Համարը 
N 44-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2022.02.04/02(459)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
25.01.2022
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
25.01.2022
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
05.02.2022
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ դրա գործողությունը տարածվում է 2022 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ, ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԻ ԵՎ ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆԻ ՆԿԱՐԱԳՐԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 28-Ի N 165-Ն
ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հունվարի 2022թ.

N 44-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ, ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉԻ

ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԻ ԵՎ ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆԻ ՆԿԱՐԱԳՐԵՐԸ

ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 28-Ի N 165-Ն

ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասը` Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել դատական կարգադրիչի համազգեստի, դատական կարգադրիչի համազգեստի տարբերանշանների և խորհրդանշանի նկարագրերը՝ համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 28-ի «Դատական կարգադրիչի համազգեստի, տարբերանշանների և խորհրդանշանների նկարագրերը սահմանելու մասին» N 165-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ դրա գործողությունը տարածվում է 2022 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:

 

 

«Հաստատում եմ»

  
     

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված

Արցախի Հանրապետության

կառավարության 2022 թվականի

հունվարի 25-ի N 44-Ն որոշման

 

Ն Կ Ա Ր Ա Գ Ր Ե Ր

ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ, ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉԻ

ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԻ ԵՎ ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆԻ

 

1. ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ

 

1. Դատական կարգադրիչի համազգեստը ներառում է`

1) գլխարկ՝

ա. ամենօրյա կամ տոնական, որը պատրաստվում է կապույտ գույնի կիսաբրդյա կտորից և ունի մուգ կապույտ գույնի թավշյա գլխարկաբոլորք, իսկ գլխարկագագաթի և գլխարկաբոլորքի եզրով անցնում է մուգ կարմիր գույնի, 2,5մմ լայնությամբ եզրաշերտ: Գլխարկաբոլորքի վրա երկու ոսկեգույն կոճակներով ամրացվում է ոսկեգույն ցանցահյուսազարդով երկշերտ հյուսված կապը (քուղը), իսկ առջևի կենտրոնական մասում՝ գլխարկանշանը: Գլխարկանշանը (կոկարդը) ամրացվում է գլխարկի կենտրոնում և պատրաստվում է ոսկեգույն ձուլածո մետաղից՝ Դատական դեպարտամենտի առանձնացված ստորաբաժանման՝ դատական կարգադրիչների ծառայության խորհրդանշանի պատկերով: Գլխարկահովհարը երկարացված է, սև գույնի և լաքապատ: Գլխարկի աստառը բնական մետաքսից է, ներսի ժապավենը՝ բնական կաշվից՝ 30մմ լայնությամբ (Ձև 1),

բ. տղամարդու (կեպի), որը պատրաստվում է մուգ կապույտ գույնի կիսաբրդյա կտորից և բաղկացած է թասակից և երկարացված գլխարկահովհարից: Երկու կողմից ունի երկուական օդանցք: Գլխարկի առջևի կենտրոնական մասում ամրացվում է դատական կարգադրիչների ծառայության խորհրդանշանը: Աստառը պատրաստվում է բնական մետաքսից, ներսի ժապավենը՝ բնական կաշվից՝ 30մմ լայնությամբ: Գլխարկի թասակի բարձրությունը 8-9սմ է: Հետևի մասում առկա է գլխարկի թասակի չափսը փոխելու գոտի՝ կարգավորման սեղմակներով (Ձև 2),

գ. ձմեռային, որը պատրաստվում է կապույտ գույնի մահուդից, բաղկացած է թասակից, գլխարկի հետևի մասով միացած ականջակալներից և հովհարից: Ականջակալները հետևի մասով մշակված են մուգ կապույտ գույնի մորթուց: Գլխարկի աստառը պատրաստվում է բնական մետաքսից, իսկ ներսի ժապավենը՝ բնական կաշվից՝ 30մմ լայնությամբ (Ձև 3),

դ. պիլոտկա կանացի, որը պատրաստվում է մուգ կապույտ գույնի կիսաբրդյա կտորից, բաղկացած է երկարացված հատակի երկու մասից, երկու պատից և կենտրոնական մասում իրար վրա ծալվող երկու փեշիկից: Վերծալված եզրակարերը մուգ կարմիր գույնի են և ձախ կողմում ունեն երեք օդանցք: Առջևի կենտրոնական մասում ամրացվում է դատական կարգադրիչների ծառայության խորհրդանշանը: Աստառը պատրաստվում է բնական մետաքսից, իսկ ներսի ժապավենը՝ բնական կաշվից՝ 30մմ լայնությամբ (Ձև 4).

2) գլխարկանշան (Ձև 5)՝

ա. դատական կարգադրիչների ծառայության գլխավոր պաշտոններ զբաղեցնող ծառայողների համար գլխարկանշանը ոսկեզօծ է, մետաղյա փարթամ դափնեճյուղերով՝ 70 X 38մմ չափսերով, որի մեջտեղում, ատամնավոր էլիպսաձև շրջանակի մեջ, պատկերված են դատական կարգադրիչների ծառայության խորհրդանշանի սուրը, վահանը և կշեռքը,

 բ. դատական կարգադրիչների ծառայության առաջատար պաշտոններ զբաղեցնող ծառայողների համար գլխարկանշանը ոսկեզօծ է, մետաղյա դափնեճյուղերով՝ 53 X 38մմ չափսերով, որի մեջտեղում, ատամնավոր էլիպսաձև շրջանակի մեջ, պատկերված են դատական կարգադրիչների խորհրդանշանի սուրը, վահանը և կշեռքը,

 գ. դատական կարգադրիչների ծառայության կրտսեր պաշտոններ զբաղեցնող ծառայողների համար գլխարկանշանը ոսկեզօծ է, մետաղյա՝ 28 X 38մմ չափսերով, որի մեջտեղում, ատամնավոր էլիպսաձև շրջանակի մեջ, պատկերված են դատական կարգադրիչների խորհրդանշանի սուրը, վահանը և կշեռքը.

3) կարվող ուսադիրներով տարազաբաճկոն (Ձև 6), որը պատրաստվում է մուգ կապույտ գույնի կիսաբրդյա կտորից, կարվում է բնական մետաքսե աստառով, կտորի և աստառի միջև որակյալ ներդիրով (խոլոստով), իսկ օձիքը և թևածալքերն ունեն մուգ կարմիր գույնի եզրաշերտ՝ 2,5մմ լայնությամբ: Թևածալքերի վրա առկա են երեք կոճակներ,

ա. արդարադատության լեյտենանտից մինչև կապիտանի կոչում ունեցող դատական կարգադրիչների համար տարազաբաճկոնը միակոճկուն է, դատական կարգադրիչների ծառայության խորհրդանշանի պատկերով, չորս ոսկեգույն կոճակներով, մարմինը կիսագրկող հարթ մակերեսներով, հետծալված օձիքով և սովորական երկկարանի թևքերով: Տարազաբաճկոնն աջ և ձախ կողմերից ունենում է կափույրով ծածկվող կտրվածքով գրպաններ, իսկ ձախ մասում՝ կոճկվող ծոցագրպան,

բ. արդարադատության մայորի և փոխգնդապետի կոչում ունեցող դատական կարգադրիչների համար տարազաբաճկոնը երկփեղկանի և երեք կոճականի է, թիկնամասի ներքևում առանց կտրվածքի, իսկ օձիքի վրա ամրացվում է դատական կարգադրիչների ծառայության խորհրդանշանը,

գ. կանացի տարազաբաճկոնը համապատասխանում է սույն կետի «ա-բ» ենթակետերով սահմանված նկարագրությանը, սակայն պատրաստվում է կրծքամասում սեղմոններով և կոճկվում ձախ կողմից.

4) բաճկոն (Ձև 7)՝

ա. հանովի ուսադիրներով, որը պատրաստվում է մուգ կապույտ գույնի կիսաբրդյա կտորից՝ բնական մետաքսե աստառով: Բաճկոնը առջևի մասում կոճկվում է կայծակնաճարմանդով, իսկ գոտեմասում՝ 55սմ լայնքով ու 12-18սմ երկարությամբ ներկարված առաձգական ժապավենով: Թիկնամասի, լանջափեշերի կրծքամասով և թևքերի թեզանիքների կտրվածքների միացման տեղերով անցնում է 2,5մմ լայնքով մուգ կարմիր գույնի երիզ (կանտ): Բաճկոնի վրա ներկարված են կայծակնաճարմանդով կոճկվող երկու կողային գրպան, ծոցագրպաններ, որոնցից ձախը կոճկվող է: Բաճկոնի վրա տեղադրված են հանովի ուսադիրների համար նախատեսված երկուական ամրակներ: Բաճկոնի օձիքը կանգուն է՝ մշակված մեկ կտորից,

բ. կանացի, որը համապատասխանում է սույն կետի «ա» ենթակետով սահմանված նկարագրությանը, սակայն պատրաստվում է կրծքամասում սեղմոններով և կոճկվում է ձախ կողմից.

5) կիսաշրջազգեստ, որը պատրաստվում է մուգ կապույտ գույնի կիսաբրդյա կտորից՝ բնական մետաքսե աստառով, երկարությունը՝ մինչև ծնկները, ունի երկկողմանի սեղմոններ, գոտին՝ գոտեմակօղերով, հետնամասում 15սմ երկարությամբ փակ բացվածքով: Կիսաշրջազգեստը հետևի մասում կոճկվում է մեկ կոճակով և ծածկված է կայծակնաճարմանդով (Ձև 7).

6) տաբատ՝ ազատթող փողքերով, որը պատրաստվում է մուգ կապույտ գույնի կիսաբրդյա կտորից, ուղիղ է, առանց ծալքերի, ունի բնական մետաքսյա աստառ և մուգ կարմիր գույնի եզրաշերտ: Տաբատի գոտին գոտեմակօղերով է, կոճկվում է աջ կողմից երկու կոճակներով, գրպանները թեք են, ներկարված: Տաբատի հետևի շերտամասի աջ կողմում առկա է կափույրով կոճկվող ներկարված գրպան: Կանացի տաբատը կարվում է նույն ձևով, կոճկվում է ձախ կողմում, առանց հետևի գրպանի: Տաբատի առջևի մասի յուրաքանչյուր կողմում մշակվում է մեկական սեղմոն՝ արդուկի գծի ուղղությամբ, իսկ հետևի մասի յուրաքանչյուր կողմում՝ երկուական սեղմոն: Տաբատի գոտին ունի 55մմ լայնություն, գոտու վրա կարվում է ութ կամրջակ, որոնց երկարությունը 55մմ է, լայնությունը՝ 1,8սմ, իսկ տաբատի կողքի գրպաններն ունեն 3,5սմ թեքություն: Նույնատիպ և նույն քանակի կամրջակները կարվում են նաև կիսաշրջազգեստին և կանացի տաբատին (Ձև 7).

7) աշնանային-ձմեռային բաճկոն, որը պատրաստվում է մուգ կապույտ գույնի, անջրաթափանց, 50-70 միկրոն հաստությամբ կտորից՝ կազմված ուղիղ ուրվագծով, ձախ լանջափեշը հինգ կոճակով կոճկվող գաղտնակար հանգույցով, կայծակնաճարմանդով կոճկվող, փեշի սկզբից մինչև օձիք, ներկարված 1սմ հաստությամբ տաք ներդիրից և հանվող տաք ներդիրից (3սմ հաստությամբ): Տաք ներդիրները թևքերով են, որոնք ամրացվում են կայծակնաճարմանդով, մուգ կապույտ գույնի ոչխարի մորթուց հանովի օձիքից (օձիքի լայնքը 12սմ) (գլխավոր պաշտոններ ունեցող դատական կարգադրիչների համար օձիքի մորթին պատրաստվում է պողպատագույն մորթուց) և տաք ներդիրով գլխանոցից: Թիկնամասը և լանջափեշերը կրծքամասում և ուսամասում երկու կտրվածքով են: Միացման տեղով անցնում է 2,5մմ լայնքով մուգ կարմիր գույնի երիզ: Թևքանիքի վրա անցնում է 2,5մմ մուգ կարմիր գույնի եզրագիծ: Երկու լանջափեշի վրա առկա են 3,5սմ թեքությամբ կայծակնաճարմանդով կոճկվող ներկարված գրպաններ: Աստառը մետաքսյա է, բաճկոնն ունի ձախ կողմում կոճկվող ծոցագրպան: Ծոցագրպան կարվում է նաև ներդիրի վրա, իսկ գոտկատեղում և ներքում առկա է թաքնված գոտկապարան: Բաճկոնը հանվող ուսադիրներով է, որոնք էլ ունեն երկուական ամրակներ: Գլխանոցը հանովի է և պահվում է մեջքի մասում՝ օձիքի տակ ներկարված գրպանում, որը կայծակնաճարմանդով է: Կանանց համար տարազաբաճկոնի և ձմեռային բաճկոնի ձևը նույնն է, կոճկվում է ձախից, ձմեռային բաճկոնը կարվում է ծնկներից 15-20սմ բարձրությամբ (Ձև 8).

8) վերարկու (ձմեռային), որը պատրաստվում է մուգ կապույտ գույնի բրդյա կտորից, որի երկու լանջափեշերը կոճկվում են երեք ոսկեգույն կոճակներով, գոտկատեղում երկու թեք ներկարված գրպաններով է: Օձիքը ծալովի է, մեջքամասում և առջևից թևքամասի հիմքով անցնում է 2,5մմ հաստությամբ մուգ կարմիր գույնի եզրաքուղ: Թևերը երկու կտորից են, որոնք միանում են մուգ կարմիր գույնի եզրաքուղով: Վերարկուն կարվում է ծնկներին հավասար, տաքծամ ներդիրով, բնական մետաքսե աստառով: Կանացի վերարկուները կարվում են առջևի մասում աջ և ձախ կողմերում սեղմոններով և կոճկվում են ձախից (Ձև 9).

9) վերնաշապիկ (բաց կապույտ և սպիտակ), որը պատրաստվում է 60% բամբակյա խիտ կտորից, կարճաթև և երկարաթև՝ հանվող ուսադիրներով, ծալովի օձիքով: Երկարաթև վերնաշապիկը կոճկվում է ութ կոճակներով, իսկ կարճաթևը՝ յոթ կոճակներով, վերևի մասում առանց կոճակի է: Առաջամասերը մշակված են ձևավոր ծալքով և առկա են կափույրով գրպաններ, որոնք կոճկվում են մեկ օղակ կոճակով: Վերնաշապիկի ներքևի մասում կարվում է 55մմ լայնությամբ գոտի՝ կողքային մասերում 12-18սմ երկարությամբ ներկարված առաձգական ժապավենով: Առջևի մասի գոտին կոճկվում է երկու կոճակներով: Երկարաթև վերնաշապիկը ավելի կոշտ օձիքով հարմարեցվում է փողկապի հետ: Կանացի վերնաշապիկը, առջևից գրպանների տակից մինչև գոտին, ունի սեղմոն և կոճկվում է ձախից (Ձև 10).

10) շապիկ (կարճաթև), որը պատրաստվում է բաց կապույտ գույնի տրիկոտաժից (60-70% բամբակյա խտությամբ), խիտ գործվածքով, հանովի կոշտ ուսադիրների ամրակով, կոշտ օձիքով: Առջևի մասում ունի բացվածք, որը կոճկվում է երեք բաց կապույտ գույնի կոճակներով: Սվիտերի փեշերը երկտակ են, առաձգական գործվածքով: Ձախ կրծքավանդակի վրա առկա է վրադիր՝ բաց կապույտ գույնի կտորից՝ 14,5 X 12սմ չափսերով, կափույրով, բաց կապույտ գույնի կոճակով կոճկվող գրպանով: Ուսադիրների մասը նույնպես կարված է բաց կապույտ գույնի բամբակյա կտորից: Կանացի սվիտերը կոճկվում է ձախից: Կարճաթև վերնաշապիկի և սվիտերի բացվածքի վերին մասերը՝ 5-7սմ են և չեն կոճկվում (Ձև 11).

11) սվիտեր (ձմեռային), որը պատրաստվում է մուգ կապույտ գույնի բրդյա կտորից, ուսերը և թևքերի արմունկի մասը պատված են մուգ կապույտ գույնի կտորով: Օձիքը՝ շրջանաձև բացվածքով, հավաքովի գործվածքով է: Ձախ կրծքավանդակին առկա է շերտակարով, վրադիր կափույրով կոճկվող գրպան՝ 14,5 X 12սմ չափսերով: Ունի ուսադիրների համար նախատեսված լեզվակ, իսկ ուսադիրները կտորից են՝ հանովի, մեկ կոճակով կոճկվող: Գրպանի և ուսադիրների լեզվակի կոճակները մետաղական են՝ մուգ կապույտ գույնի (Ձև 12).

12) թիկնոց-ուսնոց, որը պատրաստված է մուգ կապույտ գույնի, 50-70 միկրոն հաստությամբ անջրանցիկ կտորից և նախատեսված է անձրևային եղանակների համար: Թիկնոց-ուսնոցի լանջափեշերի վրա առկա են թեք ներկարված միջանցիկ բացվածքներ, հանովի գլխանոց, իսկ օձիքը ծալովի է: Մեջքամասից դեպի դուրս առկա է բացվող կարով, գլանափաթեթավորված ուսապարկ (Ձև 13).

13) տղամարդու փողկապ՝ մուգ կապույտ գույնի է, դեղին գույնի ամրակով, երկարությունը՝ 55-57սմ, պատրաստի տեսքն ավարտվում է ներքևում սուր անկյունով, վերևում՝ եռանկյուն հանգույցով: Հանգույցից 3-3,5սմ ներքև ասեղնագործված է դատական կարգադրիչների ծառայության խորհրդանշանը՝ ոսկեգույն գործվածքով (Ձև 14).

14) կանացի փողկապ՝ երկթև բանտ է, որի թևերն ունեն 10սմ երկարություն, 4,5սմ լայնություն, 45 աստիճանի բացվածք: Բանտի մեջտեղում ամրացվում է ոսկեգույն, 1սմ տրամագծով դատական կարգադրիչների ծառայության խորհրդանշանը (Ձև 15).

15) կաշվե գոտի՝ երկանցք է, պատրաստվում է սև գույնի կաշվից և ունի սև գույնի մետաղական ճարմանդ՝ 50մմ լայնությամբ (Ձև 16).

16) վզպատ թաշկինակ, որը պատրաստվում է մուգ կապույտ և սպիտակ գույների կտորից (տրիկոտաժ), վզպատի երկարությունը 120սմ է, լայնությունը՝ 24սմ (Ձև 17).

17) կոշիկ՝ սև գույնի կաշվից է, կրունկը՝ մինչև 5սմ բարձրությամբ.

18) կիսաճտքավոր կոշիկ՝ սև գույնի կաշվից է, կրունկը՝ մինչև 5,5սմ բարձրությամբ.

19) թևքանշան, ուսակարից 80մմ ներքև կարվող 80 X 100մմ չափսերով: Թևքանշանի ներքևում զետեղված է դատական կարգադրիչների ծառայության խորհրդանշանը, վերևում ոսկեգույն (դեղնավուն) տառերով գրված են «ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ» բառերը (Ձև 18):

2. Համազգեստի մեջ ներառվող բոլոր տեսակների ձախ թևքին կարվում է դատական կարգադրիչների ծառայության խորհրդանշանը, աջ թևքին՝ բացի վերնաշապիկներից, Արցախի Հանրապետության դրոշը (8-6սմ)՝ ուսակարից 80մմ ներքև:

 

2. ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ

ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԸ

 

3. Դատական կարգադրիչի համազգեստի տարբերանշաններ են ծառայում կիսափափուկ ուսադիրները (Ձևեր 20, 21): Ուսադիրն իրենից ներկայացնում է ձգված, երկարավուն զուգահեռ կողմերով վեցանկյուն, որի ներքևի վերջնամասում ուղղանկյուն է, իսկ վերևինը վերջանում է ստորին եզրին զուգահեռ բութանկյուն կտրվածքով: Ուսադրի երկարությունը 110-120մմ է, լայնությունը՝ 45մմ: Ուսադիրների եզրերը, բացի ստորինից, երիզվում են 2,5մմ լայնությամբ, մուգ կարմիր գույնի մահուդե գործվածքով: Ուսադիրները պատրաստվում են մուգ կապույտ գույնի գործվածքից, մահուդե աստառի վրա:

4. Արդարադատության փոխգնդապետի, մայորի ուսադիրները երկու մուգ կարմիր գույնի մակաշերտով են, իսկ կապիտանի, ավագ լեյտենանտի և լեյտենանտի ուսադիրները՝ մեկ մուգ կարմիր գույնի մակաշերտով:

5. Ուսադիրները կրում են վերնաշապիկի, տարազաբաճկոնի, բաճկոնի, ձմեռային բաճկոնի, սվիտերների և վերարկուի հետ: Բաճկոնների, վերնաշապիկների և սվիտերների վրա ուսադիրների ամրակները կարված են: Տարազաբաճկոնի և վերարկուի օձիքների անկյունում տեղադրվում է դատական կարգադրիչների ծառայության խորհրդանշանը՝ 30մմ երկարությամբ, 20մմ լայնությամբ:

6. Արդարադատության փոխգնդապետի ուսադիրներին ամրացվում են մակաշերտերի վրա երկու ոսկեգույն հնգաթև աստղեր՝ 20մմ տրամագծով, հեռավորությունը ներքևի եզրագծից մինչև աստղերի կենտրոնները՝ 30մմ է:

7. Արդարադատության մայորի ուսադիրներին ամրացվում է մակաշերտերի վրա մեկ ոսկեգույն հնգաթև աստղ՝ 20մմ տրամագծով, մակաշերտերի մեջտեղում, ներքևի եզրագծից մինչև աստղի կենտրոնը, 45մմ հեռավորությամբ է:

8. Արդարադատության կապիտանի ուսադիրներին ամրացվում են չորս ոսկեգույն հնգաթև աստղեր՝ 13մմ տրամագծով (որոնցից երկուսը ներքևի եզրագծից 30մմ, մակաշերտերի երկու կողմերում՝ աստղերի կենտրոնների միջև 25մմ հեռավորությամբ, երկուսը՝ մակաշերտի վրա, աստղերի կենտրոնները միացնող գծից քսանհինգական մմ հեռավորության վրա):

9. Արդարադատության ավագ լեյտենանտի ուսադիրներին ամրացվում են երեք ոսկեգույն հնգաթև աստղեր՝ 13մմ տրամագծով (որոնցից երկուսը ներքևի եզրագծից՝ 30մմ, աստղերի կենտրոնների միջև 25մմ հեռավորությամբ, երեքը՝ մակաշերտի վրա, աստղերի կենտրոնները միացնող գծից 25մմ հեռավորության վրա):

10. Արդարադատության լեյտենանտի ուսադիրներին ամրացվում են երկու ոսկեգույն հնգաթև աստղեր՝ 13մմ տրամագծով, ներքևի եզրագծից՝ 30մմ, աստղերի կենտրոնների միջև 25մմ հեռավորությամբ:

11. Արդարադատության կրտսեր խմբի կոչում ունեցող դատական կարգադրիչների ուսադիրները մուգ կապույտ գույնի գործվածքով, մուգ կարմիր գույնի եզրաքուղով են:

12. Ուսադիրներն ամրացվում են մեկական ոսկեգույն կոճակով:

13. Ավագ ենթասպայի և ենթասպայի կոչում ունեցող ծառայողների ուսադիրների վրա տեղադրվում են 13մմ տրամագծով համապատասխանաբար՝ երեք և երկու ոսկեգույն հնգաթև աստղեր:

14. Ծառայության ավագի, ավագ սերժանտի, սերժանտի, կրտսեր սերժանտի կոչում ունեցող ծառայողներն ուսադիրների վրա կրում են դեղին գույնի նշանաքուղեր` շնորհված կոչումներին համապատասխան, հետևյալ հերթականությամբ՝

1) ավագ` մեկ լայն նշանաքուղ` ուսադիրի երկայնքով 2,5սմ լայնությամբ.

2) ավագ սերժանտ` մեկ լայն նշանաքուղ` ուսադիրի լայնքով 2սմ լայնքով.

3) սերժանտ` երեք նեղ նշանաքուղեր` ուսադիրի լայնքով 1սմ լայնքով յուրաքանչյուրը.

4) կրտսեր սերժանտ՝ երկու նեղ նշանաքուղեր՝ ուսադիրի լայնքով 1սմ լայնքով յուրաքանչյուրը:

 

3. ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆԸ

 

15. Դատական կարգադրիչի համազգեստի խորհրդանշանը հանդիսանում է ոլորապտույտ շրջանակ, որի ներսում գրված են «ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» բառերը: Շրջանակի կենտրոնական մասում պատկերված են սուր և վահան՝ պատված դափնեճյուղերով: Վահանի վրա պատկերված է նաև կշեռք: Սուրը խորհրդանշում է կարգադրիչների հատուկ միջոցներ կիրառելու լիազորությունը, վահանը՝ անձանց կյանքի, առողջության և արժանապատվության, իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը ցանկացած ոտնձգություններից, վահանի վրա պատկերված կշեռքը՝ արդարադատությունը, դափնեճյուղերը՝ դատական կարգադրիչների ծառայության կառուցվածքը: Խորհրդանշանի վրա պատկերված սուրը, որն անցնում է վահանի միջով, երևում է իր ծայրով և բռնակով (Ձև 19):

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

    

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

      

ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ

 

 

Ներմուծեք նկարագրությունը_2657

 

Ներմուծեք նկարագրությունը_2658

 

Ներմուծեք նկարագրությունը_2659

 

Ներմուծեք նկարագրությունը_2660