ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2006 թվականի
դեկտեմբերի 6-ին
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. |
Օրենքի կարգավորման առարկան |
Սույն օրենքը սահմանում է հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող մարմնի ստեղծման և գործունեության կարգը:
Հոդված 2. |
Հանրային ծառայությունների և տնտեսական մրցակցության կարգավորվող ոլորտը |
Սույն օրենքի իմաստով հանրային ծառայությունների և տնտեսական մրցակցության կարգավորվող ոլորտը (այսուհետ՝ հանրային ծառայությունների և տնտեսական մրցակցության ոլորտ) իր մեջ ներառում է՝
ա) էներգետիկայի բնագավառը, որը ներառում է էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգերը.
բ) ջրային համակարգը, որը ներառում է խմելու, ոռոգման, արդյունաբերական ջրի մատակարարումը, ջրահեռացումը և կեղտաջրերի մաքրումը.
գ) հեռահաղորդակցության (էլեկտրոնային հաղորդակցության), այդ թվում՝ հեռուստատեսության և ռադիոյի բնագավառը.
դ) տնտեսական մրցակցության պաշտպանության բնագավառը.
ե) փոստային կապի բնագավառը.
զ) տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման բնագավառը` սակագների սահմանման և վերանայման մասով:
(2-րդ հոդվածը լրաց. 05.09.2007 ՀՕ-74, լրաց. 14.05.2008 ՀՕ-30)
Հոդված 3. |
Հանրային ծառայությունների և տնտեսական մրցակցության ոլորտի կարգավորման մասին օրենսդրությունը |
1. Հանրային ծառայությունների և տնտեսական մրցակցության ոլորտում ծագող հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով և Ջրային օրենսգրքով, «Էներգետիկայի մասին», «Էլեկտրոնային հաղորդակցության մասին», «Հեռուստատեսության և ռադիոյի մասին», «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին», «Փոստային կապի մասին», «Տեխնիկական արատորոշման միջոցներով տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման ծառայությունների մատուցման սակագների սահմանման և վերանայման մասին», «Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների մասին» օրենքներով (այսուհետ՝ ճյուղային օրենքներ), այլ օրենքներով:
2. Եթե Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:
(3-րդ հոդվածը լրաց. 05.09.2007 ՀՕ-74, լրաց. 14.05.2008 ՀՕ-30, փոփ. 30.06.22 ՀՕ-46-Ն)
Գ Լ ՈՒ Խ 2
ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ
ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
Հանրային ծառայությունների և տնտեսական մրցակցության ոլորտում կարգավորումը պետական քաղաքականության մի մասն է, որի նպատակն է կարգավորող մարմնի կողմից օրենքներով սահմանված իր իրավունքների և պարտականությունների իրականացմամբ հավասարակշռել սպառողների ու հանրային ծառայությունների և տնտեսական մրցակցության ոլորտում կարգավորվող գործունեություն իրականացնող անձանց (այսուհետ՝ կարգավորվող անձինք) շահերը, կարգավորվող անձանց համար ստեղծել գործունեության միատեսակ պայմաններ, նպաստել մրցակցային շուկաների ձևավորմանն ու զարգացմանը և խթանել ռեսուրսների արդյունավետ օգտագործումը:
Հոդված 5. |
Կարգավորման հիմնական սկզբունքները |
Կարգավորման հիմնական սկզբունքներն են՝
ա) կարգավորման իրականացումն ինքնուրույն պետական մարմնի կողմից՝ օրենքներով լիազորված իրավասությունների շրջանակում.
բ) կարգավորող մարմնի որոշումների ընդունման կոլեգիալությունը և անկախությունը.
գ) կարգավորման թափանցիկության ապահովումը հանրության համար.
դ) սպառողների կամ որևէ կարգավորվող անձի նկատմամբ խտրականության բացառումը.
ե) սպառողների և կարգավորվող անձանց շահերի հավասարակշռումը՝ սպառողներին որակյալ ծառայությունների մատուցում երաշխավորելու համար անհրաժեշտ իրավատնտեսական նախադրյալների ձևավորման և ծառայությունների հիմնավորված սակագների սահմանման միջոցով, միաժամանակ ապահովելով ներդրողներին՝ ռիսկերին համարժեք, ողջամիտ հասույթ ստանալու հնարավորություն.
զ) մրցակցային շուկաների զարգացմանը համընթաց կարգավորման շրջանակների սահմանափակումը, ինչպես նաև հանրային ծառայությունների ոլորտում ոչ մրցակցային շուկաների առաջացման դեպքում՝ կարգավորման ներդրումը.
է) հանրային ծառայությունների ոլորտում շուկաներ մուտքի խոչընդոտների կրճատումը և կարգավորվող անձանց կողմից մատուցվող ծառայությունների (վաճառվող ապրանքների) հասանելիության կանոնների պահպանման ապահովումը.
ը) հասցեական կարգավորումը.
թ) հանձնաժողովի կողմից սահմանվող սակագների համապատասխանությունը մատուցվող ծառայությունների (վաճառվող ապրանքների) սպասարկման որակին:
(5-րդ հոդվածը խմբ. 13.12.2018 ՀՕ-74-Ն)
Գ Լ ՈՒ Խ 3
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆԸ
Հոդված 6. |
Կարգավորող մարմինը |
1. Հանրային ծառայությունների և տնտեսական մրցակցության ոլորտում կարգավորումն իրականացնում է Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը (այսուհետ՝ նաև Հանձնաժողով), որը գործում է սույն օրենքով, ճյուղային օրենքներով և այլ օրենքներով իրեն վերապահված լիազորությունների հիման վրա և ինքնուրույն է իր իրավասությունների շրջանակում:
2. Հանձնաժողովի գտնվելու վայրը Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքն է: Հանձնաժողովն ունի Արցախի Հանրապետության զինանշանով և «Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողով» բառերով կնիք, դրոշմակնիք, ձևաթուղթ և անհատականացման այլ միջոցներ:
3. Հանձնաժողովն իր իրավասության սահմաններում կարող է Արցախի Հանրապետության անունից ձեռք բերել և իրականացնել գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կարող է կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող, ինչպես նաև իր գործունեության նպատակներին և ամրացված գույքի նշանակությանը համապատասխան՝ տիրապետել, օգտագործել և տնօրինել այդ գույքը:
(6-րդ հոդվածը խմբ. 13.12.2018 ՀՕ-74-Ն)
Հոդված 7. |
Հանձնաժողովի կազմը և լիազորությունների իրականացման ժամկետը |
1. Հանձնաժողովը կազմված է հինգ անդամից՝ նախագահ, նախագահի տեղակալ և երեք անդամ:
2. Հանձնաժողովի նախագահին նշանակում է Արցախի Հանրապետության նախագահը, իսկ մյուս անդամներին Արցախի Հանրապետության նախագահը՝ Հանձնաժողովի նախագահի ներկայացմամբ՝ հինգ տարի պաշտոնավարման ժամկետով, բացառությամբ առաջին կազմի և սույն հոդվածի 6-րդ կետով սահմանված դեպքերի: Հանձնաժողովի առաջին կազմի անդամների պաշտոնավարման ժամկետ է սահմանվում՝
Հանձնաժողովի նախագահը՝ հինգ տարի,
Հանձնաժողովի նախագահի տեղակալը՝ չորս տարի,
մեկ անդամը՝ երեք տարի,
մեկ անդամը՝ երկու տարի,
մեկ անդամը՝ մեկ տարի ժամկետով:
Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ՝ լիազորությունների ամբողջ ժամկետով, ինչպես նաև պաշտոնավարման ժամկետը լրանալու կամ լիազորությունները վաղաժամկետ դադարելու պահից 5 տարվա ընթացքում, նշանակվել հանձնաժողովի անդամ:
3. Հանձնաժողովի անդամ կարող են նշանակվել բարձրագույն կրթություն, կառավարման ոլորտում աշխատանքային փորձ ունեցող Արցախի Հանրապետության քաղաքացիները, որոնք իրենց մասնագիտական կարողություններով ի վիճակի են ապահովել օրենքներով և իրավական այլ ակտերով սահմանված պարտականությունների կատարումը: Հանձնաժողովի անդամներից առնվազն մեկը պետք է ունենա իրավաբանական, մեկը՝ տնտեսագիտական և մեկը՝ լրագրության, հեռուստատեսության և ռադիոյի, մշակույթի, արվեստի բնագավառների կրթություն:
Հանձնաժողովի անդամի պաշտոնավարման առավելագույն տարիքը 65 տարին է:
4. Հանձնաժողովի անդամ չեն կարող նշանակվել՝
ա) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձինք.
բ) օրենքով սահմանված կարգով որոշակի պաշտոն վարելու իրավունքից զրկված անձինք.
գ) (ենթակետն ուժը կորցրել է 13.12.2018 ՀՕ-74-Ն)
դ) Արցախի Հանրապետության կառավարության սահմանած ցանկով նախատեսված դատավորի նշանակմանը խոչընդոտող հիվանդություն ունեցող անձինք:
5. Արցախի Հանրապետության նախագահը վաղաժամկետ դադարեցնում է Հանձնաժողովի անդամի լիազորությունները՝
ա) սույն հոդվածի 4-րդ կետում նշված դեպքերում.
բ) Արցախի Հանրապետության քաղաքացիության կորստի դեպքում.
գ) եթե վերջինս դատապարտվել է դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով՝ դիտավորյալ հանցագործության, ինչպես նաև այն անզգույշ հանցագործության համար, որի համար Քրեական օրենսգրքով նախատեսված է ազատազրկում.
դ) եթե վերջինս թերացել է իր պաշտոնեական պարտականությունները կատարելիս, որի կապակցությամբ առկա է Հանձնաժողովի համապատասխան որոշումը.
ե) եթե վերջինս մեկ տարվա ընթացքում ավելի քան երկու անգամ անհարգելի պատճառով բացակայել է հանձնաժողովի նիստերից, հիվանդության կամ այլ պատճառով 6 ամսից ավել չի կատարել իր պաշտոնեական պարտականությունները.
զ) եթե վերջինս խախտել է սույն օրենքի 9-րդ հոդվածի պահանջները.
է) պաշտոնավարման առավելագույն տարիքը լրանալու դեպքում:
6. Հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում Արցախի Հանրապետության Նախագահը՝ սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով տասն օրվա ընթացքում նշանակում է Հանձնաժողովի նոր անդամ՝ սահմանված ժամկետի մնացած ժամանակահատվածի համար: Նման դեպքում, եթե մնացած պաշտոնավարման ժամանակը պակաս է մեկ տարուց, ապա Հանձնաժողովի նոր անդամի պաշտոնավարման ժամկետը սահմանվում է հինգ տարի՝ գումարած մնացած ժամանակահատվածը:
7. Հանձնաժողովի անդամը կարող է զբաղեցրած պաշտոնից հրաժարական տալ՝ դիմելով Արցախի Հանրապետության Նախագահին: Արցախի Հանրապետության Նախագահը Հանձնաժողովի անդամի հրաժարականն ընդունում է մեկ ամսվա ընթացքում:
(7-րդ հոդվածը փոփ., լրաց. 05.09.2007 ՀՕ-74, խմբ., փոփ., լրաց. 13.12.2018 ՀՕ-74-Ն, խմբ., փոփ. 30.06.22 ՀՕ-46-Ն)
Հոդված 8. |
Հանձնաժողովի աշխատակազմը |
1. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է աշխատակազմի միջոցով, որի կանոնադրությունը, կառուցվածքը, հաստիքացուցակը և աշխատակիցների ծառայողական պարտականությունների շրջանակը հաստատում է Հանձնաժողովը:
Հանձնաժողովի աշխատակազմի աշխատակիցների թիվը հաստատում է Հանձնաժողովը՝ համաձայնեցնելով պետական ֆինանսների կառավարման բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի հետ:
2. Հանձնաժողովի աշխատակազմը գործում է Արցախի Հանրապետության օրենսդրությանը, սույն օրենքին, իր կանոնադրությանը, Հանձնաժողովի որոշումներին և Հանձնաժողովի նախագահի հրամաններին համապատասխան և ապահովում է Հանձնաժողովի լիազորությունների իրականացումը:
3. Սույն օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված իրավասությունները, բացառությամբ հայցվոր և պատասխանող հանդես գալու իրավունքից, Հանձնաժողովի կողմից Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են պատվիրակվել աշխատակազմին:
4. Աշխատակազմի կառուցվածքը, կառուցվածքային ստորաբաժանումների գործառույթները, աշխատակիցների թիվը և աշխատակազմի գործունեության կազմակերպմանն առնչվող ներքին կանոնակարգային այլ հարցեր կարգավորվում են Հանձնաժողովի որոշումներով:
(8-րդ հոդվածը խմբ. 13.12.2018 ՀՕ-74-Ն)
Հոդված 9. |
Հանձնաժողովի անդամների և աշխատակազմի աշխատակիցների իրավունքների սահմանափակումը |
1. Հանձնաժողովի անդամը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, լինել ներկայացուցչական որևէ մարմնի անդամ, զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում, որևէ պաշտոն` առևտրային կազմակերպություններում կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից՝ պայմանով, որ այդ աշխատանքները չեն ֆինանսավորվում կարգավորվող անձանց կողմից:
Հանձնաժողովի անդամն իր լիազորությունների իրականացման ժամանակահատվածում չի կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Հանձնաժողովի անդամն իր հրապարակային ելույթներում պետք է ցուցաբերի քաղաքական զսպվածություն:
2. Հանձնաժողովի անդամները և աշխատակազմի աշխատակիցներն իրենց պաշտոնավարման ընթացքում չեն կարող ունենալ կարգավորվող անձանց բաժնեմաս, արժեթղթեր կամ դրանցում կատարել այլ ներդրումներ:
Հանձնաժողովի անդամներն ու աշխատակազմի աշխատակիցները իրավունք չունեն ուղղակիորեն կամ անուղղակիորեն նվերներ կամ նյութական այլ օգուտներ ստանալ ապրանքային շուկայի մասնակիցներից:
3. Հանձնաժողովի աշխատակազմի աշխատակիցներն իրենց պաշտոնավարման ընթացքում չեն կարող կարգավորվող անձանց համար կատարել վճարովի աշխատանք:
(9-րդ հոդվածը լրաց. 23.12.2010 ՀՕ-78-Ն, խմբ. 13.12.2018 ՀՕ-74-Ն)
Հոդված 10. |
Հանձնաժողովի նախագահը |
1. Հանձնաժողովի նախագահը՝
ա) համակարգում և ապահովում է Հանձնաժողովի բնականոն գործունեությունը, աշխատանքը և իրականացնում աշխատակազմի ընդհանուր ղեկավարումը.
բ) ձևավորում է նիստերի օրակարգը, հրավիրում և նախագահում Հանձնաժողովի նիստերը, ստորագրում է Հանձնաժողովի որոշումներն ու նիստերի արձանագրությունները.
գ) իր լիազորությունների շրջանակում ընդունում է հրամաններ, ներառյալ՝ ստուգում, ուսումնասիրություն (այդ թվում՝ հսկիչ գնում) կամ դիտանցում իրականացնելու վերաբերյալ, Հանձնաժողովի անունից ստորագրում է պաշտոնական փաստաթղթեր, տալիս լիազորագրեր և կնքում պայմանագրեր, վերահսկում է Հանձնաժողովի ընդունած որոշումների կատարումը.
դ) իր իրավասությունների շրջանակում ներկայացնում է Հանձնաժողովը Արցախի Հանրապետությունում, այլ պետություններում, միջազգային կազմակերպություններում, առանց լիազորագրի հանդես է գալիս Հանձնաժողովի անունից.
ե) Հանձնաժողովի անդամների միջև կատարում է աշխատանքի բաշխում.
զ) իր իրավասությունների սահմաններում աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում Հանձնաժողովի աշխատակազմի աշխատակիցներին, ընդունում է հրամաններ նրանց խրախուսման կամ կարգապահական տույժի ենթարկելու մասին.
է) խորհրդակցական ձայնի իրավունքով կարող է մասնակցել կառավարության նիստերին և քննարկվող հարցերի վերաբերյալ հայտնել կարծիք, որը ներառվում է նիստի արձանագրության մեջ.
ը) իրականացնում է օրենքով վերապահված այլ լիազորություններ:
2. Հանձնաժողովի նախագահի բացակայության կամ պաշտոնեական պարտականությունները կատարելու անհնարինության դեպքում նրան փոխարինում է Հանձնաժողովի նախագահի տեղակալը, իսկ վերջինիս բացակայության կամ պաշտոնեական պարտականությունները կատարելու անհնարինության դեպքում` Հանձնաժողովի անդամներից տարիքով առավել ավագը:
(10-րդ հոդվածը լրաց., խմբ. 13.12.2018 ՀՕ-74-Ն)
Հոդված 11. |
Հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգումը |
1. Հանձնաժողովն իր գործունեությունը կազմակերպում է նիստերի և աշխատանքային քննարկումների միջոցով: Հանձնաժողովն օրենքով իրեն վերապահված իրավասությունների շրջանակում ընդունում է որոշումներ, որոնք իրենց բնույթով կարող են լինել նորմատիվ, անհատական կամ ներքին (լոկալ) իրավական ակտեր:
2. Հանձնաժողովն իր որոշումներն ընդունում է նիստերի միջոցով: Հանձնաժողովի նիստերը դռնբաց են, բացառությամբ այն դեպքերի, երբ քննարկվում են պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող կամ Հանձնաժողովի ներքին կանոնակարգային հարցեր, ինչպես նաև, երբ դա կարող է վնաս հասցնել շահագրգիռ անձանց շահերին:
Հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկված առանձին հարցեր կարող են նշվել որպես քննարկման ոչ ենթակա հարցեր, եթե դրանք ունեն տեխնիկական կամ ներքին կանոնակարգային բնույթ: Եթե քննարկման ոչ ենթակա հարցի մասին հայտարարելուց հետո այդ հարցի վերաբերյալ ներկայացվում է առարկություն կամ առաջարկություն, ապա այն պետք է քննարկվի և ընդունվի սույն օրենքով սահմանված ընդհանուր կարգով:
3. Հանձնաժողովի նիստերը գումարվում են Հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ` ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ:
Հանձնաժողովի արտահերթ նիստերը հրավիրում է Հանձնաժողովի նախագահը` իր նախաձեռնությամբ կամ Հանձնաժողովի առնվազն երեք անդամի պահանջով:
4. Հանձնաժողովն իր սահմանած կարգի համաձայն հայտարարում է նիստերի անցկացման տեղը և ժամանակը, հնարավորություն է ընձեռում շահագրգիռ անձանց և հասարակության ներկայացուցիչներին մասնակցել նիստերին, ստանալ օրակարգը և քննարկվող նյութերը, ներկայացնել տեղեկություններ և հանդես գալ ելույթներով:
5. Եթե Հանձնաժողովի նիստում քննարկվում են սպառողների համար սահմանվող սակագները, սակագների հաշվարկման մեթոդիկաները, բնագավառների (համակարգերի) կառուցվածքին, սպառողների սպասարկման որակին և պայմաններին վերաբերող հարցեր, ապա Հանձնաժողովն այդ մասին ողջամիտ ժամկետներում իրազեկում է Արցախի Հանրապետության կառավարությանը և սպառողների շահերը պաշտպանող կազմակերպություններին` հնարավորություն ընձեռելով նրանց ներկայացուցիչներին մասնակցել նիստերին, հանդես գալ ելույթներով և առաջարկություններով:
Նիստում պատասխանատվության միջոցների կիրառման հարցի քննարկման դեպքում Հանձնաժողովը նիստից առնվազն հինգ օր առաջ ծանուցում է շահագրգիռ անձանց քննարկման վայրի, օրվա և ժամի մասին՝ նշելով քննարկման ենթակա հարցի բնույթը:
Ծանուցված շահագրգիռ անձանց չներկայանալը չի խոչընդոտում քննարկման անցկացմանը և որոշումների ընդունմանը:
Շահագրգիռ անձինք իրավունք ունեն ներկայացնել ապացույցներ, տալ բացատրություններ և բերել փաստարկներ, առարկել նախատեսվող պատասխանատվության միջոցների կիրառման դեմ, ինչպես նաև ներկայացնել այլ միջնորդություններ:
Որոշման ընդունումից հետո՝ հինգ օրվա ընթացքում, դրա պատճենը տրամադրվում է այն անձին, որի վերաբերյալ դա կայացվել է, կամ ուղարկվում է նրան պատվիրված նամակով:
Հանձնաժողովն իր որոշման չկատարման դեպքում իրավասու է հայցով դիմել դատարան:
Հանձնաժողովի որոշման բողոքարկումը չի կասեցնում դրա գործողությունը (կատարումը):
6. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է Հանձնաժողովի առնվազն երեք անդամ, ներառյալ` նախագահը կամ նախագահի տեղակալը կամ սույն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով Հանձնաժողովի նախագահի պաշտոնեական պարտականությունները կատարող Հանձնաժողովի անդամը:
Հանձնաժողովի որոշումն ընդունվում է բաց քվեարկությամբ, բացի օրենքով նախատեսված դեպքերից, եթե դրան կողմ է քվեարկել Հանձնաժողովի առնվազն երեք անդամ:
Քվեարկությունից ձեռնպահ մնալը կամ ձայնի փոխանցումը մեկ այլ անդամի չի թույլատրվում:
Հանձնաժողովի որոշման վերաբերյալ Հանձնաժողովի անդամի հատուկ կարծիքը կցվում է նիստի արձանագրությանը:
Հանձնաժողովի նիստում քննարկվող որևէ հարցի վերաբերյալ անձնական շահագրգռվածություն ունեցող Հանձնաժողովի անդամը պարտավոր է քննարկումից առաջ տեղեկացնել մյուս անդամներին իր շահագրգռվածության փաստի և բնույթի մասին, ինչը պետք է արձանագրվի նիստի արձանագրության մեջ: Այդ տեղեկացումից հետո նշված անդամը՝
ա) պարտավոր է հրաժարվել տվյալ հարցի վերաբերյալ նիստին մասնակցելուց.
բ) չպետք է հաշվառվի այդ նիստի իրավազորության ապահովման նպատակով:
Անձը, որի հարցը քննվում է, կարող է բացարկ հայտնել Հանձնաժողովի անդամին, եթե վերջինս քննարկվող հարցի վերաբերյալ ունի անձնական շահագրգռվածություն:
Հանձնաժողովի նիստերն արձանագրվում են: Նիստերն արձանագրում է Հանձնաժողովի աշխատակազմի քարտուղարը: Արձանագրությունն ստորագրում են նիստը նախագահողն ու քարտուղարը:
7. Հանձնաժողովը վարում է իր իրավական ակտերի գրանցամատյանը: Հանձնաժողովի նորմատիվ բնույթի ակտերը հրապարակվում են նորմատիվ իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում:
8. Հանձնաժողովը պարտավոր է ապահովել իր իրավական ակտերի մատչելիությունը:
9. Հանձնաժողովը հաստատում է Հանձնաժողովի անդամների և աշխատակազմի, Հանձնաժողովի անդամների, աշխատակազմի և կարգավորվող անձանց, ինչպես նաև աշխատակազմի և սպառողների միջև վարվեցողության կանոնները:
10. Հանձնաժողովի ներկայացուցիչները, Հանձնաժողովի իրավասություններով և պարտականություններով պայմանավորված, ունեն ազատ մուտքի իրավունք կարգավորվող անձանց գործունեության տարածք:
11. Հանձնաժողովն իր աշխատանքներում իրավասու է հասարակական կամ վճարովի հիմունքներով ներգրավել մասնագետներ կամ անկախ փորձագետներ:
Փորձաքննության անցկացման կարգը սահմանում է Հանձնաժողովը:
12. Հանձնաժողովն ապահովում է իր և իր կողմից կարգավորվող գործունեության հրապարակայնությունը և թափանցիկությունը զանգվածային լրատվամիջոցների, ինտերնետային էջի և այլ միջոցներով:
13. Սույն օրենքի պահանջները խախտելու համար Հանձնաժողովի պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:
14. Հանձնաժողովն իրավասու է կիրառել օրենքներով նախատեսված պատասխանատվության միջոցներ, նշանակել օրենքներով նախատեսված չափով տուգանք:
15. Իր վերահսկողական գործառույթներն իրականացնելու նպատակով Հանձնաժողովն ուսումնասիրություններ և ստուգումներ է իրականացնում «Արցախի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքով սահմանված կարգով:
(11-րդ հոդվածը խմբ. 23.12.2010 ՀՕ-78-Ն, խմբ. 13.12.2018 ՀՕ-74-Ն, փոփ. 30.06.22 ՀՕ-46-Ն)
Հոդված 12. |
Հանձնաժողովի իրավական ակտերի բողոքարկումը |
1. Հանձնաժողովի իրավական ակտերը կարող են բողոքարկվել դատական կարգով:
2. Հանձնաժողովի սահմանած սակագնի մեծությունը դատական կարգով կարող է բողոքարկվել սակագնի մեծությունը սահմանող հանձնաժողովի իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից` 7-օրյա ժամկետում:
Դատական կարգով բողոքարկումը չի կասեցնում սակագնի մեծությունը սահմանող հանձնաժողովի իրավական ակտի գործողությունը:
3. Սակագնի մեծությունը դատական կարգով բողոքարկվելու դեպքում դատարանը ստուգում է դրա համապատասխանությունն օրենքներին:
Օրենքների խախտման փաստի առկայության դեպքում դատարանն ընդունում է հանձնաժողովի կողմից սակագնի սահմանման մասին նոր որոշում ընդունելու առաջարկության վերաբերյալ վճիռ` մատնանշելով հանձնաժողովի իրավական ակտի օրենքների պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությունը` իրավակարգավորման այնպիսի միջոցների միաժամանակյա գործադրմամբ, որոնք հանձնաժողովին հնարավորություն կտան ողջամիտ ժամկետում ընդունելու սակագնի սահմանման մասին նոր որոշում:
Հանձնաժողովը քննարկում է դատարանի վճիռը և ընդունում համապատասխան որոշում:
4. Հանձնաժողովի սահմանած սակագների մեծությունները դատական կարգով փոփոխման ենթակա չեն:
(12-րդ հոդվածը խմբ. 05.09.2007 ՀՕ-74)
Հոդված 13. |
Տեղեկության ստացումը և պետական մարմինների հետ համագործակցությունը |
1. Հանձնաժողովն պետական մարմիններից, կազմակերպություններից, պաշտոնատար անձանցից պահանջում և ստանում է իր լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվություն:
2. Հանձնաժողովն իր իրավասությունների շրջանակում մասնակցում է Արցախի Հանրապետության կառավարության տնտեսական և ֆինանսական ծրագրերի մշակմանը, դրանց վերաբերյալ տալիս առաջարկություններ:
(13-րդ հոդվածը փոփ. 30.06.22 ՀՕ-46-Ն)
Հոդված 14. |
Տարեկան ծրագիրը և հաշվետվությունը |
Հանձնաժողովը`
1) յուրաքանչյուր տարի` մինչև դեկտեմբերի 1-ը, Արցախի Հանրապետության Ազգային ժողովում հրապարակում է հաջորդ տարվա իր գործունեության ծրագիրը, որն ամփոփ տեղեկություններ է պարունակում`
ա) կարգավորվող ոլորտի իրավիճակի և առկա հիմնախնդիրների մասին,
բ) սույն օրենքով և ճյուղային օրենքներով սահմանված խնդիրների և գործառույթների իրականացման համար անհրաժեշտ այլ դրույթների մասին.
2) յուրաքանչյուր տարի` մինչև մայիսի 1-ը, մամուլում հրապարակում է նախորդ տարվա իր գործունեության հաշվետվությունը, որը ներառում է`
ա) համառոտ տեղեկատվություն Հանձնաժողովի գործունեության մասին,
բ) կարգավորվող ոլորտի կարգավորման և վերահսկման ուղղությամբ իրականացված միջոցառումները,
գ) իր գործունեության ֆինանսական հաշվետվությունը:
Հանձնաժողովի գործունեության տարեկան ծրագիրը և նախորդ տարվա գործունեության հաշվետվությունը հաստատվում են Հանձնաժողովի որոշմամբ:
(14-րդ հոդվածը լրաց. 13.12.2018 ՀՕ-74-Ն, փոփ. 30.06.22 ՀՕ-46-Ն)
Հոդված 15. |
Հանձնաժողովի անդամների եկամուտների հայտարարագրումը |
Հանձնաժողովի անդամներն իրենց եկամուտների հայտարարագրերը ներկայացնում են օրենքով սահմանված կարգով:
Հոդված 16. |
Հանձնաժողովի գործունեության դադարումը |
Հանձնաժողովը կարող է լուծարվել սույն օրենքն ուժը կորցրած ճանաչվելու դեպքում:
Հանձնաժողովի գործունեության դադարումից հետո նրա գույքը, գործունեությանը վերաբերող փաստաթղթերը և այլ նյութերը տնօրինվում են Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
(16-րդ հոդվածը փոփ. 30.06.22 ՀՕ-46-Ն)
Գ Լ ՈՒ Խ 4
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 17. |
Կարգավորման պարտադիր վճարները |
1. Հանրային ծառայությունների ոլորտում կարգավորվող անձինք օրենքով սահմանված կարգով և չափով Արցախի Հանրապետության պետական բյուջե են մուծում կարգավորման պարտադիր վճարներ:
2. Կարգավորման պարտադիր վճարները ներառվում են հանրային ծառայությունների ոլորտում կարգավորվող անձանց սակագներում կամ ծառայությունների մատուցման վճարներում:
(17-րդ հոդվածը փոփ. 30.06.22 ՀՕ-46-Ն)
Հոդված 18. |
Հանձնաժողովի ֆինանսավորումը |
1. Հանձնաժողովն ունի ինքնուրույն հաշվեկշիռ: Հանձնաժողովի պահպանման և գործունեության համար անհրաժեշտ ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է Արցախի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից:
Հանձնաժողովը յուրաքանչյուր տարի օրենսդրությամբ սահմանված կարգով և «Արցախի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքով սահմանված ժամկետում Հանձնաժողովի և աշխատակազմի առաջիկա տարվա բյուջետային ֆինանսավորման հայտը (նախահաշիվը) ներկայացնում է Արցախի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմին: Այն ընդգրկվում է Արցախի Հանրապետության պետական բյուջեի նախագծում և առանձին տողով ամփոփ ներկայացվում է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հաստատմանը:
2. Արցախի Հանրապետության պետական բյուջեից Հանձնաժողովին հատկացվող պահպանման ծախսերի տարեկան մեծությունը ձևավորվում է սույն օրենքի 19.1-ին հոդվածի համաձայն ձևավորված՝ Հանձնաժողովի աշխատավարձի տարեկան ֆոնդը բազմապատկելով 1.35 գործակցով: Հանձնաժողովին հատկացվող պահպանման ծախսերի տարեկան մեծության և սույն օրենքի 19.1-ին հոդվածի համաձայն ձևավորված՝ Հանձնաժողովի աշխատավարձի տարեկան ֆոնդի տարբերությունն ուղղվում է Հանձնաժողովի պահպանման և կարողությունների զարգացման, հանձնաժողովի անդամների և աշխատողների նյութական խրախուսման և զարգացման, Հանձնաժողովի անդամների և աշխատողների սոցիալական ծրագրերի իրականացման և այլ ֆոնդերին, որոնց չափերը (մեծությունը) սահմանում է Հանձնաժողովը: Ընդ որում, նյութական խրախուսման և զարգացման ֆոնդի, ինչպես նաև այլ աղբյուրներից յուրաքանչյուրից պարգևատրմանն ուղղվող միջոցները չեն կարող գերազանցել տվյալ մարմնի աշխատավարձի ֆոնդի 30 տոկոսը: Հանձնաժողովի ծախսերի նախահաշիվը պետք է ապահովի սույն օրենքով սահմանված խնդիրների և գործառույթների պատշաճ իրականացման հնարավորությունը:
3. Սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված՝ Հանձնաժողովի անդամների և աշխատակիցների նյութական խրախուսման և զարգացման, Հանձնաժողովի անդամների և աշխատակիցների սոցիալական ծրագրերի իրականացման և Արցախի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված՝ Հանձնաժողովի այլ ֆոնդերի ծախսման կարգը սահմանում է Հանձնաժողովը:
4. Սույն հոդվածի 2-րդ կետի պահանջներին համապատասխան հաշվարկված Հանձնաժողովի տարեկան բյուջեի մեկ տոկոսի չափով հաշվարկված գումարը, որը ներառվում է Հանձնաժողովի պահպանման ծախսերում, ուղղվում է հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտում սպառողների շահերը պաշտպանող, Արցախի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան գրանցված հասարակական կազմակերպություններին՝ կարողությունների զարգացման և նրանց անդամների մասնագիտական գիտելիքների կատարելագործման նպատակով: Յուրաքանչյուր տարի հաշվարկված գումարը հասարակական կազմակերպություններին տրամադրվում է Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված պետական լիազոր մարմնի կողմից: Սույն մասում նշված հասարակական կազմակերպությունների ընտրության, գումարի տրամադրման կարգն ու պայմանները սահմանվում են Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ:
5. Հանձնաժողովին հատկացվող պահպանման ծախսերի տարեկան մեծությունը ձևավորվում է նաև օրենքով չարգելված այլ աղբյուրներից:
(18-րդ հոդվածը խմբ., լրաց. 23.12.2010 ՀՕ-78-Ն, փոփ. 27.12.2011 ՀՕ-100-Ն, խմբ., փոփ. 26.12.2013 ՀՕ-98-Ն, խմբ. 13.12.2018 ՀՕ-74-Ն, փոփ. 30.06.22 ՀՕ-46-Ն)
Հոդված 19. |
Հանձնաժողովի բյուջեի հաստատումը |
Հանձնաժողովի բյուջեն յուրաքանչյուր տարի հաստատվում է տվյալ տարվա Արցախի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքով:
(2-րդ պարբերությունն ուժը կորցրել է 26.12.2013 ՀՕ-98-Ն)
(19-րդ հոդվածը լրաց. 23.12.2010 ՀՕ-78-Ն, փոփ. 26.12.2013 ՀՕ-98-Ն, 30.06.22 ՀՕ-46-Ն)
Հոդված 19.1. |
Հանձնաժողովի անդամների և աշխատողների վարձատրությունը |
Հանձնաժողովի անդամների և աշխատողների վարձատրության, այդ թվում՝ հիմնական և լրացուցիչ աշխատավարձերի հաշվարկների և չափերի, աշխատավարձի բնականոն աճի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով:
(19.1-ին հոդվածը լրաց. 26.12.2013 ՀՕ-98-Ն, փոփ. 30.06.22 ՀՕ-46-Ն)
Հոդված 20. |
Հանձնաժողովի ֆինանսական հաշվետվությունը և ֆինանսական գործունեության աուդիտը |
Հանձնաժողովը յուրաքանչյուր տարի ֆինանսական հաշվետվություն է ներկայացնում Արցախի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմին, որն այդ հաշվետվության հավաստիության ճշտման նպատակով կարող է անցկացնել Հանձնաժողովի ֆինանսական գործունեության աուդիտ: Հանձնաժողովը պարտավոր է աջակցել աուդիտի անցկացմանը:
(20-րդ հոդվածը փոփ. 30.06.22 ՀՕ-46-Ն)
Գ Լ ՈՒ Խ 5
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 21. |
Անցումային դրույթներ |
Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից մեկ տարվա ընթացքում Հանձնաժողովը պարտավոր է մինչև այն ուժի մեջ մտնելն ընդունված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նորմատիվ իրավական ակտերը օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխանեցնել սույն օրենքի պահանջներին:
Մինչև Հանձնաժողովի և նրա աշխատակազմի ստեղծումը սույն օրենքով սահմանված լիազորություններն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարարությունը:
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
Սույն օրենքի 17-րդ հոդվածը ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ |
20 հունվարի 2007թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-4 |
|