Համարը 
ՀՕ-65-Ն
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2019.07.01/11(375)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
27.06.2019
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
01.07.2019
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
11.07.2019
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Կապեր այլ փաստաթղթերի հետ
Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ՕՐԵՆՔԸ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

 

Ընդունված է 2019 թվականի

հունիսի 27-ին

 

ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Սույն օրենքի նպատակը Արցախի Հանրապետությունում, ինչպես նաև միջազգային պայմանագրով նախատեսված դեպքերում միջազգային կազմակերպությունում աշխատանքային գործունեության ընթացքում սոցիալական վճար կատարած անձանց կենսաթոշակային տարիքում, պետական կենսաթոշակից բացի, կենսաթոշակային լրացուցիչ եկամուտների ստացման հնարավորության ստեղծումն է` ապահովելով կատարված սոցիալական վճարների և ստացվող կենսաթոշակի չափի միջև ուղղակի կապը, ինչպես նաև հնարավորություն ընձեռելով սոցիալական վճար կատարողին ազդելու կուտակային կենսաթոշակների չափի վրա` սույն օրենքով սահմանված կարգով ընտրելով իր կուտակած միջոցները կառավարող անձին և այդ միջոցների կառավարման քաղաքականությունը:

 

Գ Լ ՈՒ Խ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1.

Սույն օրենքի կարգավորման առարկան

 

1. Սույն օրենքը կարգավորում է կուտակային բաղադրիչի և կամավոր կենսաթոշակային բաղադրիչի կապակցությամբ առաջացող իրավահարաբերությունները, սահմանում է սոցիալական վճարի հասկացությունը, սոցիալական վճարներ կատարողների շրջանակը, սոցիալական վճարներ կատարելու կարգը, Արցախի Հանրապետության կողմից սոցիալական վճարներ կատարած անձանց անվամբ բացված կենսաթոշակային հաշիվներին կուտակային հատկացումներ փոխանցելու պայմաններն ու կարգը, մասնակիցների ռեեստրը վարողի, կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների, կենսաթոշակային ֆոնդի պահառուի ու հաշվի օպերատորների գործառույթները, կուտակային կենսաթոշակային բաղադրիչի մասնակիցների իրավունքները և պարտականությունները, կենսաթոշակային հաշիվների վարումը, կուտակային կենսաթոշակային ակտիվների ներդրումը, կուտակային կենսաթոշակների տեսակները և դրանց վճարումը, սոցիալական վճարներ կատարած անձանց կուտակային կենսաթոշակի վճարման երաշխավորման կառուցակարգերը, պատասխանատվությունը սույն օրենքի, դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի և այլ իրավական ակտերի պահանջների խախտման համար, ինչպես նաև կարգավորում է կուտակային կենսաթոշակների հետ կապված այլ հարաբերություններ:

 

Հոդված 2.

Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) անձնավորված հաշվառում՝ ըստ «Եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Արցախի Հանրապետության օրենքի.

2) անհատ ձեռնարկատեր՝ ըստ «Անհատ ձեռնարկատիրոջ մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի, բացառությամբ «Արտոնագրային վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված` արտոնագրային վճար վճարող անհատ ձեռնարկատերերի.

3) անուիտետ` ըստ ապահովագրության և ապահովագրական գործունեության ոլորտը կարգավորող օրենսդրության.

4) աշխատավարձ՝ աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ, ինչպես նաև պայմանագրային եկամուտ (աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների ցանկը սահմանվում է Արցախի Հանրապետության կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմնի և կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարների համատեղ հրամանով).

5) ապահովագրական ընկերություն՝ ըստ ապահովագրության և ապահովագրական գործունեության ոլորտը կարգավորող օրենսդրության.

6) գործատու` Արցախի Հանրապետության պետական ռեգիստրում գրանցված իրավաբանական անձ, օտարերկրյա իրավաբանական անձի հիմնարկ, օտարերկրյա իրավաբանական անձի մասնաճյուղ կամ ներկայացուցչություն, անհատ ձեռնարկատեր, հիմնարկ, տեղական ինքնակառավարման մարմին, որն աշխատանքային կամ աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) քաղաքացիաիրավական պայմանագրերի հիման վրա կամ Արցախի Հանրապետության օրենքով սահմանված կարգով փաստացի օգտագործում է քաղաքացիների աշխատանքները (ծառայությունները)` նրանց վճարելով եկամուտներ: Գործատու է համարվում նաև այն միջազգային կազմակերպությունը, որը միջազգային պայմանագրով նախատեսված դեպքերում այդ միջազգային կազմակերպությունում աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող (պաշտոնեական պարտականությունները կատարող) Արցախի Հանրապետության քաղաքացու համար Արցախի Հանրապետության օրենսդրության համաձայն կատարում է կենսաթոշակի իրավունք տվող վճարներ.

7) ինքնազբաղված անձ՝ Արցախի Հանրապետության օրենքով չարգելված որևէ գործունեությունից եկամուտ ստացող (բացառությամբ աշխատավարձի և դրան հավասարեցված եկամտի, ձեռնարկատիրական եկամտի և պայմանագրային եկամտի)՝ վարձու աշխատող և անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ (այդ թվում` գյուղատնտեսական արտադրանքի իրացումից եկամուտ ստացող գյուղատնտեսական արտադրանք արտադրող, քաղաքացիաիրավական պայմանագրերի հիման վրա եկամուտ ստացող, «Արտոնագրային վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի ցանկում ընդգրկված գործունեության տեսակներով զբաղվող արտոնագրային վճար վճարող), ինչպես նաև «Արտոնագրային վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված` արտոնագրային վճար վճարող անհատ ձեռնարկատեր.

8) ծրագրային վճար՝ մասնակցի կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո նրա անունով բացված կենսաթոշակային հաշվում հաշվառված կենսաթոշակային ֆոնդի փայերի մարման հաշվին ամսական կտրվածքով սահմանված կարգով տրամադրվող գումար.

9) կամուրջ հաշիվ՝ ֆինանսական ոլորտում Արցախի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի միասնական գանձապետական հաշվում բացված ենթահաշիվ, որին մուտքագրվում են սոցիալական վճարները՝ մասնակիցների ռեեստրը վարողին փոխանցելու համար.

10) կենսաթոշակային գաղտնիք՝ կուտակային բաղադրիչին կամ կամավոր կենսաթոշակային բաղադրիչին անձի մասնակցության հետ կապված՝ գործատուին, պետական լիազոր մարմիններին, Կենտրոնական բանկին, մասնակիցների ռեեստրը վարողին, հաշվի օպերատորին, կենսաթոշակային ֆոնդի կառավարչին, պահառուին, ինչպես նաև անձի համար (օգտին) կատարված կուտակային հատկացումների, կամավոր կենսաթոշակային վճարների վերաբերյալ հայտնի դարձած որևէ տեղեկություն, անձի առևտրային, ապահովագրական, բանկային կամ ծառայողական գաղտնիքը, ինչպես նաև մասնակցի վերաբերյալ ցանկացած այլ տեղեկություն, որը մասնակիցը մտադիր է եղել գաղտնի պահել, և գործատուն, պետական լիազոր մարմինները, Կենտրոնական բանկը, մասնակիցների ռեեստրը վարողը, հաշվի օպերատորը, կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը և պահառուն տեղյակ են եղել կամ պարտավոր էին տեղյակ լինել այդ մասին.

11) կամավոր կենսաթոշակային վճար՝ կամավոր կենսաթոշակ ստանալու նպատակով մասնակցի և (կամ) այլ անձի կողմից մասնակցի համար (օգտին) կատարվող վճար.

12) կամավոր կենսաթոշակ՝ կամավոր կենսաթոշակային բաղադրիչի շրջանակներում սույն օրենքով սահմանված կանոնների համաձայն վճարվող կենսաթոշակ.

13) կենսաթոշակային հաշիվ՝ մասնակիցների ռեեստրը վարողի մոտ սոցիալական վճար կատարող կամ Արցախի Հանրապետության օրենքով սահմանված կարգով կենսաթոշակային ֆոնդի փայեր ձեռք բերած անձի անունով բացված հաշիվ, որտեղ հաշվառվում են ձեռք բերված պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի փայերը, ինչպես նաև տեղեկություններ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի քանակի, այդ փայերի հաշվարկային արժեքի, այդ փայերը ձեռք բերելու համար կատարված կուտակային հատկացումների վերաբերյալ, Արցախի Հանրապետության օրենքով կամ իրավական այլ ակտերով սահմանված այլ տեղեկություններ.

14) կենսաթոշակային տարիք՝ «Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիք.

15) կենսաթոշակային ֆոնդ՝ ֆոնդ, որի ակտիվները ձևավորվում են սույն օրենքի համաձայն՝ Արցախի Հանրապետության պետական բյուջեից պարտադիր կարգով կատարվող կուտակային հատկացումների (պարտադիր կենսաթոշակային ֆոնդ) կամ կամավոր կենսաթոշակային վճարների (կամավոր կենսաթոշակային ֆոնդ) և դրանց ներդրման հաշվին, և որի մասնակիցներին ֆոնդի ակտիվներից վճարումները կատարվում են (վերադարձվում են ֆոնդի ակտիվներում մասնակցի փային համապատասխանող դրամական միջոցները) կենսաթոշակի ձևով՝ մասնակցի կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո, ինչպես նաև սույն օրենքով նախատեսված այլ դեպքերում.

16) կենսաթոշակային ֆոնդի ակտիվներ՝ տվյալ կենսաթոշակային ֆոնդի փայերի ձեռքբերման նպատակով կատարված կուտակային հատկացումների և կամավոր կենսաթոշակային վճարների, դրանց հաշվին ձեռք բերված ակտիվների և դրանց կառավարման արդյունքում ստացված եկամուտների հանրագումար.

17) կենսաթոշակային ֆոնդի կառավարիչ՝ ներդրումային ֆոնդերի ոլորտը կարգավորող օրենսդրության համապատասխան ներդրումային ֆոնդի կառավարման լիցենզիա ունեցող անձ, որը կառավարում է սույն օրենքի հիման վրա ստեղծված կենսաթոշակային ֆոնդ.

18) Կենտրոնական բանկ` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ.

19) կուտակային հատկացում՝ սույն օրենքով սահմանված կանոնների համաձայն` պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայեր ձեռք բերելու նպատակով սոցիալական վճար կատարող անձի համար (օգտին) կատարվող դրամական հատկացում, որը ձևավորվում է այդ սոցիալական վճարներից և սույն օրենքի համաձայն՝ Արցախի Հանրապետության պետական բյուջեից հատկացվող միջոցներից.

20) կուտակային կենսաթոշակ՝ կուտակային բաղադրիչի շրջանակներում սույն օրենքի 7-րդ գլխով սահմանված կանոնների համաձայն վճարվող կենսաթոշակ.

21) հաշվի օպերատոր` Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կազմակերպություն, որը միջնորդավորում է մասնակիցների ռեեստրը վարողի կողմից մասնակիցներին մատուցվող ծառայությունները.

22) հիմնական կենսաթոշակ` ըստ «Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի.

23) հանրային ծառայության համարանիշ՝ հանրային ծառայությունների համարանիշների ոլորտը կարգավորող օրենսդրությամբ սահմանված համարանիշ.

24) հարկային գործակալ` ըստ «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի.

25) ձեռնարկատիրական եկամուտ` անհատ ձեռնարկատիրոջ կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեությունից «Եկամտային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի համաձայն` ստացման ենթակա տարեկան հարկվող եկամուտ.

26) մասնակից՝ սույն օրենքով սահմանված կարգով սոցիալական վճար կատարող (կատարած) անձ, որի համար (օգտին) Արցախի Հանրապետության պետական բյուջեից կատարվել է կուտակային հատկացում, կամ որի համար (օգտին) կատարվում են կամավոր կենսաթոշակային վճարներ, կամ անձ, որն Արցախի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ձեռք է բերել պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայեր: Սույն օրենքի իմաստով՝ մասնակից չի հանդիսանում կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը.

27) մասնակիցների ռեեստր` մասնակիցների և նրանց անունով բացված կենսաթոշակային հաշիվներում հաշվառվող պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի փայերի վերաբերյալ տվյալների միասնական համակարգ: Մասնակիցների ռեեստրում առկա ամբողջ տեղեկատվությունը հանդիսանում է Արցախի Հանրապետության սեփականությունը.

28) մասնակիցների ռեեստրը վարող՝ իրավաբանական անձ, որը վարում է մասնակիցների ռեեստրը, ինչպես նաև իրականացնում է սույն օրենքով և Արցախի Հանրապետության կառավարության հետ կնքված պայմանագրով նախատեսված այլ գործառույթներ.

29) պահառու՝ ներդրումային ֆոնդերի ոլորտը կարգավորող օրենսդրության համաձայն` կենսաթոշակային ֆոնդի ակտիվների պահառություն իրականացնող անձ.

30) պայմանագրային եկամուտ՝ քաղաքացիաիրավական պայմանագրերի համաձայն` աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) դիմաց գործատուից ստացված եկամուտ (բացառությամբ ձեռնարկատիրական եկամտի).

31) «Սահմանված կենսաթոշակներ» սխեմա` կամավոր կենսաթոշակային սխեմա, որի դեպքում ապահովագրական ընկերությունը խոստանում է մասնակցին հստակ չափով կենսաթոշակ, կամավոր կենսաթոշակային վճարները կախված են ապահովագրական ընկերության հետ կնքված պայմանագրից և կարող են լինել ոչ կանոնավոր, իսկ կենսաթոշակի չափը ուղղակիորեն կախված չէ կատարված կամավոր կենսաթոշակային վճարների չափից և այդ վճարների ներդրումների եկամտաբերությունից.

32) «Սահմանված կենսաթոշակային վճար» սխեմա` կամավոր կենսաթոշակային սխեմա, որի դեպքում մասնակիցների համար կատարված կամավոր կենսաթոշակային վճարները հաշվարկվում են իրենց եկամտի որոշակի տոկոսի չափով կամ որևէ այլ կանոնավոր հիմքով, իսկ կենսաթոշակի չափը կախված է կատարված կամավոր կենսաթոշակային վճարներից և այդ վճարների ներդրումից ստացված եկամուտների չափից.

33) սոցիալական վճար՝ սույն օրենքով սահմանված կարգով և չափով Արցախի Հանրապետության պետական բյուջե վճարվող նպատակային վճար.

34) սոցիալական վճարի պարտավորություն` մասնակից հանդիսացող վարձու աշխատողի համար սոցիալական վճարներ հաշվարկելու և փոխանցելու պարտավորություն ունեցող հարկային գործակալի կողմից վճարվող սոցիալական վճարի և սույն օրենքի դրույթները խախտելու համար հաշվարկված տույժի գումար: Մասնակից հանդիսացող անհատ ձեռնարկատիրոջ, ինքնազբաղված անձի և հարկային գործակալի պարտականություններից ազատված գործատուի վարձու աշխատողի սոցիալական վճարի գումար.

35) վարձու աշխատող` գործատուի (այդ թվում` հարկային գործակալի պարտականություններից ազատված գործատուի) հետ Արցախի Հանրապետության օրենքով սահմանված կարգով աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող անձ, այդ թվում` հանրային ծառայող (բացառությամբ Արցախի Հանրապետության պաշտպանության, ոստիկանության, ազգային անվտանգության հանրապետական գործադիր մարմինների, փրկարարական ծառայության ծառայողների և հարկադիր կատարողների), ինչպես նաև քաղաքացիաիրավական պայմանագրերի համաձայն` աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) դիմաց գործատուից եկամուտ (բացառությամբ ձեռնարկատիրական եկամտի) ստացող անձ, միջազգային կազմակերպությունում աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող (պաշտոնեական պարտականությունները կատարող) Արցախի Հանրապետության այն քաղաքացին, որի համար միջազգային պայմանագրով նախատեսված դեպքերում միջազգային կազմակերպությունը կատարում է կենսաթոշակի իրավունք տվող վճարներ.

36) փոխկապակցված անձինք՝ ըստ ներդրումային ֆոնդերի ոլորտը կարգավորող օրենսդրության:

2. Սույն օրենքում օգտագործվող այլ հասկացությունները կիրառվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, ներդրումային ֆոնդերի և արժեթղթերի շուկայի ոլորտները կարգավորող օրենսդրությամբ սահմանված իմաստով, եթե սույն օրենքի դրույթներից չի բխում դրանց օգտագործման այլ իմաստ:

(2-րդ հոդվածը փոփ. 25.11.21 ՀՕ-139-Ն)

 

Հոդված 3.

Կենսաթոշակային համակարգի կուտակային և կամավոր կենսաթոշակային բաղադրիչները կարգավորող օրենսդրությունը

 

1. Արցախի Հանրապետության կենսաթոշակային համակարգի կուտակային և կամավոր կենսաթոշակային բաղադրիչները կարգավորվում են Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերով, սույն օրենքով, սույն օրենքի հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով, այլ օրենքներով և իրավական ակտերով:

 

Հոդված 4.

Կուտակային կենսաթոշակների ֆինանսավորման աղբյուրները

 

1. Կուտակային կենսաթոշակները ֆինանսավորվում են մասնակիցների համար (օգտին) կատարված կուտակային հատկացումների և դրանց ներդրումից ստացված եկամուտների հաշվին:

 

Գ Լ ՈՒ Խ 2

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐ ԿԱՏԱՐՈՂՆԵՐԸ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՎՃԱՐ ԿԱՏԱՐԵԼԸ

 

Հոդված 5.

Սոցիալական վճար կատարողները

 

1. Արցախի Հանրապետությունում սոցիալական վճարներ են կատարում՝

1) 1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված վարձու աշխատողները և անհատ ձեռնարկատերերը.

2) մինչև 1974 թվականը ծնված վարձու աշխատողները և անհատ ձեռնարկատերերը, եթե սույն օրենքով սահմանված կարգով ներկայացրել են սույն օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դիմում (այսուհետ՝ կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմում).

3) ինքնազբաղված անձինք` անկախ տարիքից, ովքեր սույն օրենքով սահմանված կարգով ներկայացրել են կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմում կամ սույն մասի 1-ին կետի հիման վրա երբևիցե կատարել են սոցիալական վճար:

2. Անձը չի կարող վերանայել կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմումի հիման վրա սոցիալական վճար կատարելու պարտավորություն ստանձնելու որոշումը:

3. Արցախի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք սոցիալական վճարները կատարում են ընդհանուր հիմունքներով, Արցախի Հանրապետության քաղաքացիների համար սահմանված կարգով, եթե Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

4. Անձը դադարում է սոցիալական վճար կատարել, եթե՝

1) լրացել է նրա կենսաթոշակային տարիքը, և նա հարկային մարմին է ներկայացրել դիմում սոցիալական վճար կատարելը դադարեցնելու վերաբերյալ.

2) անձը սույն օրենքով նախատեսված դեպքերում մասնակիցների ռեեստրը վարողին ներկայացնում է դիմում կուտակային կենսաթոշակ ստանալու վերաբերյալ:

5. Սույն հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով նախատեսված դիմումը հարկային մարմին ներկայացնելու կարգը, դիմումի ձևը սահմանում է Արցախի Հանրապետության կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմնի ղեկավարը: Ընդ որում, վարձու աշխատողը դիմումը հարկային մարմին է ներկայացնում հարկային գործակալի միջոցով: Այս դեպքում դիմումը համարվում է հարկային մարմին ներկայացված հարկային գործակալին ներկայացնելու պահից:

6. Մասնակիցների ռեեստրը վարողը սույն հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված դիմում ներկայացվելու մասին տեղեկացնում է հարկային մարմնին, իսկ հարկային մարմինը Արցախի Հանրապետության կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգով` գործատուին:

7. Կենսաթոշակային տարիքը լրացած կամ մասնակիցների ռեեստրը վարողին կուտակային կենսաթոշակ ստանալու դիմում ներկայացրած անձի կողմից սոցիալական վճար կատարելու պարտականությունը դադարում է`

1) աշխատավարձից` համապատասխան դիմումը հարկային մարմին ներկայացնելու կամ մասնակիցների ռեեստրը վարողին ներկայացնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից.

2) ձեռնարկատիրական եկամուտներից` համապատասխան դիմումը հարկային մարմին ներկայացնելու կամ մասնակիցների ռեեստրը վարողին ներկայացնելու տարվա հունվարի 1-ից:

8. Անձը, որպես ինքնազբաղված անձ, ստացված եկամուտներից սոցիալական վճար կատարում է կամավորության սկզբունքով, սույն օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով:

 

Հոդված 6.

Սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտը և դրույքաչափը

 

1. Սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտներն են`

1) աշխատավարձը.

2) ձեռնարկատիրական եկամուտը.

3) որպես ինքնազբաղված անձ՝ ստացված եկամուտները:

2. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված անձինք մինչև կենսաթոշակային տարիքը լրանալը սոցիալական վճարը կատարում են հետևյալ չափերով.

1) աշխատավարձի՝

ա. 5 տոկոսի չափով, եթե աշխատավարձի ամսական չափը չի գերազանցում 500 000 ՀՀ դրամը,

բ. 10 տոկոսի և 25 000 ՀՀ դրամի տարբերության չափով, եթե աշխատավարձի ամսական չափը գերազանցում է 500 000 ՀՀ դրամը.

2) ձեռնարկատիրական եկամտի՝

ա. 5 տոկոսի չափով, եթե այդ եկամտի տարեկան չափը չի գերազանցում 6 000 000 ՀՀ դրամը,

բ. 10 տոկոսի և 300 000 ՀՀ դրամի տարբերության չափով, եթե այդ եկամտի տարեկան չափը գերազանցում է 6 000 000 ՀՀ դրամը.

3) որպես ինքնազբաղված անձ՝ ստացված եկամուտների 5 տոկոսի չափով, անկախ եկամտի չափից:

3. Կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմումի հիման վրա սոցիալական վճարներ կատարելու, սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված անձի կենսաթոշակային տարիքը լրանալու դեպքերում (եթե անձը չի ներկայացրել սույն օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դիմումը) անձը սոցիալական վճարը կատարում է աշխատավարձի, ձեռնարկատիրական եկամտի, որպես ինքնազբաղված անձ՝ ստացված եկամուտների 5 տոկոսի չափով:

4. Անձը սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված չափով սոցիալական վճարներ է կատարում՝

1) դիմումը ներկայացնելու (դիմումի հիման վրա սույն օրենքով սահմանված կարգով կենսաթոշակային հաշիվը բացելու) օրվան հաջորդող ամսվա աշխատավարձից.

2) սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված՝ անձի կենսաթոշակային տարիքը լրանալու օրվան հաջորդող ամսվա աշխատավարձից.

3) դիմումը ներկայացնելու (դիմումի հիման վրա սույն օրենքով սահմանված կարգով կենսաթոշակային հաշիվը բացելու), սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված անձի կենսաթոշակային տարիքը լրանալու տարվա ձեռնարկատիրական եկամտից:

5. Անձի ամսական համախառն եկամտի՝ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով հաշվետու ամսվա համար սահմանված չափի տասնհինգապատիկը գերազանցող գումարից (այսուհետ՝ սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի առավելագույն ամսական շեմ) կամ տարեկան համախառն եկամտի՝ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով հաշվետու տարվա հունվարի 1-ի դրությամբ սահմանված չափի հարյուրութսունապատիկը գերազանցող գումարից (այսուհետ՝ սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի առավելագույն տարեկան շեմ) սոցիալական վճարներ չեն հաշվարկվում և փոխանցվում (գանձվում): Եթե անձը եկամուտ է ստանում մի քանի աղբյուրից (ստանում է ձեռնարկատիրական եկամուտ և աշխատավարձ), ապա հաշվարկված և փոխանցված (գանձված) սոցիալական վճարների` սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված չափը գերազանցող գումարները (եթե այդպիսիք առկա են) մասնակիցներին վերադարձնելու կարգը սահմանում է Արցախի Հանրապետության կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմնի ղեկավարը: Ամսական համախառն եկամուտն անձի կողմից ստացման ենթակա՝ հաշվետու ամսվա համար (բոլոր գործատուների հաշվարկած) աշխատավարձի և դրան հավասարեցված եկամուտների ու այդ հաշվետու ամսվա ընթացքում անձին վճարված պայմանագրային եկամտի հանրագումարն է: Տարեկան համախառն եկամուտն անձի կողմից ստացման ենթակա՝ հաշվետու տարվա ձեռնարկատիրական եկամտի, հաշվետու տարվա (ամիսների) համար հաշվարկված (բոլոր գործատուների հաշվարկած) աշխատավարձի և դրան հավասարեցված եկամուտների ու այդ հաշվետու տարվա՝ անձին վճարված պայմանագրային եկամտի հանրագումարն է: Սույն մասով սահմանված առավելագույն սահմանաչափերը չեն տարածվում սույն հոդվածի 9-րդ մասով նախատեսված դեպքերի վրա:

6. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված` անձի կողմից վճարման ենթակա սոցիալական վճարի գումարը չի կարող գերազանցել՝

1) ամսական՝

ա. համախառն եկամտի 5 տոկոսը, եթե այդ եկամտի չափը չի գերազանցում 500 000 ՀՀ դրամը,

բ. համախառն եկամտի 10 տոկոսի և 25 000 ՀՀ դրամի տարբերությունը, եթե այդ եկամտի չափը գերազանցում է 500 000 ՀՀ դրամը,

գ. սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի առավելագույն ամսական շեմի 10 տոկոսի և 25 000 ՀՀ դրամի տարբերությունը, եթե այդ եկամտի չափը գերազանցում է սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի առավելագույն ամսական շեմը.

2) տարեկան՝

ա. համախառն եկամտի 5 տոկոսը, եթե այդ եկամտի չափը չի գերազանցում 6 000 000 ՀՀ դրամը,

բ. համախառն եկամտի 10 տոկոսի և 300 000 ՀՀ դրամի տարբերությունը, եթե այդ եկամտի չափը գերազանցում է 6 000 000 ՀՀ դրամը,

գ. սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի առավելագույն տարեկան շեմի 10 տոկոսի և 300 000 ՀՀ դրամի տարբերությունը, եթե այդ եկամտի չափը գերազանցում է 6 000 000 ՀՀ դրամը:

7. Սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված՝ անձի կողմից վճարման ենթակա սոցիալական վճարի գումարի առավելագույն չափում որպես ինքնազբաղված անձ՝ ստացված եկամուտներից կատարվող սոցիալական վճարները հաշվի չեն առնվում:

8. Գործատուն, որպես սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող վարձու աշխատողի հարկային գործակալ, մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող վարձու աշխատողի անունից իր միջոցների հաշվին հաշվարկում և փոխանցում է սոցիալական վճար՝ խնամքի արձակուրդ գնալու օրվան հաջորդող ամսվանից մինչև երեխայի երկու տարին լրանալու ամիսը (ներառյալ) ընկած ժամանակահատվածի համար՝ ամսական 3 000 ՀՀ դրամի չափով: Սույն մասի իմաստով վարձու աշխատող է համարվում բացառապես գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող անձը:

9. Անձը կարող է ընտրել իր նկատմամբ չկիրառելու՝ սույն հոդվածի 5-րդ մասով և 45-րդ հոդվածով նախատեսված առավելագույն սահմանաչափերը` այդ մասին ներկայացնելով դիմում հարկային մարմին: Սույն մասով սահմանված դիմումը ներկայացրած անձի կողմից վճարման ենթակա սոցիալական վճարի գումարը չի կարող գերազանցել սույն հոդվածի 6-րդ մասի 1-ին կետի «ա» և «բ» ու 2-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված սահմանաչափերը: Անձը ցանկացած ժամանակ կարող է հրաժարվել սույն մասով կատարված ընտրությունից` ներկայացնելով դիմում հարկային մարմին: Սույն մասում նշված դիմումները վարձու աշխատողը (բացի հարկային գործակալի պարտականությունից ազատված գործատուի վարձու աշխատողից) հարկային մարմին է ներկայացնում գործատուի միջոցով:

10. Սույն հոդվածի 9-րդ մասով նախատեսված դիմումները հարկային մարմին ներկայացնելու կարգը և դիմումի ձևը սահմանում է հարկային մարմինը:

 

Հոդված 7.

Սոցիալական վճար կատարելը

 

1. Սույն օրենքով սահմանված՝ վարձու աշխատողի սոցիալական վճարները հաշվարկելու և փոխանցելու (գանձելու) պարտականությունը կրում են գործատուները` որպես հարկային գործակալ:

2. Գործատուները Արցախի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետներում և կարգով էլեկտրոնային եղանակով հարկային մարմնում գրանցում են իրենց հետ աշխատանքային և քաղաքացիաիրավական հարաբերությունների մեջ գտնվող վարձու աշխատողներին, ինչպես նաև, որպես հարկային գործակալ, «Եկամտային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով եկամտային հարկը հաշվարկելու և վճարելու համար սահմանված ժամկետներում սույն օրենքով սահմանված չափով հաշվարկում և փոխանցում են սոցիալական վճարները:

3. Գործատուները «Եկամտային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում էլեկտրոնային եղանակով հարկային մարմին են ներկայացնում անձնավորված հաշվարկ:

4. Անհատ ձեռնարկատերերը, ինքնազբաղված անձինք, ինչպես նաև վարձու աշխատողները, որպես ինքնազբաղված անձինք, ստացման ենթակա եկամուտներից ինքնուրույն հաշվարկում և փոխանցում են սոցիալական վճարները տարեկան կտրվածքով՝ «Եկամտային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով եկամտային հարկի վճարման համար սահմանված ժամկետներում: Եթե գործատուն ազատված է հարկային գործակալի պարտականություններից, ապա վարձու աշխատողը սոցիալական վճարը հաշվարկում և փոխանցում է ինքնուրույն` գործատուի համար սահմանված ժամկետներում:

5. Անհատ ձեռնարկատերերը և ինքնազբաղված անձինք «Եկամտային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում էլեկտրոնային եղանակով հարկային մարմին են ներկայացնում տարեկան անձնավորված հաշվարկ: Սույն հոդվածի 4-րդ մասի երկրորդ նախադասությամբ նշված վարձու աշխատողները յուրաքանչյուր ամսվա համար գործատուի համար սահմանված ժամկետում էլեկտրոնային եղանակով հարկային մարմին են ներկայացնում անձնավորված պարզեցված հաշվարկ:

6. Վարձու աշխատողների գրանցման հայտը և անձնավորված հաշվարկը հարկային մարմին ներկայացնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասինե Արցախի Հանրապետության օրենքով:

7. Գործատուները և սույն հոդվածի 5-րդ մասի երկրորդ նախադասությունում նշված վարձու աշխատողները սոցիալական վճարի ճշտված հաշվարկները ներկայացնում են «Եկամտային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Ճշտված հաշվարկների հիման վրա կատարվում է սոցիալական վճարների պարտավորությունների վերահաշվարկ, բացառությամբ հաշվարկված տույժերի:

8. Անհատ ձեռնարկատերերը և ինքնազբաղված անձինք հաշվետու ժամանակահատվածի համար տարեկան սոցիալական վճարի մասին ճշտված հաշվարկները ներկայացնում են «Եկամտային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Ճշտված հաշվարկների հիման վրա կատարվում է սոցիալական վճարների վերահաշվարկ:

9. Հարկային մարմնի կողմից սոցիալական վճար կատարողների (գործատուների) մոտ իրականացվող ստուգումների ընթացքում կամ ստուգումների ավարտից հետո հարկային մարմին ներկայացված ստուգվող կամ արդեն ստուգված ժամանակահատվածներին վերաբերող սոցիալական վճարների հաշվարկների ճշտում չի իրականացվում:

10. Գործատուի սնանկության կամ անհատ ձեռնարկատիրոջ (այդ թվում՝ գործատու հանդիսացող) մահվան դեպքում սոցիալական վճարի պարտավորությունների մարման և համապատասխան կուտակային հատկացումները մասնակիցների ռեեստրը վարողին փոխանցելու կարգը սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը:

11. Օտարերկրյա արժույթով կատարված սոցիալական վճարների փոխանցումների գումարները վերահաշվարկվում են Հայաստանի Հանրապետության դրամով` ելնելով դրանց՝ Արցախի Հանրապետության պետական բյուջե մուտքագրման օրը Կենտրոնական բանկի հրապարակած` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքից:

 

Հոդված 8.

Սոցիալական վճարների պարտավորությունների հաշվառումը

 

1. Սոցիալական վճարի պարտավորությունների հաշվառման նպատակով հարկային գործակալի (գործատուի) կամ սոցիալական վճարները սույն օրենքով սահմանված դեպքերում ինքնուրույն կատարող անձանց համար հարկային մարմնում բացվում են անձնական հաշվի քարտեր: Անձնական հաշվի քարտի ձևը և վարման կարգը սահմանում է Արցախի Հանրապետության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմնի ղեկավարը:

2. Սոցիալական վճարի պարտավորությունները հաշվառվում են հաշվարկի ներկայացման օրով և մարվում են ժամանակագրական կարգով` ավելի վաղ առաջացած սոցիալական վճարի պարտավորության չափով. առաջնահերթ՝ սոցիալական վճարը, այնուհետև` տույժը, անկախ վճարման փաստաթղթերում (անդորրագրում, վճարման հանձնարարականում) նշված սոցիալական վճարի պարտավորության վճարման նպատակայնությունից: Սոցիալական վճարի (բացառությամբ ճշտված հաշվարկի ներկայացման արդյունքում առաջացածի) պարտավորությունը տվյալ հաշվետու ժամանակահատվածի համար համարվում է մարված, եթե կամուրջ հաշվին մուտքագրված սոցիալական վճարի պարտավորությունների գումարները բավարար են այդ հաշվետու ժամանակահատվածի սոցիալական վճարը և տույժը մարելու համար: Սույն մասի կիրառման իմաստով սոցիալական վճարի ճշտված հաշվարկները ներկայացնելու արդյունքում առաջացած լրացուցիչ պարտավորությունները և նվազեցումները հաշվառվում են ճշտված հաշվարկը ներկայացնելու օրով:

3. Եթե հարկային գործակալը (գործատուն) ներկայացնում է ճշտված հաշվարկ, ճշտված հաշվարկ ներկայացնելու օրվա դրությամբ հաշվետու ժամանակահատվածում հարկային գործակալից (գործատուից) սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտ համարվող՝ եկամուտ ստացած անձն ազատվել է աշխատանքից (դադարել է նրա հետ կնքված աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագիրը), և ճշտված հաշվարկի արդյունքում վերահաշվարկվում է (փոխվում է) աշխատանքից ազատված անձի սոցիալական վճարի պարտավորությունը, ապա փոփոխության արդյունքում առաջացած տարբերությունը հաշվառվում է որպես ճշտված հաշվարկ ներկայացրած գործատուի՝ ճշտված հաշվարկ ներկայացնելու արդյունքում առաջացած լրացուցիչ պարտավորություն:

 

Գ Լ ՈՒ Խ 3

ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՀԱՏԿԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼԸ ԵՎ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ

ԲԱՂԱԴՐԻՉԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

Հոդված 9.

Մասնակիցների ռեեստրը վարողին կուտակային հատկացումները և անձնավորված տեղեկատվությունը փոխանցելը

 

1. Հարկային մարմինը սոցիալական վճարների վերաբերյալ հաշվարկները փաստացի ստանալու օրվանից հետո` առավելագույնը տասնօրյա ժամկետում, մշակում է դրանք և վճարման հանձնարարական է ուղարկում գանձապետարան` սոցիալական վճար կատարած (կատարող) անձի համար (օգտին) Արցախի Հանրապետության պետական բյուջեից կուտակային հատկացում կատարելու (համապատասխան գումարները մասնակիցների ռեեստրը վարողին փոխանցելու) համար, եթե ներկայացված տեղեկություններում չկան սխալներ, և փոխանցվել են սոցիալական վճարների հաշվետվության մեջ նշված սոցիալական վճարների գծով պարտավորությունները: Կուտակային հատկացման գումարը ձևավորվում է սոցիալական վճարներից և սույն օրենքի համաձայն՝ Արցախի Հանրապետության պետական բյուջեից հատկացվող լրացուցիչ միջոցներից:

2. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված անձանց համար (օգտին) մինչև նրանց կենսաթոշակային տարիքը լրանալը կուտակային հատկացումները կատարվում են հետևյալ չափով.

1) ամսական համախառն եկամտի 10 տոկոսի չափով՝ ամսական համախառն եկամտից հաշվարկված և փոխանցված (գանձված) սոցիալական վճարների և 10 տոկոսը լրացնելու նպատակով Արցախի Հանրապետության պետական բյուջեից հատկացվող համապատասխան միջոցների (առավելագույնը 25 000 ՀՀ դրամ) հանրագումարի չափով, բայց ոչ ավելի, քան սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի առավելագույն ամսական շեմի 10 տոկոսը.

2) ձեռնարկատիրական եկամտի 10 տոկոսի չափով՝ ձեռնարկատիրական եկամտից հաշվարկված և փոխանցված (գանձված) սոցիալական վճարների և 10 տոկոսը լրացնելու նպատակով Արցախի Հանրապետության պետական բյուջեից հատկացվող համապատասխան միջոցների (առավելագույնը 300 000 ՀՀ դրամ) հանրագումարի չափով, բայց ոչ ավելի, քան սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի առավելագույն տարեկան շեմի 10 տոկոսը.

3) անձնավորված (պարզեցված) հաշվարկի հիման վրա ներկայացված՝ սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտ համարվող՝ սույն մասի 1-ին և 2-րդ կետերով չնախատեսված եկամուտներից հաշվարկված սոցիալական վճարների չափով:

3. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող վարձու աշխատողի համար (օգտին) խնամքի արձակուրդ գնալու օրվան հաջորդող ամսվանից մինչև երեխայի երկու տարին լրանալու ամիսը (ներառյալ) կատարվում է կուտակային հատկացում՝ ամսական 8 000 ՀՀ դրամի չափով: Կուտակային հատկացում կատարելը դադարեցվում է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդն ընդհատվելու դեպքում՝ ընդհատվելու ամսվանից: Ընդ որում, սույն մասի իմաստով վարձու աշխատող է համարվում բացառապես գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող անձը:

4. Բոլոր դեպքերում սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված անձանց եկամուտներից հաշվարկված և փոխանցված (գանձված) սոցիալական վճարի և այդ անձանց համար (օգտին) կատարվող կուտակային հատկացման գումարի տարբերությունը չի կարող գերազանցել ամսական 25 000 ՀՀ դրամը և տարեկան 300 000 ՀՀ դրամը:

5. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված անձանց համար (օգտին), ինչպես նաև այն դեպքում, երբ լրացել է սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասում նշված անձի կենսաթոշակային տարիքը, և անձը չի ներկայացրել սույն օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դիմումը, կուտակային հատկացումները կատարվում են՝

1) ձեռնարկատիրական եկամտից, որպես ինքնազբաղված անձ ստացված եկամուտներից հաշվարկված և փոխանցված (գանձված) սոցիալական վճարների չափով.

2) անձնավորված (պարզեցված) հաշվարկի հիման վրա ներկայացված՝ աշխատավարձից հաշվարկված և փոխանցված (գանձված) սոցիալական վճարների չափով:

6. Արցախի Հանրապետության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմինը սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հանձնարարականում նշված չափով կուտակային հատկացումները փոխանցում է մասնակիցների ռեեստրը վարողի` Կենտրոնական բանկում բացված հաշվին հանձնարարականը ստանալուց անմիջապես հետո, սակայն ոչ ուշ, քան հաջորդ աշխատանքային օրը: Ընդ որում, կուտակային հատկացումների գումարները տվյալ հաշվետու ժամանակահատվածի համար մասնակիցների ռեեստրը վարողին են փոխանցվում բացառապես այն դեպքում, երբ անձնավորված (պարզեցված) հաշվարկի հիման վրա առաջացած սոցիալական վճարի պարտավորությունը այդ հաշվետու ժամանակահատվածի համար մարված է: Սույն օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված ժամկետից հետո կուտակային հատկացում չի կատարվում:

7. Սույն հոդվածի 1-ին մասում նշված հանձնարարականի ուղարկման օրը հարկային մարմինը կուտակային հատկացումների մասին անձնավորված տեղեկատվությունը ներկայացնում է մասնակիցների ռեեստրը վարողին:

8. Հարկային մարմնի կողմից մասնակիցների ռեեստրը վարողին ներկայացվող տեղեկատվությունը պարունակում է սոցիալական վճարներ կատարած (կատարող) անձանց մասին հետևյալ տեղեկությունները.

1) անունը և ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան (առկայության դեպքում) և համարը.

2) հանրային ծառայության համարանիշի կամ հանրային ծառայության համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը.

3) կատարած սոցիալական վճարի չափը.

4) պետական բյուջեից հատկացվող լրացուցիչ միջոցի չափը.

5) գործատուի, ինչպես նաև անհատ ձեռնարկատիրոջ հարկ վճարողի հաշվառման համարը.

6) Արցախի Հանրապետության կառավարության կողմից սահմանված այլ տեղեկություններ:

9. Կուտակային հատկացումները և սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված տեղեկատվությունը փոխանցելու հետ կապված սխալները շտկելու, սխալների շտկման գործընթացի տեխնիկածրագրային և ընթացակարգային հարցերը կարգավորելու կարգը սահմանվում է Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ: Մասնակիցների ռեեստրը վարողի հաշվին ավել փոխանցված կուտակային հատկացումները չեն վերադարձվում, այլ հաշվի են առնվում համապատասխան անձանց գծով հետագա կուտակային հատկացումները հաշվարկելիս և վճարելիս:

 

Հոդված 10.

Կենսաթոշակային հաշիվ բացելը և վարելը

 

1. Մասնակիցների ռեեստրը վարողը անձի անվամբ կենսաթոշակային հաշիվ բացում է անձի կողմից կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմումի կամ սույն օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված տեղեկատվությունը առաջին անգամ ստանալու հիման վրա (եթե կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմումի կամ սույն օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դիմումի հիման վրա կամ դատարանի որոշման հիման վրա անձի անվամբ կենսաթոշակային հաշիվ չի բացվել):

2. Մասնակիցների ռեեստրը վարողը կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմումի հիման վրա կենսաթոշակային հաշիվ բացելու մասին անմիջապես տեղեկացնում է հարկային մարմնին, իսկ հարկային մարմինը Արցախի Հանրապետության կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգով տեղեկացնում է գործատուին:

3. Մասնակիցների ռեեստրը վարողը կենսաթոշակային հաշիվը վարում է մինչև անձի մահանալը, իսկ մասնակցի մահանալու պահին նրա կենսաթոշակային հաշվում հաշվառված փայերի առկայության դեպքում` մինչև այդ փայերը սույն օրենքով սահմանված կարգով ժառանգի կենսաթոշակային հաշվին փոխանցելը կամ օրենքով սահմանված կարգով մարելը:

4. Օտարերկրյա պետությունում աշխատող Արցախի Հանրապետության քաղաքացիների` Արցախի Հանրապետություն վերադառնալու և (կամ) բնակություն հաստատելու դեպքում այդ պետությունում նրանց անդամակցած կուտակային կենսաթոշակային համակարգից այդ անձանց՝ Արցախի Հանրապետությունում բացված կուտակային կենսաթոշակային հաշիվներին գումարները փոխանցելու կարգը սահմանում է Արցախի Հանրապետության կառավարության պետական լիազոր մարմնի ղեկավարը:

 

Հոդված 11.

Կուտակային հատկացումների հաշվին կենսաթոշակային ֆոնդի փայեր ձեռք բերելը

 

1. Մասնակիցների ռեեստրը վարողը հարկային մարմնի տրամադրած` սույն օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված տեղեկատվությունը համադրում է իր մոտ բացված կենսաթոշակային հաշիվների և Արցախի Հանրապետության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմնից ստացված միջոցների հետ, որից անմիջապես հետո, սակայն ոչ ուշ, քան սույն օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված գումարը ստանալուց, իսկ գումարն ստանալու դրությամբ կենսաթոշակային ֆոնդի ընտրություն կատարված չլինելու դեպքում` համապատասխան ընտրությունը կատարվելուց հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում`

1) յուրաքանչյուր անձի համար (օգտին) կատարված կուտակային հատկացման դիմաց տվյալ անձի անվամբ բացված կենսաթոշակային հաշվին է փոխանցում սույն օրենքով սահմանված կարգով ընտրված կենսաթոշակային ֆոնդի` կուտակային հատկացմանը համարժեք քանակով փայեր` հիմք ընդունելով տվյալ ֆոնդի փայի տեղաբաշխման գինը.

2) սույն մասի 1-ին կետի համաձայն՝ կենսաթոշակային հաշիվներին փոխանցված փայերի տեղաբաշխման գնին համարժեք գումարը փոխանցում է համապատասխան կենսաթոշակային ֆոնդի պահառուի նշած հաշվին.

3) յուրաքանչյուր կենսաթոշակային ֆոնդի կառավարչին ներկայացնում է տեղեկատվություն` սույն մասի 1-ին կետի համաձայն կենսաթոշակային հաշիվներին փոխանցված համապատասխան կենսաթոշակային ֆոնդի փայերի քանակի և սույն մասի 2-րդ կետի համաձայն փոխանցված գումարի վերաբերյալ՝ առանց բացահայտելու այն անձանց, որոնց համար կատարվել են փոխանցումները:

2. Կենսաթոշակային ֆոնդի փայերի թողարկումը կազմակերպում է մասնակիցների ռեեստրը վարողը սույն օրենքի, դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի, կենսաթոշակային ֆոնդի կանոնների և կենսաթոշակային ֆոնդի կառավարչի և պահառուի հետ կնքված պայմանագրի համաձայն:

3. Կենսաթոշակային ֆոնդի կանոններով չեն կարող սահմանվել մեկ անձի գծով ձեռք բերվող պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի քանակի կամ դրա դիմաց վճարվող գումարի սահմանափակումներ:

4. Մասնակիցների ռեեստրը վարողը կենսաթոշակային ֆոնդի կառավարիչներին տրամադրում է տեղեկատվություն կուտակային հատկացումների ընդհանուր գումարի մասին: Տեղեկատվությունը տրամադրվում է կենսաթոշակային ֆոնդի կառավարիչներին` առանց որևէ այլ տեղեկության, որը նրանց հնարավորություն կտա նույնականացնելու կոնկրետ անձին: Մասնակիցների ռեեստրը վարողը կենսաթոշակային ֆոնդի կառավարիչներին չի կարող տրամադրել այլ տեղեկատվություն, քան նախատեսված է սույն օրենքի 18-րդ հոդվածի 6-րդ մասով:

5. Կենսաթոշակային ֆոնդի փայի սկզբնական անվանական արժեքը սահմանում է Արցախի Հանրապետության կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմնի ղեկավարը:

 

Հոդված 12.

Կենսաթոշակային հաշվի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելը

 

1. Մասնակիցների ռեեստրը վարողը տարին մեկ անգամ անվճար, ոչ ուշ, քան մինչև ապրիլի 15-ը տեղեկատվություն է տրամադրում անձին նրա կենսաթոշակային հաշվում արտացոլված նախորդ օրացուցային տարվա տվյալների մասին, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված տեղեկատվությունը առաջին անգամ անձին ներկայացվում է կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմումում նշված հասցեով՝ թղթային տարբերակով, եթե նա այլ տարբերակ չի ընտրել: Երկրորդ անգամ և հետագայում սույն հոդվածի 1-ին մասում նշված տեղեկատվությունը թղթային տարբերակով ստանալու համար անձը յուրաքանչյուր անգամ սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված կարգով դիմում է ներկայացնում մասնակիցների ռեեստրը վարողին:

3. Եթե անձը մասնակիցների ռեեստրը վարողին ներկայացվող որևէ դիմումում մասնակիցների ռեեստրը վարողից տեղեկատվություն ստանալու համար ընտրել է էլեկտրոնային եղանակը, ապա առաջին անգամ և հետագայում սույն հոդվածի 1-ին մասում նշված տեղեկատվությունը անձին ներկայացվում է մասնակիցների ռեեստրը վարողին ներկայացված որևէ դիմումում նշված էլեկտրոնային փոստի հասցեով: Եթե անձը ցանկանում է դադարեցնել սույն հոդվածի 1-ին մասում նշված տեղեկատվության ստացումը, ապա սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված կարգով դիմում է ներկայացնում մասնակիցների ռեեստրը վարողին:

4. Եթե անձը սույն հոդվածի 1-ին մասում նշված տեղեկատվությունը թղթային տարբերակով ստանալու համար մասնակիցների ռեեստրը վարողին դիմում չի ներկայացրել, և մասնակիցների ռեեստրը վարողի մոտ առկա չէ տվյալ անձի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցե, ապա սույն հոդվածի 1-ին մասում նշված տեղեկատվությունը անձին կարող է ներկայացվել անձի պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով (առկայության դեպքում):

5. Եթե սոցիալական վճար կատարող անձը չի ներկայացրել կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմում, ապա սույն հոդվածի 1-ին մասում նշված տեղեկատվությունը առաջին անգամ ներկայացվում է մասնակիցների ռեեստրը վարողի մոտ առկա՝ Արցախի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով: Եթե սոցիալական վճար կատարող անձը չի ներկայացրել կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմում և բնակչության պետական ռեգիստրում հաշվառված չէ Արցախի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով (կամ առկա չէ լիարժեք հասցե), ապա սույն հոդվածի 1-ին մասում նշված տեղեկատվությունը չի տրամադրվում:

6. Եթե անձը ներկայացրել է սույն օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դիմում, ապա դիմում ներկայացնելուց հետո սույն հոդվածի 1-ին մասում նշված տեղեկատվությունը չի տրամադրվում:

7. Մասնակիցը կարող է իր ցանկությամբ դադարեցնել և վերականգնել տեղեկատվության ստացումը՝ այդ մասին սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված կարգով դիմում ներկայացնելով մասնակիցների ռեեստրը վարողին: Սույն օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դիմում ներկայացրած անձը կարող է վերականգնել տեղեկատվության ստացումը միայն սույն օրենքի 13-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված դիմումը ներկայացնելուց հետո:

8. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տեղեկատվությունը ներկայացնելու ձևը, բովանդակությունը և կարգը, ինչպես նաև տեղեկատվության ստացման տարբերակների ընտրության, տեղեկատվության ստացման դադարեցման ու տեղեկատվության ստացման վերականգնման համար դիմելու կարգը, դիմումի ձևը և բովանդակությունը սահմանվում է Արցախի Հանրապետության կառավարության կողմից:

9. Մասնակիցների ռեեստրը վարողը մասնակցին նրա կենսաթոշակային հաշվի վերաբերյալ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տեղեկատվությունը տարեկան մեկ անգամից ավելի թղթային տարբերակով տրամադրելու, ինչպես նաև այլ լրացուցիչ տեղեկատվություն տրամադրելու համար կարող է մասնակցից գանձել վճար, որի չափը չի կարող գերազանցել դրա պատրաստման և տրամադրման համար կատարված ծախսերը` գումարած մասնակիցների ռեեստրը վարողի ողջամիտ շահույթը:

10. Մասնակիցների ռեեստրը վարողը օրական թարմացված տեղեկատվություն է տեղադրում իր ինտերնետային կայքում` Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված բովանդակությամբ և կարգով: Մասնակիցների ռեեստրը վարողը պետք է ապահովի յուրաքանչյուր մասնակցի հնարավորությունը մասնակիցների ռեեստրը վարողի ինտերնետային կայքի միջոցով անվճար հասանելիություն ունենալու իր անհատական կենսաթոշակային հաշվի վերաբերյալ տեղեկատվությանը: Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող են սահմանվել այդպիսի մուտքի ապահովմանը ներկայացվող այնպիսի պահանջներ, որոնք հնարավոր է ապահովել տվյալ պահին Արցախի Հանրապետությունում կիրառվող` անձը նույնականացնող և տեղեկատվության գաղտնիությունը ապահովող ծրագրային և տեխնիկական միջոցների օգտագործմամբ:

 

Հոդված 13.

Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի կարգավիճակը և դրանց շրջանառության սահմանափակումները

 

1. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայը սոցիալական նպատակներով թողարկվող անվանական արժեթուղթ է, որը հավաստում է դրա տիրոջ (քաղաքացու)՝ սույն օրենքով սահմանված կարգով կուտակային կենսաթոշակ ստանալու իրավունքը:

2. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերը պետությունը ձեռք է բերում սոցիալական վճար կատարող անձանց համար (օգտին)՝ յուրաքանչյուր անձի համար սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված չափով: Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերը պետության կողմից դրանց ձեռքբերման պահից հանդիսանում են մասնակցի սեփականությունը:

3. Մասնակցի լռությունը (պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի սեփականությունից հրաժարվելու վերաբերյալ դիմում չներկայացնելը) համարվում է մասնակցի կողմից կենսաթոշակային ֆոնդի փայերի սեփականությունն ընդունելու կամքի արտահայտություն (պետության կողմից հօգուտ իրեն կնքված և կնքվելիք կենսաթոշակային ֆոնդի փայերի ձեռք բերման պայմանագրերով իր իրավունքից օգտվելու ցանկության հայտնում): Մասնակիցը ցանկացած ժամանակ կարող է հրաժարվել կենսաթոշակային ֆոնդի փայերի սեփականությունից՝ այդ մասին գրավոր դիմում ներկայացնելով մասնակիցների ռեեստրը վարողին: Կենսաթոշակային ֆոնդի փայերի սեփականությունից հրաժարվելու իրավունքից անձը կարող է օգտվել միայն մեկ անգամ:

4. Անձի կողմից մեկ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայի ընդունումը նշանակում է սույն օրենքով սահմանված կարգով իր համար ձեռք բերված բոլոր պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի ընդունում՝ անկախ դրանց թողարկման ժամկետից: Կենսաթոշակային ֆոնդի փայերի մասնակի ընդունում կամ կենսաթոշակային ֆոնդի փայերի սեփականությունից մասնակի հրաժարում չի թույլատրվում:

5. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերը կարող են տիրապետվել, տնօրինվել, օգտագործվել բացառապես սույն օրենքով սահմանված կարգով և նպատակներով: Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերով հավաստվող իրավունքները ենթակա չեն փոխանցման, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

6. Մասնակցի կողմից մասնակիցների ռեեստրը վարողին կենսաթոշակային ֆոնդի փայերից հրաժարվելու վերաբերյալ դիմում ներկայացնելու դեպքում կենսաթոշակային ֆոնդի փայերն անցնում են պետության սեփականությանը:

7. Մասնակցի կողմից կենսաթոշակային ֆոնդի փայերի սեփականությունից հրաժարվելու վերաբերյալ դիմում ներկայացնելու դեպքում պետությունը շարունակում է սույն օրենքով սահմանված կարգով տվյալ անձի համար (օգտին) կուտակային հատկացումների փոխանցումը, որոնց դիմաց ձեռք բերված (տվյալ անձի անունով բացված կենսաթոշակային հաշվին փոխանցված) կենսաթոշակային ֆոնդի փայերը հանդիսանում են պետության սեփականությունը:

8. Պետությունը սույն հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով սահմանված դեպքերում չի կարող ընտրել ֆոնդեր և (կամ) փոխանակել կենսաթոշակային ֆոնդի փայերը: Ֆոնդի ընտրություն չկատարած անձի համար կենսաթոշակային ֆոնդի ընտրությունը կատարվում է սույն օրենքի 25-րդ հոդվածով սահմանված կարգով:

9. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կանոնները պետք է սահմանեն կենսաթոշակային ֆոնդի փայի տնօրինման, տիրապետման և օգտագործման` սույն օրենքով սահմանված սահմանափակումները և պայմանները:

10. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի սեփականությունից հրաժարվելու վերաբերյալ դիմում ներկայացրած անձն իրավունք չունի սույն օրենքով սահմանված կարգով ընտրելու պարտադիր կենսաթոշակային ֆոնդ կամ ֆոնդի կառավարիչ, փոխանակելու փայերը, դիմելու կենսաթոշակային ֆոնդի փայերի մարման և մարման արդյունքում ձևավորված դրամական միջոցները ստանալու համար, ինչպես նաև կենսաթոշակային ֆոնդի փայերը մարելու և արդյունքում ձևավորված դրամական միջոցները փոխանցելու օտարերկրյա պետությունում գործող կուտակային կենսաթոշակային հաշվին մինչև մասնակիցների ռեեստրը վարողին սույն հոդվածի 11-րդ մասով սահմանված դիմումը ներկայացնելը:

11. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դիմում ներկայացրած անձը ցանկացած ժամանակ կարող է դիմում ներկայացնել մասնակիցների ռեեստրը վարողին՝ իր անունով բացված կենսաթոշակային հաշվին փոխանցված կենսաթոշակային ֆոնդի փայերի սեփականությունն ընդունելու վերաբերյալ, որի դեպքում նախկինում իր կողմից սույն հոդվածի 3-րդ մասի համաձայն ներկայացրած դիմումը համարվում է չեղարկված: Սույն մասով նախատեսված դիմում ներկայացրած անձի համար պետության կողմից հօգուտ իրեն նախկինում ձեռք բերված կենսաթոշակային ֆոնդի փայերի նկատմամբ սեփականության իրավունքն իրեն է փոխանցվում դիմումը մասնակիցների ռեեստրը վարողին ներկայացնելու պահից, իսկ հետագայում ձեռք բերվելիք փայերի նկատմամբ սեփականության իրավունքը` պետության կողմից դրանք ձեռք բերելու պահից: Սույն մասով նախատեսված իրավունքից կենսաթոշակային ֆոնդի փայերի սեփականությունից հրաժարման դիմում ներկայացրած անձը կարող է օգտվել միայն մեկ անգամ:

12. Մասնակիցն իրավունք ունի դիմելու կենսաթոշակային ֆոնդի փայերի մարման և մարման արդյունքում ձևավորված դրամական միջոցները ստանալու համար միայն սույն օրենքի 7-րդ և 8-րդ գլուխներով նախատեսված դեպքերում և կարգով:

13. Կենսաթոշակային ֆոնդի փայը մասնակցի կողմից չի կարող՝

1) գրավադրվել.

2) ներդրվել իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում.

3) նվիրաբերվել կամ օտարվել որևէ այլ եղանակով, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի.

4) օգտագործվել որևէ այլ եղանակով, քան սահմանված է սույն օրենքով:

14. Մասնակցի պարտավորությունների համար մասնակցին պատկանող պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի վրա բռնագանձում չի կարող տարածվել մինչև նրա կուտակային կենսաթոշակ ստանալու իրավունք ձեռք բերելը:

15. Կենսաթոշակային ֆոնդի փայերի սեփականությունից հրաժարված անձի մահվան դեպքում կենսաթոշակային հաշվում հաշվառված կենսաթոշակային ֆոնդերի փայերը մարվում են, և ձևավորված դրամական միջոցները փոխանցվում են Արցախի Հանրապետության պետական բյուջե:

 

Հոդված 14.

Հարկային մարմնի իրավասությունները

 

1. Հարկային մարմինը՝

1) օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է կուտակային բաղադրիչի անձնավորված հաշվառման տվյալների բազան.

2) յուրաքանչյուր ամիս գործատուներից ընդունում է սոցիալական վճարների մասին անհատական հաշվարկները և Արցախի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ստուգում դրանց հավաստիությունը.

3) «Եկամտային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով եկամտային հարկի համար սահմանված ժամկետում անհատ ձեռնարկատերերից ու ինքնազբաղված անձանցից ընդունում է սոցիալական վճարների մասին հաշվարկները և Արցախի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ստուգում դրանց հավաստիությունը.

4) յուրաքանչյուր ամիս գործատուներից ստացված անձնավորված տեղեկատվությունը համադրում է անձնավորված հաշվառման տվյալների բազայի հետ.

5) համադրում է անհատ ձեռնարկատերերից ու ինքնազբաղված անձանցից ստացված անձնավորված տեղեկատվությունը` անձնավորված հաշվառման տվյալների բազայի հետ.

6) իրականացնում է գործատուների, անհատ ձեռնարկատերերի և ինքնազբաղված անձանց կողմից կատարվող սոցիալական վճարների հավաքումը.

7) կատարված սոցիալական վճարների և գործատուներից, անհատ ձեռնարկատերերից ու ինքնազբաղված անձանցից ստացված տեղեկատվության միջև սխալներ հայտնաբերելու դեպքում տեղեկացնում է նրանց այդ մասին: Նրանք կարող են շտկել սխալները և ներկայացնել ճշգրտված հաշվարկ սույն օրենքով սահմանված կարգով.

8) ուսումնասիրում է գործատուների, անհատ ձեռնարկատերերի և ինքնազբաղված անձանց կատարած սոցիալական վճարների վերաբերյալ բողոքներն ու սխալները և անհրաժեշտության դեպքում պահանջում է ներկայացնել ճշգրտված հաշվարկներ.

9) գործատուներից և անհատ ձեռնարկատերերից ստացված հաշվարկների հիման վրա հաշվարկում է մասնակիցների օգտին փոխանցվող կուտակային հատկացումների չափը.

10) համապատասխան հանձնարարականներ է ներկայացնում գանձապետարան՝ մուտքագրված գումարները (կուտակային հատկացումները) մասնակիցների ռեեստրը վարողի` Կենտրոնական բանկում գտնվող հաշվին փոխանցելու համար.

11) կատարված կուտակային հատկացումների վերաբերյալ անձնավորված տեղեկատվություն է ներկայացնում մասնակիցների ռեեստրը վարողին.

12) պատասխանում է մասնակիցների գրավոր դիմումներին` կապված սոցիալական վճարների (հաշվետվությունների) և կուտակային հատկացումների հետ.

13) իր իրավասությունների շրջանակում ընդունում է նորմատիվ իրավական ակտեր և իրականացնում ստուգումներ.

14) հաշվետվություններ է ներկայացնում Արցախի Հանրապետության կառավարություն` կուտակային բաղադրիչի անձնավորված հաշվառման բազայի և դրա վարման վերաբերյալ նման պահանջի առկայության դեպքում.

15) իրականացնում է սույն օրենքից և այլ օրենքներից բխող այլ լիազորություններ:

 

Հոդված 15.

Մասնակիցների ռեեստրը վարողի գործառույթները

 

1. Մասնակիցների ռեեստրը վարողը սույն օրենքի և սույն օրենքի հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի հիման վրա`

1) իրականացնում է սույն օրենքով և այլ իրավական ակտերով մասնակիցների ռեեստրը վարողին վերապահված գործառույթները.

2) սույն օրենքով սահմանված կարգով բացում և վարում է մասնակիցների կենսաթոշակային հաշիվները.

3) սույն օրենքի 5-րդ հոդվածով սահմանված անձանց համար կենսաթոշակային հաշիվներ բացելու դեպքում տեղեկացնում է այդ մասին հարկային մարմնին.

4) մասնակցի ցանկության դեպքում տեխնիկական միջոցներով ապահովում է մասնակցի կողմից կենսաթոշակային ֆոնդի, կենսաթոշակային ֆոնդի կառավարչի ընտրության, ինչպես նաև նրա հաշվի քաղվածքում առկա տեղեկատվության գաղտնիությունը: Սույն կետում նշված գաղտնիության ապահովման կարգը սահմանում է մասնակիցների ռեեստրը վարողը.

5) սույն օրենքի, դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի, կենսաթոշակային ֆոնդի կանոնների և կենսաթոշակային ֆոնդի կառավարչի ու պահառուի հետ կնքված պայմանագրի համաձայն` կազմակերպում է կենսաթոշակային ֆոնդերի փայերի թողարկումը, դրանց մուտքագրումը կենսաթոշակային հաշիվներին, մասնակիցների կենսաթոշակային ֆոնդերի փայերի մարումը.

6) կուտակային հատկացումները Կենտրոնական բանկում բացված իր հաշվից փոխանցում է կենսաթոշակային ֆոնդի պահառուի նշած համապատասխան կենսաթոշակային ֆոնդի կառավարչի հաշվին՝ առանց բացահայտելու ընտրություն կատարած մասնակիցներին.

7) սույն օրենքի 12-րդ հոդվածով սահմանված կարգով տեղեկատվություն է տրամադրում մասնակիցներին կենսաթոշակային հաշիվների վերաբերյալ.

8) մասնակցի դիմումի հիման վրա սույն օրենքով սահմանված ժամկետում կենսաթոշակային ֆոնդի պահառուի հետ համատեղ կազմակերպում է մեկ կենսաթոշակային ֆոնդի փայերի փոխանակումը մեկ այլ կենսաթոշակային ֆոնդի փայերով.

9) կենսաթոշակային ֆոնդի պահառուի հետ համատեղ կազմակերպում է մասնակցին պատկանող պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի մարման արդյունքում ստացված միջոցների փոխանցումն ապահովագրական ընկերությանը` սույն օրենքի համաձայն անուիտետի պայմանագիր կնքելու նպատակով.

10) կենսաթոշակային ֆոնդի պահառուի հետ համատեղ կազմակերպում է միանվագ և ծրագրային վճարների կատարումը.

11) ժառանգների կամահայտնության հիման վրա փոխանցում է մահացած մասնակցի կենսաթոշակային հաշվին պահվող փայերը ժառանգի կենսաթոշակային հաշվին կամ մարում է այդ փայերը և արդյունքում ձևավորված դրամական միջոցները փոխանցում ժառանգի բանկային հաշվին, իսկ փայերն անժառանգ ճանաչվելու դեպքում մարում է կենսաթոշակային փայերը և ձևավորված դրամական միջոցները փոխանցում Արցախի Հանրապետության պետական բյուջե.

12) իրականացնում է սույն օրենքից և սույն օրենքի հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերից և կենսաթոշակային ֆոնդի կանոններից բխող այլ գործառույթներ:

2. Մասնակիցների ռեեստրը վարողի փոփոխության կամ նրա գործունեության դադարեցման դեպքում մասնակիցների ռեեստրը փոխանցվում է մասնակիցների ռեեստրը վարող այլ անձի կամ Արցախի Հանրապետության կառավարությանը: Մասնակիցների ռեեստրի փոխանցման կարգը, ձևը և ժամկետները սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 16.

Հաշվի օպերատորի գործառույթները

 

1. Հաշվի օպերատորը սույն օրենքով և դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով միջնորդավորում է մասնակիցների ռեեստրը վարողի կողմից մասնակիցներին մատուցվող ծառայությունները, այդ թվում`

1) կենսաթոշակային հաշիվ բացելը.

2) մասնակցի անձնական տվյալներում փոփոխություն կատարելը.

3) մասնակցի կողմից ֆոնդի ընտրությունը և (կամ) փոփոխությունը, կենսաթոշակային ֆոնդի փայերի փոխանակումը, այլ փաստաթղթերի կամ տեղեկությունների ընդունումը և մասնակիցների ռեեստրը վարողին դրանց փոխանցումը.

4) մասնակցի կենսաթոշակային հաշվի վերաբերյալ մասնակիցների ռեեստրը վարողից տեղեկատվության ստացումը և փոխանցումը մասնակցին:

2. Հաշվի օպերատորը պետք է ապահովի իր գործառույթների կատարման ընթացքում մասնակիցների, նրանց կատարած ընտրության և այլնի մասին իրեն հայտնի դարձած տեղեկատվության գաղտնիությունը:

3. Հաշվի օպերատոր չի կարող լինել կենսաթոշակային ֆոնդի կառավարչի և (կամ) պահառուի հետ փոխկապակցված անձը:

4. Հաշվի օպերատորին և նրա աշխատակիցներին արգելվում է գովազդել որևէ կենսաթոշակային ֆոնդ կամ կենսաթոշակային ֆոնդի կառավարչի, խորհուրդ տալ կամ որևէ այլ կերպ ուղղորդել իրենց դիմող անձանց ընտրելու որևէ կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կամ կենսաթոշակային ֆոնդ:

 

Հոդված 17.

Արցախի Հանրապետության կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմնի գործառույթները

 

1. Արցախի Հանրապետության կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմինը՝

1) հարկային մարմնին տեղեկացնում է կուտակային հատկացումների կատարման մասին և համապատասխան հանձնարարական ստանալու դեպքում գանձապետական համակարգի միջոցով ապահովում է կուտակային հատկացումների փոխանցումը մասնակիցների ռեեստրը վարողին.

2) իրականացնում է կանխատեսումներ յուրաքանչյուր ֆինանսական տարում պետական բյուջեից սույն օրենքի համաձայն մասնակիցների համար (օգտին) կատարվող վճարների չափի վերաբերյալ, որոնք հաշվի են առնվում յուրաքանչյուր տարի պետական բյուջեի նախագիծը կազմելիս.

3) իրականացնում է սույն օրենքից և այլ իրավական ակտերից բխող այլ գործառույթներ:

 

Գ Լ ՈՒ Խ 4

ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔ

 

Հոդված 18.

Կենսաթոշակային գաղտնիքի պահպանումը

 

1. Կենսաթոշակային գաղտնիք կազմող տեղեկությունների հրապարակումն այն անձի, պետական մարմնի կամ պաշտոնատար անձի կողմից, որին այդ տեղեկությունները վստահված են եղել, հայտնի են դարձել նրա ծառայության կամ աշխատանքի կապակցությամբ կամ տրամադրվել են սույն օրենքով սահմանված կարգով, արգելվում է, բացառությամբ սույն գլխով նախատեսված դեպքերի: Կենսաթոշակային գաղտնիք կազմող տեղեկության հրապարակում է համարվում այդ տեղեկությունը (կամ դրա ցանկացած կրիչը) բանավոր կամ գրավոր ձևով զանգվածային լրատվության միջոցներով կամ այլ կերպ հրապարակելը, երրորդ անձին հայտնի դարձնելը կամ տարածելը, երրորդ անձանց նման տեղեկություններ հայթայթելու հնարավորություն ուղղակիորեն կամ անուղղակիորեն ընձեռելը (թույլատրելը, չխոչընդոտելը կամ այդ տեղեկության պահպանման կարգի խախտման հետևանքով դրա հրապարակումը հնարավոր դարձնելը):

2. Գործատուն, պետական լիազոր մարմինները, Կենտրոնական բանկը, մասնակիցների ռեեստրը վարողը, հաշվի օպերատորը, կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը և պահառուն պարտավոր են տեխնիկական այնպիսի միջոցներ ձեռնարկել և կազմակերպչական այնպիսի կանոններ սահմանել, որոնք անհրաժեշտ են կենսաթոշակային գաղտնիք կազմող տեղեկությունները պատշաճ պահպանելու համար:

3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված անձանց ղեկավարներին, ծառայողներին, նախկինում ղեկավար կամ ծառայող հանդիսացող անձանց, ինչպես նաև այն անձանց և կազմակերպություններին, որոնք սույն հոդվածի 2-րդ մասում նշված անձանց ծառայություններ (աշխատանքներ) են մատուցում կամ մատուցել են նախկինում, արգելվում է ծառայության կամ աշխատանքի կապակցությամբ իրենց վստահված կամ հայտնի դարձած կենսաթոշակային գաղտնիք կազմող տեղեկությունները հրապարակելը, ինչպես նաև իրենց անձնական կամ երրորդ անձանց շահերից ելնելով` դրանք օգտագործելը, երրորդ անձանց կողմից այդպիսի օգտագործման հնարավորություն ուղղակի կամ անուղղակի ընձեռելը, այն է` թույլատրելը, չխոչընդոտելը կամ նման տեղեկությունների պահպանման կարգի խախտման հետևանքով այն հնարավոր դարձնելը:

4. Գործատուն, մասնակիցների ռեեստրը վարողը, հաշվի օպերատորը և հարկային մարմինը կարող են դատարանում հրապարակել կենսաթոշակային գաղտնիք կազմող տեղեկությունները մասնակցի վերաբերյալ` մասնակցի իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու անհրաժեշտության դեպքում և սահմաններում, եթե վեճը ծագել է մասնակցի և մասնակիցների ռեեստրը վարողի կամ հաշվի օպերատորի կամ հարկային մարմնի կամ գործատուի միջև:

5. Գործատուները, մասնակիցների ռեեստրը վարողը և հարկային մարմինը պարտավոր են մասնակիցների շահերի պաշտպանության նպատակով մեկը մյուսին տեղեկատվություն տրամադրել մասնակիցների կենսաթոշակային հաշիվների վերաբերյալ, բացառությամբ մասնակցի ընտրած կենսաթոշակային ֆոնդի կառավարչի, կենսաթոշակային ֆոնդի և մասնակցի կենսաթոշակային ֆոնդերի փայերի վերաբերյալ տեղեկատվության:

6. Մասնակիցների ռեեստրը վարողը կամ հարկային մարմինը մասնակիցների վերաբերյալ կենսաթոշակային ֆոնդի կառավարչին կարող է տրամադրել հետևյալ տեղեկատվությունը.

1) տվյալ կառավարչի կողմից կառավարվող յուրաքանչյուր կենսաթոշակային ֆոնդի մասնակիցների թիվը.

2) այն մասնակիցների թիվը, որոնց համար (օգտին) տվյալ կառավարչի կողմից կառավարվող յուրաքանչյուր կենսաթոշակային ֆոնդին կատարվում են կուտակային հատկացումներ.

3) տվյալ կառավարչի կողմից կառավարվող յուրաքանչյուր կենսաթոշակային ֆոնդին միացած (սույն օրենքի 24-րդ կամ 25-րդ հոդվածի կամ 26-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` տվյալ կենսաթոշակային ֆոնդն ընտրած) մասնակիցների թիվը.

4) այլ ֆոնդերի փայերի փոխանակման արդյունքում տվյալ կառավարչի յուրաքանչյուր կենսաթոշակային ֆոնդի փայեր ձեռք բերած մասնակիցների թիվը.

5) այն մասնակիցների թիվը, որոնց համար (օգտին) այլ կենսաթոշակային ֆոնդի ընտրության հիմքով դադարեցվել է տվյալ կառավարչի յուրաքանչյուր կենսաթոշակային ֆոնդին կուտակային հատկացումների կատարումը.

6) փայերի փոխանակման հիմքով տվյալ կառավարչի կողմից կառավարվող յուրաքանչյուր կենսաթոշակային ֆոնդից դուրս եկած մասնակիցների թիվը.

7) տարվա ընթացքում տվյալ կենսաթոշակային ֆոնդի կառավարչի յուրաքանչյուր կենսաթոշակային ֆոնդի` կենսաթոշակային տարիքը լրացող մասնակիցների թիվը և նրանց պատկանող փայերի քանակը.

8) տարվա ընթացքում կենսաթոշակային ֆոնդի կառավարչի յուրաքանչյուր կենսաթոշակային ֆոնդից ծրագրային վճար ստացող մասնակիցների թիվը, նրանց պատկանող փայերի ընդհանուր քանակը և ընդհանուր հաշվարկային արժեքը.

9) սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված տեղեկատվությունը.

10) այն մասնակիցների թիվը, որոնց համար (օգտին) տվյալ կառավարչի կողմից կառավարվող յուրաքանչյուր կենսաթոշակային ֆոնդին կատարվում են կուտակային հատկացումներ տարեկան պարբերականությամբ:

7. Սույն հոդվածի 6-րդ մասի 1-6-րդ կետերում նշված տեղեկատվությունը կարող է ներկայացվել ըստ մասնակիցների տարիքային կազմի (նվազագույնը հինգ տարվա բաշխվածությամբ), սեռի, մասնակիցներին պատկանող փայերի ընդհանուր քանակի և ընդհանուր հաշվարկային արժեքի, կատարված կուտակային հատկացումների չափի (նվազագույնը տասը հազար ՀՀ դրամի բաշխվածությամբ):

8. Սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված տեղեկատվությունը չի կարող ներկայացվել ավելի հաճախ, քան ամսական պարբերականությամբ:

9. Մասնակիցների ռեեստրը վարողը և հարկային մարմինը պարտավոր են ապահովել իրենց մոտ առկա կամ հաշվարկման համար հիմք հանդիսացող այլ տեղեկատվության հասանելիության բացառումը կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների համար, որը կարող է օժանդակել կենսաթոշակային ֆոնդի կառավարչին ի հայտ բերելու կոնկրետ մասնակցին կամ կոնկրետ գործատուին, որտեղ աշխատում է մասնակիցը:

 

Հոդված 19.

Կենսաթոշակային գաղտնիքի տրամադրումը քրեական հետապնդում իրականացնող մարմիններին

 

1. Գործատուն, մասնակիցների ռեեստրը վարողը, հաշվի օպերատորը, հարկային մարմինը կենսաթոշակային գաղտնիք կազմող տեղեկությունները քրեական հետապնդում իրականացնող մարմիններին, սույն օրենքին համապատասխան, տրամադրում են միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան կայացված դատարանի որոշման հիման վրա:

2. Գործատուն, մասնակիցների ռեեստրը վարողը, հարկային մարմինը պարտավոր են դատարանի որոշումն ստանալուց հետո` երկու աշխատանքային օրվա ընթացքում, քրեական հետապնդում իրականացնող մարմնին կամ նրա լիազորած անձին տրամադրել տվյալ որոշմամբ պահանջվող տեղեկությունները:

3. Արգելվում է մասնակիցներին տեղեկացնել նրանց մասին կենսաթոշակային գաղտնիք կազմող տեղեկությունները քրեական հետապնդում իրականացնող մարմիններին տրամադրելու փաստի մասին:

 

Հոդված 20.

Կենսաթոշակային գաղտնիքի տրամադրումը դատարանին

 

1. Գործատուն, մասնակիցների ռեեստրը վարողը, հարկային մարմինը քաղաքացիական և քրեական գործերի կողմ հանդիսացող մասնակցի վերաբերյալ կենսաթոշակային գաղտնիք կազմող տեղեկությունները, սույն օրենքին համապատասխան, տրամադրում են դատարանին միայն վերջինիս` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական դատավարության կամ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով ընդունված որոշման հիման վրա:

2. Գործատուն, մասնակիցների ռեեստրը վարողը, հարկային մարմինը պարտավոր են դատարանի որոշումը ստանալու պահից` երկու աշխատանքային օրվա ընթացքում, դատարանին կամ դատարանի լիազորած անձին տրամադրել տվյալ որոշմամբ, վճռով կամ դատավճռով պահանջվող տեղեկությունները և փաստաթղթերը:

 

Հոդված 21.

Կենսաթոշակային գաղտնիքի տրամադրումը մասնակցի ժառանգներին և նոտարին

 

1. Գործատուն, մասնակիցների ռեեստրը վարողը, հարկային մարմինը մասնակցի վերաբերյալ կենսաթոշակային գաղտնիք կազմող տեղեկությունները, սույն օրենքին համապատասխան, տրամադրում են տվյալ մասնակցի ժառանգներին, եթե վերջիններս ժառանգության իրավունքները հիմնավորող փաստաթղթեր են ներկայացրել, և նոտարներին, եթե ժառանգական գործի շրջանակներում վերջիններիս կողմից համապատասխան հարցում է ներկայացվել:

2. Գործատուն, մասնակիցների ռեեստրը վարողը, հարկային մարմինը պարտավոր են ժառանգության իրավունքները հիմնավորող փաստաթղթերն ստանալու օրվանից հետո` տասն աշխատանքային օրվա ընթացքում, նրանց հաղորդել մասնակցի վերաբերյալ իրենց մոտ եղած տեղեկությունները և տրամադրել իրենց մոտ առկա փաստաթղթերը:

3. Գործատուի, մասնակիցների ռեեստրը վարողի, հարկային մարմնի կողմից, սույն հոդվածին համապատասխան, տեղեկությունները հաղորդելու և փաստաթղթերը ներկայացնելու մերժումը կամ սահմանված ժամկետներում չներկայացնելը կարող է բողոքարկվել դատարան: Մերժման կամ սույն օրենքով սահմանված ժամկետներում տեղեկությունները չհաղորդելու և փաստաթղթերը չներկայացնելու հետևանքով դիմող անձանց կամ կազմակերպություններին պատճառված վնասը ենթակա է հատուցման Արցախի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, եթե մերժումը եղել է անհիմն, կամ ժամկետները խախտվել են գործատուի, մասնակիցների ռեեստրը վարողի, հարկային մարմնի մեղքով:

 

Հոդված 22.

Կենսաթոշակային ֆոնդի կառավարչի գործառույթները և գործունեության նկատմամբ պահանջները

 

1. Սույն օրենքի իմաստով կենսաթոշակային ֆոնդի կառավարմամբ կարող է զբաղվել «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ֆոնդի կառավարման լիցենզիա ունեցող անձը:

2. Կենսաթոշակային ֆոնդի կառավարչի նկատմամբ տարածվում են «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի՝ բաց հրապարակային պայմանագրային ֆոնդերի կառավարմամբ զբաղվող կառավարչի նկատմամբ համապատասխան դրույթները, ընդ որում՝ կառավարչի գործունեության նկատմամբ լրացուցիչ պահանջները սահմանվում են Արցախի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի ղեկավարի հրամանով:

 

Գ Լ ՈՒ Խ 5

ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 23.

Մասնակիցների կողմից պարտադիր կենսաթոշակային ֆոնդ ընտրելու իրավունքը

 

1. Մասնակիցն իրավունք ունի ընտրելու կենսաթոշակային ֆոնդ: Ընդ որում, յուրաքանչյուր դեպքում մասնակիցը կարող է ընտրել միայն մեկ կենսաթոշակային ֆոնդ: Նույն ժամանակահատվածում մասնակցի համար (օգտին) կատարվող կուտակային հատկացումը չի կարող ուղղվել միաժամանակ մեկից ավելի կենսաթոշակային ֆոնդերի:

2. Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների և նրանց կենսաթոշակային ֆոնդերի մասին ամբողջական և թարմացված տեղեկատվությունը պետք է մշտապես առկա լինի մասնակիցների ռեեստրը վարողի (այդ թվում` ինտերնետային կայքում) և հաշվի օպերատորի մոտ:

 

Հոդված 24.

Կենսաթոշակային ֆոնդի ընտրությունը

 

1. Մասնակիցը կենսաթոշակային ֆոնդ ընտրելու համար մասնակիցների ռեեստրը վարողին է ներկայացնում կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմում` առցանց եղանակով (մասնակիցների ռեեստրը վարողի կայքէջի միջոցով) կամ հաշվի օպերատորի միջոցով:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված դիմումը պետք է պարունակի առնվազն հետևյալ տեղեկությունները.

1) մասնակցի անունը և ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան (առկայության դեպքում) և համարը, ծննդյան տարին, ամիսը և ամսաթիվը.

2) հանրային ծառայության համարանիշը կամ հանրային ծառայության համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը.

3) մասնակցի կոնտակտային տվյալները (հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում), մասնակցի կողմից նշված հասցեն և այլն).

4) մասնակցի՝ մասնակիցների ռեեստրը վարողից տեղեկատվություն (կենսաթոշակային հաշվի քաղվածք, նամակ, էլեկտրոնային հաղորդագրություն և այլն) ստանալու նախընտրելի միջոցը.

5) ընտրված կենսաթոշակային ֆոնդի կառավարչի անվանումը և կենսաթոշակային ֆոնդը.

6) հավաստում՝ ընտրված կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կառավարման վճարների և ֆոնդի կանոնների հետ համաձայն լինելու մասին.

7) հավաստում, որ տեղյակ է սոցիալական վճարներ կատարելու իր պարտականության մասին և ընդունել է իր համար (օգտին) կուտակային հատկացումների հաշվին ձեռք բերված և ձեռք բերվելիք պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերը.

8) դիմումը ներկայացնելու տարին, ամիսը և ամսաթիվը.

9) մասնակցի (մասնակցի լիազոր ներկայացուցչի) ստորագրությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ դիմումը ներկայացվել է էլեկտրոնային եղանակով, որն ապահովում է անձի նույնականացումը:

3. Մասնակիցը մասնակիցների ռեեստրը վարողին տեղեկացնում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դիմումում նշված անձնական տվյալների փոփոխության մասին՝ մասնակիցների ռեեստրը վարողի սահմանած կարգով:

 

Հոդված 25.

Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ընտրություն չկատարելը

 

1. Սույն օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված տեղեկատվության հիման վրա անձի համար կենսաթոշակային հաշիվ բացելուց հետո՝ 30 օրվա ընթացքում, մասնակցի կողմից կենսաթոշակային ֆոնդի ընտրություն չկատարվելու դեպքում մասնակցի համար կենսաթոշակային ֆոնդի ընտրությունը կատարում է մասնակիցների ռեեստրը վարողը` ծրագրային մոդուլի միջոցով` սահմանված ժամկետին հաջորդող աշխատանքային օրը: Ծրագրային մոդուլը պատահականության սկզբունքով բաշխում է ընտրություն չկատարած մասնակիցներին բոլոր կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների միջև այլ մասնակիցների կատարած ընտրությանը համամասնորեն` հիմք ընդունելով սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կենսաթոշակային ֆոնդի փայերը մասնակիցների կենսաթոշակային հաշիվներին փոխանցելու օրվան նախորդող օրվա դրությամբ առկա համամասնությունը: Կենսաթոշակային ֆոնդի ընտրություն չկատարած անձանց համար (օգտին) կատարվող կուտակային հատկացումների հաշվին ձեռք են բերվում սույն մասի երկրորդ նախադասությամբ սահմանված սկզբունքով պատահական ընտրված կենսաթոշակային ֆոնդի կառավարչի միջին ռիսկայնության (պահպանողական) կենսաթոշակային ֆոնդի փայեր:

2. Մասնակիցների ռեեստրը վարողը պարտավոր է հանրությանը մատչելի դարձնել տեղեկատվություն այն մասին, որ անձի կողմից կենսաթոշակային ֆոնդ չընտրելու դեպքում կենսաթոշակային ֆոնդի ընտրությունն անձի համար կատարում է մասնակիցների ռեեստրը վարողը՝ ծրագրային մոդուլի միջոցով՝ պատահականության սկզբունքով, որից հետո մասնակցի համար (օգտին) կատարվող հետագա կուտակային հատկացումներն ուղղվում են ընտրված կենսաթոշակային ֆոնդին:

 

Հոդված 26.

Կենսաթոշակային ֆոնդի կառավարչին և կենսաթոշակային ֆոնդը փոխելու մասնակցի իրավունքը

 

1. Մասնակիցն իրավունք ունի ցանկացած պահի անվճար փոխելու նախկինում ընտրված պարտադիր կենսաթոշակային ֆոնդը` իր համար (օգտին) կատարվող հետագա կուտակային հատկացումներն ուղղելու նույն կամ նոր կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կողմից կառավարվող ցանկացած կենսաթոշակային ֆոնդ, բացառությամբ սույն օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասով նախատեսված դեպքի: Սույն մասով սահմանված դեպքում մասնակիցը լրացնում և մասնակիցների ռեեստրը վարողին է ներկայացնում կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմում:

2. Մասնակիցն իրավունք ունի պարտադիր կենսաթոշակային ֆոնդի իր փայերը փոխանակելու միայն այլ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերով, բացառությամբ սույն օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասով նախատեսված դեպքի: Մասնակիցն իրավունք ունի իր պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերը փոխանակելու այլ կենսաթոշակային ֆոնդի (նույն կամ այլ կառավարչի կողմից կառավարվող) փայերով` մասնակիցների ռեեստրը վարողին ֆոնդի փայերի փոխանակման դիմում ներկայացնելու միջոցով: Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերը փոխանակելու դեպքում մասնակցից կարող է գանձվել փոխանակման ենթակա փայերի մարման վճար` սույն օրենքին համապատասխան:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դիմումը պետք է պարունակի սույն օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված տեղեկությունները, ինչպես նաև նախկին և նոր ընտրված կենսաթոշակային ֆոնդերի և դրանց կառավարիչների անվանումները:

4. Մասնակիցների ռեեստրը վարողը մերժում է սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված դիմումը, եթե այն չի համապատասխանում սույն օրենքի կամ սույն օրենքի հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի պահանջներին: Մասնակիցների ռեեստրը վարողը պարտավոր է հնգօրյա ժամկետում տեղեկացնել դիմում ներկայացրած մասնակցին դիմումը մերժելու մասին՝ նշելով մերժելու պատճառները:

5. Այն դեպքում, երբ սույն հոդվածի 2-րդ մասի կամ սույն օրենքի համաձայն պետք է վճար գանձվի կենսաթոշակային ֆոնդի փայերը փոխանակելիս, ապա մասնակիցների ռեեստրը վարողը պետք է տեղեկացնի մասնակցին այդ մասին՝ նշելով վճարման ենթակա գումարի չափը:

6. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դիմումը մասնակիցների ռեեստրը վարողին ներկայացնելու պահից սկսած` մասնակցի համար (օգտին) կատարվող կուտակային հատկացումներն ուղղվում են նոր ընտրված կենսաթոշակային ֆոնդ:

7. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի փոխանակումն իրականացվում է մասնակցի` սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դիմումը ստանալուց հետո` տասն աշխատանքային օրվա ընթացքում:

8. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի փայերի փոխանակումը իրականացվում է փոխանակման պահանջը ներկայացվելու օրվա (ժամի) համար որոշվող հետգնման (մարման) և նոր փայեր տեղաբաշխելու օրվա (ժամի) համար որոշվող տեղաբաշխման գներով: Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերը հետ են գնվում (մարվում են) դրանց հետգնման (մարման) պահանջ ներկայացվելու պահի դրությամբ վերջին հաշվարկված և հրապարակված տվյալ փայի հետգնման գնով: Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերը տեղաբաշխվում են դրանց ձեռք բերման պահանջ ներկայացվելու պահի դրությամբ վերջին հաշվարկված և հրապարակված տվյալ փայի տեղաբաշխման գնով:

9. Սույն հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով նախատեսված պարտավորությունները մասնակիցների ռեեստրը վարողը կարող է իրականացնել տեղեկատվական համակարգով` մասնակիցների ռեեստրը վարողի ինտերնետային կայքի կամ հաշվի օպերատորի միջոցով:

 

Գ Լ ՈՒ Խ 6

ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԵԼԻՈՒԹՅԱՆ

 ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԴՐԱ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

Հոդված 27.

Կուտակային վճարների վերադարձելիության երաշխավորումը

 

1. Արցախի Հանրապետությունը երաշխավորում է սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված անձի օգտին կատարված կուտակային հատկացումների վերադարձելիությունը մասնակցին՝ սույն օրենքի 6-րդ հոդվածի համաձայն կատարված սոցիալական վճարների՝ տարեկան գնաճով ճշգրտված չափով:

2. Սույն մասով նախատեսված սոցիալական վճարների՝ տարեկան գնաճով ճշգրտման կարգը սահմանվում է սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելվածով:

3. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված գումարի վերադարձելիությունը երաշխավորվում է Արցախի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

 

Հոդված 28.

Կուտակային հատկացումների հատուցման դեպքը և չափը

 

1. Կուտակային հատկացումների հատուցման դեպք է համարվում այն իրավիճակը, երբ սույն օրենքի 31-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված դիմումը ստանալու օրվա դրությամբ անձի կենսաթոշակային հաշվում առկա պարտադիր կենսաթոշակային ֆոնդի (ֆոնդերի) փայերի հաշվարկային արժեքների հանրագումարը փոքր է սույն օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված չափից:

2. Սույն գլխով նախատեսված հատուցումն իրականացվում է սույն օրենքի 31-րդ հոդվածով սահմանված դիմումը ստանալու օրվա դրությամբ սույն օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված գումարի և անձի կենսաթոշակային հաշվում առկա պարտադիր կենսաթոշակային ֆոնդի (ֆոնդերի) փայերի հաշվարկային արժեքների հանրագումարի տարբերության չափով:

3. Յուրաքանչյուր մասնակցին սույն գլխով նախատեսված հատուցումն իրականացվում է միայն մեկ անգամ:

 

Հոդված 29.

Կուտակային հատկացումների հատուցումը, տեղեկատվության փոխանակումը և վերահսկողությունը

 

1. Կուտակային հատկացումների հատուցման դեպքի առկայության մասին որոշումը մասնակիցների ռեեստրը վարողն ընդունում է սույն օրենքի 31-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված դիմումը ստանալուց հետո` հինգ աշխատանքային օրվա ընթացքում, որից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում մասնակցին հայտնում է հատուցման դեպքի առկայության (կամ դրա բացակայության) և սույն օրենքի 28-րդ հոդվածով նախատեսված տարբերության չափի մասին:

2. Հատուցման դեպքի առկայության փաստը բացահայտելուց հետո` երկու աշխատանքային օրվա ընթացքում, մասնակիցների ռեեստրը վարողն այդ մասին (ներառյալ` սույն օրենքի 28-րդ հոդվածով նախատեսված տարբերության չափի) Արցախի Հանրապետության կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգով տեղեկացնում է Արցախի Հանրապետության կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմնին:

3. Արցախի Հանրապետության կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմինը սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված փաստաթղթերն ու տեղեկություններն ստանալուց հետո` հինգ աշխատանքային օրվա ընթացքում, հատուցման դեպքի առկայության փաստը հաստատված համարելու դեպքում սույն օրենքի 28-րդ հոդվածով նախատեսված տարբերության գումարը փոխանցում է մասնակիցների ռեեստրը վարողին:

4. Մասնակիցների ռեեստրը վարողը կուտակային կենսաթոշակը վճարելիս մասնակցի կենսաթոշակային հաշվում գտնվող բոլոր փայերի մարումից ստացված գումարին միացնում է սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով ստացած գումարը: Եթե մասնակիցը, ստանալով սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված գումարը, ցանկանում է կենսաթոշակը ստանալ ծրագրային վճարի տեսքով, ապա սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված գումարի հաշվին սույն օրենքի 11-րդ հոդվածով սահմանված կարգով մասնակցի համար ձեռք են բերվում այն կենսաթոշակային ֆոնդի փայերը, որին մասնակիցը վճարումներ է կատարելիս եղել սույն օրենքի 31-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված դիմումը ներկայացնելու պահին:

5. Եթե հատուցման դեպքն առաջացել է որևէ անձի անօրինական գործողությունների կամ անգործության (այդ թվում՝ կառավարչի ֆիդուցիար պարտականությունների խախտման) հետևանքով, ապա երաշխավորված պարտադիր կուտակային հատկացումների` ճշգրտված տարեկան գնաճով հատուցումն իրականացնելու դեպքում Արցախի Հանրապետությունը հետադարձ պահանջի իրավունք է ձեռք բերում տվյալ անձի նկատմամբ այն վնասի չափով, որի համար տվյալ անձն Արցախի Հանրապետության օրենքով սահմանված կարգով կրում է պատասխանատվություն:

6. Մասնակիցների ռեեստրը վարողի և Արցախի Հանրապետության կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմնի միջև տեղեկությունների փոխանակման կարգը և պայմանները սահմանվում են Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ:

 

Գ Լ ՈՒ Խ 7

ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՎՃԱՐՈՒՄԸ

 

Հոդված 30.

Կուտակային կենսաթոշակների տեսակները

 

1. Կուտակային կենսաթոշակների տեսակներն են՝

1) անուիտետները.

2) ծրագրային վճարները.

3) միանվագ վճարները:

2. Կուտակային կենսաթոշակների չափը որոշվում է մասնակցի կենսաթոշակային հաշվում առկա կենսաթոշակային ֆոնդի փայերի արժեքի և կուտակային կենսաթոշակների ստացման ժամանակահատվածի հիման վրա:

3. Անուիտետների և ծրագրային վճարների հաշվարկման համար մասնակիցների ռեեստրը վարողը և ապահովագրական ընկերությունները պետք է օգտագործեն երկու սեռի համար ունիվերսալ մահացության աղյուսակներ:

4. Կուտակային կենսաթոշակների վրա բռնագանձում կարող է տարածվել Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 31.

Կուտակային կենսաթոշակ ստանալու կարգը

 

1. Մասնակիցը կուտակային կենսաթոշակ ստանալու իրավունք է ձեռք բերում, եթե՝

1) լրացել է մասնակցի կենսաթոշակային տարիքը.

2) լրացել է մասնակցի 55 տարին, և նրա կենսաթոշակային հաշվում առկա կենսաթոշակային ֆոնդի փայերի ընդհանուր հաշվարկային արժեքը բավարարում է սույն հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետի պայմանները:

2. Մասնակիցը կարող է սույն օրենքով սահմանված կարգով տնօրինել իր կուտակային կենսաթոշակը` անկախ պետական կենսաթոշակը ստանալու փաստից:

3. Կուտակային կենսաթոշակ ստանալու համար մասնակիցը դիմում է ներկայացնում մասնակիցների ռեեստրը վարողին՝ իր կենսաթոշակային հաշվում առկա պարտադիր կենսաթոշակային ֆոնդի (ֆոնդերի) փայերի, դրանց ընդհանուր հաշվարկային արժեքի, ինչպես նաև մասնակցի միջոցները սույն օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված աղյուսակների հիման վրա հաշվարկած հավասարաչափ ամսական վճարների մասին տեղեկանք ստանալու վերաբերյալ: Մասնակիցների ռեեստրը վարողը պարտավոր է դիմումը ստանալուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, մասնակցին տրամադրել տեղեկանք` սույն մասի առաջին նախադասությամբ նշված տեղեկություններով: Կենսաթոշակային հաշվի հաշվեկշիռը կազմվում է կուտակային բաղադրիչին մասնակցելու օրվանից սկսած` մինչև մասնակիցների ռեեստրը վարողին դիմում ներկայացնելու օրը:

4. Կախված մասնակցի կենսաթոշակային հաշվում առկա պարտադիր կենսաթոշակային ֆոնդի (ֆոնդերի) փայերի ընդհանուր հաշվարկային արժեքից` մասնակիցն իր կուտակային կենսաթոշակը կարող է ստանալ հետևյալ ձևերով.

1) եթե մասնակցի միջոցները, սույն օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, հավասարաչափ ամսական վճարների վերածելու դեպքում ամսական գումարը փոքր է հիմնական կենսաթոշակի 75 տոկոսից կամ հավասար է դրան, ապա մասնակիցն իրավունք ունի կուտակային կենսաթոշակը ստանալու անուիտետի կամ ծրագրային վճարների կամ միանվագ վճարի ձևով.

2) եթե մասնակցի միջոցները, սույն օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, հավասարաչափ ամսական վճարների վերածելու դեպքում ամսական գումարը մեծ է հիմնական կենսաթոշակի 75 տոկոսից, բայց փոքր այդ կենսաթոշակի հնգապատիկից կամ հավասար է այդ կենսաթոշակի հնգապատիկին, ապա մասնակիցը պարտավոր է իր պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի մարման արդյունքում ստացված գումարի չափով սույն օրենքով սահմանված կարգով կնքել անուիտետի պայմանագիր.

3) եթե մասնակցի միջոցները, սույն օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, հավասարաչափ ամսական վճարների վերածելու դեպքում ամսական գումարը գերազանցում է հիմնական կենսաթոշակի հնգապատիկը, ապա մասնակիցը պարտավոր է իր պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի մի մասի մարման արդյունքում ստացված միջոցների հաշվին սույն օրենքով սահմանված կարգով կնքել անուիտետի պայմանագիր այն գումարի չափով, որը հավասարաչափ ամսական վճարների վերածելու դեպքում ամսական գումարը կկազմի հիմնական կենսաթոշակի հնգապատիկը, իսկ մնացած մասը մասնակիցն իրավունք ունի ստանալու անուիտետի կամ ծրագրային վճարների կամ միանվագ վճարի ձևով:

5. Իր ընտրության վերաբերյալ դիմումը մասնակիցը պարտավոր է ներկայացնել մասնակիցների ռեեստրը վարողին:

6. Անուիտետ ստանալու իրավունքը ծագում է անկախ մասնակցի՝ այլ աղբյուրներից անուիտետ, պետական կենսաթոշակ կամ նպաստ ստանալու հանգամանքից:

 

Հոդված 32.

Մասնակցի միջոցներն ապահովագրական ընկերությանը փոխանցելը

 

1. Մասնակիցը դիմում է ներկայացնում մասնակիցների ռեեստրը վարողին` տեղեկացնելով ընտրված ապահովագրական ընկերության և անուիտետի պայմանագրի, ինչպես նաև փայերը մարելու և դրա արդյունքում ստացված միջոցներն ապահովագրական ընկերությանը փոխանցելու մասին:

2. Մասնակիցների ռեեստրը վարողը պարտավոր է տեղեկացնել պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարչին մարման պահանջի մասին և կենսաթոշակային ֆոնդի պահառուի հետ համատեղ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դիմումը ստանալուց հետո` տասն աշխատանքային օրվա ընթացքում, կազմակերպել մասնակցի կենսաթոշակային հաշվում առկա փայերի մարումն ու դրա արդյունքում ստացված միջոցների փոխանցումը մասնակցի դիմումում նշված ապահովագրական ընկերությանը` անուիտետ գնելու նպատակով:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված ժամկետում միջոցներն ապահովագրական ընկերությանը չփոխանցելու դեպքում մասնակիցների ռեեստրը վարողը յուրաքանչյուր կետանցված օրվա համար մասնակցին վճարում է տույժ՝ չփոխանցված գումարի 0,01 տոկոսի չափով: Սույն մասով նախատեսված տույժ վճարելու դեպքում մասնակիցների ռեեստրը վարողն իրավունք ունի ներկայացնելու հետադարձ պահանջ տվյալ կենսաթոշակային ֆոնդի պահառուին, եթե կետանցը տեղի է ունեցել պահառուի մեղքով:

4. Ապահովագրական ընկերությունն իր հետ պայմանագիր կնքած մասնակցին գրավոր տեղեկացնում է, սույն հոդվածի 2-րդ մասի համաձայն, դրամական միջոցների ստացման և դրանց չափի մասին՝ ստանալու օրվան հաջորդող յոթ օրվա ընթացքում:

 

Հոդված 33.

Անուիտետների տեսակները

 

1. Անուիտետի տեսակներն են՝

1) 10 կամ 5 տարով երաշխավորված անուիտետ (այսուհետ՝ որոշակի ժամկետով երաշխավորված անուիտետ).

2) ամուսինների անուիտետ՝ 10 կամ 5 տարի երաշխավորված ժամկետով:

2. Որոշակի ժամկետով երաշխավորված անուիտետը վճարվում է ցմահ, սակայն եթե անձը մահանում է նախքան 10 կամ 5 տարի (ըստ պայմանագրի) երաշխավորված ժամանակահատվածի լրանալը, ապա Արցախի Հանրապետության օրենքով ժառանգ համարվող անձինք իրավունք ունեն ապահովագրական ընկերությունից հետ ստանալու որոշակի ժամկետով երաշխավորված անուիտետի մնացորդային գումարը:

3. Ամուսինների անուիտետը վճարվում է ցմահ այն անձին, հօգուտ որի այն նշանակվել է: Անձի մահից հետո անուիտետը շարունակվում է վճարվել վերջինիս ողջ մնացած ամուսնուն ցմահ՝ անուիտետի պայմանագրով նախատեսված գումարի չափով: Եթե ամուսիններից երկուսն էլ մահանում են երաշխիքային ժամանակահատվածում, նրանց ժառանգները ստանում են չվճարված գումարի անուիտետի պայմանագրով սահմանված մասը:

4. Անուիտետի վճարման պայմանագրից բխող պարտավորական իրավունքները չեն կարող գրավադրվել որպես մեկ այլ պարտավորության կատարման ապահովման միջոց:

 

Հոդված 34.

Անուիտետի պայմանագիր կնքելը

 

1. Ապահովագրական ընկերությունը անուիտետի պայմանագրով պարտավորվում է մասնակցի համար, սույն օրենքի 32-րդ հոդվածի համաձայն, իրեն միանվագ փոխանցված դրամական միջոցների դիմաց մասնակցին վճարել անուիտետ: Ապահովագրական ընկերությունը պարտավոր է անուիտետի պայմանագիր կնքել այդ նպատակով իրեն դիմած յուրաքանչյուր մասնակցի հետ (հրապարակային պայմանագիր):

2. Մասնակիցն ու ապահովագրական ընկերությունը կնքում են անուիտետի վճարման պայմանագիր՝ հաշվի առնելով սույն օրենքով և դրանից բխող նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջները:

3. Անուիտետ վճարելու մասին պայմանագիր կնքելու համար մասնակիցը ապահովագրական ընկերություն է ներկայացնում (թղթային կամ էլեկտրոնային եղանակով) մասնակիցների ռեեստրը վարողի կողմից սույն օրենքի 31-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն տրամադրած տեղեկանքը մասնակցի կենսաթոշակային հաշվում առկա կենսաթոշակային ֆոնդերի փայերի ընդհանուր հաշվարկային արժեքի վերաբերյալ:

4. Անուիտետի պայմանագիր կնքելիս ապահովագրական ընկերությանն արգելվում է մասնակցից պահանջել վերջինիս առողջական վիճակի վերաբերյալ կամ հիվանդության պատմությունից որևէ տեղեկատվություն:

5. Անուիտետի պայմանագրում նշվում են՝

1) անուիտետի տեսակը.

2) մասնակցի տարիքը.

3) ապահովագրական ընկերությանը միանվագ փոխանցված գումարի չափը.

4) վճարման ենթակա անուիտետի չափը, ժամկետը և վճարման պարբերականությունը.

5) անուիտետի պայմանագրի դադարման հիմքերը և պայմանները.

6) պատասխանատվությունը անուիտետի պայմանագրի պայմանները խախտելու դեպքում.

7) Արցախի Հանրապետության օրենքին չհակասող այլ դրույթներ:

6. Անուիտետի միջոցով կենսաթոշակ ստանալու մասնակցի իրավունքն իրացնելու և մասնակիցների ռեեստրը վարողի կողմից նշված գործընթացը կազմակերպելու նպատակով ապահովագրական ընկերությունը պարտավոր է մասնակցի հետ սույն հոդվածով նախատեսված անուիտետի պայմանագիրը կնքելու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում մասնակիցների ռեեստրը վարողին ներկայացնել հետևյալ տեղեկությունները.

1) մասնակցի անունը և ազգանունը.

2) մասնակցի հանրային ծառայության համարանիշը կամ հանրային ծառայության համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը.

3) կնքված անուիտետի պայմանագրի համարը.

4) պայմանագրի կնքման ամսաթիվը և գործողության ժամկետը:

7. Մասնակիցների ռեեստրը վարողը պարտավոր է սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված տեղեկատվությունը ստանալու պահից երկու աշխատանքային օրվա ընթացքում ապահովել ստացված տվյալների գրանցումը:

 

Հոդված 35.

Անուիտետի պայմանագրի դադարելը

 

1. Անուիտետի պայմանագիրը դադարում է անուիտետ ստացող անձի մահվան, իսկ ամուսինների անուիտետի պայմանագրի դեպքում՝ երկրորդ ամուսնու մահվան դեպքում, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքի:

2. Երաշխավորված ժամկետում անուիտետ ստացող անձանց մահվան դեպքում անուիտետի պայմանագիրը դադարում է պայմանագրով սահմանված մնացորդային գումարը ժառանգներին վճարելու, իսկ դատական կարգով անուիտետի մնացորդային գումարն անժառանգ ճանաչվելու պարագայում` պետական բյուջե փոխանցելու դեպքում:

3. Ապահովագրական ընկերության կողմից տասներկուամսյա ժամանակահատվածում երկու և ավելի անգամ անուիտետ չվճարելու, ինչպես նաև երկու և ավելի անգամ անուիտետի պայմանագրի որևէ այլ խախտում թույլ տալու դեպքում անուիտետ ստացող անձը կամ նրա ամուսինը կամ նրանց լիազորած անձն իրավունք ունի իր նախաձեռնությամբ միակողմանի լուծելու անուիտետի պայմանագիրը` ապահովագրական ընկերությունից պահանջելով վճարելու մնացորդային գումարը և պատճառված վնասները:

4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված հիմքով անուիտետի պայմանագիրը լուծելու դեպքում անուիտետի մնացորդային գումարը ենթակա է փոխանցման անձի կողմից նշված այլ ապահովագրական ընկերությանը:

 

Հոդված 36.

Ծրագրային վճարը

 

1. Ծրագրային վճարը մասնակցի կենսաթոշակային հաշվում առկա կենսաթոշակային ֆոնդերի փայերի մասնակի մարումների հաշվին ամսական կտրվածքով վճարվող կենսաթոշակ է՝ բաշխված ըստ կյանքի սպասվող տևողության ամիսների:

2. Ծրագրային վճարների հաշվարկման մեթոդաբանությունը և վճարման կարգը սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 37.

Միանվագ վճարը

 

1. Սույն օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կամ 3-րդ կետով նախատեսված դեպքերում մասնակցի կողմից միանվագ վճարի տեսքով կենսաթոշակի ստացման դիմում ներկայացվելու դեպքում մասնակիցների ռեեստրը վարողը տասն աշխատանքային օրվա ընթացքում մասնակցի կենսաթոշակային հաշվում առկա փայերի մարման հաշվին կատարում է միանվագ վճար՝ Արցախի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում միանվագ վճարը չկատարելու դեպքում մասնակիցների ռեեստրը վարողը յուրաքանչյուր կետանցված օրվա համար մասնակցին վճարում է տույժ՝ չվճարված գումարի 0,01 տոկոսի չափով: Սույն մասով նախատեսված տույժ վճարելու դեպքում մասնակիցների ռեեստրը վարողն իրավունք ունի հետադարձ պահանջ ներկայացնելու տվյալ կենսաթոշակային ֆոնդի պահառուին, եթե կետանցը տեղի է ունեցել պահառուի մեղքով:

 

Հոդված 38.

Մասնակցի կողմից կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ ստանալու պահանջը

 

1. Մասնակիցն իրավունք ունի ցանկացած ժամանակ, ներառյալ` նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը, ներկայացնելու իր կենսաթոշակային հաշվում առկա (այդ թվում` մասնակցի կողմից նախկինում ներկայացված դիմումի հիման վրա ծրագրային վճարի տեսքով վճարվող կենսաթոշակը) միջոցները (անկախ դրանց չափից) ամբողջությամբ ստանալու պահանջ, եթե առկա է հետևյալ պայմաններից որևէ մեկը.

1) մասնակիցն օրենսդրությամբ սահմանված կարգով ճանաչվել է աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության երրորդ աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամ, որի հաշմանդամության խումբը սահմանվել է անժամկետ.

2) Արցախի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ներառված հիվանդություններով հիվանդանալու (վիճակներում գտնվելու) դեպքում՝ առողջապահության բնագավառում Արցախի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի տված եզրակացության հիման վրա.

3) Արցախի Հանրապետությունում աշխատող օտարերկրացի մասնակիցը վերադառնում է իր մշտական բնակության երկիր:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերից որևէ մեկի առկայության մասին համապատասխան բնագավառի (սոցիալական ապահովության կամ առողջապահության) Արցախի Հանրապետության կառավարության լիազոր մարմինը տեղեկացնում է մասնակիցների ռեեստրը վարողին` այդ հիմքերի առկայությունը հավաստող փաստաթուղթն անձին տրամադրելու օրվանից հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում: Տեղեկատվության տրամադրման կարգը և կազմը սահմանում է սույն մասով սահմանված համապատասխան բնագավառի՝ Արցախի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի ղեկավարը:

3. Սույն հոդվածի 1-ին մասում նշված հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում մասնակիցը դիմում է ներկայացնում մասնակիցների ռեեստրը վարողին՝ կցելով համապատասխան հիմնավորող փաստաթղթեր:

4. Մասնակիցների ռեեստրը վարողի կողմից մասնակցի կենսաթոշակային հաշվում առկա փայերը մարվում են, և համապատասխան միջոցները վճարվում են նրան սույն օրենքի 37-րդ հոդվածով սահմանված կարգով` մասնակցի դիմումը և հավաստող փաստաթղթերն ստանալուց հետո` տասն աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքերի:

5. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հիմքով մասնակցի պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերը նախքան նրա կենսաթոշակային տարիքը մարվելու դեպքում առաջացած միջոցները հօգուտ մասնակցի փոխանցվում են համապատասխան օտարերկրյա պետությունում նրա անդամակցած կուտակային կենսաթոշակային համակարգին` Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Եթե համապատասխան օտարերկրյա պետությունում անձը չի մասնակցում կուտակային կենսաթոշակային համակարգի, կամ միջոցների փոխանցումն անհնար է որևէ այլ օբյեկտիվ պատճառով, ապա նա իր միջոցները կարող է ստանալ բացառապես սույն օրենքի 31-րդ հոդվածով սահմանված կարգով:

(38-րդ հոդվածը լրաց. 11.02.21 ՀՕ-23-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ 8

ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՓԱՅԵՐԻ ԵՎ ԱՆՈՒԻՏԵՏԻ ԺԱՌԱՆԳՈՒՄԸ

 

Հոդված 39.

Կենսաթոշակային ֆոնդերի փայերի և անուիտետի ժառանգումը

 

1. Կենսաթոշակային ֆոնդերի փայերի և անուիտետի ժառանգման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով:

2. Կենսաթոշակային ֆոնդերի փայերը և անուիտետի մնացորդային գումարը կարող են ժառանգության կարգով փոխանցվել միայն ֆիզիկական անձանց, իսկ դատական կարգով անժառանգ ճանաչվելու դեպքում` Արցախի Հանրապետության պետական բյուջե:

3. Ժառանգվել կարող են ինչպես նախքան կուտակային կենսաթոշակ ստանալը մահացած մասնակցի կենսաթոշակային հաշվում առկա կենսաթոշակային ֆոնդերի փայերը, այնպես էլ կուտակային կենսաթոշակ ստանալու ժամանակահատվածում մահացած կենսաթոշակառուի ժառանգման ենթակա փայերը և անուիտետը:

4. Մասնակցի մահվան դեպքում նրա կենսաթոշակային հաշվում առկա կենսաթոշակային ֆոնդերի փայերը ժառանգի ընտրությամբ փոխանցվում են վերջինիս կենսաթոշակային հաշվին կամ սույն օրենքի 37-րդ հոդվածով սահմանված կարգով մարվում են, և մարման արդյունքում ստացված միջոցները վճարվում են ժառանգին՝ միանվագ վճարի տեսքով: Եթե ժառանգը սույն օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դիմումը ներկայացրած անձ է (չի ներկայացրել սույն օրենքի 13-րդ հոդվածի 11-րդ մասով նախատեսված դիմումը), ապա մահացած մասնակցի ժառանգման ենթակա կենսաթոշակային ֆոնդի փայերը ժառանգի դիմումի հիման վրա մարվում են, և մարման արդյունքում ստացված գումարը միանվագ վճարի տեսքով վճարվում է ժառանգին:

5. Սույն օրենքի համաձայն՝ կենսաթոշակի ստացման դիմում տված՝ մահացած կենսաթոշակառուի ժառանգման ենթակա կենսաթոշակային ֆոնդի փայերը ժառանգի դիմումի հիման վրա մարվում են, և մարման արդյունքում ստացված գումարը միանվագ վճարի տեսքով վճարվում է ժառանգին:

6. Եթե մահացած մասնակիցը չունի ժառանգ, կամ եթե մասնակցի մահվան օրվանից երեք տարվա ընթացքում ժառանգներից ոչ մեկը դիմում չի ներկայացրել մասնակիցների ռեեստրը վարողին մահացածի փայերը որպես օրինական ժառանգի սեփականություն ընդունելու մասին, ապա մասնակիցների ռեեստրը վարողը պարտավոր է այդ մասին գրավոր տեղեկացնել Արցախի Հանրապետության կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմնին: Մահացած մասնակցին պատկանող փայերը մասնակցի մահվանից երեք տարի հետո Արցախի Հանրապետության կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմնի դիմումի հիման վրա դատական կարգով կարող են ճանաչվել անժառանգ: Անժառանգ ճանաչված փայերը մարվում են մասնակիցների ռեեստրը վարողի կողմից, և ձևավորված դրամական միջոցները փոխանցվում են Արցախի Հանրապետության պետական բյուջե:

7. Եթե մասնակցի կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո` տասը տարվա ընթացքում, մասնակցի կուտակային կենսաթոշակային հաշվին չի մուտքագրվել որևէ գումար, կամ չի տրվել կուտակային հաշվի վերաբերյալ գործարք կատարելու որևէ հանձնարարական, և առկա չէ հավաստի տեղեկատվություն մասնակցի մահացած լինելու մասին, ապա մասնակիցների ռեեստրը վարողը պարտավոր է այդ մասին գրավոր տեղեկացնել Արցախի Հանրապետության կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմնին: Արցախի Հանրապետության կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմինը տեղեկատվությունը ստանալուց հետո դիմում է ներկայացնում դատարան մասնակցի փայերը տիրազուրկ ճանաչելու մասին: Դատական կարգով տիրազուրկ ճանաչված փայերը մարվում են մասնակիցների ռեեստրը վարողի կողմից, և ձևավորված դրամական միջոցները փոխանցվում են Արցախի Հանրապետության պետական բյուջե:

 

Հոդված 40.

Կենսաթոշակային ակտիվների ժառանգման կարգը

 

1. Ժառանգության վկայականը ստանալուց հետո` մեկ տարվա ընթացքում, ժառանգը դիմում է ներկայացնում մասնակիցների ռեեստրը վարողին ժառանգված կենսաթոշակային ֆոնդի փայերի մարման և մարման արդյունքում ձևավորված դրամական միջոցները սույն օրենքով սահմանված կարգով միանվագ ստանալու և (կամ) սույն օրենքով սահմանված կարգով ժառանգություն ստացած փայերն իր կենսաթոշակային հաշվին փոխանցելու մասին: Դիմումի հետ ժառանգը պարտավոր է ներկայացնել նաև ժառանգության վկայականի պատճենը:

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դիմումը կարող է ներկայացվել թղթային կամ էլեկտրոնային եղանակով:

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դիմումը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները.

1) ժառանգի անունը և ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան (առկայության դեպքում) և համարը.

2) ժառանգի հանրային ծառայության համարանիշը կամ հանրային ծառայության համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը, բացառությամբ այն դեպքի, երբ անձն օտարերկրյա քաղաքացի է և կուտակային բաղադրիչի մասնակից չէ.

3) ժառանգի կոնտակտային տվյալները (հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն և այլն).

4) ժառանգի՝ մասնակիցների ռեեստրը վարողից տեղեկատվություն (նամակ, էլեկտրոնային հաղորդագրություն և այլն) ստանալու նախընտրելի միջոցը.

5) ժառանգատուի անունը և ազգանունը.

6) ժառանգատուի հանրային ծառայության համարանիշը կամ հանրային ծառայության համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը.

7) կենսաթոշակային ֆոնդի ժառանգված փայերի ժառանգման ձևի (փոխանցում ժառանգի կենսաթոշակային հաշվին կամ մարում) և չափի (յուրաքանչյուր ձևի գծով) վերաբերյալ ժառանգի ընտրությունը.

8) իր անհատական բանկային հաշվի վավերապայմանները.

9) ժառանգության վկայականի վավերապայմանները.

10) դիմումի ներկայացման տարին, ամիսը և ամսաթիվը.

11) ժառանգի (ժառանգի լիազոր ներկայացուցչի) ստորագրությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ դիմումը ներկայացվել է էլեկտրոնային եղանակով, որն ապահովում է անձի նույնականացումը:

4. Եթե ժառանգը դիմում է ներկայացրել ժառանգված կենսաթոշակային ֆոնդի փայերը սույն օրենքին համապատասխան ամբողջությամբ իր կենսաթոշակային հաշվին փոխանցելու մասին, ապա սույն հոդվածի 3-րդ մասի 9-րդ կետով նախատեսված տեղեկությունները չեն լրացվում:

5. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դիմումը չի կարող հետ կանչվել կամ փոփոխվել:

6. Մասնակիցների ռեեստրը վարողը պարտավոր է կազմակերպել կենսաթոշակային ֆոնդի փայերի փոխանցումը ժառանգի կենսաթոշակային հաշվին և (կամ) կենսաթոշակային ֆոնդի փայերի մարումն ու մարման արդյունքում ստացված միջոցների միանվագ վճարումը` սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դիմումը ստանալուց հետո՝ տասն աշխատանքային օրվա ընթացքում: Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերը հետ են գնվում (մարվում են) դրանց հետգնման (մարման) պահանջ ներկայացվելու պահի դրությամբ վերջին հաշվարկված և հրապարակված տվյալ փայի հետգնման գնով:

7. Եթե ժառանգը ներկայացրել է ժառանգված կենսաթոշակային ֆոնդի փայերի մարման և մարման արդյունքում ձևավորված դրամական միջոցները սույն օրենքով սահմանված կարգով միանվագ ստանալու դիմում, ապա պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի հետգնման (մարման) ժամանակ գանձվում է լրացուցիչ 2 տոկոս հետգնման (մարման) վճար՝ տվյալ կենսաթոշակային ֆոնդի օգտին:

8. Կենսաթոշակային փայերի ժառանգման գործընթացը կազմակերպելու նպատակով նոտարը պարտավոր է պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի փայերը ժառանգելու մասին ժառանգության իրավունքի վկայագրում առկա տեղեկատվությունը տրամադրել մասնակիցների ռեեստրը վարողին՝ դրանք ժառանգին տրամադրելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում: Սույն մասով սահմանված տեղեկատվության տրամադրման կարգը սահմանում է Արցախի Հանրապետության արդարադատության նախարարությունը:

 

Հոդված 41.

Կենսաթոշակային ֆոնդերի փայերի ժառանգման մասին դիմումը մերժելը

 

1. Մասնակիցների ռեեստրը վարողն իրավունք ունի մերժելու սույն օրենքի 40-րդ հոդվածով սահմանված դիմումը, եթե դիմումը չի ներկայացվել սահմանված ժամկետում կամ չի համապատասխանում սույն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջներին: Դիմումը մերժելու և դրա պատճառների մասին մասնակիցների ռեեստրը վարողը տեղեկացնում է դիմում ներկայացրած ժառանգին այն եղանակով, որ եղանակով դիմումը ներկայացվել է:

2. Մասնակիցների ռեեստրը վարողի կողմից սույն օրենքի 40-րդ հոդվածով նախատեսված դիմումը սահմանված պահանջները չբավարարելու հիմքով մերժվելու դեպքում ժառանգը պետք է ներկայացնի սահմանված պահանջները բավարարող դիմում:

 

Գ Լ ՈՒ Խ 9

ԿԱՄԱՎՈՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԲԱՂԱԴՐԻՉԸ

 

Հոդված 42.

Կամավոր կենսաթոշակային բաղադրիչի գործունեությունը

 

1. Արցախի Հանրապետության տարածքում կամավոր կենսաթոշակային բաղադրիչի գործունեության իրականացման, ապահովագրական ընկերությունների, բանկերի, կամավոր կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների կողմից կամավոր կենսաթոշակային սխեմաների մատուցման, կամավոր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների ներդրման սահմանափակումների, ինչպես նաև գործատուի կողմից ձեռք բերվող լրացուցիչ (կորպորատիվ) կենսաթոշակների հետ կապված հարաբերությունների նկատմամբ կիրառվում են «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի` կամավոր կենսաթոշակային բաղադրիչի վերաբերյալ համապատասխան դրույթները:

 

Գ Լ ՈՒ Խ 10

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ

 

Հոդված 43.

Պատասխանատվությունը սոցիալական վճարները չկատարելու կամ ուշացումով կատարելու համար

 

1. Սույն օրենքով սոցիալական վճար կատարելու պարտավորություն ունեցող վարձու աշխատողները (նրանց համար սոցիալական վճար հաշվարկելու և փոխանցելու պարտավորություն ունեցող հարկային գործակալները) պատասխանատվություն են կրում սոցիալական վճարները չկատարելու կամ ուշացումով կատարելու համար: Սոցիալական վճարը սահմանված ժամկետում չկատարելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար վարձու աշխատողը (նրա համար սոցիալական վճարներ հաշվարկելու և փոխանցելու պարտավորություն ունեցող հարկային գործակալը) վճարում է տույժ՝ ժամանակին չմուծված սոցիալական վճարի գումարի 0,075 տոկոսի չափով: Սույն մասով նախատեսված տույժը կիրառվում է ժամանակին չմուծված սոցիալական վճարի գումարների նկատմամբ՝ կետանցման ամբողջ ժամանակահատվածի համար, բայց ոչ ավելի, քան 365 օրվա համար:

2. Սոցիալական վճարներ չկատարելու կամ ուշացումով կատարելու համար գանձված տույժերը, որպես կուտակային հատկացում, փոխանցվում են մասնակիցների ռեեստրը վարողին, որոնց հաշվին ձեռք են բերվում այն պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերը, որին այդ պահին կուտակային հատկացումներ է կատարվում մասնակցի համար (օգտին):

3. Գանձված (մուծված) տույժերի հաշվին մասնակցի պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերը որոշվում են՝ մասնակիցների եկամտից (այդ թվում` ստուգմամբ հայտնաբերված) պահված (վճարված) սոցիալական վճարի ընդհանուր գումարում տվյալ մասնակցի համար հաշվարկված սոցիալական վճարի գումարի չափից ելնելով:

4. Սույն օրենքի դրույթների համաձայն՝ ժամանակին չպահված (կամ պակաս պահված) սոցիալական վճարի գումարները (այդ թվում՝ սույն հոդվածի 5-րդ մասում նշված` սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտը թաքցնելու կամ այն պակաս ցույց տալու դեպքում) հարկային գործակալի կողմից մասնակցից, Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, կարող են պահվել ոչ ավելի, քան վերջին երեք ամսվա համար:

5. Սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտը թաքցնելու կամ այն պակաս ցույց տալու դեպքում սոցիալական վճար կատարողից (հարկային գործակալից) սույն օրենքով սահմանված կարգով գանձվում է թաքցրած կամ պակաս ցույց տված սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի նկատմամբ հաշվարկված (հարկային մարմնի կողմից) սոցիալական վճարի գումարը: Սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտը թաքցնելը կամ պակաս ցույց տալը հարկային մարմին ներկայացված սոցիալական վճարների հաշվարկներում սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտը ցույց չտալն է, պակաս ցույց տալը կամ սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտ չառաջանալու մասին կեղծ տվյալներ ներկայացնելը:

6. Սոցիալական վճար կատարողները (հարկային գործակալները) թաքցված կամ պակաս ցույց տրված սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտից սոցիալական վճարի գումարները, իսկ վարձու աշխատողները (հարկային գործակալները) նաև սույն հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ստուգման ակտով հաշվարկված տույժերը վճարում են հարկային մարմնի կողմից ստուգման ակտը ներկայացվելուց հետո` տասնօրյա ժամկետում: Ստուգման ակտով առաջադրված սոցիալական վճարի գումարների նկատմամբ նշված տասնօրյա ժամկետում տույժերը չեն հաշվարկվում: Այդ ժամկետը լրանալուց հետո ստուգման ակտով առաջադրված սոցիալական վճարի գումարների չվճարման կամ մասնակի վճարման դեպքում տույժերի հաշվարկի վերսկսման ժամանակ նշված տասնօրյա ժամկետը հաշվի չի առնվում:

7. Սոցիալական վճարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում հարկային մարմինն իրավունք ունի որոշում կայացնել սույն օրենքով սոցիալական վճար հաշվարկելու և փոխանցելու (գանձելու) պարտականություն ունեցող անձից (այսուհետ` սոցիալական վճար կատարող) ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ, որի մասին պատշաճ ծանուցում է վերջինիս:

8. Մինչև գումարի գանձման վերաբերյալ որոշման անբողոքարկելի դառնալը սոցիալական վճար կատարողի գույքի վրա կարող է արգելանք դրվել: Հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորության կատարումն ապահովելու նպատակով արգելանքը դնում է հարկային մարմինը` Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով: Գումարը գանձելու մասին որոշումն անբողոքարկելի դառնալու դեպքում գումարը գանձվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 13-րդ գլխով սահմանված կարգով:

9. Սոցիալական վճար կատարողի կողմից չկատարված` հարկային մարմնի կողմից վերահսկվող սոցիալական վճարի գծով պարտավորությունների գանձման նպատակով հարկային մարմինն իրավունք ունի պարտապանի (դեբիտորի) նկատմամբ պահանջի իրավունքի զիջման պայմանագրով ձեռք բերելու սոցիալական վճար կատարողի պահանջի իրավունքը և ստացված գումարներն ուղղելու սոցիալական վճար կատարողի պարտավորությունների մարմանը: Ընդ որում, հարկային մարմնին է անցնում իրավունքի անցման պահին առկա ծավալով պարտավորության (ներառյալ` ապառքը և դրա նկատմամբ Արցախի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հաշվարկված տույժերը) պահանջի իրավունքը, իսկ պահանջի իրացման պահին, հաշվի առնելով Արցախի Հանրապետության օրենքով սահմանված սոցիալական վճարների տույժերի հաշվարկման ժամկետները, կատարվում է պարտավորությունների վերահաշվարկ:

10. Որպես հարկային մարմնի կողմից վերահսկվող սոցիալական վճարի գծով պարտավորությունների կատարման ապահովման միջոց` հարկային մարմնի և սոցիալական վճար կատարողի միջև կարող է կնքվել գրավի պայմանագիր՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով: Գրավի պայմանագիր կնքվելու դեպքում պարտավորությունները մարելու նպատակով կազմվում է պարտավորությունների աստիճանական մարման ժամանակացույց:

11. Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում միջազգային կազմակերպություն հանդիսացող գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող (պաշտոնեական պարտականությունները կատարող) վարձու աշխատողների համար այդ միջազգային կազմակերպության կողմից սոցիալական վճարներ կատարելու հարաբերությունների վրա, եթե Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:

(43-րդ հոդվածը խմբ. 30.06.21 ՀՕ-84-Ն)

 

Հոդված 44.

Վեճերի լուծումը

 

1. Սույն օրենքի համաձայն` մասնակցի կամ շահառուի կողմից կենսաթոշակային հաշվի վերաբերյալ ցանկացած բողոք կամ հարցում գրավոր ներկայացվում է հարկային մարմին, որը բողոքը կամ հարցումը քննում է առավելագույնը 30 օրվա ընթացքում և մասնակցին կամ շահագրգիռ անձին գրավոր հայտնում է իր որոշման և որոշման համար հիմք հանդիսացած հիմնավորումների մասին, կամ հարցումը (բողոքը) ստանալու օրվանից հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, այն ուղղում է իրավասու մարմնին:

2. Եթե մասնակիցների ռեեստրը վարողը մասնակցի կենսաթոշակային հաշվից գումարներ է փոխանցում ապահովագրական ընկերությանն անուիտետ գնելու նպատակով, ապա նման գործառույթի հետ կապված ցանկացած վեճ կարգավորվում է հետևյալ կարգով. անուիտետի վճարման վերաբերյալ մասնակցի կամ շահառուի բողոքն առաջին հերթին ներկայացվում է ապահովագրական ընկերության ղեկավար մարմին: Ղեկավար մարմինը նման բողոքը ստանալուց հետո` տասն օրվա ընթացքում, քննում է բողոքը և մասնակցին կամ շահառուին գրավոր տեղեկացնում է իր որոշման և նման որոշման համար հիմք հանդիսացած հիմնավորումների մասին: Մասնակիցը կամ վերջինիս լիազոր ներկայացուցիչն իրավունք ունի ներկա լինելու հարցի քննությանը: Որոշման հետ չհամաձայնելու դեպքում մասնակիցը կամ շահառուն դիմում է իրավական պաշտպանության բոլոր հնարավոր միջոցներին, որոնք նախատեսված են ապահովագրության և ապահովագրական գործունեության ոլորտը կարգավորող օրենսդրությամբ:

 

Գ Լ ՈՒ Խ 11

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 45.

Եզրափակիչ և անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքով սահմանված սոցիալական վճարներ կատարելու պարտավորությանը վերաբերող դրույթների, որոնք ուժի մեջ են մտնում 2019 թվականի հուլիսի 1-ից:

2. Եթե սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված՝ 1964 թվականի հունվարի 1-ից հետո ծնված անձը կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմումը ներկայացնում է մինչև 2020 թվականի հունվարի 1-ը, ապա նրա համար (օգտին) կուտակային հատկացումները կատարվում են սույն օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափով (սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված անձանց համար սահմանված կարգով):

3. Սույն օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտի առավելագույն շեմերը կիրառվում են 2020 թվականի հուլիսի 1-ից: Մինչև 2020 թվականի հուլիսի 1-ը՝

1) սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի առավելագույն ամսական շեմը սահմանվում է 500 000 ՀՀ դրամ.

2) սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի առավելագույն տարեկան շեմը սահմանվում է 6 000 000 ՀՀ դրամ:

4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված առավելագույն սահմանաչափերը (շեմերը) չեն տարածվում սույն օրենքի 6-րդ հոդվածի 9-րդ մասով նախատեսված դեպքերի վրա:

5. 2019 թվականի հուլիսի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված անհատ ձեռնարկատեր չհանդիսացող անձանց համար սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված սոցիալական վճարի կեսը, սակայն ոչ ավել, քան 12 500 ՀՀ դրամ, կատարում է պետությունը։

6. 2019 թվականի հուլիսի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված անձանց համար կատարվող կուտակային հատկացումների և այդ անձանց եկամուտներից հաշվարկված և փոխանցված (գանձված) սոցիալական վճարի տարբերությունը չի կարող գերազանցել ամսական 37 500 ՀՀ դրամը։

6.1. 2022 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում և սույն հոդվածի 2-րդ մասում նշված` անհատ ձեռնարկատեր չհանդիսացող անձանց համար`

1) սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված սոցիալական վճարը հաշվարկվում է հետևյալ կերպ.

 

աշխատավարձի

ամսական չափը

սոցիալական վճարի չափը`

հաշվարկված աշխատավարձի

նկատմամբ

մինչև 500 000 ՀՀ դրամը ներառյալ

3,5 տոկոսը

500 000-ից ավելի ՀՀ դրամ

10 տոկոսի և 32 500 ՀՀ դրամի տարբերության չափով.

 

2) կատարվող կուտակային հատկացումների և այդ անձանց եկամուտներից հաշվարկված և փոխանցված (գանձված) սոցիալական վճարի տարբերությունը չի կարող գերազանցել ամսական 32 500 ՀՀ դրամը:

7. Սույն օրենքի կիրառման առումով բանկերի, ներդրումային ֆոնդերի, ապահովագրության և ապահովագրական գործունեության, արժեթղթերի շուկայի ոլորտների կարգավորումն ու վերահսկողությունն իրականացվում է «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և դրանց հիման վրա ընդունված այլ իրավական ակտերով, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:

8. Սույն օրենքով նախատեսված` կենսաթոշակային ֆոնդերի փայերի թողարկման գործընթացի, փայերի թողարկման և մարման կասեցման վրա տարածվում են «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի դրույթները:

9. Մասնակիցների ռեեստրը վարողի կողմից իր ինտերնետային կայքում օրական թարմացված տեղեկատվության տեղադրման կարգի և պայմանների, մասնակիցների ռեեստրը վարողի կողմից հաշվետվությունների ներկայացման կարգի, բովանդակության և պարբերականության, մասնակիցների ռեեստրը վարողի կողմից հանրությանը՝ անձի կողմից կենսաթոշակային ֆոնդ չընտրելու դեպքում ծրագրային մոդուլի միջոցով կենսաթոշակային ֆոնդի ընտրությունն անձի համար մասնակիցների ռեեստրը վարողի կողմից կատարելու մասին տեղեկացնելու կարգի, ժամկետների և պարբերականության վրա տարածվում են «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի պահանջները, եթե սույն օրենքով այլ բան սահմանված չէ:

10. Սույն օրենքով նախատեսված պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների ներդրումների թույլատրելի ուղղությունների և ներդրման սահմանափակումների նկատմամբ կիրառվում են «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ և 39-րդ հոդվածներով նախատեսված դրույթները: Կենսաթոշակային ֆոնդի ակտիվները կարող են ներդրվել այլ ներդրումային ֆոնդում «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով նախատեսված սահմանաչափերից ավելի չափով, եթե այդ ներդրումային ֆոնդի կանոններով սահմանված ներդրումային քաղաքականությունը համապատասխանում է «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ և 39-րդ հոդվածներով նախատեսված պահանջներին։

11. Սույն օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմումի ձևի և ներկայացման կարգի, 26-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դիմումի, 31-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված՝ մասնակիցների ռեեստրը վարողի կողմից մասնակցին տրամադրվող տեղեկանքի ձևի, 32-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դիմումի ձևի, ինչպես նաև դրան կից ներկայացվող փաստաթղթերի ցանկի, 34-րդ հոդվածի շրջանակներում անուիտետի պայմանագրի նկատմամբ այլ դրույթների, 35-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված անուիտետի մնացորդային գումարի հաշվարկման և այլ ապահովագրական ընկերություն փո-խանցման կարգի, ապահովագրական ընկերությունից անուիտետի ժառանգման կարգի և դիմումի ձևի, 40-րդ հոդվածով սահմանված դիմումի ձևի վրա տարածվում են «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի պահանջները, եթե սույն օրենքով այլ բան սահմանված չէ:

12. Սույն օրենքի կիրառման առումով կենսթոշակային ֆոնդի կառավարչի, կենսաթոշակային ֆոնդի պահառուի գործունեության նկատմամբ պահանջներն ու դրանց խախտման համար կիրառվող պատասխանատվության ձևերն ու չափը, պարտադիր կենսաթոշակային ֆոնդի մասնակցի հաշվին կատարվող (մասնակցից գանձվող) վճարները և պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվներից գանձվող վճարները և կատարվող ծախսերը սահմանվում են «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

13. Պարտադիր կենսաթոշակային պահառուի գործառույթները մինչև Արցախի Հանրապետության կառավարության համապատասխան որոշում ընդունելը իրականացվում են մասնակիցների ռեեստրը վարողի կողմից:

14. Եթե Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև կնքված պայմանագրերով սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են այդ պայմանագրերի նորմերը:

(45-րդ հոդվածը փոփ., լրաց. 11.02.21 ՀՕ-23-Ն)

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

           

2019թ. հուլիսի 1

Ստեփանակերտ

ՀՕ-65-Ն

   

 

 

 

Հավելված

«Կուտակային կենսաթոշակների մասին»

Արցախի Հանրապետության օրենքի

 

ՄԱՍՆԱԿՑԻ ԿԱՏԱՐԱԾ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԱՄԲՈՂՋ ԳՈՒՄԱՐԻ՝

ԳՆԱՃՈՎ ՃՇԳՐՏՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Մասնակցի կողմից սոցիալական վճարներ կատարելու ամբողջ ժամանակահատվածի կատարված սոցիալական վճարների` գնաճով ճշգրտումը հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝

 

     

N

     

N-1

   

ԿՎգնաճով ճշգրտված ընդհանուր =

[

ԿՎn *

П

(1+in) ],

    

n=1

      

m=n

    

 

որտեղ`

1) ԿՎգնաճով ճշգրտված ընդհանուր-ը մասնակցի կողմից սոցիալական վճարներ կատարելու ամբողջ ժամանակահատվածի համար նրա կատարած սոցիալական վճարների` գնաճով ճշգրտված մեծությունն է.

2) N-ը մասնակցի կողմից սոցիալական վճարներ կատարելու տարիների թիվն է.

3) ԿՎn -ն ո-րդ տարվա ընթացքում մասնակցի կատարած սոցիալական վճարների գումարն է՝ տարեվերջի դրությամբ.

4) in -ն ո-րդ տարվան համապատասխանող տարվա տարեկան միջին գնաճի տեմպի պաշտոնական ցուցանիշն է՝ արտահայտված միավորի մասերով: Ընդ որում, n-ը փոփոխվում է տարիների հետընթաց հաշվարկով:

2. Սույն հավելվածի 1-ին կետով սահմանված բանաձևում մասնակցի կողմից սույն օրենքի 31-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կենսաթոշակ ստանալու մասին դիմում ներկայացվելու տարվա համար կատարված սոցիալական վճարը գնաճով չի ճշգրտվում: Այն դեպքում, երբ մասնակցի կատարած սոցիալական վճարների գնաճով ճշգրտման ժամանակ դեռևս առկա չէ տվյալ տարվա տարեկան միջին գնաճի տեմպի պաշտոնական ցուցանիշը, ապա հիմք է ընդունվում նախորդ տարվա տարեկան միջին գնաճի տեմպի պաշտոնական ցուցանիշը:

3. Սույն հավելվածում օգտագործված տարեկան միջին գնաճի տեմպի պաշտոնական ցուցանիշ է համարվում Արցախի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության հրապարակած գնաճի միջին ցուցանիշը տվյալ տարվա համար: