ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
«ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ,
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 12.10.2017 N 47-Ն, խմբ. 22.08.22 N 935-Ն)
Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասը և 9-րդ հոդվածի 1-ին մասը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը փոփ. 22.08.22 N 935-Ն)
1. Ստեղծել «Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ:
(1-ին կետը փոփ. 12.10.2017 N 47-Ն)
2. Հաստատել`
ա/ Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության կանոնադրությունը` համաձայն թիվ 1 հավելվածի.
բ/ Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի կառուցվածքը` համաձայն թիվ 2 հավելվածի.
(2-րդ կետը փոփ. 12.10.2017 N 47-Ն)
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարին` աշխատակազմն ձևավորվելուց հետո երկամսյա ժամկետում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմի և չափի վերաբերյալ:
4. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2002թ. հունիսի 29-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության պետական վարչության կանոնադրությունը և կենտրոնական աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 161 որոշումը:
ԼՂՀ վարչապետ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |
|
Հավելված 1
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության «16» մարտի 2004թ.
թիվ 97 որոշման |
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Արցախի Հանրապետության արդարադատության նախարարությունը (այսուհետ` նախարարություն) գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է Արցախի Հանրապետության օրենքներով, իրավական այլ ակտերով իր իրավասությանը վերապահված բնագավառներում Արցախի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:
2. Նախարարությունը ստեղծվում, վերակազմակերպվում և լուծարվում է Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով:
3. Նախարարության լիազորությունները սահմանվում են Արցախի Հանրապետության օրենքներով, Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրերով և կարգադրություններով, Արցախի Հանրապետության կառավարության որոշումներով և Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
4. Նախարարությունն իր գործունեությունն իրականացնում է Արցախի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան և դրանցով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում:
5. Նախարարությունն ունի Արցախի Հանրապետության զինանշանի պատկերով ու իր անվանմամբ հայերեն կլոր կնիք և ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ, ինչպես նաև կարող է ունենալ Արցախի Հանրապետության զինանշանի պատկերով իր անվանմամբ հայերեն և այլ լեզվով կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:
6. Նախարարության համակարգում ընդգրկվում են նախարարի, նախարարի տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարի, օգնականների, ռեֆերենտների, նախարարության աշխատակազմի ղեկավարի, նրա տեղակալի պաշտոնները, նախարարության աշխատակազմի կառուցվածքային, առանձնացված և տարածքային ստորաբաժանումները, նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմինները, նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունները:
7. Նախարարության լրիվ անվանումն է՝
1) հայերեն՝ Արցախի Հանրապետության արդարադատության նախարարություն.
2) ռուսերեն՝ Министерство юстиции Республики Арцах.
3) անգլերեն՝ Ministry of Justice of the Republic of Artsakh:
8. Նախարարության գտնվելու վայրն է` Արցախի Հանրապետություն, քաղաք Ստեփանակերտ, Փետրվարի 20 փողոց N 1, կառավարության շենք:
2. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ
9. Նախարարության նպատակներն են` արդարադատության, այդ թվում՝ օրենսդրության կատարելագործման, նորմատիվ իրավական ակտերի նախագծերի պետական իրավական փորձաքննության, իրավական ակտերի պաշտոնական թարգմանության, հրատարակման և վերահրատարակման, նորմատիվ իրավական ակտերի պաշտոնական ինկորպորացիայի, նոտարական գործունեության, քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման, իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման, զանգվածային լրատվության միջոցների հաշվառման, հարկադիր կատարման, հարկադիր կատարումն ապահովող ծառայության գործունեության օրինականության նկատմամբ վերահսկողության, դատական փորձաքննությունների կատարման, արխիվային հավաքածուի պահպանության, համալրման, հաշվառման, օգտագործման կազմակերպման, սնանկության գործերով կառավարիչների որակավորման կազմակերպման ոլորտներում իր իրավասության շրջանակներում քաղաքականության մշակումը և իրականացումը:
10. Նախարարության խնդիրներն են`
1) Արցախի Հանրապետության օրենսդրության կատարելագործման ապահովումը.
2) նորմատիվ իրավական ակտերի նախագծերի պետական իրավական փորձաքննության ապահովումը.
3) իրավական ակտերի պաշտոնական թարգմանության, հրատարակման և վերահրատարակման ապահովումը.
4) նորմատիվ իրավական ակտերի պաշտոնական ինկորպորացիայի ապահովումը.
5) նոտարական գործունեության ապահովումը.
6) քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման գործառույթների իրականացման ապահովումը.
7) Արցախի Հանրապետության տարածքում ստեղծվող իրավաբանական անձանց՝ բացառությամբ «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասում նշվածների, պետական գրանցման և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների պետական հաշվառման, ինչպես նաև սահմանված կարգով զանգվածային լրատվության միջոցների հաշվառման գործառույթների ապահովումը.
8) հարկադիր կատարման ենթակա ակտերի հարկադիր կատարման ապահովումը.
9) դատական փորձաքննությունների կատարման ապահովումը.
10) Արցախի Հանրապետության արխիվային հավաքածուի պահպանության, համալրման, հաշվառման և օգտագործման ապահովումը.
11) սնանկության կառավարիչների որակավորման գործընթացի ապահովումը.
12) Արցախի Հանրապետության միջազգային կապերի իրավական ապահովման և միջպետական հարաբերություններում Արցախի Հանրապետության շահերի իրավական պաշտպանության աշխատանքներին մասնակցության ապահովումը.
13) մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանության իրավական հիմքերի զարգացումը.
14) դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու օրենքով նախատեսված լիազորության իրականացման ապահովումը.
15) համակարգի մասնագետների մասնագիտական որակավորման բարձրացման ապահովումը.
16) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ խնդիրների իրականացման ապահովումը:
3. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
11. Նախարարությունն իր նպատակների և խնդիրների իրագործման նպատակով իրականացնում է հետևյալ գործառույթները`
1) օրենսդրության բնագավառում`
ա. օրենքով սահմանված կարգով նորմատիվ իրավական ակտերի նախագծերի պետական իրավական փորձաքննության իրականացում,
բ. Արցախի Հանրապետության օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների ու իրավական ակտերի նախագծերի, նախարարության գործառույթներից բխող իրավական ակտերի նախագծերի, առաջարկությունների, եզրակացությունների, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումների և ուղեցույցների մշակում,
գ. օրենքով սահմանված կարգով իրավական ակտերի պաշտոնական թարգմանության իրականացում,
դ. նորմատիվ իրավական ակտերի պաշտոնական ինկորպորացիայի իրականացում՝ իրավական տեղեկատվական համակարգում (www.arlexis.am),
ե. նորմատիվ իրավական ակտերի պաշտոնական հրատարակման կազմակերպումը իրավական տեղեկատվական համակարգում (www.arlexis.am).
2) նոտարիատի բնագավառում`
ա. նոտարական կամ այլ գործողությունների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացում, նոտարական գործողությունների կատարման վերաբերյալ հրահանգների հաստատում,
բ. նոտարական գրասենյակին Արցախի Հանրապետության զինանշանի պատկերով կնիքի տրամադրում,
գ. նոտարների թեկնածուների որակավորման ստուգման կազմակերպում և իրականացում,
դ. նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման ստուգման կազմակերպում և որակավորման վկայականի տրամադրում.
3) քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման բնագավառում`
ա. քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման հրահանգների մշակում և հաստատում, քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործընթացի իրականացում, կազմակերպում և մեթոդական ղեկավարում, քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական էլեկտրոնային կառավարման համակարգի գործունեության կազմակերպում և իրականացում.
4) պետական ռեգիստրի գործունեության բնագավառում`
ա. Արցախի Հանրապետության տարածքում ստեղծվող իրավաբանական անձանց` բացառությամբ «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասում նշվածների, պետական գրանցման և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների պետական հաշվառման, ինչպես նաև սահմանված կարգով զանգվածային լրատվության միջոցների հաշվառման գործառույթների կատարման վերաբերյալ հրահանգների հաստատում,
բ. ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցումների ապահովման աշխատանքների իրականացում.
5) հարկադիր կատարման բնագավառում`
ա. հարկադիր կատարման ենթակա ակտերի հարկադիր կատարման իրականացում,
բ. հարկադիր կատարման քաղաքականության մշակում և մեթոդական ղեկավարում, հարկադիր կատարումն ապահովող ծառայության գործունեության օրինականության նկատմամբ վերահսկողություն.
6) դատական փորձաքննությունների կատարման բնագավառում`
ա. դատական փորձաքննությունների իրականացում.
7) արխիվային գործի բնագավառում`
ա. պետական քաղաքականության մշակում և իրականացում,
բ. արխիվային հավաքածուի կառավարում,
գ. արխիվային գործի և գործավարության կազմակերպման աշխատանքների համակարգում.
8) սնանկության գործերի բնագավառում`
ա. սնանկության գործերով կառավարիչների որակավորման կազմակերպում.
9) Արցախի Հանրապետության միջազգային կապերի իրավական ապահովման բնագավառում`
ա. Արցախի Հանրապետության և այլ պետությունների միջև կնքված իրավական օգնության մասին պայմանագրերի պահանջներին համապատասխան` դատական հանձնարարությունների կատարմանը մասնակցություն,
բ. օրենքով սահմանված կարգով միջազգային, միջպետական կամ միջկառավարական պայմանագրի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելը,
գ. օրենքով սահմանված կարգով` միջազգային պայմանագրի դրույթների և Արցախի Հանրապետության օրենսդրության միջև հակասության կամ դրա բացակայության մասին կարծիք ներկայացնելը.
10) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ խնդիրների իրականացման բնագավառում`
ա. քաղաքացիների (այդ թվում` օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց) և իրավաբանական անձանց գրավոր առաջարկությունների ու դիմումների` օրենքով սահմանված կարգով քննարկում, ինչպես նաև քաղաքացիների նամակներում հաղորդվող` նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմինների, ինչպես նաև նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության մեջ տեղ գտած թերությունների վերացման համար միջոցների ձեռնարկում,
բ. օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով համապատասխան վարչական վիճակագրական հաշվետվությունների (հարցաթերթեր, տեղեկանքներ և այլն) ներդրում և դրանց միջոցով հավաքագրված տվյալների ու տեղեկությունների հիման վրա վարչական վիճակագրական ռեգիստրի վարում,
գ. զորահավաքային և քաղաքացիական պաշտպանության նախապատրաստության ոլորտում հրամանների նախագծերի, պլանների ու ծրագրերի մշակում, հիմնական միջոցառումների իրականացում, նախարարության համակարգի աշխատողների պաշտպանության և զորահավաքային ռեսուրսների հաշվառում,
դ. օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում դատավորների, նոտարների, սնանկության կառավարիչների նկատմամբ կարգապահական վարույթի հարուցում և դրա իրականացում,
ե. Արցախի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ գործառույթների իրականացում:
4. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
12. Նախարարությունը կառավարում է նախարարը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Արցախի Հանրապետության Նախագահը: Նախարարը հաշվետու է Արցախի Հանրապետության Նախագահին: Նախարարն ունի տեղակալներ, որոնց պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Արցախի Հանրապետության կառավարությունը: Նախարարն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով, Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերով, սույն կանոնադրությամբ և իրավական այլ ակտերով:
13. Նախարարն իրականացնում է նախարարությանը վերապահված խնդիրներն ու գործառույթները և պատասխանատու է լիազորված բնագավառներում քաղաքականության մշակման ու իրականացման, տիրող իրավիճակի և հեռանկարային զարգացման ապահովման համար:
14. Նախարարը`
1) ղեկավարում, համակարգում և վերահսկում է նախարարության, նախարարության համակարգի մեջ մտնող պետական մարմինների և կազմակերպությունների ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.
2) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված գործունեության բնագավառների, նպատակների ու խնդիրների վերաբերյալ համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Արցախի Հանրապետության Նախագահին և Արցախի Հանրապետության կառավարություն.
3) լսում և Արցախի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության համակարգի մեջ մտնող պետական մարմինների և կազմակերպությունների գործունեության մասին տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, քննում է դրանց գործունեության ստուգման արդյունքները, հաստատում նախարարության մարմինների տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը և ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության վերստուգման արդյունքները.
4) իրականացնում է նախարարության աշխատակազմի կառավարումը` օրենքով և նախարարության կանոնադրությամբ իրեն վերապահված իրավասությունների սահմաններում.
5) Արցախի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` Արցախի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը, նախարարության համակարգի մեջ մտնող պետական մարմինների և կազմակերպությունների կանոնադրությունները և կառուցվածքները.
6) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում, նախարարության աշխատակազմի ղեկավարի, նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների, նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների` Արցախի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, հանձնարարագրերը, կարգադրությունները և ցուցումները.
7) Արցախի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան սահմանում է նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասության սահմանները.
8) վերահսկողություն է իրականացնում նախարարության կողմից պետական գույքի տնօրինման, տիրապետման և օգտագործման նկատմամբ.
9) Արցախի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` Արցախի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության համակարգի աշխատողների թիվը.
10) հաստատում է նախարարության հաստիքացուցակը և նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների գործառույթները.
11) կատարում է աշխատանքի բաշխում իր տեղակալների միջև.
12) հաստատում է ներքին կարգապահական կանոնները.
13) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է նախարարության համակարգի աշխատողներին, ինչպես նաև նրանց նկատմամբ կիրառում է խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.
14) կարող է կազմավորել աշխատանքային խմբեր, հանձնաժողովներ.
15) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում ընդունում է նորմատիվ, անհատական և ներքին իրավական ակտեր, տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Արցախի Հանրապետության կամ նախարարության անունից, ինչպես նաև տալիս է Արցախի Հանրապետության կամ նախարարության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
16) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում շնորհում է դասային աստիճաններ, դասային, հատուկ կոչումներ.
17) իր լիազորության սահմաններում հիմնում է պարգևներ.
18) նախարարությունում հայեցողական և քաղաքացիական պաշտոններ զբաղեցնող, ինչպես նաև արդարադատության համակարգի զարգացման գործում ավանդ ունեցող անձանց շնորհում է նախարարության հուշամեդալներ, կրծքանշաններ, ինչպես նաև հաստատում է դրանք շնորհելու կարգը և ձևերը.
19) տրամադրում է արձակուրդ նախարարության աշխատակազմի ղեկավարին` Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
20) իրականացնում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
15. Նախարարի բացակայության դեպքում նախարարի պարտականությունները կատարում է նախարարի առաջին տեղակալը, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ նախարարի հանձնարարությամբ նախարարի տեղակալներից մեկը:
16. Նախարարի տեղակալը`
1) համակարգում է նախարարության համակարգի աշխատանքները` նախարարությանը վերապահված քաղաքականության իրականացման` իրեն հանձնարարված բնագավառներում.
2) իր լիազորության սահմաններում համակարգում է նախարարության` իրեն հանձնարարված բնագավառներում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացումը` նախարարության համակարգի պետական մարմինների և նախարարության կառավարման ոլորտում գործող կազմակերպությունների միջոցով` տալով ցուցումներ և հանձնարարականներ.
3) նախարարության նպատակներին և խնդիրներին համապատասխան` իրեն հանձնարարված բնագավառներում նախարարության համակարգի մարմիններին տալիս է հանձնարարականներ և առաջադրանքներ, վերահսկողություն իրականացնում դրանց կատարման նկատմամբ.
4) նախարարի հանձնարարությամբ իրականացնում է նախարարի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումներ.
5) համակարգում է իրեն հանձնարարված բնագավառներում նախարարության համակարգի մարմինների կողմից իրականացվող աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունների և աշխատանքների ընթացքի օպերատիվ վերլուծությունը.
6) իր լիազորությունների սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.
7) իրեն հանձնարարված բնագավառներում համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները.
8) նախարարին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն իրեն հանձնարարված բնագավառներում տիրող իրավիճակի մասին.
9) ապահովում է իրեն հանձնարարված բնագավառներում նախարարի հրամանների, հանձնարարականների ու ցուցումների կատարման նկատմամբ վերահսկողությունը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին.
10) նախարարին և աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ նրանց իրավասություններին վերաբերող հարցերի վերաբերյալ.
11) նախարարի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ.
12) իրականացնում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
17. Նախարարը կարող է ունենալ խորհրդական (խորհրդականներ), օգնական (օգնականներ) և մամուլի քարտուղար:
18. Նախարարի խորհրդականը`
1) համաձայնեցնելով նախարարի հետ` կազմում է իր աշխատանքային ծրագրերը.
2) պարբերաբար նախարարին է ներկայացնում զեկույցներ, անհրաժեշտ վերլուծական նյութեր իրեն հանձնարարված բնագավառներում տիրող իրավիճակի, երևույթների և իրադարձությունների մասին և առաջարկություններ առկա հիմնահարցերի լուծման վերաբերյալ.
3) կազմակերպում է քաղաքացիների ընդունելություն.
4) նախարարի հանձնարարությամբ մասնակցում է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում` իրեն հանձնարարված բնագավառներին վերաբերող հարցերի քննարկմանը.
5) նախարարի որոշմամբ կարող է ղեկավարել նախարարի կողմից կազմավորած աշխատանքային խմբերի, հանձնաժողովների գործունեությունը կամ մասնակցել դրանց աշխատանքներին.
6) նախարարի հանձնարարությամբ հրավիրում է խորհրդակցություններ, կազմակերպում իրեն հանձնարարված հարցերի քննարկումներ.
7) կատարում է նախարարի կողմից տրված ցուցումները և հանձնարարականները:
19. Նախարարի օգնականը`
1) կազմակերպական, տեղեկատվական և տեխնիկական աջակցություն է ցուցաբերում նախարարին.
2) համաձայնեցնելով նախարարի հետ` կազմակերպում է նախարարի ընթացիկ և հեռանկարային աշխատանքների ծրագրերի նախապատրաստումը և դրանք ներկայացնում նախարարին.
3) կազմակերպում է նախարարի խորհրդակցությունների, հանդիպումների, այցերի և ուղևորությունների նախապատրաստումը.
4) համագործակցելով նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողների հետ` նախարարի համար նախապատրաստում է տեղեկատվական և վերլուծական նյութեր.
5) նախապատրաստում և նախարարին է ներկայացնում առաջարկություններ աշխատանքային ծրագրերի վերաբերյալ.
6) կատարում է նախարարի կողմից տրված այլ հանձնարարականներ:
20. Նախարարի մամուլի քարտուղարը`
1) նախարարի պաշտոնական տեսակետները ներկայացնում է Արցախի Հանրապետության և օտարերկրյա պետությունների տեղեկատվության միջոցներին.
2) անցկացնում է ասուլիսներ և ճեպազրույցներ.
3) իր գործունեության ծրագրման և իրականացման վերաբերյալ առաջարկություններ ու վերլուծություններ է ներկայացնում նախարարին և նախարարի հետ համաձայնեցնելուց հետո հետևում դրանց իրականացմանը.
4) կազմակերպում է նախարարի հարցազրույցները, ասուլիսները և հանդիպումները մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների ներկայացուցիչների հետ.
5) նախարարի հանձնարարությամբ հանդես է գալիս հայտարարություններով, պարզաբանումներով, հերքումներով.
6) կատարում է նախարարի կողմից տրված այլ հանձնարարականներ:
21. Նախարարության առջև դրված խնդիրներն ու գործառույթներն արդյունավետ իրականացնելու նպատակով նախարարին կից կարող է ստեղծվել կոլեգիա: Նախարարին կից կոլեգիան`
1) օժանդակում է նախարարության գործունեության ռազմավարական պլանավորման, քաղաքական որոշումների ընդունման, միջոցառումների ծրագրերի մշակման գործընթացներին.
2) նպաստում է ռազմավարական ծրագրերի իրականացմանը, գնահատմանը և այդ գործընթացներին քաղաքացիական հասարակության մասնակցությանը.
3) մշակում և Արցախի Հանրապետության կառավարություն է ներկայացնում նախարարության կառավարման արդյունավետության բարձրացման վերաբերյալ առաջարկություններ:
22. Նախարարի սահմանած գործառույթները և հանձնարարականները կատարելիս` նախարարի խորհրդականը (խորհրդականները), նախարարի օգնականը (օգնականները) և նախարարի մամուլի քարտուղարը համագործակցում են միմյանց, նախարարության աշխատակազմի ղեկավարի, նրա տեղակալի և նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների հետ:
5. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ
23. Նախարարության աշխատակազմի նպատակը և խնդիրը՝ օրենքներով, իրավական այլ ակտերով նախարարությանը վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացման, քաղաքացիական իրավահարաբերություններին նախարարության մասնակցության ապահովումն է:
24. Նախարարության աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որը Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, որպես պետական կառավարչական հիմնարկ, ենթակա է հաշվառման` իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից:
25. Նախարարության աշխատակազմը գործում է Քաղաքացիական օրենսգրքի, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» օրենքի, Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերի, իրավական այլ ակտերի հիման վրա:
26. Նախարարության աշխատակազմը, նախարարությանը վերապահված իրավասության սահմաններում, Արցախի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
27. Նախարարության աշխատակազմն ունի Արցախի Հանրապետության զինանշանի պատկերով և իր հայերեն անվանմամբ կլոր կնիք: Նախարարության աշխատակազմը կարող է ունենալ իր անվանմամբ ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:
28. Նախարարության աշխատակազմն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:
29. Նախարարության աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Նախարարության աշխատակազմի կատարած գործառնությունների և մատուցած ծառայությունների համար կարող է գանձվել միայն պետական տուրք` օրենքով սահմանված չափով և կարգով, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
30. Նախարարության աշխատակազմն իր ֆինանսական գործառնություններն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով: Նախարարության աշխատակազմի կարիքների համար, ինչպես նաև նախարարության լիազորությանը վերապահված բյուջետային ծրագրերի շրջանակներում գնումները կատարվում են «Գնումների մասին» օրենքով սահմանված կարգով:
31. Նախարարության աշխատակազմի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Արցախի Հանրապետությունը:
32. Նախարարության աշխատակազմի անվանումն է` «Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ:
33. Նախարարության աշխատակազմի գտնվելու վայրն է՝ Արցախի Հանրապետություն, քաղաք Ստեփանակերտ, Փետրվարի 20 փողոց N 1, կառավարության շենք:
6. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՒՅՔԸ
34. Նախարարության աշխատակազմի գույքն օրենքով սահմանված կարգով ձևավորվում է Արցախի Հանրապետության կառավարության կողմից, ինչպես նաև Արցախի Հանրապետության անունից աշխատակազմի կնքած գործարքներով ձեռքբերված և նախարարության աշխատակազմի տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից (ներառյալ գույքային իրավունքները), որը հաշվառվում է նրա հաշվեկշռում: Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ նախարարության աշխատակազմին կարող է վերապահվել նաև պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:
35. Արցախի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ հետ վերցնել նախարարության աշխատակազմին հանձնված գույքը:
36. Նախարարության աշխատակազմն իրավունք ունի օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված դեպքերում և կարգով, իր գործունեության նպատակներին և գույքի նշանակությանը համապատասխան, օգտագործել, տիրապետել և տնօրինել իրեն հանձնված գույքը:
7. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
37. Նախարարության աշխատակազմի կառուցվածքում ներառվում են նրա կառուցվածքային ստորաբաժանումները (վարչություններ, բաժիններ) և առանձնացված ստորաբաժանումները (ծառայություններ, գործակալություններ):
38. Նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է նախարարը:
39. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է Արցախի Հանրապետության կառավարությունը` նախարարի ներկայացմամբ:
40. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն օրենքով, իսկ առանձին դեպքերում` նաև Արցախի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ծառայություններ մատուցող, վերահսկողական գործառույթներ և պատասխանատվության միջոցներ կիրառող մարմին է:
41. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն իրականացնում է նաև նախարարության աշխատակազմի առանձին գործառույթներ կամ դրանց մի մասը և հանդես է գալիս Արցախի Հանրապետության անունից:
42. Արցախի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն իրավունք ունի Արցախի Հանրապետության անունից ձեռք բերել և իրականացնել գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
43. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն ունի Արցախի Հանրապետության զինանշանի պատկերով և նախարարության աշխատակազմի ու իր` հայերեն անվանումներով կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:
8. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
44. Նախարարության աշխատակազմի կառավարումն իրականացնում են Արցախի Հանրապետության կառավարությունն ու նախարարը` օրենքով և սույն կանոնադրությամբ իրենց վերապահված իրավասությունների սահմաններում: Նախարարության աշխատակազմը ղեկավարում է նախարարության աշխատակազմի ղեկավարը, որին օրենքով սահմանված կարգով պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Արցախի Հանրապետության կառավարությունը:
45. Արցախի Հանրապետության կառավարությունը`
1) պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում նախարարի տեղակալներին.
2) վերակազմակերպում և դադարեցնում է նախարարության աշխատակազմի գործունեությունը.
3) հաստատում է նախարարության աշխատակազմի կանոնադրությունը և դրանում կատարվող փոփոխությունները.
4) որոշում է նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը.
5) հաստատում է նախարարության աշխատակազմի կառուցվածքը.
6) իրականացնում է Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով իրեն վերապահված այլ լիազորություններ:
46. Նախարարության աշխատակազմի ղեկավարն օրենքով, իրավական այլ ակտերով, իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է նախարարության աշխատակազմի ընթացիկ գործունեությունը և կրում պատասխանատվություն օրենքների, Արցախի Հանրապետության կառավարության որոշումների և իրավական այլ ակտերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
47. Նախարարության աշխատակազմի ղեկավարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառված վնասի համար: Նախարարության աշխատակազմի ղեկավարի լիազորությունների դադարեցումը հիմք չէ պատճառված վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:
48. Նախարարության աշխատակազմի ղեկավարը պարտավոր է չկատարել Արցախի Հանրապետության կառավարության, նախարարի` Արցախի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամաններն ու հրահանգները և դրանց չկատարման համար չի կարող ենթարկվել պատասխանատվության:
49. Նախարարության աշխատակազմի ղեկավարի բացակայության կամ պաշտոնեական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում նրան փոխարինում է աշխատակազմի ղեկավարի տեղակալը, վերջինիս բացակայության կամ պաշտոնեական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներից մեկը՝ նախարարի հրամանով:
50. Նախարարության աշխատակազմի ղեկավարը`
1) առանց լիազորագրի` իր լիազորությունների սահմաններում հանդես է գալիս Արցախի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, կնքում է գործարքներ, դատարանում հանդես է գալիս որպես հայցվոր կամ պատասխանող, տալիս է լիազորագրեր` դատարանում գործը վարելու և դատավարական այլ գործողություններ իրականացնելու համար.
2) օրենքով, իրավական այլ ակտերով սահմանված կարգով տնօրինում է հիմնարկին ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.
3) իր իրավասության սահմաններում տալիս է Արցախի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
4) ապահովում է աշխատակազմում քաղաքացիական ծառայության մասին Արցախի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` անձնակազմի կառավարման հետ կապված գործառույթների իրականացումը.
5) օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում պաշտոնի (աշխատանքի) նշանակում և պաշտոնից (աշխատանքից) ազատում է նախարարության աշխատակազմի քաղաքացիական ծառայողներին և տեխնիկական սպասարկումն ապահովող աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի ու կարգապահական տույժի միջոցներ.
6) օրենքով, իրավական այլ ակտերով սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման համար ցուցումներ.
7) նախարարի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, այդ թվում` ապահովում է նախարարության աշխատակազմի հաշվապահական հաշվառումը վարելը, ֆինանսական հաշվետվություններ կազմելը և ներկայացնելը, նախարարի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը, տարեկան ֆինանսական հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, միջոցներ է ձեռնարկում ստուգումներով հայտնաբերված ֆինանսական խախտումների վերացման համար.
8) նախարարին է ներկայացնում առաջարկություններ՝ նախարարության աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ.
9) կազմակերպում է նախարարության բյուջեի նախագծի նախապատրաստական աշխատանքները և ապահովում բյուջետային միջոցների ծախսերի կատարումը.
10) կազմակերպում է նախարարությունում քննարկումների և խորհրդակցությունների անցկացումը.
11) վերահսկում է նախարարության աշխատակազմի կողմից սահմանված ժամկետներում աշխատանքների կատարման ընթացքը.
12) նախարարի ստորագրությանն է ներկայացնում նախարարի հրամանները.
13) ապահովում է համագործակցությունն Արցախի Հանրապետության պետական իշխանության այլ մարմինների աշխատակազմերի հետ.
14) կազմակերպում է նախարարությունում գործավարության և տեխնիկական սպասարկման աշխատանքները.
15) իրականացնում է օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ լիազորություններ:
9. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
51. Նախարարության աշխատակազմը, Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, վարում է հաշվապահական հաշվառում և համապատասխան մարմիններ է ներկայացնում ֆինանսական, հարկային, պարտադիր վճարների և վիճակագրական հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր:
52. Նախարարության աշխատակազմի գլխավոր հաշվապահը պատասխանատու է հաշվապահական հաշվառումը վարելու, նախարարության աշխատակազմի ֆինանսական, բյուջետային, հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների հաշվետվությունները ժամանակին կազմելու համար:
53. Նախարարության աշխատակազմի գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերստուգման)` Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
10. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
54. Նախարարության աշխատակազմի վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով:
(Հավելված 1-ը լրաց., խմբ., փոփ. 20.12.2005 N 563, խմբ. 23.12.2008 N 929, 22.12.2011 N 986-Ն, լրաց. 01.04.2014 N 181-Ն, լրաց., խմբ. 21.09.2017 N 675-Ն, խմբ. 12.10.2017 N 47-Ն, փոփ., խմբ., լրաց. 11.12.19 N 1019-Ն, խմբ. 22.08.22 N 935-Ն)
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
|
Հավելված 2
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
«16» մարտի 2004թ. թիվ 97 որոշման |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
I. Կառուցվածքային ստորաբաժանումներ
1. Վարչություն
Օրենսդրական հարցերի վարչություն
2. Բաժիններ
Ֆինանսատնտեսական բաժին
Ընդհանուր բաժին
II. Առանձնացված ստորաբաժանումներ
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Քաղաքացիական կացության ակտերի գրանցման և նոտարիատի գործակալություն
Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն
(Հավելված 2-ը խմբ. 20.12.2005 N 563, 23.12.2008 N 929, 22.12.2011 N 986-Ն, 01.04.2014 N 181-Ն, 12.10.2017 N 47-Ն, փոփ., լրաց., խմբ. 11.12.19. N 1019-Ն, խմբ. 31.05.21 N 554-Ն, փոփ. 22.08.22 N 935-Ն)
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |