ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2003 թվականի
նոյեմբերի 26-ին
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. |
Օրենքի կարգավորման առարկան |
Սույն օրենքը կարգավորում է ոստիկանությունում ծառայության հիմնական սկզբունքները, ոստիկանությունում ծառայություն անցնելու կարգը և ծառայության պայմանները, ծառայության հետ կապված՝ ծառայողների իրավունքները, պարտականությունները, պատասխանատվությունը, իրավական ու սոցիալական երաշխիքները, ոստիկանության պաշտոններն ու կոչումները, ծառայության հետ կապված այլ հիմնական հարաբերություններ:
(1-ին հոդվածը փոփ. 22.01.21 ՀՕ-5-Ն)
Հոդված 2. |
Ոստիկանությունում ծառայությունը |
1. Ոստիկանությունում ծառայությունը պետական ծառայության հատուկ տեսակ է, որի առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքով:
Ոստիկանությունում, առանձին ծառայությունների առանձնահատկություններից ելնելով, աշխատանքի են ընդունվում քաղաքացիական ծառայողներ՝ քաղաքացիական ծառայության հարաբերությունները կարգավորող օրենսդրությանը և սույն օրենքով սահմանված առանձնահատկություններին համապատասխան:
2. Ոստիկանությունում ծառայությունն իրականացվում է օրինականության, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, պատիվն ու արժանապատվությունը հարգելու, մարդասիրության և հրապարակայնության սկզբունքների պահպանմամբ՝ միանձնյա ու կենտրոնացված ղեկավարման միջոցով:
3. Ոստիկանությունում ծառայությունը կարգավորվում է Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով, «Ոստիկանության մասին» օրենքով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով, այլ օրենքներով ու իրավական ակտերով, Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
Ոստիկանությունում ծառայողական կարգապահության կանոնները, այսինքն` այն ծառայողական պարտականությունները, որոնց չկատարումը կամ ոչ պատշաճ կատարումը կարող է հանգեցնել կարգապահական պատասխանատվության, սահմանվում են պետական կառավարման մարմնի ղեկավարի նորմատիվ հրամանով և այլ նորմատիվ իրավական ակտերով:
4. Ոստիկանությունում ծառայողի զինվորական հաշվառումն իրականացնում է ոստիկանությունը՝ Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
(2-րդ հոդվածը լրաց. 19.10.2005 ՀՕ-231, խմբ. 29.12.2008 ՀՕ-4-Ն, փոփ. 13.12.2018 ՀՕ-76-Ն, խմբ. 30.06.21 ՀՕ-91-Ն)
Հոդված 3. |
Ոստիկանության ծառայողը |
1. Ոստիկանության ծառայող է համարվում Արցախի Հանրապետության այն քաղաքացին, ով ծառայում է ոստիկանությունում, տվել է ոստիկանության ծառայողի երդում, զբաղեցնում է սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված որևէ խմբի պաշտոն և ունի ոստիկանության կամ զինվորական կոչում կամ սույն օրենքով սահմանված կարգով գտնվում է ոստիկանության կադրերի ռեզերվում կամ կադրերի գործող ռեզերվում:
Ոստիկանության ծառայող են համարվում նաև Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություն Արցախի Հանրապետության ոստիկանության կողմից գործուղված առկա ուսուցման ձևով սովորող Արցախի Հանրապետության քաղաքացիները:
Ոստիկանության ծառայողը, բացառությամբ ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոն զբաղեցնող ծառայողի, կարող է միաժամանակ լինել այլ պետության քաղաքացի:
2. Ոստիկանության ծառայողը պետական ծառայող է:
(3-րդ հոդվածը խմբ. 19.10.2005 ՀՕ-231, փոփ. 13.12.2018 ՀՕ-76-Ն, լրաց. 30.06.21 ՀՕ-91-Ն)
Գ Լ ՈՒ Խ 2
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ ԵՎ ԿՈՉՈՒՄՆԵՐԸ
Հոդված 4. |
Ոստիկանության պաշտոնների խմբերը և ոստիկանության պաշտոնների անվանացանկը |
(վերնագիրը լրաց. 29.10.2014 ՀՕ-43-Ն)
1. Ոստիկանության պաշտոնները դասակարգվում են հետևյալ խմբերի.
1) ոստիկանության բարձրագույն պաշտոններ՝
- ոստիկանության պետ,
- ոստիկանության զորքերի հրամանատար,
- ոստիկանության պետի տեղակալ.
2) ոստիկանության գլխավոր պաշտոններ՝
- վարչության պետ, այդ թվում՝ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության պետ,
- վարչության պետի տեղակալ,
- բաժնի պետ, այդ թվում՝ ոստիկանության շրջանային բաժնի պետ.
3) ոստիկանության ավագ պաշտոններ՝
- բաժնի պետի տեղակալ,
- բաժանմունքի պետ.
4) ոստիկանության միջին պաշտոններ՝
- բաժանմունքի պետի տեղակալ,
- հատկապես կարևոր հանձնարարություններով ավագ տեսուչ, հատկապես կարևոր գործերով ավագ օպերլիազոր,
- ավագ տեսուչ, ավագ օպերլիազոր,
- տեսուչ, օպերլիազոր.
5) ոստիկանության կրտսեր խմբի պաշտոններ՝
- կրտսեր տեսուչ,
- ավագ ոստիկան,
- ոստիկան:
2. Ոստիկանության պաշտոնների առանձին խմբերում ընդգրկվող հիմնական պաշտոնների, ինչպես նաև այդ պաշտոններին հավասարեցված պաշտոնների անվանացանկը սահմանում է Արցախի Հանրապետության Նախագահը:
3. Պաշտպանության, ազգային անվտանգության մարմինների համակարգերում, զինվորական ծառայության պաշտոնների, ոստիկանության և փրկարար ծառայությունների պաշտոնների միջև համապատասխանությունը սահմանում է Արցախի Հանրապետության Նախագահը:
(4-րդ հոդվածը խմբ. 19.10.2005 ՀՕ-231, փոփ. 29.12.2008 ՀՕ-4-Ն, լրաց. խմբ. 29.10.2014 ՀՕ-43-Ն, փոփ. 13.12.2018 ՀՕ-76-Ն, փոփ., լրաց. 14.06.2019 ՀՕ-48-Ն, խմբ. 22.01.21 ՀՕ-5-Ն)
Հոդված 5. |
Ոստիկանության կոչումները |
1. Ոստիկանության կոչումները դասակարգվում են հետևյալ խմբերի՝
1) ոստիկանության բարձրագույն կոչում՝
- ոստիկանության գեներալ-լեյտենանտ,
- ոստիկանության գեներալ-մայոր.
2) ոստիկանության գլխավոր կոչում՝
- ոստիկանության գնդապետ.
3) ոստիկանության ավագ կոչում՝
- ոստիկանության փոխգնդապետ.
31) ոստիկանության միջին կոչումներ՝
- ոստիկանության մայոր,
- ոստիկանության կապիտան,
- ոստիկանության ավագ լեյտենանտ,
- ոստիկանության լեյտենանտ,
4) ոստիկանության կրտսեր կոչումներ՝
- ոստիկանության ավագ ենթասպա,
- ոստիկանության ենթասպա,
- ոստիկանության ավագ,
- ոստիկանության ավագ սերժանտ,
- ոստիկանության սերժանտ,
- ոստիկանության կրտսեր սերժանտ:
2. Ոստիկանության բարձրագույն և գլխավոր կոչումները շնորհում է Արցախի Հանրապետության Նախագահը:
3. Ոստիկանության ավագ, միջին և կրտսեր կոչումները շնորհում է պետական կառավարման մարմնի ղեկավարը` ոստիկանության պետի միջնորդությամբ:
4. Ոստիկանության կոչումները շնորհվում են հերթականության կարգով, զբաղեցրած պաշտոնի համար նախատեսված ոստիկանության կոչմանը համապատասխան` սահմանված ժամկետը լրանալուց հետո` 15-օրյա ժամկետում, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:
Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություններում առկա ուսուցման գործուղված սովորողներին, ասպիրանտներին, դոկտորանտներին կոչումներ շնորհվում են այն պաշտոններին համապատասխան, որոնք նրանք զբաղեցրել են մինչև ուսումնառության անցնելը:
41. Այլ պետական մարմիններ կամ միջազգային պայմանագրերով սահմանված կարգով միջազգային կազմակերպություններ գործուղված ոստիկանության ծառայողներին կոչումներ շնորհվում են այն պաշտոններին համապատասխան, որոնք նրանք զբաղեցրել են մինչև գործուղվելը:
Ոստիկանական (զինվորական) կազմակերպություններ ավելի բարձր պաշտոնի գործուղված ոստիկանության ծառայողին հերթական կոչում շնորհվում է տվյալ կազմակերպությունում զբաղեցրած պաշտոնին համապատասխան:
5. Ոստիկանության կոչումները շնորհվում են անհատական կարգով՝ ցմահ:
6. Ոստիկանությունում ծառայությունը դադարեցրած ծառայողի կոչմանն ավելացվում է «պաշտոնաթող» բառը:
7. Ոստիկանության ծառայողը, ինչպես նաև սույն հոդվածի վեցերորդ մասով նախատեսված անձինք ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատապարտվելու դեպքում կարող են զրկվել կոչումից՝ օրենքով սահմանված կարգով:
(5-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 19.10.2005 ՀՕ-231, փոփ. 29.12.2008 ՀՕ-4-Ն, 13.12.2018 ՀՕ-76-Ն, խմբ. 22.01.21 ՀՕ-5-Ն, փոփ. 30.06.21 ՀՕ-91-Ն)
Հոդված 5.1. |
Ոստիկանության բարձրագույն և գլխավոր կոչումներ շնորհելը |
1. Ոստիկանության պետին ոստիկանության բարձրագույն կոչում շնորհում է Արցախի Հանրապետության նախագահը՝ պետական կառավարման մարմնի ղեկավարի միջնորդության հիման վրա:
Ոստիկանության բարձրագույն և գլխավոր կոչումներ շնորհում է Արցախի Հանրապետության նախագահը` պետական կառավարման մարմնի ղեկավարի միջնորդության հիման վրա:
2. Պետական կառավարման մարմնի ղեկավարի միջնորդությունը ներկայացվում է գրավոր և ներառում է կոչման շնորհմանը ներկայացված անձի անունը, ազգանունը, հայրանունը, տեղեկություններ ծառայողական գործունեության մասին և կոչումը:
(5.1-ին հոդվածը լրաց. 30.06.21 ՀՕ-91-Ն)
Հոդված 6. |
Ոստիկանության պաշտոնների խմբերին համապատասխանող ոստիկանության կոչումները |
1. Ոստիկանության բարձրագույն պաշտոններին համապատասխանող ոստիկանության կոչումների վերին սահմանը ոստիկանության գեներալ-լեյտենանտի կոչումն է:
1.1. Ոստիկանության գլխավոր պաշտոններին համապատասխանող ոստիկանության կոչումը ոստիկանության գնդապետի կոչումն է, իսկ ոստիկանության ավագ պաշտոններին համապատասխանող ոստիկանության կոչումը ոստիկանության փոխգնդապետի կոչումն է:
2. (մասն ուժը կորցրել է 19.10.2005 ՀՕ-231)
3. Ոստիկանության միջին պաշտոններին համապատասխանող ոստիկանության կոչումների վերին սահմանը ոստիկանության մայորի կոչումն է:
4. Ոստիկանության կրտսեր պաշտոններին համապատասխանող ոստիկանության կոչումների վերին սահմանը ոստիկանության ավագ ենթասպայի կոչումն է:
5. Ոստիկանության կոնկրետ պաշտոնին համապատասխանող կոչումը սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը:
6. Ոստիկանության կենտրոնական ապարատի միջին խմբի պաշտոններ զբաղեցնողների համար կարող է սահմանվել տվյալ պաշտոնի համար սահմանված առավելագույն կոչումից մեկ աստիճան բարձր կոչում:
(6-րդ հոդվածը փոփ., խմբ. 19.10.2005 ՀՕ-231, փոփ. 13.12.2018 ՀՕ-76-Ն, լրաց., փոփ. 30.06.21 ՀՕ-91-Ն)
Հոդված 7. |
Ոստիկանության կոչումների շնորհման ժամկետները |
1. Ոստիկանության կոչումների համար սահմանվում են ոստիկանության կոչումներով ծառայության հետևյալ ժամկետները.
1) ոստիկանության կրտսեր կոչումներ՝
- ոստիկանության կրտսեր սերժանտ՝ 1 տարի,
- ոստիկանության սերժանտ՝ 2 տարի,
- ոստիկանության ավագ սերժանտ՝ 3 տարի,
- ոստիկանության ավագ՝ 3 տարի,
- ոստիկանության ենթասպա՝ 4 տարի:
Ոստիկանության ավագ ենթասպայի կոչումով ծառայության ժամկետ չի սահմանվում.
2) ոստիկանության միջին կոչումներ`
- ոստիկանության լեյտենանտ՝ 2 տարի,
- ոստիկանության ավագ լեյտենանտ՝ 3 տարի,
- ոստիկանության կապիտան՝ 3 տարի,
- ոստիկանության մայոր՝ 4 տարի.
21) ոստիկանության ավագ կոչում`
- ոստիկանության փոխգնդապետ՝ 5 տարի.
3) ոստիկանության գլխավոր կոչում՝
- ոստիկանության գնդապետ:
Ոստիկանության գնդապետի և ոստիկանության բարձրագույն կոչումներով ծառայության ժամկետ չի սահմանվում:
Ոստիկանության կոչումների շնորհման կարգը սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը:
2. Ոստիկանությունում կամ այլ պետական մարմնում ծառայություն անցած (աշխատած) և զինվորական կամ հատուկ կոչում կամ դատախազության կամ քննչական կոմիտեի ծառայողի դասային աստիճան ունեցող քաղաքացիներին Արցախի Հանրապետության ոստիկանությունում պաշտոնի նշանակելիս շնորհվում է իր զինվորական կամ հատուկ կոչմանը կամ դատախազության կամ քննչական կոմիտեի ծառայողի դասային աստիճանին կամ պահեստազորում ունեցած կոչմանը համապատասխան ոստիկանության կոչում:
Զինված ուժերում, ազգային անվտանգության մարմիններում շնորհված զինվորական կոչումների, հարկադիր կատարումն ապահովող ծառայության կոչումների, արդարադատության նախարարության դասային կոչումների, դատախազության դասային աստիճանների, ինչպես նաև պահեստազորում ունեցած կոչումների համապատասխանությունը ոստիկանության կոչումներին սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը:
3. Կարգապահական տույժ ունեցող, քրեական հետապնդման, ծառայողական քննության մեջ գտնվող կամ սույն օրենքի 15-րդ հոդվածի 11-րդ մասի 5-րդ կետով նախատեսված որոշման ընդունման դեպքում ոստիկանության ծառայողի հերթական կոչումի շնորհումը հետաձգվում է մինչև նշված խոչընդոտների վերանալը:
(7-րդ հոդվածը խմբ., լրաց., փոփ. 19.10.2005 ՀՕ-231, խմբ. 29.12.2008 ՀՕ-4-Ն, փոփ. 13.12.2018 ՀՕ-76-Ն, փոփ., լրաց. 30.06.21 ՀՕ-91-Ն, փոփ. 25.11.21 ՀՕ-125-Ն)
Հոդված 8. |
Ոստիկանության կոչումներով ծառայության ժամկետի հաշվարկումը |
Ոստիկանության կոչումներով ծառայության ժամկետը հաշվարկվում է այդ կոչման շնորհման հրամանի ստորագրման հաջորդ օրվանից:
Հերթական կոչում շնորհելու ժամկետը հաշվարկելիս իջեցված կոչումով ծառայության ժամանակահատվածը հանվում է:
Հոդված 9. |
Ոստիկանության ծառայողի իջեցված կոչումը վերականգնելը |
Ոստիկանության ծառայողի իջեցված կոչումը կարող է վերականգնվել ծառայողական քննության դրական արդյունքներով եզրակացության հիման վրա ոչ ուշ, քան ծառայողական քննության արդյունքների ամփոփումից հետո՝ 15 օրվա ընթացքում:
Հոդված 10. |
Ոստիկանության ծառայողի կոչում ստանալուն խոչընդոտելը |
Ոստիկանության ծառայողին սույն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում կոչումը շնորհելուն խոչընդոտելն առաջացնում է կարգապահական պատասխանատվություն:
Գ Լ ՈՒ Խ 3
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼԸ
Հոդված 11. |
Ոստիկանությունում ծառայության անցնելու համար ներկայացվող պահանջները |
1. Անկախ ազգությունից, ռասայից, սեռից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից ոստիկանությունում ծառայության կարող է անցնել Արցախի Հանրապետության 18-ից (բացառությամբ ոստիկանության ուսումնական հաստատության դիմորդների) մինչև 35 տարեկան այն քաղաքացին, որը`
1) անցել է պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սեռի քաղաքացիների և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և 6-րդ մասով նախատեսված դեպքերի).
2) իր կրթությամբ, անձնական հատկանիշներով, առողջական վիճակով և ֆիզիկական պատրաստականությամբ ունակ է կատարելու ոստիկանության ծառայողի պարտականությունները:
2. Առանձին մասնագիտություններով ոստիկանությունում ծառայության անցնելու համար կարող են սահմանվել տարիքային ավելի բարձր սահմանափակումներ: Այդ մասնագիտությունների ցանկը և դրանց համար նախատեսված առավելագույն տարիքային սահմանափակումները սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը:
3. Ոստիկանության ծառայողին ներկայացվող մասնագիտական, ֆիզիկական պատրաստականության, առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը:
4. Ոստիկանությունում ծառայության չի կարող անցնել այն քաղաքացին`
1) որը դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
2) որը դատական կարգով զրկվել է քաղաքացիական կամ այլ ծառայությունում պաշտոն զբաղեցնելու իրավունքից.
3) որը դատապարտվել է դիտավորյալ հանցագործություն կատարելու համար.
4) որը դատապարտվել է անզգույշ հանցագործություն կատարելու համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.
5) որի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում:
Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված անձնական հատկանիշները կարող են ստուգվել «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի համաձայն:
5. Ոստիկանությունում ծառայության անցնող քաղաքացիները, ինչպես նաև ոստիկանության ծառայողներն Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով անցնում են հոգեֆիզոլոգիական հետազոտություն, թեստավորում` ալկոհոլից, թմրամիջոցներից և հոգեմետ նյութերից կախվածությունը ստուգելու նպատակով:
6. Ոստիկանությունում ծառայության անցնելու համար պահանջվող փաստաթղթերի ցանկը և ոստիկանությունում ծառայության անցնելու հետ կապված որոշումներ ընդունելու կարգը սահմանվում են պետական կառավարման մարմնի ղեկավարի հրամանով:
(11-րդ հոդվածը փոփ. 13.12.2018 ՀՕ-76-Ն, խմբ. 30.06.21 ՀՕ-91-Ն, փոփ. 29.09.22 ՀՕ-67-Ն)
Հոդված 12. |
Ոստիկանության ծառայողի երդումը |
1. Ոստիկանությունում ծառայության անցնող անձինք, Արցախի Հանրապետության պետական դրոշի առջև, Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, տալիս են հետևյալ բովանդակությամբ երդում.
«Ես՝ (անուն, հայրանուն, ազգանուն), ծառայության անցնելով Արցախի Հանրապետության ոստիկանությունում՝ երդվում եմ.
հավատարիմ լինել Արցախի Հանրապետության սահմանադրական կարգին, անվերապահորեն ղեկավարվել օրենքներով, պաշտպանել հայրենիքս, պահպանել պետական և ծառայողական գաղտնիքը:
Արդար և անկողմնակալ իրականացնել լիազորություններս, ազնիվ և բարեխիղճ կատարել ծառայողական պարտականություններս»:
2. Ոստիկանության ծառայողը ոստիկանությունում երդում տալիս է մեկ անգամ:
3. Պայմանագրային հիմունքներով այլ պետությունների ուսումնական հաստատություններ ուսումնառության ուղարկվող սովորողները ոստիկանության ծառայողի երդում են տալիս միջազգային պայմանագրով նախատեսված ժամկետում:
4. Ոստիկանության ծառայողն ստորագրում է իր ընթերցած երդման տեքստը, որը պահպանվում է նրա անձնական գործում:
(12-րդ հոդվածը խմբ. 19.10.2005 ՀՕ-231, փոփ. 13.12.2018 ՀՕ-76-Ն, 25.03.21 ՀՕ-33-Ն)
Հոդված 13. |
Ոստիկանության ծառայողին պաշտոնի նշանակելը |
1. (մասն ուժը կորցրել է 22.01.21 ՀՕ-5-Ն)
2. Ոստիկանության պետին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Արցախի Հանրապետության Նախագահը՝ պետական կառավարման մարմնի ղեկավարի առաջարկությամբ:
3. Ոստիկանության պետի տեղակալներին, ոստիկանության գլխավոր, ավագ, միջին և կրտսեր պաշտոնների խմբերի ծառայողներին պաշտոնի նշանակում (ծառայության է ընդունում), այլ պաշտոնի է փոխադրում և պաշտոնից ազատում է պետական կառավարման մարմնի ղեկավարը` ոստիկանության պետի միջնորդությամբ:
4. Ոստիկանությունում գլխավոր, ավագ և միջին խմբերի պաշտոնների կարող են նշանակվել տվյալ պաշտոնին համապատասխանող կոչումից ավելի բարձր, դրան համապատասխանող կամ այդ պաշտոնի համար սահմանված առավելագույն կոչումից մեկ, իսկ բացառիկ դեպքերում՝ երկու աստիճան ցածր կոչում ունեցող ծառայողները: Սույն մասի պահանջները չեն տարածվում սույն օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով պաշտոնի նշանակելու դեպքերի վրա:
Ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոններում նշանակումը կատարվում է սույն օրենքի 14-րդ հոդվածի առաջին և երկրորդ մասերով սահմանված կարգով:
5. (մասն ուժը կորցրել է 29.12.2008 ՀՕ-4-Ն)
6. Ոստիկանության այն ծառայություններում, որոնցում ծառայողների անձը ծածկագրված է, և վերջիններս իրենց լիազորություններն իրականացնում են գաղտնագործունեության (կոնսպիրացիայի) լիակատար պահպանմամբ, պաշտոնի նշանակելու (ատեստավորման, վերապատրաստման, այլ պաշտոնի փոխադրելու) կարգը և պայմանները սահմանում է պետական կառավարման մարմնի ղեկավարը:
(13-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 19.10.2005 ՀՕ-231, փոփ. 29.12.2008 ՀՕ-4-Ն, փոփ. 13.12.2018 ՀՕ-76-Ն, փոփ., խմբ. 22.01.21 ՀՕ-5-Ն. լրաց., փոփ. 30.06.21 ՀՕ-91-Ն)
Հոդված 14. |
Ոստիկանության ծառայողին պաշտոնի նշանակելու պայմանները |
1. Ոստիկանության պետ կարող է նշանակվել ոստիկանության այն ծառայողը, որը մինչև նշանակումն զբաղեցրել է ոստիկանության բարձրագույն կամ առնվազն երեք տարի՝ գլխավոր խմբի պաշտոն և ունի ոստիկանության գնդապետից ոչ ցածր ոստիկանության կոչում:
2. Ոստիկանության պետի տեղակալ կարող է նշանակվել ոստիկանության այն ծառայողը, որը նշանակման պահին զբաղեցնում է ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոն կամ մինչև նշանակումը առնվազն երեք տարի՝ զբաղեցրել է ոստիկանության գլխավոր խմբի պաշտոն և ունի ոստիկանության փոխգնդապետից ոչ ցածր ոստիկանության կոչում:
3. Ոստիկանության գլխավոր խմբի պաշտոններում կարող են նշանակվել ոստիկանության այն ծառայողները, որոնք ունեն բարձրագույն կրթություն, մինչև նշանակումը զբաղեցրել են ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոն, մեկ տարի՝ ոստիկանության գլխավոր խմբի այլ պաշտոն, երեք տարի` ոստիկանության ավագ խմբի պաշտոն կամ հինգ տարի՝ ոստիկանության միջին խմբի պաշտոն:
Ոստիկանության ավագ խմբի պաշտոններում կարող են նշանակվել ոստիկանության այն ծառայողները, որոնք ունեն բարձրագույն կրթություն, մինչև նշանակումը զբաղեցրել են ոստիկանության գլխավոր խմբի պաշտոն, մեկ տարի՝ ոստիկանության ավագ խմբի այլ պաշտոն կամ երեք տարի` ոստիկանության միջին խմբի պաշտոն:
3.1. Ոստիկանության գլխավոր և ավագ խմբերի պաշտոններում առանձին մասնագիտություններով կարող են նշանակվել նաև համապատասխան մասնագիտության գծով բակալավրի որակավորմամբ մասնագիտական կրթություն ունեցող քաղաքացիները: Այդ մասնագիտությունների և պաշտոնների ցանկը սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը:
4. (մասն ուժը կորցրել է 30.06.21 ՀՕ-91-Ն)
5. (մասն ուժը կորցրել է 30.06.21 ՀՕ-91-Ն)
6. (մասն ուժը կորցրել է 30.06.21 ՀՕ-91-Ն)
7. Ոստիկանության միջին խմբի պաշտոններում կարող են նշանակվել ոստիկանական միջին մասնագիտական կամ Արցախի Հանրապետության կառավարության կողմից սահմանված համապատասխան մասնագիտությամբ բարձրագույն կրթություն ունեցող անձինք հետևյալ առաջնահերթությամբ.
1) ոստիկանության ուսումնական հաստատությունում պետական պատվերի շրջանակում բարձրագույն կամ ոստիկանական միջին մասնագիտական կրթություն ստացած ծառայողները.
2) ոստիկանության ուսումնական հաստատությունում վճարովի հիմունքներով բարձրագույն կրթություն ստացած քաղաքացիները.
3) Արցախի Հանրապետության կառավարության կողմից սահմանված համապատասխան մասնագիտությամբ բարձրագույն կրթություն ունեցող քաղաքացիները:
8. Ոստիկանության կրտսեր խմբի պաշտոններում կարող են նշանակվել ոստիկանական նախնական մասնագիտական կամ առնվազն միջնակարգ կրթություն ունեցող քաղաքացիները:
9. (մասն ուժը կորցրել է 30.06.21 ՀՕ-91-Ն)
91. Ուսման կամ այլ պետական մարմիններ կամ միջազգային պայմանագրերով սահմանված կարգով միջազգային կազմակերպություններ գործուղված ոստիկանության ծառայողները գործուղումից վերադառնալիս նշանակվում են մինչև գործուղվելը զբաղեցրած պաշտոնին կամ հավասարազոր պաշտոնի կամ զբաղեցրած պաշտոնից ավելի բարձր պաշտոնի:
10. Ոստիկանությունում թափուր պաշտոն առաջանալու դեպքում ծառայության կարող են նշանակվել նաև զինված ուժերի, ազգային անվտանգության, քննչական կոմիտեի, հարկադիր կատարումն ապահովող ծառայության ծառայողները, դատախազները, քննիչները, ինչպես նաև Արցախի Հանրապետության նախագահի, Արցախի Հանրապետության կառավարության կողմից պետական այլ մարմիններում պաշտոնի նշանակված ոստիկանության նախկին ծառայողները, ինչպես նաև վերջին 5 տարիների ընթացքում ծառայությունից ազատված (բացառությամբ սույն օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի հիմքով) նախկին ծառայողները:
Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված առանձին մասնագիտություններով ոստիկանության ավագ և գլխավոր խմբերի պաշտոններում նշանակված անձանց շնորհվում է տվյալ խմբին համապատասխանող ոստիկանության կոչումից երկու աստիճան ցածր կոչում: (նախ-ը հանվել է 30.06.21 ՀՕ-91-Ն)
Ոստիկանությունում թափուր պաշտոնի կարող է նշանակվել ժամանակավոր պաշտոնակատար, բայց ոչ ավելի, քան վեց ամիս ժամկետով:
Ոստիկանության ծառայողի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակավոր անհնարինության, կին ծառայողի հղիության կամ ծննդաբերության, ինչպես նաև ծառայողի` մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդի, ոստիկանության ծառայողի լիազորությունները ժամանակավորապես կասեցվելու դեպքերում նրա պաշտոնը կարող է զբաղեցվել` ոստիկանության այլ փոխարինող ծառայողին, ոստիկանության կադրերի ռեզերվում գտնվող ոստիկանության ծառայողին կամ ոստիկանությունում ծառայության անցնող անձին տվյալ պաշտոնին ժամանակավոր նշանակելով:
Սույն մասի երրորդ և չորրորդ պարբերություններով նախատեսված դեպքերում պաշտոնի կարող է նշանակվել տվյալ պաշտոնին նշանակվելու համար ոստիկանության ծառայողին ներկայացվող պահանջներին համապատասխանող ծառայողը:
Սույն մասի չորրորդ պարբերությամբ նախատեսված հիմքերի վերացման դեպքում ժամանակավոր նշանակված ծառայողը սույն օրենքով սահմանված կարգով նշանակվում է հավասարազոր պաշտոնի, իսկ դրա անհնարինության դեպքում գրանցվում է կադրերի ռեզերվում:
11. Ոստիկանության թափուր պաշտոնները համալրվում են 60 օրվա ընթացքում:
(14-րդ հոդվածը լրաց., փոփ., խմբ. 19.10.2005 ՀՕ-231, փոփ., խմբ. 29.12.2008 ՀՕ-4-Ն, փոփ. 13.12.2018 ՀՕ-76-Ն, 22.01.21 ՀՕ-5-Ն, խմբ., լրաց., փոփ. 30.06.21 ՀՕ-91-Ն, փոփ. 25.11.21 ՀՕ-125-Ն)
Հոդված 14.1. |
Ոստիկանության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթը |
1. Ոստիկանության գլխավոր և ավագ խմբերի պաշտոններում թափուր պաշտոն առաջանալու դեպքում ոստիկանության ծառայողների պաշտոնի նշանակումը կատարվում է արտամրցութային կարգով կամ մրցույթով:
2. Մինչև ոստիկանության թափուր պաշտոնի համար մրցույթ հայտարարելը` երկշաբաթյա ժամկետում, պետական կառավարման մարմնի ղեկավարն իրավասու է տվյալ թափուր պաշտոնում սույն օրենքով սահմանված կարգով նշանակելու տվյալ պաշտոնի համար ներկայացվող պահանջները բավարարող ոստիկանության ծառայողին:
3. Թափուր պաշտոնում սույն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում սույն օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասի 1-ին կետով և սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված արտամրցութային կարգով նշանակում չկատարվելու դեպքում ոստիկանության թափուր պաշտոնները զբաղեցվում են մրցույթի արդյունքներով: Մրցույթի անցկացման կարգը և պայմանները սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը:
4. Ոստիկանությունում թափուր պաշտոն առաջանալու դեպքում մրցույթին կարող են մասնակցել նաև զինված ուժերի, ազգային անվտանգության, քննչական կոմիտեի, հարկադիր կատարումն ապահովող ծառայության ծառայողները, դատախազները, քննիչները, ինչպես նաև Արցախի Հանրապետության նախագահի, Արցախի Հանրապետության կառավարության կողմից պետական այլ մարմիններում պաշտոնի նշանակված ոստիկանության նախկին ծառայողները, ինչպես նաև վերջին 5 տարիների ընթացքում ծառայությունից ազատված (բացառությամբ սույն օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի հիմքով) նախկին ծառայողները:
5. Եթե ոստիկանությունում թափուր պաշտոն զբաղեցնելու համար հայտարարված մրցույթին մասնակցելու համար սահմանված ժամկետում ոչ ոք չի դիմել, կամ դիմողներից ոչ մեկը մրցույթին չի ներկայացել, կամ մրցույթի արդյունքում ոչ ոք հաղթող չի ճանաչվել, ապա տվյալ թափուր պաշտոնն զբաղեցնելու համար հայտարարվում է նոր մրցույթ:
6. Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված թեկնածուն պաշտոնի է նշանակվում մրցույթի արդյունքները հայտարարելուց հետո` 5-օրյա ժամկետում:
(14.1-ին հոդվածը լրաց. 30.06.21 ՀՕ-91-Ն, փոփ. 25.11.21 ՀՕ-125-Ն)
Հոդված 15. |
Ոստիկանության ծառայողների ատեստավորման կարգը և պայմանները |
1. (մասն ուժը կորցրել է 30.06.21 ՀՕ-91-Ն)
2. (մասն ուժը կորցրել է 30.06.21 ՀՕ-91-Ն)
3. (մասն ուժը կորցրել է 30.06.21 ՀՕ-91-Ն)
4. Ոստիկանության ծառայողի ատեստավորումն անցկացվում է պետական կառավարման մարմնի ղեկավարի որոշմամբ՝ ոստիկանության ծառայողի ստորաբաժանման ղեկավարի պատճառաբանված միջնորդության հիման վրա, բայց ոչ ավելի, քան տարին մեկ անգամ:
5. Ատեստավորումն անցկացվում է ոստիկանության ծառայողի անմիջական մասնակցությամբ: Ոստիկանության գլխավոր խմբի պաշտոն զբաղեցնող ոստիկանության ծառայողների ատեստավորումն անցկացվում է ծառայողական բնութագրի հիման վրա` հարցազրույցի միջոցով: Ոստիկանության ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող ոստիկանության ծառայողների ատեստավորումն անցկացվում է ծառայողական բնութագրի հիման վրա` թեստավորման և հարցազրույցի միջոցով:
6. Ատեստավորման ենթակա չեն՝
1) տվյալ պաշտոնը մեկ տարուց պակաս ժամկետով զբաղեցնող ոստիկանության ծառայողները.
2) ոստիկանության բարձրագույն պաշտոններ զբաղեցնողները.
3) հղի կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող ոստիկանության ծառայողները:
Հղիության կամ երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող ոստիկանության ծառայողները ենթակա են ատեստավորման արձակուրդից վերադառնալուց հետո՝ ոչ շուտ, քան մեկ տարի հետո:
Արձակուրդում, գործուղման մեջ գտնվող կամ ոստիկանության ժամանակավոր անաշխատունակ ծառայողները կարող են ատեստավորվել վերադառնալուց երկու ամիս հետո:
7. Ատեստավորման ենթակա ոստիկանության ծառայողները ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ, տեղեկացվում են ատեստավորման անցկացման մասին:
8. Ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ անմիջական ղեկավարը ներկայացնում է ոստիկանության ծառայողի ծառայողական բնութագիրը:
Ծառայողական բնութագիրը պետք է բովանդակի տվյալներ ոստիկանության ծառայողի մասին, նրա գործնական հատկանիշների և ծառայողական գործունեության արդյունքների հիմնավորված գնահատականը: Այդ գնահատականը պետք է հիմնվի նախորդ ատեստավորումից հետո ընկած ժամանակաշրջանում ոստիկանության ծառայողի կողմից իր կատարած աշխատանքների մասին անմիջական ղեկավարին ներկայացված հաշվետվության վերաբերյալ վերջինիս եզրակացության վրա:
Եթե ատեստավորումների միջև ընկած ժամանակաշրջանում ոստիկանության ծառայողի անմիջական ղեկավարն ազատվել է ոստիկանության պաշտոնից՝ պաշտոնին չհամապատասխանելու հիմքով, ապա վերջինիս տված եզրակացություններն իրավական ուժ չունեն: Եթե նման ղեկավարի տված եզրակացություններն ընդգրկում են ատեստավորումների միջև ընկած ժամանակաշրջանի երկու երրորդից ավելին, ապա ոստիկանության ծառայողի վերաբերյալ ծառայողական բնութագիր չի ներկայացվում: Այդ դեպքում ծառայողական բնութագիր չներկայացնելը չի կարող բացասաբար ազդել ոստիկանության ծառայողի ատեստավորման արդյունքների վրա: Ոստիկանության ծառայողն ատեստավորումն անցկացնելու օրվանից առնվազն մեկ շաբաթ առաջ պետք է ծանոթանա իր ծառայողական բնութագրին:
9. Ատեստավորման անցկացման կարգը և պայմանները սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը:
10. Ատեստավորման հանձնաժողովը կազմավորում և հանձնաժողովի աշխատակարգը սահմանում է պետական կառավարման մարմնի ղեկավարը: Ատեստավորման հանձնաժողովի անդամների ոչ պակաս, քան 1/4-ը կարող են լինել բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտահետազոտական կազմակերպությունների, որպես կանոն, տվյալ բնագավառի գիտական կոչում (աստիճան) ունեցող անձինք: Ելնելով ծառայության առանձնահատկություներից՝ պետական կառավարման մարմնի ղեկավարը կարող է ձևավորել մեկից ավելի ատեստավորման հանձնաժողովներ:
11. Ատեստավորման արդյունքում ատեստավորման հանձնաժողովն ընդունում է հետևյալ որոշումներից միայն մեկը՝
1) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին.
2) (կետն ուժը կորցրել է 30.06.21 ՀՕ-91-Ն)
3) (կետն ուժը կորցրել է 30.06.21 ՀՕ-91-Ն)
4) (կետն ուժը կորցրել է 30.06.21 ՀՕ-91-Ն)
5) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին:
12. Ոստիկանության ծառայողն իրավունք ունի ծանոթանալ ատեստավորման արդյունքներին և բողոքարկել դրանք՝ ատեստավորման արդյունքներին ծանոթանալուց հետո՝ ոչ ուշ, քան 7 օրվա ընթացքում՝ վերադասության կարգով:
13. Ատեստավորման արդյունքներն ու կայացված որոշումներն ատեստավորման հանձնաժողովը, ատեստավորման օրվանից հետո՝ մեկշաբթյա ժամկետում, ներկայացնում է պետական կառավարման մարմնի ղեկավարին, որն ընդունում է համապատասխան որոշում՝ հիմք ընդունելով սույն հոդվածի տասնմեկերորդ մասի 5-րդ կետին համապատասխան ընդունված ատեստավորման հանձնաժողովի որոշումը:
(պարբերությունն ուժը կորցրել է 30.06.21 ՀՕ-91-Ն)
14. Սույն հոդվածի տասներեքերորդ մասով սահմանված որոշումն ընդունվում է ոչ ուշ, քան ատեստավորման արդյունքներն ստանալու օրվանից տասնօրյա ժամկետում:
Ոստիկանության ծառայողի ժամանակավոր անաշխատունակության կամ արձակուրդում գտնվելու ժամանակ ատեստավորման արդյունքների հիման վրա համապատասխան որոշումն ընդունվում է նրա աշխատանքի ներկայանալու օրվանից հետո՝ եռօրյա ժամկետում:
15. Ատեստավորման արդյունքները պահվում են ոստիկանության ծառայողի անձնական գործում:
(15-րդ հոդվածը փոփ. 19.10.2005 ՀՕ-231, խմբ. 29.12.2008 ՀՕ-4-Ն, փոփ. 13.12.2018 ՀՕ-76-Ն, փոփ., խմբ., լրաց. 30.06.21 ՀՕ-91-Ն)
Հոդված 16. |
Ոստիկանության ծառայողի վերապատրաստումը |
(վերնագիրը խմբ. 30.06.21 ՀՕ-91-Ն)
1. Ոստիկանության ծառայողները սահմանված կարգով ենթակա են վերապատրաստման պետական կառավառման մարմնի ղեկավարի որոշմամբ՝ ոստիկանության ծառայողի ստորաբաժանման ղեկավարի պատճառաբանված միջնորդության հիման վրա, բայց ոչ ավելի, քան 5 տարին մեկ անգամ:
2. Վերապատրաստում անցնելու կարգը և պայմանները սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը:
(16-րդ հոդվածը խմբ. 19.10.2005 ՀՕ-231, լրաց., փոփ. 29.12.2008 ՀՕ-4-Ն, փոփ. 13.12.2018 ՀՕ-76-Ն, խմբ. 30.06.21 ՀՕ-91-Ն)
Գ Լ ՈՒ Խ 4
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ԱՅԼ ՊԱՇՏՈՆԻ ՓՈԽԱԴՐԵԼԸ
Հոդված 17. |
Ոստիկանության ծառայողին նրա ցանկությամբ այլ պաշտոնի փոխադրելը |
Ոստիկանության ծառայողն իր ցանկությամբ կարող է փոխադրվել զբաղեցրած պաշտոնին համարժեք այլ պաշտոնի և (կամ) ծառայության այլ վայր՝ ոստիկանության տվյալ պաշտոնում առնվազն մեկ տարի ծառայելուց հետո:
Հոդված 18. |
Ոստիկանության ծառայողին առանց նրա համաձայնության այլ պաշտոնի փոխադրելը |
1. Ոստիկանության ծառայողը, ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված, առանց իր համաձայնության, կարող է փոխադրվել՝
1) զբաղեցրած պաշտոնին համարժեք կամ առաջխաղացման կարգով այլ պաշտոնի և (կամ) ծառայության այլ վայր՝ ոստիկանության տվյալ պաշտոնում առնվազն մեկ տարի ծառայելուց հետո, կրտսեր խմբի պաշտոն զբաղեցնող ծառայողների փոխադրման դեպքում` առնվազն վեց ամիս ծառայելուց հետո.
2) զբաղեցրած պաշտոնից ոչ ավելի, քան երկու աստիճանով ցածր պաշտոնի, եթե փոխադրումը կապված է կառուցվածքային փոփոխությունների կամ հաստիքների կրճատման հետ.
3) առողջական վիճակից ելնելով՝ ոստիկանության բժշկական հանձնաժողովի եզրակացության հիման վրա.
4) ատեստավորման արդյունքում՝ զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու դեպքում այլ պաշտոնի, բայց զբաղեցրած պաշտոնից ոչ ավելի, քան երկու աստիճանով ցածր:
2. Առանց իր համաձայնության ծառայության այլ վայր փոխադրելը, որը կապված է այլ շրջան բնակության տեղափոխվելու հետ, թույլատրվում է, եթե վերջին համանման փոփոխությունը կատարվել է առնվազն 3 տարի առաջ:
(18-րդ հոդվածը խմբ. 29.12.2008 ՀՕ-4-Ն, փոփ. 22.01.21 ՀՕ-5-Ն, խմբ. 30.06.21 ՀՕ-91-Ն )
Գ Լ ՈՒ Խ 5
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ
Հոդված 19. |
Ոստիկանության ծառայողի իրավունքները |
Ոստիկանության ծառայողի իրավունքներն են՝
1) զբաղեցրած պաշտոնում իր իրավունքներն ու պարտականությունները սահմանող իրավական ակտերին ծանոթանալը.
2) իր անձնական գործի նյութերին՝ իր գործունեության գնահատականներին և ծառայողական գործունեությանը վերաբերող այլ փաստաթղթերին ծանոթանալը և բացատրություններ ներկայացնելը.
3) ծառայողական պարտականությունների կատարման համար սահմանված կարգով անհրաժեշտ տեղեկություններ և նյութեր ստանալը.
4) իր իրավասության սահմաններում որոշումներ ընդունելը.
5) օրենքով սահմանված կարգով ծառայողական քննություն պահանջելը՝ իր նկատմամբ անհիմն մեղադրանքների և կասկածանքների վերացման կամ իր նկատմամբ կարգապահական տույժեր կիրառելու դեպքերում.
6) առողջության պահպանությունը.
6.1) ծառայության համար համարժեք վարձատրություն ստանալը.
7) սոցիալական պաշտպանությունը և ապահովությունը.
8) իրավական պաշտպանությունը դատական և վերադասության կարգով.
9) ոստիկանության պաշտոնի և կոչումի՝ սահմանված կարգով բարձրացումը.
10) սահմանված կարգով և դեպքերում պետական բյուջեի, ինչպես նաև Արցախի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին վերապատրաստվելը.
11) (կետն ուժը կորցրել է 26.10.2011 ՀՕ-53-Ն)
12) ոստիկանությունում թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցելը:
Ոստիկանության ծառայողը կարող է ունենալ նաև օրենքով սահմանված այլ իրավունքներ:
(19-րդ հոդվածը փոփ. 29.12.2008 ՀՕ-4-Ն, լրաց., փոփ. 26.10.2011 ՀՕ-53-Ն, փոփ., լրաց. 26.12.2013 ՀՕ-77-Ն, փոփ. 13.12.2018 ՀՕ-76-Ն, լրաց. 30.06.21 ՀՕ-91-Ն)
Հոդված 20. |
Ոստիկանության ծառայողի պարտականությունները |
1. Ոստիկանության ծառայողի պարտականություններն են՝
1) Արցախի Հանրապետության օրենսդրության և այլ իրավական ակտերի պահանջները կատարելը.
2) մասնագիտական և ծառայողական պարտականությունների կատարման համար անհրաժեշտ գիտելիքներ ապահովելը.
3) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված պարտականությունները ճշգրիտ և ժամանակին կատարելը.
4) ղեկավարի (ուղղակի կամ անմիջական) իրավասության սահմաններում տրված հրամանները, ցուցումները, հանձնարարականները կատարելը.
5) կարգապահական կանոնները պահպանելը.
6) սահմանված կարգով և ժամկետներում առաջարկություններ, դիմումներ և բողոքներ քննության առնելը և դրանց ընթացք տալը.
7) պետական, ծառայողական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող փաստաթղթերի հետ աշխատելու՝ Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները պահպանելը, այդ թվում՝ ծառայությունը դադարեցնելուց հետո.
8) օրենքով սահմանված կարգով իր եկամուտների հայտարարագիրը ներկայացնելը:
Ոստիկանության ծառայողի համար սույն օրենքով, այլ օրենքներով ու իրավական ակտերով կարող են սահմանվել նաև այլ պարտականություններ:
(20-րդ հոդվածը խմբ. 19.10.2005 ՀՕ-231, փոփ. 13.12.2018 ՀՕ-76-Ն, խմբ. 30.06.21 ՀՕ-91-Ն)
Հոդված 21. |
Ոստիկանության ծառայողի վարձատրությունը |
(վերնագիրը խմբ. 26.12.2013 ՀՕ-77-Ն)
1. Ոստիկանության յուրաքանչյուր ծառայող (սույն օրենքով սահմանված դեպքերում նաև ոստիկանության ծառայության կադրերի ռեզերվում գտնվողները) ունի վարձատրության իրավունք:
2. Ոստիկանության ծառայողների վարձատրության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով:
(21-րդ հոդվածը խմբ. 26.12.2013 ՀՕ-77-Ն, փոփ. 30.06.21 ՀՕ-91-Ն)
Հոդված 22. |
Դրամական օգնությունը՝ ոստիկանության ծառայողի զոհվելու, հաշմանդամ դառնալու, հիվանդության կամ մարմնական վնասվածք ստանալու դեպքում |
(վերնագիրը փոփ. 26.12.2013 ՀՕ-77-Ն)
Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվելու դեպքում ոստիկանության ծառայողի ընտանիքի անդամներին կամ նրա խնամքի տակ գտնվող անձանց, ինչպես նաև հաշմանդամ դառնալու, հիվանդության կամ մարմնական վնասվածք ստանալու դեպքում ոստիկանության ծառայողին վճարվող դրամական օգնության չափը և վճարման կարգը սահմանվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով, զինծառայողների սոցիալական ապահովության հարաբերությունները կարգավորող օրենքներով և այլ իրավական ակտերով:
(22-րդ հոդվածը փոփ., լրաց. 26.12.2013 ՀՕ-77-Ն, փոփ. 30.06.21 ՀՕ-91-Ն)
Հոդված 23. |
Գույքային վնասի հատուցումը |
1. Ոստիկանության ծառայողին կամ նրա ընտանիքի անդամներին պատճառված գույքային վնասը՝ պայմանավորված ոստիկանության ծառայողի ծառայողական պարտականությունների կատարմամբ, հատուցում է պետությունը:
2. Վնասի հատուցման կարգը և պայմանները սահմանվում են օրենքով:
Հոդված 24. |
Ոստիկանության ծառայողի առողջական վիճակի հետազոտումը |
1. Պետությունն ապահովում է ոստիկանության ծառայողի առողջական վիճակի անվճար հետազոտումը և բուժումը:
2. Առողջական վիճակի հետազոտման պայմանները, պարբերականությունը և կարգը սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը:
(24-րդ հոդվածը փոփ. 13.12.2018 ՀՕ-76-Ն)
Հոդված 25. |
Հասարակական տրանսպորտից օգտվելը |
Ոստիկանության ծառայողի կողմից հասարակական տրանսպորտից օգտվելու կարգը և պայմանները, ինչպես նաև դրանցով պայմանավորված ծախսերի հատուցման կարգը սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը:
(25-րդ հոդվածը փոփ. 13.12.2018 ՀՕ-76-Ն)
Հոդված 26. |
Ոստիկանության ծառայողին բնակելի տարածությամբ ապահովելը |
Անհրաժեշտության դեպքում, պայմանավորված ոստիկանության ծառայողին այլ վայր ծառայության փոխադրելու հետ, ոստիկանության ծառայողն ապահովվում է ծառայողական բնակելի տարածությամբ: Ոստիկանության ծառայողին ծառայողական բնակելի տարածությամբ ապահովելու անհնարինության դեպքում տրվում է դրամական փոխհատուցում՝ Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և չափերով:
(26-րդ հոդվածը փոփ. 13.12.2018 ՀՕ-76-Ն)
Հոդված 27. |
Ոստիկանության ծառայողի համազգեստը, վկայականը և անձնական գործը |
(վերնագիրը խմբ. 30.06.21 ՀՕ-91-Ն)
1. Ոստիկանության ծառայողին անվճար տրվում է ոստիկանության ծառայողի հանդերձանք, այդ թվում՝ համազգեստ, որի նկարագիրը և կրելու ժամկետները սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը:
Ոստիկանության ծառայողին տրվում է սահմանված ձևի վկայական:
2. Ոստիկանության ծառայողին համազգեստ տրամադրելու, դա կրելու կարգն ու պայմանները, ինչպես նաև վկայականի ձևը և տալու կարգը սահմանում է պետական կառավարման մարմնի ղեկավարը:
3. Ոստիկանության ծառայողին համազգեստ չտրվելու դեպքում վճարվում է հատուցում՝ դրա արժեքի չափով՝ պետական կառավարման մարմնի ղեկավարի սահմանած կարգով:
4. Ոստիկանության ծառայողների վերաբերյալ վարվում է անձնական գործ, որում արտացոլվում է նրա ծառայողական գործունեության ընթացքը: Անձնական գործի ձևը, վարման կարգը սահմանվում են պետական կառավարման մարմնի ղեկավարի հրամանով:
(27-րդ հոդվածը խմբ., լրաց. 19.10.2005 ՀՕ-231, փոփ. 13.12.2018 ՀՕ-76-Ն, խմբ. փոփ., լրաց. 30.06.21 ՀՕ-91-Ն)
Գ Լ ՈՒ Խ 6
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆԳՍՏԻ ԺԱՄԱՆԱԿԸ, ԱՐՁԱԿՈՒՐԴԸ
Հոդված 28. |
Աշխատաժամանակի տևողությունը |
1. Ոստիկանության ծառայողների համար սահմանվում է հնգօրյա աշխատանքային շաբաթ:
2. Ոստիկանության այն ծառայողների համար, ովքեր ծառայողական պարտականությունները կատարում են առողջության համար վնասակար պայմաններում, սահմանվում է աշխատաժամանակի կրճատ տևողություն:
Ոստիկանությունում այն ծառայությունների ցանկը, որոնց համար սահմանվում է աշխատաժամանակի կրճատ տևողություն, սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը:
(28-րդ հոդվածը փոփ. 13.12.2018 ՀՕ-76-Ն)
Հոդված 29. |
Ոստիկանության ծառայողի արտաժամյա ծառայությունը |
1. Ոստիկանության ծառայողը կարող է ներգրավվել արտաժամյա ծառայության՝
1) պետության անվտանգության ապահովման համար.
2) պետության պաշտպանության անհրաժեշտության դեպքում.
3) մարդկանց փրկության համար.
4) հրդեհափրկարարական աշխատանքների ընթացքում օգնություն ցուցաբերելու համար.
5) տարերային կամ տեխնածին աղետի, հրդեհի, վթարի կանխման կամ դրանց հետևանքների վերացման համար.
6) զանգվածային անկարգությունների կանխման համար.
7) հավաքների և հանրային միջոցառումների ժամանակ հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման համար.
8) ոստիկանության առաջադրանքների կատարման համար, որոնք, իրենց առանձնահատկություններով պայմանավորված, չեն կարող կասեցվել կամ դադարեցվել.
9) ուսումնավարժական հավաքների կամ միջոցառումների, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում:
2. Ոստիկանության ծառայողին օրական 8 ժամից ավելի արտաժամյա ծառայության ներգրավել չի թույլատրվում: (2-րդ նախադասությունը հանվել է 19.10.2005 ՀՕ-231) Ոստիկանության ծառայողի արտաժամյա ծառայության տևողությունը տարվա ընթացքում չպետք է գերազանցի 300 ժամը: (3-րդ նախադասությունը հանվել է 26.12.2013 ՀՕ-77-Ն)
3. Արտաժամյա ծառայության ժամանակի հաշվարկման կարգը սահմանում է պետական կառավարման մարմնի ղեկավարը:
(29-րդ հոդվածը փոփ. 19.10.2005 ՀՕ-231, 26.10.2011 ՀՕ-53-Ն, 26.12.2013 ՀՕ-77-Ն)
Հոդված 30. |
Հանգստյան և տոն օրերին ոստիկանության ծառայողներին ծառայության ներգրավելը |
1. Սույն օրենքի 29-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքերում ոստիկանության ծառայողը կարող է ծառայության ներգրավվել հանգստյան և տոն օրերին:
2. (մասն ուժը կորցրել է 26.12.2013 ՀՕ-77-Ն)
(30-րդ հոդվածը փոփ. 26.12.2013 ՀՕ-77-Ն)
Հոդված 31. |
Հերթապահության ժամանակը |
1. Հերթապահության ժամանակ է համարվում այն ժամանակը, որի ընթացքում ոստիկանության ծառայողն իր հանգստի ժամանակ պետք է լինի հասանելի հերթապահ ծառայության համար՝ որոշակի վայրում ոստիկանության անհետաձգելի գործողություններ կատարելու համար:
2. Հերթապահության ժամանակի տևողությունը չպետք է գերազանցի յուրաքանչյուր ամսվա համար 150 ժամը:
3. (1-ին պարբերությունը հանվել է 26.12.2013 ՀՕ-77-Ն)
Հերթապահության ժամանակի հաշվարկման կարգը սահմանում է պետական կառավարման մարմնի ղեկավարը:
(31-րդ հոդվածը փոփ. 26.12.2013 ՀՕ-77-Ն)
Հոդված 32. |
Ոստիկանության ծառայողի արձակուրդը |
1. Ոստիկանության ծառայողների համար սահմանվում են վարձատրության պահպանմամբ հետևյալ արձակուրդները՝
1) ամենամյա.
2) ուսումնական.
3) լրացուցիչ (ելնելով ծառայության ստաժից, վնասակար պայմաններում պարտականությունների կատարման և ծառայության հատուկ բնույթից):
Ոստիկանության ծառայողին կարող է տրամադրվել նաև կարճատև արձակուրդ:
Ոստիկանության կին ծառայողներին տրամադրվում է նաև հղիության և ծննդաբերության, իսկ ծառայողներին՝ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդ՝ Արցախի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
2. Ամենամյա արձակուրդից հետ կանչելը թույլատրվում է միայն բացառիկ դեպքերում՝ ծառայողական անհրաժեշտությունից ելնելով, արձակուրդ տրամադրող ղեկավարի հրամանով:
Ծառայողի ցանկությամբ, տվյալ տարվա չօգտագործված արձակուրդի օրերը կարող են գումարվել հաջորդ տարվա ամենամյա արձակուրդին կամ կարող են փոխարինվել լրացուցիչ դրամական փոխհատուցմամբ՝ Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
3. Ռազմական դրություն հայտարարվելու կամ արտակարգ իրավիճակների դեպքում ոստիկանության ծառայողի արձակուրդն ընդհատվում է, բացառությամբ կին ծառայողի հղիության, ծննդաբերության և ծառայողի` մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդի:
(32-րդ հոդվածը փոփ. 26.12.2013 ՀՕ-77-Ն, 13.12.2018 ՀՕ-76-Ն, 30.06.21 ՀՕ-91-Ն)
Հոդված 33. |
Ամենամյա արձակուրդը |
1. Ոստիկանության ծառայողներին տրվում է ամենամյա արձակուրդ: Ամենամյա արձակուրդի տևողությունը կազմում է 30 օր: Ծառայողի ցանկությամբ ամենամյա արձակուրդը կարող է տրամադրվել մասերով: Ամենամյա արձակուրդը մասերով տրամադրելու դեպքում ամենամյա արձակուրդի մասերից մեկը պետք է կազմի առնվազն 15 օր:
2. Ծառայության առաջին տարվա համար ամենամյա արձակուրդը տրվում է ծառայության վեց ամիսը լրանալուց հետո:
3. Ամենամյա արձակուրդի ընթացքում հիվանդացած ծառայողի արձակուրդը երկարաձգվում է հիվանդության պատճառով չօգտագործված օրերի թվով՝ հիմք ընդունելով առողջապահական հաստատության համապատասխան տեղեկանքը:
(33-րդ հոդվածը փոփ. 29.12.2008 ՀՕ-4-Ն, լրաց. 30.06.21 ՀՕ-91-Ն)
Հոդված 34. |
Ուսումնական արձակուրդը |
Ուսումնական հաստատություններում հեռակա ուսուցման ձևով սովորող ոստիկանության ծառայողներին տրամադրվում է ուսումնական արձակուրդ՝ ուսումնաքննական ժամկետներին համապատասխան:
(34-րդ հոդվածը փոփ. 19.10.2005 ՀՕ-231)
Հոդված 35. |
Լրացուցիչ արձակուրդը |
1. Ոստիկանության ծառայողներին, ըստ ծառայության ստաժի, տրվում է լրացուցիչ արձակուրդ՝
1) 15-ից մինչև 25 տարի օրացուցային հաշվարկով ծառայածներին՝ 10 օր.
2) 25 և ավելի տարի օրացուցային հաշվարկով ծառայածներին՝ 15 օր:
2. Ոստիկանությունում վնասակար պայմաններում ծառայողների լրացուցիչ արձակուրդի տևողությունը սահմանվում է զինծառայողների սոցիալական ապահովության հարաբերությունները կարգավորող օրենքներով և այլ իրավական ակտերով:
Հոդված 36. |
Կարճատև արձակուրդը |
Ընտանեկան հանգամանքներով և այլ հարգելի պատճառներով ոստիկանության ծառայողներին կարող է տրվել կարճատև արձակուրդ՝ մինչև 10 օր տևողությամբ, որը չի հաշվարկվում ամենամյա արձակուրդում:
Հոդված 37. |
Ժամանակավոր անաշխատունակության դեպքում ծառայությունից ազատվելը |
Ոստիկանության ծառայողը ժամանակավոր անաշխատունակության դեպքում Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով կարող է ժամանակավորապես ազատվել ծառայությունից, սակայն 6 ամսից ոչ ավելի ժամկետով:
(37-րդ հոդվածը փոփ. 13.12.2018 ՀՕ-76-Ն)
Գ Լ ՈՒ Խ 7
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Հոդված 38. |
Ոստիկանության ծառայողին ծառայության ներգրավելն իր ծառայության տարածքի և ծառայողական պարտականությունների կատարման սահմաններից դուրս |
Ոստիկանության ծառայողը կարող է ներգրավվել ծառայության իր ծառայության տարածքի և ծառայողական պարտականությունների կատարման սահմաններից դուրս՝ սույն օրենքի 29-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքերում:
Հոդված 39. |
Ոստիկանության ծառայողի նկատմամբ կիրառվող սահմանափակումները |
1. Ոստիկանության ծառայողն իրավունք չունի՝
1) կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից.
2) անձամբ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ.
3) լինել երրորդ անձանց ներկայացուցիչն այն մարմնի հետ կապված հարաբերություններում, որտեղ ինքը գտնվում է ծառայության մեջ, կամ որն անմիջականորեն ենթակա է իրեն կամ անմիջականորեն վերահսկելի է իր կողմից.
4) հոնորար ստանալ ծառայողական պարտականությունների կատարումից բխող հրապարակումների կամ ելույթների համար.
5) ոչ ծառայողական նպատակներով օգտագործել նյութատեխնիկական, ֆինանսական ու տեղեկատվական միջոցները, պետական այլ գույքը և ծառայողական տեղեկատվությունը.
6) ծառայողական պարտականությունների համար այլ անձանցից ստանալ նվերներ, գումար կամ ծառայություններ, բացառությամբ Արցախի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի.
7) լինել որևէ կուսակցության, հասարակական-քաղաքական, հասարակական (բացառությամբ գիտական, մշակութային, մարզական, որսորդական, վետերանների և նմանօրինակ շահերի ընդհանրության հիման վրա միավորված կազմակերպությունների), այդ թվում՝ կրոնական, արհեստակցական կազմակերպության անդամ, իր ծառայողական դիրքն օգտագործել կուսակցությունների, հասարակական, այդ թվում՝ կրոնական միավորումների շահերի համար, նրանց նկատմամբ վերաբերմունք քարոզել, ինչպես նաև իր ծառայողական պարտականությունները կատարելիս այլ քաղաքական կամ կրոնական գործունեություն իրականացնել.
8) կազմակերպել գործադուլներ կամ մասնակցել դրանց:
2. Ոստիկանությունում պաշտոնի նշանակվելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, ոստիկանության ծառայողը, Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, պարտավոր է առևտրային կազմակերպությունների կանոնադրական (բաժնեհավաք, փայահավաք) կապիտալում բաժնեմաս (բաժնետոմս, փայ) ունենալու դեպքում դա հանձնել հավատարմագրային կառավարման: Ոստիկանության ծառայողն իրավունք ունի հավատարմագրային կառավարման հանձնված գույքից ստանալ եկամուտ:
3. Ոստիկանության ծառայողին արգելվում է համատեղ ծառայել մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր և քույր) հետ, եթե նրանց ծառայությունը կապված է միմյանց նկատմամբ անմիջական ենթակայության կամ անմիջական վերահսկողության հետ:
4. Ոստիկանության ծառայողն իրավունք չունի ծառայությունից ազատվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, ընդունվել աշխատանքի այն գործատուի մոտ կամ դառնալ այն կազմակերպության աշխատող, որի նկատմամբ նա անմիջական հսկողություն է իրականացրել իր ծառայության վերջին մեկ տարվա ընթացքում:
5. Ոստիկանության ծառայողին չի տրվում իր՝ ոստիկանությունում պաշտոնի նշանակման, այլ պաշտոնի փոխադրման, ազատման կամ նրա նկատմամբ կարգապահական տույժ նշանակելու մասին հրամանի պատճենը, եթե հրամանը պարունակում է պետական գաղտնիք կամ հրապարակման ոչ ենթակա տեղեկատվություն: Այդ դեպքում նրան տրվում է հրամանից քաղվածք, որից հանվում է պետական գաղտնիք կամ հրապարակման ոչ ենթակա տեղեկատվությունը:
(39-րդ հոդվածը լրաց. 19.10.2005 ՀՕ-231, փոփ. 29.12.2008 ՀՕ-4-Ն, խմբ. 26.10.2011 ՀՕ-53-Ն, փոփ. 13.12.2018 ՀՕ-76-Ն, 30.06.21 ՀՕ-91-Ն)
Հոդված 40. |
Ուսման ծախսերի փոխհատուցումը |
1. Ոստիկանության ծառայողը և ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողը, այդ թվում՝ ուսումնական այլ հաստատություններ գործուղվածը պարտավոր են փոխհատուցել իրենց ուսման, վերապատրաստման համար պետության կողմից կատարված ծախսերը, եթե նա՝
1) առանց հարգելի պատճառների դադարեցրել է ուսումը կամ վերապատրաստումը.
2) մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու պատճառով ազատվել է ոստիկանությունում ծառայությունից.
3) կարգապահական խախտում կատարելու համար ազատվել է ոստիկանությունում ծառայությունից.
4) անձնական նախաձեռնությամբ ազատվել է ոստիկանությունում ծառայությունից:
2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքերում ոստիկանության ծառայողը չի հատուցում ուսման կամ վերապատրաստման համար պետության կատարած ծախսերը, եթե նա՝
1) ոստիկանության ուսումնական հաստատությունն ավարտելուց հետո ոստիկանությունում ծառայել է ոչ պակաս, քան հինգ տարի, կամ վերապատրաստումը անցնելուց հետո՝ ոչ պակաս, քան երկու տարի.
2) ծառայությունից ազատվել է սույն օրենքի 46-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետով սահմանված դեպքում, հիվանդության պատճառով կամ անձնական նախաձեռնությամբ՝ պայմանավորված ընտանիքի հաշմանդամ անդամի խնամքով:
3. Ուսման կամ վերապատրաստման համար պետության կատարած ծախսերի փոխհատուցման կարգը և չափը սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը:
(40-րդ հոդվածը խմբ., լրաց. 19.10.2005 ՀՕ-231, լրաց. 29.12.2008 ՀՕ-4-Ն, փոփ. 13.12.2018 ՀՕ-76-Ն, փոփ., խմբ. 30.06.21 ՀՕ-91-Ն)
Գ Լ ՈՒ Խ 8
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԽՐԱԽՈՒՍԵԼԸ, ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԻ ԵՆԹԱՐԿԵԼԸ
Հոդված 41. |
Ոստիկանության ծառայողների նկատմամբ կիրառվող խրախուսանքի տեսակները |
1. Երկարամյա ծառայության, ինչպես նաև ծառայողական պարտականությունները և (կամ) հատուկ առաջադրանքները գերազանց կատարելու համար ոստիկանության ծառայողի նկատմամբ կարող են կիրառվել խրախուսանքի հետևյալ տեսակները՝
1) շնորհակալության հայտարարում.
2) միանվագ դրամական պարգևատրում.
3) հուշանվերով պարգևատրում.
4) ոստիկանության ծառայողին մեդալով կամ կրծքանշանով պարգևատրում.
5) պարգևատրում զենքով.
6) պարգևատրում Արցախի Հանրապետության ոստիկանության պատվոգրով.
61) լուսանկարի տեղադրումը պատվո տախտակին.
7) վաղաժամկետ կոչումի շնորհում.
71) տվյալ պաշտոնի համար սահմանված առավելագույն կոչումից մեկ աստիճան բարձր կոչումի շնորհում, եթե կրկնակի լրացել է ունեցած կոչումով ծառայության սահմանված ժամկետը.
8) «Արցախի Հանրապետության ոստիկանության պատվավոր ծառայող» պատվավոր կոչման շնորհում` պարգևատրելով «Արցախի Հանրապետության ոստիկանության պատվավոր ծառայող» կրծքանշանով:
Ոստիկանության ծառայողի նկատմամբ կիրառվող խրախուսանքները ձևակերպվում են գրավոր:
2. Ոստիկանության ծառայողի նկատմամբ որպես խրախուսանք կարող է կիրառվել նախկինում նշանակված կարգապահական տույժը ժամկետից շուտ հանելը:
3. Սույն հոդվածի առաջին մասի 7-րդ և 71-րդ կետերով նախատեսված խրախուսանքները ոստիկանության ծառայողի նկատմամբ կարող են կիրառվել մեկ անգամ ծառայության ամբողջ ընթացքում, բացառությամբ Արցախի Հանրապետության պաշտպանության, հասարակական կարգի պահպանության և անվտանգության ապահովման գործում, ինչպես նաև փրկարարական աշխատանքներում ցուցաբերած անձնական խիզախության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտականությունները կատարելու դեպքերի:
Սույն հոդվածի առաջին մասի 8-րդ կետով նախատեսված խրախուսանքը ոստիկանության ծառայողի նկատմամբ կարող է կիրառվել մեկ անգամ ծառայության ամբողջ ընթացքում:
4. Ոստիկանության ծառայողն օրենքով սահմանված կարգով և դեպքերում կարող է ներկայացվել Արցախի Հանրապետության պետական պարգևների:
5. Սույն հոդվածի առաջին և երկրորդ մասերով նախատեսված խրախուսանքները ոստիկանության ծառայողի նկատմամբ կիրառելու կարգը սահմանվում է կանոնագրքով: Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված խրախուսանքը կիրառվում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով սահմանված պահանջներին համապատասխան:
Ոստիկանության պետի նկատմամբ կարող է սույն հոդվածի առաջին մասով նախատեսված խրախուսանքները կիրառել նրան պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:
6. Ոստիկանության ծառայողի նկատմամբ միաժամանակ կարող է կիրառվել խրախուսանքի մի քանի տեսակ:
7. Քրեական հետապնդման, ծառայողական քննության մեջ գտնվող կամ սույն օրենքի 15-րդ հոդվածի 11-րդ մասի 5-րդ կետով նախատեսված որոշման ընդունման դեպքում ոստիկանության ծառայողի նկատմամբ խրախուսանք չի կարող կիրառվել:
(41-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 19.10.2005 ՀՕ-231, լրաց. 29.12.2008 ՀՕ-4-Ն, 26.12.2013 ՀՕ-77-Ն, փոփ. 13.12.2018 ՀՕ-76-Ն, 22.01.21 ՀՕ-5-Ն, 30.06.21 ՀՕ-91-Ն)
Հոդված 42. |
Ոստիկանության ծառայողների նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը |
1. Կարգապահական խախտման՝ ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ծառայողական դիրքն ի չարը գործադրելու, ինչպես նաև ծառայողական լիազորությունների սահմանն անցնելու դեպքերում օրենքով սահմանված կարգով, ոստիկանության ծառայողի նկատմամբ կիրառվում են հետևյալ կարգապահական տույժերը՝
1) նկատողություն.
2) խիստ նկատողություն.
3) 10-50 տոկոսով պաշտոնային դրույքաչափի իջեցում՝ մինչև 3 ամիս ժամանակով.
4) (կետն ուժը կորցրել է 26.10.2011 ՀՕ-53-Ն)
5) (կետն ուժը կորցրել է 30.06.21 ՀՕ-91-Ն)
6) պաշտոնի իջեցում մեկ աստիճանով.
7) կոչման իջեցում մեկ աստիճանով.
8) ոստիկանությունից ազատում:
Ոստիկանության ծառայողի նկատմամբ կիրառվող տույժերը ձևակերպվում են գրավոր:
2. Կարգապահական տույժեր կիրառելու իրավունք ունեցող պաշտոնատար անձինք իրավունք ունեն սույն հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով նախատեսված տույժը կիրառելու միայն կարգապահական կոպիտ խախտումների համար: Կարգապահական կոպիտ խախտումներ են համարվում`
1) քաղաքացիների սահմանադրական իրավունքները ոտնահարելը.
2) ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունները, ծառայողների և այլ անձանց անձնական տվյալներն ապօրինաբար օգտագործելը կամ հրապարակելը` փոխանցելը, հաղորդելը, տրամադրելը, առաքելը, ինչպես նաև որևէ ձևով մատչելի դարձնելն այն անձանց, ովքեր այդպիսի տեղեկություններին առնչվելու թույլտվություն չունեն.
3) իր և այլոց համար անօրինական եկամուտներ ստանալու կամ այլ անձնական դրդապատճառներով պաշտոնեական դիրքն օգտագործելը, ինչպես նաև կամայականություն դրսևորելը.
4) ոգելից խմիչքներ օգտագործած վիճակում ծառայության մեջ գտնվելը.
5) թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր օգտագործելը.
6) առանց հարգելի պատճառների ամբողջ աշխատանքային օրվա (հերթապահության) ընթացքում ծառայության չներկայանալը.
7) ծառայության վայրում գույք հափշտակելը, գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը.
8) ոստիկանության ծառայողի պատիվն ու արժանապատվությունը արատավորելը կամ նրա նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելը.
9) ծառայողական քննության ընթացքում բժշկական ստուգումից, արյան, մազերի, մարմնի արտաթորությունների նմուշներ հանձնելուց հրաժարվելը կամ ամենամյա կանխարգելիչ բժշկական քննությունից խուսափելը.
10) ղեկավարի (ուղղակի կամ անմիջական) իրավասության սահմաններում տրված հրամանները, ցուցումները, հանձնարարականները երկու կամ ավելի անգամ դիտավորությամբ չկատարելը:
(42-րդ հոդվածը լրաց., խմբ. 19.10.2005 ՀՕ-231, փոփ. 29.12.2008 ՀՕ-4-Ն, փոփ., լրաց. 26.10.2011 ՀՕ-53-Ն, 30.06.21 ՀՕ-91-Ն)
Հոդված 43. |
Կարգապահական տույժը կիրառելու և տույժը հանելու կարգը |
1. Կարգապահական տույժը նշանակվում է, եթե երեք ամսից ավելի չի անցել կարգապահական խախտման հայտնաբերման, այսինքն` ծառայողական քննություն նշանակելու օրվանից՝ չհաշված նախնական քննության կամ դատական քննության ժամանակահատվածը, հիվանդությունը կամ արձակուրդում գտնվելը, ընդ որում, նշանակվող տույժը պետք է համապատասխանի կատարված խախտման բնույթին և վտանգավորության աստիճանին:
1.1. Կարգապահական տույժը չի կարող կիրառվել, եթե կարգապահական խախտումը կատարելու օրվանից անցել է մեկ տարի:
2. Կարգապահական յուրաքանչյուր խախտման համար կարող է նշանակվել մեկ կարգապահական տույժ:
3. Կարգապահական տույժի մասին ծառայողը տեղեկացվում է դրա նշանակումից հետո՝ հնգօրյա ժամկետում:
4. Եթե կարգապահական տույժ նշանակելու օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, ծառայողը նոր կարգապահական տույժի չի ենթարկվել, ապա դա համարվում է մարված:
5. Կարգապահական տույժը կարող է հանվել նաև մինչև մեկ տարին լրանալը, եթե ծառայողը թույլ չի տվել կարգապահական նոր խախտում:
Բացառիկ դեպքերում մեկից ավելի կարգապահական տույժերը կարող են հանվել պետական կառավարման մարմնի ղեկավարի կողմից՝ սույն օրենքի 41-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով:
6. Կարգապահական տույժերի կիրառման կարգը սահմանվում է կանոնագրքով:
Ոստիկանության պետի նկատմամբ սույն օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 6-8-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերը կարող է կիրառել նրան պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցողը, իսկ սույն օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերը՝ պետական կառավարման մարմնի ղեկավարը:
Ոստիկանության պետի տեղակալների, ոստիկանության գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողների նկատմամբ սույն օրենքի 42-րդ հոդվածով նախատեսված կարգապահական տույժերը կիրառելու իրավունքը վերապահվում է պետական կառավարման մարմնի ղեկավարին: Կարգապահական տույժերը կիրառելու իրավունք ունեցող ղեկավար այլ պաշտոնատար անձանց շրջանակը և կարգապահական տույժերի կիրառման սահմաններն ու պայմանները նախատեսվում են կարգապահական կանոնագրքով:
Ոստիկանության ծառայողների նկատմամբ սույն օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 7-րդ կետով նախատեսված տույժը կարող է կիրառվել միայն մեկ անգամ՝ նրանց կոչում շնորհելու իրավասություն ունեցողի կողմից:
7. Ոստիկանության ծառայողների նկատմամբ, բացառությամբ ոստիկանության կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող և ոստիկանության կրտսեր կոչումներ ունեցող ծառայողների, սույն օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված կարգապահական տույժերը կիրառվում են ծառայողական քննության արդյունքների հիման վրա:
8. Ոստիկանությունում ծառայողական քննություն նշանակելու և անցկացնելու կարգը սահմանվում է օրենքով:
9. Ծառայողական քննության ժամանակահատվածում ոստիկանության ծառայողի լիազորությունները կարող են ժամանակավորապես դադարեցվել, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ պաշտոնում մնալով նա կխոչընդոտի ծառայողական քննությանը: Այդ դեպքում նրան վճարվում է աշխատավարձ:
Ոստիկանության ծառայողի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվելիս լիազորությունների ժամանակավորապես կասեցումը կատարվում է մինչև քրեական գործի ավարտը կամ մինչև տվյալ գործով դատարանի դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: Այդ դեպքում աշխատավարձը վճարվում է մինչև երկու ամսվա համար, իսկ մնացած վճարումը կատարվում է գործի՝ արդարացնող հիմքով ավարտի դեպքում:
(43-րդ հոդվածը լրաց., փոփ., խմբ. 19.10.2005 ՀՕ-231, փոփ., լրաց. 29.12.2008 ՀՕ-4-Ն, լրաց., փոփ. 26.10.2011 ՀՕ-53-Ն, խմբ. 22.01.21 ՀՕ-5-Ն. փոփ. 30.06.21 ՀՕ-91-Ն)
Հոդված 44. |
Ոստիկանության ծառայողին հրամաններ տալու սահմանափակումները |
1. Ոստիկանության ծառայողին չեն կարող տրվել այնպիսի բանավոր կամ գրավոր հրամաններ (հրահանգներ և կարգադրություններ), որոնք՝
1) հակասում են Արցախի Հանրապետության օրենսդրությանը.
2) հրամաններ (հրահանգներ և կարգադրություններ) տվողի կամ կատարողի լիազորությունների սահմաններից դուրս են:
2. Ոստիկանության ծառայողը սույն հոդվածի առաջին մասում նշված հրամաններ (հրահանգներ և կարգադրություններ) ստանալիս պարտավոր է ղեկավարվել օրենքների պահանջներով՝ այդ մասին տեղյակ պահելով վերադասին:
(44-րդ հոդվածը փոփ. 13.12.2018 ՀՕ-76-Ն)
Գ Լ ՈՒ Խ 9
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼԸ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼԸ
Հոդված 45. |
Ոստիկանությունում ծառայությունից ազատելը |
1. Ծառայողները ոստիկանությունում ծառայությունից ազատվում են՝
1) Արցախի Հանրապետության քաղաքացիության դադարեցման, ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոն զբաղեցնող ծառայողի կողմից այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում.
2) անձնական նախաձեռնությամբ՝ գրավոր զեկուցագրի հիման վրա, այդ թվում՝ երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ.
3) սույն օրենքի 47-րդ հոդվածով նախատեսված սահմանային տարիքը լրանալու կապակցությամբ.
3.1) հաստիքների կրճատման, այդ թվում` ստորաբաժանման լուծարման դեպքում, եթե ոստիկանության ծառայողը սույն օրենքով սահմանված կարգով համաձայն չէ նշանակվելու այլ պաշտոնի և չի ցանկանում գրանցվել ոստիկանության կադրերի ռեզերվում.
4) հիվանդության պատճառով՝ ծառայությանը ոչ պիտանի լինելու մասին ոստիկանության բժշկական հանձնաժողովի որոշման հիման վրա (խաղաղ ժամանակ՝ ծառայությանը ոչ պիտանի, իսկ պատերազմի ժամանակ՝ երկրորդ աստիճանի սահմանափակ պիտանի ճանաչվելու դեպքում).
5) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվելու դեպքում.
6) կարգապահական խախտումների համար, եթե մեկ տարվա ընթացքում նրա նկատմամբ կիրառվել է կարգապահական երեք տույժ, որոնցից գոնե մեկը սույն օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 6-7-րդ կետերով սահմանված տույժերից է, կամ սույն օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում.
7) սույն օրենքի 39-րդ հոդվածի առաջին և երկրորդ մասերի պահանջները խախտելու դեպքում.
8) օրենքով սահմանված կարգով իր եկամուտների հայտարարագիրը ներկայացնելուց խուսափելու դեպքում.
9) նրանց նկատմամբ դատարանի մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու, այդ թվում` դատարանի դատավճռով ոչ արդարացման հիմքերով պատժից ազատվելու կամ պատիժը կրելը հետաձգելու դեպքում.
10) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով մեկ տարվա ընթացքում վեց ամսից ավելի ծառայության չներկայանալու դեպքում՝ չհաշված հղիության, ծննդաբերության և մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդը.
11) սահմանված կարգով կադրերի ռեզերվից հանվելու դեպքում:
Արցախի Հանրապետության զինված ուժերի, Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության, Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության, Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության և Արցախի Հանրապետության դատախազության մարմիններում հետագա ծառայությունը շարունակելու նպատակով Արցախի Հանրապետության ոստիկանությունից տեղափոխված ծառայողին թույլատրվում է ուսումնառությունը շարունակել ոստիկանության ուսումնական հաստատության հեռակա ուսուցման ֆակուլտետում:
111) ոստիկանությունում ծառայության անցնելու` օրենսդրությամբ սահմանված կարգի խախտում հայտնաբերվելու դեպքում.
12) մահվան դեպքում:
(պարբերությունն ուժը կորցրել է 29.12.2008 ՀՕ-4-Ն)
Ոստիկանությունում ծառայությունից ազատելը ոստիկանության ուսումնական հաստատությունից ազատելու հիմք է:
1.1. Պետական կառավառման մարմնի ղեկավարն իրավունք ունի նաև ոստիկանությունում ծառայությունից ազատելու դիտավորյալ հանցագործության հատկանիշներ պարունակող արարք կատարած ոստիկանության այն ծառայողին, որի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է կամ քրեական հետապնդում չի իրականացվել ոչ արդարացնող հիմքով:
2. Ոստիկանության ծառայողին ոստիկանությունում ծառայությունից ազատում է պետական կառավարման մարմնի ղեկավարը:
(45-րդ հոդվածը փոփ., լրաց. 19.10.2005 ՀՕ-231, խմբ., փոփ., լրաց. 29.12.2008 ՀՕ-4-Ն, խմբ. 26.10.2011 ՀՕ-53-Ն, փոփ. 13.12.2018 ՀՕ-76-Ն, լրաց. 14.06.2019 ՀՕ-48-Ն, փոփ., լրաց. 30.06.21 ՀՕ-91-Ն)
Հոդված 46. |
Ոստիկանությունում զբաղեցրած պաշտոնից ազատելը |
1. Ծառայողները ոստիկանությունում զբաղեցրած պաշտոնից ազատվում են՝
1) հաստիքների կրճատման, ստորաբաժանման լուծարման կամ վերակազմակերպման դեպքում՝ ոստիկանությունում այլ պաշտոնի նշանակվելիս.
2) հաստիքների կրճատման, ստորաբաժանման լուծարման կամ վերակազմակերպման դեպքում, եթե ծառայողին համապատասխան պաշտոնում նշանակելը հնարավոր չէ.
3) սահմանափակ առողջական վիճակի պատճառով՝ ծառայության սահմանափակ պիտանիության կապակցությամբ՝ ոստիկանության բժշկական հանձնաժողովի որոշման հիման վրա (խաղաղ ժամանակ ոչ շարային ծառայությանը պիտանի, իսկ պատերազմի ժամանակ առաջին աստիճանի սահմանափակ պիտանի ճանաչվելու դեպքում), համապատասխան թափուր հաստիքների բացակայության պատճառով տվյալ պաշտոնում հետագա ծառայությունը շարունակելու անհնարինության դեպքում.
4) ատեստավորման արդյունքների հիման վրա այլ պաշտոնի նշանակվելիս.
5) սույն օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետով սահմանված կարգապահական տույժի ենթարկվելու դեպքում.
6) վեց ամիս և ավելի ժամկետով ուսման կամ այլ պետական մարմիններ կամ միջազգային պայմանագրերով սահմանված կարգով միջազգային կազմակերպություններ գործուղվելիս.
7) սույն օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ մասի չորրորդ պարբերությամբ նախատեսված հիմքերը վերանալու դեպքում:
2. Ոստիկանության ծառայողին պաշտոնից ազատում է պետական կառավարման մարմնի ղեկավարը:
(46-րդ հոդվածը փոփ., լրաց. 19.10.2005 ՀՕ-231, փոփ. 30.06.21 ՀՕ-91-Ն)
Հոդված 47. |
Ոստիկանությունում ծառայության տարիքային սահմանափակումները |
1. Ոստիկանությունում բարձրագույն խմբի պաշտոն զբաղեցնող, ինչպես նաև բարձրագույն կոչում ունեցող ծառայողների համար սահմանվում են ծառայության հետևյալ տարիքային սահմանափակումները.
Պաշտոնը կամ պաշտոնների խումբը |
Ծառայության սահմանային տարիքը |
Ծառայության ժամկետի
հնարավոր երկարաձգման ժամանակահատվածը |
ոստիկանության պետ |
60 |
մինչև 5 տարի |
ոստիկանության պետի տեղակալ,
ոստիկանության գլխավոր խմբի պաշտոն զբաղեցնող և ոստիկանության բարձրագույն կոչում ունեցող ծառայողներ |
60 |
մինչև 3 տարի |
2. Ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների ծառայության ժամկետը երկարաձգվում է Հանրապետության նախագահի կողմից՝ սույն օրենքի 13-րդ հոդվածով սահմանված կարգով:
3. Ոստիկանության գլխավոր խմբի պաշտոն զբաղեցնող և ոստիկանության բարձրագույն կոչում ունեցող ծառայողների ծառայության ժամկետը երկարաձգվում է պետական կառավառման մարմնի ղեկավարի կողմից:
4. Ոստիկանության գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող՝ 50 տարին լրացած և երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք ձեռք բերած ոստիկանության ծառայողն իր ցանկությամբ կարող է շարունակել ծառայությունը ոստիկանությունում մինչև սույն հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով նախատեսված ծառայության սահմանային տարիքը, եթե ոստիկանության պետը որոշում չի կայացրել նրան ազատելու ոստիկանությունում ծառայությունից երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ:
5. Ոստիկանության գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողների համար սահմանվում են ծառայության հետևյալ տարիքային սահմանափակումները.
Պաշտոնների խումբը |
Ծառայության սահմանային տարիքը |
ոստիկանության գլխավոր խմբի պաշտոններ |
62 |
ոստիկանության ավագ խմբի պաշտոններ |
58 |
ոստիկանության միջին խմբի պաշտոններ |
58 |
ոստիկանության կրտսեր խմբի պաշտոններ |
55 |
6. Ոստիկանությունում փորձաքրեագիտական, ծրագրավորման և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի, լրատվական, բժշկական բնույթի մասնագիտական պաշտոններ զբաղեցնող ծառայողները, ինչպես նաև ոստիկանության պետի խորհրդականի պաշտոններ զբաղեցնող ծառայողները կարող են ոստիկանությունում ծառայությունը շարունակել մինչև 65 տարին լրանալը:
7. Սույն օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին համապատասխան՝ ոստիկանության ծառայողը ոստիկանությունում ծառայությունից ազատվում է սույն հոդվածով սահմանված ծառայության սահմանային տարիքը լրանալուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում:
(47-րդ հոդվածը խմբ. 19.10.2005 ՀՕ-231, փոփ. 29.12.2008 ՀՕ-4-Ն, 13.12.2018 ՀՕ-76-Ն, խմբ. 30.06.21 ՀՕ-91-Ն)
Հոդված 48. |
Ոստիկանությունում ծառայությունից ազատվածներին տրվող վճարումները, արտոնությունները և կենսաթոշակի ապահովումը |
1. Ոստիկանությունում ծառայությունից ազատվածներին տրվող վճարումները, արտոնությունները, կենսաթոշակի ապահովումը և կենսաթոշակ նշանակելու պայմանները, տեսակները, կենսաթոշակի անցնելու կապակցությամբ տրվող դրամական օգնությունը և վճարումները, ծառայության ստաժի հաշվարկման կարգը, ինչպես նաև սոցիալական ապահովության հետ կապված մյուս հարաբերությունները սահմանվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով, զինծառայողների սոցիալական ապահովության հարաբերությունները կարգավորող օրենքներով և այլ իրավական ակտերով:
2. Ոստիկանությունում ծառայությունից ազատված՝ բարձրագույն կոչում ունեցող քաղաքացիներն ստանում են ոստիկանական համազգեստ կրելու իրավունք:
(48-րդ հոդվածը լրաց. 26.12.2013 ՀՕ-77-Ն, փոփ. 30.06.21 ՀՕ-91-Ն)
Հոդված 49. |
Ոստիկանության ծառայողների կադրերի ռեզերվը |
1. Ոստիկանության կադրերի ռեզերվում գրանցվում են սույն օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված կարգապահական տույժի ենթարկված ոստիկանության ծառայողները, ինչպես նաև սույն օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի 2-3-րդ կետերով նախատեսված հիմքերով զբաղեցրած պաշտոնից ազատված ոստիկանության ծառայողները: Ոստիկանության կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողները կադրերի ռեզերվում գրանցվում են սույն օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով զբաղեցրած պաշտոնից ազատվելու և սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերում:
Ոստիկանության կադրերի ռեզերվում ներառվում է կադրերի գործող ռեզերվը, որում գրանցվում են սույն օրենքի 46-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետով սահմանված ծառայողները:
2. Ոստիկանության ծառայության կադրերի ռեզերվում ոստիկանության ծառայողի միանգամյա գտնվելու առավելագույն ժամկետը վեց ամիս է (բացառությամբ սույն հոդվածի չորրորդ մասով սահմանված դեպքերի), բայց ոչ ավելի, քան համապատասխան խմբի համար սահմանված ծառայության առավելագույն ժամկետի լրանալը:
3. Ոստիկանության կադրերի ռեզերվում գտնվելու առաջին չորս ամիսների համար ծառայողին վճարվում է նրա զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափը: Եթե ոստիկանության կադրերի ռեզերվում գտնվելու ընթացքում ոստիկանության ծառայողն անձնական նախաձեռնությամբ ազատվել է ոստիկանությունում ծառայությունից, ապա սույն մասում նշված վճարումն իրականացվում է կադրերի ռեզերվում փաստացի գտնվելու ժամանակաշրջանին համապատասխան: Վեց ամիս և ավելի ժամկետով ուսման գործուղված ոստիկանության ծառայողին ոստիկանության կադրերի գործող ռեզերվում գտնվելու ամբողջ ժամանակահատվածում վճարվում է նրա զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափը:
3.1. Գործուղման վայրում վարձատրությունը ավելի ցածր լինելու դեպքում ծառայողին վճարվում է մինչև գործուղվելը զբաղեցրած պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափը:
4. Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս վիրավորված, անհայտ կորած, գերի ընկած ոստիկանության ծառայողները գրանցվում են ոստիկանության կադրերի ռեզերվում՝ մինչև 3 տարի ժամկետով: Նշված ծառայողների վարձատրությունն իրականացվում է Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
5. Սույն օրենքի հիման վրա ոստիկանության ծառայության կադրերի ռեզերվում գտնվելու և ռեզերվից հանելու կարգը սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը:
(49-րդ հոդվածը լրաց. 19.10.2005 ՀՕ-231, խմբ. 29.12.2008 ՀՕ-4-Ն, խմբ., լրաց., փոփ. 26.12.2013 ՀՕ-77-Ն, փոփ. 13.12.2018 ՀՕ-76-Ն, լրաց. 30.06.21 ՀՕ-91-Ն)
Գ Լ ՈՒ Խ 10
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ ԿԱՄ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ
Հոդված 50. |
Ոստիկանությունում ծառայության վերականգնումը կամ պաշտոնում վերականգնումը |
Ոստիկանության այն ծառայողները, ովքեր սահմանված կարգով ճանաչվել են ծառայությունում անհիմն փոխադրված, ծառայողական պարտականությունների կատարումից մեկուսացված, պաշտոնը կամ կոչումն իջեցված, ծառայությունից ազատված, ենթակա են ծառայության, կոչման կամ պաշտոնի վերականգնման:
(50-րդ հոդվածը փոփ. 30.06.21 ՀՕ-91-Ն)
Հոդված 51. |
Վեճերի լուծման համար դիմելու կարգը և ժամկետները |
(51-րդ հոդվածն ուժը կորցրել է 26.10.2011 ՀՕ-53-Ն)
Հոդված 52. |
Կոչման շնորհումը և ծառայության ժամկետի հաշվարկը ծառայության վերականգնումից հետո |
1. Ոստիկանությունից անհիմն կամ անօրինական ազատված և հետագայում վերականգնված ծառայողի անընդմեջ ծառայության ստաժում, հերթական կոչում շնորհելու ժամկետում և կենսաթոշակ նշանակելիս հաշվարկվում է նաև անհիմն կամ անօրինական ազատումից մինչև վերականգնում ժամանակահատվածը:
2. Ոստիկանությունից անհիմն կամ անօրինական ազատված, կոչումը կամ պաշտոնն իջեցված ծառայողներին մինչև դրանց վերականգնումն ընկած ժամանակահատվածի համար տրվում է դրամական փոխհատուցում նրան չվճարված աշխատավարձի չափով, բայց ոչ ավելի, քան 3 ամսվա համար:
Այն ծառայողներին, ովքեր ազատման պահից մինչև վերականգնվելն աշխատել են այլ կազմակերպություններում կամ զբաղվել են ձեռնարկատիրական գործունեությամբ՝ հատուցումը վճարվում է նրանց՝ զբաղեցրած ոստիկանության վերջին պաշտոնի պաշտոնեական դրույքաչափի և ոստիկանությունում ծառայությունից ազատված ժամանակահատվածում ստացած ամսական եկամտի միջև եղած տարբերության չափով, բայց ոչ ավելի, քան 3 ամսվա համար:
(52-րդ հոդվածը փոփ. 26.12.2013 ՀՕ-77-Ն)
Գ Լ ՈՒ Խ 11
ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 53. |
Ծառայությունը Արցախի Հանրապետության ոստիկանության զորքերում |
(վերնագիրը փոփ. 13.12.2018 ՀՕ-76-Ն)
Ոստիկանությունում կարող է ստեղծվել զինվորական ստորաբաժանում՝ Արցախի Հանրապետության ոստիկանության զորքերը:
(1-ին նախ-ը հանվել է 23.12.21 ՀՕ-150-Ն) Ոստիկանության զորքերի հրամանատարն ի պաշտոնե ոստիկանության պետի տեղակալն է:
Ոստիկանության զորքերում ծառայությունն իրականացվում է Արցախի Հանրապետության ոստիկանության զորքերում, զինված ուժերում ծառայությունը կանոնակարգող օրենքներին (բացառությամբ ծառայության ընդունվելու կարգի) և այլ իրավական ակտերին համապատասխան:
(1-ին նախ-ը հանվել է 23.12.21 ՀՕ-150-Ն) Սպայական, ենթասպայական և շարքային կազմի պաշտոնները և կոչումները սահմանվում են զինված ուժերում ծառայությունը կանոնակարգող օրենսդրությամբ:
(53-րդ հոդվածը փոփ. 13.12.2018 ՀՕ-76-Ն, 22.01.21 ՀՕ-5-Ն, 23.12.21 ՀՕ-150-Ն)
Հոդված 54. |
Ոստիկանության ծառայողների ուսուցումը |
Արցախի Հանրապետության ոստիկանության ծառայողների ուսուցումը, վերապատրաստումն իրականացվում են Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերի հիման վրա գործող օրենսդրությանը համաձայն:
(54-րդ հոդվածը փոփ. 13.12.2018 ՀՕ-76-Ն, 25.03.21 ՀՕ-33-Ն, 30.06.21 ՀՕ-91-Ն)
Հոդված 55. |
Ոստիկանության բժշկական հաստատությունը |
1. Ոստիկանության բժշկական հաստատությունում ծառայությունն իրականացվում է Արցախի Հանրապետության զինված ուժերում ծառայությունը կանոնակարգող օրենքներին (բացառությամբ ծառայության ընդունվելու կարգի) և այլ իրավական ակտերին համապատասխան:
2. Ոստիկանության բժշկական հաստատության գործունեության և ֆինանսավորման կարգը, ինչպես նաև այդ հաստատության բժշկական ծառայություններից օգտվող մարմինների (ծառայողների) ցանկը սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը:
3. Ոստիկանության բժշկական հաստատությունում պաշտոններում նշանակումները կատարում և կոչումները շնորհում է պետական կառավարման մարմնի ղեկավարը:
(55-րդ հոդվածը լրաց. 19.10.2005 ՀՕ-231, խմբ. 29.12.2008 ՀՕ-4-Ն, փոփ. 13.12.2018 ՀՕ-76-Ն)
Հոդված 56. |
Ոստիկանության բժշկական հանձնաժողովը |
Պետական կառավարման մարմնի ղեկավարը ձևավորում է ոստիկանության բժշկական հանձնաժողով, որի ձևավորման ու գործունեության կարգը և պայմանները, ինչպես նաև նրա լիազորությունները սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը:
(56-րդ հոդվածը փոփ. 13.12.2018 ՀՕ-76-Ն)
Հոդված 57. |
Ոստիկանությունում տեխնիկական սպասարկում իրականացնող քաղաքացիները |
Ոստիկանությունում տեխնիկական սպասարկում իրականացնող անձինք ոստիկանությունում ծառայողներ չեն համարվում և աշխատանքի են ընդունվում պետական կառավարման մարմնի և ոստիկանության ինքնուրույն ստորաբաժանումների ղեկավարների կողմից՝ Արցախի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով:
(57-րդ հոդվածը փոփ. 13.12.2018 ՀՕ-76-Ն)
Հոդված 58. |
Ոստիկանության գործունեությանն օժանդակող անձանց խրախուսումը |
Ոստիկանության գործունեությանն օժանդակող անձինք կարող են խրախուսվել Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, կարող են ներկայացվել նաև պետական պարգևների:
(58-րդ հոդվածը փոփ. 13.12.2018 ՀՕ-76-Ն)
Հոդված 59. |
Ոստիկանության վետերանները |
Ոստիկանության վետերաններ են համարվում ոստիկանության այն ծառայողները, ովքեր սահմանված կարգով ստացել են երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք:
Գ Լ ՈՒ Խ 12
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 60. |
Օրենքի ուժի մեջ մտնելը |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2004 թվականի հունվարի 1-ից:
2. Մինչև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներքին գործերի նախարարությունում կառուցվածքային փոփոխությունները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներքին գործերի նախարարը համարվում է պետական կառավարման մարմնի ղեկավար, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներքին գործերի նախարարի տեղակալները՝ պետական կառավարման մարմնի ղեկավարի տեղակալներ:
3. Սույն օրենքի 53-րդ հոդվածի դրույթները ուժի մեջ են մտնում Արցախի Հանրապետության ոստիկանության համակարգում զինվորական ստորաբաժանում (Արցախի Հանրապետության ոստիկանության զորքեր) ստեղծելուց հետո:
(60-րդ հոդվածը փոփ. 13.12.2018 ՀՕ-76-Ն)
Հոդված 61. |
Սույն օրենքից բխող իրավական ակտեր ընդունելը |
1. Ոստիկանության ծառայողների ֆինանսական ապահովման և դրամական բավարարման մասին օրենքը ենթակա է ընդունման սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում:
2. Սույն օրենքից բխող իրավական ակտերը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունն ընդունում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում: Մինչև համապատասխան իրավական ակտերի ընդունումը գործող իրավական ակտերը գործում են այնքանով, որքանով չեն հակասում սույն օրենքին:
Հոդված 62. |
Ոստիկանության ծառայողների առաջին ատեստավորումը |
1. Ոստիկանության ծառայողների առաջին ատեստավորումն անցկացվում է սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամիս հետո, և ավարտվում է 2007 թվականի հուլիսի 1-ին, ընդ որում, յուրաքանչյուր տարի ատեստավորվում է ոստիկանության ծառայողների 1/3-ը:
2. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելն առանց բարձրագույն կրթության ոստիկանության միջին, ավագ և գլխավոր խմբերում պաշտոն զբաղեցնող ծառայողները շարունակում են զբաղեցնել իրենց պաշտոններն ատեստավորման դրական արդյունքների դեպքում: Այդ ծառայողների ատեստավորումն իրականացվում է առաջին հերթին:
Առանց բարձրագույն կրթության ոստիկանության միջին և ավագ խմբերում պաշտոններ զբաղեցնող ծառայողներն ատեստավորման դրական արդյունքների դեպքում կարող են սույն օրենքով սահմանված կարգով նշանակվել ավելի բարձր պաշտոնների:
Առանց բարձրագույն կրթության ոստիկանության գլխավոր խմբում պաշտոններ զբաղեցնող ծառայողներն ատեստավորման դրական արդյունքների դեպքում կարող են սույն օրենքով սահմանված կարգով նշանակվել ավելի բարձր պաշտոնի՝ ոստիկանության ուսումնական հաստատությունում երկամյա ուսուցում անցնելուց հետո, որի կարգն ու պայմանները սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
3. Մինչև 2010 թվականն միջին խմբում սույն օրենքով սահմանված կարգով պաշտոնի կարող են նշանակվել նաև միջնակարգ մասնագիտական կրթություն ունեցող անձինք: Նշված քաղաքացիններին պաշտոնի նշանակելիս շնորհվում է կրտսեր լեյտենանտի կոչում, իսկ նրանց առաջխաղացումը կատարվում է սույն հոդվածի երկրորդ մասի երկրորդ պարբերությամբ սահմանված կարգով:
(62-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 19.10.2005 ՀՕ-231)
Հոդված 63. |
Նախկինում կիրառված կարգապահական տույժերը հաշվի առնելը |
Սույն օրենքի 45-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ և 46-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետերի հիմքով ծառայողին ոստիկանությունում ծառայությունից կամ պաշտոնից ազատելիս հաշվի են առնվում մինչ այդ նրա նկատմամբ կիրառված կարգապահական տույժերը:
Հոդված 64. |
Նախկինում շնորհված կոչումները |
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներքին գործերի նախարարության համակարգի ծառայողներին նախկինում շնորհված հատուկ կոչումները համապատասխանեցվում են սույն օրենքով սահմանված կոչումներին:
Սույն օրենքով սահմանված կարգով կոչումներ շնորհելիս նախկինում շնորհված կոչումով ծառայության ժամկետը հաշվի է առնվում:
2. Ոստիկանության շարքայիններին, սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո, շնորհվում է ոստիկանության կրտսեր սերժանտի կոչում:
3. (մասն ուժը կորցրել է 29.12.2008 ՀՕ-4-Ն)
(64-րդ հոդվածը փոփ. 29.12.2008 ՀՕ-4-Ն)
Հոդված 65. |
Օրենքի խախտման համար պատասխանատվությունը |
Սույն օրենքը խախտող անձինք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:
(65-րդ հոդվածը փոփ. 29.12.2008 ՀՕ-4-Ն)
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ |
27 դեկտեմբերի 2003թ.
ք. Ստեփանակերտ
ՀՕ-77 |
|