Համարը 
N 575-Ն
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2019.07.20/12(376)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
16.07.2019
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
16.07.2019
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
21.07.2019
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Կապեր այլ փաստաթղթերի հետ
Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՋՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ԵՎ ԿԱԶՄԸ
ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

16 հուլիսի 2019թ.

N 575-Ն

ք. Ստեփանակերտ

 

ՋՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ԵՎ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ջրային օրենսգրքի 8-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) Ջրի ազգային խորհրդի կանոնակարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) Ջրի ազգային խորհրդի կազմը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

«Հաստատում եմ»

    
          

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

Հավելված N1

Արցախի Հանրապետության կառավարության

2019 թվականի հուլիսի 16-ի N 575-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ

ՋՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ

 

1. Ջրի ազգային խորհուրդը (այսուհետ` խորհուրդ) ջրային ռեսուրսների կառավարման բնագավառում բարձրագույն խորհրդատվական մարմին է, որը միջբնագավառային մասնակցության միջոցով քննարկում և առաջարկություններ է ներկայացնում ջրի ազգային քաղաքականության, ջրի ազգային ծրագրին ու բնագավառին վերաբերող այլ իրավական ակտերի վերաբերյալ:

2. Խորհրդի լիազորությունները սահմանվում են Ջրային օրենսգրքով:

3. Խորհուրդը գործում է Ջրային օրենսգրքին, Արցախի Հանրապետության օրենքներին և սույն կանոնակարգին համապատասխան: Խորհուրդն ունի իր անվանմամբ ձևաթուղթ:

4. Խորհրդի նախագահն ի պաշտոնե Արցախի Հանրապետության պետական նախարարն է:

5. Խորհրդի նախագահը`

1) հրավիրում և վարում է խորհրդի նիստերը, որոշում է ընդունում հարցման կարգով խորհրդի նիստ հրավիրելու վերաբերյալ:

Իր բացակայության դեպքում խորհրդի նախագահի լիազորությունը հանձնարարում է խորհրդի անդամներից որևէ մեկին.

2) ապահովում է խորհրդի բնականոն գործունեությունը.

3) խորհրդին է ներկայացնում խորհրդի նիստերի օրակարգերի նախագծերը.

4) խորհրդի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում համակարգում է խորհրդի աշխատանքը:

6. Խորհուրդն իր կազմից ընտրում է խորհրդի քարտուղար և ունի քարտուղարություն:

7. Խորհրդի քարտուղարը`

1) ապահովում է խորհրդի քննարկմանը ներկայացվող փաստաթղթերի և նյութերի պատրաստումը այդ թվում՝ հարցման կարգով հրավիրվող խորհրդի նիստերի.

2) ապահովում է խորհրդի նիստերի արձանագրության կազմումը.

3) ապահովում է խորհրդի գործունեության մասին տեղեկատվության տարածումը.

4) խորհրդի նախագահի հանձնարարությամբ իրականացնում է այլ լիազորություններ.

5) ապահովում է քարտուղարության բնականոն գործունեությունը:

8. Խորհրդի անդամն իրավունք ունի`

1) մասնակցելու խորհրդի նիստերին` վերջինիս իրավասությանը վերաբերող բոլոր հարցերի նկատմամբ ձայնի իրավունքով.

2) խորհրդի նիստերում հանդես գալու առաջարկություններով (այդ թվում՝ հարցման կարգով հրավիրվող խորհրդի նիստերի).

3) խորհրդի որոշմամբ իրականացնելու այլ լիազորություններ:

9. Խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է նիստերի, այդ թվում՝ հարցման կարգով նիստ հրավիրելու միջոցով: Խորհրդի նիստերը հրավիրվում են ըստ անհրաժեշտության, առնվազն երեք ամիսը մեկ անգամ:

10. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում է խորհրդի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին: Հերթական նիստն սկսվում է օրակարգի հաստատմամբ: Խորհրդի անդամները նիստը վարելու կարգի վերաբերյալ առաջարկություններ անում են մինչև հարցի զեկուցումն ու քվեարկությունից առաջ: Զեկուցողի առաջարկությունը քվեարկության է դրվում առաջին հերթին: Զեկուցողի առաջարկությունը չընդունվելու դեպքում քվեարկվում են մյուս առաջարկությունները: Այն առաջարկությունը, որն իր բովանդակությամբ հակառակ է արդեն ընդունված առաջարկությանը, քվեարկության չի դրվում:

11. Հարցման կարգով խորհրդի նիստ հրավիրելու դեպքում խորհրդի քարտուղարը խորհրդի նախագահի հետ համաձայնեցված օրակարգի նախագիծը խորհրդի անդամներին գրավոր ներկայացնում է հարցման: Օրակարգը հաստատվելու դեպքում խորհրդի քարտուղարն օրակարգում ընդգրկված հարցերի նյութերը գրավոր ներկայացնում է խորհրդի անդամներին: Խորհրդի անդամները, խորհրդի նախագահի կողմից սահմանած ժամկետում, խորհրդի քարտուղարին ներկայացնում են գրավոր դիրքորոշում՝ հստակ նշելով հարցերից յուրաքանչյուրին «կողմ» կամ «դեմ» լինելու վերաբերյալ: Խորհրդի նախագահի կողմից սահմանած ժամկետում գրավոր դիրքորոշում չներկայացնելու կամ ներկայացված գրության մեջ հարցերի վերաբերյալ հստակ դիրքորոշում չներկայացնելու դեպքում խորհրդի անդամի դիրքորոշումը տվյալ հարցի վերաբերյալ համարվում է դրական:

12. Հարցման կարգով նիստերի որոշումները համարվում են ընդունված, եթե հարցման կարգով «կողմ» է արտահայտվել խորհրդի անդամների պարզ մեծամասնությունը:

13. Խորհրդի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ` նիստի մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ: Խորհրդի յուրաքանչյուր անդամ քվեարկությունների ժամանակ ունի 1 ձայն: Ձայների հավասարության դեպքում խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է: Խորհրդի որոշումները կարող են վերանայվել միայն խորհրդի կողմից: Խորհրդի որոշումները խորհրդատվական բնույթ ունեն:

14. Խորհուրդն իրավունք ունի իր լիազորությունների իրականացման համար պետական մարմիններից, պաշտոնատար անձանցից, կազմակերպություններից ու քաղաքացիներից պահանջելու տեղեկանքներ, պարզաբանումներ և այլ փաստաթղթեր:

15. Խորհրդի նիստերում, բացի խորհրդի անդամներից, իրավունք ունեն ներկա գտնվելու խորհրդի նախագահի կողմից հրավիրված անձինք` խորհրդակցական ձայնի իրավունքով: Խորհուրդը կարևոր հարցերի վերաբերյալ կարող է կազմակերպել ընդլայնված լսումներ` հրավիրելով պաշտոնատար անձանց և մասնագետների: Խորհրդի քննարկումների բովանդակային խնդիրները ենթակա են հրապարակման: Խորհուրդը տարեկան մեկ անգամ հրապարակայնորեն հանդես է գալիս կատարած աշխատանքների մասին հաղորդմամբ: Խորհրդի նիստերն արձանագրվում են: Խորհրդի նախագահի կամ խորհրդի անդամի պահանջի դեպքում նրա առարկությունը կամ վերապահումը պետք է արտացոլվի արձանագրության մեջ:

16. Խորհուրդն իր լիազորությունների սահմաններում առանձին խնդիրների լուծման նպատակով կարող է ստեղծել աշխատանքային խումբ (խմբեր)` ներգրավելով համապատասխան մասնագետների:

Քարտուղարության և աշխատանքային խմբերում ներգրավված մասնագետների վարձատրությունը՝ խորհրդի ներկայացմամբ, սահմանվում է Արցախի Հանրապետության կառավարության կողմից: Աշխատանքային խումբը (խմբերը) կատարած աշխատանքների մասին հաշվետվություն է ներկայացնում խորհրդին:

17. Խորհրդի անդամն իր լիազորություններն իրականացնում է հասարակական հիմունքներով: Քարտուղարության և խորհրդի աշխատանքները կազմակերպելու համար հատկացվում են անհրաժեշտ նյութեր, սարքեր, սարքավորումներ, տեխնիկական միջոցներ, աշխատանքային տարածք և տրանսպորտային միջոցներ, որոնց տրամադրման կարգը խորհրդի ներկայացմամբ սահմանում է խորհրդի նախագահը:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ

 

 

 

Հավելված N 2

Արցախի Հանրապետության

կառավարության 2019 թվականի

հուլիսի 16-ի N 575-Ն որոշման

 

ԿԱԶՄ

ՋՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ

 

Արցախի Հանրապետության պետական նախարար (խորհրդի նախագահ)

Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար

Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարար

Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարար

Արցախի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարար

Արցախի Հանրապետության բնապահպանության կոմիտեի նախագահ

Արցախի Հանրապետության ջրային կոմիտեի նախագահ

Արցախի Հանրապետության կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ

Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը

կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ

Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն

Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի

կառավարչության պետ

Արցախի Հանրապետության բնապահպանության կոմիտեի նախագահի տեղակալ

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ

և հակահամաճարակային տեսչության պետ

Արցախի Հանրապետության բնապահպանության կոմիտեի աշխատակազմի ջրային,

կենսառեսուրսների, թափոնների և մթնոլորտ արտանետումների կառավարման գործակալության պետ

«ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն

«ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն

(Հավելված N 2-ը խմբ. 23.09.20 N 486-Ն, 24.03.22 N 309-Ն)

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ