախի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում և կարգով կարող է ստանալ նշված մարմինների ինքնաշխատ տեղեկատվական բազայից: Հարկ վճարող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց ինքնաշխատ տեղեկատվական բազայից հարկային մարմինը սույն հոդվածով սահմանված տեղեկությունները կարող է ստանալ նշված անձանց և հարկային մարմնի միջև կնքված համաձայնագրի հիման վրա:

Տեղեկություններ կարող են տրամադրվել նաև կամավորության սկզբունքով:

Կամավորության սկզբունքով տրամադրվող տեղեկությունները հիմք կարող են հանդիսանալ հարկային մարմնի կողմից օրենսդրությամբ նախատեսված իր լիազորությունների շրջանակներում համապատասխան գործողություններ կատարելու և օրենքով սահմանված կարգով հարկ վճարողի հարկային պարտավորությունները հաշվարկելու համար:

Կամավորության սկզբունքով հարկային մարմնին տրամադրվող տեղեկությունները հարկային մարմնի կողմից օգտագործվում են բացառապես սույն օրենքի 22-րդ հոդվածով նախատեսված կարգով հարկվող օբյեկտները և հարկային պարտավորությունները հաշվարկելիս և 26-րդ հոդվածով նախատեսված դեպքերում:

Բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները հարկային մարմնին տրամադրվում են օրենքով սահմանված կարգով:

Բանկային, առևտրային և հարկային կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք կազմող տեղեկությունները հարկային մարմինը պահպանում է Արցախի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

(20-րդ հոդվածը լրաց. 06.02.2002 ՀՕ-187, խմբ. 16.12.2010 ՀՕ-65-Ն, խմբ., փոփ. 27.12.2011 ՀՕ-93-Ն, փոփ. 21.12.2017 ՀՕ-56-Ն)

 

Հոդված 201. Տվյալ տարվա հունվարի 1-ի դրությամբ աշխատանքային պայմանագրերով աշխատող (այսուհետ` վարձու աշխատող) չունեցող, լիցենզավորման ենթակա գործունեություն չիրականացնող և լիցենզիա չունեցող այն անհատ ձեռնարկատերերը, որոնց նախորդ տարվա ընթացքում մատակարարված ապրանքների և մատուցված ծառայությունների իրացման շրջանառության ընդհանուր գումարը չի գերազանցել 36 միլիոն դրամը, յուրաքանչյուր տարվա մինչև հունվարի 20-ը ներառյալ իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում Արցախի Հանրապետության հարկային մարմնի սահմանած ձևով հայտարարագիր` հարկային օրենսդրությամբ նախատեսված հաշվարկ-հաշվետվությունները և այլ տեղեկությունները կիսամյակային ներկայացնելու համար: Անկախ սույն մասում նշվածից` «Հաստատագրված վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված հայտարարությունները ներկայացվում են այդ օրենքով սահմանված ժամկետներում:

Անկախ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետից` նոր ստեղծված (հաշվառված) և (կամ) վկայականը հարկային մարմին հանձնած անհատ ձեռնարկատերերը հայտարարագիրը հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում հաշվառման և (կամ) վկայականի հետ՝ ստացման օրվանից մեկամսյա ժամկետում:

Հայտարարագրվող ժամանակահատվածում վարձու աշխատող ունենալու և (կամ) լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու և (կամ) լիցենզիա ունենալու դեպքում անհատ ձեռնարկատերերը փաստը տեղի ունենալու կիսամյակին հաջորդող ամսվա 1-ից մինչև տվյալ տարվա վերջը հաշվարկ-հաշվետվությունները և այլ տեղեկությունները ներկայացնում են այդ հարկատեսակների մասին օրենքներով սահմանված ընդհանուր կարգով, բացառությամբ «Եկամտային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված` վարձու աշխատողի և պայմանագրային եկամուտ ստացող ֆիզիկական անձի անհատական տվյալների գրանցման հայտի և եկամտային հարկի հաշվարկի, որոնք ներկայացվում են փաստը տեղի ունենալու ամսվանից սկսած` այդ օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:

(201-ին հոդվածը լրաց. 24.06.2009 ՀՕ-29-Ն, լրաց., փոփ. 16.12.2010 ՀՕ-65-Ն, փոփ. 27.12.2011 ՀՕ-93-Ն, լրաց. 26.12.2013 ՀՕ-92-Ն, փոփ. 21.12.2017 ՀՕ-56-Ն)

 

Հոդված 20.2.

1. Նոր ստեղծված (պետական գրանցում ստացած կամ հաշվառված) և հարկային մարմնում հավաստագրված հարկ վճարողները, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասում նշված դեպքերի` գործունեությունը սկսելու ամսվանից երեք ամսվա ընթացքում (այսուհետ` հավաստագրի գործողության ժամկետ) ազատվում են «Առևտրի հարկի մասին», «Հաստատագրված վճարների մասին» և «Արտոնագրային վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով սահմանված` առևտրի հարկի, հաստատագրված վճարի և արտոնագրային վճարի կատարումից: Սույն մասի կիրառման առումով գործունեությունը սկսելու ամիսն ընդունվում է որպես ամբողջական ամիս` անկախ գործունեությունը սկսելու ամսաթվից:

2. Սույն հոդվածի 1-ին մասի դրույթները չեն տարածվում`

1) այն հարկ վճարողների վրա, ովքեր ստեղծվել են այլ հարկ վճարողի վերակազմակերպման արդյունքում կամ այլ հարկ վճարողի դուստր ընկերություն են.

2) այն ֆիզիկական անձանց (այդ թվում` անհատ ձեռնարկատերերի) վրա, ովքեր հաշվառվել են գործունեության դադարեցումից հետո և գործում են նախկինում տրամադրված հարկ վճարողի հաշվառման համարի ներքո.

3) այն հարկ վճարողների վրա, որոնց կանոնադրական կապիտալում բաժնետոմսերի, բաժնեմասերի կամ փայերի սեփականատերը ունի այլ առևտրային կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի 20 տոկոս և ավելի փայաբաժին (բաժնետոմս, բաժնեմաս), որը դիմումի ներկայացման պահին իրականացնում է նույնատիպ գործունեություն.

4) այն հարկ վճարողների վրա, ովքեր երրորդ անձանցից (այդ թվում` պետական մարմիններից) ստացված տեղեկությունների հիման վրա` ընդհանուր տնտեսական շահերից ելնելով` համաձայնեցված գործելու հիմքով վերադաս հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ ճանաչվել են այլ հարկ վճարողի հետ փոխկապակցված.

5) այն հարկ վճարողների վրա, որոնց «Առևտրի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված` առևտրի հարկով հարկվող գործունեությունից իրացման շրջանառությունը հավաստագրի գործողության ժամկետում գերազանցել է 30 000 000 ՀՀ դրամը (գերազանցման պահից նրանց նկատմամբ դադարեցվում է արտոնությունը և գերազանցող մասի համար առևտրի հարկը հաշվարկվում է «Առևտրի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, չափով և ժամկետներում).

6) «Հաստատագրված վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի «գ.1»,  «ժգ», «ժդ», «ժէ» և (կամ) «ժը» կետերով գործունեություն իրականացնող հարկ վճարողների վրա` նշված գործունեությունների մասով.

7) այն հարկ վճարողների վրա, ովքեր գործունեություն են իրականացնում Արցախի Հանրապետության տարածքից դուրս.

8) այն հարկ վճարողների վրա, ովքեր մինչև սույն հոդվածով սահմանված դիմումի ներկայացումը իրականացրել են օրենսդրությամբ չարգելված` ցանկացած տեսակի ձեռնարկատիրական գործունեություն:

Հավաստագրի գործողության ժամկետում սույն մասի 5-րդ կետով սահմանված փաստը տեղի ունենալու դեպքում հավաստագրված անձը պարտավոր է դիմել հարկային մարմին` հավաստագրի գործողության դադարեցման կամ փոփոխության համար:

3. Սույն հոդվածի 1-ին մասում նշված պահանջները բավարարող հարկ վճարողները նախապես` մինչև գործունեությունը սկսելը, հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում`

1) դիմում հավաստագիր ստանալու մասին.

2) հարկային մարմնի սահմանած ձևի հայտարարություն` սույն հոդվածի պահանջների բավարարման վերաբերյալ:

4. Հարկային մարմինը դիմումը ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում հարկ վճարողին է տրամադրում հավաստագիր կամ մերժում հավաստագրի տրամադրումը` նշելով մերժման հիմքերը:

5. Սույն հոդվածի 1-ին մասում նշված հարկ վճարողների համար հավաստագրի գործողության ժամկետում պահպանվում է այդ օրենքներով սահմանված հաշվարկների, հայտարարագրերի և այլ տեղեկությունների ներկայացման պարտավորությունը, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված այլ հարկերի, պարտադիր վճարների և տուրքերի հաշվարկման ու վճարման կարգը:

5.1. Հավաստագրի գործողության ժամկետում գործունեությունը դադարեցնելու դեպքում հարկ վճարողը կարող է դիմել հարկային մարմին` հավաստագրի գործողության կասեցման համար` վերադարձնելով հավաստագրի իր օրինակը: Հարկային մարմինը մեկ աշխատանքային օրվա ընթացքում դիմումը ներկայացնելու ամսվան հաջորդող ամսվանից մինչև հավաստագրով ներառված ժամկետի ավարտը կասեցնում է հավաստագրի գործողությունը:

5.2. Սույն հոդվածի 5.1-ին մասում նշված հարկ վճարողները գործունեությունը վերսկսելիս առնվազն մեկ աշխատանքային օր առաջ դիմում են հարկային մարմին` հավաստագրի գործողությունը կասեցումից հանելու նպատակով: Հարկային մարմինը մեկ աշխատանքային օրվա ընթացքում արտոնությունից չօգտված ամիսների համար հարկ վճարողին տրամադրում է նոր հավաստագիր:

6. Սույն հոդվածի պահանջների խախտմամբ արտոնությունից օգտվելու դեպքում, հարկ վճարողները պետական բյուջե են վճարում արտոնության գործողության ընթացքում որպես հարկային արտոնություն ստացված և պետական բյուջե չվճարված հարկերի (վճարների) գումարները, ինչպես նաև հարկային հարաբերությունները կարգավորող օրենքներով սահմանված պատասխանատվության միջոցները:

7. Հավաստագրի տրամադրման կարգը և ձևը սահմանում է հարկային մարմինը:

(20.2-րդ հոդվածը լրաց. 23.12.2015 ՀՕ-63-Ն, փոփ. 21.12.2017 ՀՕ-56-Ն, լրաց. 20.12.2018 ՀՕ-83-Ն, 11.02.21 ՀՕ-24-Ն, փոփ. 23.11.22 ՀՕ-94-Ն)

 

ԳԼՈՒԽ 4

ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 21. Հարկային օրենսդրության խախտումն առաջացնում է պատասխանատվություն՝ Արցախի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով:

(21-րդ հոդվածը փոփ. 21.12.2017 ՀՕ-56-Ն)

 

Հոդված 22. Հարկերը ճիշտ հաշվարկելու, ժամանակին վճարելու և հարկային օրենսդրության մյուս պահանջները պահպանելու պատասխանատվությունը, հարկային օրենսդրությամբ այլ բան սահմանված չլինելու դեպքում, կրում են հարկ վճարողները և դրանց (ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների)՝ Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պաշտոնատար անձինք:

 Եթե հարկ վճարողը չի ներկայացնում հարկվող օբյեկտների գծով հաշվապահական հաշվառման (հարկային օրենսդրությամբ կամ Արցախի Հանրապետության կառավարության որոշումներով նախատեսված դեպքերում՝ նաև այլ հաշվառմանը և (կամ) գրանցումներին վերաբերող) սահմանված փաստաթղթերը կամ դրանք վարում է սահմանված կարգի կոպիտ խախտումներով, կամ ակնհայտ կեղծ տվյալներ է մտցնում հարկային մարմիններին ներկայացրած հաշվետվություններում, հաշվարկներում, հայտարարագրերում և այլ փաստաթղթերում, որի հետևանքով անհնար է դառնում հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկել հարկ վճարողի հարկային պարտավորությունը կամ օրենքով սահմանված դեպքերում հարկ վճարողի շրջանառությունները համարվում են չհիմնավորված, ապա հարկվող օբյեկտները և հարկային պարտավորությունները հաշվարկում է հարկային մարմինը՝ Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, մասնավորապես, հիմնվելով՝

 հարկ վճարողի ակտիվների,

 հարկ վճարողի իրացման շրջանառության ծավալների,

 հարկ վճարողի արտադրության և շրջանառության ծախսերի,

 գույքագրման և չափագրման տվյալների,

 օրենքով սահմանված կարգով երրորդ անձից ստացված տեղեկությունների, ինչպես նաև սույն օրենքի 20-րդ հոդվածով սահմանված այլ տեղեկությունների,

 համանման պայմաններում գործող այլ սուբյեկտների միջև կիրառված գների և այլ ցուցանիշների,

 հասույթի հաշվարկային 25 տոկոս վերադիրի կամ օրենքով իրականացված հսկիչ գնումների վրա:

(3-րդ մասն ուժը կորցրել է 16.12.2010 ՀՕ-65-Ն)

(22-րդ հոդվածը փոփ., լրաց. 06.02.2002 ՀՕ-187, լրաց., փոփ. 16.12.2010 ՀՕ-65-Ն, խմբ. 27.12.2011 ՀՕ-93-Ն, լրաց. 26.12.2012 ՀՕ-38-Ն, փոփ. 21.12.2017 ՀՕ-56-Ն)

 

Հոդված 221. Ավելացված արժեքի հարկ (կամ դրան փոխարինող հաստատագրված վճար կամ առևտրի հարկ) վճարողների (այսուհետ, սույն հոդվածի իմաստով` հարկ վճարողներ) կողմից արտադրանքի արտադրության, օգտակար հանածոների արդյունահանման և իրացման, ապրանքների շրջանառության և ծառայությունների մատուցման ծավալների, ինչպես նաև իրացման փաստացի գների (սակագների) (այդ թվում` միջին) վերաբերյալ հարկային մարմիններին ներկայացված հաշվետվությունների, ներառյալ` դրանց համար հիմք հանդիսացած հաշվապահական, արտադրատեխնոլոգիական փաստաթղթերի և այլ ներքին հաշվառման տվյալների (այսուհետ` հաշվետվություններ) և վերջիններիս մոտ օրենքով սահմանված կարգով իրականացված չափագրումների արդյունքների և (կամ) օրենքով նախատեսված կարգով երրորդ անձանցից ստացված տեղեկությունների հիման վրա հաշվարկված մեծությունների միջև էական շեղումների (տարբերությունների) առկայությունը սույն օրենքի 22-րդ հոդվածի իմաստով դիտարկվում է որպես հարկվող օբյեկտների հաշվառման սահմանված կարգի կոպիտ խախտում:

Սույն հոդվածի կիրառման իմաստով էական շեղում (տարբերություն) է համարվում չափագրումների արդյունքով արձանագրված և (կամ) օրենքով նախատեսված կարգով երրորդ անձանցից ստացված տեղեկությունների հիման վրա հաշվարկված արտադրանքի արտադրության, օգտակար հանածոների արդյունահանման և իրացման, ապրանքների շրջանառության և ծառայությունների մատուցման ծավալների, ինչպես նաև իրացման փաստացի գների (սակագների) (այդ թվում` միջին) և հարկ վճարողի կողմից հարկային մարմիններին ներկայացված հաշվետվությունների համապատասխան տվյալների միջև 20 և ավելի տոկոսի (իսկ օգտակար հանածոների արդյունահանման ֆիզիկական ծավալների դեպքում` Արցախի Հանրապետության կառավարության կողմից սահմանված համապատասխան չափի) տարբերությունը:

Հարկ վճարողների կողմից ներկայացված հաշվետվությունների տվյալների և վերջիններիս մոտ օրենքով սահմանված կարգով իրականացված չափագրումների արդյունքների և (կամ) օրենքով նախատեսված կարգով երրորդ անձանցից ստացված տեղեկությունների հիման վրա հաշվարկված մեծությունների միջև էական շեղման (տարբերության) առկայության դեպքում ստուգվող ժամանակահատվածի համար հարկ վճարողի հարկային պարտավորությունները օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկվում են չափագրումների արդյունքով արձանագրված և (կամ) օրենքով նախատեսված կարգով երրորդ անձանցից ստացված տեղեկությունների հիման վրա հաշվարկված տվյալների (ներառյալ` ծախսերի և կորուստների) հիման վրա հաշվարկված արտադրության և շրջանառության ծավալների նկատմամբ: Չափագրումների արդյունքով արձանագրված և (կամ) օրենքով նախատեսված կարգով երրորդ անձանցից ստացված տեղեկությունների հիման վրա հաշվարկված տվյալների հիման վրա հարկային մարմինների կողմից հարկ վճարողների հարկային պարտավորությունները հաշվարկելիս հաշվի է առնվում նաև սովորաբար տվյալ ոլորտի գործունեության տեսակի համար դիտարկվող համադրելի (համարժեք) ժամանակահատվածի հիմնական գործոնների ազդեցությունը` խելամիտ աստիճանի ջանքերի ներդրմամբ իրականացված ուսումնասիրությունների շնորհիվ: Սույն հոդվածով սահմանված կարգը հարկային պարտավորությունների հաշվարկման առումով չի կիրառվում տարվա ընթացքում գործունեությունը ժամանակավորապես դադարեցրած այն հարկ վճարողների վրա, որոնք նախապես այդ մասին տեղեկացրել են հարկային մարմնին` նշելով գործունեության ժամանակավոր դադարեցման ժամանակահատվածը (սկիզբը և ավարտը): Նշված դեպքում սույն հոդվածով սահմանված կարգը կիրառվում է միայն գործունեության իրականացման ժամանակահատվածի նկատմամբ:

(221-ին հոդվածը լրաց. 24.12.2008 ՀՕ-81-Ն, փոփ. 16.12.2010 ՀՕ-65-Ն, 21.12.2017 ՀՕ-56-Ն)

 

Հոդված 23. Հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը (հարկային օրենսդրությամբ սահմանված դեպքերում` հարկային գործակալը) վճարում է տույժ` ժամանակին չմուծված հարկի գումարի 0.075 տոկոսի չափով:

(երկրորդ պարբերությունն ուժը կորցրած է ճանաչվել 21.12.2017 ՀՕ-56-Ն)

(2-րդ մասն ուժը կորցրել է 12.10.1999 ՀՕ-71)

Նշված չափով օրական տույժը կիրառվում է, եթե հարկային օրենսդրությամբ ավելի նվազ չափ չի սահմանված:

Վերոհիշյալ տույժը կիրառվում է ժամանակին չմուծված հարկի գումարների (այդ թվում նաև՝ հարկային օրենսդրությամբ սահմանված դեպքերում՝ հարկային գործակալի կողմից չվճարված), հարկերի կանխավճարային մուծումների գումարների, ստուգման արդյունքներով հայտնաբերված (պակաս ցույց տրված) հարկվող օբյեկտի գծով հարկի գումարի նկատմամբ՝ դրանց վճարման ժամկետից անցած ամբողջ ժամանակաշրջանի համար, բայց ոչ ավելի, քան 365 օրվա համար:

(23-րդ հոդվածը խմբ., փոփ. 12.10.1999 ՀՕ-71, փոփ. 31.05.2001 ՀՕ-151, խմբ. 12.12.2007 ՀՕ-91, փոփ. 21.12.2017 ՀՕ-56-Ն)

 

Հոդված 24. Հարկ վճարողների (հարկային գործակալների) կողմից հարկային մարմին ներկայացվող հաշվարկը (հայտարարագիրը, հաշվետվությունը) հարկային օրենսդրությամբ սահմանված ժամկետից երկու ամսից ավելի ուշ ներկայացվելու կամ չներկայացվելու դեպքում այդ ժամկետին հաջորդող յուրաքանչյուր տասնհինգ լրացված օրվա համար հարկ վճարողից (հարկային գործակալից) գանձվում է տուգանք (նաև ստուգման ակտով)` հաշվարկված հարկի ընդհանուր գումարի հինգ տոկոսի չափով: Նշված տուգանքների հանրագումարը չպետք է գերազանցի այդ հարկի հաշվարկված ընդհանուր գումարը, իսկ տասնհինգ օրվա ժամկետը հաշվարկելիս ոչ աշխատանքային օրերը հաշվի են առնվում միայն առաջին տուգանքի հաշվարկման ժամանակ:

Սույն հոդվածով սահմանված տուգանքի հաշվարկումը դադարում է տվյալ հարկի հաշվարկը (հայտարարագիրը) հարկային մարմին ներկայացնելու պահից կամ տվյալ հարկատեսակի գծով պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումը ներառող ստուգման ավարտից:

(24-րդ հոդվածը լրաց. 23.06.2004 ՀՕ-123, խմբ. 27.12.2011 ՀՕ-93-Ն, փոփ. 26.12.2012 ՀՕ-38-Ն)

 

Հոդված 25. Հաշվապահական հաշվառում (հարկային օրենսդրությամբ և Արցախի Հանրապետության կառավարության որոշումներով նախատեսված դեպքերում` նաև այլ հաշվառում և (կամ) գրանցումներ) չվարելու համար վճարողից (հարկային գործակալից) գանձվում է տուգանք` այդ խախտումների հետևանքով պակաս հաշվարկված հարկերի գումարի 10 տոկոսի չափով:

Հարկային մարմինների կողմից հարկ վճարողների (հարկային գործակալների) մոտ իրականացվող ստուգումների կամ դրանց կասեցման ընթացքում կամ ստուգումների ավարտից հետո ստուգվող (ստուգված) ժամանակաշրջանին վերաբերող հարկային հաշվարկներ (այդ թվում` ճշտված) չեն կարող ներկայացվել: Առանձին հարկատեսակների կամ դրանց փոխարինող վճարների մասին օրենքներում (բացառությամբ «Հաստատագրված վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի) հարկային հաշվարկների ճշտման մասին ուղղակի նշում կատարված չլինելու դեպքում հարկ վճարողը կարող է ներկայացնել ճշտված (ճշգրտված) հարկային հաշվարկներ (հայտարարագրեր)` հաշվի առնելով հաշվարկների (հայտարարագրերի) ներկայացման համար սույն հոդվածի և սույն օրենքի 31-րդ հոդվածի սահմանափակումները:

(25-րդ հոդվածը լրաց. 06.02.2002 ՀՕ-187, 23.06.2004 ՀՕ-123, խմբ. 22.03.2006 ՀՕ-277, լրաց. 27.12.2011 ՀՕ-93-Ն, փոփ., խմբ. 26.12.2012 ՀՕ-38-Ն, խմբ. 23.12.2015.ՀՕ-63-Ն, փոփ. 21.12.2017 ՀՕ-56-Ն)

 

Հոդված 25.1. Օրենքով սահմանված կարգով իրականացված ստուգումների արդյունքներով Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով պատրաստի արտադրանքի, ապրանքների մատակարարման կամ պահպանման վայրերում պատրաստի արտադրանքի, ապրանքների մնացորդի պակասորդ հայտնաբերվելու դեպքում գանձվում է տուգանք` պակասորդի գնի (արժեքի) 10 տոկոսի չափով: Սույն հոդվածով նախատեսված խախտումն արձանագրելուց հետո մեկ տարվա ընթացքում խախտումը կրկնվելու դեպքում գանձվում է տուգանք` պակասորդի գնի (արժեքի) 15 տոկոսի չափով:

(25.1-ին հոդվածը լրաց. 26.12.2012 ՀՕ-38-Ն, խմբ. 23.12.2015.ՀՕ-63-Ն, փոփ. 21.12.2017 ՀՕ-56-Ն)

 

Հոդված 26. Հարկային ստուգումների և (կամ) «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Արցախի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում առանց օրենքով սահմանված պետական գրանցման (հաշվառման) կամ առանց հարկային մարմիններում հաշվառման ձեռնարկատիրական գործունեության (ապօրինի գործունեության) հայտնաբերման դեպքում գանձվում է տուգանք` այդ գործունեության արդյունքում հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված իրացման շրջանառության (համախառն եկամտի) 50 տոկոսի չափով, բայց ոչ պակաս հարյուր հազար դրամից: Սույն պարբերությամբ նախատեսված խախտումն արձանագրելուց հետո մեկ տարվա ընթացքում խախտումը կրկնելու դեպքում գանձվում է տուգանք` այդ գործունեության արդյունքում հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված իրացման շրջանառության (համախառն եկամտի) 100 տոկոսի չափով, բայց ոչ պակաս երկու հարյուր հիսուն հազար դրամից: Սույն պարբերությամբ նախատեսված տուգանքն ապօրինի գործունեություն իրականացնողների համար ապօրինի գործունեության մասով վերջնական հարկային պարտավորություն է:

Հարկային ստուգումների և (կամ) «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Արցախի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերված՝ «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին համապատասխան լիցենզավորման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի իրականացնելու կամ առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու (այդ թվում՝ լիցենզիայի կամ թույլտվության գործողությունը օրենքով սահմանված կարգով կասեցված լինելու) դեպքերում գործունեության յուրաքանչյուր տեսակի մասով կազմակերպություններից և անհատ ձեռնարկատերերից գանձվում է տուգանք` լիցենզիայի կամ թույլտվության տրման համար օրենքով սահմանված պետական տուրքի դրույքաչափի հնգապատիկի չափով, բայց ոչ պակաս հինգ հարյուր հազար դրամից: Սույն պարբերությամբ նախատեսված խախտումն արձանագրելուց հետո մեկ տարվա ընթացքում խախտումը (անկախ լիցենզավորման կամ թույլտվության ենթակա գործունեության տեսակից) կրկնելու դեպքում կազմակերպություններից և անհատ ձեռնարկատերերից գանձվում է տուգանք` լիցենզավորման կամ թույլտվության ենթակա գործունեության իրականացման լիցենզիայի կամ թույլտվության տրման համար օրենքով սահմանված պետական տուրքի դրույքաչափի տասնապատիկի չափով, բայց ոչ պակաս մեկ միլիոն դրամից:

Սույն հոդվածի առաջին (եթե իրականացվող գործունեությունն օրենքով ենթակա է լիցենզավորման) և երկրորդ պարբերություններում նշված խախտումներ հայտնաբերելու դեպքերում խախտումներ կատարած անձանցից գործունեության յուրաքանչյուր տեսակի մասով գանձվում է նաև լիցենզիան տալու համար օրենքով սահմանված պետական տուրքի (տարեկան պետական տուրքի գանձման օբյեկտի դեպքում՝ մեկ տարվա պետական տուրքի) դրույքաչափին համապատասխան գումարի չափով վնասի հատուցում: Եթե իրականացվում են լիցենզավորման ենթակա մեկից ավելի գործունեության տեսակներ և (կամ) դրանք իրականացվում են մեկից ավելի վայրերում (լիցենզավորման ենթակա գործունեությունը միայն լիցենզիայում նշված վայրում իրականացնելու՝ օրենքով սահմանված պահանջի դեպքում), ապա պետական տուրքի գումարի չափով վնասի հատուցումը գանձվում է գործունեության յուրաքանչյուր տեսակի և (կամ) գործունեության իրականացման յուրաքանչյուր վայրի համար առանձին՝ օրենքով սահմանված դրույքաչափերին համապատասխան գումարի չափով:

Հարկային ստուգումների և (կամ) «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Արցախի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում օրենքով արգելված գործունեությամբ զբաղվող անձանցից, բացի օրենքով սահմանված պատասխանատվության այլ միջոցների կիրառումից, գանձվում է նաև տուգանք` այդ գործունեության արդյունքում հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված իրացման շրջանառության (համախառն եկամտի) 100 տոկոսի չափով, բայց ոչ պակաս երեք միլիոն դրամից: Սույն պարբերությամբ նախատեսված տուգանքն արգելված գործունեություն իրականացնողների համար արգելված գործունեության մասով վերջնական հարկային պարտավորություն է:

Սույն հոդվածով նախատեսված ապօրինի կամ արգելված գործունեության իրականացման համար տուգանքների կիրառման առումով ապօրինի կամ արգելված գործունեություն իրականացնողի իրացման շրջանառության (համախառն եկամտի) որոշման անհնարինության դեպքում իրացման շրջանառությունը (համախառն եկամուտը) և ակտիվների արժեքները որոշվում են հարկային մարմինների կողմից` կիրառելով սույն օրենքի 22-րդ հոդվածի դրույթները:

Հարկային օրենսդրության կիրառման առումով ձեռնարկատիրական գործունեություն չի համարվում քաղաքացիների`

1) անձնական գույքի (ներառյալ նաև անշարժ) և իրերի օտարումը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի.

2) գույքը վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնելը (բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի), ոչ նյութական ակտիվների օտարումն ու տոկոսների ստացումը:

Սույն հոդվածը չի կիրառվում`

1) 2013 թվականի հունվարի 1-ից հետո սահմանված կարգով հարկային մարմնում հաշվառված և օրենքով նախատեսված գործունեության իրականացման համար արտոնագիր ստացած ֆիզիկական անձանց նկատմամբ` գործունեության այդ մասով, բացառությամբ օրենքով նախատեսված լիցենզավորման ենթակա գործունեության այն տեսակների, որոնց լիցենզիայի գործողությունը կասեցվել է լիցենզավորող մարմնի որոշմամբ.

2) այն անձանց նկատմամբ, որոնց լիցենզիայի գործողությունը կասեցված է եղել առանց լիցենզավորող մարմնի որոշման.

3) անմիջականորեն գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղվող ֆիզիկական անձանց նկատմամբ` գործունեության այդ մասով:

(26-րդ հոդվածը խմբ. 06.02.2002 ՀՕ-187, 26.02.2003 ՀՕ-36, լրաց. 23.06.2004 ՀՕ-123, 24.12.2008 ՀՕ-81-Ն, խմբ. 27.12.2011 ՀՕ-93-Ն, խմբ., փոփ., լրաց. 26.12.2012 ՀՕ-38-Ն, լրաց. 22.12.2016 ՀՕ-38-Ն, լրաց., փոփ. 21.12.2017 ՀՕ-56-Ն, փոփ., լրաց. 14.06.2019 ՀՕ-57-Ն)

 

Հոդված 27. Հարկվող օբյեկտը թաքցնելու կամ այն պակաս ցույց տալու դեպքում հարկ վճարողներից (հարկային գործակալներից) սույն օրենքով սահմանված կարգով գանձվում է թաքցված կամ պակաս ցույց տրված հարկվող օբյեկտի համար նախատեսված (հարկային մարմնի կողմից հաշվարկված) հարկի գումարը, ինչպես նաև տուգանք՝ այդ գումարի 20 տոկոսի չափով, իսկ հարկային մարմնի կողմից խախտումն արձանագրվելուց հետո մեկ տարվա ընթացքում նույն հարկատեսակի գծով հարկվող օբյեկտը կրկին թաքցնելու կամ պակաս ցույց տալու դեպքում՝ տուգանք՝ այդ գումարի 40 տոկոսի չափով, եթե հարկային օրենսդրությամբ այլ բան չի սահմանված:

Հարկվող օբյեկտը թաքցնելը կամ պակաս ցույց տալը` հարկային մարմին ներկայացված տվյալ հարկատեսակի հաշվարկներում (հայտարարագրերում) հարկվող օբյեկտը ցույց չտալն է, պակաս ցույց տալը, կամ էլ գործունեություն չիրականացնելու (հարկվող օբյեկտներ չառաջանալու) մասին կեղծ տվյալներ ներկայացնելն է: Սույն հոդվածի կիրառման առումով խախտման օր է համարվում մինչև հարկատեսակի հաշվարկը (հայտարարագիրը) հարկային մարմին ներկայացնելու համար օրենքով սահմանված ժամկետը խախտում ներառող հաշվարկները (հայտարարագրերը) հարկային մարմին փաստացի ներկայացնելու օրը, իսկ օրենքով սահմանված ժամկետից հետո խախտում ներառող հաշվարկների (հայտարարագրերի) համար` օրենքով դրանց ներկայացման համար սահմանված ժամկետի վերջին օրը (անկախ հետագայում ճշտված հաշվարկներ (հայտարարագրեր) ներկայացնելուց):

Գործունեություն չիրականացնելու, ինչպես նաև հարկվող օբյեկտ հանդիսացող գույք չունենալու մասին հայտարարությունը հարկային մարմին ներկայացվող հաշվարկի (հայտարարագրի) ամփոփ ձևն է:

(27-րդ հոդվածը լրաց. 23.06.2004 ՀՕ-123, 26.12.2012 ՀՕ-38-Ն, փոփ. 23.12.2015 ՀՕ-63-Ն)

 

Հոդված 28. Վաճառվող արտադրանքը, ապրանքները (այսուհետ մինչև հոդվածի վերջը՝ ձեռնարկատիրական գործունեության առարկաներ) Արցախի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով չգրանցելու դեպքում հարկ վճարողից գանձվում է.

տուգանք՝ ձեռնարկատիրական գործունեության չգրանցված առարկաների վաճառքի (իրացման) գներով արտահայտված (հաշվարկված) ամբողջ արժեքի 10 տոկոսի չափով: Հարկ վճարողը տուգանքը մուծում է հարկային մարմնի կողմից խախտման փաստն արձանագրվելուց հետո՝ երեսնօրյա ժամկետում: Նշված ժամկետում տուգանքը չմուծելու դեպքում այն կրկնապատկվում է:

Հարկային մարմնի կողմից խախտումն արձանագրվելուց հետո մեկ տարվա ընթացքում ձեռնարկատիրական գործունեության առարկաները չգրանցելու կրկնական փաստ արձանագրելու դեպքում գանձվում է.

տուգանք՝ ձեռնարկատիրական գործունեության չգրանցված առարկաների վաճառքի (իրացման) գներով արտահայտված (հաշվարկված) ամբողջ արժեքի 15 տոկոսի չափով: Հարկ վճարողը տուգանքը մուծում է հարկային մարմնի կողմից կրկնական խախտման փաստն արձանագրվելուց հետո՝ երեսնօրյա ժամկետում: Նշված ժամկետում տուգանքը չմուծելու դեպքում այն կրկնապատկվում է:

Ձեռնարկատիրական գործունեության առարկաները Արցախի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով գրանցված գներից թանկ վաճառելիս (իրացնելիս) հարկ վճարողից գանձվում է.

տուգանք՝ տարբերության գումարի 10 տոկոսի չափով, այդ թվում՝ չվաճառված (չիրացված) ձեռնարկատիրական գործունեության առարկաների մնացորդների համար: Հարկ վճարողը տուգանքը մուծում է հարկային մարմնի կողմից խախտման փաստն արձանագրվելուց հետո՝ երեսնօրյա ժամկետում: Նշված ժամկետում տուգանքը չմուծելու դեպքում այն կրկնապատկվում է:

Հարկային մարմնի կողմից խախտումն արձանագրվելուց հետո մեկ տարվա ընթացքում ձեռնարկատիրական գործունեության առարկաները Արցախի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով գրանցված գներից թանկ վաճառելու (իրացնելու) կրկնական փաստ արձանագրելու դեպքում գանձվում է.

տուգանք՝ տարբերության գումարի 15 տոկոսի չափով, այդ թվում՝ չվաճառված (չիրացված) ձեռնարկատիրական գործունեության առարկաների մնացորդների համար: Հարկ վճարողը տուգանքը մուծում է հարկային մարմնի կողմից կրկնական խախտման փաստն արձանագրվելուց հետո՝ երեսնօրյա ժամկետում: Նշված ժամկետում տուգանքը չմուծելու դեպքում այն կրկնապատկվում է:

Սույն հոդվածով նախատեսված տուգանքները չեն կիրառվում, եթե խախտումները կատարվել են այն հաշվետու ժամանակաշրջանում, որի համար սահմանված կարգով հարկ վճարողի կողմից ներկայացված են հաշվապահական հաշվետվություններ (հայտարարագրեր) կամ իրացման շրջանառությունից (համախառն եկամտից) բխող հարկային պարտավորություններն արտացոլող՝ հարկային օրենսդրությամբ կամ հարկային հարաբերությունները կարգավորող մյուս իրավական ակտերով նախատեսված այլ փաստաթղթեր:

Սույն հոդվածում նշված խախտումներ հայտնաբերելու դեպքում (այդ թվում՝ այն հաշվետու ժամանակաշրջանների առումով, որոնց համար արդեն ներկայացվել են հաշվապահական հաշվետվություններ (հայտարարագրեր) կամ իրացման շրջանառությունից (համախառն եկամտից) բխող հարկային պարտավորություններն արտացոլող՝ հարկային օրենսդրությամբ կամ հարկային հարաբերությունները կարգավորող մյուս իրավական ակտերով նախատեսված այլ փաստաթղթեր) հարկային մարմինը կարող է օգտվել «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 22 հոդվածի երկրորդ մասով սահմանված իրավունքից:

Սույն հոդվածով սահմանված տուգանքների կիրառումը հարկ վճարողին չի ազատում սահմանված կարգով հարկային պարտավորությունների կատարումից:

(պարբերությունն ուժը կորցրել է 24.12.2008 ՀՕ-81-Ն)

Հարկային մարմինների կողմից յուրաքանչյուր հասցեի (կետի) համար ձեռնարկատիրական գործունեության առարկաների գրանցման գրքերը հաստատվում են հարկ վճարողի ներկայացրած` Արցախի Հանրապետության կառավարության կողմից սահմանված համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում:

Սույն հոդվածով սահմանված գրանցումները կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը 2014 թվականի հունվարի 1-ից կարող են վարել Արցախի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի կողմից սահմանած չափանիշներին բավարարող համակարգչային ծրագրերով:

(28-րդ հոդվածը խմբ. 12.10.1999 ՀՕ-71, փոփ. 06.02.2002 ՀՕ-187, լրաց. 26.02.2003 ՀՕ-36, 23.06.2004 ՀՕ-123, 22.03.2006 ՀՕ-277, փոփ. 24.12.2008 ՀՕ-81-Ն, փոփ., լրաց. 26.12.2012 ՀՕ-38-Ն, փոփ. 23.12.2015 ՀՕ-63-Ն, 21.12.2017 ՀՕ-56-Ն, 14.06.2019 ՀՕ-57-Ն)

 

Հոդված 281. (հոդվածն ուժը կորցրել է 22.12.2004 ՀՕ-161)

 

Հոդված 282. Արցախի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դրոշմավորման ենթակա չդրոշմավորված, ինչպես նաև ապօրինի ձեռք բերված դրոշմանիշներով (դրոշմապիտակներով) դրոշմավորված ապրանքների և սույն օրենքի 26-րդ հոդվածով նախատեսված ապօրինի գործունեության ընթացքում Արցախի Հանրապետության կառավարության կողմից սահմանված ցանկում ընդգրկված ապրանքների իրացման դեպքերում այդ ապրանքները ենթակա են այդ ապրանքային տեսքով շրջանառությունից դուրս բերման հարկային մարմինների կողմից՝ Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

(282-րդ հոդվածը լրաց. 06.02.2002 ՀՕ-187, փոփ. 23.06.2004 ՀՕ-123, լրաց. 18.12.2014 ՀՕ-57-Ն, փոփ. 21.12.2017 ՀՕ-56-Ն)

 

Հոդված 283. Արտարժույթի առքուվաճառքի, արտարժույթի դիլերային-բրոքերային առքուվաճառքի գործունեություն իրականացնողների կողմից արտարժույթի առքուվաճառքի գործառնությունները Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած կարգով չգրանցելու դեպքում` հարկ վճարողներից գանձվում է տուգանք` չգրանցված գործառնությամբ փոխանակված արժույթի դրամով արտահայտված ընդհանուր գումարի 25 տոկոսի չափով: Հարկ վճարողը տուգանքը մուծում է հարկային մարմինների կողմից խախտման փաստն արձանագրելուց հետո` երեսնօրյա ժամկետում: Նշված ժամկետում տուգանքը չմուծելու դեպքում այն կրկնապատկվում է:

Հարկային մարմինների կողմից խախտումն արձանագրվելուց հետո` մեկ տարվա ընթացքում, արտարժույթի առքուվաճառքի գործառնությունները չգրանցելու կրկնական փաստ արձանագրելու դեպքում գանձվում է տուգանք` չգրանցված գործառնությամբ փոխանակված արժույթի դրամով արտահայտված ընդհանուր գումարի 50 տոկոսի չափով: Հարկ վճարողը տուգանքը մուծում է հարկային մարմինների կողմից կրկնական խախտման փաստն արձանագրվելուց հետո` երեսնօրյա ժամկետում: Նշված ժամկետում տուգանքը չմուծելու դեպքում այն կրկնապատկվում է:

(283-րդ հոդվածը լրաց. 19.10.2005 ՀՕ-225, 12.12.2007 ՀՕ-91)

 

Հոդված 284. «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Արցախի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում hարկ վճարողի կողմից Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգի խախտման` անփաստաթուղթ արտադրանքի, ապրանքների (այսուհետ` ապրանքներ) տեղափոխման կամ առաքման և (կամ) առաքվող կամ տեղափոխվող ապրանքն ուղեկցող փաստաթուղթը սահմանված կարգով չգրանցելու դեպքում հիմք հանդիսացող գործարքի կամ գործողության մասով գանձվում է տուգանք` անփաստաթուղթ ապրանքների կամ չգրանցված ուղեկցող փաստաթղթով ապրանքների գնի (արժեքի) 10 տոկոսի չափով, բայց ոչ պակաս հիսուն հազար ՀՀ դրամից:

Սույն հոդվածի առաջին պարբերությունում նշված խախտումն արձանագրվելուց հետո մեկ տարվա ընթացքում խախտման երկրորդ և ավելի փաստ արձանագրվելու դեպքում գանձվում է տուգանք` անփաստաթուղթ ապրանքների կամ չգրանցված ուղեկցող փաստաթղթով ապրանքների գնի (արժեքի) 15 տոկոսի չափով, բայց ոչ պակաս հարյուր հազար ՀՀ դրամից:

Սույն հոդվածի կիրառման իմաստով կատարված գործարքը կամ գործողությունը համարվում է խախտման հիմք, եթե օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում արձանագրվել է, որ`

1) գործարքը կամ գործողությունը կատարվում է առանց Արցախի Հանրապետության կառավարության սահմանած վավերապայմաններին բավարարող ուղեկցող փաստաթղթերի, կամ

2) առկա է գործարքի կամ գործողության գծով ուղեկցող փաստաթուղթը, որը, սակայն, Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով գրանցված չէ:

Սույն հոդվածով նախատեսված տուգանքների կիրառումը հարկ վճարողին չի ազատում օրենքով սահմանված հարկային պարտավորությունների կատարումից: Հարկ վճարողի կողմից հարկային մարմնի պաշտոնատար անձանց գործողությունների գանգատարկումը չի կասեցնում սույն հոդվածով նախատեսված տուգանքների վճարումը:

Սույն հոդվածով նախատեսված տուգանքների կիրառման առումով ապրանքի գնի (արժեքի) որոշման անհնարինության դեպքում ապրանքի գին (արժեք) է համարվում խախտումը հայտնաբերելու եռամսյակում հարկ վճարողի մոտ երկկողմանի հաշվարկային փաստաթղթերով հիմնավորված նույն ապրանքի վաճառքի (իրացման) միջին կշռված գինը: Եթե խախտումը հարկային մարմնի կողմից հայտնաբերելու եռամսյակում հարկ վճարողի մոտ բացակայում է երկկողմանի հաշվարկային փաստա-թղթերով հիմնավորված նույն ապրանքի վաճառքի (իրացման) գինը, ապա ապրանքի գինը (արժեքը) հաշվարկում է հարկային մարմինը` կիրառելով սույն օրենքի 22-րդ հոդվածի դրույթները:

Անփաստաթուղթ ապրանքի համար սույն հոդվածով նախատեսված տուգանքը`

1) ձեռք բերող հարկ վճարողի նկատմամբ չի կիրառվում, եթե օրենքով սահմանված կարգով խախտումն արձանագրվելու ժամանակ (այդ թվում` վաճառքի վայրում) հիմնավորվում է ապրանքն այլ հարկ վճարողից ձեռք բերվելու և այդ հարկ վճարողի կողմից ուղեկցող փաստաթուղթ չտրամադրվելու հանգամանքը: Սույն կետում նշված դեպքերում տուգանքը կիրառվում է անփաստաթուղթ ապրանք վաճառող հարկ վճարողի նկատմամբ.

2) ձեռք բերող հարկ վճարողի և ապրանքն առաքող կամ տեղափոխող հարկ վճարողի նկատմամբ չի կիրառվում, եթե կապի կամ հարկային հաշիվների դուրսգրման` հարկային մարմնի ծրագրային համակարգի խափանման պատճառով հնարավոր չի եղել դուրս գրել հարկային հաշիվ համարվող ուղեկցող փաստաթուղթ (հարկային հաշիվ համարվող ուղեկցող փաստաթուղթ դուրս գրելու պարտավորության դեպքում)` Արցախի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով դուրս գրված այլ ուղեկցող փաստաթղթի առկայության պարագայում.

3) ապրանքը տեղափոխող հարկ վճարողի նկատմամբ չի կիրառվում, եթե առկա են Հայաստանի Հանրապետությունից Արցախի Հանրապետության տարածք ապրանքների ներմուծման փաստը հաստատող փաստաթղթերը:

Արցախի Հանրապետության կառավարությունը սահմանում է`

1) հարկային հաշիվների դուրսգրման` հարկային մարմնի ծրագրային համակարգի խափանման դեպքերի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմնի կողմից հրապարակելու կարգը.

2) կապի կամ հարկային հաշիվների դուրսգրման` հարկային մարմնի ծրագրային համակարգի խափանման դեպքերում այլ ուղեկցող փաստաթղթերի և կապի խափանումը վերացնելուց հետո նախկինում դուրս չգրված ուղեկցող փաստաթղթերի դուրսգրման կարգը:

(284-րդ հոդվածը լրաց. 24.12.2008 ՀՕ-81-Ն, փոփ. 21.12.2017 ՀՕ-56-Ն, խմբ. 14.06.2019 ՀՕ-57-Ն)

 

Հոդված 285. Սույն օրենքի 15-րդ հոդվածի «թ» կետով նախատեսված տեղեկությունները չփակցնելու դեպքում առեւտրային կազմակերպություններից և անհատ ձեռնարկատերերից գանձվում է 50 հազար դրամի չափով տուգանք` յուրաքանչյուր հասցեում չփակցրած տեղեկության մասով, իսկ խախտումն արձանագրելուն հաջորդող մեկ տարվա ընթացքում նշված տեղեկությունները չփակցնելու կրկնական փաստ արձանագրվելու դեպքում գանձվում է տուգանք` յուրաքանչյուր չփակցրած տեղեկության մասով 100 հազար դրամի չափով:

(285-րդ հոդվածը լրաց. 24.12.2008 ՀՕ-81-Ն, փոփ. 23.12.2015 ՀՕ-63-Ն)

 

Հոդված 286. Անհատ ձեռնարկատերերը սույն օրենքի 201-րդ հոդվածով սահմանված հայտարարագրի մեջ ոչ ճիշտ տեղեկություններ ներառելու դեպքում վճարում են տուգանք` 50 հազար դրամի չափով:

(286-րդ հոդվածը լրաց. 24.06.2009 ՀՕ-29-Ն)

 

Հոդված 29. Հարկ վճարողները թաքցված կամ պակաս ցույց տրված հարկվող օբյեկտի համար հարկի, ինչպես նաև սույն օրենքի 23-28-րդ, 283-286-րդ և 32-րդ հոդվածների համաձայն հաշվարկված տույժերի, տուգանքների և սույն օրենքի 26-րդ հոդվածի երրորդ պարբերությամբ սահմանված վնասի հատուցման գումարները բյուջե են վճարում հարկային մարմնի կողմից համապատասխան ակտ ներկայացնելուց հետո 10-օրյա ժամկետում:

Ստուգման ակտով առաջադրված հարկի գումարների նկատմամբ նշված տասնօրյա ժամկետում սույն օրենքի 23-րդ հոդվածով սահմանված տույժերը չեն հաշվարկվում: Այդ ժամկետը լրանալուց հետո ստուգման ակտով առաջադրված հարկի գումարների չվճարման կամ մասնակի վճարման դեպքում սույն օրենքի 23-րդ հոդվածով սահմանված տույժերի հաշվարկի վերսկսման ժամանակ նշված տասնօրյա ժամկետը հաշվի չի առնվում:

(29-րդ հոդվածը փոփ. 06.02.2002 ՀՕ-187, 22.12.2004 ՀՕ-161, լրաց. 19.10.2005 ՀՕ-225, փոփ. 24.12.2008 ՀՕ-81-Ն, 24.06.2009 ՀՕ-29-Ն, լրաց. 27.12.2011 ՀՕ-93-Ն, փոփ. 14.06.2019 ՀՕ-57-Ն)

 

Հոդված 30.

 

1. Հարկային մարմնում վարվող՝ հարկ վճարողի անձնական հաշվի քարտերում հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորությունների (այսուհետ սույն հոդվածում` հարկային պարտավորություն) առաջացման դեպքում, բացառությամբ ստուգման կամ այլ վարչական ակտերով հարկային պարտավորություններ առաջադրված լինելու դեպքերի, հարկային մարմինը կարող է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով հարուցել չկատարված հարկային պարտավորությունների գանձման վարչական վարույթ, եթե չկատարված հարկային պարտավորության չափը գերազանցում է 500 000 ՀՀ դրամը կամ հարկային պարտավորության առաջացման օրվանից հետո անցել է երկու ամսից ավելի ժամանակ: Հարկային մարմնի իրականացրած հարկային հսկողության արդյունքներով կազմված ստուգման կամ այլ վարչական ակտերով արձանագրված հարկային պարտավորությունները Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում չվճարվելու դեպքում նշված ստուգման կամ այլ վարչական ակտերը կատարվում են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով և ժամկետներում: Սույն մասին համապատասխան՝ գանձման (վճարման) ենթակա հարկային պարտավորությունները ենթակա են կատարման մինչև կատարման օրը՝ Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված տույժերի և տուգանքների հետ միասին:

1.1. Մինչև գումարի գանձման վերաբերյալ որոշման անբողոքարկելի դառնալը պարտավոր անձի գույքի վրա կարող է արգելանք դրվել: Հարկային մարմնի կողմից հարկային պարտավորության կատարումն ապահովելու նպատակով արգելանքը դնում է հարկային մարմինը` սույն հոդվածով սահմանված կարգով: (3-րդ նախ-ը հանվել է 19.05.22 ՀՕ-39-Ն)

2. Հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով չկատարված պարտավորության չափը 500000 կամ ավելի դրամ կազմելու դեպքում, եթե հարկային մարմնի կողմից իրականացված վարչական վարույթի ընթացքում արդեն իսկ ձեռք բերված ապացույցները բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ հարկ վճարողը կարող է թաքցնել, փչացնել կամ սպառել վարչական ակտի կատարման համար անհրաժեշտ գույքը, ապա հարկային մարմնի ղեկավարը սույն օրենքով սահմանված կարգով իրավունք ունի հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնելու մասին հանձնարարագիր հրապարակել:

3. Հարկային մարմնի կողմից գույքի արգելանքը կարող է կիրառվել միայն հարկային պարտավորության կատարումն ապահովելու նպատակով: Արգելադրման ենթակա է միայն այն գույքը, որն անհրաժեշտ է հարկային պարտավորության կատարումն ապահովելու համար` հարկային պարտավորությունների չափով: Հարկային մարմնի կողմից գույքի արգելանքը դրվում է հարկ վճարողի գույքի վրա` անկախ այն հանգամանքից, թե ում մոտ է այն գտնվում: Արգելանքը չի կարող կիրառվել այն գույքի նկատմամբ, որի վրա օրենքով բռնագանձում չի կարող տարածվել, կամ որի պահպանման ժամկետն արգելադրման պահին պակաս է մեկ տարուց: Արգելանք չի կարող դրվել բանկերի, վճարահաշվարկային կազմակերպությունների, ներդրումային ֆոնդերի, այդ թվում` կենսաթոշակային հիմնադրամների և ապահովագրական (վերաապահովագրական) ընկերությունների բանկային, դեպո կամ կենսաթոշակային հաշիվների և դրամական միջոցների վրա:

4. Գույքի արգելանքը հարկային պարտավորության կատարումն ապահովելու նպատակով հարկ վճարողի գույքային իրավունքների սահմանափակման միջոցով հարկային մարմնի կողմից իրականացվող գործողություն է: Արգելադրումն իրականացվում է բանկային հաշիվներում և (կամ) դրամարկղում առկա դրամական միջոցների արգելադրման, ինչպես նաև գույքի տնօրինման, տիրապետման կամ օգտագործման իրավունքի` հարկային պարտավորությունների չափով սահմանափակման միջոցով:

5. Գույքի վրա արգելանք դնելու մասին հարկային մարմնի ղեկավարը հանձնարարագիր է հրապարակում: Արգելանք դնելու մասին հանձնարարագրում նշվում են հանձնարարագիր հրապարակող պաշտոնատար անձի անունը, ազգանունը, պաշտոնը, հանձնարարագրի տրման տարին, ամիսը, ամսաթիվը, արգելանք դնող մարմնի անվանումը, գույքի արգելադրումն իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) պաշտոնը, անունը, ազգանունը, հարկ վճարողի անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարը, չկատարված հարկային պարտավորության չափը և արգելանք դնելու իրավական հիմքերը: Արգելանք դնելիս հանձնարարագրի պատճենը ներկայացվում է հարկ վճարողին:

6. Հարկ վճարողի գույքի վրա արգելանքը կիրառվում է հետևյալ հերթականությամբ.

1) բանկային հաշիվներում առկա դրամական միջոցներ.

2) դրամարկղում առկա կանխիկ դրամական միջոցներ.

3) արգելանքի ենթակա այլ գույք:

7. Հարկ վճարողի գույքի արգելադրումն իրականացնող պաշտոնատար անձը գույքի վրա արգելանք դնելու մասին հանձնարարագրի հիման վրա դրա հրապարակումից հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնելու մասին ընդունում է որոշում, որտեղ նշվում են որոշումն ընդունելու ամիսը, ամսաթիվը, վայրը, որոշումն ընդունած անձի պաշտոնը, անունը, ազգանունը, քննվող հարցը, հարկ վճարողի բանկային հաշիվներում կամ դրամարկղում առկա դրամական միջոցների արգելադրման դեպքում նաև արգելադրվող գումարի չափը, ընդունված որոշման հիմքերը` այն օրենքների կամ այլ իրավական ակտերի վկայակոչմամբ, որոնցով որոշում ընդունող անձը ղեկավարվել է այն ընդունելիս, քննվող հարցի վերաբերյալ եզրահանգումը:

8. Գույքի բացակայության, անբավարարության կամ հարկ վճարողի գտնվելու վայրն անհայտ լինելու դեպքում արգելադրումն իրականացնող պաշտոնատար անձը կազմում է համապատասխան արձանագրություն: Արձանագրության օրինակելի ձևը սահմանում է հարկային մարմնի ղեկավարը:

9. Գույքի վրա արգելանք դնելիս այն իրականացնող պաշտոնատար անձը յուրաքանչյուր դեպքի համար որոշում է սահմանափակման տեսակները, ծավալները` հաշվի առնելով գույքի հատկանիշները, սեփականատիրոջ կամ տիրապետողի համար դրա նշանակությունը և հարկային պարտավորության չափը: Որպես գույքի արժեք ընդունվում է գույքի հաշվեկշռային արժեքը:

10. Հարկ վճարողը զգուշացվում է արգելադրած գույքը կամ դրա առանձին բաղադրամասերը վատնելու, օտարելու, թաքցնելու կամ ապօրինաբար մեկ ուրիշին հանձնելու դեպքում վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկվելու մասին:

11. Արգելանք դնելու մասին որոշումը պարտադիր է բոլոր պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց, կազմակերպությունների ու քաղաքացիների համար և ենթակա է կատարման Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում: Որոշման պատճենը ոչ ուշ, քան այն ընդունելու հաջորդ օրը պատշաճ ձևով ուղարկվում է հարկ վճարողին, ինչպես նաև` այլ անձանց ու մարմիններ:

12. Գույքի արգելադրումն իրականացնող պաշտոնատար անձը չի կարող արգելել հարկ վճարողի ներկայացուցչի մասնակցությունը գույքի արգելադրմանը: Սույն հոդվածի իմաստով հարկ վճարողի ներկայացուցիչ է համարվում այն անձը, որի լիազորությունները հաստատվում են Արցախի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով:

13. Գույքի արգելադրում կարող է իրականացվել ժամը 8:00-ից մինչև 18:00-ն:

14. Հարկ վճարողի գույքի արգելադրումն իրականացնող պաշտոնատար անձի` իր իրավասության սահմաններում գործողություններին խոչընդոտելու դեպքում արգելադրումն իրականացնող պաշտոնատար անձը խոչընդոտող հանգամանքները վերացնելու համար աջակցություն ստանալու նպատակով դիմում է իրավապահ մարմիններին և նրանց օժանդակությամբ շարունակում գույքի արգելադրման գործողությունները:

15. Սույն հոդվածով սահմանված կարգով արգելադրված գույքն արգելանքից հանվում է՝

1) եթե վարչական ակտն անբողոքարկելի դառնալուց հետո՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված ժամկետում, հարկային մարմնի կողմից չի ներկայացվել Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայություն.

2) հարկ վճարողի հարկային պարտավորությունը դադարելու կամ հարկ վճարողի կողմից հարկային պարտավորությունն ամբողջությամբ կատարվելու դեպքերում.

3) հարկ վճարողի հետ սույն հոդվածով սահմանված կարգով հարկային մարմնի կողմից հարկային պարտավորության աստիճանական մարման ժամանակացույց կնքելու դեպքում.

4) դրանով ապահովված պարտավորության գումարի գանձման մասին որոշումը դատական կարգով անվավեր ճանաչվելու դեպքում:

16. Հարկային պարտավորության մարման նպատակով անհրաժեշտ գումարը համապատասխան գանձապետական հաշիվ մուտքագրվելուց հետո կամ սույն հոդվածով սահմանված կարգով հարկային պարտավորության աստիճանական մարման ժամանակացույցը կնքելուց հետո հարկային մարմնի համապատասխան պաշտոնատար անձը պարտավոր է ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում, կարգադրություն ուղարկել համապատասխան անձանց և մարմիններին արգելանքը վերացնելու մասին: Բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների արգելադրման դեպքում նշված կարգադրությունը հարկային մարմնի կողմից սահմանված ժամկետում չներկայացվելու դեպքում հարկ վճարողն իրավունք ունի համապատասխան բանկ ներկայացնելու հարկային պարտավորության վճարման անդորրագիրը կամ հարկային պարտավորության աստիճանական մարման ժամանակացույցը, որից հետո տվյալ բանկը մեկ աշխատանքային օրվա ընթացքում արգելանքը վերացնելու վերաբերյալ հարցում է կատարում հարկային մարմին: Եթե բանկը հարցումն ուղարկելուց հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում, հարկային մարմնից մերժում չի ստանում, ապա արգելանքը վերանում է:

17. Հարկային մարմինն արգելանքը վերացնելու վերաբերյալ հարցումը չի կարող մերժել հետևյալ հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում`

1) հարկային պարտավորության գումարը մուտքագրվել է կենտրոնական գանձապետարանի համապատասխան հաշվին.

2) հարկ վճարողի հետ կնքվել է հարկային պարտավորության աստիճանական մարման ժամանակացույց:

18. Արգելանք կիրառած անձինք և մարմինները պարտավոր են անհապաղ վերացնել իրենց կիրառած արգելանքը, եթե հարկ վճարողը ներկայացնում է հարկային պարտավորությունը լրիվ չափով վճարելը հավաստող անդորրագիրը կամ սույն հոդվածով սահմանված կարգով կնքված հարկային պարտավորության աստիճանական մարման ժամանակացույցը:

19. Գույքն արգելանքի վերցնելու մասին որոշումը կարող է բողոքարկվել գումարը գանձելու վերաբերյալ որոշումը բողոքարկելու համար սահմանված ժամկետում: Արգելանք դնելու մասին որոշումը դառնում է անբողոքարկելի հարկ վճարողից գումարը գանձելու վերաբերյալ որոշումն անբողոքարկելի դառնալու հետ միաժամանակ: Գույքն արգելանքի վերցնելու մասին որոշման վարչական կարգով բողոքարկումը չի կասեցնում որոշման կատարումը:

20. Արգելանքի վերցված գույքը վատնելը, օտարելը, թաքցնելը, ապօրինաբար մեկ ուրիշին հանձնելը, փչացնելը կամ ոչնչացնելն արգելվում է:

21. Սույն հոդվածով սահմանված բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների արգելադրման գործընթացն իրականացվում է էլեկտրոնային համակարգի միջոցով, որի գործողության կարգը և պայմանները սահմանվում են Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ: Հարկ վճարողի բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների վրա արգելադրման որոշումը բանկերին և պետական մարմիններին ուղարկվում է էլեկտրոնային համակարգի միջոցով:

22. Առևտրային բանկերն անմիջապես արգելադրում են որոշման ստացման պահի դրությամբ հարկ վճարողի բանկային հաշիվներում առկա ազատ դրամական միջոցները` որոշմամբ նախատեսված հարկային պարտավորության գումարի չափով: Բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների արգելադրման մասին որոշմամբ առաջին հերթին արգելադրվում են ընթացիկ հաշիվները` Հայաստանի Հանրապետության դրամով, դրանց վրա դրամական միջոցների անբավարարության դեպքում ըստ հերթականության արգելադրվում են ընթացիկ հաշիվները` արտարժույթով, ավանդային հաշիվները` Հայաստանի Հանրապետության դրամով, ավանդային հաշիվները` արտարժույթով:

23. Հարկ վճարողի բանկային հաշիվներում դրամական միջոցների բացակայության կամ անբավարարության դեպքում առևտրային բանկերը պարտավոր են արգելանք դնել հարկ վճարողի բանկային հաշիվներում հետագայում մուտքագրվող միջոցների վրա` մինչև բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների արգելադրման մասին որոշմամբ նշված հարկային պարտավորության չափով գումարի ապահովումը կամ արգելադրման մասին որոշման ուժը կորցնելը կամ մինչև սույն հոդվածով նախատեսված արգելանքը հանելու դեպքերի ի հայտ գալը:

24. Այն դեպքում, երբ բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների արգելադրման արդյունքում արգելադրվում է հարկ վճարողի մեկից ավելի բանկային հաշիվներում առկա դրամական միջոցները, և արգելադրված ընդհանուր գումարը գերազանցում է հարկային պարտավորության չափը, կամ բանկային հաշիվներից որևէ մեկում առկա դրամական միջոցներով ապահովվում է հարկային պարտավորության չափը, ապա առևտրային բանկն իրավունք ունի հարկ վճարողի հանձնարարության հիման վրա տրամադրելու տեղեկատվություն տվյալ բանկում վարվող հարկ վճարողին պատկանող բանկային հաշիվներում առկա հարկային պարտավորության չափով արգելադրված գումարի վերաբերյալ: Նշված հանձնարարությունը ստանալուց հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում, առևտրային բանկը պարտավոր է տեղեկատվություն տրամադրել հարկ վճարողի բանկային հաշիվները սպասարկող մյուս առևտրային բանկերին և հարկային մարմնին` իր մոտ վարվող տվյալ հարկ վճարողին պատկանող բանկային հաշիվներում առկա հարկային պարտավորության չափով արգելադրված գումարի վերաբերյալ: Նշված տեղեկատվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած ձևով:

25. Եթե որևէ առևտրային բանկ այլ առևտրային բանկերից ստացված հաղորդագրությունների հիման վրա պարզում է, որ հարկ վճարողի այլ առևտրային բանկում (բանկերում) բանկային հաշիվներում առկա դրամական միջոցներն արգելադրված են նույն արգելադրման մասին որոշմամբ սահմանված գումարի չափով, ապա տվյալ առևտրային բանկը պարտավոր է հաղորդագրությունները ստանալուց հետո՝ առավելագույնը մեկ աշխատանքային օրվա ընթացքում, արգելանքից հանել իր մոտ վարվող հարկ վճարողի՝ տվյալ բանկային հաշիվներում առկա դրամական միջոցները: Նշվածը չի վերաբերում այն առևտրային բանկերին, որոնք արգելադրման մասին որոշմամբ արգելադրված բանկային հաշիվների վերաբերյալ սույն հոդվածով սահմանված հաղորդագրություն են ուղարկել այլ առևտրային բանկի (բանկերի):

26. Այն դեպքում, երբ այլ առևտրային բանկերից ստացված հաղորդագրությունների հիման վրա պարզվում է, որ հարկ վճարողի՝ այլ առևտրային բանկում (բանկերում) բանկային հաշիվներում առկա արգելադրված դրամական միջոցները պակաս են արգելադրման մասին որոշմամբ սահմանված գումարի չափից, ապա տվյալ առևտրային բանկը պարտավոր է սույն հոդվածով սահմանված կարգով արգելանքից հանել միայն տվյալ բանկում և այլ բանկերում արգելադրման արդյունքում հարկային պարտավորության գումարը գերազանցող դրամական միջոցները` հիմք ընդունելով այլ առևտրային բանկից (բանկերից) ստացված հաղորդագրությունները:

27. Հարկ վճարողի բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների վրա արգելանք դնելու մասին որոշումը, որում բացակայում է արգելադրման ենթակա գումարի հստակ չափը, ենթակա չէ կատարման:

28. Բանկային հաշիվներում հարկ վճարողի ունեցած դրամական միջոցների արգելադրման մասին որոշումը չի տարածվում պետական բյուջե վճարման ենթակա դրամական միջոցների փոխանցման վրա, և հարկ վճարողն իրավունք ունի այդ միջոցներից կատարելու փոխանցումներ պետական բյուջե, եթե այդ դրամական միջոցները գրավի առարկա չեն:

29. Հարկ վճարողի դրամարկղում ունեցած կանխիկ դրամական միջոցների վրա արգելանք դնելու մասին որոշումը հարկ վճարողին ներկայացնելու օրը որոշումն ընդունած հարկային մարմնի պաշտոնատար անձը գույքագրում է հարկ վճարողի դրամարկղում առկա կանխիկ դրամական միջոցները և դրանք, ինչպես նաև արգելանքի կիրառման ժամանակահատվածում հարկային պարտավորությունների սահմանում դրամարկղ մուտքագրվող կանխիկ դրամական միջոցներն արձանագրությամբ ի պահ է հանձնում հարկ վճարողին: Հարկ վճարողի դրամարկղում առկա կանխիկ դրամական միջոցների՝ արգելանքի տակ գտնվելու ժամանակահատվածում որոշում կայացրած հարկային մարմնի պաշտոնատար անձն իրավունք ունի ցանկացած ժամանակ գույքագրելու դրամարկղում դրամական միջոցների առկայությունը, ինչպես նաև մուտքագրված և ելքագրված դրամական միջոցների շարժը, որի արդյունքներով կազմվում է արձանագրություն: Դրամարկղում կանխիկ դրամական միջոցների կամ կանխիկ դրամական միջոցների շարժի գույքագրման արձանագրության ձևը սահմանում է հարկային մարմինը, որում նշվում են գույքագրման ամսաթիվը, ժամանակահատվածը, արգելանքի տակ գտնվող դրամական միջոցների արժույթը, արժեքը, քանակը, մուտքագրված դրամական միջոցների արժեքը և դրանց ստացման աղբյուրը, ելքագրված դրամական միջոցների արժեքը և ծախսման ուղղությունները, ի պահ հանձնվող դրամական միջոցների արժույթը, արժեքը, քանակը, գույքագրման ընթացքում դրամարկղային գործառնությունների կատարման դադարեցման ժամանակահատվածը, նշում՝ արգելանքի կիրառման ժամանակահատվածում հարկային պարտավորությունների սահմանում դրամարկղ մուտքագրվող դրամական միջոցների արգելանքի տակ գտնվելու և ի պահ ընդունելու վերաբերյալ, գույքագրմանը մասնակցող անձանց տվյալներն ու ստորագրությունները: Նշված արձանագրությունները հարկ վճարողի դրամարկղում առկա կանխիկ դրամական միջոցների վրա արգելանք դնելու մասին որոշման անբաժանելի մասն են:

30. Դրամարկղում հարկ վճարողի ունեցած կանխիկ դրամական միջոցների վրա արգելանք դնելու մասին որոշումը չի տարածվում կանխիկ դրամական միջոցներից հարկ վճարողի ավանդային կամ ընթացիկ հաշիվներ կամ պետական բյուջե կատարվող վճարումների վրա, և հարկ վճարողն իրավունք ունի դրամարկղում առկա դրամական միջոցներից իր ավանդային կամ ընթացիկ հաշիվներին կամ պետական բյուջե վճարումներ կատարելու:

31. Հարկ վճարողի բանկային հաշվին մուտքագրված դրամական միջոցների նկատմամբ կիրառվում են սույն հոդվածով նախատեսված՝ բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների նկատմամբ արգելանք կիրառելու վերաբերյալ դրույթները:

32. Հարկ վճարողի այլ գույքի վրա արգելանք դնելիս կազմվում է արձանագրություն: Արձանագրությունում կամ դրա հավելվածում նկարագրվում և ըստ անվանումների նշվում են արգելադրվող գույքի անվանումը, քանակը, անհատական հատկանիշները, հաշվեկշռային արժեքները: Նշված արձանագրությունը հարկ վճարողի գույքի արգելադրման որոշման անբաժանելի մասն է:

33. Արգելադրումն իրականացնող պաշտոնատար անձն արգելանքի տակ դրված գույքն ի պահ է հանձնում հարկ վճարողին, որի վերաբերյալ համապատասխան նշում է կատարվում գույքի վրա արգելանք դնելու մասին արձանագրությունում, իսկ եթե հարկ վճարողը փորձում է արգելադրած գույքը կամ դրա առանձին բաղադրամասերը վատնել, թաքցնել, ապօրինաբար մեկ ուրիշին հանձնել, փչացնել կամ ոչնչացնել, ապա գույքի պահատվությունը հանձնվում է նման գործունեություն իրականացնող մասնագիտացված կազմակերպությանը` պահատվության պայմանագրի հիման վրա: Պահատվության հետ կապված ծախսերը կատարում է հարկ վճարողը:

34. Այլ գույքի արգելադրման էլեկտրոնային համակարգի գործողության կարգը և պայմանները սահմանվում են Արցախի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինների համատեղ իրավական ակտով:

35. Սույն հոդվածով նախատեսված արգելադրման դեպքում առկա հարկային պարտավորության ոչ պակաս, քան 20 տոկոսը մարելուց հետո, եթե հարկ վճարողը դիմում է հարկային պարտավորության աստիճանական մարման ժամանակացույց կնքելու համար և ներկայացնում է բավարար հիմքեր իր վճարունակության վերաբերյալ, ապա հարկային մարմինն իրավունք ունի մնացած հարկային պարտավորությունը մարելու վերաբերյալ հարկ վճարողի հետ կնքել հարկային պարտավորության աստիճանական մարման ժամանակացույց, որի տևողությունը կարող է սահմանվել մինչև հինգ ամիս ժամկետով:

36. Հարկային պարտավորության աստիճանական մարման ժամանակացույցով սահմանված յուրաքանչյուր վճարման ժամկետն ավելի քան 10 օրով խախտելու դեպքում հարկային մարմինը դադարեցնում է հարկային պարտավորության աստիճանական մարման ժամանակացույցը, որի մասին օրենքով սահմանված կարգով ծանուցում է պարտապանին:

37. Հարկ վճարողի չկատարված հարկային պարտավորությունների գանձման նպատակով հարկային մարմինն իրավունք ունի պարտապանի (դեբիտորի) նկատմամբ պահանջի իրավունքի զիջման պայմանագրով ձեռք բերելու հարկ վճարողի պահանջի իրավունքը և ստացված գումարներն ուղղելու հարկ վճարողի հարկային պարտավորությունների մարմանը: Ընդ որում, հարկային մարմնին է անցնում իրավունքի անցման պահին առկա ծավալով հարկային պարտավորության (ներառյալ ապառքը և դրա նկատմամբ Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված տույժերը) պահանջի իրավունքը, իսկ պահանջի իրացման պահին, հաշվի առնելով Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված տույժերի հաշվարկման ժամկետները, կատարվում է հարկային պարտավորությունների վերահաշվարկ:

38. Որպես հարկային պարտավորությունների կատարման ապահովման միջոց հարկային մարմնի և հարկ վճարողի միջև կարող է կնքվել գրավի պայմանագիր` Արցախի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով:

39. Հարկային պարտավորության կատարումն ապահովելու նպատակով հարկային մարմինն ընդունում է երաշխիքներ, որոնք տրամադրում են բանկերը, վարկային կազմակերպությունները կամ ապահովագրական ընկերությունները (այսուհետ՝ երաշխիք տված անձ):

40. Երաշխիք տված անձը երաշխիքով հարկային մարմնի առջև պարտավորվում է կատարել հարկ վճարողի հարկային պարտավորությունները, եթե վերջինս սույն օրենքով սահմանված կարգով և երաշխիքով սահմանված ժամկետում չի կատարել իր հարկային պարտավորությունները՝ հարկային մարմնի կողմից երաշխիք տված անձին այդպիսի գրավոր պահանջ ներկայացնելու դեպքում: Երաշխիքի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Արցախի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությամբ և սույն օրենքով:

41. Երաշխիքով հարկային պարտավորությունների կատարման ժամկետը կարող է սահմանվել մինչև ինն ամիս ժամկետով, որը չի կարող գերազանցել երաշխիք տված անձի լիցենզիայի գործողության ժամկետի ավարտին նախորդող վեցերորդ ամսվա 1-ը:

42. Երաշխիքը չի կարող հետ կանչվել երաշխիք տված անձի կողմից:

43. Երաշխիքը հարկային մարմին է ներկայացվում երկու օրինակից, որում պետք է նշվեն՝

1) հարկ վճարողի հարկային պարտավորությունները և դրա մարման ժամկետը, որոնց պատշաճ կատարումն ապահովվում է երաշխիքով.

2) երաշխիքով ապահովված հարկային պարտավորությունները չկատարվելու դեպքում՝ հարկային մարմնի կողմից երաշխիք տված անձից հարկային պարտավորությունների կատարում պահանջելու անվիճելի իրավունքը.

3) երաշխիքով ապահովված հարկային պարտավորությունների կատարման համար երաշխիք տված անձի մոտ դրամական միջոցների առկայության փաստը.

4) երաշխիքի գործողության ժամկետը.

5) երաշխիք տված անձի լիցենզիայի համարը և գործողության ժամկետը:

44. Երաշխիքի ձևը և լրացման կարգը սահմանում է հարկային մարմինը:

45. Հարկային մարմինը երաշխիքն ընդունելու կամ մերժելու նպատակով այն ուսումնասիրում է ստանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում։

46. Երաշխիքի ընդունումը մերժվում է, եթե՝

1) երաշխիքը չի համապատասխանում օրենքով և սույն հոդվածի 41-43-րդ մասերով սահմանված չափանիշներին.

2) երաշխիքի գործողության ժամկետը պակաս է երաշխիքով սահմանված հարկ վճարողի կողմից հարկային պարտավորությունների կատարման ժամկետից.

3) երաշխիքը տված անձի՝ օրենքով սահմանված գործունեությամբ զբաղվելու լիցենզիան կասեցված է կամ ուժը կորցրած է ճանաչված.

4) երաշխիք տված անձն ունի չմարված հարկային պարտավորություններ:

47. Երաշխիքի ընդունման կամ մերժման վերաբերյալ հարկային մարմինը համապատասխան գրառում է կատարում տրված երաշխիքի համապատասխան դաշտում և դրա մեկ օրինակը սույն հոդվածի 45-րդ մասով սահմանված ժամկետում ուղարկում է երաշխիքը տված անձին: Երաշխիքի ընդունումը մերժելու դեպքում հարկային մարմինը նշում է նաև մերժման համար հիմք համարվող պատճառները:

48. Հարկ վճարողի կողմից երաշխիքով սահմանված ժամկետում երաշխիքով ապահովված հարկային պարտավորությունների չկատարման կամ մասնակի կատարման դեպքում հարկային մարմինը երաշխիքով սահմանված հարկային պարտավորությունների կատարման վերջնաժամկետի ավարտից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, երաշխիք տված անձին ներկայացնում է գրավոր պահանջ՝ երաշխիքով ապահովված հարկային պարտավորությունների կատարման համար:

49. Երաշխիք տված անձի կողմից երաշխիքով ապահովված՝ պարտապան հարկ վճարողի կողմից չկատարված հարկային պարտավորությունները ենթակա են կատարման այդպիսի պահանջը հարկային մարմնից ստանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում:

50. Երաշխիք տված անձի կողմից սույն հոդվածի 49-րդ մասում նշված ժամկետում իր պարտավորությունների չկատարման կամ մասնակի կատարման դեպքում հարկային մարմինը գույքի բռնագանձման վերաբերյալ որոշում է կայացնում: Մինչև գումարի բռնագանձման վերաբերյալ որոշումը Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայություն ներկայացնելը հարկային մարմինը երաշխիք տված անձի նկատմամբ կարող է կիրառել օրենքով նախատեսված հարկային պարտավորությունների հարկադիր կատարման ընթացակարգերը:

(30-րդ հոդվածը փոփ. 24.03.1999 ՀՕ-65, լրաց. 31.05.2001 ՀՕ-151, 06.02.2002 ՀՕ-187, 23.06.2004 ՀՕ-123, փոփ. 22.12.2004 ՀՕ-161, լրաց. 19.10.2005 ՀՕ-225, փոփ., լրաց. 22.03.2006 ՀՕ-277, լրաց. 27.12.2011 ՀՕ-93-Ն, լրաց., փոփ., խմբ. 26.12.2012 ՀՕ-38-Ն, խմբ., փոփ. 26.12.2013 ՀՕ-92-Ն, խմբ. 18.12.2014 ՀՕ-57-Ն, 21.12.2017 ՀՕ-56-Ն, փոփ., լրաց., խմբ. 30.06.21 ՀՕ-82-Ն, փոփ. 25.11.21 ՀՕ-121-Ն, խմբ., փոփ., լրաց. 19.05.22 ՀՕ-39-Ն)

 

Հոդված 30.1.

 

1. Հարկային մարմինն Արցախի Հանրապետության կառավարության սահմանած ձևով և կարգով հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակում է`

1) մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա հուլիսի 1-ը`

ա. հաշվետու տարվա արդյունքներով 1 000 000 ՀՀ դրամ և ավելի հարկային վնասներ հայտարարագրած և ապառքներ կուտակած հարկ վճարողների ցանկերը,

բ. հաշվետու տարվա արդյունքներով Արցախի Հանրապետության պետական բյուջե 10 000 000 ՀՀ դրամ և ավելի շահութահարկ վճարած հարկ վճարողների ցանկերը,

գ. հաշվետու տարվա արդյունքներով Արցախի Հանրապետության պետական բյուջե 10 000 000 ՀՀ դրամ և ավելի եկամտային հարկ վճարած հարկային գործակալների ցանկերը,

դ. աշխատողի աշխատանքի ընդունումն օրենսդրությամբ սահմանված կարգով չգրանցած հարկ վճարողների ցանկերը.

2) մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` առաջին 300 խոշոր հարկ վճարողների ցանկերը և նրանց կողմից ֆինանսական տարվա սկզբից վճարված հարկերի մեծությունները` հաշվարկված աճողական կարգով:

(30.1-ին հոդվածը լրաց. 21.12.2017 ՀՕ-56-Ն)

 

Հոդված 31. Հարկային օրենսդրության խախտումներ հայտնաբերելու դեպքում հարկային պարտավորություններ չեն կարող առաջանալ, եթե տվյալ խախտումը հայտնաբերվել է այն կատարելու տարվան անմիջապես հաջորդող երեք տարին լրանալուց հետո, բացառությամբ «Գույքահարկի մասին» և «Հողի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերի:

Սույն հոդվածի առաջին պարբերության իմաստով հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հարկային պարտավորությունների հաշվարկման առումով խախտման կատարման տարի է համարվում համապատասխան հաշվարկի, հայտարարագրի, հաշվետվության, տեղեկության կամ այլ փաստաթղթի (անկախ դրանց ներկայացման հանգամանքից)` հարկային մարմին ներկայացնելու համար օրենքով սահմանված ժամկետի վերջին օրը ներառող օրացուցային տարին:

Սույն հոդվածի առաջին մասով սահմանված վաղեմության ժամկետի ընթացքը կասեցվում է, եթե հարկ վճարողի, հարկ վճարողի պաշտոնատար անձանց բացակայության կամ խոչընդոտող այլ գործողությունների հետևանքով ստուգման կամ այլ կերպ հարկային պարտավորությունների հաշվարկման հարկային մարմինների փորձը ձախողվել է՝ ձախողման փաստը հարկային մարմնի համապատասխան պաշտոնատար անձի կողմից Արցախի Հանրապետության կառավարության սահմանված կարգով արձանագրվելու պահից: Սույն մասով նախատեսված կասեցման հիմքերի դադարեցումից հետո վաղեմության ժամկետի ընթացքը շարունակվում է, եթե հարկային մարմինը կամ հարկային մարմնի համապատասխան պաշտոնատար անձը գիտեր կամ կարող էր իմանալ կասեցման հիմքերի դադարեցման մասին:

Հարկային պարտավորությունները չեն կարող փոփոխվել, եթե դրանք վերաբերում են այն հաշվետու ժամանակաշրջանին, որից անցել է երեք տարի: Անկախ առանձին հարկատեսակների մասին օրենքներով սահմանված դրույթների` սույն պարբերությունում նշված ժամկետը լրանալուց հետո սույն պարբերությունում նշված հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող հաշվարկներ, հայտարարագրեր և հաշվետվություններ (այդ թվում` ճշտված) չեն կարող ներկայացվել:

(31-րդ հոդվածը լրաց. 12.12.2007 ՀՕ-91, լրաց., խմբ. 26.12.2012 ՀՕ-38-Ն, լրաց. 30.11.2016 ՀՕ-32-Ն, փոփ. 21.12.2017 ՀՕ-56-Ն)

 

Հոդված 32. Եթե հարկային մարմինն ունի փաստեր այն մասին, որ չմարված հարկային պարտավորություններ ունեցող հարկ վճարողները վերացնում (լուծարում) են եկամուտ (շահույթ) առաջացնող իրենց օբյեկտները կամ թաքցնում են եկամուտը (շահույթը), որի հետևանքով հնարավոր չի դառնում գանձել հարկային օրենսդրությամբ սահմանված հարկերը, ապա հարկային մարմինը կարող է միջոցներ ձեռնարկել մինչև հաշվետու ժամանակը դրանք գանձելու ուղղությամբ: Այդ դեպքում հարկային մարմինը կարող է պահանջել հաշվետու ժամանակաշրջանի հաշվապահական հաշվետվությունները, հաշվարկները, հայտարարագրերը և հարկային օրենսդրությամբ նախատեսված մյուս փաստաթղթերը՝ մինչև հարկային օրենսդրությամբ սահմանված ժամկետի լրանալը:

Հարկային օրենսդրության կիրառման առումով անապրանք փաստաթուղթը հարկերի հաշվարկման և (կամ) վճարման համար հիմք հանդիսացած (հարկային հաշվառման մեջ ներառված)՝ Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին ձևականորեն համապատասխանող վճարահաշվարկային այն փաստաթուղթն է, որում նշված գործարքը (ապրանքի մատակարարում, ծառայության մատուցում կամ աշխատանքի կատարում) այդ փաստաթուղթը կազմած կողմերի միջև փաստացի չի կատարվել կամ կատարվել է այդ փաստաթղթում նշված պայմաններից էականորեն տարբերվող պայմաններով:

Սույն հոդվածի կիրառման առումով էականորեն տարբերվող պայմաններ են համարվում կատարված գործարքի (մատակարարված ապրանքի, մատուցված ծառայության կամ կատարված աշխատանքի) տեսականին, գինը, քանակը, գումարը:

Անապրանք փաստաթղթեր դուրս գրած և ձեռք բերած անձանց նկատմամբ կիրառվում է տուգանք՝ գործարքի (մատակարարված ապրանքի, մատուցված ծառայության կամ կատարված աշխատանքի) փաստացի կատարումը հավաստող` կազմված փաստաթղթում նշված էական պայմանների (այդ թվում` դրանցից որևէ մեկի) 20 և ավելի տոկոս շեղման դեպքում՝ շեղման (դրամական արտահայտությամբ) 100 տոկոսի չափով, բայց ոչ պակաս 1 միլիոն դրամից:

Սույն հոդվածի չորրորդ մասում նշված խախտումը մեկ տարվա ընթացքում կրկնվելու դեպքում կիրառվում է տուգանք` շեղման կրկնապատիկի չափով, բայց ոչ պակաս 1 միլիոն դրամից:

Անապրանք փաստաթղթերը հարկ վճարողների կողմից հարկերի հաշվարկման և (կամ) վճարման ենթակա հարկային պարտավորությունների նվազեցման և (կամ) հաշվանցումներ կատարելու հիմք չեն կարող հանդիսանալ:

Փաստաթղթերը չեն համարվում անապրանք, և սույն հոդվածով նախատեսված պատասխանատվությունը չի կիրառվում, եթե անձն ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման պայմանագրի համաձայն կրում է գործարքը կատարելու պարտավորություն:

(32-րդ հոդվածը լրաց. 26.02.2003 ՀՕ-36, խմբ., լրաց. 22.03.2006 ՀՕ-277, լրաց. 24.12.2008 ՀՕ-81-Ն, փոփ. 21.12.2017 ՀՕ-56-Ն, 14.06.2019 ՀՕ-57-Ն)

 

Հոդված 33. Առանձին հարկատեսակի մասին օրենքով նախատեսված դեպքերում առանձին հարկ վճարողների կամ հարկ վճարողների խմբի և հարկային գործակալների համար, ինչպես նաև առանձին հարկատեսակի գծով՝ հարկային օրենսդրությունը խախտելու դեպքում կարող են կիրառվել տուգանքների այլ տեսակներ և չափեր, դրանց հաշվարկման, մուծման (գանձման) այլ կարգ, քան նախատեսված է սույն օրենքով:

(33-րդ հոդվածը լրաց. 21.02.2007 ՀՕ-17)

 

ԳԼՈՒԽ  5

ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱՎԵԼԻ ԲՅՈՒՋԵ ՎՃԱՐՎԱԾ

ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՎՃԱՐՈՂԻՆ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

Հոդված 34. Հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված որևէ հարկային պարտավորություններից ավելի վճարված գումարները (գերավճարները) հարկային մարմնի կողմից հաշվանցվում են վճարովի այլ պարտավորությունների հաշվին կամ վերադարձվում են ոչ ուշ, քան վերադարձման մասին հարկ վճարողի դիմումը ստանալուց հետո 30 օրվա ընթացքում:

(2-րդ պարբերությունն ուժը կորցրել է 27.12.2011 ՀՕ-93-Ն)

(3-րդ պարբերությունն ուժը կորցրել է 27.12.2011 ՀՕ-93-Ն)

Օրենքով սահմանված դեպքերում ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի գերավճարից տարբերվող գումարները, շահութահարկի, եկամտային հարկի գծով տարեկան կանխավճարային մուծումների, ինչպես նաև օրենքով սահմանված` հարկի նվազագույն չափի և վերջնական հարկային պարտավորության միջև առաջացող դրական տարբերությունը հաշվանցվում է սույն հոդվածով սահմանված կարգով, եթե այդ հարկատեսակների մասին օրենքներով այլ բան նախատեսված չէ:

Հարկատեսակների այն գումարները, որոնց վճարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է հարկային մարմինը (այսուհետ` սույն մասով նախատեսված հավելվածի իմաստով` հարկային մարմնի միջոցով պետական բյուջե հավաքագրվող հարկի գումար) հաշվանցվում և (կամ) վերադարձվում են սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելված 1-ով սահմանված կարգով և ժամկետներում:

(6-րդ մասն ուժը կորցրել է 16.12.2010 ՀՕ-65-Ն)

(34-րդ հոդվածը խմբ. 31.05.2001 ՀՕ-151, լրաց. 26.02.2003 ՀՕ-36, փոփ. 23.06.2004 ՀՕ-123, լրաց., խմբ., փոփ. 16.12.2010 ՀՕ-65-Ն, փոփ. 27.12.2011 ՀՕ-93-Ն, 26.12.2013 ՀՕ-92-Ն)

 

Հոդված 35. Եթե գործատուները աշխատանքային պայմանագրով աշխատող անձանցից (վարձու աշխատողներից) ժամանակին չեն պահել (գանձել) հարկի գումարները, ապա դրանք վարձու աշխատողներից պահվում (գանձվում) են այդ մասին հայտնի դառնալուց ոչ ավելի, քան վերջին երեք ամսվա համար, իսկ մնացած հարկային պարտավորությունները դրվում են գործատուի վրա:

Հարկերի սահմանված չափից ավել գանձված գումարները վարձու աշխատողներին վերադարձվում են այդ մասին հայտնի դառնալու օրվանից մեկ ամսվա ընթացքում՝ սահմանված չափից ավել գանձման օրվան հաջորդող երեք տարվա համար: Սահմանված չափից ավել վճարված գումարները վերադարձնելու մասին վճարողի դիմումը կասեցնում է նշված ժամկետի ընթացքը:

 

Հոդված 35.1. Այն դեպքերում, երբ հարկային մարմնին հայտնի են դարձել հարկ վճարողների կողմից ներկայացված հաշվարկներում տեղ գտած անճշտություններ, որոնք օրենսդրությամբ սահմանված դեպքերում ու կարգով հնարավոր չէ ճշգրտել ճշտված հաշվարկների ներկայացման միջոցով կամ օրենսդրությամբ սահմանված դեպքերում անհրաժեշտ է վերահաշվարկել հարկ վճարողի հարկային պարտավորությունները, ապա այդ պարտավորությունները կարող են ճշգրտվել հարկային մարմնի սահմանած կարգով` առանց հարկ վճարողների մոտ ստուգումների (այդ թվում` վերստուգումների) իրականացման:

(35.1-ին հոդվածը լրաց. 26.12.2012 ՀՕ-38-Ն)

 

Հոդված 36. Հարկային մարմնի կողմից պարտականությունների ոչ պատշաճ կատարման հետևանքով հարկ վճարողներին պատճառված վնասը (ներառյալ՝ բաց թողնված եկամուտը) հատուցվում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(36-րդ հոդվածը փոփ. 21.12.2017 ՀՕ-56-Ն)

 

ԳԼՈՒԽ  6

ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ

ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՆԳԱՏԱՐԿՈՒՄԸ

 

Հոդված 37. Հարկային մարմնի կամ հարկային ծառայողների գործողությունները և անգործությունը բողոքարկվելու դեպքում ներկայացված բողոքները քննվում, և դրանց վերաբերյալ որոշումներ են կայացվում «Հարկային ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Հարկային մարմինների պաշտոնատար անձանց այն գործողությունների գանգատարկումը, որոնք կապված են վարչական տուգանքի նշանակման հետ, կատարվում է վարչական իրավախախտումների մասին Արցախի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

(37-րդ հոդվածը խմբ. 26.02.2003 ՀՕ-36, 23.06.2004 ՀՕ-123, 27.12.2011 ՀՕ-93-Ն, փոփ. 21.12.2017 ՀՕ-56-Ն)

 

Հոդված 38. Հարկային մարմինների պաշտոնատար անձանց գործողությունների բողոքարկումը չի դադարեցնում հարկերի գանձումը: Բողոքը քննության առնող հարկային մարմինն իրավունք ունի մինչև բողոքի լուծումը դադարեցնել հարկի գանձումը:

(38-րդ հոդվածը փոփ. 27.12.2011 ՀՕ-93-Ն)

 

ԳԼՈՒԽ  7

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

 

Հոդված 39. Եթե Արցախի Հանրապետության անունից կնքված և վավերացված միջազգային պայմանագրերով սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

(39-րդ հոդվածը փոփ. 21.12.2017 ՀՕ-56-Ն)

 

ԳԼՈՒԽ  8

 ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 40. Սույն օրենքը ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1997 թվականի մարտի 17-ի օրենքը:

 

Հոդված 41. Սույն օրենքի 8 հոդվածի դրույթները չեն գործում 1998 թվականի ընթացքում և չեն կիրառվում հարկային արտոնությունների սահմանման կամ վերացման առումով:

 

Հոդված 42. Սույն օրենքի 11 հոդվածի դրույթները տարածվում են նաև հողի հարկի վրա:

 

Հոդված 43. Սույն օրենքի 23 հոդվածում նշված տույժերը կիրառվում են և դրանց ժամկետի հաշվարկը սկսվում է 1998 թվականի հունվարի 1-ից: Մինչ այդ գործում էր նախկինում ընդունված կարգը:

 

Հոդված 44. Հարկի վճարումը հարկային օրենսդրությամբ սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում մինչև 2001 թվականի հունվարի 1-ը այդ գումարներն իրավաբանական անձանց բանկային հաշիվներից հարկային մարմինների կողմից գանձվում են անվիճելի կարգով:

Սույն հոդվածի առաջին մասում նշված հարկային մարմինների պաշտոնատար անձանց այն գործողությունների գանգատարկումը, որոնք կապված են իրավաբանական անձանց բանկային հաշիվներից անվիճելի կարգով գումարների գանձման հետ, կատարվում են սույն օրենքի 37 և 38 հոդվածներով սահմանված կամ դատական կարգով:

(44-րդ հոդվածը խմբ. 29.12.1999 ՀՕ-89)

 

Հոդված 45. Սույն օրենքի 39 հոդվածի դրույթները գործում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Արցախի Հանրապետության անունից կնքված միջազգային պայմանագրերի նկատմամբ:

(45-րդ հոդվածը փոփ. 21.12.2017 ՀՕ-56-Ն)

 

Հոդված 46. Սնանկ ճանաչված իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից պետությանը պատճառված վնասը ներառում է հարկերի (այդ թվում` թաքցված կամ պակաս ցույց տրված հարկվող օբյեկտի համար նախատեսված), ինչպես նաև հարկային օրենսդրությունը և հարկային հարաբերությունները կարգավորող այլ իրավական ակտերը խախտելու համար հաշվարկված` հարկային օրենսդրությամբ սահմանված տույժերի և տուգանքների գումարները, իսկ առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա համարվող գործունեության իրականացման դեպքում` նաև լիցենզավորման համար օրենքով սահմանված պետական տուրքի գումարը:

(46-րդ հոդվածը լրաց. 26.12.2012 ՀՕ-38-Ն)

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

5 օգոստոսի 1998թ.

ք. Ստեփանակերտ

ՀՕ-23

 

 

 

Հավելված N 1

«Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության օրենքի

 

ՀԱՐԿԵՐԻ ՀԱՇՎԱՆՑՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

I. ԿԱՐԳԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ

 

1. Սույն կարգով սահմանվում է պետական բյուջե վճարվող հարկերի և հարկային այլ տուգանքների գումարները օրենքով սահմանված դեպքերում հարկ վճարողի կամ հաշվանցման և (կամ) վերադարձի իրավունք ձեռք բերողի՝ պետական բյուջեի հանդեպ այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման կարգը:

2. Սույն կարգին համապատասխան հաշվանցվում և (կամ) հարկ վճարողին վերադարձվում են հարկային մարմինների միջոցով պետական բյուջե հավաքագրվող հարկատեսակների և հարկային այլ տուգանքների մասով ֆիզիկական կամ իրավաբանական անձանց, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների (ներկայացուցչությունների, մասնաճյուղերի, հիմնարկների), դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, նրանց հավասարեցված միջազգային, միջկառավարական (միջպետական) կազմակերպությունների (այսուհետ` հարկ վճարող) կողմից պետական բյուջե վճարած այն գումարները, որոնց հաշվանցումը և (կամ) վերադարձը նախատեսված է օրենքով:

3. Օտարերկրյա անձանց կողմից Արցախի Հանրապետությունում ձեռք բերված ապրանքներն արտահանելիս դրանց համար հանրապետության տարածքում վճարված ավելացված արժեքի հարկի գումարների վերադարձման նպատակով սույն կարգը չի կիրառվում:

4. Սույն կարգին համապատասխան հաշվանցվում և (կամ) հարկ վճարողին վերադարձվում են`

1) սահմանված չափից ավել վճարված շահութահարկը, եկամտային հարկը, ավելացված արժեքի հարկը, ակցիզային հարկը, հարկերին փոխարինող հաստատագրված վճարները, առևտրի հարկը, հարկային մարմնի միջոցով պետական բյուջե հավաքագրվող գույքահարկը և հողի հարկը.

2) ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների (բացառությամբ սև և գունավոր մետաղների ջարդոնի արտահանման գործարքների) մասով հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա ավելացված արժեքի հարկը.

3) որպես իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր պետական գրանցում (հաշվառում) ստացած անձանց կողմից Արցախի Հանրապետության տարածքում ակցիզային հարկ վճարողներից ձեռք բերված` ակցիզային հարկով հարկված ապրանքների արտահանման, ինչպես նաև ակցիզային հարկով հարկված հումքից պատրաստված` Արցախի Հանրապետությունում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների արտահանման դեպքերում` օրենքին համապատասխան հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա ակցիզային հարկը.

4) դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, նրանց հավասարեցված միջազգային, միջկառավարական (միջպետական) կազմակերպությունների պաշտոնական օգտագործման նպատակով հանրապետության տարածքում ձեռք բերված ապրանքների, նրանց մատուցված ծառայությունների դիմաց վճարված ավելացված արժեքի հարկի գումարները.

5) «Հաստատագրված վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախատեսված սահմանային չափերը գերազանցելու դեպքում` վճարված հաստատագրված վճարի գումարը.

6) օրենքով նախատեսված դեպքում ընդհանուր կարգով (շահութահարկով (եկամտային հարկով) և ավելացված արժեքի հարկով հարկման համակարգով) հարկերը հաշվարկելու դեպքում` հարկ վճարողի կողմից մինչ այդ վճարված առևտրի հարկի գումարները.

7) օրենքով սահմանված կանխավճարների գումարները` օրենքով սահմանված դեպքերում և կարգով:

(1-ին գլուխը փոփ., լրաց. 27.12.2011 ՀՕ-93-Ն, փոփ. 26.12.2013 ՀՕ-92-Ն, 21.12.2017 ՀՕ-56-Ն)

 

II. ԿԱՐԳՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Սույն կարգում օգտագործված հասկացությունները կիրառվում են հետևյալ իմաստներով`

հարկային այլ տուգանքներ` որևէ հարկատեսակին (կամ առևտրի հարկին, հաստատագրված վճարներին) չվերաբերող տուգանքներ («Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 26-րդ, 28-րդ, 283-րդ, 284-րդ, 285-րդ, 286-րդ և 32-րդ հոդվածներով սահմանված տուգանքները).

սոցիալական վճարներ` «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված պարտադիր սոցիալական ապահովության վճարները.

այլ վճարներ` «Ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման համար կատարվող հատկացումների (մասհանումների) մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված` ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման համար կատարվող հատկացումները (մասհանումները), «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված բնապահպանական և բնօգտագործման վճարները և «Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգավորման պարտադիր վճարները.

հարկերին և վճարներին չվերաբերող տուգանքներ` «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին», «Հսկիչ-դրամարկղային մեքենաներ կիրառողների գործունեության կասեցման մասին», «Դրամարկղային գործառնությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով սահմանված տուգանքները.

այլ պարտավորություններ` այլ հարկատեսակների (կամ առևտրի հարկի, հաստատագրված վճարների), հարկային այլ տուգանքների, սոցիալական և այլ վճարների, պետական տուրքերի, հարկերին և վճարներին չվերաբերող տուգանքների պարտավորությունները.

գերավճար `

- սահմանված կարգով հաշվարկվող որևէ հարկային պարտավորության գումարից ավելի վճարված գումար, կամ`

- պարտավորության բացակայության պայմաններում (ներառյալ` օրենքով չնախատեսված դեպքերում)` տվյալ հարկային պարտավորության համապատասխան գանձապետական հաշվին հարկ վճարողի կամ հարկ վճարողի անունից այլ անձի կողմից փաստացի փոխանցված (վճարված) գումար, կամ`

- դատարանի վճռի կատարման արդյունքում կամ վերադաս հարկային մարմնի գանգատարկման հանձնաժողովի որոշումների հիման վրա հարկ վճարողի օգտին (այդ թվում` նախկինում կատարված պարտավորության հետ վերադարձին վերաբերող) հաշվեգրված գումար, կամ`

- հարկային պարտավորությունները, սոցիալական վճարների պարտավորությունները, ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման համար կատարվող հատկացումների (մասհանումների) պարտավորությունները կամ հարկերին և վճարներին չվերաբերող տուգանքների պարտավորությունները գերազանցող գումարով այլ հարկատեսակից (կամ առևտրի հարկից, հաստատագրված վճարներից), հարկային այլ տուգանքներից, սոցիալական վճարներից, ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման համար կատարվող հատկացումներից (մասհանումներից) կամ հարկերին և վճարներին չվերաբերող տուգանքներից տվյալ հարկատեսակին (կամ առևտրի հարկին, հաստատագրված վճարին) կամ հարկային այլ տուգանքին հարկային մարմնի կողմից հաշվանցված գումար (բնապահպանական և բնօգտագործման վճարների, կարգավորման պարտադիր վճարների և պետական տուրքերի պարտավորությունները գերազանցող գումարով տվյալ հարկատեսակին (կամ առևտրի հարկին, հաստատագրված վճարին) կամ հարկային այլ տուգանքին հաշվանցումներ չեն կատարվում).

գերավճարից տարբերվող գումար` գերավճար չհանդիսացող գումար, որն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով կարող է հաշվանցվել հարկ վճարողի այլ պարտավորությունների դիմաց և (կամ) վերադարձվել հարկ վճարողին: Մասնավորապես` գերավճարից տարբերվող գումարներ են հանդիսանում սույն կարգի 1-ին գլխի 4-րդ կետի 2-6-րդ ենթակետերում նշվածները.

հաշվանցվող գումար` պետական բյուջեի հանդեպ հարկային պարտավորությունից պակասեցվող (դեբետագրվող) գումար, որը արդյունք է`

- փաստացի վճարման, կամ`

- այլ հարկատեսակներից (կամ առևտրի հարկից, հաստատագրված վճարներից), հարկային այլ տուգանքներից, սոցիալական վճարներից, ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման համար կատարվող հատկացումներից (մասհանումներից) կամ հարկերին և վճարներին չվերաբերող տուգանքներից տվյալ հարկային պարտավորության դիմաց հաշվանցման, կամ`

- հարկատեսակի (կամ առևտրի հարկի, հաստատագրված վճարի) հաշվետվության (հաշվարկի, հայտարարագրի, հայտարարության) ներկայացման, կամ`

- դատարանի վճռի կատարման, կամ

- վերադաս հարկային մարմնի գանգատարկման հանձնաժողովի կողմից ընդունված որոշման.

հաշվանցում` հարկ վճարողի պարտավորության պակասեցում կամ հարկ վճարողի հանդեպ պարտավորության ձևակերպում (գրանցում): Ընդ որում` հարկային պարտավորության պակասեցման դեպքում վերջինս մարվում է հաշվանցվող գումարով, իսկ հարկ վճարողի հանդեպ հարկային պարտավորության գումարը ձևակերպվելու դեպքում գրանցվում (արձանագրվում) է հաշվանցվող գումարի և հարկ վճարողի հարկային պարտավորության դրական տարբերության գումարը.

վերադարձ` հարկ վճարողի բանկային հաշվին (ֆիզիկական անձը բանկային հաշիվ չունենալու դեպքում` նրա առաջարկած առևտրային բանկի միջոցով` անձնագրային տվյալներով) պետական բյուջեից գումարի փոխանցում.

հաշվանցման և (կամ) վերադարձման ներկայացված գումար` հարկային գերավճարի կամ գերավճարից տարբերվող գումարի մնացորդի հաշվին հարկ վճարողի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձի համար հարկ վճարողի դիմումով պահանջված գումար.

հարկ վճարողի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գումար` հաշվանցման և (կամ) վերադարձման ներկայացված գումարի այն մասը, որը, սույն կարգին համապատասխան, հարկային մարմնի կողմից համարվել է հարկ վճարողի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա կամ առանց հարկ վճարողի դիմումի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման ենթակա գումարը.

ապառք` սահմանված ժամկետում չկատարված հարկի (կամ առևտրի հարկի, հաստատագրված վճարի) վճարման ենթակա գումար.

գերավճարի (գերավճարից տարբերվող գումարի) մնացորդ` հարկային գերավճարի (գերավճարից տարբերվող գումարի) այն մասը, որը, սույն կարգին համապատասխան, ժամանակագրական կարգով մարման արդյունքում, մնացորդի արձանագրման (որոշման) օրվա դրությամբ պակասեցված չէ հարկ վճարողի տվյալ հարկային և այլ պարտավորությունների հաշվին.

հարկի չհաշվանցվող մնացորդ` հարկային դեբետային մնացորդի այն մասը, որը տվյալ օրվա դրությամբ ենթակա չէ հարկ վճարողի այլ պարտավորության դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման: Հարկային չհաշվանցվող գումարի մեջ ներառվում են`

- հարկ վճարողի առաջիկա հարկային պարտավորություններից հաշվանցման ենթակա գումարը, որն առաջացել է որևէ հարկատեսակի (կամ առևտրի հարկի, հաստատագրված վճարների) որևէ հարկային պարտավորության կատարման (այդ թվում` կանխավճարի, նվազագույն գումարների վճարման) կամ մատակարարներին, մաքսային մարմիններին վճարման արդյունքում,

- այն գումարները, որոնց հաշվանցումը և (կամ) վերադարձը ուսումնասիրություններով կամ ստուգումներով (այդ թվում` նախկինում անցկացված) մերժվել է կամ համարվել է չհիմնավորված,

- այն գումարները, որոնց հաշվանցման և (կամ) վերադարձի ժամկետի ընթացքը սույն կարգին համապատասխան, կասեցված է.

հարկային դեբետային մնացորդ` տվյալ օրվա դրությամբ հարկի (կամ առևտրի հարկի, հաստատագրված վճարի) չհաշվանցվող մնացորդի, գերավճարի և գերավճարից տարբերվող գումարի մնացորդների հանրագումարը:

(2-րդ գլուխը խմբ. 27.12.2011 ՀՕ-93-Ն, փոփ. 26.12.2013 ՀՕ-92-Ն)

 

III. ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՇՎԱՆՑՎՈՂ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ

ԺԱՄԱՆԱԿԱԳՐԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ ՄԱՐՈՒՄԸ

 

1. Որևէ օրվա դրությամբ հարկ վճարողի հարկային պարտավորության գումարը, հարկային դեբետային մնացորդում գերավճարի, գերավճարից տարբերվող գումարի, չհաշվանցվող մնացորդների մեծությունները որոշվում են պարտավորությունների, հաշվանցվող գումարների ժամանակագրական կարգով մարման միջոցով, հետևյալ կանոններով`

1) ավելի վաղ առաջացած հարկային պարտավորությունը մարվում է (մարված է համարվում) ավելի վաղ առաջացած հաշվանցվող գումարների հաշվին, իսկ ավելի վաղ առաջացած հաշվանցվող գումարը մարվում է (մարված է համարվում) ավելի վաղ առաջացած հարկային պարտավորության կամ պետական բյուջեից ավելի վաղ վերադարձված գումարների հաշվին.

2) հերթական հարկային պարտավորությունը (կամ հաշվանցվող գումարը) մարվելուց հետո մարվում է դրանից հետո առաջացած պարտավորությունը (հաշվանցվող գումարը).

3) որևէ ամսաթվի դրությամբ պարտավորությունները (կամ հաշվանցվող գումարները) մարվելուց հետո կատարվում է հաշվանցվող գումարների (պարտավորությունների) մարում:

2. Եթե վճարման փաստաթղթերում (անդորրագրում, վճարման հանձնարարականում) հարկ վճարողի կողմից նշված է, թե գումարը որ հարկային պարտավորության մարմանը պետք է ուղղվի (կատարվել է նպատակային վճարում), ապա պարտավորությունների և հաշվանցվող գումարների ժամանակագրական կարգով մարումը կատարվում է` հաշվի առնելով նպատակային վճարումը:

3. Ժամանակագրական կարգի կիրառման ժամանակ, հարկ վճարողի կողմից պետական բյուջե կատարված փաստացի վճարումների կամ հաշվանցումների հաշվին, եթե հարկ վճարողը կոնկրետ չի նշել, թե որ ժամանակաշրջանի և որ պարտավորության մարմանն է այն վերաբերում (նպատակային չէ) կամ հաշվանցումը կատարվում է առանց հարկ վճարողի դիմումի, առաջնահերթ մարվում են տվյալ հարկատեսակի (կամ առևտրի հարկի, հաստատագրված վճարի) գծով առկա հարկային պարտավորությունները հետևյալ հերթականությամբ` հարկի (առևտրի հարկի, հաստատագրված վճարի) գումարները, տույժերը, տուգանքները, իսկ հարկային այլ տուգանքներից առաջնահերթ մարվում են կրկնապատկվող և դեռևս չկրկնապատկված տուգանքների գումարները:

(3-րդ գլուխը փոփ., լրաց. 27.12.2011 ՀՕ-93-Ն)

 

IV. ՏՈՒՅԺԵՐԻ ԵՎ ՏՈՒԳԱՆՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՆ ՈՒ ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿԸ

(վերնագիրը խմբ. 27.12.2011 ՀՕ-93-Ն)

 

1. Անկախ հաշվանցվող գումարների առկայությունից, որևէ հարկատեսակի (կամ առևտրի հարկի, հաստատագրված վճարների) ապառքների նկատմամբ օրենքով սահմանված կարգով և չափերով հաշվարկվում են տույժեր և (կամ) «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածով սահմանված դեպքերում տուգանքներ, ինչպես նաև նույն օրենքի 28-րդ և 283-րդ հոդվածներով սահմանված դեպքերում կրկնապատկվում են տուգանքները` մինչև այլ գերավճարի կամ գերավճարից տարբերվող գումարի մնացորդի հաշվին սույն կարգին համապատասխան ապառքի կամ կրկնապատկվող տուգանքի մարման կամ պարտավորության փաստացի կատարման օրը:

2. Հարկային մարմինների միջոցով պետական բյուջե հավաքագրվող հարկային պարտավորություններից, սոցիալական վճարների պարտավորություններից, ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման համար կատարվող հատկացումներից (մասհանումներից) կամ հարկերին և վճարներին չվերաբերող տուգանքների պարտավորություններից որևէ մեկի մասով հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման ենթակա գումարն արձանագրվելու դեպքում` տվյալ հարկատեսակի (կամ առևտրի հարկի, հաստատագրված վճարի) ապառքների նկատմամբ, սույն գլխի 1-ին կետին համապատասխան, մինչ այդ հաշվարկված տույժերը և (կամ) տուգանքները, ինչպես նաև կրկնապատկված հարկային այլ տուգանքները վերահաշվարկվում են` հաշվի առնելով հաշվանցման ենթակա գումարի առաջացման ամսաթիվը և մեծությունը:

3. Հարկային մարմինների միջոցով պետական բյուջե չհավաքագրվող գումարների (վճարների և այլն) հաշվին հարկային մարմինների միջոցով պետական բյուջե հավաքագրվող հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցում կատարվելու դեպքում` տվյալ հարկատեսակի (կամ առևտրի հարկի, հաստատագրված վճարի) ապառքների նկատմամբ, սույն գլխի 1-ին կետին համապատասխան, մինչ այդ հաշվարկված տույժերը և (կամ) տուգանքները, ինչպես նաև կրկնապատկված հարկային այլ տուգանքները չեն վերահաշվարկվում: Տվյալ հարկատեսակի (կամ առևտրի հարկի, հաստատագրված վճարի) ապառքների նկատմամբ տույժերը և (կամ) տուգանքները հաշվարկվում են մինչև փաստացի հաշվանցման (համապատասխան գանձապետական հաշիվ գումարի մուտքագրման) օրը:

4. Եթե հարկային գերավճարների կամ գերավճարից տարբերվող գումարների հաշվին այլ պարտավորությունների դիմաց փաստացի հաշվանցված և (կամ) վերադարձված գումարների հաշվանցումը և (կամ) վերադարձը կատարելուց հետո հարկ վճարողի կողմից ներկայացվել են ճշտված հաշվարկներ (հաշվետվություններ, հայտարարագրեր), որի արդյունքում փոխվում է փաստացի հաշվանցման և (կամ) վերադարձման օրվա դրությամբ հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գումարների մեծությունը, ապա հաշվանցման օրվա դրությամբ կատարվում է հարկ վճարողի այլ պարտավորությունների վերահաշվարկ (հաշվանցված այլ պարտավորության վերականգնում)` ավելի հաշվանցված գումարի չափով, իսկ վերադարձի դեպքում վերադարձի օրվա դրությամբ առաջադրվում է հարկի (առևտրի հարկի, հաստատագրված վճարի) կամ հարկային այլ տուգանքի գծով պարտավորություն` ավելի վերադարձված գումարի չափով: Այդ դեպքերում տվյալ ճշգրտված ապառքների մասով օրենքով սահմանված կարգով և չափերով հաշվարկվում (վերահաշվարկվում) են տույժեր (տուգանքներ), ինչպես նաև օրենքով սահմանված կարգով հաշվարկվում (վերահաշվարկվում) են կրկնապատկվող տուգանքները:

5. Եթե հարկային գերավճարների կամ գերավճարից տարբերվող գումարների հաշվին այլ պարտավորությունների դիմաց փաստացի հաշվանցված և (կամ) վերադարձված գումարների հաշվանցումը և (կամ) վերադարձը հարկ վճարողի մոտ իրականացված ստուգմամբ (կամ վերստուգմամբ) համարվում են չհիմնավորված, ապա ստուգման արդյունքներով հաշվանցման օրվա դրությամբ կատարվում է հարկ վճարողի այլ պարտավորությունների վերահաշվարկ (հաշվանցված այլ պարտավորության վերականգնում)` ավելի հաշվանցված գումարի չափով, իսկ վերադարձի դեպքում վերադարձի օրվա դրությամբ առաջադրվում է հարկի (առևտրի հարկի, հաստատագրված վճարի) կամ հարկային այլ տուգանքի գծով պարտավորություն` ավելի վերադարձված գումարի չափով: Այդ դեպքերում տվյալ ճշգրտված ապառքների մասով օրենքով սահմանված կարգով և չափերով հաշվարկվում (վերահաշվարկվում) են տույժեր (տուգանքներ), ինչպես նաև օրենքով սահմանված կարգով հաշվարկվում (վերահաշվարկվում) են կրկնապատկվող տուգանքները:

(4-րդ գլուխը խմբ. 27.12.2011 ՀՕ-93-Ն)

 

V. ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ԱՅԼ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՀԱՇՎԱՆՑՄԱՆ

ԵՎ (ԿԱՄ) ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՄԱՐԻ ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ

(վերնագիրը փոփ. 27.12.2011 ՀՕ-93-Ն)

 

1. Հարկ վճարողի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցումը և (կամ) վերադարձը իրականացվում են գերավճարի և (կամ) գերավճարից տարբերվող գումարի մնացորդի այն մասով, որը, օրենքով սահմանված պահանջներին և սույն կարգին համապատասխան, հարկային մարմնի կողմից համարվել է հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա:

2. Հաշվանցման և (կամ) վերադարձման ներկայացված գերավճարի գումարը հիմնավորված չէ, եթե այն պարտավորությունների և հաշվանցվող գումարների ժամանակագրական կարգով մարման արդյունքում պետք է համարվի մարված` գերավճարի առաջացումից հետո առաջացած` օրենքով սահմանված պահանջներին համապատասխան հաշվարկվող հարկային պարտավորությունների հաշվին:

3. Հաշվանցման և (կամ) վերադարձման ներկայացված գերավճարից տարբերվող գումարը կամ դրա մասը համարվում է չհիմնավորված, եթե այն`

1) սխալ հաշվարկների կամ սահմանված չափից ավելի հաշվանցման (այդ թվում` հարկվող շրջանառությունը պակաս ցույց տալու) արդյունք է.

2) պարտավորությունների և հաշվանցվող գումարների ժամանակագրական կարգով մարման արդյունքում պետք է մարված համարվի հետագայում առաջացած` օրենքով սահմանված կարգով հաշվարկվող պարտավորությունների հաշվին.

3) ենթակա է հաշվանցման հետագա հաշվետու ժամանակաշրջաններում առաջանալիք պարտավորությունների գումարներից.

4) առաջացնող` հաշվարկային և (կամ) վճարային փաստաթղթերում բացակայում են օրենքով դրանցում պարտադիր լրացման ենթակա տվյալներ կամ վավերապայմաններ:

4. Հարկ վճարողի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցումը և (կամ) վերադարձը կարող են հիմնավորված համարվել միայն ստուգման (վերստուգման) արդյունքներով: Գերավճարի կամ գերավճարից տարբերվող գումարով հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց փաստացի հաշվանցումը և (կամ) վերադարձը հաշվանցման և (կամ) վերադարձի հիմնավորվածության արձանագրում չէ:

(5-րդ գլուխը փոփ. 27.12.2011 ՀՕ-93-Ն)

 

VI. ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ԱՅԼ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՀԱՇՎԱՆՑՄԱՆ

ԵՎ (ԿԱՄ) ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՄԱՐԻ ՈՐՈՇՈՒՄԸ

(վերնագիրը փոփ. 27.12.2011 ՀՕ-93-Ն)

 

1. Հարկ վճարողի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գումարի մեծությունը հարկային մարմնի կողմից որոշվում (արձանագրվում) է`

1) առանց ուսումնասիրության կամ ստուգման.

2) հաշվանցման և (կամ) վերադարձման նպատակով կամերալ ուսումնասիրությամբ.

3) հարկային հաշվանցումների և (կամ) վերադարձի ուսումնասիրությամբ.

4) պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության կամ հարկային հաշվանցումների և (կամ) վերադարձի ստուգմամբ:

2. Վճարողի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցումը և (կամ) վերադարձն իրականացվում են հարկային մարմնի կողմից համապատասխան եզրակացություն կազմելու միջոցով: Կամերալ ուսումնասիրություն կամ հարկային հաշվանցումների և (կամ) վերադարձի ուսումնասիրություն անցկացվելու դեպքերում եզրակացությունը կազմվում է արձանագրության, իսկ համապատասխան ստուգում անցկացնելու դեպքում` ստուգման ակտի հիման վրա: Սույն կետում նշված, ինչպես նաև հաշվանցման ենթակա այլ գումարների հաշվին հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման համար եզրակացությունների ձևերը սահմանում է վերադաս հարկային մարմինը` համաձայնեցնելով Արցախի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ:

3. Ուսումնասիրությունների կամ ստուգման արդյունքներով վճարողի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գումարն արձանագրելիս ստուգման ակտում կամ ուսումնասիրությունների արձանագրության մեջ պարտադիր նշվում են այն հիմքերը (այն իրավական նորմերը, որոնց պահանջները չեն կատարվել), որոնց հիման վրա հարկ վճարողի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցում և (կամ) վերադարձ չի կատարվում (հաշվանցումը և (կամ) վերադարձը մերժվում են):

(6-րդ գլուխը փոփ., խմբ. 27.12.2011 ՀՕ-93-Ն, փոփ. 26.12.2012 ՀՕ-38-Ն, 21.12.2017 ՀՕ-56-Ն)

 

VII. ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ԱՅԼ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՀԱՇՎԱՆՑՄԱՆ

ԵՎ (ԿԱՄ) ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՄԱՐԻ ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅԱՆ

ԱՐՁԱՆԱԳՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

(վերնագիրը փոփ. 27.12.2011 ՀՕ-93-Ն)

 

1. Սույն կարգին համապատասխան` հարկ վճարողի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գումարի մեծությունը որոշելու նպատակով հարկային հաշվանցումների և (կամ) վերադարձի ուսումնասիրություն, հարկային հաշվանցումների և (կամ) վերադարձի ստուգում կամ պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգում անցկացնելու դեպքերում հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գումարն արձանագրելու կամ հաշվանցումը և (կամ) վերադարձը հիմնավորելու նպատակով հարկ վճարողը հարկային մարմին (ստուգում կամ ուսումնասիրություն իրականացնող անձանց) է ներկայացնում վճարումը հավաստող փաստաթղթերը (այդ թվում՝ անդորրագրերը, վճարման հանձնարարականները, բանկային հաշվից քաղվածքները), հարկատեսակի հաշվարկները, հայտարարագրերը, հարկային մարմին ներկայացվող տեղեկությունները, գնորդների և մատակարարների հետ կնքած պայմանագրերը, պայմանագրերի կատարմանը վերաբերող փաստաթղթերը (այդ թվում` կատարողական ակտերը, ընդունման-հանձնման ակտերը), մատակարարների դուրս գրած հաշվարկային փաստաթղթերը (հաշիվ-ապրանքագրեր, հարկային հաշիվներ և այլն), ապրանքների ներմուծման մաքսային հայտարարագրերը, հաշվապահական հաշվառման փաստաթղթերը, ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափի կիրառման դեպքում` իրավասու մարմնի տված` օրենքով նախատեսված տեղեկանքը և այլ փաստաթղթեր:

2. Դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, նրանց հավասարեցված միջազգային, միջկառավարական (միջպետական) կազմակերպությունների կողմից ավելացված արժեքի հարկով հարկված ապրանքներ կամ ծառայություններ ձեռք բերելու դեպքերում այդ կազմակերպությունները հարկային մարմին են ներկայացնում ապրանքներ մատակարարողների կամ ծառայություններ մատուցողների դուրս գրած` օրենքով սահմանված պահանջների պահպանմամբ լրացված հարկային հաշիվները:

(7-րդ գլուխը փոփ. 27.12.2011 ՀՕ-93-Ն)

 

VIII. ԳԵՐԱՎՃԱՐԻ ԿԱՄ ԳԵՐԱՎՃԱՐԻՑ ՏԱՐԲԵՐՎՈՂ ԳՈՒՄԱՐԻ ՄՆԱՑՈՐԴԻ

ՀԱՇՎԻՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ԱՅԼ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ

ՀԱՇՎԱՆՑՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՄԱՐԻ ՈՐՈՇՈՒՄԸ

(վերնագիրը փոփ. 27.12.2011 ՀՕ-93-Ն)

 

1. Գերավճարի մնացորդի հաշվին հարկ վճարողի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցում և (կամ) վերադարձ իրականացվում է առանց ուսումնասիրության, եթե`

1) գերավճարը կարող է արձանագրվել հարկի` օրենքով սահմանված մեծության կամ հարկային մարմնի կատարած հաշվարկի և վճարումը հավաստող փաստաթղթի (անդորրագրի, վճարման հանձնարարականի) համադրությամբ, կամ`

2) պարտավորության բացակայության պայմաններում (ներառյալ` օրենքով չնախատեսված դեպքերում) կատարվել է վճարում, կամ`

3) գերավճարի գումարը չի գերազանցում 100.0 հազար դրամը և ուսումնասիրության կամ ստուգման իրականացումը նպատակահարմար է իրականացնել հետագայում:

2. Գերավճարի կամ գերավճարից տարբերվող գումարի (բացառությամբ ավելացված արժեքի հարկի, ակցիզային հարկի գումարների) մնացորդի հաշվին հարկ վճարողի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցում և (կամ) վերադարձ իրականացվում է կամերալ ուսումնասիրությամբ, եթե`

1) հարկային մարմնում առկա փաստաթղթերի ուսումնասիրությունը բավարար է գերավճարի կամ գերավճարից տարբերվող գումարի մնացորդն արձանագրելու համար.

2) հարկային մարմնի ղեկավարը (հարկային տեսչության պետը) որոշում է կայացրել այդ մնացորդի հետազոտություն անցկացնել հարկային հաշվանցումների և (կամ) վերադարձի ուսումնասիրության կամ ստուգման ընթացքում:

3. Եթե հարկային մարմնում առկա փաստաթղթերն անբավարար են հաշվանցվող գումարում հարկ վճարողի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գումարն արձանագրելու համար, ապա այդ գումարը որոշվում է հարկ վճարողի մոտ անցկացվող հարկային հաշվանցումների և (կամ) վերադարձի ուսումնասիրությամբ (այսուհետ` ուսումնասիրություն):

4. Ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի գծով օրենքով սահմանված կարգով որոշվող` վճարողի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գումարների մեծությունն արձանագրվում է ուսումնասիրությամբ, իսկ այդ գումարի հիմնավորվածությունը` սույն կարգի 6-րդ գլխի 1-ին կետի 4-րդ ենթակետում նշված ստուգումներով (այսուհետ` ստուգում): Ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի հաշվանցումների ուսումնասիրություն կամ ստուգում անցկացվում է նաև սույն կարգի 15-րդ գլխով նախատեսված դեպքերում:

5. Գերավճարի կամ գերավճարից տարբերվող գումարի մնացորդի հաշվին հարկ վճարողի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձի նպատակով հարկային հաշվանցումների և (կամ) վերադարձի ուսումնասիրություն կամ ստուգում կարող է իրականացվել նաև հարկ վճարողի դիմումով:

6. Հարկ վճարողի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գումարի մեծության որոշման նպատակով անցկացվող հարկային հաշվանցումների և (կամ) վերադարձի ուսումնասիրության իրականացման կարգը, ինչպես նաև ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի հաշվանցումների ուսումնասիրության առանձնահատկությունները սահմանվում են օրենքով:

(8-րդ գլուխը փոփ., լրաց. 27.12.2011 ՀՕ-93-Ն)

 

IX. ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ԱՅԼ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՀԱՇՎԱՆՑՄԱՆ

ԵՎ (ԿԱՄ) ՎԵՐԱԴԱՐՁԻ ՀԱՄԱՐ ԴԻՄՈՒՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ

(վերնագիրը փոփ. 27.12.2011 ՀՕ-93-Ն)

 

1. Գերավճարի մնացորդի հաշվին հարկ վճարողի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցումն իրականացվում է հարկ վճարողի գրավոր դիմումով (այսուհետ` դիմում), իսկ սույն կարգով նախատեսված դեպքերում` նաև առանց դիմումի:

2. Գերավճարի կամ գերավճարից տարբերվող գումարների մնացորդը (բացառությամբ սույն գլխի 3-րդ կետում նշված դեպքերի) կարող է հաշվանցվել հարկ վճարողի այլ պարտավորությունների դիմաց առանց հարկ վճարողի դիմումի, եթե մնացորդն արձանագրվում է կամերալ ուսումնասիրությամբ կամ առանց ուսումնասիրության: Եթե կատարված հաշվանցումների գումարը գերազանցում է 300.0 հազար դրամը, ապա հարկ վճարողը հաշվանցումների վերջնական ձևակերպում տալու օրվան հաջորդող եռօրյա ժամկետում գրավոր տեղեկացվում է կատարված հաշվանցումների մասին:

3. Հարկ վճարողի այլ պարտավորությունների դիմաց ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի գումարների հաշվանցումը (բացառությամբ` գերավճարի մնացորդի) և (կամ) դրանց վերադարձն իրականացվում են միայն հարկ վճարողի դիմումի հիման վրա:

4. Գերավճարի մնացորդի վերադարձը կամ միաժամանակ` հաշվանցումն ու վերադարձը, իրականացվում են միայն հարկ վճարողի դիմումի հիման վրա:

(9-րդ գլուխը փոփ., խմբ. 27.12.2011 ՀՕ-93-Ն)

 

X. ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ԱՅԼ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՀԱՇՎԱՆՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

(վերնագիրը խմբ. 27.12.2011 ՀՕ-93-Ն)

 

1. Հարկ վճարողի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման ենթակա գումարը հաշվանցվում է հարկ վճարողի այլ պարտավորությունների դիմաց` նախ մարելով տվյալ հարկատեսակի (կամ առևտրի հարկի, հաստատագրված վճարների), վճարատեսակի, պետական տուրքի մասով հաշվարկված հարկի (կամ առևտրի հարկի, հաստատագրված վճարների), վճարի, պետական տուրքի բոլոր գումարները, ապա` ապառքների նկատմամբ հաշվարկված տույժերի բոլոր գումարները, այնուհետև` հաշվարկված տուգանքների բոլոր գումարները, իսկ հարկային այլ տուգանքներից ու հարկերին և վճարներին չվերաբերող տուգանքներից առաջնահերթ մարվում են կրկնապատկվող և դեռևս չկրկնապատկված տուգանքների գումարները:

2. Հարկ վճարողի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման ենթակա գումարը նախ ուղղվում է մեկ հարկատեսակի (կամ առևտրի հարկի, հաստատագրված վճարների), վճարատեսակի, պետական տուրքի, բոլոր հարկային այլ տուգանքների կամ հարկերին և վճարներին չվերաբերող տուգանքների տեսակի մասով պարտավորությունների մարմանը, ապա` հաջորդ հարկատեսակի (կամ առևտրի հարկի, հաստատագրված վճարների), վճարատեսակի, պետական տուրքի, դեռևս չընտրված բոլոր հարկային այլ տուգանքների կամ հարկերին և վճարներին չվերաբերող տուգանքների տեսակի մասով պարտավորությունների մարմանը: Առանց հարկ վճարողի դիմումի հաշվանցումներ կատարելիս, ինչպես նաև այն դեպքերում, երբ հարկ վճարողը դիմումի մեջ չի նշել այլ պարտավորությունների մարման հերթականությունը, այլ պարտավորությունները մարվում են հետևյալ հերթականությամբ`

1) հարկային այլ տուգանքները, «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» և «Հսկիչ-դրամարկղային մեքենաներ կիրառողների գործունեության կասեցման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով սահմանված տուգանքները` առաջնային մարելով կրկնապատկվող և դեռևս չկրկնապատկված տուգանքների գումարները.

2) այն հարկատեսակի (կամ առևտրի հարկի, հաստատագրված վճարների) մասով բոլոր հարկային պարտավորությունները, որոնց ապառքն ավելի վաղ է առաջացել, ապա` ավելի ուշ առաջացածներինը (նույն օրը տարբեր հարկատեսակների կամ առևտրի հարկի, հաստատագրված վճարների մասով ամենավաղ առաջացած ապառքների դեպքում հարկատեսակի կամ առևտրի հարկի, հաստատագրված վճարների ընտրությունը կատարվում է «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածում տրված թվարկման հերթականությանը համապատասխան).

3) այն վճարատեսակի մասով բոլոր պարտավորությունները, որոնց ապառքն ավելի վաղ է առաջացել, ապա` ավելի ուշ առաջացածներինը (նույն օրը տարբեր վճարատեսակների մասով ամենավաղ առաջացած ապառքների դեպքում վճարատեսակի ընտրությունը կատարվում է հետևյալ հերթականությամբ` սոցիալական վճարներ, ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման համար կատարվող հատկացումներ (մասհանումներ), բնապահպանական և բնօգտագործման վճարներ և կարգավորման պարտադիր վճարներ).

4) այն պետական տուրքի մասով պարտավորությունները, որոնց ապառքն ավելի վաղ է առաջացել, ապա` ավելի ուշ առաջացածներինը.

5) «Դրամարկղային գործառնությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախատեսված տուգանքները:

3. Հարկ վճարողի դիմումում համապատասխան ցուցում լինելու դեպքում հարկ վճարողի հարկային կամ այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման ենթակա գումարը կարող է ուղղվել առաջիկայում առաջանալիք պարտավորությունների մարմանը (այսինքն` վճարման վերջնաժամկետը լրացած այն պարտավորությունների մարմանը, որոնց վերաբերյալ հաշվարկը (հաշվետվությունը, հայտարարագիրը) հարկային մարմիններին դեռևս չեն ներկայացվել, կամ ապագա պարտավորությունների մարմանը):

(10-րդ գլուխը խմբ. 27.12.2011 ՀՕ-93-Ն)

 

XI. ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ԳՈՒՄԱՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

1. Գերավճարը կամ գերավճարից տարբերվող գումարը հարկ վճարողին վերադարձվում է հարկային մարմնի միջոցով պետական բյուջե հավաքագրվող հարկային, սոցիալական վճարների և ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման համար կատարվող հատկացումների (մասհանումների) մասով բոլոր պարտավորություններն օրենքով սահմանված կարգով հաշվանցելուց հետո: Ընդ որում, եթե գումարը վերադարձնելու վերաբերյալ դիմում ներկայացնելու պահին ավարտվել է հերթական հաշվետու ժամանակաշրջանը, սակայն հարկ վճարողի կողմից չեն ներկայացվել (հարկային մարմինը չի ստացել) տվյալ հաշվետու ժամանակաշրջանում հարկերի (առևտրի հարկի, հաստատագրված վճարների), սոցիալական վճարների և ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման համար կատարվող հատկացումների (մասհանումների) հաշվարկման համար հիմք հանդիսացող` Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հաշվարկները, հաշվետվությունները, հայտարարագրերը, ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների, հաստատագրված վճարների հաշվարկման սահմանային չափերի վերաբերյալ հայտարարություններն ու տեղեկությունները, կամ եթե լրացել է նոր վճարում կատարելու ժամկետը, ապա գումարների վերադարձն իրականացվում է նոր պարտավորությունների մեծությունները որոշելուց (մասնավորապես` ներկայացվող հաշվարկների, հաշվետվությունների, հայտարարագրերի, տեղեկությունների հիման վրա) և նոր ծագած պարտավորությունները մարելուց հետո:

2. Հարկային մարմնում հաշվառվող պարտավորությունները մարելուց հետո հարկ վճարողի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման ենթակա գումարը հարկ վճարողի դիմումի հիման վրա ենթակա է վերադարձման (անկախ այլ մարմիններում հաշվառվող պարտավորությունների առկայությունից) կամ հարկ վճարողի դիմումի հիման վրա կարող է ուղղվել հարկային մարմնի կողմից չհաշվառվող` հարկ վճարողի այլ պարտավորությունների մարմանը:

3. Օրենքով սահմանված կարգով վերադարձման ենթակա հարկի գումարները (բացառությամբ ավելացված արժեքի հարկի գումարների) վերադարձվում են հարկ վճարողին համապատասխան դիմում ներկայացնելու օրվան հաջորդող 30 օրվա ընթացքում: Ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների մասով վերադարձման ենթակա գումարները վերադարձվում են հարկ վճարողին համապատասխան դիմում ներկայացնելու օրվան հաջորդող 90 օրվա ընթացքում:

(11-րդ գլուխը խմբ. 27.12.2011 ՀՕ-93-Ն, փոփ. 21.12.2017 ՀՕ-56-Ն)

 

XII. ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՆՑՈՒՄՆԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ՎԵՐԱԴԱՐՁԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ

ԿԱՄ ՍՏՈՒԳՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՈՐՈՇՈՒՄ ԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԵՎ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

1. Կամերալ ուսումնասիրություն, հարկային հաշվանցումների և (կամ) վերադարձի ուսումնասիրություն և ստուգում անցկացնելու վերաբերյալ հարկային մարմինը որոշում է կայացնում դիմումն ստանալուն հաջորդող ոչ ավելի, քան հինգ աշխատանքային օրվա ընթացքում: Առանց հարկ վճարողի դիմումի, կամերալ ուսումնասիրությամբ հարկ վճարողի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցում իրականացնելիս այդպիսի ուսումնասիրություն անցկացնելու վերաբերյալ որոշում է կայացվում հաշվանցման ենթակա գումար բացահայտելու օրվան հաջորդող տասն աշխատանքային օրվա ընթացքում:

2. Հարկ վճարողի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցելու և (կամ) վերադարձնելու մասին համապատասխան եզրակացությունը կազմվում է հետևյալ ժամկետներում`

1) հարկ վճարողի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գումարը կամերալ ուսումնասիրությամբ արձանագրվելու դեպքում` կամերալ ուսումնասիրության ավարտից հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում.

2) հարկային հաշվանցումների և (կամ) վերադարձի ուսումնասիրությամբ կամ ստուգմամբ հարկ վճարողի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցում և (կամ) վերադարձ կատարելու դեպքերում` համապատասխանաբար ուսումնասիրությունը կամ ստուգումն ավարտելու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

3. Սույն կարգով սահմանված ժամկետները խախտելու (բացառությամբ սույն կարգի համաձայն ուսումնասիրության կամ ստուգման ժամկետների կասեցման դեպքերի) համար հարկային մարմնի կամ հարկային ծառայողի գործողությունները կամ անգործությունը կարող է բողոքարկվել «Հարկային ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, եթե այդ ժամկետների խախտման արդյունքում հարկ վճարողին օրենքով սահմանված ժամկետում չեն վերադարձվել հարկի գումարները:

(12-րդ գլուխը փոփ. 27.12.2011 ՀՕ-93-Ն)

 

XIII. ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԸՆԹԱՑՔԻ ԿԱՍԵՑՈՒՄԸ

 

1. Ուսումնասիրության ժամկետի ընթացքը հարկային մարմնի կողմից կասեցվում է, եթե`

1) վճարողի կողմից չեն ստեղծվել ուսումնասիրության անցկացման պայմաններ (այդ թվում` չեն ներկայացվել կամ մասնակիորեն են ներկայացվել հարկերի հաշվարկմանը կամ կատարված վճարումներին վերաբերող փաստաթղթերը).

2) հաշվանցվող կամ վերադարձվող գումարների առաջացման հիմք հանդիսացած գործարքների հետ կապված անհնար է կատարել ուսումնասիրություն` մինչև քաղաքացիական կամ քրեական դատավարության կարգով քննվող գործով կամ հարցով որոշում ընդունելը:

2. Առանձին հարկատեսակի կամ գործարքի մասով ոչ ամբողջական փաստաթղթեր ներկայացնելու կամ ուսումնասիրության անցկացումն անհնարին լինելու դեպքերում ուսումնասիրության ժամկետի ընթացքը (հաշվանցման և (կամ) վերադարձման ժամկետի ընթացքը) հարկային մարմինը կասեցնում է միայն այդ հարկատեսակի կամ գործարքի մաuով:

3. Հարկային մարմնի կողմից ուսումնասիրության ժամկետի ընթացքի կասեցման դեպքում հարկ վճարողը գրավոր տեղեկացվում է ուսումնասիրության ընթացքը կասեցնելու մասին` նշելով այն հանգամանքները, որոնք հիմք են հանդիսացել նման որոշում ընդունելու համար:

4. Ուսումնասիրության կասեցման հիմքերը վերացվելու դեպքում ուսումնասիրությունը շարունակվում է, իսկ հաշվանցման և (կամ) վերադարձի ժամկետի ընթացքը կասեցված համապատասխան գումարներն ուսումնասիրության արդյունքներով հանվում են հարկի չհաշվանցվող մնացորդից:

 

XIV. ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

1. Հարկ վճարողի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձի հիմնավորվածության արձանագրման նպատակով հարկային հաշվանցումների և (կամ) վերադարձի ստուգում անցկացվում է հարկ վճարողի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման վերաբերյալ դիմումի կամ համապատասխան ստուգում անցկացնելու վերաբերյալ հարկ վճարողի դիմումի հիման վրա: Ստուգում կարող է իրականացվել առանց հարկ վճարողի դիմումի, եթե հարկային հաշվանցումների և (կամ) վերադարձի ուսումնասիրության ժամանակ բացահայտվել են ավելացված արժեքի հարկով կամ ակցիզային հարկով հարկվող շրջանառությունը պակաս ցույց տալու կամ օրենքով սահմանված կարգով հաշվարկվող գումարից ավելի չափով հաշվանցումներ կատարելու փաստեր:

2. Հարկ վճարողի այլ պարտավորությունների դիմաց գումարների հաշվանցում և (կամ) վերադարձ կարող են իրականացվել նաև պետական բյուջեի հետ փոխհարաբերության ճշտության ստուգման արդյունքներով, եթե հարկ վճարողը ստուգման ընթացքում ներկայացրել է համապատասխան դիմում:

3. Պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության կամ հարկային հաշվանցումների և (կամ) վերադարձի ստուգման ընթացքում ստուգվում է հարկ վճարողի կողմից ավելացված արժեքի հարկի և (կամ) ակցիզային հարկի հաշվարկման և ձեռքբերումների մասով հաշվանցումների կատարման համապատասխանությունն օրենքով սահմանված պահանջներին: Պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության կամ հարկային հաշվանցումների և (կամ) վերադարձի ստուգման ընթացքում ճշտվում են ավելացված արժեքի հարկի և (կամ) ակցիզային հարկի մասով հարկ վճարողի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գումարները:

4. Հարկային հաշվանցումների ստուգումից հետո անցկացված` պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգմամբ կամ վերստուգմամբ հարկ վճարողի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գումարները, կամ առաջադրված պարտավորությունները կարող են ճշգրտվել, եթե հայտնաբերվել են օրենքով սահմանված պահանջների խախտման նոր դեպքեր, կամ հարկային պարտավորությունների հաշվարկման (կամ առաջադրման) սխալներ (հաշվանցումը և (կամ) վերադարձը համարվել է չհիմնավորված):

(14-րդ գլուխը փոփ. 27.12.2011 ՀՕ-93-Ն)

 

XV. ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ, ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ

ՀԱՇՎԱՆՑՈՒՄՆԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ՎԵՐԱԴԱՐՁԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

ԿԱՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

1. Ավելացված արժեքի հարկի կամ ակցիզային հարկի մասով տվյալ հարկատեսակի հաշվանցումները կատարվում են օրենքով սահմանված կարգով` հարկատեսակի հաշվարկի ներկայացմամբ: Նշված հաշվանցումների ուսումնասիրություններ կարող են անցկացվել, եթե`

1) հարկային մարմնի անցկացրած կամերալ ուսումնասիրություններով հայտնաբերվել են հարկային մարմին ներկայացված հաշվարկներում, հայտարարագրերում, հաշվետվություններում կամ տեղեկություններում արտացոլված տվյալների միջև անհամապատասխանություններ կամ անճշտություններ, և դրանց վերաբերյալ հարկ վճարողի կողմից ճշգրտված հաշվարկներ կամ հիմնավորված բացատրություններ չեն ներկայացվել.

2) հարկային մարմնի անցկացրած կամերալ ուսումնասիրություններով պարզվել է, որ հարկ վճարողի մեկ տարին գերազանցող ժամանակահատվածում աճում է պետական բյուջեից հաշվանցվող գումարի մեծությունը.

3) հարկ վճարողի կողմից ներմուծումների կամ Արցախի Հանրապետության տարածքում ձեռքբերումների ծավալը երկու տարուց ավելի ժամանակահատվածում գերազանցել է իրացված ապրանքներից հասույթը:

2. Հարկային հաշվանցումների և (կամ) վերադարձի ուսումնասիրության ընթացքում ավելացված արժեքի հարկով հարկվող շրջանառությունը պակաս ցույց տալու կամ օրենքով սահմանված կարգով հաշվարկվող գումարից ավելի չափով հաշվանցումներ կատարելու փաստեր հայտնաբերելու դեպքերում հարկային մարմինն իրավասու է սույն կարգին համապատասխան անցկացնելու ստուգում:

(15-րդ գլուխը փոփ. 21.12.2017 ՀՕ-56-Ն)

 

XVI. ԱՅԼ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՀԱՇՎԱՆՑՄԱՆ

ԵՎ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ

 

1. Հարկային մարմնի հաշվանցման կամ վերադարձման ներկայացրած` կազմված եզրակացություններում նշված գումարը ոչ ուշ, քան եզրակացությունները (կամ եզրակացությունների մասին ամփոփ տեղեկանքները) վերադաս հարկային մարմին ուղարկելու օրվան հաջորդող աշխատանքային օրը, նախնական կարգով արտացոլվում է հարկային մարմնում վարվող` հարկ վճարողի անձնական հաշվի քարտում (նախնական գրառում):

2. Հաշվանցում կամ վերադարձ կատարելու մասին հարկային մարմնի կազմած եզրակացությունը, իսկ մեկից ավելի եզրակացությունների առկայության դեպքում` եզրակացությունների մասին ամփոփ տեղեկանքը ոչ ուշ, քան որևէ եզրակացություն կազմելուն հաջորդող երրորդ աշխատանքային օրն ուղարկվում է վերադաս հարկային մարմին` եզրակացությունների հիման վրա հաշվանցումները և (կամ) վերադարձները օրենքով սահմանված պահանջներին կատարելու հանգամանքներն ստուգելու և հաշվառում իրականացնելու համար: Կատարվող հաշվանցումները կամ վերադարձը վերադաս հարկային մարմնի կողմից ընդունվելու դեպքում եզրակացությունը կամ եզրակացությունների մասին ամփոփ տեղեկանքը ոչ ուշ, քան այն ստանալու օրվան հաջորդող հինգերորդ աշխատանքային օրն ուղարկվում է Արցախի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն:

3. Արցախի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը եզրակացությունների կամ եզրակացությունների մասին ամփոփ տեղեկանքների հիման վրա դրանք ստանալուց ոչ ուշ, քան տասներորդ աշխատանքային օրը կատարում է անհրաժեշտ հաշվանցումները` անհրաժեշտության դեպքում դրանք ուղարկելով համապատասխան գանձապետական բաժանմունքներ:

4. Հարկային մարմինը բյուջետային հաշվի քաղվածքների հիման վրա հարկ վճարողների անձնական հաշվի քարտերում կատարում է հաշվանցված գումարի վերջնական ձևակերպում:

5. Գումարների վերադարձը գանձապետական հաշիվներով իրականացնում է գանձապետարանը` գումարը փոխանցելով հարկ վճարողի բանկային հաշվին: Այն դեպքերում, երբ հարկ վճարողը չունի բանկային հաշիվ, գումարը փոխանցվում է հարկ վճարողի առաջարկած առևտրային բանկ` ֆիզիկական անձի անձնագրային տվյալներով:

6. Եզրակացությունները կամ եզրակացությունների մասին ամփոփ տեղեկանքներն ստանալուց հետո Արցախի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը գումարների վերադարձման համար օրենքով սահմանված ժամկետներում (այդ ժամկետների ավարտից ոչ ուշ) իրականացնում է գումարների վերադարձը:

(16-րդ գլուխը փոփ. 26.12.2012 ՀՕ-38-Ն, 21.12.2017 ՀՕ-56-Ն)

 

XVII. ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

 

Անհրաժեշտության դեպքում սույն կարգի կիրառման հետ կապված գերատեսչական իրավական ակտերն ընդունում է հարկային մարմինը:

(17-րդ գլուխը փոփ. 26.12.2012 ՀՕ-38-Ն, 21.12.2017 ՀՕ-56-Ն)

(Հավելված N 1 լրաց. 16.12.2010 ՀՕ-65-Ն, փոփ., լրաց., խմբ. 27.12.2011 ՀՕ-93-Ն, փոփ. 26.12.2012 ՀՕ-38-Ն, 26.12.2013 ՀՕ-92-Ն, 21.12.2017 ՀՕ-56-Ն)

 

 

Հավելված N 2

«Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության օրենքի

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ, ԱՅԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

(վերնագիրը փոփ. 21.12.2017 ՀՕ-56-Ն)

 

1. Սույն կարգով սահմանվում է հարկ վճարողների և հարկային գործակալների կողմից (այսուհետ` սույն կարգի իմաստով` հարկ վճարողներ) Արցախի Հանրապետության հարկային օրենսդրությամբ (այսուհետ` օրենսդրություն) նախատեսված հաշվետվությունները, հաշվարկները, այլ փաստաթղթերը և տեղեկությունները (այսուհետ` հաշվետվություններ) էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնելու կարգը:

2. Էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացրած հաշվետվությունները կազմվում են գործող իրավական ակտերով սահմանված ձևերին և դրանց լրացման պահանջներին համապատասխան (բացառությամբ ձեռագիր ստորագրելու ձևի պահանջի) և ունեն նույն իրավական նշանակությունը, ինչ որ հարկային մարմնի կողմից հաստատված ձևաչափին համապատասխան թղթային կրիչի վրա անձի ձեռագիր ստորագրությամբ ամրագրված հարկային մարմին առձեռն ներկայացվող հաշվետվությունը, եթե հաստատվել է էլեկտրոնային թվային ստորագրության իսկությունը, և չկան բավարար ապացույցներ այն մասին, որ փաստաթուղթը փոփոխվել կամ կեղծվել է այն պահից, երբ այն հաղորդվել և (կամ) տրվել է պահպանության, բացառությամբ այն դարձունակ փոփոխությունների, որոնք անհրաժեշտ և անխուսափելի են այդ էլեկտրոնային փաստաթղթի հաղորդման և (կամ) պահպանման համար:

3. Հարկային մարմնի կողմից հավաքագրվող հարկատեսակների և այլ պարտադիր վճարների հաշվետվությունների էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնելու ժամանակացույցը հաստատում է հարկային մարմինը:

4. Սույն կարգում օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետևյալ իմաստները`

էլեկտրոնային եղանակով հաշվետվությունների ներկայացում` առանց թղթային կրիչի հաշվետվությունները հարկային մարմին ներկայացնելն էլեկտրոնային տեխնոլոգիաների օգտագործմամբ: Վերջինն իրականացվում է էլեկտրոնային թվային ստորագրության, էլեկտրոնային ծածկագրի և գաղտնաբառի կիրառման միջոցով.

էլեկտրոնային թվային ստորագրություն` սահմանումը և կիրառումը կարգավորվում են «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով.

էլեկտրոնային ծածկագիր և գաղտնաբառ` էլեկտրոնային թվային պայմանանշանների եզակի հաջորդականությամբ ներկայացված մուտքի անվան (login), ինչպես նաև գաղտնաբառի (password) համակցություն, որը հնարավորություն է տալիս մուտք գործելու հարկային մարմնի տեղեկատվական համակարգ, նույնականացնելու էլեկտրոնային փաստաթուղթը ներկայացնողին, ինչպես նաև ապահովում է էլեկտրոնային համակարգ մուտք գործողին վերաբերող տեղեկությունների գաղտնիությունն ու պաշտպանվածությունն այլ անձանց կողմից կատարվող գործողություններից:

5. Էլեկտրոնային եղանակով հաշվետվությունների ներկայացումն իրականացվում է հետևյալ գործողությունների միջոցով`

1) նույնականացման քարտի ստացում.

2) հարկային մարմնի հետ հաշվետվությունների էլեկտրոնային եղանակով ներկայացման պայմանագրի կնքում (այսուհետ` ԷՆՊ): ԷՆՊ-ում նշվում են պայմանագրի առարկան և ծառայությունների մատուցման պայմանները, հարկ վճարողի կողմից էլեկտրոնային եղանակով հաշվետվությունները ներկայացնող լիազորված անձի (անձանց) անձնագրային տվյալները և հանրային ծառայության համարանիշը, հարկ վճարողի և հարկային մարմնի իրավունքներն ու պարտականությունները, համակարգի տեխնիկական խափանումների դեպքում հարկ վճարողի կողմից հաշվետվությունները պատշած ձևով և ժամկետներում ներկայացրած լինելու հավաստման ընթացակարգը, վեճերի քննարկման կարգը, կողմերի պատասխանատվությունը, պայմանագրի գործողության ժամկետը և այլ պայմաններ: ԷՆՊ-ի օրինակելի ձևը սահմանում է հարկային մարմնի ղեկավարը.

3) ԷՆՊ-ի հիման վրա հարկային մարմնից էլեկտրոնային ծածկագրի և գաղտնաբառի ստացում.

4) էլեկտրոնային ստորագրության ակտիվացում.

5) համապատասխան համակարգչային ծրագրերի և սարքերի միջոցով հաշվետվությունների ներկայացում և տեղեկատվության փոխանակում:

Սույն կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերով նախատեսված գործողություններն իրականացվում են միայն առաջին անգամ էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացվող հաշվետվությունների համար:

6. Էլեկտրոնային ծածկագիր և գաղտնաբառ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերն են`

1) հարկ վճարողի կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով տրված լիազորագիր կամ հրաման` հարկ վճարողի կողմից էլեկտրոնային ծածկագիրը և գաղտնաբառն օգտագործելու և դրանք հարկային մարմնից ստանալու (ներառյալ` ԷՆՊ կնքելու) իրավասու անձ լինելու վերաբերյալ.

2) անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ, նույնականացման քարտ (նույնականացման քարտ չունենալու դեպքում` հավատարմագրված հավաստագրման կենտրոնից ստացած էլեկտրոնային ստորագրության և ստորագրության ստուգման տվյալներ).

3) ԷՆՊ, որը լրացվում և կնքվում է հարկային մարմնում մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

7. Հարկ վճարողին, հարկային մարմնի հետ ԷՆՊ կնքելուց հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում, հարկային մարմինը, ապահովելով գաղտնիությունը, առձեռն տրամադրում է համապատասխան էլեկտրոնային գաղտնաբառը և ծածկագիրը: Հարկ վճարողներն իրենք են պատասխանատու էլեկտրոնային գաղտնաբառի և ծածկագրի գաղտնիության պաշտպանության, այն չտարածելու և պահպանելու համար: Գաղտնաբառի կորստյան, վնասվելու կամ այն օգտագործող իրավասու անձի փոփոխման դեպքերում հարկ վճարողը պետք է դիմի հարկային մարմին նոր գաղտնաբառ ստանալու համար` ներկայացնելով համապատասխան դիմում և պահանջը հիմնավորող համապատասխան փաստաթղթեր` համաձայն ԷՆՊ-ի: Գաղտանաբառի վերականգնումը կամ նոր գաղտնաբառի տրամադրումը կատարվում է պարզեցված ընթացակարգով` համաձայն ԷՆՊ-ի:

8. Հարկ վճարողն էլեկտրոնային հաշվետվություն ներկայացնելու համար`

1) հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքի (www.tax.nk.am)` էլեկտրոնային հաշվետվություններին վերաբերող բաժնում էլեկտրոնային ծածկագրի և գաղտնաբառի միջոցով մուտք է գործում հարկ վճարողի դարան, ընտրում համապատասխան հաշվետվության ձևը, լրացնում, էլեկտրոնային թվային ստորագրությամբ ստորագրում և հաստատում, որից հետո հաշվետվությունն ուղարկվում է հարկային մարմնի տեղեկատվական համակարգ.

2) համապատասխան հաշվապահական ծրագրից գեներացված կամ ցանկացած այլ էլեկտրոնային եղանակով կազմված և հարկային մարմնի կողմից հաստատված ձևաչափին համապատասխանող հաշվետվությունը ստորագրում է էլեկտրոնային թվային ստորագրությամբ և ուղարկում հարկային մարմին` վերջինիս կողմից սահմանված կարգով.

3) էլեկտրոնային ծածկագրի և գաղտնաբառի միջոցով մուտք է գործում հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքի` էլեկտրոնային հաշվետվություններին վերաբերող բաժնի հարկ վճարողի համապատասխան դարան, կցում է էլեկտրոնային թվային ստորագրությամբ ստորագրված հաշվետվությունը, հաստատում, որից հետո հաշվետվությունն ուղարկվում է հարկային մարմնի տեղեկատվական համակարգ:

9. Հաշվետվությունները պատշաճ լրացնելու և ուղարկելու դեպքում համակարգը հարկ վճարողին (համակարգից օգտվողին) ներկայացնում է հաշվետվության ստացումը և գրանցումը հավաստող համապատասխան ծանուցում: Ծանուցումը հավաստում է այն փաստը, որ հաշվետվությունը տվյալ օրը և ժամին, հարկային մարմնի տեղեկատվական համակարգում գործող համապատասխան համակարգչային ծրագրով ձևավորված գրանցման համարով ներկայացվել ու գրանցվել է հարկային մարմնի տվյալների բազայում: Վերջինս կհանդիսանա հարկային մարմին հաշվետվություն ներկայացնելու օր: Հարկ վճարողը հնարավորություն ունի տպելու իր ուղարկած հաշվետվությունը, ինչպես նաև վերը նշված ծանուցումը: Հարկ վճարողի կատարած գործողությունների լիարժեք պատմությունը պահպանվում է հարկային մարմնի կայքէջի իր համապատասխան դարանում, որտեղից նա կարող է բեռնել տեղեկատվությունը և տպել: Հարկ վճարողի ներկայացրած հաշվետվությունները փոփոխման ենթակա չեն:

10. Մինչև օրենսդրությամբ սահմանված վերջնաժամկետը մի քանի հաշվետվություններ նույն հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացնելու դեպքում (այդ թվում` թղթային տարբերակով) նախորդ հաշվետվությունները պահպանվում են տվյալների բազայում, իսկ ներկայացված վերջին հաշվետվությունը պահպանվում է որպես ճշգրտված հաշվետվություն: Օրենսդրությամբ սահմանված հաշվետվությունների ներկայացման վերջնաժամկետից հետո առաջին անգամ ներկայացված հաշվետվությունները կգրանցվեն որպես ուշ ներկայացված հաշվետվություններ, իսկ նույն հաշվետու ժամանակաշրջանի համար մեկ անգամից ավելի ներկայացված հաշվետվությունները կհամարվեն ճշգրտված հաշվետվություններ: Երկրորդ և ավելի անգամ ճշգրտված հաշվետվություններ ներկայացնելու համար օրենքով պատասխանատվություն նախատեսված լինելու դեպքում համակարգն ավտոմատ ուղարկում է ծանուցում պատասխանատվություն նշանակելու մասին:

11. Թղթային և էլեկտրոնային թվային ստորագրությամբ ստորագրված էլեկտրոնային կրիչներով ներկայացված հաշվետվությունները մշակում է հարկային մարմինը և 15-օրյա ժամկետում ապահովում է մշակված տվյալների հասանելիությունը հարկ վճարողին` տեղադրելով հարկային մարմնի կայքէջի` հարկ վճարողի համապատասխան դարանում կամ հարկային մարմնի կողմից այլ եղանակ սահմանված լինելու դեպքում` դրանց միջոցներով:

12. Հարկային մարմինը, օրենսդրությամբ սահմանված կարգով, ապահովում է իր կողմից տնօրինվող տեղեկատվական համակարգում էլեկտրոնային եղանակով ստացված հաշվետվությունների տվյալների պաշտպանվածությունը և պահպանումը:

(Հավելված N 2 լրաց. 26.12.2013 ՀՕ-92-Ն, փոփ. 21.12.2017 ՀՕ-56-Ն)