ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2005 թվականի
մարտի 23-ին
ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ
Գ Լ Ո Ւ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. |
Օրենքի կարգավորման առարկան |
(վերնագիրը խմբ. 30.05.2019 ՀՕ-26-Ն)
1. Սույն օրենքը սահմանում է Արցախի Հանրապետությունում պետական նոտարների (այսուհետ` նոտարներ) գործունեության իրավական հիմքերը, նոտարական գործողությունների իրականացման կարգը և նոտարներին առաջադրվող հիմնական պահանջները, նոտարների նշանակման, ազատման կարգը և հիմքերը, նոտարի իրավական պաշտպանությունը, ինչպես նաև նոտարական գործողությունները բողոքարկելու և նոտարական գործողությամբ անձանց պատճառված վնասի հատուցման հետ կապված հարաբերությունները:
(1-ին հոդվածը խմբ. 30.05.2019 ՀՕ-26-Ն)
Հոդված 2. |
Նոտարի գործունեության իրավական հիմքերը |
1. Նոտարն իր գործունեությունն իրականացնում է Արցախի Հանրապետության Սահմանադրության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ Քաղաքացիական օրենսգիրք), սույն օրենքի, այլ օրենքների, Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերի (այսուհետ՝ միջազգային պայմանագրեր) և իրավական այլ ակտերի հիման վրա:
2. Եթե միջազգային պայմանագրերով սահմանված է սույն օրենքից տարբեր նոտարական գործողություններ կատարելու կարգ, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:
(2-րդ հոդվածը խմբ. 30.05.2019 ՀՕ-26-Ն)
Գ Լ Ո Ւ Խ 2
ՆՈՏԱՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
Հոդված 3. |
Պետական նոտարական գրասենյակները |
1.Նոտարն իր գործունեությունն իրականացնում է պետական նոտարական գրասենյակում (այսուհետ՝ նոտարական գրասենյակ):
Նոտարական գրասենյակները գործում են Արցախի Հանրապետության տարածքում՝ Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության (այսուհետ՝ արդարադատության նախարարություն) համակարգում:
Նոտարական գրասենյակներին առաջադրվող նվազագույն պահանջները և գտնվելու վայրերը սահմանում է Արցախի Հանրապետության արդարադատության նախարարը (այսուհետ՝ արդարադատության նախարար)՝ քաղաքացիների հարմարավետության, հերթերի կառավարման, անվտանգության ապահովման և ժամանակի արդյունավետության սկզբունքների հիման վրա:
Մեկ նոտարական գրասենյակում կարող են աշխատել մեկ կամ մի քանի նոտարներ:
Նոտարական գործողություններ կատարելու համար նոտարին կարող է դիմել ցանկացած անձ, անկախ նրա բնակության կամ գտնվելու վայրից, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:
2. Եթե շահագրգիռ անձի՝ տեղաշարժի հնարավորությունը սահմանափակող հիվանդության կամ անօգնական վիճակի պատճառով նոտարական գրասենյակում նոտարական գործողությունների կատարումն անհնարին է դառնում, ապա շահագրգիռ անձի դիմումի հիման վրա նոտարը պարտավոր է դիմումը ներկայացնելու օրը կամ դրան հաջորդող աշխատանքային օրը նոտարական գործողություններ կատարել նոտարական գրասենյակից դուրս։
Նոտարական գործողությունները կարող են կատարվել նոտարական գրասենյակից դուրս նաև սույն օրենքի 50-րդ, 52-րդ, 71-րդ, 73-րդ հոդվածներով սահմանված դեպքերում:
Այս դեպքերում նոտարը պարտավոր է վավերացման մակագրության մեջ և գրանցամատյանում նշել նոտարական գործողության կատարման վայրը (հասցեն):
3. Նոտարական գրասենյակների քանակը և հաստիքացուցակը սահմանում է արդարադատության նախարարը:
Նոտարական գրասենյակների ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեի միջոցների հաշվին:
(3-րդ հոդվածը լրաց., խմբ., փոփ. 30.05.2019 ՀՕ-26-Ն, խմբ., փոփ. 29.09.2021 ՀՕ-105-Ն)
Հոդված 4. |
Նոտարը և նոտարական գործունեությունը |
1. Նոտարը հանրային ծառայություններ իրականացնող պաշտոնատար անձ է, որը Արցախի Հանրապետության անունից, Արցախի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան, իրականացնում է սույն օրենքով նախատեսված նոտարական գործողություններ և այլ գործունեություն:
Նոտարական գործունեության առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքով և այլ իրավական ակտերով:
2. Նոտարը նոտարական գործունեությունն իրականացնում է փաստաթղթեր վավերացնելու, վավերացված փաստաթղթեր տրամադրելու կամ օրենքով նախատեսված նոտարական այլ գործողություններ կատարելու միջոցով:
Նոտարը, վավերացնելով փաստաթուղթը, հաստատում է դրա օրինականությունը և հավաստում փաստաթղթի լիարժեք ապացուցողական ուժը:
3. Նոտարական ակտն ունի օրենքով նախատեսված հանրային հեղինակություն և լիարժեք ապացուցողական ուժ:
4. Նոտարական գործողությունն իրականացվում է անաչառորեն՝ բոլորի համար հավասար պայմաններով:
5. «Նոտար» բառը կամ դրա ածանցյալներն իրենց կամ իրենց գրասենյակների անվանման մեջ կարող են օգտագործել միայն սույն օրենքով սահմանված կարգով նշանակված նոտարները:
(4-րդ հոդվածը խմբ., փոփ. 30.05.2019 ՀՕ-26-Ն)
Հոդված 5. |
Նոտարի անկախությունը |
1. Նոտարը նոտարական գործողություն կատարելիս կամ նոտարական այլ գործունեություն իրականացնելիս անկախ է և ենթարկվում է միայն օրենքին:
Նոտարի գործունեությանը միջամտելը, այդ թվում՝ նոտարական գործողություններ կատարելուն հարկադրելը կամ ներգործելը արգելվում է և առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:
2. Նոտարի գործունեությունը կարող է դադարեցվել միայն սույն օրենքով նախատեսված դեպքերում, կարգով և հիմքերով:
3. Նոտարը չի կարող առանց իր գրավոր համաձայնության փոխադրվել այլ նոտարական գրասենյակ: Նոտարն իր համաձայնությամբ կարող է տեղափոխվել այլ նոտարական գրասենյակ միայն նոտարի թափուր հաստիքի առկայության դեպքում:
(5-րդ հոդվածը խմբ. 30.05.2019 ՀՕ-26-Ն, փոփ. 29.09.2021 ՀՕ-105-Ն)
Հոդված 6. |
Նոտարական գաղտնիքը |
(վերնագիրը խմբ. 30.05.2019 ՀՕ-26-Ն)
1. Նոտարը պարտավոր է գաղտնի պահել իր կողմից նոտարական գործողություն կատարելու կամ այլ ծառայություն մատուցելու վերաբերյալ, ինչպես նաև վավերացված կամ հաստատված փաստաթղթերից բխող իրեն հայտնի դարձած տեղեկությունները (նոտարական գաղտնիք հանդիսացող տեղեկատվություն): Այդ պարտականությունը պահպանվում է նաև նոտարի` աշխատանքից ազատվելուց հետո:
2. Անձը, որի համաձայնությամբ կամ որի նկատմամբ կատարվել է նոտարական գործողությունը, ինչպես նաև նրա իրավահաջորդը կամ ներկայացուցիչն իրենց գրավոր համաձայնությամբ կարող են նոտարին ազատել նոտարական գործողությունների կատարման գաղտնիքը պահպանելու պարտականությունից:
Սույն կետով նշված անձանց մահից հետո, նրա իրավահաջորդի բացակայության կամ վերջինիս հետ առնչվելու անհնարինության դեպքում, նոտարը կարող է նոտարական գաղտնիքը պահպանելու պարտականությունից ազատվել դատարանի վճռով:
Այլ հարգելի պատճառների առկայությամբ ևս դատարանը կարող է նոտարին ազատել նոտարական գաղտնիքի պահպանման պարտականությունից:
3. Նոտարը նոտարական գործողությունների կատարման մասին տեղեկանքներ է տալիս միայն այն ֆիզիկական անձանց, ինչպես նաև իրավաբանական անձանց, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին (այսուհետ՝ կազմակերպություն), կամ նրանց ներկայացուցիչներին, որոնց դիմումով, համաձայնությամբ կամ որոնց նկատմամբ ինքը կատարել է նոտարական գործողություններ:
4. Դատախազի կամ դատարանի, կամ քննիչի, կամ հետաքննության մարմնի՝ օրենքի համաձայն տրված գրավոր պահանջով նոտարը նոտարական կամ իր կողմից իրականացվող այլ գործողությունների վերաբերյալ տեղեկանքներ, նոտարական գործից քաղվածքներ, պատճեններ կամ բնօրինակներ է տալիս միայն նախաքննության կամ դատաքննության մեջ գտնվող քրեական և քաղաքացիական գործերի առնչությամբ:
Դատավորին, դատախազին, քննիչին, հետաքննության մարմնին կամ փաստաբանին արգելվում է մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելն այլ անձանց, ներառյալ՝ զանգվածային լրատվության միջոցներին, տեղեկատվություն տալ նոտարական գործողությունների մասին, ինչպես նաև այդ տեղեկատվությունը հրապարակել իրենց ելույթներում:
Իրենց իրավասության սահմաններում նոտարական գործողություններին ծանոթանալու իրավունք ունեն նաև օրենքով սահմանված կարգով և պայմաններով նոտարական գործողությունների նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմինները կամ դրանց պաշտոնատար անձինք:
5. Նոտարը կարող է կտակի կամ դրա բովանդակության մասին սույն օրենքով սահմանված կարգով տեղեկություններ տրամադրել միայն կտակարարի մահից հետո:
Ժառանգության բացման վերաբերյալ ժառանգներին, պարտատերերին տեղեկություններ հայտնելը չի համարվում նոտարական գաղտնիք հանդիսացող տեղեկատվություն տրամադրելու՝ սույն օրենքով սահմանված կարգի խախտում:
5.1. Նոտարական գործի շրջանակում նոտարական գործողություններ իրականացնելու նպատակով նոտարին, ինչպես նաև օրենքով ուղղակիորեն նախատեսված դեպքերում օրենքում նշված անձին տեղեկություններ հայտնելը չի համարվում նոտարական գաղտնիք հանդիսացող տեղեկատվություն տրամադրելու՝ սույն օրենքով սահմանված կարգի խախտում:
6. Սույն հոդվածով նախատեսված նոտարական գաղտնիքը չհրապարակելու կանոնները տարածվում են նոտարական գործողություններին օրենքով սահմանված կարգով մասնակցած (վկա, թարգմանիչ և այլն), ինչպես նաև այն անձանց վրա, որոնց այդ տեղեկությունները հայտնի են դարձել իրենց աշխատանքային և ծառայողական պարտականությունների կատարման կապակցությամբ:
7. Նոտարներն օրենքով սահմանված կարգով պահպանում են պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունները և փաստաթղթերը:
8. Սույն հոդվածի 4-րդ կետի առաջին պարբերությամբ նախատեսված դեպքերում նոտարը նոտարական գործողությունների կատարման մասին տեղեկանքներ, քաղվածքներ, պատճեններ կամ բնօրինակ տալուց հետո՝ երեք օրվա ընթացքում, այդ մասին իրավունք ունի հայտնել տվյալ նոտարական գործողությանը մասնակցած անձանց, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
9. «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում և կարգով նոտարը պարտավոր է տեղեկություններ տրամադրել այդ օրենքով սահմանված լիազորված մարմնին:
(6-րդ հոդվածը լրաց. 17.12.2008 ՀՕ-65-Ն, խմբ., փոփ., լրաց. 30.05.2019 ՀՕ-26-Ն)
Հոդված 7. |
Նոտարական գրասենյակի կնիքը և դեպոզիտ հաշիվը |
1. Նոտարական գրասենյակին արդարադատության նախարարությունը տալիս է Արցախի Հանրապետության պետական զինանշանի պատկերով կնիք, որի վրա հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով նշված են «Արցախի Հանրապետություն» բառերը, նոտարի անունը, ազգանունը և նոտարական գրասենյակի անվանումը:
Նոտարական գրասենյակի կնիքը դրվում է նոտարի կողմից վավերացվող կամ հաստատվող կամ նոտարի կողմից տրվող բոլոր փաստաթղթերի կամ հաշվետվությունների, ինչպես նաև դրանց կրկնօրինակների վրա:
2. Նոտարական գրասենյակը կարող է ունենալ դեպոզիտ հաշիվ, որն օգտագործվում է սույն օրենքով սահմանված նոտարական գործողությունների իրականացման համար:
(7-րդ հոդվածը փոփ. 30.05.2019 ՀՕ-26-Ն, խմբ. 29.09.2021 ՀՕ-105-Ն)
Հոդված 8. |
Նոտարի իրավական պաշտպանությունը |
1. Նոտարին ձերբակալելիս, բերման ենթարկելիս, կալանավորելիս, խուզարկելիս, նրան դատական կարգով վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկելիս այդ մասին անհապաղ հայտնվում է արդարադատության նախարարին:
2. Նոտարի աշխատանքային վայրը կարող է խուզարկվել միայն դատարանի որոշմամբ` արդարադատության նախարարության ներկայացուցչի մասնակցությամբ:
3. Նոտարի մոտ պահվող նոտարական ակտերը կարող են առգրավվել միայն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:
Նոտարի գույքի, այդ թվում՝ դրամական միջոցների վրա բռնագանձում կարող է տարածվել միայն օրենքով նախատեսված դեպքերում` դատական կարգով:
Նոտարի մոտ պահվող նոտարական ակտերը կարող են ստուգման նպատակով վերցվել միայն արդարադատության նախարարի սահմանած կարգով:
4. Պետական իրավասու մարմինները պարտավոր են ձեռնարկել նոտարի` օրենքով սահմանված պաշտպանության անհրաժեշտ միջոցներ, եթե իր պարտականությունների կատարման հետ կապված` նրան կամ նրա ընտանիքի անդամներին սպառնացել են ֆիզիկական բռնությամբ, գույքի ոչնչացմամբ կամ այլ անօրինական գործողություններով:
5. Նոտարի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցել միայն Արցախի Հանրապետության գլխավոր դատախազը:
6. Նոտարն ազատվում է վարժական հավաքներից:
7. Նոտարն ունի հաշվեցուցակային զենք և (կամ) պաշտպանության հատուկ միջոցներ ունենալու և կրելու իրավունք:
(8-րդ հոդվածը փոփ. 30.05.2019 ՀՕ-26-Ն)
Հոդված 9. |
Նոտարների դասային աստիճանները |
1. Նոտարներին շնորհվում են արդարադատության նախարարության համակարգի աշխատակիցների համար նախատեսված դասային աստիճաններ:
2. Նոտարների դասային կոչումները շնորհվում են՝ ելնելով նրանց մասնագիտական որակավորման աստիճանից: Նոտարներին դասային կոչումներ շնորհում է արդարադատության նախարարը:
3. Նոտարներն իրենց դասային կոչումներին համապատասխան կարող են կրել համազգեստ, որի ձևը, հատկացնելու և կրելու կարգը սահմանում է արդարադատության նախարարը:
Հոդված 10. |
Նոտարներին և նոտարական գրասենյակի այլ աշխատողներին պաշտոնում նշանակելը |
1. Սույն օրենքով նախատեսված կարգով նոտարի պաշտոնում կարող է նշանակվել Արցախի Հանրապետության գործունակ 25 տարին լրացած յուրաքանչյուր քաղաքացի, որն ունի իրավաբան բակալավրի կամ իրավաբան դիպլոմավորված մասնագետի որակավորում, չունի դատվածություն և որակավորման քննական հանձնաժողովին հանձնել է նոտարի որակավորման քննությունները:
Արդարադատության նախարարը նոտարի պաշտոնում կարող է նշանակել նաև որակավորման քննություն չհանձնած այն անձին, որը արդարադատության նախարարության համակարգում իրականացրել է նոտարիատի բնագավառում մասնագիտական ոչ պակաս, քան երեք տարվա աշխատանքային գործունեություն:
2. Որակավորման քննական հանձնաժողովի կազմը հաստատում է արդարադատության նախարարը:
3. Նոտարի պաշտոնում նշանակումները կատարում է արդարադատության նախարարը` հաշվի առնելով որակավորման քննական հանձնաժողովի եզրակացությունը, որը պետք է լինի պատճառաբանված և հիմնավորված:
Պաշտոնում նշանակելուց հետո արդարադատության նախարարությունը նոտարին տալիս է ծառայողական վկայական:
4. Նոտարը կարող է ունենալ օգնական կամ այլ աշխատողներ, որոնց աշխատանքի է ընդունում և ազատում արդարադատության նախարարը` Արցախի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով:
Նոտարի օգնական չի կարող նշանակվել բարձրագույն իրավաբանական կրթություն չունեցող անձը, ինչպես նաև սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ, 7-րդ, 8-րդ և 10-րդ ենթակետերի համաձայն պաշտոնից ազատված նոտարը:
Նոտարի օգնականն իրականացնում է նոտարի կողմից սահմանված աշխատանքները, բացառությամբ նոտարական գործողությունների կատարման, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:
Նոտարի օգնականի և այլ աշխատողների իրավունքներն ու պարտականությունները որոշվում են Արցախի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ:
Նոտարի օգնականը պարտավոր է առնվազն երեք տարին մեկ անգամ համապատասխան հաստատությունում արդարադատության նախարարության կողմից կազմակերպած վերապատրաստում անցնել՝ արդարադատության նախարարի սահմանած կարգով և պայմաններով:
5. Նոտարը կարող է ունենալ ստաժոր, որի ստաժավորումն իրականացվում է արդարադատության նախարարի հրամանի հիման վրա:
Նոտարի՝ ստաժոր ներգրավելու և ստաժավորում անցնելու կարգը սահմանում է արդարադատության նախարարը:
Նոտարի ստաժոր կարող է լինել Արցախի Հանրապետության գործունակ յուրաքանչյուր քաղաքացի, որն ունի բարձրագույն իրավաբանական կրթություն և չունի դատվածություն:
Նոտարը միաժամանակ կարող է ունենալ ոչ ավելի, քան երկու ստաժոր:
Նոտարի ստաժորն իրավունք ունի իրականացնել հետևյալ գործողությունները.
1) քաղաքացիների ընդունելություն կամ նրանց կողմից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրում.
2) խորհրդատվություն կամ իրավաբանական այլ ծառայությունների մատուցում.
3) նոտարական գործավարության իրականացում.
4) գործարքների և իրավաբանական բովանդակություն ունեցող այլ փաստաթղթերի նախագծերի կազմում.
5) նոտարական պրակտիկայի ամփոփում.
6) աշխատանք արխիվի հետ.
7) նոտարի կողմից սահմանված այլ աշխատանքների իրականացում, բացառությամբ նոտարական գործողությունների կատարման:
(10-րդ հոդվածը խմբ., փոփ.. լրաց. 30.05.2019 ՀՕ-26-Ն)
Հոդված 11. |
Նոտարների թեկնածուների որակավորման ստուգման կարգը |
1. Նոտարների թեկնածուների որակավորման ստուգումն իրականացվում է արդարադատության նախարարի հաստատած որակավորման ստուգման կարգի համաձայն:
2. Որակավորման ստուգման կարգով սահմանվում են որակավորման ստուգման ժամկետները, ստուգմանը մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, դրանց ներկայացման ժամկետները և ստուգման համար ընտրված հարցերի կամ խնդիրների քանակը, գնահատման կարգը, ստուգման անցկացման ձևը, ստուգման անցկացման համար նախատեսված ժամանակը, իրավական կամ այլ փաստաթղթերից կամ տեխնիկական միջոցներից օգտվելու կարգը, որակավորման քննությունը հանձնելու համար անհրաժեշտ միավորների քանակը և ստուգման արդյունքների բողոքարկման կարգը, ինչպես նաև որակավորումը պատշաճ անցկացնելուն ուղղված այլ դրույթներ: Ստուգման համար հարցերը, որոնք ենթակա չեն հրապարակման, նախապատրաստում է արդարադատության նախարարությունը:
Որակավորման ստուգման բոլոր մասնակիցների համար պետք է սահմանվեն միևնույն պահանջները:
Եթե որակավորման ստուգումն իրականացվելու է տեխնիկական միջոցներով, ապա դիմողը նախօրոք պետք է ծանոթացվի տեխնիկական միջոցներից օգտվելու կարգին և պայմաններին:
3. Որակավորման քննություն հանձնած անձանց տրվում է որակավորման վկայական:
Որակավորման ստուգման դրական արդյունքները նոտարի պաշտոնում չնշանակված անձանց համար իրենց ուժը պահպանում են հինգ տարի:
4. Որակավորման կարգերի փոփոխման մասին իրավական ակտերն ուժի մեջ են մտնում դրանց պաշտոնական հրապարակումից երեք ամիս հետո, եթե այդ ակտով ավելի ուշ ժամկետ սահմանված չէ:
5. Որակավորման ստուգման անցկացման օրվա, ժամի և տեղի մասին դիմողին պատշաճ ձևով տեղեկացվում է ստուգումից առնվազն յոթ օր առաջ:
6. Որակավորման ստուգումն անցկացվում է հայերենով:
7. Որակավորման ստուգումն իրականացվում է դռնբաց: Ստուգումների ընթացակարգը կարող է տեսագրվել, նկարահանվել կամ ձայնագրվել:
8. Ստուգումների արդյունքների մասին որակավորվող անձը պատշաճ ձևով տեղեկացվում է, կամ դրանք նրան են ուղարկվում ոչ ուշ, քան ստուգումների ավարտի օրվան հաջորդող հինգ օրվա ընթացքում:
9. Որակավորման ստուգման արդյունքները կարող են բողոքարկվել դատական կարգով, դրանք ստացվելուց հետո՝ տասն օրվա ընթացքում:
Հոդված 12. |
Նոտարի պաշտոնավարելու սկիզբը |
1. Նոտարն իր պաշտոնեական պարտականությունների կատարմանն է անցնում նշանակումից հետո:
2. Նոտարը, մինչև պաշտոն ստանձնելը, արդարադատության նախարարին է ներկայացնում իր ստորագրության նմուշը:
Հոդված 13. |
Նոտարի գործունեության սահմանափակումները |
(վերնագիրը խմբ. 30.05.2019 ՀՕ-26-Ն)
Նոտարն իր գործունեությանը զուգահեռ չի կարող զբաղեցնել այլ հաստիքային պաշտոն կամ կատարել այլ վարձատրվող աշխատանք, բացի մանկավարժական, գիտական կամ ստեղծագործական գործունեությունից:
(13-րդ հոդվածը խմբ. 30.05.2019 ՀՕ-26-Ն)
Հոդված 14. |
Նոտարական գործողությունների վճարովիությունը |
1. Նոտարական գործողություններ կատարելու համար նոտարը գանձում է պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով:
2. Նոտարն իրավունք ունի ստանալ փոխհատուցում՝ նոտարական գործողությունների կատարման ընթացքում իր կողմից կատարված կամ կատարվելիք տրանսպորտային, փոստային, հեռահաղորդակցության, բանկային, վճարահաշվարկային, փաստաթղթերի պահպանման կամ ապացույցների ապահովման հետ կապված, ինչպես նաև օրենսդրությամբ նախատեսված այլ ծախսերի չափով:
3. Նոտարը կարող է մատուցել նաև վճարովի ծառայություններ (մասնավորապես՝ իրականացնել իրավական օգնություն կամ խորհրդատվություն, տալ պարզաբանումներ, կազմել գործարքների կամ իրավական այլ փաստաթղթերի նախագծեր, իրականացնել իրավական այլ ծառաություններ, ինչպես նաև նոտարական գործողությունների կատարումն ապահովող այլ գործառույթներ), որոնց իրականացման կարգն ու սակագները սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը:
(14-րդ հոդվածը փոփ. 30.05.2019 ՀՕ-26-Ն)
Հոդված 15. |
Նոտարին պաշտոնից ազատելը կամ նրա լիազորությունները դադարեցնելը |
1. Նոտարը պաշտոնից ազատվում է, եթե`
1) նա դիմում է այդ մասին.
2) լրացել է նրա 65 տարին (պաշտոնավարման տարիքը).
3) իր գրավոր համաձայնությամբ ընտրվել կամ նշանակվել է այլ պաշտոնում կամ անցել է նոտարի պաշտոնի հետ անհամատեղելի այլ աշխատանքի.
4) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով նա ավելի քան վեց ամիս անընդմեջ չի ներկայացել աշխատանքի.
5) ավելի քան հինգ օր անընդմեջ առանց հարգելի պատճառի չի ներկայացել աշխատանքի.
6) նշանակվել է նոտարի պաշտոնում` օրենքի պահանջների խախտմամբ.
7) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա նա ճանաչվել է անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ մահացած.
8) օրինական ուժի մեջ է մտել նրա նկատմամբ ազատությունից զրկող մեղադրական դատավճիռը, կամ նա օրենքով սահմանված կարգով ճանաչվել է պաշտոնական հանցագործություն կատարած անձ.
9) կորցրել է Արցախի Հանրապետության քաղաքացիությունը.
10) նրա նկատմամբ կիրառվել է սույն օրենքի 24-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով նախատեսված կարգապահական տույժը:
2. Նոտարը կարող է պաշտոնից ազատվել նաև, եթե`
1) նրա վավերացրած գործարքը վավերացման պահին եղել է առ ոչինչ.
2) (ենթակետն ուժը կորցրել է 30.05.2019 ՀՕ-26-Ն)
3) մեկ տարվա ընթացքում նա երեք անգամ վավերացրել է գործարքներ կամ հաստատել է փաստաթղթեր, որոնք վավերացման կամ հաստատման պահին հակասել են օրենքով սահմանված կանոններին.
4) նա մեկ տարվա ընթացքում օրենքի խախտման համար ենթարկվել է կրկնակի կարգապահական պատասխանատվության.
5) օրինական ուժի մեջ է մտել նրա նկատմամբ կայացված ազատությունից չզրկող մեղադրական դատավճիռը կամ օրենքով սահմանված կարգով նա ճանաչվել է դիտավորությամբ հանցագործություն կատարած անձ, եթե կատարված այդ հանցագործությունների հետևանքով խախտվել են նաև նոտարական էթիկայի կանոնների պահանջները:
Նոտարը պաշտոնից կարող է ազատվել նաև Արցախի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում:
3. Նոտարի կողմից վավերացված կամ հաստատված փաստաթուղթն անվավեր ճանաչելը, կամ այն դատական կարգով փոփոխելն ինքնին չի առաջացնում այդ փաստաթուղթը վավերացրած կամ հաստատած նոտարի պատասխանատվությունը, եթե դա չի փոփոխվել կամ անվավեր ճանաչվել նոտարական գործողություններ իրականացնելիս նոտարի կողմից թույլ տված օրենքի կամ իրավական այլ ակտի պահանջների խախտման պատճառով:
4. Նոտարի լիազորությունները դադարում են նրա մահվամբ:
5. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերով նոտարին պաշտոնից ազատում է արդարադատության նախարարը:
6. Սույն հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի համաձայն` նոտարը պաշտոնից ազատված է համարվում իր 65 տարին լրանալու հաջորդ օրվանից, իսկ սույն հոդվածի 1-ին կետի 4-րդ, 7-րդ և 8-րդ ենթակետերով նախատեսված դեպքերում` արդարադատության նախարարի հրամանում նշված օրվանից: Սույն հոդվածով նախատեսված այլ հիմքերով նոտարին պաշտոնից ազատելու դեպքում նոտարը պաշտոնից ազատված է համարվում ազատման մասին արդարադատության նախարարի հրամանը նրան հանձնելու օրվանը հաջորդող օրվանից:
7. Պաշտոնից ազատված նոտարը պարտավոր է ոչ ուշ, քան հնգօրյա ժամկետում իր մոտ պահպանված փաստաթղթերը և կնիքը հանձնել արդարադատության նախարարություն: Սույն հոդվածի 1-ին կետի 4-րդ, 7-րդ և 8-րդ ենթակետերով նախատեսված հիմքերով ազատված նոտարի կամ սույն հոդվածի 4-րդ կետով նախատեսված դեպքում լիազորությունները դադարեցրած նոտարի մոտ պահպանված փաստաթղթերն ու կնիքն ընդունում է արդարադատության նախարարի ստեղծած հանձնաժողովը:
8. Նոտարն իրավունք ունի դատական կարգով բողոքարկել իրեն պաշտոնից ազատելու մասին արդարադատության նախարարի հրամանը:
(15-րդ հոդվածը փոփ., լրաց., խմբ. 30.05.2019 ՀՕ-26-Ն)
Հոդված 16. |
Նոտարի փոխարինումը և գործուղումը |
(վերնագիրը խմբ. 30.05.2019 ՀՕ-26-Ն)
1. Նոտարական գրասենյակում նոտարի ժամանակավոր բացակայության, ինչպես նաև սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով սահմանված հիմքերով պաշտոնից ազատման կամ սույն օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված հիմքով լիազորությունների դադարման դեպքերում արդարադատության նախարարն այդ նոտարի լիազորությունների իրականացումը նոտարի ժամանակավոր բացակայության ժամանակահատվածում, իսկ պաշտոնից ազատման կամ լիազորությունների դադարման դեպքում՝ անժամկետ, կարող է դնել այլ նոտարական գրասենյակի նոտարի վրա: Այս դեպքում նոտարն իրավունք ունի իր գործունեությունն իրականացնել կամ իր նոտարական գրասենյակի, կամ փոխարինվող նոտարի նոտարական գրասենյակի միջոցով:
2. Նոտարական գրասենյակում նոտարի ժամանակավոր բացակայության, ինչպես նաև սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով սահմանված հիմքերով պաշտոնից ազատման կամ սույն օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված հիմքով լիազորությունների դադարման դեպքերում արդարադատության նախարարը սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներին համապատասխանող նոտարի օգնականին կարող է նշանակել նոտարի ժամանակավոր պաշտոնակատար: Այս դեպքում նոտարի օգնականը օժտվում է նոտարի լիազորություններով և կրում է սույն օրենքով նոտարի համար նախատեսված բոլոր պարտականությունները և պատասխանատվությունը:
3. Նոտարին փոխարինողը գործում է իր անունից:
4. Ժամանակավոր բացակայության դեպքում նոտարին փոխարինելու հիմքերն են՝
1) ամենամյա արձակուրդում գտնվելը.
2) հղիության և ծննդաբերության արձակուրդը.
3) մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդը.
4) ժամանակավոր անաշխատունակությունը.
5) երեխայի կամ ընտանիքի անդամների հիվանդությունը (խնամքի անհրաժեշտության դեպքում).
6) գործուղումները.
7) վերապատրաստումները.
8) երկու աշխատանքային օրից ավելի աշխատավայրից փաստացի բացակայության այլ դեպքեր:
5. Նոտարը կարող է գործուղվել այլ նոտարական գրասենյակ միայն իր համաձայնությամբ՝ արդարադատության նախարարի հրամանով:
Արցախի Հանրապետությունից տեղահանված անձանց համար նոտարական գործողություններ կատարելու կամ այլ ծառայություններ մատուցելու նպատակով նոտարը կարող է ժամանակավորապես գործուղվել Հայաստանի Հանրապետություն:
(16-րդ հոդվածը լրաց. 21.02.2013 ՀՕ-1-Ն, խմբ. 30.05.2019 ՀՕ-26-Ն, խմբ. փոփ., լրաց. 29.09.2021 ՀՕ-105-Ն)
Հոդված 17. |
Վերահսկողությունը նոտարի գործունեության նկատմամբ |
1. Նոտարական գործողությունների և նոտարի կողմից սույն օրենքով նախատեսված այլ ծառայությունների մատուցման, նոտարական էթիկայի կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է արդարադատության նախարարությունը` սույն օրենքով սահմանված դեպքերում և կարգով:
2. Արդարադատության նախարարության կողմից վերահսկողությունն իրականացվում է նոտարական գործողությունների և նոտարի մատուցած այլ ծառայությունների ծրագրային ուսումնասիրության միջոցով` տարեկան ծրագրի հիման վրա, որը հաստատում է արդարադատության նախարարը մինչև ուսումնասիրությանը նախորդող տարվա դեկտեմբերի 20-ը ներառյալ:
Ուսումնասիրության ենթակա ժամանակահատվածը և նոտարական գործողությունների կամ մատուցված այլ ծառայությունների տեսակները, ինչպես նաև ուսումնասիրություն կատարելու ժամկետը և վայրը սահմանվում են ուսումնասիրություն կատարելու մասին արդարադատության նախարարի հրամանով:
Ուսումնասիրությունն իրականացվում է նոտարական գրասենյակ այցելելու կամ առանց նոտարական գրասենյակ այցելելու՝ նոտարից նոտարական գործերը և այլ փաստաթղթեր պահանջելու միջոցով:
Ուսումնասիրության ընթացքում ուսումնասիրություն իրականացնողն իրավունք ունի գրավոր բացատրություններ և ուսումնասիրությանը վերաբերող նյութեր պահանջելու նոտարից, որոնք ենթակա են տրամադրման այդ մասին ծանուցումն ստանալու պահից մեկ շաբաթվա ընթացքում:
Ուսումնասիրություն կատարողն ուսումնասիրություն իրականացնելու մասին հրամանում նշված նպատակի շրջանակներից դուրս գալու իրավունք չունի։
Ուսումնասիրության ընթացքում նոր հանգամանքներ և անհրաժեշտություն առաջանալու դեպքում ուսումնասիրության նպատակներն ու շրջանակները կարող են փոփոխվել արդարադատության նախարարի հրամանով` ուսումնասիրություն իրականացնողի գրավոր հիմնավորմամբ։ Փոփոխման մասին գրավոր տեղեկացվում է նոտարը` նրան ներկայացնելով նոր հրամանի պատճենը։
3. Ուսումնասիրություն կատարելու մասին արդարադատության նախարարի հրամանի պատճենն ուսումնասիրությունն իրականացնելուց առնվազն երեք աշխատանքային օր առաջ ուղարկվում է արդարադատության նախարարի հրամանում նշված նոտարին:
Ուսումնասիրության արդյունքում արդարադատության նախարարի հրամանով սահմանված ուսումնասիրություն իրականացնողը կազմում է եզրակացություն:
Եզրակացության պատճենը տրամադրվում է նոտարին դիրքորոշում ներկայացնելու համար, որը կցվում է եզրակացությանը:
4. Ուսումնասիրության ենթարկված նոտարի մոտ հաջորդ ծրագրային ուսումնասիրությունը կարող է իրականացվել ոչ շուտ, քան դրան հաջորդող երկրորդ տարում:
5. Դատախազությունը, ոստիկանությունը, ազգային անվտանգության ծառայությունը, ինչպես նաև իրավապահ այլ մարմինները նոտարի նկատմամբ իրականացվող քրեադատավարական գործողությունների մասին մեկ աշխատանքային օրվա ընթացքում հայտնում են արդարադատության նախարարին:
Դատարանը իր վարույթում գտնվող կատարված կամ կատարվելիք՝ նոտարի գործողությունները վիճարկող գործերի մասին անմիջապես տեղեկություն է ուղարկում արդարադատության նախարարություն, ինչպես նաև կայացման պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է այդ գործերով կայացրած վճիռների կամ դատավճիռների պատճենները:
6. Նոտարի՝ իրականացվող և իրականացրած այլ գործունեության նկատմամբ պետական մյուս մարմինները հսկողություն կարող են իրականացնել միայն օրենքով ուղղակի նախատեսված դեպքերում և սահմաններում: Նոտարի գործողությունների նկատմամբ հսկողություն իրականացնող այլ մարմինները նոտարի մոտ ստուգումներ կատարելուց առաջ այդ մասին պետք է հայտնեն արդարադատության նախարարին: Արդարադատության նախարարին ուղարկվում են նաև ստուգումների արդյունքների վերաբերյալ ակտերի (արձանագրությունների) պատճենները:
(17-րդ հոդվածը խմբ. 30.05.2019 ՀՕ-26-Ն)
Հոդված 17.1. |
Ուսումնասիրության ենթակա նոտարի իրավունքներն ու պարտականությունները |
1. Ուսումնասիրության ենթակա նոտարն իրավունք ունի`
1) արգելելու ուսումնասիրությունը, եթե ուսումնասիրություն իրականացնողը դուրս է եկել ուսումնասիրություն իրականացնելու մասին հրամանում նշված նպատակի շրջանակներից.
2) ծանոթանալու եզրակացությանը.
3) ներկայացնելու բացատրություններ, պարզաբանումներ, օրենքով սահմանված կարգով բողոքարկելու ուսումնասիրություն իրականացնող անձանց գործողությունները.
4) չկատարելու ուսումնասիրություն իրականացնող անձանց իրավասություններից, ինչպես նաև ուսումնասիրության նպատակներից և ծրագրերից չբխող պահանջները։
2. Ուսումնասիրության ենթակա նոտարը պարտավոր է`
1) չխոչընդոտել ուսումնասիրության ընթացքը, կատարել ուսումնասիրություն իրականացնող անձանց օրինական պահանջները.
2) ուսումնասիրություն իրականացնողի պահանջով ներկայացնել պահանջվող փաստաթղթերը, տվյալները։
(17.1-ին հոդվածը լրաց. 30.05.2019 ՀՕ-26-Ն)
Հոդված 18. |
Նոտարի գործողությունները բողոքարկելը |
1. Անձը, որի շահերը շոշափում է նոտարի գործողությունը, կամ անձը, որին մերժվել է նոտարական գործողություն կատարելը, կարող է կատարված նոտարական գործողությունը կամ նոտարական գործողության կատարումը մերժելը բողոքարկել դատարան:
2. Սույն հոդվածի 1-ին կետով սահմանված բողոքը արդարադատության նախարարություն ներկայացնելու դեպքում այն ուսումնասիրվում է սույն օրենքի 22-րդ հոդվածով սահմանված կարգով:
(18-րդ հոդվածը խմբ. 30.05.2019 ՀՕ-26-Ն)
Հոդված 19. |
Նոտարական գործողության իրականացումն այլ պաշտոնատար անձանց կողմից |
Այլ պետությունների տարածքում Արցախի Հանրապետության անունից նոտարական գործողություններ կատարում են Արցախի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկները:
(19-րդ հոդվածը փոփ. 30.05.2019 ՀՕ-26-Ն)
Գ Լ Ո Ւ Խ 3
ՆՈՏԱՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 20. |
Նոտարի իրավունքները |
1. Իր իրավասության իրականացման համար նոտարն ունի գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ ու պարտականություններ, կարող է դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող կամ երրորդ անձ կամ կատարել օրենքին համապատասխան այլ գործողություններ:
2. Նոտարն իրավունք ունի իրականացնել սույն օրենքով նախատեսված նոտարական գործողություններ, ինչպես նաև նոտարական գործողություններ կատարելու վերաբերյալ հարցերով տալ պարզաբանումներ:
3. Նոտարական գործողություններ կատարելու համար նոտարն իրավունք ունի անհրաժեշտ տեղեկություններ կամ փաստաթղթեր պահանջել կազմակերպություններից, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններից: Համապատասխան տեղեկություններն ու փաստաթղթերը պետք է ներկայացվեն նոտարի նշած ժամկետում: Այդ ժամկետը չի կարող տասնհինգ օրից ավելի լինել, եթե համապատասխան փաստաթղթերը տալու համար ավելի երկար ժամկետ չի կարող պահանջվել:
Սույն կետի պահանջների խախտումն առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով դատարանների նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու համար սահմանված կարգով:
4. Նոտարն ունի աշխատանքային օրենսդրությամբ սահմանված ամենամյա արձակուրդի իրավունք:
5. Նոտարի աշխատանքային ռեժիմը սահմանում է արդարադատության նախարարը:
6. Նոտարը սահմանված կարգով ունի ծերության, հաշմանդամության, հիվանդության, կերակրողին կորցնելու և օրենքով նախատեսված այլ դեպքերում՝ սոցիալական ապահովության իրավունք:
7. Նոտարն ունի օրենքով կամ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ:
(20-րդ հոդվածը խմբ., փոփ. 30.05.2019 ՀՕ-26-Ն)
Հոդված 21. |
Նոտարի պարտականությունները |
1. Նոտարը պարտավոր է`
1) նոտարական գործունեություն իրականացնելիս լինել անկողմնակալ, պահպանել նոտարական էթիկայի կանոնները.
2) սույն օրենքով սահմանված կարգով գաղտնի պահել իր գործունեության առնչությամբ իրեն հայտնի դարձած տեղեկությունները, բացառությամբ «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Լեռնային Ղարաբաղի Հարապետության օրենքով նախատեսված դեպքերի.
3) մերժել նոտարական գործողության կատարումը, եթե այն հակասում է Արցախի Հանրապետության օրենքներին կամ իրավական այլ ակտերին կամ միջազգային պայմանագրերին.
4) ապահովել «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված պահանջների կատարումը.
5) առնվազն երեք տարին մեկ անգամ համապատասխան հաստատությունում արդարադատության նախարարության կողմից կազմակերպված վերապատրաստում անցնել՝ արդարադատության նախարարի սահմանած կարգով և պայմաններով:
Վերապատրաստման դասընթացների տևողությունը առնվազն 30, բայց ոչ ավելի, քան 60 ակադեմիական ժամ է: Ակադեմիական ժամի տևողությունը 40 րոպե է:
Նոտարի, նոտարի օգնականի վերապատրաստման դասընթացները կազմակերպում է արդարադատության նախարարությունը:
2. Նոտարական գործողությունների և նոտարի կողմից մատուցվող այլ ծառայությունների կատարման համար դիմած անձանց նոտարը պարտավոր է նաև՝
1) նոտարական գործողություններ իրականացնելիս անձանց օգնություն ցույց տալու, նրանց իրավունքները և օրինական շահերը իրականացնելու նպատակով պարզաբանել նրանց իրավունքներն ու պարտականությունները, զգուշացնել նոտարական գործողությունների կատարման հետևանքների մասին, որպեսզի անձի իրավական անտեղյակությունը չօգտագործվի ի վնաս իրեն.
2) կողմերին պարզաբանել նրանց ներկայացրած գործարքների նախագծերի իմաստն ու նշանակությունը և ստուգել դրանց բովանդակության համապատասխանությունը կողմերի իրական մտադրությանը:
(երկրորդ պարբերությունը հանվել է 30.05.2019 ՀՕ-26-Ն)
2.1. Նոտարական էթիկայի կանոնները հաստատում է արդարադատության նախարարը:
3. Եթե նոտարական կարգով վավերացման կամ հաստատման համար ներկայացված փաստաթղթում կիրառվել է օտարերկրյա պետության իրավունք կամ, եթե նոտարը կասկածներ ունի օտարերկրյա պետության իրավունքի կիրառման վերաբերյալ, ապա նա այդ մասին տեղեկացնում է դիմող կողմերին՝ կատարելով համապատասխան նշում վավերացման մակագրության մեջ: Այս դեպքում նոտարն օտարերկրյա պետության իրավունքի նորմերի մասով պարտավոր չէ իրականացնել սույն հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետով և 2-րդ կետով նախատեսված իր պարտականությունները և որևէ պատասխանատվություն չի կրում դրա հետևանքով կողմերին կամ երրորդ անձանց պատճառված վնասի համար:
4. Նոտարը պարտավոր չէ ստուգել իրեն ներկայացված կազմակերպությունների կողմից կամ իրենց իրավասության շրջանակում կազմակերպությունների կողմից տրված, ինչպես նաև ֆիզիկական անձանց կողմից օրենքով կամ իրավական այլ ակտերով նախատեսված կարգով տրված հայտարարությունների կամ այլ փաստաթղթերի իսկությունը և որևէ պատասխանատվություն չի կրում դրա հետևանքով կողմերին կամ երրորդ անձանց պատճառված վնասի համար, եթե դա նախատեսված չէ օրենքով կամ, եթե չի ապացուցվում, որ նոտարը գիտեր կամ պարտավոր էր իմանալ, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը:
Նոտարը պարտավոր չէ ստուգել վավերացվող գործարքներում կամ հաստատվող փաստաթղթերում, կողմերի կամ նրանց առաջարկով նշված տվյալների կամ փաստերի իսկությունը և որևէ պատասխանատվություն չի կրում դրա հետևանքով կողմերին կամ երրորդ անձանց պատճառված վնասի համար, եթե դա նախատեսված չէ օրենքով կամ, եթե չի ապացուցվում, որ նոտարը գիտեր կամ պարտավոր էր իմանալ, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը:
Սույն օրենքի 27-րդ հոդվածի 1-ին կետի 6-7-րդ, 11-12-րդ, 14-րդ ենթակետերով նախատեսված նոտարական գործողություններն իրականացնելիս նոտարը պարտավոր չէ ստուգել վավերացվող, հաստատվող կամ նոտարական այլ գործողության համար ընդունված փաստաթղթերի բովանդակության համապատասխանությունը օրենքներին կամ իրավական այլ ակտերի պահանջներին և որևէ պատասխանատվություն չի կրում դրա հետևանքով կողմերին կամ երրորդ անձանց պատճառված վնասի համար:
5. Նոտարի վրա չեն կարող դրվել սույն օրենքով չնախատեսված պարտականություններ:
(21-րդ հոդվածը լրաց. 17.12.2008 ՀՕ-65-Ն, փոփ., լրաց., խմբ. 30.05.2019 ՀՕ-26-Ն)
Հոդված 22. |
Նոտարի կարգապահական պատասխանատվությունը |
1. Նոտարի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցում է արդարադատության նախարարը:
2. Արդարադատության նախարարը կարգապահական վարույթը հարուցում է սույն հոդվածի 4-րդ կետով սահմանված առիթների ուսումնասիրության արդյունքում՝ սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված կարգապահական խախտման հատկանիշների հայտնաբերման հիմքով:
3. Սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված ուսումնասիրությունն իրականացվում է փաստաթղթերը հետազոտելու, ինչպես նաև նոտարական գործողությունների նկատմամբ վերահսկողություն իրականացնող արդարադատության նախարարության աշխատակազմի համապատասխան առանձնացված ստորաբաժանման կամ դրա պաշտոնատար անձանց կողմից նոտարական գրասենյակ այցելելու կամ առանց նոտարական գրասենյակ այցելելու՝ նոտարից նոտարական գործերը և այլ փաստաթղթերը պահանջելու միջոցով: Սույն կետով նախատեսված գործողությունները պետք է կատարվեն կարգապահական վարույթում քննարկվող հարցերի շրջանակում։
Սույն կետում նշված փաստաթղթերը, նյութերը նոտարը տրամադրում է ծանուցումը ստանալու պահից երկու աշխատանքային օրվա ընթացքում:
4. Կարգապահական վարույթ հարուցելու առիթներն են՝
1) դիմումը կամ բողոքը.
2) պետական և տեղական ինքնակառավարման մարմնի, պաշտոնատար անձի հաղորդումը.
3) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը.
4) Արցախի Հանրապետության օրենքների, իրավական այլ ակտերի, ինչպես նաև նոտարական էթիկայի կանոնների խախտման հատկանիշների ինքնուրույն հայտնաբերումը.
5) նոտարական պրակտիկայի ամփոփման կամ ծրագրային ուսումնասիրության արդյունքում խախտման հատկանիշների հայտնաբերումը: Նոտարական գործողությունների պրակտիկայի միասնականության ապահովման նպատակով նոտարների գործունեության արդյունքներն ամփոփում է արդարադատության նախարարությունը:
5. Կարգապահական վարույթի տևողությունը չի կարող վեց շաբաթից ավելի լինել, որը կարող է երկարաձգվել մեկ անգամ՝ երեք շաբաթ ժամկետով: Նոտարը ծանուցվում է կարգապահական վարույթ հարուցելու մասին վարույթ հարուցելու պահից մեկ օրվա ընթացքում։
6. Կարգապահական վարույթն իրականացնող անձը կարգապահական վարույթում քննարկվող հարցերի շրջանակում իրավունք ունի՝
1) կարգապահական վարույթի ընթացքում նոտարից պահանջելու անհրաժեշտ փաստաթղթեր և տեղեկատվություն, որը պետք է նոտարի կողմից տրամադրվի պահանջը ստանալու պահից երկու աշխատանքային օրվա ընթացքում.
2 ) նոտարի գրասենյակում ծանոթանալու անհրաժեշտ փաստաթղթերին և նյութերին.
3) նոտարից պահանջելու գրավոր բացատրություններ.
4) դիմելու այն անձին, որի դիմումը կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել` լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկատվություն տալու առաջարկությամբ:
7. Նոտարը, որի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել, պարտավոր է արդարադատության նախարարին ներկայացնել գրավոր բացատրություններ:
Գրավոր բացատրություն ներկայացնելուց հրաժարվելու դեպքում այդ մասին նշում է կատարվում, որի վերաբերյալ ստորագրում է նոտարը, կամ նշում է կատարվում վերջինիս ստորագրելուց հրաժարվելու մասին:
Նոտարը, որի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել, իրավունք ունի չտրամադրելու՝ սույն հոդվածի 3-րդ կետով նախատեսված փաստաթղթերը, եթե դա չի բխում կարգապահական վարույթի շրջանակներից։
8. Մինչև արդարադատության նախարարի կողմից որոշում կայացնելը կարգապահական վարույթի նյութերին ծանոթանալու իրավունք ունի այն նոտարը, որի նկատմամբ վարույթ է հարուցվել: Նոտարին նյութերը հանձնվում են ոչ ուշ, քան արդարադատության նախարարի կողմից որոշում կայացնելու վերջնաժամկետից յոթ աշխատանքային օր առաջ: Նյութերը ստանալու պահից յոթ աշխատանքային օրվա ընթացքում նոտարն իրավունք ունի ներկայացնելու լրացուցիչ բացատրություններ կամ միջնորդություն հարուցելու լրացուցիչ ուսումնասիրություն կատարելու մասին:
9. Կարգապահական վարույթի արդյունքների հիման վրա արդարադատության նախարարը կայացնում է հետևյալ որոշումներից մեկը.
1) կարգապահական վարույթը կարճելու մասին.
2) նոտարին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին:
10. Արդարադատության նախարարն իր կողմից կարգապահական վարույթը կարճելու մասին որոշում կայացնելուց հետո չի կարող նույն հիմքով կրկին վարույթ հարուցել:
11. Արդարադատության նախարարը, վարույթին մասնակցած վկաները և այլ անձինք պարտավոր են պահպանել կարգապահական վարույթի գաղտնիությունը:
12. Կարգապահական վարույթ հարուցելու դեպքում կարգապահական պատասխանատվության ենթարկելու՝ սույն օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված ժամկետներն ընդհատվում են:
13. Եթե սույն օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված ժամկետների ընթացքում նոտարի նկատմամբ հարուցվել է քրեական գործ (հետապնդում), կամ դատարանում բողոքարկվում է խախտման հիմք հանդիսացող գործողության իրավաչափությունը, ապա կարգապահական վարույթ հարուցելու ժամկետի ընթացքը, իսկ կարգապահական վարույթը հարուցված լինելու դեպքում` հարուցված վարույթի ընթացքը կասեցվում է: Կարգապահական վարույթ հարուցելու ժամկետի կամ հարուցված վարույթի ընթացքը կասեցվում է մինչև քրեական գործով վերջնական լուծումը կամ դատարանի կողմից վերջնական դատական ակտի կայացումը: Քրեական գործի հարուցումը մերժելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու դեպքում, ինչպես նաև դատարանի կողմից կայացված դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո կարգապահական վարույթ հարուցելու ժամկետի կամ հարուցված վարույթի ընթացքը շարունակվում է կասեցման պահից՝ սույն օրենքով սահմանված կարգով:
14. Եթե նոտարի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել մի քանի փաստերի հիման վրա, ապա նրա նկատմամբ կիրառվում է ավելի խիստ կարգապահական տույժի միջոցը:
(22-րդ հոդվածը խմբ. 30.05.2019 ՀՕ-26-Ն)
Հոդված 22.1. |
Կարգապահական վարույթի կարճման հիմքերը |
1. Կարգապահական վարույթը կարճվում է, եթե՝
1) հիմնավորված չէ նոտարին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք հանդիսացող խախտման փաստը.
2) անցել է նոտարին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար նախատեսված ժամկետը.
3) նոտարի լիազորությունները դադարեցվել են, կամ նոտարն ազատվել է պաշտոնից:
(22.1-ին հոդվածը լրաց. 30.05.2019 ՀՕ-26-Ն)
Հոդված 23. |
Նոտարի կարգապահական պատասխանատվության հիմքը |
1. Նոտարին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են`
1) նոտարի կողմից նոտարական գործունեության իրականացմանը, գործողության կատարմանը, մերժմանը, կասեցմանը, հետաձգմանը ներկայացվող՝ օրենքի և այլ իրավական ակտի պահանջն ակնհայտ խախտելը.
2) էթիկայի կանոններն ակնհայտ խախտելը.
3) վերապատրաստման դասընթացների առնվազն 20 տոկոսին առանց հարգելի պատճառի չմասնակցելը:
2. Նոտարի վավերացրած կամ հաստատած փաստաթուղթն անվավեր ճանաչելը կամ այն դատական կարգով փոփոխելն ինքնին չի առաջացնում այդ փաստաթուղթը վավերացրած կամ հաստատած՝ նոտարի պատասխանատվությունը, եթե դա չի փոփոխվել կամ անվավեր ճանաչվել նոտարական գործողություններ իրականացնելիս նոտարի կողմից թույլ տրված օրենքի պահանջների խախտման պատճառով:
Նոտարը չի կարող ենթարկվել պատասխանատվության, եթե վավերացրած կամ հաստատած փաստաթուղթն անվավեր, իսկ կատարած նոտարական գործողությունները ոչ իրավաչափ են ճանաչվել նրան ներկայացված կեղծ կամ անօրինական այնպիսի համաձայնագրերի կամ հայտարարությունների կամ այլ կեղծ փաստաթղթերի պատճառով, որոնց օրինականությունն ու ճշտությունը նոտարը չէր կարող կամ պարտավոր չէր ստուգել, եթե չի ապացուցվում, որ նոտարը գիտեր կամ պարտավոր էր իմանալ, որ ներկայացված համաձայնագրերի, հայտարարությունների կամ այլ փաստաթղթերի բովանդակությունը չի համապատասխանում իրականությանը:
3. Նոտարը չի կարող ենթարկվել կարգապահական պատասխանատվության, եթե սույն հոդվածի 1-ին կետով սահմանված խախտումներն առաջացրած գործողությունների կատարման պահից անցել է մեկ տարի, բացառությամբ սույն օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերով նախատեսված խախտումների, որոնց համար կարգապահական վարույթ չի կարող հարուցվել, եթե գործողությունների կատարման օրվանից անցել է երեք տարի:
(23-րդ հոդվածը խմբ. 30.05.2019 ՀՕ-26-Ն)
Հոդված 24. |
Նոտարի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը |
1. Սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված հիմքերով նոտարի նկատմամբ կարող է նշանակվել հետևյալ կարգապահական տույժերից մեկը.
1) նախազգուշացում.
2) նկատողություն.
3) խիստ նկատողություն.
4) պաշտոնից ազատում:
2. Սույն հոդվածի 1-ին կետով սահմանված տույժերը կիրառում է արդարադատության նախարարը:
3. Նոտարին պաշտոնից ազատելը, որպես կարգապահական տույժի միջոց, կարող է կիրառվել նոտարի կողմից սույն օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերով նախատեսված խախտումների դեպքում:
4. Նոտարի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժը պետք է համաչափ լինի կատարված խախտմանը: Կարգապահական տույժ կիրառելիս հաշվի են առնվում նաև խախտման հետևանքները, նոտարի մեղքի աստիճանը, առկա տույժերը, նոտարին բնութագրող ուշադրության արժանի այլ հանգամանքներ:
5. Եթե նկատողություն կամ խիստ նկատողություն ստանալու օրվանից հետո` երկու տարվա ընթացքում, իսկ նախազգուշացում ստանալու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, նոտարը չի ենթարկվել նոր կարգապահական տույժի, ապա նա համարվում է կարգապահական տույժ չունեցող:
Կարգապահական տույժի նշանակումը նոտարը կարող է բողոքարկել դատարան՝ տույժը կիրառելու մասին որոշումը ստանալուց հետո՝ երկու ամսվա ընթացքում:
(24-րդ հոդվածը խմբ. 30.05.2019 ՀՕ-26-Ն)
Հոդված 25. |
Նոտարի գույքային պատասխանատվությունը |
1. Նոտարը Քաղաքացիական օրենսգրքով սահմանված գույքային պատասխանատվություն է կրում իր կողմից դիտավորությամբ կամ անզգուշությամբ թույլ տրված խախտման հետևանքով պատճառված վնասի համար:
Նոտարի՝ պաշտոնից ազատվելու դեպքում նոտարի կատարած նոտարական գործողությունների կամ նոտարական այլ ծառայությունների կատարման կամ դրանց կատարումը մերժելու իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով դատարանում որպես պատասխանող հանդես է գալիս արդարադատության նախարարությունը, իսկ վնասի, այդ թվում՝ դատական ծախսերի հատուցման պահանջներով՝ պաշտոնից ազատված նոտարը: Նոտարի նշված պարտավորությունը ժառանգման կարգով իրավահաջորդության ենթակա չէ:
2. Նոտարի վարչարարության հետևանքով պատճառված վնասը (բացառությամբ պետական բյուջե գանձված գումարները պետական բյուջեի մուտքերի համապատասխան հաշիվներից վերադարձնելու դեպքերի) փոխհատուցվում է Արցախի Հանրապետության բյուջետային միջոցների հաշվին:
Նոտարի վարչարարության հետևանքով պատճառված վնասի հատուցման նպատակով տրամադրված միջոցները վերականգնվում են օրենքով սահմանված կարգով նոտարներին ներկայացված հետադարձ պահանջների բավարարումից ստացվող գումարների հաշվին:
(25-րդ հոդվածը լրաց. 31.10.2018 ՀՕ-65-Ն, խմբ. 30.05.2019 ՀՕ-26-Ն, 20.05.22 ՀՕ-25-Ն)
Հոդված 26. |
Նոտարի հաշվետվությունները |
Նոտարը պարտավոր է յուրաքանչյուր եռամսյակ արդարադատության նախարարություն հաշվետվություն ներկայացնել նոտարական գործունեության մասին՝ արդարադատության նախարարի սահմանած կարգով: Նոտարն օրենսդրությամբ սահմանված կարգով, ժամկետներում և օրենքով նախատեսված մարմիններին տալիս է նաև վիճակագրական, հարկային և օրենքով ուղղակի նախատեսված այլ հաշվետվություններ:
Գ Լ Ո Ւ Խ 4
ՆՈՏԱՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԱՌԱՋԱԴՐՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Հոդված 27. |
Նոտարի կողմից իրականացվող նոտարական գործողությունները |
1. Նոտարն իրականացնում է հետևյալ նոտարական գործողությունները.
1) վավերացնում է գործարքներ (պայմանագրեր, կտակներ, լիազորագրեր, համաձայնագրեր և այլն).
2) միջոցներ է ձեռք առնում ժառանգական գույքի պահպանության համար.
3) տալիս է ժառանգության իրավունքի վկայագրեր.
4) տալիս է ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականության ներքո գտնվող գույքից հասանելիք բաժնի նկատմամբ սեփականության իրավունքի վկայագրեր.
5) վավերացնում է փաստաթղթերի պատճենների կամ դրանց քաղվածքների իսկությունը.
6) վավերացնում է փաստաթղթերի վրա եղած ստորագրությունների իսկությունը.
7) վավերացնում է փաստաթղթերի թարգմանության իսկությունը.
8) հաստատում է քաղաքացու ողջ լինելու փաստը.
9) հաստատում է քաղաքացու՝ որոշակի վայրում գտնվելու փաստը.
10) հաստատում է լուսանկարում պատկերված անձի և քաղաքացու նույնությունը.
11) հաստատում է փաստաթղթեր ներկայացնելու ժամանակը.
12) ֆիզիկական անձանց կամ կազմակերպությունների դիմումները, հայտարարությունները կամ այլ փաստաթղթերը փոխանցում է այլ ֆիզիկական անձանց կամ կազմակերպություններ.
13) դեպոզիտ է ընդունում, պահպանում, հանձնում կամ վերադարձնում դրամական գումար կամ արժեթղթեր, թանկարժեք մետաղներ, քարեր և տալիս է վկայագիր.
14) ի պահ է ընդունում փաստաթղթեր.
15) ապահովում է ապացույցներ.
16) վավերացնում է կազմակերպության ընդհանուր ժողովի կամ կոլեգիալ այլ մարմնի նիստի արձանագրությունը.
17) հավատարմագրային կառավարման է հանձնում ժառանգական գույքը.
18) տալիս է կտակակատարի լիազորությունների հավաստման վկայագրեր.
19) բոլոր ժառանգների համաձայնությամբ չեղյալ է համարում նախկինում տրված ժառանգության իրավունքի վկայագրերը.
20) վավերացնում է իր վստահած թարգմանչի ստորագրության իսկությունը.
21) տալիս է նոտարական ակտերի կրկնօրինակներ.
22) իրականացնում է օրենքով նախատեսված նոտարական այլ գործողություններ:
2. Սույն հոդվածով նախատեսված նոտարական առանձին գործողություններ կարող են իրականացնել Քաղաքացիական օրենսգրքով ուղղակի նախատեսված պաշտոնատար անձինք:
2.1. Նոտարը, սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված նոտարական գործողություններից բացի, գործարքներից բխող իրավունքների պետական գրանցման պահանջը ապահովելու նպատակով ծանուցում է գույքի նկատմամբ իրավունքների գրանցում իրականացնող մարմիններին՝ գույքի նկատմամբ իրավունքի վերաբերյալ նախնական նշում կատարելու մասին:
3. Նոտարը, սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված նոտարական գործողություններից բացի, հաստատում է իրավաբանական նշանակություն ունեցող փաստերը:
4. Նոտարի կողմից նոտարական գործողություններ իրականացնելու կարգը սահմանում է արդարադատության նախարարը:
(27-րդ հոդվածը լրաց., փոփ. 30.05.2019 ՀՕ-26-Ն, լրաց. 27.06.2019 ՀՕ-81-Ն, 20.02.20 ՀՕ-4-Ն)
Հոդված 27.1. |
Նոտարական ակտը |
1. Նոտարի կողմից իրականացվող նոտարական գործողությունների արդյունքում կայացվող որոշումը, գործարքի կամ այլ փաստաթղթի հաստատումը կամ վավերացումը հանդիսանում են նոտարական ակտ:
2. Նոտարական ակտը պետք է բովանդակի`
1) նոտարական ակտի համարը, ընդունման տարին, ամիսը, ամսաթիվը.
2) նոտարական գրասենյակի անվանումը, նոտարի անունը, ազգանունը.
3) նոտարի ստորագրությունը և կնիքը.
4) առկայության դեպքում՝ պետական տուրքի և նոտարի մատուցած ծառայությունների վճարի չափը.
5) օրենքով սահմանված այլ պարտադիր պայմաններ:
(27.1-ին հոդվածը լրաց. 30.05.2019 ՀՕ-26-Ն, փոփ. 29.09.2021 ՀՕ-105-Ն)
Հոդված 28. |
Նոտարական գործողությունների կատարումը |
1. Նոտարական բոլոր գործողությունները կատարվում են ցանկացած նոտարի կողմից, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:
2. Նոտարական գործողություն կատարելու համար նոտարին կարող է դիմել ցանկացած անձ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
Հոդված 29. |
Նոտարական գործողություններ կատարելու սահմանափակումները |
1. Նոտարը կամ նոտարական առանձին գործողություններ կատարող պաշտոնատար անձն իրավունք չունի նոտարական գործողություններ կատարել իր, իր ամուսնու, իր կամ ամուսնու ծնողների, զավակների, եղբայրների, քույրերի, թոռների, պապի, տատի, ինչպես նաև տվյալ նոտարական գրասենյակի աշխատողների անվամբ և անունից:
2. Նոտարը կամ նոտարական գործողություններ կատարող պաշտոնատար անձը և սույն հոդվածի 1-ին կետում նշված նրանց ազգականները չեն կարող հանդես գալ որպես գործարքի միջնորդներ կամ վկաներ:
3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված սահմանափակումը տարածվում է նաև այն նոտարական գործողությունների վրա, որոնք կատարվում են այն կազմակերպության կողմից, որի`
ա) ղեկավարը նոտարի ամուսինն է.
բ) բաժնեմասերի (բաժնետոմսերի, փայերի) 50 տոկոսից ավելին պատկանում է նոտարին կամ նրա ամուսնուն:
4. Սույն հոդվածով նախատեսված սահմանափակումը չի տարածվում այն գործարքների վավերացման վրա, որոնք իրականացվել են հրապարակային սակարկությունների միջոցով:
5. Եթե սույն հոդվածով նշված անձանց վերաբերյալ նոտարական գործողություններն օրենքին համապատասխան պետք է իրականացնի միայն սույն հոդվածով նշված նոտարը, ապա նման նոտարական գործողություններ կատարելու լիազորություն ունեցող նոտարին որոշում է արդարադատության նախարարը:
6. Սույն հոդվածի պահանջների խախտմամբ կատարված նոտարական գործողություններն առ ոչինչ են:
Հոդված 30. |
Նոտարական գործողությունների կատարման լեզուն |
1. Նոտարական գործողությունները կատարվում են գրական հայերենով:
Վավերացման կամ հաստատման են ենթակա միայն գրական հայերենով կազմված փաստաթղթերը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: Արցախի Հանրապետության տարածքում կիրառվող փաստաթղթերը, այդ թվում` գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցում պահանջող պայմանագրերը, կազմվում են միայն հայերենով:
2. Օտարերկրյա կազմակերպությունների կամ օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց հետ կամ նրանց միջև կնքվող գործարքները, ինչպես նաև արտասահմանում գործելու համար նախատեսված փաստաթղթերը կարող են հայերենի հետ միաժամանակ վավերացվել կամ հաստատվել նաև օտար լեզվով (լեզուներով), եթե նոտարը բավարար չափով ծանոթ է այդ լեզվին: Եթե նոտարը և (կամ) կողմը բավարար չափով ծանոթ չէ փաստաթղթի լեզվին, ապա հրավիրվում է թարգմանիչ: Այս դեպքում փաստաթուղթը սահմանված կարգով ստորագրում է նաև թարգմանիչը: Վերջինիս ծառայության վերաբերյալ փաստաթղթի տեքստում կատարվում է հատուկ նշում:
3. Միաժամանակ հայերեն և օտար լեզվով (լեզուներով) վավերացվող կամ հաստատվող փաստաթղթերի տեքստերը կարող են շարադրվել իրար հետևից կամ իրար կողքի, պայմանով, որ իրար հետևից տեքստերի շարադրման դեպքում վերևում զետեղվում է հայերենով տեքստը, իսկ իրար կողքի շարադրվելու դեպքում հայերենով տեքստը շարադրվում է ձախ մասում:
4. Միաժամանակ հայերեն և օտար լեզվով վավերացված կամ հաստատված փաստաթղթերն ունեն միևնույն իրավաբանական ուժը: Միաժամանակ հայերեն և օտար լեզվով վավերացված կամ հաստատված փաստաթղթերի միջև հակասության դեպքում նախապատվությունը տրվում է հայերենով վավերացվածին կամ հաստատվածին:
5. Վավերացվող կամ հաստատվող փաստաթղթի տարբեր լեզուներով տեքստերը պետք է սույն օրենքով սահմանված կարգով ստորագրվեն և վավերացվեն կամ հաստատվեն առանձին-առանձին:
6. Եթե անձը չի տիրապետում այն լեզվին, որով կազմվել է փաստաթուղթը, ապա դա կարող է ստորագրել իրեն հայտնի լեզվով:
7. Անձը, որը չի տիրապետում հայերենին, կարող է նոտարական գործողություններին մասնակցել թարգմանչի միջոցով:
8. Սույն հոդվածի պահանջների խախտմամբ վավերացված կամ հաստատված փաստաթուղթը չունի սույն օրենքով նախատեսված ապացուցողական ուժ:
(30-րդ հոդվածը փոփ. 30.05.2019 ՀՕ-26-Ն)
Հոդված 31. |
Նոտարական գործողություն կատարելու համար դիմած անձի ինքնությունը, իրավունակությունը կամ գործունակությունը պարզելը |
1. Նոտարական գործողություններ կատարելիս նոտարը պարտավոր է ստուգել նոտարական գործողություններ կատարելու համար դիմած ֆիզիկական անձանց, նրանց ներկայացուցիչների կամ կազմակերպության ներկայացուցիչների ինքնությունն ու գործունակությունը, ինչպես նաև կազմակերպությունների իրավունակությունը, բացառությամբ խորհրդատվությունների, ինչպես նաև սույն օրենքի 27-րդ հոդվածի 1-ին կետի 5-7-րդ ենթակետերով նախատեսված նոտարական գործողություններ կատարելու համար դիմելու դեպքերի:
Լիազորագրերի հիման վրա նոտարական գործողություններ կատարելիս նոտարը պարտավոր է ստուգել լիազորված կողմերի լիազորությունները:
2. Ֆիզիկական անձի ինքնությունը և գործունակությունը որոշվում է անձը հաստատող փաստաթղթերով:
Կազմակերպության իրավունակությունը որոշվում է՝ ելնելով Արցախի Հանրապետության օրենսդրության և իրավաբանական անձի կանոնադրության պահանջներից:
Պետության կամ համայնքի անունից հանդես եկող պետական կամ համայնքային մարմինների իրավունակությունը որոշվում է՝ ելնելով Արցախի Հանրապետության օրենսդրության և պետության կամ համայնքի անունից հանդես եկող մարմինների կամ հիմնարկների կանոնադրության պահանջներից:
(31-րդ հոդվածը փոփ. 30.05.2019 ՀՕ-26-Ն)
Հոդված 32. |
Նոտարական գործողություններ կատարելու համար փաստաթղթեր պահանջելու նոտարի պարտականությունը |
1. Նոտարը նոտարական գործողությունների համար դիմած անձանցից պահանջում է ներկայացնել տվյալ նոտարական գործողություններ կատարելու համար օրենսդրությամբ նախատեսված անհրաժեշտ լիազորություններ, թույլտվություններ, համաձայնություններ կամ օրենքից ու իրավական այլ ակտերից բխող փաստաթղթեր:
Գույքի նկատմամբ իրավունքների ձեռքբերման, փոփոխման կամ դադարեցման մասին գործարքները վավերացնելու համար նոտարը պարտավոր է պահանջել ապացույցներ գույքի նկատմամբ իրավունքների, ինչպես նաև գույքի նկատմամբ իրավունքների ձեռքբերման, փոփոխման կամ դադարեցման վերաբերյալ կողմի իրավունքների մասին, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
2. Նոտարական գործողությունների համար դիմած անձանց լիազորությունների, իրավունքների, պարտականությունների կամ արտոնությունների ապացուցման պարտականությունը դրվում է նոտարական գործողությունների համար դիմած անձանց վրա, իսկ նոտարական գործողությունների համար դիմած անձանց կողմից կատարվող գործարքների կամ նրանց համար իրականացվող նոտարական այլ գործողություններն օրենքին կամ իրավական այլ ակտերին համապատասխանությունը որոշելու պարտականությունը՝ նոտարի վրա:
(32-րդ հոդվածը փոփ. 30.05.2019 ՀՕ-26-Ն)
Հոդված 33. |
Նոտարական գործողություններ կատարելու համար նախապատրաստվող փաստաթղթերին առաջադրվող պահանջները |
1. Վավերացման կամ հաստատման ենթակա չեն, ինչպես նաև նոտարական գործողություններ կատարելու համար հիմք չեն ընդունվում այնպիսի փաստաթղթեր, որոնցում նշված չեն դրանք կազմելու տարին, ամիսը, ամսաթիվը, կամ որոնցում կան ջնջումներ կամ էական վնասվածքներ, կամ հավելագրումներ, կամ ջնջված բառեր, կամ դատարկ և հետագայում լրացման համար նախատեսված չլրացված մասեր, կամ այլ չծանոթագրված ուղղումներ, ինչպես նաև մատիտով գրված փաստաթղթերը:
Մեկ թերթից ավելի ծավալ ունեցող փաստաթղթի թերթերը պետք է լինեն կարված, համարակալված:
2. Նոտարական կարգով վավերացվող կամ հաստատվող փաստաթղթերի տեքստը պետք է գրված լինի պարզ և հստակ, հեշտ ընթեռնելի, չպետք է պարունակի հապավումներ, իսկ փաստաթղթի բովանդակությանը վերաբերող թվերն ու ժամկետներն առաջին օգտագործման դեպքում առնվազն մեկ անգամ պետք է գրված լինեն բառերով, կազմակերպությունների անվանումները, դրանց կազմակերպական-իրավական ձևը պետք է գրվեն առանց կրճատումների՝ նշելով դրանց գտնվելու վայրը: Վավերացվող կամ հաստատվող փաստաթղթերում ֆիզիկական անձանց ազգանունները, անուններն ու հայրանունները (անձը հաստատող փաստաթղթում՝ դրա առկայության դեպքում) պետք է գրվեն լրիվ, իսկ պետության կամ համայնքի անունից հանդես եկող մարմինների անվանումները, դրանց ենթակայությունը (ենթակայության առկայության դեպքում), գտնվելու վայրերը պետք է նշվեն լրիվ:
Վավերացվող գործարքներում պետք է լրիվ գրվեն ֆիզիկական անձանց բնակության վայրը, ինչպես նաև ֆիզիկական անձանց ծննդյան տարին, ամիսը, օրը:
3. Եթե նոտարական գործողությանը մասնակցում է վկա կամ թարգմանիչ, ապա պետք է լրիվ նշվեն նրա ազգանունը, անունն ու հայրանունը (անձը հաստատող փաստաթղթում՝ դրա առկայության դեպքում), ծննդյան տարին, ամիսը, օրը և բնակության վայրը:
4. Նոտարի կողմից վավերացվող կամ հաստատվող փաստաթղթում դիմողի պահանջով նշվում է նաև վավերացման կամ հաստատման ժամը:
5. Նոտարական գործողություններ կատարելու համար չեն ընդունվում միայն այն փաստաթղթերը, որոնք չեն համապատասխանում օրենքների կամ իրավական այլ ակտերի պահանջներին կամ պարունակում են քաղաքացիների պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկություններ:
6. Վավերացվող կամ հաստատվող փաստաթղթերի էջերը համարակալվում են հաջորդականությամբ:
7. Սույն հոդվածի 1-3-րդ, 5-6-րդ կետերի պահանջների խախտմամբ վավերացված կամ հաստատված փաստաթուղթը չունի սույն օրենքով նախատեսված ապացուցողական ուժ:
8. Նոտարական կարգով վավերացված կամ հաստատված փաստաթուղթն անվավեր է, եթե դրանում նշված չեն գործարքի կատարման տարին, ամիսը և ամսաթիվը կամ փաստաթղթի վավերացման, կամ հաստատման տարին, ամիսը և ամսաթիվը, կամ կողմի անունը և ազգանունը (անվանումը): Սույն կետում նշված, ինչպես նաև գործարքի մասնակցի՝ չստորագրված կամ մատիտով գրված փաստաթղթերն առ ոչինչ են:
(33-րդ հոդվածը փոփ. 30.05.2019 ՀՕ-26-Ն)
Հոդված 34. |
Նոտարի կողմից վավերացվող փաստաթղթի օրինակների քանակը |
1. Նոտարական կարգով վավերացվող կամ հաստատվող փաստաթղթի օրինակների քանակը որոշում են դրանց վավերացման կամ հաստատման համար դիմած անձինք, սակայն դրանք պետք է կազմվեն առնվազն երկու օրինակից, որոնցից մեկը պահվում է նոտարական գրասենյակում: Վավերացված կամ հաստատված բոլոր օրինակներն ունեն հավասար իրավաբանական ուժ, սակայն նոտարի վավերացրած կամ հաստատած փաստաթղթի բնօրինակը համարվում է նոտարական գրասենյակում պահպանվող օրինակը, իսկ բնօրինակի և մյուս օրինակների միջև հակասության դեպքում նախապատվությունը տրվում է բնօրինակին:
Նոտարական գրասենյակում չեն պահվում սույն օրենքի 27-րդ հոդվածի 1-ին կետի 5-7-րդ և 11-13-րդ ենթակետերով նախատեսված նոտարական գործողությունների ընթացքում վավերացված կամ հաստատված փաստաթղթի օրինակները:
2. Ժառանգության իրավունքի վկայագիրը յուրաքանչյուր ժառանգի համար կազմվում է առանձին:
Հոդված 35. |
Նոտարական կարգով վավերացվող կամ հաստատվող փաստաթղթերի ստորագրման կարգը |
1. Նոտարական կարգով վավերացվող կամ հաստատվող փաստաթղթերն ստորագրվում են նոտարի ներկայությամբ: Եթե համաձայնությունը կամ այլ փաստաթուղթն ստորագրվել է նոտարի բացակայությամբ, ապա ստորագրողը պետք է հաստատի, որ փաստաթուղթն ստորագրել է ինքը: Նոտարն իրավունք ունի փաստաթուղթը ոչ իր ներկայությամբ ստորագրող անձից չպահանջել իր ներկայությամբ հաստատել իր ստորագրությունը, եթե նա պաշտոնապես ստացել է փաստաթուղթն ստորագրած անձի ստորագրության նմուշը:
2. Վկաների ներկայությամբ կատարված գործարքներն ամբողջությամբ ընթերցում է նոտարը:
3. Եթե անձը ֆիզիկական արատի, հիվանդության կամ անգրագիտության պատճառով չի կարող ստորագրել, ապա նրա հանձնարարությամբ, նրա ու նոտարի ներկայությամբ փաստաթուղթը կարող է ստորագրել այլ անձ: Վերջինիս ստորագրությունը պետք է վավերացնի նոտարը` նշելով այն պատճառները, որոնց ուժով փաստաթուղթը չէր կարող ստորագրել նոտարական գործողություն կատարելու համար դիմած անձը:
4. Եթե նոտարական ակտը կազմելուն մասնակցում է խուլ անձ, որը կարող է կարդալ, ապա ինքն է կարդում փաստաթուղթը և հստակ հայտարարում, որ դա ինքը կարդացել է բարձրաձայն և արտահայտում է իր կամքը: Այդ մասին նոտարը փաստաթղթում կատարում է համապատասխան նշում:
Երբ մասնակիցը խուլուհամր է, բայց կարող է կարդալ և գրել, նա կարդում է փաստաթուղթը և փաստաթղթի վերջում՝ նոտարի ստորագրությունից առաջ, գրում է, որ փաստաթուղթն ինքը կարդացել է և հավանություն է տալիս:
5. Եթե կույրը, խուլը, համրը կամ խուլ ու համրը չեն կարող կարդալ փաստաթուղթը, նոտարը, վկաներից բացի, հրավիրում է թարգմանիչ, որը կարող է բացատրվել նշված անձանց հետ: Թարգմանիչը պետք է բացատրվի կույրի, համրի, խուլի կամ խուլուհամրի հետ և հայտնի նոտարին, որ փաստաթուղթն արտահայտում է նրա կամքը, և նա հավանություն է տալիս դրան:
6. Փաստաթուղթն ընթերցելուց անմիջապես հետո դա ստորագրում է յուրաքանչյուր կողմ: Վկաների ներկայությամբ կատարված գործարքն ստորագրում են վկաները, իսկ թարգմանչի մասնակցությամբ` նաև թարգմանիչը: Նոտարը գործարքն ստորագրում է նրանցից անմիջապես հետո:
7. Սույն հոդվածի պահանջների խախտմամբ վավերացված կամ հաստատված փաստաթուղթը չունի սույն օրենքով նախատեսված ապացուցողական ուժ:
(35-րդ հոդվածը փոփ. 30.05.2019 ՀՕ-26-Ն)
Հոդված 36. |
Նոտարական կարգով վավերացված կամ հաստատված փաստաթղթերում ուղղումներ կատարելու կարգը |
(վերնագիրը խմբ. 30.05.2019 ՀՕ-26-Ն)
1. Նոտարն ուղղում է իր վավերացրած կամ հաստատած փաստաթղթերում տեղ գտած լեզվական կամ տպագրական սխալները, եթե դրանք չեն փոխում փաստաթղթի էությունը և բովանդակությունը։ Ուղղումները պետք է կատարվեն այնպես, որ բոլոր սխալները և ուղղումները հնարավոր լինի կարդալ նախնական տեքստում: Ուղղումները կատարվում են փաստաթղթերի բոլոր օրինակների վրա, բացառությամբ երբ անհնար է ներկայացնել բոլոր օրինակները: Սույն կետի կանոնները տարածվում են նաև նոտարին փոխանցված այլ նոտարի կողմից վավերացված կամ հաստատված փաստաթղթերի վրա։
2. Վավերացված կամ հաստատված փաստաթղթերում թվի մեջ թվանշան կամ բառի մեջ տառ բաց թողնված լինելու կամ թիվը կամ բառը սխալ գրված լինելու դեպքերում դրանք վերցվում են օղակի մեջ, և գրվում է լրիվ ճիշտ թիվը կամ բառը: Ուղղումները պետք է ծանոթագրի նոտարը:
3. Վավերացված կամ հաստատված փաստաթղթում ուղղումներ կատարելու անհնարինության դեպքում նոտարը ուղղումը կատարում է առանձին փաստաթղթի տեսքով, ծանոթագրում այն և կցում վավերացված կամ հաստատված փաստաթղթին: Առանձին փաստաթղթի տեսքով կատարված ուղղումը հանդիսանում է վավերացված կամ հաստատված փաստաթղթի անբաժանելի մասը:
4. Ծանոթագրման մեջ նշվում է, որ ուղղումը կատարել է նոտարը, ինչպես նաև նշվում են դրա կատարման օրը, ամիսը և տարին: Ծանոթագրումը ստորագրում և կնքում է նոտարը:
5. Նոտարական գործողություններին մասնակցած անձինք իրավունք չունեն ուղղումներ, փոփոխություններ կամ լրացումներ կատարելու վավերացված կամ հաստատված փաստաթղթում:
6. Սույն հոդվածի պահանջների խախտմամբ կատարված ուղղումները, վավերացված կամ հաստատված փաստաթղթերում որևէ այլ փոփոխություններն ու լրացումներն առ ոչինչ են:
(36-րդ հոդվածը խմբ. 30.05.2019 ՀՕ-26-Ն)
1. Նոտարական գործողությունների ժամանակ որպես թարգմանիչ կարող է հանդես գալ համապատասխան լեզվի տիրապետումը հաստատող փաստաթուղթ ունեցող այն անձը, որին վստահում է նոտարը: Օտար լեզվով գործարքը վավերացնելիս կամ հայերենին չտիրապետող կողմին պարզաբանումներ տալու համար թարգմանչի ընտրությունը համաձայնեցվում է կողմերի հետ:
Թարգմանիչ է համարվում նաև համրի նշանները հասկացող և խուլի հետ նշաններով բացատրվելու ունակ անձը:
2. Թարգմանիչը չի կարող լինել նոտարական գործողության մասնակից կամ վկա:
3. Թարգմանիչը պետք է նոտարին ու կողմերին մանրակրկիտ թարգմանի վավերացվող կամ հաստատվող փաստաթղթի բովանդակությունը և երաշխավորի, որ թարգմանությունը կատարված է ճիշտ, լրիվ և իր կողմից: Այդ մասին նոտարը կատարում է համապատասխան մակագրություն:
4. Թարգմանչի ծառայությունների համար վճարումը կատարում են կողմերը:
5. Նոտարը պարտավոր է նախազգուշացնել թարգմանչին նոտարական գաղտնիքի պահպանման անհրաժեշտության մասին՝ մինչև նոտարական գործողության իրականացումը:
6. Թարգմանիչը քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր կատարած ոչ ճիշտ կամ ոչ լրիվ թարգմանությունների հետևանքով պատճառված վնասի համար:
7. Որպես թարգմանիչ չեն կարող հանդես գալ`
ա) նոտարական գործողությանը մասնակցող վկան.
բ) այն անձը, ում օգտին իրականացվում է նոտարական գործողությունը:
(37-րդ հոդվածը փոփ. 30.05.2019 ՀՕ-26-Ն)
1. Նոտարական գործողությունների ժամանակ վկայի ներկայությունը պարտադիր է միայն օրենքով նախատեսված դեպքերում: Կողմերի առաջարկով նոտարը նոտարական գործողություններն իրականացնում է վկայի (վկաների) մասնակցությամբ:
2. Վկան պետք է ներկա լինի նոտարի կողմից նոտարական վավերացման ենթակա փաստաթղթի ընթերցման, փաստաթղթի ստորագրման և նոտարի կողմից դրա վավերացման ժամանակ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
3. Նոտարը պարտավոր է նախազգուշացնել վկային նոտարական գաղտնիքի պահպանման անհրաժեշտության մասին մինչև նոտարական գործողության իրականացումը, որի մասին կատարվում է համապատասխան գրառում:
4. Որպես վկա կարող են հանդես գալ միայն լրիվ գործունակ անձինք:
5. Որպես վկա չեն կարող հանդես գալ`
1) նոտարը, նոտարական գործողություն իրականացնող այլ անձը, նրանց ամուսինները, նրանց կամ նրանց ամուսինների ծնողները, զավակները, եղբայրները, քույրերը, թոռները, պապը կամ տատը.
2) նոտարական գործողությանը մասնակցող թարգմանիչը.
3) այն անձը, ում օգտին իրականացվում է նոտարական գործողությունը.
4) անգրագետները կամ նոտարական վավերացման կամ հաստատման ենթակա փաստաթուղթը կարդալ չկարողացող այլ անձինք.
5) այն անձինք, ովքեր բավարար չափով չեն տիրապետում հայերենին, բացառությամբ այն դեպքի, երբ կազմվում է փակ կտակ:
6. Նոտարի պահանջով վկան պարտավոր է հայտարարություն ներկայացնել այն մասին, որ ինքը բավարարում է վկա հանդես գալը բացառող՝ սույն հոդվածով նախատեսված պահանջները: Այս դեպքում նոտարը պատասխանատվություն չի կրում վկայի տված կեղծ հայտարարության հետևանքների համար, եթե չի ապացուցվում, որ նոտարը գիտեր կամ պարտավոր էր իմանալ, որ հայտարարության բովանդակությունը չի համապատասխանում իրականությանը:
(38-րդ հոդվածը փոփ. 30.05.2019 ՀՕ-26-Ն)
Հոդված 39. |
Նոտարի կողմից նոտարական գործողությունների համար ներկայացված փաստաթղթերի մեկնաբանումը |
1. Նոտարական գործողությունների կատարման համար ներկայացված փաստաթղթերը նոտարն իրավունք ունի մեկնաբանել` ելնելով դրանցում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից: Միայն դրանցում առանձին պայմանների կամ դրույթների տառացի նշանակությունը պարզ չլինելու դեպքում նոտարը դրանք մեկնաբանում է Քաղաքացիական օրենսգրքի 8-րդ և 447-րդ հոդվածների պահանջներին համապատասխան:
2. Նոտարը լիազորված անձի լիազորությունների շրջանակը որոշելիս պետք է ելնի միայն լիազորագրի բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից: Լիազորագրով պետք է իրականացվեն միայն դրանում նախատեսված գործողություններ կամ կնքվեն դրանում նախատեսված գործարքներ: Նոտարն իրավունք չունի լիազորագրի մեկնաբանման միջոցով լրացուցիչ լիազորություններ տալ կամ լիազորություններից զրկել անձին:
Անդեմ, անիմաստ գործողություններ կատարելու կամ գործարքներ կնքելու լիազորություններ չբովանդակող կամ բազմիմաստ լիազորություններ բովանդակող լիազորագրերի դրույթները գործարքներ կամ նոտարական այլ գործողություններ կատարելու համար հիմք չեն ընդունվում:
Եթե լիազորագրում նախատեսված են գործողությունների կատարման կամ գործարքների կնքման կարգ, պայմաններ, ձևեր կամ այլ պահանջներ (վայր, ժամկետ, գին և այլն), ապա նոտարական գործողությունները պետք է կատարվեն դրանց պահանջների խստիվ պահպանմամբ:
3. Փաստաթղթի մեկնաբանմամբ նոտարական գործողություններ կատարելու դեպքում նոտարը պարտավոր է արձանագրել մեկնաբանման բովանդակությունը, որը հաստատվում է նոտարի ստորագրությամբ ու կլոր կնիքով և կցվում է ներկայացված փաստաթղթին կամ դրա պատճենին:
Հոդված 40. |
Վավերացման մակագրությունը |
1. Վավերացման ենթակա նոտարական գործողություններ կատարելիս նոտարը վավերացվող յուրաքանչյուր փաստաթղթի վրա կատարում է համապատասխան վավերացման մակագրություն, որում մասնավորապես նշվում են նոտարի անունը, ազգանունը, նոտարական գրասենյակի անվանումը, կատարվող նոտարական գործողության տեսակը, կատարման տարին, ամիսը, օրը (բառերով), գրանցամատյանում համապատասխան գրանցման համարը, ինչպես նաև նոտարի հայտարարությունն այն մասին, որ նոտարական գործողության մասնակիցների ինքնությունը, իրավունակությունը կամ գործունակությունն ստուգված են:
2. Օտար լեզվով վավերացվող փաստաթղթերի վրա վավերացման մակագրությունները կարող են կատարվել համապատասխան լեզվով:
3. Վավերացման մակագրությունների օրինակելի ձևերը հաստատում է արդարադատության նախարարը:
4. (կետն ուժը կորցրել է 30.05.2019 ՀՕ-26-Ն)
5. Սույն հոդվածի պահանջների խախտմամբ վավերացված փաստաթուղթը չունի սույն օրենքով նախատեսված ապացուցողական ուժ:
(40-րդ հոդվածը փոփ. 30.05.2019 ՀՕ-26-Ն, 29.09.2021 ՀՕ-105-Ն)
Հոդված 41. |
Նոտարական գործողությունների գրանցումը |
1. Նոտարի կատարած բոլոր նոտարական գործողությունները գրանցվում են նոտարական գրանցամատյանում:
2. Յուրաքանչյուր նոտարական գործողությանը տրվում է առանձին համար, որը պարտադիր կարգով նշվում է նոտարի կողմից տրվող փաստաթղթերում, ինչպես նաև վավերացվող մակագրություններում:
3. Նոտարական գրանցամատյանի ձևը և գրանցամատյանում գրանցումների կատարման կարգը սահմանում է արդարադատության նախարարը:
Հոդված 42. |
Նոտարական գործողությունների կատարումը հետաձգելը կամ կասեցնելը |
1. Նոտարական գործողությունները կատարվում են դրա համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու օրը:
2. Շահագրգիռ անձի գրավոր հիմնավորված դիմումով, որով նա ցանկանում է դատարանում վիճարկել նոտարական գործողություն կատարելու անձի իրավունքը, նոտարական գործողության կատարումը կարող է հետաձգվել ոչ ավելի, քան տասն օրով: Եթե նշված ժամկետում նոտարը դատարանից որոշում չի ստանում տվյալ նոտարական գործողության կատարումն արգելելու մասին, ապա նա կատարում է նոտարական գործողությունը: Եթե նշված ժամկետում նոտարը դատարանից ստանում է տվյալ նոտարական գործողության կատարումն արգելելու մասին դատարանի որոշում, ապա նոտարական գործողության իրականացումը կասեցվում է մինչև դատարանի կողմից արգելանքը հանելը:
Սույն կետով նախատեսված հիմքով նոտարական գործողությունը կասեցնելու պահանջ առաջադրած անձը պարտավոր է փոխհատուցել անհիմն կասեցման հետևանքով կողմին պատճառված վնասը: Այս մասին նոտարը գրավոր նախազգուշացնում է կասեցման պահանջ կայացրած կողմին:
3. Նոտարական գործողությունների կատարումը կարող է հետաձգվել`
1) օրենսդրությամբ նախատեսված անհրաժեշտ տեղեկությունների, փաստաթղթերի, համաձայնությունների կամ այլ փաստաթղթերի բացակայության կամ տվյալ նոտարական գործողությունը կատարելու համար օրենսդրությամբ սահմանված կարգի պահանջները պահպանված չլինելու դեպքում.
2) փաստաթղթերը նոտարի կողմից փորձաքննության ուղարկելու դեպքում.
3) ներկայացված փաստաթղթերը նոտարի կողմից մանրամասն ուսումնասիրելու անհրաժեշտություն առաջանալու դեպքում.
4) նոտարական գործողության կատարման համար նոտարի կողմից կազմակերպություններից համապատասխան տեղեկություններ կամ փաստաթղթեր ստանալու անհրաժեշտության դեպքում.
5) օրենքով նախատեսված այլ դեպքերում և ժամկետներով:
Սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված հիմքերով նոտարական գործողությունների կատարման ժամկետը հետաձգվում է մինչև օրենսդրությամբ նախատեսված անհրաժեշտ տեղեկությունների, փաստաթղթերի, համաձայնությունների ներկայացման կամ նոտարական գործողություններ կատարելու համար սահմանված կարգի պահանջների կատարման մասին ապացույցները նոտարին ներկայացնելու օրը:
Սույն կետի 2-րդ ենթակետով նախատեսված հիմքերով նոտարական գործողությունների կատարման ժամկետը հետաձգվում է մինչև փորձաքննության եզրակացությունը նոտարին հանձնելու օրվան հաջորդող օրը:
Սույն կետի 3-րդ ենթակետով նախատեսված հիմքերով նոտարական գործողությունների կատարման ժամկետը կարող է հետաձգվել մինչև տասն օրով:
Սույն կետի 4-րդ ենթակետով նախատեսված հիմքերով նոտարական գործողությունների կատարման ժամկետը հետաձգվում է մինչև համապատասխան տեղեկությունները կամ փաստաթղթերը նոտարի կողմից ստանալու օրվան հաջորդող օրը, բայց ոչ ավելի 30 օրվանից:
4. Նոտարական գործողությունների կատարման հետաձգման կամ կասեցման հիմքերի առկայության դեպքում նոտարը դիմողի պահանջով կայացնում է հետաձգման կամ կասեցման գրավոր որոշում, որում նշվում են հետաձգման կամ կասեցման իրավական հիմքերը, իսկ սույն հոդվածի 3-րդ կետի 3-րդ ենթակետում նախատեսված դեպքում` նաև հետաձգման ժամկետը: Նոտարական գործողության կատարումը հետաձգելու կամ կասեցնելու մասին որոշման մեկ օրինակը հանձնվում է նոտարական գործողությունների կատարման համար դիմած անձանց: Եթե նոտարը նոտարական գործողությունների կատարման հետաձգման կամ կասեցման ժամանակ դիմողից վերցնում է փաստաթղթեր, ապա հետաձգման կամ կասեցման որոշման մեջ պետք է մանրամասն նշվեն վերցված փաստաթղթերի անվանումները, երբ և ում կողմից են կազմվել կամ տրվել և այլ անհրաժեշտ տեղեկություններ:
Հոդված 43. |
Նոտարական գործողությունների կատարումը մերժելը |
1. Նոտարը նոտարական գործողության կատարումը մերժում է, եթե`
1) նոտարական գործողության կատարումը հակասում է օրենքին, իրավական այլ ակտերին կամ կազմակերպության կանոնադրությանը.
2) ներկայացված փաստաթուղթը կամ պահանջվող նոտարական գործողությունը ենթակա չէ նոտարական վավերացման կամ հաստատման.
3) օրենքի համաձայն նոտարական գործողությունը ենթակա չէ տվյալ նոտարի կողմից կատարման.
4) նոտարական գործողություն կատարելու մասին խնդրանքով դիմել է անգործունակ անձ կամ անհրաժեշտ լիազորություններ չունեցող անձ կամ նրա անգործունակ կամ անհրաժեշտ լիազորություններ չունեցող ներկայացուցիչ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի.
5) նոտարական գործողության կատարման համար դիմած անձը թեև գործունակ է, սակայն տվյալ պահին գտնվում է այնպիսի վիճակում, որ չի հասկանում իր գործողությունների նշանակությունը կամ չի կարող կառավարել դրանք.
6) դիմող անձը հրաժարվում է ներկայացնել նոտարական գործողության կատարման համար օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված անհրաժեշտ փաստաթղթերը.
7) դիմող անձը չի վճարում նոտարական գործողության կատարման համար նախատեսված պետական տուրքը կամ նոտարի մատուցած այլ ծառայությունների վճարը.
8) նոտարական գործողությունը պետք է կատարվի դատարանի, դատախազի կամ քննիչի որոշմամբ հետախուզվող և քրեական պատասխանատվությունից խուսափող անձի կամ նրա գույքի նկատմամբ: Սույն կետով նշված հիմքով նոտարը նոտարական գործողության կատարումը մերժում է միայն, եթե հետախուզման որոշում կայացրած անձից կամ մարմնից, կամ արդարադատության նախարարությունից ստացել է անձի հետախուզման վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն:
2. Նոտարական գործողությունների կատարման մերժման հիմքերի առկայության դեպքում դիմողի պահանջով նոտարը կայացնում է մերժման գրավոր որոշում, որում նշվում են մերժման իրավական հիմքերը և բողոքարկման կարգը: Նոտարական գործողության մերժման մասին որոշման մեկ օրինակը հանձնվում է նոտարական գործողությունների կատարման համար դիմած անձանց:
Եթե ներկայացված փաստաթղթերը լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտություն չունեն, ապա նոտարը նոտարական գործողությունը մերժելու մասին որոշումը կայացնում է իրեն դիմելու օրը կամ դիմումը ներկայացնելու հաջորդ օրը: Ներկայացված փաստաթղթերը լրացուցիչ ուսումնասիրելու անհրաժեշտության դեպքում նոտարը նոտարական գործողությունը մերժելու մասին որոշում է կայացնում մինչև դիմելու օրվան հաջորդող հինգերորդ օրը:
(43-րդ հոդվածը խմբ. 30.05.2019 ՀՕ-26-Ն)
Հոդված 44. |
Փաստաթղթերը պահպանելը և տրամադրելը |
1. Նոտարական ակտերի բնօրինակները պահպանվում են դրանք վավերացրած նոտարի մոտ: Նոտարական գործողությունների կատարումից հետո, կողմերի դիմումի համաձայն, նրանց տրամադրվում են փաստաթղթերի կրկնօրինակները կամ դրանցից քաղվածքներ, որոնք ունեն բնօրինակին հավասար իրավաբանական ուժ:
2. Փաստաթղթի կրկնօրինակը կամ քաղվածքը պետք է համապատասխանի նրա բնօրինակին նաև ուղղագրական, կետադրական, բառերի կրճատման առումով: Նոտարը փաստաթղթից քաղվածքը տալիս է, եթե փաստաթղթի մնացած մասը չի հակասում քաղվածքի բովանդակությանը:
3. Նոտարը պարտավոր է ֆիզիկական անձանց կամ կազմակերպությունների գրավոր խնդրանքով, որոնց անունից կամ ի շահ որոնց կատարվել են նոտարական գործողությունները, քաղվածքներ տալ նոտարական գրանցամատյանից:
4. Կատարված նոտարական գործողությանն առնչվող նախաքննության կամ դատաքննության մեջ գտնվող քրեական կամ քաղաքացիական գործերի առնչությամբ նոտարը դատախազի, դատարանի, քննիչի կամ նախաքննության մարմնի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով տրված գրավոր պահանջի հիման վրա նրանց տալիս է նոտարական ակտի կրկնօրինակը կամ քաղվածք նոտարական գրանցամատյանից: Օրենքով նախատեսված դեպքերում նոտարը փաստաթղթի բնօրինակը պարտավոր է հանձնել նշված անձանց, ովքեր նոտարին ստորագրություն են տալիս փաստաթղթի ստացման մասին: Այս դեպքում նոտարը պարտավոր է իր մոտ պահել հանձնված փաստաթղթի պատճենը, որի վրա կատարում է գրառում, որ փաստաթղթի բնօրինակը գտնվում է համապատասխան մարմնում` նշելով տրամադրման ամսաթիվը: Կրկնօրինակին կցվում է նաև փաստաթղթի բնօրինակը պահանջելու մասին որոշումը:
Համապատասխան գործի վարույթն ավարտելուց կամ փաստաթղթի բնօրինակից օգտվելու անհրաժեշտությունը դադարելուց հետո՝ եռօրյա ժամկետում, դատարանը կամ փաստաթղթի բնօրինակը պահանջած մարմինը պարտավոր է նոտարին վերադարձնել բնօրինակը:
5. Իրենց իրավասության սահմաններում նոտարական գործողությունների կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու իրավունք ունեցող մարմինների գրավոր պահանջով նոտարը նրանց տալիս է նոտարական ակտը կամ դրա կրկնօրինակը կամ քաղվածք նոտարական գրանցամատյանից:
6. Նոտարական գործից փաստաթղթեր հանելն արգելվում է, բացառությամբ`
1) օրենսդրությամբ սահմանված կարգով գործարքը կամ նոտարական գործողությունն անվավեր ճանաչվելու դեպքերի, եթե այդ կապակցությամբ կողմերին վերադարձվելու են նրանց ներկայացրած փաստաթղթերի իսկական օրինակները: Այս դեպքում նոտարական գործում կարվում է վերադարձվող փաստաթղթի պատճենը, ինչպես նաև գործարքը կամ նոտարական գործողությունն անվավեր ճանաչելու մասին փաստաթուղթը կամ դրա պատճենը.
2) նոտարական գործում գտնվող փաստաթուղթն օրենքով սահմանված կարգով փորձաքննության ուղարկելու դեպքի, եթե դրա փորձաքննությունն անհնար է կատարել առանց փաստաթուղթն առանձնացնելու: Փաստաթղթի փորձաքննության ավարտից հետո դա պետք է կարվի նոտարական գործում:
Նոտարական գործից փաստաթուղթ հանելու կամ դա պատճենով փոխելու վերաբերյալ նոտարի կողմից կատարվում է գրառում նոտարական գործի կազմի վերջին էջի վրա կամ առանձին թղթի վրա, որը նույնպես կարվում է նոտարական գործի վերջում:
7. Նոտարական գործավարության կարգը սահմանում է արդարադատության նախարարը:
(44-րդ հոդվածը փոփ. 30.05.2019 ՀՕ-26-Ն)
Հոդված 45. |
Արցախի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների կողմից կատարվող նոտարական գործողությունները |
(վերնագիրը փոփ. 30.05.2019 ՀՕ-26-Ն)
1. Արցախի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկները կատարում են հետևյալ նոտարական գործողությունները.
1) վավերացնում են գործարքներ (պայմանագրեր, կտակներ, լիազորագրեր և այլն), բացառությամբ Արցախի Հանրապետության տարածքում գտնվող անշարժ գույքի վերաբերյալ կնքվող պայմանագրերի.
2) միջոցներ են ձեռք առնում ժառանգական գույքի պահպանության համար.
3) տալիս են ժառանգության իրավունքի վկայագրեր.
4) տալիս են ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով անձանց պատկանող գույքից հասանելիք բաժնի նկատմամբ սեփականության իրավունքի վկայագրեր.
5) վավերացնում են փաստաթղթերի պատճենների և դրանց քաղվածքների իսկությունը.
6) վավերացնում են փաստաթղթերի վրա եղած ստորագրությունների իսկությունը.
7) վավերացնում են փաստաթղթերի թարգմանության իսկությունը.
8) հաստատում են քաղաքացու ողջ լինելու փաստը.
9) հաստատում են քաղաքացու՝ որոշակի վայրում գտնվելու փաստը.
10) հաստատում են լուսանկարում պատկերված անձի և քաղաքացու նույնությունը.
11) հաստատում են փաստաթղթեր ներկայացնելու ժամանակը.
12) դեպոզիտ են ընդունում, պահպանում, հանձնում և վերադարձնում դրամական գումար և արժեթղթեր, թանկարժեք մետաղներ, քարեր և տալիս է վկայագիր.
13) ի պահ են ընդունում փաստաթղթեր.
14) հավատարմագրային կառավարման են հանձնում ժառանգական գույքը.
15) տալիս են կտակակատարի լիազորությունների հավաստման վկայագրեր.
16) բոլոր ժառանգների համաձայնությամբ չեղյալ են համարում նախկինում տրված ժառանգության իրավունքի վկայագրերը.
17) տալիս են նոտարական ակտերի կրկնօրինակներ:
2. Արցախի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների անունից նոտարական գործողությունները կատարում են նրանց ղեկավարները:
3. Արցախի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկները նոտարական գործողությունները կատարում են սույն օրենքով և դրա համաձայն ընդունված իրավական այլ ակտերով սահմանված կարգով:
(45-րդ հոդվածը լրաց., փոփ. 30.05.2019 ՀՕ-26-Ն)
Գ Լ Ո Ւ Խ 5
ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՎԱՎԵՐԱՑՈՒՄԸ
Հոդված 46. |
Նոտարական կարգով վավերացվող գործարքները |
1. Նոտարը վավերացնում է այն գործարքները, որոնց համար օրենքով նախատեսված է պարտադիր նոտարական ձև:
Կողմերից մեկի պահանջով նոտարը կարող է վավերացնել և այլ գործարքներ, անգամ, եթե օրենքով տվյալ տեսակի գործարքի համար նոտարական ձև չի պահանջվում:
2. Գործարքներում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու կամ դրանք վաղակետ լուծելու վերաբերյալ գործարքները վավերացնում է հիմնական գործարքը վավերացրած նոտարը, բացառությամբ նոտարին փոխարինելու և պաշտոնից ազատելու դեպքերի:
Նոտարի բացակայության դեպքում սույն կետով նախատեսված նոտարական գործողությունը կատարում է նոտարին փոխարինողը:
3. Նոտարը պետք է կողմերից պահանջի ներկայացնել տվյալ գործարքը վավերացնելու համար սույն օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթեր, ներառյալ՝ ապացույցներ, որ գույքը կամ դրա նկատմամբ իրավունքը պատկանում է այն տնօրինող (օտարող, գրավ դնող, օգտագործման կամ հավատարմագրային կառավարման հանձնող և այլն) անձին:
(46-րդ հոդվածը խմբ. 30.05.2019 ՀՕ-26-Ն)
Հոդված 47. |
Կտակի վավերացումը |
1. Նոտարը վավերացնում է գործունակ անձանց կտակները:
2. Ներկայացուցիչների միջոցով կտակների վավերացում չի թույլատրվում:
3. Կտակը վավերացնելիս կտակարարից կտակվող գույքի նկատմամբ նրա սեփականության կամ այլ իրավունքը հաստատող ապացույցներ չեն պահանջվում:
4. Կտակը կարող է վերացվել կամ փոփոխվել կտակարարի կողմից՝ համապատասխան դիմում տալու կամ նոր կտակ կազմելու ձևով: Կտակում փոփոխություններ ու լրացումներ կատարելու, ինչպես նաև կտակը վերացնելու մասին դիմումը վավերացնում է հիմնական կտակը վավերացրած նոտարը, բացառությամբ նոտարին փոխարինելու և պաշտոնից ազատելու դեպքերի:
4.1. Նոտարին փոխարինելու դեպքում սույն հոդվածի 4-րդ կետով նախատեսված նոտարական գործողությունը կատարում է նոտարին փոխարինողը:
5. Կտակը վերացնելու մասին դիմում ստանալու, ինչպես նաև կտակը վերացնող կամ փոփոխող նոր կտակ ստանալու դեպքում նոտարն այդ մասին նշում է անում նոտարական գրասենյակում պահվող կտակի օրինակի վրա և նոտարական գործողությունների գրանցամատյանում: Կտակը վերացնելու կամ փոփոխելու մասին դիմումը վավերացվում է կտակի վավերացման համար սահմանված կարգով:
6. Կտակը նոտարը վավերացնում է Քաղաքացիական օրենսգրքով և սույն օրենքով նախատեսված կարգով:
7. Նոտարը ժառանգության բացման մասին տեղեկանալու պահից ծանուցում է ժառանգներին կտակի առկայության մասին:
(47-րդ հոդվածը խմբ., լրաց. 30.05.2019 ՀՕ-26-Ն)
Հոդված 48. |
Լիազորագրի վավերացումը |
1. Նոտարը վավերացնում է լիազորագիրը մեկ կամ մի քանի անձանց անունից մեկ կամ մի քանի անձանց անունով:
2. Վերալիազորման իրավունքով տրված լիազորագիրը ենթակա է նոտարական վավերացման՝ օրենքով սահմանված կարգով: Վերալիազորագրման իրավունքով տրված լիազորագիրը նոտարը վավերացնում է հիմնական լիազորագիրը ներկայացնելու դեպքում: Վերալիազորման իրավունքով տրված լիազորագիրը չի կարող ներառել հիմնական լիազորագրով վերապահվածից ավելի իրավունքներ: Վերալիազորման իրավունքով տրված լիազորագրի գործողության ժամկետը չի կարող գերազանցել հիմնական լիազորագրի գործողության ժամկետը:
3. Լիազորագրում լիազորությունները պետք է շարադրված լինեն պարզ և հստակ: Չպետք է վավերացվեն անդեմ կամ երկիմաստ լիազորություններ:
4. Նոտարի կողմից վավերացվող կամ հաստատվող հայտարարությունների և (կամ) համաձայնությունների նկատմամբ կիրառվում են լիազորագրերի համար սահմանված կարգն ու պայմանները:
Գ Լ Ո Ւ Խ 6
ՆՈՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ ԺԱՌԱՆԳԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՁԵՌՆԱՐԿՎՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԸ
Հոդված 49. |
Ժառանգական գույքը պահպանելը |
1. Ժառանգների, շահառուների և այլ շահագրգիռ անձանց իրավունքների պաշտպանության համար ժառանգության բացման վայրն սպասարկող նոտարը ձեռնարկում է Քաղաքացիական օրենսգրքով և սույն օրենքով սահմանված և ժառանգությունը պահպանելու ու կառավարելու համար անհրաժեշտ միջոցներ:
2. Ժառանգական գույքը պահպանելու և կառավարելու միջոցները նոտարը ձեռնարկում է ժառանգի, կտակակատարի, պարտատիրոջ, տեղական ինքնակառավարման մարմնի կամ ժառանգական գույքի պահպանման շահերից հանդես եկող այլ անձանց դիմումի հիման վրա:
Անհրաժեշտության դեպքում նոտարն իրավունք ունի իր նախաձեռնությամբ միջոցներ ձեռնարկել ժառանգական գույքը պահպանելու կամ կառավարելու համար:
Հոդված 50. |
Ժառանգության զանգվածի գույքագրումը |
1. Ժառանգական գույքի պահպանության նպատակով նոտարն օրենքով սահմանված կարգով գույքագրում և կառավարում է ժառանգության զանգվածը:
Ժառանգության զանգվածի գույքագրումը կատարվում է այդ գործողությանը մասնակցել ցանկացող շահագրգիռ անձանց և երկուսից ոչ պակաս վկայի մասնակցությամբ:
2. Գույքագրման արձանագրությունում պետք է նշվեն ժառանգության զանգվածի պահպանության ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու մասին դիմումը (հաղորդումը) ստանալու ամսաթիվը, գույքագրման ամսաթիվը, գույքագրմանը մասնակցող անձանց անունները, ազգանունները, բնակության վայրերը, ժառանգատուի անունը, ազգանունը, հայրանունը, նրա մահվան օրը, գույքագրվող զանգվածի գտնվելու վայրը, տեղեկատվություն այն մասին, թե արդյոք ժառանգատուին պատկանող բնակարանը, շենքը կամ այլ շինությունը կնքված են եղել մինչև նոտարի ներկայանալը և ում կողմից, չի խախտվել արդյոք կապարակնիքը կամ կնիքը, նաև գույքագրվող առարկաների մանրամասն նկարագիրը, դրանցից յուրաքանչյուրի գնահատման և մաշվածության աստիճանը:
Գույքագրվող գույքի գնահատման համար նոտարն իր նախաձեռնությամբ կամ գույքագրման մասնակիցների պահանջով իրավունք ունի հրավիրել գույքը գնահատող մասնագետ:
Արձանագրության յուրաքանչյուր էջի վերջում նշվում է գույքագրված առարկաների քանակային հանրագումարը, իսկ գույքագրումն ավարտելուց հետո` առարկաների ընդհանուր քանակային հանրագումարը:
3. Գույքագրման արձանագրության մեջ մտցվում է ժառանգատուի բնակարանում, շենքում կամ այլ շինությունում գտնվող ամբողջ գույքը: Առանձին առարկաների` ժառանգատուին պատկանելու մասին հարևանների, հարազատների և այլ անձանց հայտարարությունները նույնպես մտցվում են գույքագրման արձանագրության մեջ, իսկ շահագրգիռ անձանց բացատրվում է այդ գույքը գույքագրումից հանելու մասին հայցադիմումով դատարան դիմելու կարգը:
4. Եթե գույքի գույքագրումն ընդհատվում կամ շարունակվում է մի քանի օր, ապա բնակարանը, շենքը կամ այլ շինությունը յուրաքանչյուր անգամ կնքում է նոտարը: Գույքագրման արձանագրությունում նշվում է գույքագրումը դադարեցնելու և վերսկսելու պատճառների ու ժամանակի մասին, ինչպես նաև բնակարանի, շենքի կամ այլ շինության հետագա բացումների ժամանակ կապարակնիքի և կնիքի վիճակի մասին:
5. Արձանագրության վերջում նշվում է այն քաղաքացու ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան թիվը և բնակության վայրը, որի պահպանությանը հանձնված է գույքը, նրա անձը հաստատող փաստաթղթի անվանումը, համարը, երբ և ում կողմից է տրված այդ փաստաթուղթը:
6. Արձանագրությունը կազմվում է ոչ պակաս, քան երեք օրինակից: Բոլոր օրինակներն ստորագրում են նոտարը, շահագրգիռ անձինք, վկաները, գույքը գնահատողը (հրավիրված լինելու դեպքում) և այն անձը, որն ի պահ է ընդունել գույքը:
7. Եթե հնարավոր չէ ժառանգության զանգվածի պահպանության ուղղությամբ միջոցներ ձեռնարկել (ժառանգատուի հետ ապրող ժառանգները կամ այլ անձինք առարկում են գույքագրման դեմ, ժառանգության զանգվածը գույքագրման չեն ներկայացնում, կամ այն դուրս է հանված և այլն), ապա նոտարը կազմում է համապատասխան արձանագրություն և այդ մասին հայտնում է շահագրգիռ անձանց և արդարադատության նախարարություն:
8. Եթե ժառանգական գույքը գտնվում է տարբեր վայրերում, ապա ժառանգության բացման վայրի նոտարը ժառանգական գույքի համապատասխան մասի գտնվելու վայրի նոտարին ժառանգությունը պահպանելու կամ կառավարելու վերաբերյալ պարտադիր կատարման ենթակա հանձնարարություն է ուղարկում՝ այդ մասին տեղեկացնելով արդարադատության նախարարությանը:
Հոդված 51. |
Նոտարի կողմից ժառանգության զանգվածը պահպանելու միջոցներ ձեռնարկելը |
1. Ժառանգության զանգվածի մեջ մտնող կանխիկ դրամը կամ օտարերկրյա արժույթը մուծվում է նոտարական գրասենյակի դեպոզիտ, իսկ արժույթը, թանկարժեք քարերից կամ մետաղներից պատրաստված գույքը պահատվության համար հանձնվում են բանկ` Քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:
2. Ժառանգության զանգվածի մեջ մտնող այն գույքի պահպանությունը, որը կարող է շրջանառության մեջ գտնվել թույլտվությամբ կամ լիցենզիայով, նոտարն իրականացնում է համապատասխան գույքի մասին օրենսդրությամբ սահմանված կարգով:
3. Ժառանգության զանգվածի մեջ մտնող սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերում չնշված գույքը, եթե այն կառավարման կարիք չունի, նոտարը պահատվության պայմանագրով հանձնում է ժառանգներից մեկին, իսկ ժառանգներին հանձնելու անհնարինության դեպքում` մասնագիտացված կազմակերպությանը:
4. Եթե ժառանգության զանգվածում առկա է ոչ միայն պահպանելու, այլ նաև կառավարելու կարիք ունեցող գույք (տնտեսական ընկերակցության կամ ընկերության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի բաժնեմաս, արժեթղթեր, բացառիկ իրավունքներ և այլն), ապա նոտարը՝ որպես հավատարմագրային կառավարման հիմնադիր, կնքում է այդ գույքի հավատարմագրային կառավարման պայմանագիր:
5. Կառավարիչը, ժառանգները կամ այլ անձինք, որոնց հանձնվել է ժառանգական զանգվածի մեջ մտնող գույք, նախազգուշացվում են ժառանգական գույքը վատնելու, փչացնելու, թաքցնելու, օտարելու և ժառանգներին վնաս պատճառելու համար օրենքով նախատեսված պատասխանատվության մասին:
Հոդված 52. |
Ժառանգների պատասխանատվության ապահովման միջոցներ կիրառելը |
1. Ժառանգները, ժառանգության իրավունքի վկայագիրն ստանալուց հետո, իրենց անցած գույքի արժեքի սահմաններում հատուցում են Քաղաքացիական օրենսգրքով նախատեսված ծախսերը:
2. Ինչպես անմիջապես ժառանգության բացման, այնպես էլ ժառանգության ընդունման իրավունքի փոխանցման դեպքում ժառանգություն ստացած ժառանգը պատասխանատվություն է կրում այդ երկու հիմքերով ստացված գույքի արժեքի սահմաններում:
Իրենց անցած ժառանգության գույքի արժեքի սահմաններում ժառանգները կրում են համապարտ պատասխանատվություն:
3. Սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված ծախսերի վճարումն ապահովելու նպատակով նոտարն արգելանք է դնում ժառանգների կողմից որպես ժառանգություն ստացած համապատասխան գույքի վրա` այդ մասին հայտնելով ժառանգներին, նրանց պարտատերերին ու իրավասու պետական մարմիններին: Սույն կետով նշված գույքը կարող է արգելանքից հանվել միայն բոլոր պարտատերերի համաձայնությամբ կամ ժառանգների կողմից սույն հոդվածի 1-ին կետով նշված պարտավորությունների կատարման դեպքում:
Գ Լ Ո Ւ Խ 7
ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԿԱՅԱԳԻՐ ՏԱԼԸ
Հոդված 53. |
Ժառանգության իրավունքի վկայագիրը |
1. Ժառանգության իրավունքի վկայագիրը ժառանգներին տրվում է ժառանգության բացման վայրի նոտարին ներկայացված գրավոր դիմումի հիման վրա՝ Քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետում:
2. Ժառանգության ընդունման ժամկետը բաց թողած ժառանգը կարող է ժառանգությունն ընդունել ժառանգությունն ընդունած մյուս բոլոր ժառանգների համաձայնությամբ, որը պետք է ներկայացվի գրավոր: Ժառանգների նման համաձայնությունը հիմք է նոտարի՝ նախկինում տված ժառանգության վկայագիրը չեղյալ համարելու և նոր վկայագիր տալու համար:
3. Գույքը ժառանգության իրավունքով համայնքին անցնելու դեպքում ժառանգության իրավունքի վկայագիրը տրվում է համայնքին` ի դեմս ղեկավարի:
4. Նախկինում տրված ժառանգության իրավունքի վկայագիրը բոլոր ժառանգների համաձայնությամբ չեղյալ է համարում ժառանգության իրավունքի վկայագիր տված նոտարը, բացառությամբ նոտարին փոխարինելու և պաշտոնից ազատելու դեպքերի:
(53-րդ հոդվածը փոփ., լրաց. 30.05.2019 ՀՕ-26-Ն)
Հոդված 54. |
Ըստ օրենքի և ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագրեր տալու պայմանները |
1. Ըստ օրենքի կամ ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագրեր տալու դեպքում նոտարն ստուգում է ժառանգատուի մահվան փաստը, ժառանգության բացման ժամանակը և վայրը, ազգակցական հարաբերությունները կամ կտակի առկայությունը, ժառանգության զանգվածի կազմը:
2. Մինչև ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիր տալը նոտարը պարզում է նաև ժառանգությունում պարտադիր բաժնի իրավունք ունեցող անձանց շրջանակը` նախազգուշացնելով ըստ կտակի ժառանգներին օրինական ժառանգների գոյությունը թաքցնելու համար պատասխանատվության մասին:
3. Եթե մեկ կամ մի քանի ժառանգներ զրկված են օրինական ժառանգության իրավունք տվող ազգակցական կապի մասին ապացույցներ ներկայացնելու հնարավորությունից, ապա նրանք կարող են ներառվել ժառանգության իրավունքի վկայագրում՝ մնացած բոլոր ժառանգների գրավոր համաձայնությամբ, իսկ համաձայնության բացակայության դեպքում՝ դատական կարգով:
Գ Լ Ո Ւ Խ 8
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՄԱՏԵՂ ԿԱՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱԺՆԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ ԳՏՆՎՈՂ ԳՈՒՅՔԻՑ ՀԱՍԱՆԵԼԻՔ ԲԱԺՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԿԱՅԱԳՐԵՐ ՏԱԼԸ
Հոդված 55. |
Ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականության ներքո գտնվող գույքը բաժանելը կամ դրանից բաժինն առանձնացնելը |
1. Ընդհանուր համատեղ սեփականության մասնակիցների միջև ընդհանուր գույքը բաժանվում կամ նրանցից մեկի բաժինն առանձնացվում է ընդհանուր գույքի նկատմամբ իրավունք ունեցող մասնակիցներից յուրաքանչյուրի բաժինը նախապես որոշելուց հետո:
Բաժնային սեփականության ներքո գտնվող գույքը կարող է դրա մասնակիցների միջև բաժանվել նրանց համաձայնությամբ:
2. Նոտարը վավերացնում է ընդհանուր համատեղ կամ բաժնային սեփականության բոլոր մասնակիցների կողմից կնքված համատեղ կամ բաժնային սեփականություն հանդիսացող գույքը բաժանելու կամ բաժինն առանձնացնելու մասին համաձայնագիրը և դրա հիման վրա տալիս է նրանց պատկանող ընդհանուր կամ բաժնային գույքի համապատասխան բաժնի կամ մասի նկատմամբ սեփականության իրավունքի վկայագրեր:
3. Սեփականության իրավունքի վկայագիր տրվում է միայն այն գույքի նկատմամբ, որը հանդիսանում է համատեղ կամ բաժնային սեփականության մասնակիցների համատեղ կամ բաժնային սեփականությունը, և որն առկա է համաձայնագիրը վավերացնելու և վկայագիր տալու օրը:
4. Ընդհանուր համատեղ սեփականության մասնակիցներից մեկի մահվան դեպքում նրանց ընդհանուր գույքից հասանելիք բաժնի նկատմամբ ժառանգության բացման վայրի նոտարական գրասենյակը սեփականության իրավունքի վկայագիր է տալիս ողջ մնացած մասնակցին կամ մասնակիցներին նրանց բոլորի գրավոր դիմումի հիման վրա` այդ մասին իրազեկ դարձնելով ժառանգությունն ընդունած ժառանգներին:
Ծանուցագրի մեջ նշվում է ընդհանուր գույքի կազմը, որի բաժնի նկատմամբ ողջ մնացած մասնակիցը խնդրում է տալ սեփականության իրավունքի վկայագիր, ինչպես նաև պարզաբանվում են ողջ մնացած մասնակիցների (մասնակցի) գույքային պահանջները՝ ժառանգի կողմից վիճարկելու դեպքում դատարան դիմելու իրավունքը:
5. Ընդհանուր համատեղ սեփականության ողջ մնացած մասնակիցների համաձայնությամբ նոտարը կարող է տալ ընդհանուր գույքի` մահացած մասնակցի բաժնի չափի մասին սեփականության իրավունքի վկայագիր:
6. Եթե գույքի նկատմամբ իրավունքը ենթակա է պետական գրանցման, ապա նոտարի կողմից վավերացված համատեղ կամ բաժնային սեփականություն հանդիսացող գույքը բաժանելու կամ բաժինն առանձնացնելու մասին համաձայնագրով կամ նոտարի կողմից տրված սեփականության իրավունքի վկայագրով նախատեսված իրավունքները ծագում են դրանց պետական գրանցման պահից:
Գ Լ Ո Ւ Խ 9
ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՏՃԵՆՆԵՐԻ ԿԱՄ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՔԱՂՎԱԾՔՆԵՐԻ ԻՍԿՈՒԹՅԱՆ ՎԱՎԵՐԱՑՈՒՄԸ
Հոդված 56. |
Փաստաթղթերի պատճենների կամ փաստաթղթերի քաղվածքների իսկության վավերացումը |
1. Նոտարը վավերացնում է կազմակերպությունների կողմից տրված, սահմանված կարգով կնքված կամ ստորագրված կամ ֆիզիկական անձանց կողմից ստորագրված բոլոր փաստաթղթերի պատճենների կամ դրանց քաղվածքների համապատասխանությունը բնօրինակին, եթե դա արգելված չէ օրենքով:
2. Քաղվածքի ճշտությունը կարող է վավերացվել միայն այն ժամանակ, երբ այն փաստաթուղթը, որից քաղվածք է հանվում, ներառում է մի քանի առանձին` միմյանց հետ կապ չունեցող հարցերի լուծում: Փաստաթղթի քաղվածքը պետք է վերարտադրի որոշակի հարցի վերաբերյալ փաստաթղթի լրիվ տեքստը:
3. Պատճենը պետք է համապատասխանի բնօրինակին` ուղղագրության, կետադրության, բառերի կրճատման առումով:
4. Օտար լեզվով կազմված փաստաթղթի պատճենը վավերացվում է միայն, եթե նոտարը տիրապետում է տվյալ օտար լեզվին: Եթե նոտարը չի տիրապետում համապատասխան օտար լեզվին, ապա օտար լեզվով կազմված փաստաթղթի պատճենը կարող է վավերացվել միայն այդ փաստաթղթի թարգմանությունը սույն օրենքով սահմանված կարգով վավերացվելուց հետո:
5. Ֆիզիկական անձի կողմից տրված փաստաթղթի պատճենի իսկությունը նոտարը վավերացնում է այն դեպքում, եթե փաստաթղթի վրա եղած ֆիզիկական անձի ստորագրության իսկությունը վավերացրել է նոտարը:
6. Նոտարը, վավերացնելով փաստաթղթի պատճենի իսկությունը, չի հավաստում կամ հաստատում փաստաթղթում շարադրված փաստերը, այլ սոսկ հաստատում է, որ փաստաթղթի պատճենը համապատասխանում է բնօրինակին:
Հոդված 57. |
Փաստաթղթի պատճենից հանված պատճենի իսկության վավերացումը |
Նոտարը փաստաթղթի պատճենից հանված պատճենի իսկությունը վավերացնում է պայմանով, եթե պատճենի իսկությունը վավերացված է նոտարական կարգով կամ, եթե փաստաթղթի պատճենը տվել է այն կազմակերպությունը, որը տվել է իսկական փաստաթուղթը: Վերջին դեպքում փաստաթղթի պատճենը պետք է շարադրված լինի տվյալ կազմակերպության ձևաթղթի վրա, կնիքի դրոշմամբ և նշումով այն մասին, որ իսկական փաստաթուղթը գտնվում է նրանց մոտ:
Գ Լ Ո Ւ Խ 10
ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՎՐԱ ԵՂԱԾ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՍԿՈՒԹՅԱՆ ՎԱՎԵՐԱՑՈՒՄԸ
Հոդված 58. |
Փաստաթղթերի վրա եղած ստորագրությունների իսկության վավերացումը |
1. Նոտարը վավերացնում է այն բոլոր փաստաթղթերի վրա եղած ֆիզիկական անձանց ստորագրությունների իսկությունը, որոնք չունեն գործարքի բնույթ:
2. Նոտարը, վավերացնելով ֆիզիկական անձի ստորագրության իսկությունը, չի հավաստում կամ հաստատում փաստաթղթում շարադրված փաստերը, այլ սոսկ հաստատում է, որ ստորագրությունը կատարել է որոշակի անձ:
Գ Լ Ո Ւ Խ 11
ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՆ ԻՍԿՈՒԹՅԱՆ ՎԱՎԵՐԱՑՈՒՄԸ
Հոդված 59. |
Փաստաթղթերի թարգմանության իսկության վավերացումը |
1. Նոտարը վավերացնում է փաստաթղթի թարգմանության իսկությունը, եթե նա տիրապետում է համապատասխան լեզուներին: Եթե նա չի տիրապետում համապատասխան լեզուներին, փաստաթուղթը թարգմանում է նոտարի կողմից վստահված թարգմանիչը, որի ստորագրության իսկությունը վավերացնում է նոտարը:
2. Նոտարը, վավերացնելով թարգմանության իսկությունը կամ թարգմանչի ստորագրության իսկությունը, չի հավաստում կամ հաստատում փաստաթղթում շարադրված փաստերը, այլ սոսկ հաստատում է, որ փաստաթղթի թարգմանության բովանդակությունը համապատասխանում է նրա բնօրինակի բովանդակությանը:
Գ Լ Ո Ւ Խ 12
ՔԱՂԱՔԱՑՈՒ՝ ՈՐՈՇԱԿԻ ՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎԵԼՈՒ ԵՎ ՈՂՋ ԼԻՆԵԼՈՒ ՓԱՍՏԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԼՈՒՍԱՆԿԱՐՈՒՄ ՊԱՏԿԵՐՎԱԾ ԱՆՁԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՆՈՒՅՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ
Հոդված 60. |
Քաղաքացու` որոշակի վայրում գտնվելու փաստի հաստատումը |
1. Նոտարը քաղաքացու դիմումով հաստատում է նրա` որոշակի վայրում գտնվելու փաստը և տալիս է վկայագիր:
2. Անգործունակ ճանաչված անձի` որոշակի վայրում գտնվելու փաստը հաստատվում է նրա օրինական ներկայացուցիչների (ծնողների, որդեգրողների, խնամակալի), ինչպես նաև այն կազմակերպությունների դիմումի հիման վրա, որոնց խնամքի տակ է անգործունակը:
(60-րդ հոդվածը խմբ. 30.05.2019 ՀՕ-26-Ն)
Հոդված 61. |
Անձի ողջ լինելու փաստը հաստատելը |
Նոտարը կարող է հաստատել, որ անձը ողջ է, եթե նա անձամբ ներկայացել է նոտարին, կամ որի մոտ անձամբ գնացել է նոտարը: Նոտարը ստուգում է անձի ինքնությունը և հաստատում նրա ողջ լինելու փաստը:
Անձի ողջ լինելու փաստը հաստատող փաստաթղթում նշվում են անձի ազգանունը, անունն ու հայրանունը (անձը հաստատող փաստաթղթում՝ դրա առկայության դեպքում), նրա ծննդյան տարին, ամիսը, օրը, վայրը, բնակության վայրը, փաստի հաստատման տարին, ամիսը, օրը, ժամը, անձի գտնվելու վայրը, ինչպես նաև սույն օրենքով նախատեսված այլ տեղեկություններ:
Հոդված 62. |
Քաղաքացու նույնության հաստատումը լուսանկարում պատկերված անձի հետ |
Նոտարը հաստատում է քաղաքացու նույնությունը լուսանկարում պատկերված անձի հետ:
Գ Լ Ո Ւ Խ 13
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԴԻՄՈՒՄՆԵՐԸ, ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՆ ԱՅԼ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՓՈԽԱՆՑԵԼԸ
Հոդված 63. |
Դիմումները, հայտարարությունները կամ այլ փաստաթղթերը փոխանցելը |
1. Նոտարը կազմակերպությունների կամ ֆիզիկական անձանց դիմումները, հայտարարությունները կամ այլ փաստաթղթերը փոխանցում է այլ կազմակերպություններ կամ ֆիզիկական անձանց` ստորագրությամբ, կամ ուղարկում է նրանց փոստով` հետադարձ տեղեկացմամբ:
2. Դիմումները, հայտարարությունները կամ այլ փաստաթղթերը դրանք ներկայացրած անձանց համաձայնությամբ կարող են փոխանցվել ֆաքսով, համակարգչային ցանցերի և տեխնիկական, էլեկտրոնային կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ առձեռն: Դիմումների, հայտարարությունների կամ այլ փաստաթղթերի փոխանցման հետ կապված ծախսերը վճարում է այն անձը, որի խնդրանքով դիմումը, հայտարարությունը կամ այլ փաստաթուղթը փոխանցվում է:
3. Դիմումները, հայտարարությունները կամ այլ փաստաթղթերը տված անձի պահանջով նրան համապատասխան տեղեկատվություն է տրվում դիմումի, հայտարարության կամ այլ փաստաթղթի փոխանցման մասին:
Գ Լ Ո Ւ Խ 14
ԴՐԱՄԱԿԱՆ ԳՈՒՄԱՐՆԵՐ ԵՎ ԱՐԺԵԹՂԹԵՐ ԴԵՊՈԶԻՏ ԸՆԴՈՒՆԵԼԸ, ՊԱՀՊԱՆԵԼԸ, ՀԱՆՁՆԵԼԸ ԵՎ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼԸ
Հոդված 64. |
Դրամական գումարներ և արժեթղթեր դեպոզիտ ընդունելը, պահպանելը և վերադարձնելը |
1. Օրենքով նախատեսված դեպքերում նոտարը պարտավորությունների կատարման նպատակով պարտապաններից, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում դեպոզիտ է ընդունում դրամական գումարներ (Հայաստանի Հանրապետության դրամ կամ օտարերկրյա արժույթ) կամ արժեթղթեր` դրանք պարտատիրոջը հանձնելու նպատակով: Պարտապաններից պարտավորությունների կատարման համար դրամական գումարներ կամ արժեթղթեր դեպոզիտ ընդունելիս նոտարը պահանջում է, որպեսզի դեպոզիտ հանձնող անձը (պարտապանը) իր դիմումում, բացի իր անունից (անվանումից) ու բնակության վայրից (գտնվելու վայրից), հստակ նշի նաև դեպոզիտ ստանալու լիազորություն ունեցող անձին և դրամը կամ արժեթղթերը որպես դեպոզիտ պահպանելու ժամկետները: Դրամը կամ արժեթղթերը դեպոզիտ հանձնած անձն իր դիմումով կարող է փոփոխություն կամ լրացում կատարել դեպոզիտի պայմանների մեջ: Դեպոզիտ հանձնած անձի դիմումով դեպոզիտը կարող է դադարել:
2. Նոտարը ծանուցում է պարտատիրոջը դրամական գումարների կամ արժեթղթերի մուտքի մասին և դրանք հանձնում է պարտատիրոջը` նրա դիմումով:
3. Դրամական գումարները կամ արժեթղթերը կարող են վերադարձվել դրանք դեպոզիտ հանձնած անձին միայն այն անձի համաձայնությամբ, հօգուտ որի կատարվել է վճարը, կամ դատարանի վճռով:
Հոդված 65. |
Դրամը կամ այլ արժեթղթերը պահպանելը |
1. Նոտարը պարտավոր է պահպանել ստացված դրամը կամ արժեթղթերը: Նա հատուկ գրանցամատյանում գրանցում է իրեն հանձնված դրամը կամ արժեթղթերը, որտեղ նշում է հանձնված դրամի գումարի չափը, այլ արժեթղթերի քանակը և արժեքը, դրանք հանձնողի ազգանունը, հանձնման ժամկետը և նպատակը, այն պարտավորությունը, որի կատարման համար հանձնվել է դրամը կամ արժեթղթերը:
2. Նոտարն առանց հաստատման փոխանցում է դրամը կամ արժեթղթերը այն մարմնին կամ անձին, ում համար նախատեսված է այդ փոխանցումը` ստանալով փոխանցման համար անդորրագիր:
Հոդված 66. |
Դրամի և արժեթղթերի հանձնման անհնարինությունը |
Եթե նոտարն օբյեկտիվ պատճառներով նախատեսված ժամկետում չի կարող կատարել իրեն հանձնարարված փոխանցումը, ապա ստանալուց 15 օրվա ընթացքում նա պարտավոր է վերադարձնել դրանք, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա այն ի պահ հանձնել դատարանին կամ նոտարական գրասենյակի դեպոզիտի հաշվին` այդ մասին պատվիրված նամակով տեղեկացնելով դրամը և արժեթղթերը հանձնած անձին:
Հոդված 67. |
Դրամը և արժեթղթերը հանձնելու իրավաբանական հետևանքները |
1. Դրամը և արժեթղթերը նոտարին հանձնելը պարտավորության կատարում է:
2. Սույն օրենքի 64-66-րդ հոդվածներով նախատեսված կարգն իրականացվում է նաև այն դեպքում, երբ նոտարը, օրենքի համաձայն, ի պահ է ընդունում փաստաթղթեր, դրամ, արժեթղթեր, ժառանգական գույք կամ այլ առարկաներ:
Գ Լ Ո Ւ Խ 15
ՓԱՍՏԱԹՂԹԵՐՆ Ի ՊԱՀ ԸՆԴՈՒՆԵԼԸ
Հոդված 68. |
Փաստաթղթերն ի պահ ընդունելը |
1. Նոտարն իրավունք ունի ընդունել օրենքին չհակասող ցանկացած փաստաթուղթ, այդ թվում՝ էլեկտրոնային կրիչի վրա: Նոտարը փաստաթղթերն ի պահ է ընդունում ցուցակով: Ցուցակի մեկ օրինակը մնում է նոտարի մոտ, իսկ մյուս օրինակը տրվում է փաստաթղթերն ի պահ հանձնած անձին:
Փաստաթուղթն ի պահ է ընդունվում ոչ ավելի, քան մեկ տարի ժամկետով: Նշված ժամկետը լրանալուց հետո փաստաթուղթը հանձնողի դիմումով դրա պահելու ժամկետը յուրաքանչյուր անգամ կարող է երկարաձգվել ոչ ավելի, քան մեկ տարով:
2. Անձի պահանջով նոտարը կարող է փաստաթղթերն ի պահ ընդունել առանց ցուցակի, եթե այդ փաստաթղթերը փաթեթավորված են պատշաճ ձևով: Այդ դեպքում փաթեթը կնքվում է նոտարի կնիքով, ստորագրվում է նոտարի և փաստաթղթերն ի պահ հանձնող անձի կողմից: Նոտարը պատասխանատվություն է կրում փաթեթի պահպանության համար:
3. Փաստաթղթերն ի պահ հանձնած անձին տրվում է անդորրագիր:
Հոդված 69. |
Ի պահ ընդունած փաստաթղթերը վերադարձնելը և դրանցից քաղվածքներ տալը |
1. Ի պահ ընդունած փաստաթղթերը վերադարձվում են դրանք հանձնողին կամ օրինական կարգով լիազորված անձին՝ անդորրագիրը և ցուցակի օրինակը ներկայացնելու դեպքում կամ դատարանի որոշմամբ:
Փաստաթուղթը վերադարձվում է դրա հանձնողին սույն օրենքի 68-րդ հոդվածով նախատեսված պահելու ժամկետը լրանալու օրը՝ փաստաթուղթը հանձնողի կողմից տրված հասցեով: Այս դեպքում փաստաթուղթը վերադարձնելու հետ կապված նոտարի ծախսերը փոխհատուցում է դա հանձնողը:
Եթե նոտարի կողմից պահվող փաստաթղթի ժամկետը լրանալուց հետո նոտարը դա ուղարկել է փաստաթուղթը հանձնողի կողմից նշված հասցեով, սակայն ոչ նրա մեղքով այն հնարավոր չի եղել հանձնել դրա հանձնողին, ապա նոտարը պատասխանատվություն չի կրում այդ փաստաթղթի հետագա պահպանման համար:
2. Նոտարը պարտավոր է տալ պատճեններ, քաղվածքներ, տեղեկանքներ իր արխիվում պահվող փաստաթղթերի մասին` դրանց կազմելուն մասնակցած անձանց, նրանց ժառանգների պահանջով և հաշվին, ինչպես նաև դատարանի որոշմամբ:
Գ Լ Ո Ւ Խ 16
ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
Հոդված 70. |
Դատարանում կամ իրավապահ մարմիններում գործ հարուցելու նպատակով անհրաժեշտ ապացույցների ապահովումը |
1. Շահագրգիռ անձանց դիմումով նոտարը կատարում է ապացույցների ապահովում, որոնք կարող են անհրաժեշտ լինել դատարանում կամ իրավապահ մարմիններում գործ հարուցելու համար, եթե հիմքեր կան ենթադրելու, որ ապացույցներ ներկայացնելը հետագայում կարող է դժվարանալ կամ անհնարին դառնալ:
2. Նոտարն ապացույցներ չի ապահովում այնպիսի գործերով, որոնք գտնվում են դատարանի վարույթում:
Հոդված 71. |
Նոտարի գործողությունները ապացույցներն ապահովելիս |
1. Ապացույցների ապահովման նպատակով նոտարը հարցաքննում է վկաների, կատարում է գրավոր կամ իրեղեն ապացույցների զննում, նշանակում է փորձաքննություն, ինչպես նաև կատարում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված ապացույցների ապահովմանն ուղղված այլ գործողություններ:
2. Ապացույցների ապահովման դատավարական գործողություններ կատարելիս նոտարը ղեկավարվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմերով և օժտված է օրենսգրքով նախատեսված համապատասխան լիազորություններով:
3. Նոտարն ապացույցների ապահովման ժամանակի և տեղի մասին ծանուցում է կողմերին ու շահագրգիռ անձանց, սակայն նրանց չներկայանալը արգելք չէ ապացույցների ապահովման գործողություններ կատարելու համար:
Ապացույցների ապահովումն առանց կողմերի ու շահագրգիռ անձանց հրավիրման կարող է կատարվել միայն անհետաձգելի կամ այնպիսի դեպքում, երբ չի կարելի որոշել, թե հետագայում ով պետք է մասնակցի գործին:
4. Հրավիրված վկայի կամ փորձագետի չներկայանալու դեպքում նոտարն այդ մասին հաղորդում է վկայի կամ փորձագետի բնակության վայրի դատարան` համապատասխան միջոցներ ձեռք առնելու համար:
5. Նոտարը վկային և փորձագետին նախազգուշացնում է ակնհայտ սուտ ցուցմունք կամ եզրակացություն տալու և դրանք տալուց հրաժարվելու պատասխանատվության մասին:
Հոդված 72. |
Փաստաթուղթը ներկայացնելու ժամանակը հաստատելը |
1. Ժամանակը, երբ փաստաթուղթը ներկայացվել է նոտարին կամ նոտարի մասնակցությամբ այլ անձի, հաստատում է նոտարը:
2. Անձի պահանջով նոտարը պարզում է այն անձի ինքնությունը, որը ներկայացրել է փաստաթուղթը և փաստաթուղթը ստացողի ինքնությունը:
Գ Լ Ո Ւ Խ 16.1
(16.1-ին գլուխը լրաց. 30.05.2019 ՀՕ-26-Ն)
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՓԱՍՏԵՐ ՀԱՍՏԱՏԵԼԸ
Հոդված 72.1. |
Իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր հաստատելը |
1. Նոտարը հաստատում է այն փաստերը, որոնցից կախված են քաղաքացիների կամ իրավաբանական անձանց անձնական կամ գույքային իրավունքների ծագումը, փոփոխումը կամ դադարումը:
2. Նոտարը հաստատում է հետևյալ փաստերը`
1) անձանց ազգակցական հարաբերությունները.
2) անձի` ուրիշի խնամքի տակ լինելը.
3) ծննդյան, որդեգրման (դստերագրման), ամուսնության, ամուսնալուծության և մահվան գրանցումը.
4) ժառանգությունն ընդունելը և ժառանգության բացման վայրը.
5) իրավունք սահմանող փաստաթղթերի պատկանելությունը, բացառությամբ անձնագրի և զինվորական փաստաթղթերի.
6) սեփականության իրավունքով գույքի տիրապետումը.
7) անձանց բանավոր հայտարարությունները:
3. Նոտարը օրենքով նախատեսված դեպքերում հաստատում է իրավաբանական նշանակություն ունեցող այլ փաստեր:
4. Իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման վերաբերյալ դիմումում պետք է նշվի, թե ինչ նպատակի համար է դիմողին անհրաժեշտ տվյալ փաստի հաստատումը, ինչպես նաև բերվեն դիմողի կողմից պատշաճ փաստաթղթեր ստանալու կամ կորցրած փաստաթղթերը վերականգնելու անհնարինությունը հաստատող ապացույցներ:
5. Նոտարը իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատում է միայն այն դեպքում, եթե դիմողը հնարավորություն չունի այլ կարգով ստանալու այդ փաստը հավաստող պատշաճ փաստաթղթեր, կամ անհնար է վերականգնել կորցրած փաստաթղթերը:
6. Իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատելու վերաբերյալ նոտարական ակտը հիմք է համապատասխան մարմինների կողմից այդ փաստը գրանցելու կամ հաստատված փաստի կապակցությամբ ծագած իրավունքները ձևակերպելու համար:
7. Իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատելու վերաբերյալ նոտարական ակտը կարող է օգտագործվել միայն նոտարական ակտում նշված նպատակով։
8. Իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատելու վերաբերյալ նոտարական ակտը պետք է բովանդակի՝
1) սույն օրենքի 27.1-ին հոդվածի 2-րդ կետով սահմանված պայմանները.
2) իրավաբանական նշանակություն ունեցող փաստը, որը հաստատվում է տվյալ նոտարական ակտով.
3) իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատելու կամ մերժելու հիմքերը.
4) իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատելու նպատակը:
9. Նոտարն ընդունում է իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատելու վերաբերյալ նոտարական ակտ, եթե`
1) ներկայացված փաստաթղթերը բավարար են իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատելու համար.
2) հաստատման ենթակա իրավաբանական նշանակություն ունեցող փաստը բխում է ներկայացված փաստաթղթերում առկա տվյալներից.
3) բացակայում է նյութաիրավական նորմերի պահանջների հետ անհամապատասխանությունը.
4) դիմողը հնարավորություն չունի այլ կարգով ստանալու կամ վերականգնելու իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հավաստող փաստաթղթերը, կամ դրա հնարավորությունն օրենքի ուժով սպառված է.
5) պահպանված են սույն հոդվածի 4-րդ կետի պահանջները.
6) իրավաբանական նշանակություն ունեցող փաստն անվիճելի է:
10. Սույն հոդվածի 9-րդ կետի պահանջները պահպանված չլինելու դեպքում նոտարը մերժում է փաստի հաստատումը։
(72.1-ին հոդվածը լրաց. 30.05.2019 ՀՕ-26-Ն)
Հոդված 72.2. |
Նոտարի կողմից անձանց բանավոր հայտարարությունները հաստատվելը |
1. Նոտարը հաստատում է անձի կողմից իր մոտ արված բանավոր հայտարարությունը, որին կցվում է նաև այդ անձի տված հայտարարությունը ճշմարտացի լինելու երդման հավաստիացումը:
2. Երդման հավաստիացումը կատարվում է նոտարի մոտ առնվազն երկու վկաների ներկայությամբ` բանավոր հայտարարելով և երդման հավաստիացումը երդվող անձի կողմից ստորագրվելու միջոցով։ Երդմամբ ֆիզիկական անձը հավաստում է արված հայտարարության ճշմարտացիությունը և ստորագրում է իր հայտարարությունն ու երդման հավաստիացումը: Վկաները ստորագրությամբ հավաստում են, որ հայտարարությունը և երդման հավաստիացումը կատարվել են իրենց ներկայությամբ:
3. Երդման հավաստիացմամբ անձը հաստատում է, որ տեղյակ է կեղծ երդում տալու դեպքում քրեական պատասխանատվության մասին:
4. Սույն հոդվածի 1-ին կետով սահմանված կարգով նոտարի հաստատած բանավոր հայտարարություններն ապացուցողական ուժ ունեն դատարանում և այլ պետական մարմիններ ներկայացնելիս:
(72.2-րդ հոդվածը լրաց. 30.05.2019 ՀՕ-26-Ն)
(16.1-ին գլուխը լրաց. 30.05.2019 ՀՕ-26-Ն)
Գ Լ Ո Ւ Խ 17
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ԿԱՄ ԿՈԼԵԳԻԱԼ ԱՅԼ ՄԱՐՄՆԻ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՎԱՎԵՐԱՑՈՒՄԸ
Հոդված 73. |
Կազմակերպության ընդհանուր ժողովի կամ կոլեգիալ այլ մարմնի նիստի արձանագրության վավերացումը |
1. Եթե նոտարը կազմակերպության կողմից հրավիրվում է վավերացնելու անցկացվող նիստի կամ ժողովի արձանագրությունները, ապա նոտարը միայն վավերացնում է նիստի կամ ժողովի այն արձանագրությունը, որում գրի են առնվել այն ամենը, ինչը տեղի է ունեցել և հաստատվել իր ներկայությամբ, ինչպես նաև նիստի կամ ժողովի անցկացման ժամը և վայրը, նիստում կամ ժողովում ընդունված որոշումները:
2. Արձանագրությունն ստորագրում են նիստը կամ ժողովը նախագահողը և քարտուղարը:
3. Նոտարը գրանցում է կատարում նիստը կամ ժողովը նախագահողի ինքնության մասին և նրա ցանկությամբ հաստատում է այլ մասնակիցների ինքնությունը:
Գ Լ Ո Ւ Խ 18
ՆՈՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՆՈՐՄԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ: ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ ԵՎ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐ
Հոդված 74. |
Օտարերկրյա իրավունքի նորմերի կիրառումը |
Նոտարը Արցախի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան կիրառում է օտարերկրյա իրավունքի նորմեր:
Նոտարն ընդունում է օտարերկրյա իրավունքի պահանջներին համապատասխան կազմված փաստաթղթեր, եթե դա չի հակասում Արցախի Հանրապետության օրենքին կամ միջազգային պայմանագրերին:
Նոտարը վավերացման մակագրություններ է կատարում օտարերկրյա օրենսդրությամբ նախատեսված ձևով կազմված փաստաթղթերի վրա, եթե դա չի հակասում Արցախի Հանրապետության օրենքին կամ միջազգային պայմանագրերին, և եթե նոտարը տիրապետում է օտարերկրյա օրենսդրությանը:
(74-րդ հոդվածը փոփ. 30.05.2019 ՀՕ-26-Ն)
Հոդված 75. |
Օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց համար նոտարական գործողություն կատարելը |
Օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը կարող է անձամբ կամ իր ներկայացուցչի միջոցով դիմել նոտարական գործողությունների կատարման համար Արցախի Հանրապետության քաղաքացիների համար սահմանված կարգով:
(75-րդ հոդվածը փոփ. 30.05.2019 ՀՕ-26-Ն)
Հոդված 76. |
Ժառանգական գույքը պահպանելը և ժառանգության իրավունքի վկայագիր տալը |
Օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի մահից հետո Արցախի Հանրապետության տարածքում մնացած գույքի կամ Արցախի Հանրապետության քաղաքացու մահից հետո օտարերկրյա քաղաքացուն հասանելիք գույքի պահպանության, ինչպես նաև այդպիսի գույքի նկատմամբ ժառանգության իրավունքի վկայագիր տալու հետ կապված գործողություններն իրականացվում են Արցախի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
(76-րդ հոդվածը փոփ. 30.05.2019 ՀՕ-26-Ն)
Հոդված 77. |
Արտասահմանում գործողություններ կատարելու համար նախատեսված լիազորագիրը |
Արտասահմանում գործողություններ կատարելու համար նախատեսված և գործողության ժամկետի մասին նշում չպարունակող` նոտարի վավերացրած լիազորագիրը ուժը պահպանում է մինչև լիազորագիր տված անձի կողմից այն վերացնելը:
Հոդված 78. |
Նոտարի կողմից արտասահմանում կազմված փաստաթղթերի ընդունումը |
Այլ պետությունների իրավասու մարմինների պաշտոնատար անձանց մասնակցությամբ կազմված կամ նրանց կողմից տրված փաստաթղթերը նոտարն ընդունում է, եթե դրանք սահմանված կարգով վավերացրել են Արցախի Հանրապետության հյուպատոսական մարմինները, բացառությամբ միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերի:
(78-րդ հոդվածը փոփ. 30.05.2019 ՀՕ-26-Ն)
Հոդված 79. |
Այլ պետությունների արդարադատության մարմինների հետ նոտարի հարաբերությունները |
Այլ պետությունների արդարադատության մարմինների հետ նոտարի հարաբերությունների կարգը որոշվում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով:
(79-րդ հոդվածը փոփ. 30.05.2019 ՀՕ-26-Ն)
Հոդված 80. |
Այլ պետությունների մարմիններում գործեր վարելու համար պահանջվող ապացույցների ապահովումը |
Նոտարն ապահովում է այլ պետությունների մարմիններում գործեր վարելու համար պահանջվող ապացույցներ:
Հոդված 81. |
Միջազգային պայմանագրերը |
Եթե միջազգային պայմանագիրը նոտարի իրավասությանն է վերապահում Արցախի Հանրապետության օրենսդրությամբ չնախատեսված նոտարական գործողությունների կատարումը, ապա նոտարն այդ նոտարական գործողությունը կատարում է արդարադատության նախարարության սահմանած կարգով:
(81-րդ հոդվածը փոփ. 30.05.2019 ՀՕ-26-Ն)
Գ Լ Ո Ւ Խ 19
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 82. |
Անցումային դրույթներ |
1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո արդարադատության նախարարի կողմից նախկինում նշանակված պետական նոտարները շարունակում են իրականացնել սույն օրենքով նախատեսված գործողությունները՝ մինչև սույն հոդվածի 3-րդ կետով սահմանված կարգով նոր նոտարների նշանակումը:
Արդարադատության նախարարի կողմից նախկինում նշանակված և իրենց գործունեությունը շարունակող պետական նոտարների վրա տարածվում են նոտարների համար սույն օրենքով նախատեսված իրավունքները, պարտականությունները, երաշխիքներն ու արտոնությունները:
2. Արդարադատության նախարարի կողմից նախկինում նշանակված պետական նոտարների, ինչպես նաև նոտարների նոր թեկնածուների որակավորումն անցկացվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից երեք ամիս հետո:
3. Արդարադատության նախարարի կողմից նոր նոտարների նշանակումն իրականացվում է սույն օրենքն ընդունելու օրվանից չորս ամիս հետո:
Արդարադատության նախարարի կողմից նախկինում նշանակված և որակավորման քննություն հանձնած նոտարներն առանց ընտրության նշանակվում են որպես նոտարներ՝ իրենց նախկին գործունեության վայրի նոտարական տարածքում: Այդ նոտարները կարող են այլ նոտարական տարածք փոխադրվել միայն իրենց դիմումի համաձայն՝ նոր վայրում թափուր տեղի առկայության դեպքում:
4. Որակավորման քննություններ չհանձնած նախկին նոտարները շարունակում են նոտարական գործունեություն իրականացնել երեք ամիս ժամկետով, որի ընթացքում իրավունք ունեն սույն օրենքով սահմանված կարգով հանձնել որակավորման քննություններ: Նշված ժամկետում որակավորման քննություններ չհանձնած նոտարներն ազատվում են զբաղեցրած պաշտոնից:
5. Սույն հոդվածով նախատեսված որակավորման քննություններն անցկացնելիս չեն կիրառվում սույն օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ կետի պահանջները:
Գ Լ Ո Ւ Խ 20
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 83. |
Օրենքի ուժի մեջ մտնելը |
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ |
30 ապրիլի 2005թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ- 184 |
|